(ուժը կորցրել է 30.04.2020 թիվ 659-Ն որոշում)
i
040.1356.110902
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 օգոստոսի 2002 թվականի N 1356-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության համակարգում մշակութային արժեքների պահպանության վարչություն ստեղծելու մասին» N 501 որոշումը:
(որոշումը փոփ. 23.10.03 թիվ 1313-Ն, 01.09.11 թիվ 1264-Ն որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1356-Ն որոշման
i
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ծառայություններ է մատուցում մշակութային արժեքների պահպանության և օգտագործման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր և այլ անհատականացման միջոցներ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակներն ու խնդիրներն են`
1) Հայաստանի Հանրապետության մշակութային արժեքների պահպանմանն ու օրինական շրջանառությանը նպաստելը.
2) մշակութային արժեքների օրինական արտահանման ու ներմուծման ապահովումը, այդ արժեքների ապօրինի արտահանման ու ներմուծման կանխումն ու կանխարգելումը.
3) մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցման կանխումն ու կանխարգելումը.
4) Հայաստանի Հանրապետությունում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետ-հայտատուների հավատարմագրման գործընթացն ապահովելը.
5) մշակութային արժեքների ոլորտում միջազգային համագործակցությանն ու հաղորդակցմանը նպաստելը:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
i
8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`
1) տարբեր տեղեկատվական աղբյուրների և նյութերի ուսումնասիրության միջոցով հայտնաբերում և հաշվառում է այլ պետություններում գտնվող ազգային մշակութային արժեքները, կազմում դրանց հաշվառման մատյանն ու ստեղծում այդ արժեքների մասին տվյալների շտեմարան.
2) կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքների ցանկի ստեղծման ու համալրման գործընթացը, արգելում այդ ցանկում ներառված արժեքների` Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանումն ու ժամանակավոր արտահանումը.
3) ստեղծում է մշակութային արժեքների տեղեկատվական շտեմարան և դրա ու գողացված, կորած, հափշտակված մշակութային արժեքների շտեմարանների տվյալների հիման վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով նախատեսված կարգով ձեռնարկում է միջոցներ` մշակութային արժեքների ապօրինի արտահանումն ու ապօրինի ներմուծումը կանխարգելելու, դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխելու, ինչպես նաև մշակութային արժեքների սեփականատերերի գրանցված իրավունքները պաշտպանելու համար.
4) Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս տարածում է տեղեկատվություն մշակութային արժեքների անհետացման, կորստի, հափշտակության փաստերի մասին.
5) հաշվառում է մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա` ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքները, արձանագրում ժամանակավոր արտահանումից վերադարձված այդ արժեքների իսկությունը (նույնականացումը), իսկ սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չվերադարձվելու դեպքում միջոցներ է ձեռնարկում դրանց հետբերման համար.
6) փորձագիտական եզրակացության հիման վրա նախարարություն է ներկայացնում առաջարկություններ արտահանման համար հայտագրված` մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցման չափորոշիչներին համապատասխանող, իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող մշակութային արժեքների` պետության կողմից գնման նախապատվության իրավունքի իրականացման վերաբերյալ և կազմակերպում է գործընթացի իրականացումը.
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է մշակութային արժեքների պահպանական ցուցակում պետական սեփականություն չհամարվող մշակութային արժեքների` կամավոր սկզբունքով գրանցման գործընթացը, կազմում այդ արժեքների ցուցակը և սեփականատերերին տալիս տեղեկանք պահպանական ցուցակում դրանք գրանցելու կամ գրանցման ենթակա չլինելու մասին.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է որոշում մշակութային արժեքների արտահանման ու ժամանակավոր արտահանման հնարավորության կամ անհնարինության մասին և տալիս է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի` սահմանված նմուշի վկայագիր.
9) կազմակերպում և իրականացնում է կերպարվեստի ու դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառի` վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկի ստեղծման աշխատանքները, որոնց ստեղծագործությունները Հայաստանի Հանրապետությունից կարող են արտահանվել միայն մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի հիման վրա.
10) վավերացնում է արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար հայտագրված` մինչև 50 տարվա վաղեմություն ունեցող կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունների (բացառությամբ անթվակիր և անստորագիր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված, վերջին 50 տարում մահացած հեղինակների ստեղծագործությունների), ինչպես նաև մինչև 75 տարվա վաղեմություն ունեցող մշակութային նշանակության առարկաների (բացառությամբ անթվակիր առարկաների) իսկությունը` դրանց լուսանկարների շրջերեսին` հայտատուի ցանկությամբ.
11) ընդունում է վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք մշակութային արժեքներ ժամանակավոր ներմուծելու մասին հայտերը, տալիս դրանց իսկության, իսկ վերաարտահանելիս` ժամանակավոր ներմուծված մշակութային արժեքների վերականգնման արդյունքը լինելու (նույնականության) մասին տեղեկանքները, հաշվառում այդ արժեքները, հայտերն ու տեղեկանքները.
12) տալիս է ժամանակավոր արտահանվող նվագարանի վկայական.
13) իրականացնում է արտահանվող, ժամանակավոր արտահանվող, վերականգնման նպատակով ժամանակավոր ներմուծվող մշակութային արժեքների ու առարկաների տեղեկատվական շտեմարանների համալրման ու դրանց օգտագործման, ուսումնասիրման ու վերլուծության գործընթացները.
14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է առգրավված կամ բռնագրավված մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետության պետական պահոցների (թանգարաններ, արխիվներ, գրադարաններ և այլ մշակութային կազմակերպություններ) մշտական պահպանության կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան ծառայությանը հանձնելու գործընթացները.
15) կազմակերպում և իրականացնում է նախարարության մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների հավատարմագրման խորհրդի աշխատանքները, ինչպես նաև մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետ-հայտատուների հավատարմագրման գործընթացն ու հավատարմագրման վկայագրերի տրամադրման աշխատանքները.
16) իր իրավասության սահմաններում իրականացնում է մշակութային արժեքների պահպանությունն ու պաշտպանությունն իրականացնող, ինչպես նաև արտահանումն ու ներմուծումը կարգավորող և վերահսկող պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ կապն ու համագործակցությունը.
17) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում է Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի տեղեկություններից.
18) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
10. Գործակալության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
11. Գործակալության պետը պատասխանատու է մշակութային արժեքների պահպանության և օգտագործման բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
12. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
13. Գործակալության պետը`
1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ գործակալության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալին.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.
5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև գործակալության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
8) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
9) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
10) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
11) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման մասին.
12) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
13) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
14. Գործակալության պետի բացակայության դեպքում գործակալության պետի փոխարինումն իրականացվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
16. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:
17. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
18. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
(կանոնադրությունը փոփ. 23.10.03 թիվ 1313-Ն, 12.05.05 թիվ 595-Ն, 01.09.11 թիվ 1264-Ն որոշումներ)
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1356-Ն որոշման
i
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Մշակութային արժեքների հայտարարագրման և վկայագրման բաժին
Տեղեկատվության և առգրավված կամ բռնագրավված մշակութային արժեքների
պահպանության բաժին
(կառուցվածքը փոփ. 23.10.03 թիվ 1313-Ն, 12.05.05 թիվ 595-Ն որոշումներ)