040.1465.240902
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 սեպտեմբերի 2002 թվականի N 1465-Ա
i
«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 317003 բաժնետոմսը` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Ռոբերտո» բելգիական կազմակերպությանը (այսուհետ` գնորդ):
2. Սահմանել մասնավորեցվող բաժնետոմսերի գինը` 200 հազ. ԱՄՆ-ի դոլար, որը գնորդի կողմից ենթակա է վճարման մասնավորեցման հատուկ հաշվին` մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից երեք բանկային օրվա ընթացքում:
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` հետևյալ էական պայմաններով`
ա) գնորդը պարտավոր է առաջիկա երեք տարվա ընթացքում ապահովել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ցեմենտի արտադրության ծավալները, բայց ոչ պակաս, քան 2001 թվականի ցեմենտի արտադրության ծավալները.
բ) գնորդը պարտավոր է մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից երեք օրվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից մատակարարված բնական գազի դիմաց ապրանքային վճարումների գծով առաջացած պարտքերից` 6,866 միլիոն ԱՄՆ-ի դոլարի արտարժութային վճարման չափով (9,7 միլիոն ԱՄՆ-ի դոլարի ապրանքային մատակարարմանը համարժեք)` կնքելով պարտքից ազատման համապատասխան գործարք.
գ) «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի ռեեստրում գնորդի սեփականության իրավունքը գրանցվում է բաժնետոմսերի գնի վճարումից և սույն կետի «բ» ենթակետի պահանջը կատարելուց հետո:
4. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` 10-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության կողմից օգտագործվող 457,5 հեկտար հողատարածքի վարձակալության պայմանագրի կնքումը` 49 տարի ժամկետով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության` վարձակալված հողատարածքների նկատմամբ վարձակալության իրավունքի, ինչպես նաև շենքերի և շինությունների սեփականության իրավունքի պետական գրանցումը:
6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` քննարկել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության ջրօգտագործման, ջրահեռացման, արտանետումների սահմանաքանակները և նրա հետ կնքել համապատասխան պայմանագիր:
i
7. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը պարտքից ազատելու դիմաց ապահովել հետևյալ հատուցման մեխանիզմով համապատասխան գործարքների կնքումը, հաշվապահական հաշվառման մեջ դրա արտացոլումը և հաշվետվություններ ներկայացնելը`
ա) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել մատակարարված գազի դիմաց 5599099,4 ԱՄՆ-ի դոլարին համարժեք (1 ԱՄՆ-ի դոլարը` 555 դրամ փոխարժեքով) 3107500200 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտավորությունից և Հայաստանի Հանրապետությանը` առանձին սպառողների համար օրենքներով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված 50 տոկոս զեղչ սակագներով 1999 թվականի հուլիսի 1-ից մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը մատակարարված բնական գազի դիմաց առաջացած վնասների փոխհատուցման գծով 1266900,5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 703129800 դրամ պարտավորությունից.
բ) «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել իր կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց 5599099,4 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 3107500200 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտքերից.
գ) «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց 5599099,4 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 3107500200 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտավորությունից.
դ) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանն ազատել մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց 300,22 միլիոն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտքից և «Երևանի ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` 2807280200 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտքից.
ե) «Երևան ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետությանն ազատել հանրապետական ենթակայության բյուջետային հիմնարկների կողմից մինչև 2002 թվականի հունվարի 1-ը ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների գծով` երկկողմանի ակտերով հաստատված 229,3 միլիոն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտքերից, առանձին սպառողների համար օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված զեղչ սակագներով 1998-2001 թվականների ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վնասների փոխհատուցման գծով 151 միլիոն դրամ պարտավորությունից.
զ) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է Հայաստանի Հանրապետությանն ազատել հանրապետական ենթակայության բյուջետային հիմնարկների կողմից մինչև 2002 թվականի հունվարի 1-ը ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների գծով` երկկողմանի ակտերով հաստատված 102,3 միլիոն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) պարտքերից և առանձին սպառողների համար օրենքներով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված զեղչ սակագներով 1998-2001 թվականների ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց վնասների փոխհատուցման գծով 197,92 միլիոն դրամ պարտավորությունից.
է) սույն կետի «դ» ենթակետով «Երևանի ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը պարտքից ազատման գումարի և սույն կետի «ե» ենթակետում նշված փոխհատուցման գումարի տարբերությունը համարվում է որպես «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընկերության պարտավորությունների մարում:
(7-րդ կետը փոփ. 19.12.02 թիվ 1957-Ա, 20.03.03 թիվ 288-Ա որոշումներ)
8. Հայաստանի Հանրապետության նախարարներին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր գերատեսչությունների ղեկավարներին` ապահովել իրենց համակարգի բյուջետային հիմնարկների կողմից սույն որոշման 7-րդ կետի «դ», «ե» և «զ» ենթակետերում նշված համապատասխան պարտքերի մարման մասին ակտերի ստորագրումը և իրենց սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքներ հաշվետվություններ ներկայացնելը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ