Սեղմել Esc փակելու համար:
ՎԻՃԱԿԱԽԱՂ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂ ԵՎ ԽԱՂԱՏՈՒՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԻՃԱԿԱԽԱՂ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂ ԵՎ ԽԱՂԱՏՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԱՆ ...

17.04.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.08.2002  -ից մինչեւ   17.04.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 12.02.04 թիվ 288-Ն որոշում)

i

040.1049.300702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2002 թվականի N 1049-Ն

 

i

ՎԻՃԱԿԱԽԱՂ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂ ԵՎ ԽԱՂԱՏՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՏՈՄՍԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի երրորդ մասի, «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասի և 8-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն, ինչպես նաև վիճակախաղ, շահումով խաղ և խաղատուն կազմակերպող անձանց կողմից տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու կարգը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) վիճակախաղ, շահումով խաղ և խաղատուն կազմակերպող անձանց կողմից տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.

բ) վիճակախաղերի տոմսերը պարունակում են հետևյալ պարտադիր վավերապայմանները`

վիճակախաղի կազմակերպչի ֆիրմային անվանումը,

վիճակախաղի անվանումը,

վիճակախաղի տոմսի գինը,

վիճակախաղի տոմսի հերթական համարը և սերիան,

շահումը որոշելու կարգը, որը պետք է համապատասխանի վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված կարգին,

շահումների վճարման վայրը, կարգը և ժամկետը,

թողարկման կամ խաղարկության հերթական համարը,

խաղարկությամբ վիճակախաղերի դեպքում` վիճակախաղի տոմսերի խաղարկության (անկախ վիճակախաղի կազմակերպչի կողմից կազմակերպվող և տվյալ խաղարկությանն առնչվող ծրագրերի)`

անցկացման ժամը, օրը, ամիսը և տարեթիվը,

վայրը կամ հեռուստաալիքը:

2. Հաստատել`

ա) շահումով խաղի և խաղատան կազմակերպման մասին տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեության մասին տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թ.

հուլիսի 18-ի N 1049-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԵՎ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է շահումով խաղ և խաղատուն կազմակերպող անձանց կողմից «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան իրենց գործունեության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին (այսուհետ` լիազոր մարմին) տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու գործընթացը:

2. Շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը լիազոր մարմին է ներկայացնում`

ա) յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը` համապատասխան տարածքային հարկային մարմնի և սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնի տեղեկանքը հաշվետու եռամսյակում հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով կազմակերպչի պարտավորությունների մասին.

բ) մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը` հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններ ներկայացվող իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները.

գ) հրապարակում է սույն կետի «բ» ենթակետում նշված հաշվետվությունները առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 15-ը ներկայացնում թերթի 1 օրինակ:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թ.

հուլիսի 18-ի N 1049-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեություն իրականացնող անձանց կողմից «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան իրենց գործունեության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին (այսուհետ` լիազոր մարմին) տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու գործընթացը:

2. Խաղարկությամբ վիճակախաղի կազմակերպիչը`

ա) նախքան վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումը (ըստ կազմակերպչի հայեցողության` նախքան տոմսերի իրացումը կամ թողարկումը) էլեկտրոնային կրիչով ներկայացնում է վիճակախաղի տոմսերի խաղարկության համակարգչային ծրագիրը.

բ) նախքան վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումը էլեկտրոնային կրիչով ներկայացնում է վիճակախաղի իրացված տոմսերի մասին տվյալները` ըստ համարների (սերիաների) և յուրաքանչյուր տոմսի` խաղարկության համար հիմք հանդիսացող տվյալների տեղաբաշխվածության,

գ) վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից հետո հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կրիչով ներկայացնում է խաղարկության ընթացքի նկարագրությունը (խաղարկված թվերի հերթականությունը), շահած տոմսերի համարները` ըստ շահումների չափերի և տեսակների:

i

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված հաշվետվությունների ձևերը սահմանում է լիազոր մարմինը:

4. Սույն կարգի համաձայն վիճակախաղի տոմսերի խաղարկության սկիզբ է համարվում առաջին վիճակահանության պահը, որը պետք է նշված լինի վիճակախաղի տոմսի վրա` անկախ վիճակախաղի կազմակերպչի կողմից կազմակերպվող և տվյալ խաղարկությանն առնչվող ծրագրերի (շոուներ և այլն):

5. Սույն կարգի 2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված տեղեկությունները ներկայացվում են յուրաքանչյուր խաղարկության համար:

6. Սույն կարգի 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան վիճակախաղերի տոմսերի խաղարկության համակարգչային ծրագիրը ներկայացվելուց հետո այդ ծրագրի փոփոխման դեպքում փոփոխված ծրագիրը ներկայացվում է` նախքան դրանով խաղարկության անցկացումը:

7. Ոչ խաղարկությամբ վիճակախաղի կազմակերպիչը`

ա) վիճակախաղերի տոմսերի թողարկումից հետո, նախքան այդ տոմսերի իրականացումը, էլեկտրոնային կրիչի կամ տեղեկանքի տեսքով ներկայացնում է վիճակախաղերի շահող տոմսերի մասին տվյալները` ըստ քանակի, համարների (սերիաների), շահումի չափի ու տեսակի և յուրաքանչյուր տոմսի շահելու կամ վիճակահանության համար հիմք հանդիսացող տվյալների տեղաբաշխվածության.

բ) վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացն սկսվելուց հետո յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ մինչև հաջորդ ամսվա 5-ը էլեկտրոնային կրիչի կամ տեղեկանքի տեսքով ներկայացնում է իրացված տոմսերի մասին տվյալները` ըստ համարների (սերիաների):

8. Տոտալիզատորի կազմակերպիչը յուրաքանչյուր շաբաթվա երկրորդ աշխատանքային օրը էլեկտրոնային կրիչով ներկայացնում է նախորդ շաբաթվա ընթացքում կայացած խաղարկությունների իրացված տոմսերի մասին տվյալները ըստ քանակի, համարների (սերիաների), դրված խաղագումարների չափերի և տեսակների, յուրաքանչյուր տոմսի շահելու կամ վիճակահանության համար հիմք հանդիսացող տվյալների տեղաբաշխվածության և ելքերի, ինչպես նաև շահած տոմսերի համարները (սերիաները)` ըստ շահումների չափերի և տեսակների:

9. Սույն կարգին համապատասխան էլեկտրոնային տեսքով տվյալները ներկայացվում են հետևյալ կերպ`

ա) վիճակախաղերի մասին հաշվետվությունների ընդունման համար լիազոր մարմնի այդ բնագավառի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանումում տեղադրվում է նախարարության լոկալ համակարգչային ցանցին միացված` ցանցից օգտվողների համար անհասանելի, սակայն անհրաժեշտության դեպքում հասանելի դարձնելու հնարավորությամբ «Վինդոուս ՆՏ» ծրագրային համակարգի վրա հիմնված ֆայլ սերվեր, որտեղ «Օգտագործողի անվանում-ծածկագիր» սկզբունքով համապատասխան ծավալներն են հատկացվում յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչին.

բ) կազմակերպիչը սահմանված ժամկետներում ներկայացնում է տվյալները մեկ անգամ գրվող լազերային սկավառակի վրա («Ռեքորդեբլ ՍիԴի»): Կազմակերպչի ներկայացուցիչը ներկայացված միայն իրեն հայտնի գաղտնաբառի օգնությամբ արտագրում է իրեն հատկացված տեղում, որից հետո ստուգվում են տվյալների ամբողջականությունը և ներկայացման ձևը: Արտագրումից հետո համակարգը ֆիքսում է փոխանցված տվյալների տիպը, ժամանակը և այլն: Կազմակերպչի կողմից ներկայացված լազերային սկավառակը դրվում է տուփի, իսկ տուփը` ծրարի մեջ: Ծրարը փակվում է, կապարակնքվում (պլոմբվում) կազմակերպչի ներկայացուցչի կողմից և պահվում չհրկիզվող պահարանում: Ծրարի վրա պետք է նշված լինեն կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, խաղարկության համարը, ամիսը, օրը և ժամը.

գ) տվյալների արտագրումը կամ փոփոխությունը հատուկ նշանակված ֆայլ սերվերի վրա արգելվում է «Վինդոուս ՆՏ» ծրագրային համակարգի նշանաբանների հիման վրա: Սերվերի ադմինիստրատորի ծածկագիրը բաղկացած է չորս մասից, որոնցից մեկը հայտնի է լինում միայն վիճակախաղերի մասին հաշվետվությունների ընդունման համար լիազոր մարմնի աշխատակազմի ղեկավարին, երկրորդը` վիճակախաղերի մասին հաշվետվությունների ընդունման համար լիազոր մարմնի հատուկ բաժնի պետին, երրորդը` վիճակախաղերի մասին հաշվետվությունների ընդունման համար լիազոր մարմնի` այդ բնագավառի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման պետին, իսկ չորրորդը` վիճակախաղերի մասին հաշվետվությունների ընդունման համար լիազոր մարմնի համակարգչային սպասարկմամբ զբաղվող ստորաբաժանման պետին: Առանց նշված ծածկագրի չորս մասի` սերվերի վրա ցանկացած տվյալ փոփոխելու հնարավորությունը բացառվում է.

դ) իրացված և շահած տոմսերի մասին տվյալների ստացումից հետո տվյալ վիճակախաղի համար համապատասխան ստորաբաժանման աշխատողների կողմից կատարվում են վերլուծություններ:

Տվյալների ցանկացած անհամապատասխանության հայտնաբերման դեպքում կազմակերպչի ներկայացուցչի ներկայությամբ կնքված լազերային սկավառակը բացելուց հետո` սերվերի վրա առկա տվյալները համեմատվում են լազերային սկավառակի վրա գրված տվյալների հետ: Եթե առկա է նաև լազերային սկավառակի վրա պարունակվող տվյալների հետ անհամապատասխանություն, ապա անհամապատասխանության փաստի արձանագրման հիման վրա նախարարությունն ապահովում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը: Համակարգչային ցանցում ու լազերային սկավառակի վրա առկա տվյալների անհամապատասխանության բացահայտման դեպքում որպես հիմք ընդունվում են լազերային սկավառակի վրա առկա տվյալները, եթե նախարարությունը չի ապացուցում, որ լազերային սկավառակը դրա ներկայացվելուց հետո փոխվել է` կազմակերպչի գործողությունների հետևանքով:

10. Սերվերի մշտական հիշողության սարքի վրա ազատ հիշողության պակասորդի դեպքում վիճակախաղի կազմակերպման և անցկացման գործող կանոնակարգերի հիման վրա կազմակերպվող վիճակախաղերի տոմսերի խաղարկությունների նախորդ տարվա յուրաքանչյուր եռամսյակի մասին տվյալներն ընթացիկ տարվա համապատասխան եռամսյակի վերջում տեղափոխվում են լազերային կրիչների («ՍիԴի») վրա, որոնք փակվում են ծրարների մեջ, ստորագրվում համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից և ի պահ հանձնվում վիճակախաղերի մասին հաշվետվությունների ընդունման համար լիազոր մարմնի հատուկ բաժին:

11. Մինչև 2002 թվականի հունիսի 1-ը վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների շրջանակներում վիճակախաղերի կազմակերպման և անցկացման` ուժը կորցրած կանոնակարգերի համաձայն կազմակերպվող վիճակախաղերի խաղարկությունների հիման վրա կազմակերպված վիճակախաղերի մասին հաշվետվությունները տեղափոխվում են լազերային կրիչների («ՍիԴի») վրա, որոնք փակվում են ծրարների մեջ, ստորագրվում համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից և ի պահ հանձնվում վիճակախաղերի մասին հաշվետվությունների ընդունման համար լիազոր մարմնի հատուկ բաժին:

12. Վիճակախաղերի կազմակերպիչները վիճակախաղերի մասին հաշվետվությունների ընդունման համար լիազոր մարմին են ներկայացնում նաև`

ա) մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը` հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններ ներկայացվող իրենց ֆինանսական հաշվետվությունների մեկ օրինակը.

բ) յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը` համապատասխան տարածքային հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնի կողմից տրված տեղեկանքը հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով կազմակերպչի պարտավորությունների մասին:

13. Մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 15-ը` կազմակերպիչը սույն կարգի 12-րդ կետի «ա» ենթակետում նշված ֆինանսական հաշվետվությունները հրապարակում է առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և դրա մասին գրավոր տեղեկացնում լիազոր մարմնին` կցելով թերթի մեկ օրինակը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.2002
N 1049-Ն
Որոշում