Սեղմել Esc փակելու համար:
«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈ ...

 

16.12.2023 -

 

050.0285.061211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011512

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2011 թվականի թիվ 285-Ն

 

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 17/01 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 240-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 241-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Նպատակ ունենալով սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, գործունեության կարգավորման և վերահսկողության, լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման ընթացակարգերը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, ծրագրային և անվտանգության պահանջները:

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-22-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման հերթական քայլերի և Հայաստանի Հանրապետության Կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին» թիվ 636-Ն որոշման 1-ին կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 72-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի ««Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, գործունեության կարգավորումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ը հաստատելու մասին» թիվ 240-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի »»Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ը հաստատելու մասին» թիվ 241-Ն որոշումները:

2. Հաստատել «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

(2-րդ կետը փոփ. 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ սույն որոշմամբ հաստատված Հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 1-ին:

(վերնագիրը և տեքստը փոփ. 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հոկտեմբերի 25-ի

թիվ 285-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 17/01 ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ (այսուհետ` պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպություններ) և/կամ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` Վճարահաշվարկային կազմակերպություն) լիցենզավորման, վճարահաշվարկային գործունեության կարգավորման, վճարահաշվարկային կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության, վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիայի գործողության կասեցման և ուժը կորցրած ճանաչելու, վճարահաշվարկային կազմակերպությունների մասնաճյուղերի հաշվառման, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման մասնագիտական համապատասխանության չափանիշները և գրանցման կարգը, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, ծրագրային և անվտանգության պահանջները:

(1-ին կետը փոփ. 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

2. Սույն կանոնակարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող կամ գործող և «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ունեցող կազմակերպությունների և դրանց մասնաճյուղերի վրա:

3. Սույն կանոնակարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, դրանց մասնաճյուղերի, ինչպես նաև այն անձանց վրա, որոնք Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային պայմանագրերի հիման վրա իրավունք ունեն, որպես ձեռնարկատիրական գործունեություն, երրորդ անձանց համար իրականացնել վճարումների ընդունում և կատարում` առանց բանկային հաշիվների բացման և/կամ վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ:

4. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը (բացառությամբ` ղեկավարների վերաբերյալ միջնորդագրերի և ղեկավարների կամ դրանց կազմի փոփոխությունների գրանցման գործընթացի շրջանակներում ներկայացվող մյուս փաստաթղթերի) Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգչային ցանցի միջոցով, իսկ անհնարինության դեպքում` էլեկտրոնային կրիչով, կամ պատվիրված նամակով կամ առձեռն Կենտրոնական բանկ մուտքագրելու միջոցով:

5. Սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերը (բացառությամբ` ղեկավարների վերաբերյալ միջնորդագրերի և ղեկավարների կամ դրանց կազմի փոփոխությունների գրանցման գործընթացի շրջանակներում ներկայացվող մյուս փաստաթղթերի) Կենտրոնական բանկ են ներկայացվում Յունիկոդ տառատեսակով և «Փի Դի Էֆ» ֆորմատով, բացառությամբ` վճարահաշվարկային կազմակերպության տնտեսական ծրագրին կից ներկայացվող աղյուսակների, որոնք ներկայացվում են էքսել (excel) ֆորմատով: Վճարահաշվարկային կազմակերպության տնտեսական ծրագրին կից աղյուսակները ներկայացվում են Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված ֆայլերով:

6. Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կամ նրանց կազմի փոփոխությունների գրանցման վերաբերյալ միջնորդագրերը Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից սահմանված ինտերնետային կայքում նախատեսված համակարգի միջոցով` առցանց ռեժիմով տվյալները հայերենով մուտքագրելով, և սույն կանոնակարգով պահանջվող մյուս փաստաթղթերը ամրակցելով համակարգում նշված դաշտում` տվյալ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների միջնորդագրերը հաստատելու իրավասություն ունեցող պատասխանատու աշխատակցին Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող մուտքի տվյալների(անուն և ծածկագիր) միջոցով:

7. Նոր ստեղծվող վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների գրանցման վերաբերյալ միջնորդագրերը և տվյալ գործընթացի շրջանակներում սույն կանոնակարգով պահանջվող մյուս փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային կրիչով, ընդ որում, ղեկավարների և նրանց գործունեության վերաբերյալ տեղեկանքը ներկայացվում են էքսել (excel) ֆորմատով, իսկ սույն կետում նշված մյուս փաստաթղթերը «Փի Դի Էֆ» ֆորմատով:

8. Սույն կանոնակարգով սահմանված ոչ հայերեն փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանության հետ: Ընդ որում, հայերեն և ոչ հայերեն փաստաթղթերի միջև հակասության կամ անհամապատասխանության դեպքում առաջնահերթությունը տրվում է հայերեն տարբերակին:

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

(9-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 355-Ն որոշում)

10. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև ի լրումն ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում կից միջնորդագրերով (դիմումներով)` ստորագրված կառավարման իրավասու մարմնի կողմից: Կենտրոնական բանկ ներկայացվող միջնորդագրերում (դիմումներում) (բացառությամբ սույն կանոնակարգով սահմանված միջնորդագրերի ձևերի) միջնորդագիրը (դիմումը) ստորագրող անձը նշում է, որ կից ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները արժանահավատ են և ամբողջական և գիտակցում է, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության և միջնորդագրի (դիմումի) մերժմանը:

11. Ընդ որում, էլեկտրոնային եղանակով ներկայացվող միջնորդագրի (դիմումի) ֆայլի անվանումը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը`

.____________________________________________________________________.

|Վճարահաշ-|գծիկ|փաստաթղթի|գծիկ|Փաստաթղթի|գծիկ|ամսաթիվ`|կետ|Ընդլայնում|

|վարկային |    |տեսակը   |    |բովանդա- |    |օօ/աա/տտ|   |          |

|կազմակեր-|    |         |    |կությունը|    |ֆորմատով|   |          |

|պության  |    |         |    |(12 նիշի |    |        |   |          |

|անվանում |    |         |    |սահման-  |    |        |   |          |

|         |    |         |    |ներում)  |    |        |   |          |

.____________________________________________________________________.

Օրինակ

.____________________________________________________________________.

|ԱԲԳ      |_   |միջնոր-  | _  |Կանոնադր | _  | 250914 |  .|   pdf    |

|         |    |դագիր    |    |փոփ      |    |        |   |          |

.____________________________________________________________________.

 

12. Սույն կանոնակարգի համաձայն Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում կամ տեղեկություններում վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և (կամ) նման այլ բացթողումների առկայության դեպքում Կենտրոնական բանկը դրանց մասին տեղեկացնում է դիմումը ներկայացրած անձին: Համապատասխան դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և (կամ) փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից, ընդ որում` դիմումի (միջնորդագրի) մերժման համար հիմք կարող է հանդիսանալ փաստաթղթերի կրկին սխալ ներկայացումը:

(12-րդ կետը փոփ. 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

13. Սույն կանոնակարգով սահմանված գրանցման, լիցենզավորման կամ այլ գործընթացի համար սույն կանոնակարգի համաձայն ներկայացման ենթակա այն տեղեկատվությունը, որը նախկինում (տվյալ կամ այլ գործընթացի շրջանակներում) արդեն ներկայացվել է Կենտրոնական բանկ, կրկին Կենտրոնական բանկ ներկայացվում է միայն փոփոխված լինելու դեպքում` փոփոխությունների մասով: Ընդ որում, մասնակիցների փոփոխություն տեղի ունենալու դեպքում ներկայացվում է նաև նոր մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն` համաձայն հավելվածների: Սույն կետի համաձայն համապատասխան փոփոխությունները չներկայացվելու կամ միայն փոփոխությունների մասով ներկայացվելու դեպքում միջնորդագրում (դիմումում) նշվում է այդ մասին:

(13-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 355-Ն որոշում)

14. Եթե սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով ներկայացված տեղեկատվությունը մինչև համապատասխան գործընթացով որոշման կայացումը փոխվել է, ապա վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ պետք է կրկին ներկայացնի փոփոխված փաստաթուղթը 3 աշխատանքային օրվա ընթացքում:

15. Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին լիցենզիան տրամադրելիս ծանուցում է, որ վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ցանկը գտնվում է Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում:

15.1. Վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղը կարող է չունենալ գլխավոր հաշվապահ` գլխամասի և մասնաճյուղի միջև իրական ժամանակի ռեժիմով (մասնաճյուղում կատարվող գործարքներն ակնթարթային արտացոլվում են տեղեկատվական բազայում և կազմակերպության հաշվեկշռում) գործունեություն ծավալելու համար կապի առկայության դեպքում:

(15.1-ին կետը լրաց. 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 2
ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

16. Սույն կանոնակարգի իմաստով`

1) «Կենտրոնական բանկ»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

2) Ղեկավար` Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարներ են հանդիսանում կազմակերպության գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը,

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

4) «Անձնագրի տվյալներ»` անձնագրի սերիան և անձնագրի համարը, իսկ անձնագրի բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները,

5) «Հանրային ծառայությունների համարանիշ»` Հայաստանի Հանրապետության կողմից անձին տրամադրված հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը,

6) «Անձը հաստատող փաստաթղթի տվյալները»` անձնագրի տվյալները և (կամ) հանրային ծառայությունների համարանիշը,

7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

8) Ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար` անձ, ով առանց համապատասխան ղեկավար պաշտոնում Կենտրոնական բանկում գրանցման իրականացնում է այդ ղեկավարի պարտականությունները և որի վրա տարածվում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, բացառությամբ 2-րդ մասի «դ» կետի, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ,

9) Պատվիրակում (outsourcing)` Օրենքի 19.1.-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան գործառույթների իրականացում,

10) «Գործառնական օր» ծրագրային համակարգ` իրենից ներկայացնում է ավտոմատ եղանակով հաղորդագրությունների մշակման, փոխանցումների իրականացման, հաշվառման և այլ գործառնությունների իրականացման տեխնիկածրագրային համալիր,

11) Ինկասացիոն ծառայություն` «Ինկասացիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

12) Ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարք (այսուհետ` ՖԳԻԱՍ)` ըստ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 196-Ն որոշմամբ հաստատված «Ավտոմատ ինքնասպասարկման սարքերի միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման կարգով» սահմանված նշանակության,

13) «Որակավորման չափանիշներ` վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի մասնագիտական գիտելիքը հավաստող չափանիշներ,

14) Մասնագիտական համապատասխանության չափանիշներ` ղեկավարի կրթությունը, հմտությունը, փորձառությունն ու բարեվարքությունը բնութագրող չափանիշներ,

15) Որակավորող կազմակերպություն` որակավորման չափանիշների ստուգում իրականացնող` վճարահաշվարկային կազմակերպության կողմից ընտրված կազմակերպություն,

16) Սույն կանոնակարգում օգտագործված այլ հասկացություններն ունեն Օրենքով կիրառվող նշանակությունը:

(16-րդ կետը փոփ. 14.12.2022 թիվ 219-Ն, 28.11.2023 թիվ 198-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ 3
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

17. Վճարահաշվարկային ծառայություն մատուցելու լիցենզիա ստանալու համար կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ պահանջներին և պայմաններին.

1) Որպես իրավաբանական անձ պետք է գրանցված լինի Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում,

2) Չի կարող իրականացնել առևտրային, արտադրական և այլ տիպի գործունեություն, բացառությամբ փոստային կապի ծառայությունների մատուցման` համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, ինչպես նաև բացառապես դրամական (փողային) փոխանցումների իրականացման հետ կապված արտարժույթի փոխարկման, որը պետք է իրականացվի համաձայն սույն կարգի 153-րդ կետով սահմանված կանոնների,

3) Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարները պետք է համապատասխանեն սույն կանոնակարգի 113-րդ և 117-րդ կետով սահմանված որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին:

Ընդ որում, վճարահաշվարկային կազմակերպությունը առնվազն պետք է նշանակի գործադիր տնօրենին, ինչպես նաև գլխավոր հաշվապահին կամ գլխավոր հաշվապահի պարտականությունները իրականացնող անձին (այդ թվում նաև պատվիրակման դեպքում)` սույն կանոնակարգի պահանջներին համապատասխան:

4) Վճարահաշվարկային կազմակերպությունները և դրանց մասնաճյուղերը պետք է ունենան սեփականության, անհատույց օգտագործման կամ վարձակալության (ենթավարձակալության) իրավունքով իրենց պատկանող տարածք:

5) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպության գործունեության իրականացման վայրը պետք է համապատասխանի սույն կանոնակարգի 4-րդ գլխով սահմանված պահանջներին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

6) վճարահաշվարկային կազմակերպությունը պետք է համապատասխանի սույն կանոնակարգի 5-րդ գլխով սահմանված տեխնիկական հագեցվածության, ծրագրային, անվտանգության պահանջներին, և պետք է ապահովի իր կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների մատուցման համար սահմանված պայմանները և պահանջները,

7) վճարահաշվարկային կազմակերպությունը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բացված բանկային հաշվում Օրենքի 23-րդ հոդվածի 1.1 մասով սահմանված անհրաժեշտ դրամական միջոցների առկայությունը,

8) վճարահաշվարկային կազմակերպությունը (կանխիկ միջոցներով գործառնությունների իրականացման դեպքում) պետք է ունենա դրամապահոց (իր նախադրամապահոցով) կամ չհրկիզվող պահարանների սենյակ կամ ինկասացիոն կազմակերպության հետ կնքած ինկասացիոն ծառայությունների մատուցման պայմանագիր (տվյալ պայմանագրի առկայությունը անհրաժեշտ չէ Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորի համար) կամ տվյալ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության կողմից դրամափոխադրման ինքնուրույն իրականացման դեպքերում (Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված գումարի սահմանաչափով)` դրամափոխադրման իրականացման ընթացակարգը նկարագրող փաստաթուղթ,

9) այն դեպքում, երբ վճարահաշվարկային կազմակերպությունը (կանխիկ միջոցներով գործառնությունների իրականացման դեպքում) կնքել է ինկասացիոն ծառայությունների մատուցման պայմանագիր, ապա տվյալ պայմանագրի հետ մեկտեղ պետք է առկա լինի կնքված պայմանագիր որևէ բանկի հետ` դրամական միջոցները տվյալ բանկին կամ դրա տարածքային ստորաբաժանումներին պահպանման հանձնվելու վերաբերյալ: Ընդ որում, վճարահաշվարկային կազմակերպության կանխիկ դրամը պահպանության կարող է հանձնել բացառապես բանկին կամ դրա տարածքային ստորաբաժանումներին:

10) «ՖԳԻԱՍ-ի միջոցով վճարների հավաքագրում հնարավոր է, եթե վճարահաշվարկային կազմակերպությունն ունի դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա:

(17-րդ կետը փոփ. 16.12.14 թիվ 355-Ն, 14.12.2022 թիվ 219-Ն, 28.11.2023 թիվ 198-Ն որոշումներ)

18. Վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ստանալու համար կազմակերպության հիմնադիրները կամ նրանց կողմից լիազորված անձը Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) Լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն Հավելված 1-ի,

2) Վճարահաշվարկային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կանոնադրությունը: Ընդ որում` կանոնադրությունը և/կամ դրա պատճենները ներկայացնելու պարտավորությունը համարվում է կատարված, եթե սույն կետի 1-ին ենթակետով նշված հայտում, հայտատուին վերաբերող (այսուհետ` լիցենզավորվող կազմակերպություն) տեղեկությունների շարքում նշվում է լիցենզավորվող կազմակերպության պետական գրանցման համարը,

3) Վճարահաշվարկային կազմակերպության իրավասու մարմնի որոշումը` վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարներ նշանակելու մասին,

4) Վճարահաշվարկային կազմակերպության մասնակիցների և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկանքներ` համաձայն Հավելված 2-ի, Հավելված 2.1-ի, Հավելված 2.2-ի և Հավելված 3-ի: Հավելվածով ներկայացվում է նաև գրավոր հայտարարություն վճարահաշվարկային կազմակերպությունում 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող ֆիզիկական անձ մասնակցի` դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու կամ այդպիսի դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված լինելու մասին: Ընդ որում, փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն,

4.1) Վճարահաշվարկային կազմակերպությունում 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում նաև` անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն,

5) Լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը,

6) Վճարահաշվարկային կազմակերպության աշխատանքի կանոնակարգը, որը կարող է տարբերվել` ըստ մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների տեսակների: Սույն կանոնակարգի իմաստով վճարահաշվարկային կազմակերպության աշխատանքի կանոնակարգ է համարվում վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիայով սահմանված` վճարահաշվարկային կազմակերպության տեսակից ելնելով և վերջինիս կառավարման բարձրագույն մարմնի կողմից հաստատված հետևյալ փաստաթղթերի փաթեթը.

ա. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպության համար`

ա) դրամական միջոցների ինկասացիայի իրականացման ընթացակարգը նկարագրող փաստաթուղթ,

բ) մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների տեսակները, դրանց իրականացման կարգն ու պայմանները, ժամկետները սահմանող փաստաթուղթ,

գ) առանց մասնաճյուղ ստեղծելու իր գտնվելու վայրից դուրս վճարումներ կատարելու կարգն ու պայմանները, ժամկետները սահմանող փաստաթուղթ,

դ) վճարման հետ կապված անճշտությունների առաջացման դեպքում հաճախորդների կողմից բողոքարկման ընթացակարգը, դիմումների ընդունման կարգն ու պայմանները, ժամկետները սահմանող փաստաթուղթ,

բ. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության համար`

ա) պրոցեսինգի իրականացման կանոնները, կարգն ու պայմանները, ժամկետները, այն է` վճարահաշվարկային փաստաթղթերի և վճարային գործիքների ընդունման, մշակման, փոխանակման և հավաստագրման կարգն ու պայմանները սահմանող փաստաթուղթ,

բ) տեղեկատվության փոխանակման և մշակման ժամանակ կիրառվող անվտանգության ընթացակարգերը նկարագրող փաստաթուղթ,

գ) քլիրինգի իրականացման կանոնները, կարգն ու պայմանները սահմանող փաստաթուղթ:

7) Վճարահաշվարկային կազմակերպության գործունեության տնտեսական ծրագիրը` համաձայն Հավելված 4-ի,

8) ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից մեկում բանկային հաշվին առկա սույն կանոնակարգի 17-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված փաստացի միջոցների առկայության վերաբերյալ տեղեկանք,

9) Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարի գրանցման վերաբերյալ միջնորդագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի Ձև 1-ի և Վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների և նրանց գործունեության վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի Ձև 2-ի,

9.1) ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում նաև` անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմինների կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,

10) սեփականության, անհատույց օգտագործման կամ վարձակալության (ենթավարձակալության) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) պայմանագրի պատճենը: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը:

11) վճարահաշվարկային կազմակերպության (կանխիկ միջոցներով գործառնությունների իրականացման դեպքում) դրամապահոց (իր նախադրամապահոցով) կամ չհրկիզվող պահարանների սենյակի առկայության մասին հայտարարագիր, կամ ինկասացիոն կազմակերպության հետ կնքած ինկասացիոն ծառայությունների մատուցման պայմանագիր և պայմանագիր որևէ բանկի հետ` դրամական միջոցները տվյալ բանկին կամ դրա տարածքային ստորաբաժանումների պահպանմանը հանձնվելու վերաբերյալ, կամ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության կողմից դրամափոխադրման ինքնուրույն իրականացման դեպքերում (Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված գումարի սահմանաչափով)` դրամափոխադրման իրականացման ընթացակարգը նկարագրող փաստաթուղթ: Կազմակերպության կողմից 3 (երեք) մլն ՀՀ դրամը գերազանցող գումարի տեղափոխություն դեպքում ինկասացիոն կազմակերպության հետ կնքած ինկասացիոն ծառայությունների մատուցման պայմանագրի առկայությունը պարտադիր է:

(18-րդ կետը փոփ. 14.12.2022 թիվ 219-Ն որոշում)

19. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 18-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո քննում է դրանք և Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում որոշում է կայացնում լիցենզավորվող կազմակերպությանը Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու հայտի մերժման վերաբերյալ:

20. Եթե լիցենզավորվող վճարահաշվարկային կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են կամ անհրաժեշտ է որոշակի փաստեր պարզաբանել, ապա Կենտրոնական բանկը ոչ ուշ, քան փաստաթղթերի ներկայացմանը հաջորդող 30-րդ օրը, այդ մասին գրավոր տեղեկացնում է լիցենզավորվող կազմակերպությանը, որը պարտավոր է տեղեկացմանը հաջորդող տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել շտկված և (կամ) բացակայող և (կամ) որոշակի փաստեր պարզաբանող փաստաթղթերը: Վերոնշյալ ժամկետի ընթացքում անհրաժեշտ շտկումների (փաստաթղթերի կամ պարզաբանումների) չներկայացման դեպքում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ մերժվում է Վճարահաշվարկային կազմակերպության լիցենզավորումը` Օրենքի 20.1 հոդվածի 1-ի մասի «բ» կետով սահմանված հիմքով:

21. Կազմակերպությունը լիցենզավորվում է, եթե բավարարվել են սույն կանոնակարգի 17-րդ և 18-րդ կետերի պահանջները և բացակայում են Օրենքի հոդված 20.1-ով սահմանված հիմքերը:

22. Լիցենզավորման մասին որոշման ընդունման պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը վճարահաշվարկային կազմակերպությանը տալիս է լիցենզիա` համաձայն Հավելված 6-ի:

23. Կենտրոնական բանկը մերժում է լիցենզիա ստանալու հայտը` Օրենքի հոդված 20.1-ով սահմանված հիմքով:

24. Լիցենզիա ստանալու հայտը մերժելու դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը կայացնում է համապատասխան որոշում, որը ուղարկում է լիցենզավորվող կազմակերպությանը:

25. Լիցենզիայի հայտը մերժելու դեպքում լիցենզավորվող կազմակերպությունը իրավունք ունի լիցենզիա ստանալու նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:

 

ԳԼՈՒԽ 4
ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

26. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության գլխամասի և մասնաճյուղի տարածքը (գործունեության վայրը), որտեղ լիցենզիայով նախատեսված գործառնություններն իրականացվում են կանխիկ, կարող է գտնվել.

1) Առանձնացված շինության ներսում,

2) Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպության տարածքում (այդ տարածքի վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման համար կնքված պայմանագրով կամ սեփականություն իրավունքով ֆինանսական կազմակերպությանը պատկանող տարածք),

3) Գյուղական բնակավայրում գործող համայնքի ղեկավարի նստավայրի (այսուհետ` գյուղապետարան) շենքում,

4) Հեռահաղորդակցման օպերատորի տարածքում,

5) Այլ գերատեսչության կամ սույն կետում չնշված կազմակերպության տարածքում:

27. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության գլխամասի և մասնաճյուղերի տարածքները (գործունեության վայրը) պետք է գտնվեն փակ տարածքում, բացառությամբ սույն կանոնակարգի 26-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված տարածքներում բացվող մասնաճյուղերի: Ընդ որում` սույն կանոնակարգի իմաստով փակ տարածք ասելով հասկանում ենք.

Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության տվյալ կառուցվածքային ստորաբաժանման (գլխամաս, մասնաճյուղ) տարածքը, որը պետք է առանձնացված լինի վերջիններիս հարող այլ տարածքներից: Ընդ որում.

ա) Գլխամասը հարակից տարածքներից պետք է առանձնացված լինի քար-բետոնե հիմքից պատերով, որոնք պետք է միանան քար-բետոնե շինության տվյալ հարկի առաստաղին,

բ) Մասնաճյուղը` հարակից տարածքներից պետք է առանձնացված լինի առնվազն շինանյութից կառուցված պատերով և ունենա անմիջական տանիք/առաստաղ:

28. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների և դրանց մասնաճյուղերի տարածքները (կանխիկ միջոցներով գործառնությունների իրականացման դեպքում) պետք է ունենան.

1) գործառնական դրամարկղ (այսուհետ` դրամարկղ),

2) դրամապահոց (իր նախադրամապահոցով) կամ չհրկիզվող պահարանների սենյակ: Դրամապահոցը (չհրկիզվող պահարանների սենյակը) և դրամարկղը միասին կազմում են դրամարկղային հանգույցը, որը նախատեսված է կանխիկ դրամով գործառնություններ կատարելու, հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի ու այլ արժեքների հուսալի պահպանության համար,

3) հաճախորդների սպասարկման սրահ,

4) պահպանիչ-հակահրդեհային ազդարարման գործող համակարգ,

5) անվտանգության ազդարարման գործող համակարգ:

29. Դրամարկղը պետք է առանձնացված լինի հարակից տարածքներից: Այն պետք է ունենա առանձին կողպվող դռնով մուտք` պայմանով, որ տվյալ տարածք հնարավոր է մուտք գործել միայն տվյալ վճարահաշվարկային կազմակերպության ներսից և միայն հիշյալ դռնով: Դրամարկղի դիմային մասի պատը պետք է կառուցված լինի շինանյութից և ունենա առնվազն 1-1.2 մ բարձրություն, որից հետո սկսվում է ապակե մասը: Դրամարկղի դիմային ապակին պետք է տեղակայված լինի այնպես, որ բացառի հաճախորդի և գանձապահի անմիջական շփումը, ինչպես նաև ապահովի կանխիկ դրամը հաշվելու դիտողական հսկողություն` թե մեկ, թե մյուս կողմից (հաճախորդի հսկողությունը գանձապահի նկատմամբ և գանձապահի հսկողությունը հաճախորդի նկատմամբ):

30. Գյուղապետարանի շենքում մասնաճյուղի հաշվառման նպատակով սույն կանոնակարգի 17-րդ կետի 4-րդ ենթակետով նշված տարածքի վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման համար կնքված պայմանագիր չի պահանջվում, եթե առկա է պայմանագիր գյուղապետարանի և դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության միջև` տվյալ տարածքում վճարահաշվարկային ծառայությունների մատուցման վերաբերյալ: Մասնաճյուղի առաստաղը, պատերը և հատակը պետք է լինեն քար-բետոնե հիմքով:

31. Գյուղապետարանի շենքում բացվող մասնաճյուղի համար սույն կանոնակարգի 29-րդ կետի պահանջը կհամարվի բավարարված, եթե դրամարկղի դիմային մասն ունենա առնվազն 1-1.2 մ բարձրությամբ պատ, դիմային մասում սպասարկման սեղանն ունենա առնվազն 0.4-0.5 մ լայնություն, իսկ ապակե մասը կարող է բացակայել:

32. Շարժական բջջային կապի կամ ֆիքսված հեռախոսակապի օպերատորի (այսուհետ` հեռահաղորդակցման օպերատոր) շենքում դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության մասնաճյուղերի հաշվառման նպատակով սույն կանոնակարգի 17-րդ կետի 4-րդ ենթակետով նշված տարածքի վարձակալության կամ անհատույց օգտագործման համար կնքված պայմանագիր չի պահանջվում, եթե ապահովվում են ստորև նշված բոլոր պահանջները.

1) կնքված է պայմանագիր դրամական (փողային) փոխանցումների իրականացնող կազմակերպության և հեռահաղորդակցման օպերատորի հետ` տվյալ տարածքում դրամական (փողային) փոխանցումների կատարման հետ կապված ծառայություններ մատուցելու վերաբերյալ,

2) մասնաճյուղի տարածքում կատարվում է տեսագրում, որն ապահովում է վճարումը կատարող անձի և գործարքի կատարման ընթացքի նկարահանումը: Ընդ որում` սույն ենթակետով նախատեսված տեսագրությունները հասանելի են դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությանը, պահպանվում են առնվազն 120 օր և հասանելի են Կենտրոնական բանկի առաջին իսկ պահանջի դեպքում,

3) առկա է շուրջօրյա անվտանգության ազդարարման և պահպանիչ-հակահրդեհային ազդարարման գործող համակարգ:

(32-րդ կետը փոփ. 14.10.16 թիվ 169-Ն, 28.11.2023 թիվ 198-Ն որոշումներ)

33. Սույն կանոնակարգի 32-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված պահանջները պետք է ներառվեն հեռահաղորդակցման օպերատորի հետ կնքված պայմանագրում: Այն դեպքում, երբ սույն կանոնակարգի 32-րդ կետի 2-րդ ենթակետով ներկայացված տեսագրումը իրականացվում է վճարահաշվարկային կազմակերպության կողմից, ապա սույն կետով նշված պայմանագրում սույն կանոնակարգի 32-րդ կետի 2-րդ ենթակետերով նախատեսված պահանջները ներառելու դրույթը պարտադիր չէ:

34. Այն դեպքում, երբ հեռահաղորդակցման օպերատորի տարածքում գտնվող վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղում բացակայում է դրամապահոց (չհրկիզվող պահարանների սենյակ), ապա հեռահաղորդակցման օպերատորների տարածքում բացվող մասնաճյուղի համար սույն կանոնակարգի 29-րդ կետի պահանջը կհամարվի բավարարված, եթե այն հարակից տարածքներից լինի առանձնացված, ունենա առանձին ծառայողական մուտք, որը կարող է լինել ընդհանուր հեռահաղորդակցման օպերատորի աշխատակիցների համար: Դրամարկղի (մասնաճյուղի) դիմային մասը պետք է կառուցված լինի շինանյութից և ունենա առնվազն 1-1.2 մ բարձրությամբ պատ, իսկ ապակե մասը կարող է բացակայել:

(34-րդ կետը փոփ. 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

35. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների համար դրամապահոցի կամ չհրկիզվող պահարանների սենյակի կամ դրամափոխադրման իրականացման ընթացակարգը նկարագրող փաստաթղթի առկայությունը պարտադիր չէ, եթե ինկասացիոն ծառայություն մատուցող անձի հետ կնքված են համապատասխան պայմանագրեր կանխիկ դրամի տեղափոխման վերաբերյալ: Վերը նշված պայմանագրերի ժամկետները լրանալուց հետո անմիջապես կնքվում են նոր պայմանագրեր, և դրանք կամ դրանց ժամկետների երկարաձգումը հավաստող փաստաթղթերը 15-օրյա ժամկետում ներկայացվում են Կենտրոնական բանկ:

36. Դրամապահոցի բացակայության պարագայում վճարահաշվարկային կազմակերպությունը կարող է չիրականացնել դրամարկղում առկա կանխիկ դրամի ինկասացում, եթե դրամարկղում կանխիկ դրամի մնացորդը յուրաքանչյուր օրվա վերջում չի գերազանցում Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված գումարը և տեղադրված է հատուկ չհրկիզվող պահարանում, որն ամրացված է դրամարկղի հատակին և/կամ պատին:

37. Կանխիկ դրամական միջոցները մինչև ինկասացիայի իրականացումը պետք է պահվեն դրամարկղում գտնվող չհրկիզվող պահարանում:

38. Չհրկիզվող պահարանների սենյակը պետք է ունենա մեկ կողպվող դուռ, իսկ մուտքը լինի միայն դրամարկղից: Չհրկիզվող պահարանների սենյակը պետք է առանձնացված լինի հարակից տարածքներից, պատերը լինեն քար-բետոնե հիմքով, արտաքին պատի պատուհանները` (առկայության դեպքում) ճաղապատված:

39. Դրամապահոցը կառուցվում է առանց պատուհանների, քար-բետոնե հիմքով և պետք է ունենա մեկ զրահապատ չհրկիզվող դուռ: Դրամապահոցի մուտքը պետք է լինի միայն դրամարկղից:

40. Դրամապահոցը չպետք է ունենա ընդհանուր պատ շենքի արտաքին և նույն շենքում տեղակայված այլ հաստատությունների պատերի հետ: Դրամապահոցը շենքի արտաքին կամ այլ հաստատությունների պատերին կից կառուցելու դեպքում դրանց միջև պետք է լինի դիտողական միջանցք, որը հնարավորություն կտա դիտել և հսկել դրամապահոցի պատերի ամբողջականությունը (հսկելու անվտանգությունը):

41. Եթե դրամապահոցի վերևում տեղակայված է այլ կազմակերպություն (կամ այն գտնվում է շենքի վերջին հարկում), ապա դրամապահոցը առաստաղից պետք է բաժանված լինի դիտողական միջանցքով, որը հնարավորություն կտա դիտել և հսկել առաստաղի ամբողջականությունը:

42. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության հաճախորդների սպասարկման սրահը պետք է գտնվի փակ տարածքում, ունենա առնվազն 4 (չորս) քառակուսի մետր տարածք` յուրաքանչյուր սպասարկման պատուհանի համար, առանձնացված լինի արտաքին միջավայրից և ապահովի հաճախորդի անվտանգությունը գործարքի ժամանակ: Հեռահաղորդակցման օպերատորի/գյուղապետարանի տարածքում բացվող մասնաճյուղերի համար սպասարկման սրահ է համարվում հեռահաղորդակցման օպերատորի սպասարկման կամ գյուղապետարանի սրահը և վերջիններիս չափերը առնվազն պետք է լինի 4 (չորս) քառակուսի մետր:

43. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության գլխամասը/մասնաճյուղը պետք է ունենա հրդեհի ազդարարման ինքնաշխատ և անվտանգության ահազանգման շուրջօրյա գործուն համակարգ, որի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը կարող է լինել տեղային (լոկալ): Ընդ որում, հրդեհի ազդարարման ինքնաշխատ շուրջօրյա համակարգը պետք է տեղադրված լինի կազմակերպության ամբողջ տարածքում և կազմակերպության գլխամասի համար միացված լինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը: Կազմակերպության գլխամասի և մասնաճյուղերի տարածքում պետք է տեղադրված լինեն պիտանելիության ժամկետում գտնվող կրակմարիչներ ըստ տարածքի մակերեսի: Անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգը պետք է տեղադրված լինի առնվազն բոլոր արտաքին դռներին և պատուհաններին և միացված լինի ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով: Եթե կազմակերպությունը կամ կազմակերպության մասնաճյուղերը գտնվում են ներքին շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայություն կամ անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգ ունեցող տարածքներում, ապա կազմակերպության կամ կազմակերպության մասնաճյուղի տարածքի անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգը պետք է միացված լինի շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայությանը կամ անվտանգության ահազանգման շուրջօրյա համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

(43-րդ կետը փոփ. 20.12.16 թիվ 240-Ն որոշում)

44. Եթե Վճարահաշվարկային կազմակերպության գլխամասը/մասնաճյուղը գտնվում է ներքին շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայություն կամ շուրջօրյա անվտանգության ահազանգման կամ պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգ ունեցող տարածքներում, ապա սույն կանոնակարգի 43-րդ կետի պահանջը կհամարվի ապահովված, եթե դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության տարածքի շուրջօրյա ահազանգման և պահպանիչ-հակահրդեհային համակարգերը միացված են շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայությանը կամ շուրջօրյա անվտանգության ահազանգման համակարգին և պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

45. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության գլխամասի և մասնաճյուղի տարածքում պետք է կատարվի տեսագրում, որն ապահովում է վճարում կատարող անձի և գործարքի կատարման ընթացքի նկարահանումը: Տեսագրությունները պետք է պահպանվեն առնվազն 120 օր և հասանելի լինեն Կենտրոնական բանկի առաջին իսկ պահանջի դեպքում:

(45-րդ կետը փոփ. 28.11.2023 թիվ 198-Ն որոշում)

46. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների գլխամասի և դրանց մասնաճյուղերի համար անհրաժեշտ է հետևյալ տեխնիկական հագեցվածությունը`

1) չհրկիզվող պահարան (եթե վճարահաշվարկային կազմակերպության կանոնադրությամբ սահմանված է, որ կազմակերպությունը գործառնություններն իրականացնում է կանխիկ),

2) դրամանիշի իսկությունը ստուգող սարք (եթե վճարահաշվարկային կազմակերպության կանոնադրությամբ սահմանված է, որ կազմակերպությունը գործառնություններն իրականացնում է կանխիկ),

3) վահանակ, որտեղ նշվում են լիցենզավորված անձի անվանումը, աշխատանքային օրերը և ժամերը,

4) կապի միջոց տվյալ մասնաճյուղի և իր գլխամասի միջև, որը թույլ կտա ապահովել մասնաճյուղում կատարվող գործարքների արտացոլումը ընդհանուր տեղեկատվական բազայում և կազմակերպության հաշվեկշռում,

5) տեխնիկածրագրային միջոցները (համակարգիչ, սերվեր և այլն) պետք է կապարակնքվեն, իսկ նշված տեխնիկածրագրային միջոցների համար` ծրագրային մակարդակով պետք է փակվեն հասանելիության հնարավորությունները արտաքին սարքավորումների/միջոցների (յու-էս-բի կրիչներ, կոշտ սկավառակներ, արտաքին հիշողության սարքեր և այլն) համար, բացառելով/սահմանափակելով անմիջապես աշխատակցի կողմից նշված սարքավորումներով/միջոցներով տեղեկատվության և ծրագրային ապահովման դուրսբերումը և/կամ տեղադրումը:

47. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության հաճախորդների սպասարկման սրահում, իսկ կանխիկով գործառնությունների կատարման դեպքում` դրամարկղի դիմային մասում, հաճախորդների համար տեսանելի տեղում, ընթեռնելի տառերով և թվերով պետք է փակցված լինեն Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիայի պատճենը, դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության անվանումը (վահանակի տեսքով,) մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների տեսակները և սակագները, աշխատանքային օրերը և ժամերը, հեռախոսահամարը, սույն կանոնակարգի 153-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերում սահմանված փոխարկման գործառնությունների իրականացման դեպքում` արտարժույթի փոխարկման փոխարժեքները:

48. Սահմանված պահանջներն ըստ կիրառելիության և ըստ սուբյեկտների ամփոփ տեսքով բերված են սույն կանոնակարգի Հավելված 11-ում, որը կրում է ուղեցույցային բնույթ:

49. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը կարող է առանց մասնաճյուղ ստեղծելու վճարումներ կատարել իր գտնվելու վայրից դուրս:

50. Սույն կարգի 49-րդ կետով սահմանված դեպքում դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը, իր գտնվելու վայրից դուրս վճարումներ (այսուհետ` հեռահար վճարումներ) կարող է կատարել առաքիչների միջոցով` նրանց հետ կնքելով աշխատանքային պայմանագիր:

51. Առաքիչների միջոցով հաճախորդներին հեռահար վճարումները պատշաճ կատարելու համար ողջ պատասխանատվությունը կրում է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը:

52. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը հաճախորդներին հեռահար վճարումներ իրականացնելու նպատակով յուրաքանչյուր առաքիչին յուրաքանչյուր անգամ միանվագ տրամադրում է ոչ ավելի, քան 2 մլն ՀՀ դրամ:

53. Սույն գլխի պահանջները չեն տարածվում կազմակերպության գլխամասից և մասնաճյուղերից դուրս տեղակայված ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումների վրա:

 

ԳԼՈՒԽ 5
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱ-ԾՐԱԳՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

54. Վճարահաշվարկային կազմակերպությունն իր ընթացիկ կամ հիմնական գործառնությունների կատարումը, հաշվառումը և տվյալների պահպանումը ապահովում է «Գործառնական օր» ծրագրի միջոցով, որն առնվազն պետք է առկա լինի գլխամասային գրասենյակում:

55. Այն դեպքում, երբ վճարահաշվարկային կազմակերպությունն ինքնուրույն է մշակել իր կողմից շահագործվող ծրագրային համակարգերը, ապա պետք է առկա լինեն.

1) հստակ մշակված տեխնիկական առաջադրանքը և պահանջները,

2) համակարգի տեղեկատվական անվտանգությանը ներկայացվող պահանջները,

3) ծրագրային համակարգի մշակմանը մասնակցած հիմնական և/կամ ժամկետային պայմանագրով աշխատող աշխատակիցների ցուցակը, որտեղ պետք է նշվեն նաև նրանց զբաղեցրած պաշտոնները,

4) ծրագրի մշակման լեզուն և ինտերֆեյսը,

5) ծրագրի վերջնական շահագործվող տարբերակի ծրագրային կոդի գտնվելու վայրը,

6) թեստավորող խմբի անդամների ցուցակը, մասնագիտական որակավորումը, զբաղեցրած պաշտոնը, թեստավորման արձանագրությունը, թեստավորող խմբի մասնակիցների եզրակացությունը, գործադիր տնօրենի և մյուս մասնակիցների ստորագրությունները,

7) այդ ծրագիրը օգտագործող ստորաբաժանումների աշխատակիցների կողմից թեստավորմանը մասնակցելու փաստը հավաստող փաստաթղթերը,

8) ծրագրի վերջնական շահագործվող տարբերակի ծրագրային կոդերի մեջ փոփոխություններ կատարելու հնարավորություններ ունեցող աշխատակիցների ցուցակը,

9) ծրագրային ապահովման օգտագործողների ուղեցույցը կամ այլ ուղղորդող գրքեր, գրքույկներ, ձեռնարկներ, փաստաթղթեր:

(55-րդ կետը փոփ. 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

55.1 Այն դեպքում, երբ վճարահաշվարկային կազմակերպությունն իր կողմից շահագործվող ծրագրային համակարգերի մշակումը պատվիրակել է այլ անձին, ապա պետք է առկա լինեն`

1) ծրագրային համակարգի վերաբերյալ վճարահաշվարկային կազմակերպության և մշակող ընկերության միջև կնքված պայմանագիր,

2) ծրագիրը մշակող անձին ներկայացված տեխնիկական առաջադրանքը և պահանջները,

3) համակարգի տեղեկատվական անվտանգությանը ներկայացվող պահանջները,

4) նոր մշակված ծրագրային ապահովման թեստավորման արձանագրությունը և այլ փաստաթղթեր, որոնք պարունակում են թեստավորման արդյունքները, թեստավորող խմբի մասնակիցների եզրակացությունը, կազմակերպության կառավարման իրավասու մարմնի և թեստավորման մասնակիցների ստորագրությունները,

5) կազմակերպության և մշակող ընկերության կողմից ստորագրված ընդունման-հանձնման ակտը,

6) մշակող ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ հեղինակավոր աուդիտորական կազմակերպության եզրակացությունը,

7) մշակող ընկերության` միջազգային ընդունված չափանիշներին համապատասխանությունը հավաստող վկայագիր կամ միջազգային հավաստագրման որևէ կազմակերպության կողմից թողարկված վկայագիր կամ որևէ ապահովագրական ընկերությունում ծրագրային համակարգի ապահովագրված լինելը հավաստող փաստաթուղթ,

8) կազմակերպության, մշակող ընկերության և Էսքրոու (Escrow) ծառայություններ մատուցող երրորդ ընկերության միջև «Գործառնական օր» ծրագրային համակարգի ծրագրային կոդերի պահուստային պահպանման և համապատասխան արտակարգ իրավիճակում Կազմակերպությանը հանձնման վերաբերյալ պայմանագիր:

(55.1-ին կետը լրաց. 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

56. Վճարահաշվարկային կազմակերպությունը պետք է ունենա արխիվների պահպանման համար նախատեսված չհրկիզվող պահարան:

57. Վճարահաշվարկային կազմակերպության կողմից շահագործվող սերվերները, այդ թվում նաև` քլիրինգի և պրոցեսինգի հետ ուղղակիորեն կապված սերվերները, պետք է պահվեն և շահագործվեն հատուկ սերվերային սենյակում(ներում), որը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին`

1) լինի առանձնացված հարակից տարածքներից ոչ թափանցիկ նյութերից (օրինակ` չլինի ապակուց) պատրաստված պատերով,

2) սերվերային սենյակի դուռը պետք է հանդիսանա միակ ճանապարհը այնտեղ մուտք գործելու կամ դուրս գալու համար,

3) ունենա հակահրդեհային պաշտպանության համակարգ,

4) ունենա շարժման գրանցման (հայտնաբերման) համակարգ և (կամ) տվիչներ,

5) ունենա համակարգիչների բնականոն աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ ջերմաստիճանը, օդի խոնավությունը կարգավորող և պահպանող համակարգ, ինչպես նաև օդափոխության համակարգ,

6) շուրջօրյա ռեժիմում իրականացվող տեսահսկում և տեսագրում: Ընդ որում` տեսահսկման համակարգը պետք է տեղադրված լինի սերվերային սենյակում և նկարահանի առնվազն վճարահաշվարկային կազմակերպության սերվերի համակարգիչ(ներ)ը, հարակից տարածքը այնպես, որ տեսանելի լինեն այդ համակարգիչ(ներ)ին մոտեցող անձինք և հնարավորություն լինի հսկելու սերվերային սենյակում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն: Տվյալ տեսագրումները պետք է կատարվեն և արխիվացվեն կազմակերպության կողմից և պահպանվեն առնվազն 90 օր,

7) ունենա դռան ինքնաբերաբար փակման համակարգ,

8) սերվերային սենյակի մուտքի-ելքի գրանցման ընթացակարգ (առնվազն պետք է գրանցվի մուտք/ելք գործողի անուն-ազգանունը, մուտքի-ելքի ժամը և ամսաթիվը),

9) սերվերային սենյակը պետք է ունենա անխափան էլեկտրասնուցման համակարգեր, որը պետք է ապահովի ինչպես սերվերների անխափան աշխատանքը, այնպես էլ սույն կետում նշված տեսահսկման, հակահրդեհային պաշտպանության, շարժման գրանցման և հայտնաբերման, ջերմաստիճանը պահպանող, օդափոխության համակարգերի անխափան աշխատանքը, առնվազն հիմնական սերվերներից այլ վայրում գտնվող պահուստային սերվերներին անցնելու ժամանակահատվածում,

10) եթե սերվերային սենյակն ունի պատուհան, ապա այն պետք է լինի դրսից ճաղապատ և միշտ լինի փակ և կարող է բացվել միայն հիմնավոր պատճառաբանության առկայության դեպքում` Կազմակերպության կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված գրավոր որոշման հիման վրա:

(57-րդ կետը փոփ. 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

57.1 Վճարահաշվարկային կազմակերպությունը պետք է`

1) ունենա պահուստային սերվեր կամ համակարգիչ,

2) ունենա էլեկտրասնուցման պահուստային համակարգ (գեներատոր շարժիչ, արևային մարտկոց կամ այլ հավասարազոր համակարգ),

3) ունենա անխափան էլեկտրասնուցման սարքեր (յու-փի-էս), որոնց ինքնուրույն աշխատանքի ժամանակը պետք է թույլատրի իրականացնելու անցումը էլեկտրասնուցման հիմնականից պահուստային տարբերակի` առանց տեղեկատվության կորստի,

4) բոլոր համակարգիչներում պետք է առկա լինի հակավիրուսային որևէ համակարգ, որի տվյալների հենքը պետք է թարմացվի հակավիրուսային համակարգի հրապարակված ամենավերջին տարբերակով,

5) եթե վճարահաշվարկային կազմակերպության աշխատակիցները ունեն միջազգային համակարգչային ցանցից (ինտերնետ) օգտվելու հնարավորություն, ապա պետք է առկա լինեն միջցանցային էկրաններ (ֆայերվոլ)` համապատասխան կանոններով սահմանված, որը կկատարի որոշակի տիպի տեղեկատվության հոսքի ֆիլտրում:

(57.1-ին կետը լրաց. 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

58. Վճարահաշվարկային կազմակերպության սերվերները, ցանցային սարքավորումները և աշխատակայանները, եթե առկա են, պետք է ապահովված լինեն անխափան էլեկտրասնուցման սարքերով, որոնց ավտոնոմ աշխատանքի ժամանակը պետք է թույլ տա իրականացնել անցումը հիմնականից պահուստային տարբերակի կամ ժամանակավոր դադարեցնել աշխատանքն առանց տեղեկատվության կորստի:

59. Վճարահաշվարկային կազմակերպությունները և դրանց մասնաճյուղերը պետք է ունենան կիրառվող տեխնիկածրագրային և անվտանգության ապահովման կանոնակարգման փաստաթղթեր:

(59-րդ կետը փոփ. 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

60. (60-րդ կետն ուժը կորցրել է 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

61. Վճարահաշվարկային կազմակերպությունների տեխնիկածրագրային ապահովման և անվտանգության վերաբերյալ փաստաթղթերով պետք է սահմանված լինեն դրույթներ` վճարային գործառնությունների, իրադարձությունների, անձանց, փաստերի և գործընթացների հետ կապված տեղեկատվության (այսուհետ` տեղեկատվություն) անվտանգության հսկողության վերաբերյալ` անկախ դրանց ներկայացման ձևից, հետևյալ սկզբունքներով`

1) տեղեկատվության օգտագործողները պետք է միարժեքորեն նույնականացվեն` տեղեկատվությանը մուտքի իրավասություն ստանալու համար,

2) տեղեկատվության պաշտպանական հսկողությունը պետք է ապահովի տեղեկատվության տրամադրումը միայն նույնականացված օգտագործողներին:

(61-րդ կետը փոփ. 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

62. (62-րդ կետն ուժը կորցրել է 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

63. Տեղեկատվական անվտանգության միջոցառումները պետք է ուղղվեն տեղեկատվական գործընթացների և դրանցում ներգրավված տեղեկատվական միջոցների բարձր պաշտպանվածության ապահովմանը: Ցանկացած ձևով ներկայացված տեղեկատվության (էլեկտրոնային, թղթային, բանավոր և այլն) և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆիզիկական պաշտպանությանը ներկայացվող հիմնական պահանջներն են`

1) կազմակերպության կապը և կենսունակությունը ապահովող տարածքներ մուտքը թույլատրելի է միայն տվյալ համակարգի աշխատանքի համար պատասխանատու աշխատակիցներին: Այլ անձանց մուտքը կարող է իրականացվել միայն կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված փաստաթղթերի հիման վրա,

2) աշխատանքի կանոնները պետք է մշակվեն և պահպանվեն տեղեկատվության արտաքին կրիչների հետ միասին (մագնիսային, լազերային և այլ տիպի)` սահմանափակելով նման կրիչների տեղափոխումը և կազմակերպության տարածքից դուրսբերումը:

(63-րդ կետը փոփ. 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

64. (64-րդ կետն ուժը կորցրել է 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

65. (65-րդ կետն ուժը կորցրել է 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

66. (66-րդ կետն ուժը կորցրել է 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

67. Քլիրինգի և պրոցեսինգի հետ ուղղակիորեն կապված տեղեկատվության պաշտպանությանը ներկայացվող պահանջները հետևյալն են`

1) տվյալների շտեմարան մուտք գործելու յուրաքանչյուր դեպք պետք է գրանցվի մատյանում, որը պետք է հասանելի լինի միայն տեղեկատվական անվտանգության պատասխանատուին և սերվերի (համակարգի) ադմինիստրատորին: Նշված մատյանները կարող են հասանելի լինել միայն ընթերցման համար,

2) պետք է արգելված լինի ծածկագրված տեղեկատվությունը առանց աշխատանքային անհրաժեշտության վերծանելը և պահպանելը վերծանված տեսքով, որևէ ձևով փոխանցելը այլ օգտագործողների կամ կատարել գործողություններ, որոնք կարող են բերել այդ տեղեկատվության պաշտպանվածության աստիճանի նվազեցմանը,

3) վճարահաշվարկային կազմակերպության կողմից պետք է մշակված լինեն քլիրինգի և պրոցեսինգի վերաբերյալ տեղեկատվության հետ աշխատանքի ընդհանուր կանոնները, օգտագործողների գրանցման և իրավասությունների տրամադրման կարգը:

(67-րդ կետը փոփ. 14.10.16 թիվ 169-Ն որոշում)

68. Վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստանալու օրվանից առավելագույնը վեցամսյա ժամկետում պարտավոր է բավարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 9-ի թիվ 173-Ն որոշմամբ հաստատված` «Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների սահմանման վերաբերյալ» կարգով սահմանված պահանջները:

 

(հավելվածը խմբ. 15.07.14 թիվ 195-Ն որոշում)

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
25.10.2011
N 285-Ն
Որոշում