Սեղմել Esc փակելու համար:
«1000 Վ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՓՈԽԱՐԿՄԱՆ ԷԼԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«1000 Վ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՓՈԽԱՐԿՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՊԱՐԱ ...

 

 

040.1922.030207

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» փետրվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 2006 թվականի N 1922-Ն

 

«1000 Վ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՓՈԽԱՐԿՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «1000 Վ-ից բարձր լարման փոխարկման էլեկտրական ապարատներին ներկայացվող անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո:

(նախաբանը փոփ. 21.04.2023 թիվ 561-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի նոյեմբերի 23-ի

N 1922-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «1000 Վ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՓՈԽԱՐԿՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ»

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. «1000 Վ-ից բարձր լարման փոխարկման էլեկտրական ապարատներին ներկայացվող պահանջներ» տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է ընդհանուր նշանակության հողակցված կամ մեկուսացված չեզոքով էլեկտրաէներգետիկական համակարգում և էներգասպառման ոլորտում կիրառվող` 1000 Վ-ից բարձր լարման փոխարկման էլեկտրական ապարատների վրա` կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պահպանության կամ էլեկտրական շղթաներին միացնելու համար (անջատիչներ, ընդհատիչներ, հալվող ապահովիչներ, զատիչներ), որոնք արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում ունեն 8535 ապրանքային դիրքը:

(1-ին կետը փոփ. 21.04.2023 թիվ 561-Ն որոշում)

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1000 Վ-ից բարձր լարման փոխարկման ապարատների (այսուհետ` փոխարկման ապարատներ) անվտանգությանը, մակնշմանը, փաթեթավորմանը, շրջանառության դուրս բերմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության գնահատման ընթացակարգը:

(2-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 561-Ն որոշում)

3. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները պարտադիր են փոխարկման սարքեր արտադրող, ներկրող, տեղադրող, շահագործող, օգտագործող բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար:

(3-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 561-Ն որոշում)

4. Փոխարկման ապարատները ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները`

ա) անջատիչ` փոխարկման ապարատ, որն ունակ է միացնել, երկարատև անցկացնել և անջատել անվանական, թույլատրելի գերբեռնվածքային հոսանքները շղթայում, որում այն տեղադրված է, ինչպես նաև անջատել այդ շղթայի կարճ միակցման հոսանքը,

բ) անջատված դիրք` դիրք, որում ապահովվում է գլխավոր էլեկտրական շղթայի հպակների միջև նախատեսված բաժանիչ խզում,

գ) աշխատողների կյանքի և առողջության համար վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների ազդեցության ռիսկեր` աշխատողի վրա աշխատատեղում վտանգավոր և վնասակար գործոնների հնարավոր ազդեցությունը կամ ազդեցության հավանականությունը բնորոշող մեծություն, որով գնահատվում է աշխատանքային պայմանների ռիսկի աստիճանը,

դ) զատիչ (խզիչ)` էլեկտրատեխնիկական փոխարկման ապարատ, որն ունի ավտոմատ անջատման կառավարող ապարատ և անջատված դիրքում ապահովում է տեսանելի բաժանիչ խզում: Զատիչը (խզիչը) ունակ է շղթայի անջատման, երբ անջատվում է աննշան հոսանք,

ե) ընդհատիչ (բաժանիչ)` էլեկտրատեխնիկական փոխարկման ապարատ, որն անջատված դիրքում ապահովում է տեսանելի բաժանիչ խզում: Բաժանիչն ունակ է շղթայի անջատման և միացման, երբ անջատվում կամ միացվում է աննշան հոսանք, կամ ընդհատիչի (բաժանիչի) յուրաքանչյուր բևեռի արտանցիչներում տեղի չի ունենում լարման որևէ էական փոփոխություն: Ընդհատիչը նաև ունակ է որոշակի ժամանակի ընթացքում` շղթայի կարճ միակցման պայմաններում անցկացնել հոսանք,

զ) գործողություն` շարժական հպակի (հպակների) անցում մի դիրքից մյուսին,

է) ընդհանուր նշանակության էլեկտրաէներգետիկական համակարգ կամ էլեկտրական ցանց` էլեկտրաէներգետիկական համակարգ, որում էլեկտրաէներգիայի աղբյուրները, հաղորդման և բաշխման էլեկտրատեղակայանքներն էլեկտրականապես կապված են և էլեկտրաէներգիա են մատակարարում համակարգին միացված սպառողներին,

ը) հաղորդակ` ապարատ, որը նախատեսված է ապարատի գործառույթների կատարման համար` դրա շարժական մասերի վրա ներգործող ուժի ստեղծման կամ փոխանցման միջոցով,

թ) հողակցիչ ապարատ` փոխարկման ապարատ, որը միացված դիրքում ապահովում է շղթայի հատվածների հողակցումը: Հողակցիչն ունակ է կարճ միակցման պայմաններում անցկացնել (տարանցել) հոսանքներ որոշակի ժամանակի ընթացքում,

ժ) միացված դիրք` դիրք, որում ապահովվում է գլխավոր էլեկտրական շղթայի նախատեսված անընդհատությունը,

ժա) ուղեփակման ապարատ` փոխարկման ապարատ, որը, կախված ենթակայանի գլխավոր սխեմայի մեկ կամ մի քանի տարրերի դիրքից կամ գործումից, թույլատրում է (արգելում է) բաժանիչի կամ հողակցիչի և հաղորդակի գործողությունը,

ժբ) փոխարկման ապարատ` էլեկտրական ապարատ, որը նախատեսված է էլեկտրական շղթայի փոխարկման և էլեկտրակայանքի մասերից լարումը հանելու համար (անջատիչ, զատիչ, բեռնվածքի անջատիչ, ավտոմատ հատիչ, խմբային անջատիչ և այլն):

 

III. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 21.04.2023 թիվ 561-Ն որոշում)

 

6. Հայաստանի Հանրապետության տարածքում փոխարկման ապարատների շրջանառության դուրսբերման ժամանակ պետք է պահպանվեն համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պայմանները:

(6-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 561-Ն որոշում)

7. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա փոխարկման ապարատները պետք է ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ կամ համապատասխանության հայտարարագրով:

(7-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

 

IV. 1000 Վ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՓՈԽԱՐԿՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ ԵՎ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ

 

8. Փոխարկման ապարատները պետք է ունենան մակնշվածք` հետևյալ տեղեկատվությամբ`

ա) արտադրող կազմակերպության անվանումը կամ ապրանքային նշանը (առկայության դեպքում), գտնվելու վայրը,

բ) փոխարկման ապարատների պայմանական նշագիրը, տիպը կամ մակնիշը,

գ) անջատիչների և բաժանիչների տեսակը (էլեգազային, օդային և այլն),

դ) փոխարկման ապարատ արտադրող կազմակերպության` թողարկվող արտադրանքի համարակալման համակարգով հերթական համարը,

ե) արտադրման տարին և ամիսը:

Մակնշումը պետք է կատարված լինի ապարատի տեղակայված վիճակում տեսանելի և այնպիսի եղանակով, որով կապահովվի դրա պաշտպանումը փոխարկման ապարատների ծառայության ժամկետի ամբողջ ընթացքում:

Փոխարկման ապարատների տրանսպորտային մակնշումը պետք է իրականացնել ԳՕՍՏ 14192 ստանդարտին համապատասխան և պետք է ունենան` լարման անվանական արժեքը, «Զգույշ փխրուն է», «Վերև», «Պաշտպանել խոնավությունից» վարվելակարգային նշաններ:

9. Փոխարկման ապարատների բոլոր մշակված, բայց չլաքապատված արտաքին մասերը և խողովակապտուկների (շտուցերների) ծայրերի պարուրակները պետք է լինեն կոնսերվացված ԳՕՍՏ 9.014 ստանդարտին համապատասխան արտադրանքի II խմբում ընդգրկված և տեղափոխման 2(C) կարգի պայմանների համար:

Կոնսերվացիայի գործողության ժամկետը` 12 ամիս:

Խողովակապտուկի անցքը պետք է պաշտպանված լինի կեղտոտումից:

Մինչև տրանսպորտային տարայում տեղադրելը` յուրաքանչյուր 1000 Վ-ից բարձր լարման փոխարկման ապարատ պետք է փաթեթավորված լինի երկշերտանի փաթեթավորման թղթով` դրա պահպանումն ապահովելու համար:

Յուրաքանչյուր փոխարկման ապարատ պետք է ուղեկցվի շահագործման հրահանգով:

10. Արտադրողը, ներմուծողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունում շրջանառության դուրսբերվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող փոխարկման ապարատների մասին սույն տեխնիկական կանոնակարգով ներկայացված տեղեկատվության տրամադրումը և շահագործման հրահանգի տեքստը` հայերենով:

(10-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 561-Ն որոշում)

 

V. ՓՈԽԱՐԿՄԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

11. Փոխարկման ապարատները պետք է անվտանգ լինեն աշխատողի համար տեղակայման, ապատեղակայման, գործարկման, շահագործման ընթացքում` պայմանով, որ`

ա) նշված աշխատանքները պետք է կատարվեն մասնագիտացված (որակավորված) անձնակազմի կողմից` աշխատանքների անվտանգության ընդհանուր պահանջներին համապատասխան,

բ) նշված աշխատանքները պետք է կատարվեն ապարատներն արտադրող կազմակերպության կողմից տրված փաստաթղթերով սահմանված պայմաններով ու կանոններով,

գ) փոխարկման ապարատները տեղակայված են հաստատված նախագծերով նախատեսված պահանջների համաձայն:

12. Փոխարկման ապարատները ծառայության ամբողջ ժամկետում`

ա) պետք է բավարարեն էլեկտրաանվտանգության պահանջներին,

բ) պետք է լինեն հրդեհաանվտանգ և պայթյունաանվտանգ,

գ) չպետք է հանդիսանան վտանգավոր և վնասակար նյութերի արտանետման անթույլատրելի մակարդակների աղբյուր,

դ) չպետք է հանդիսանան մեխանիկական և ջերմային ազդեցության վտանգի աղբյուր` աշխատողների համար,

ե) պետք է բավարարեն աշխատատեղի համար նախատեսված հարմարավետության (էրգոնոմիկ) պահանջներին,

զ) փոխարկման ապարատները, որոնց կառուցվածքում կիրառված են բարձր ճնշման տակ գտնվող օդաճնշական սարքավորումներ, պետք է բավարարեն բարձր ճնշման տակ գտնվող անոթներին ներկայացվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներին,

է) ապարատների շարժվող մասերը, երբ դրանք տեղակայված են աշխատողի համար հասանելի տեղում և վտանգ են ներկայացնում նրա համար, պետք է լինեն պատնեշված,

ը) եթե աշխատողի (օպերատորի) աշխատանքային գործընթացներով նախատեսված գործողությունների ժամանակ (միացում, անջատում և այլն) փոխարկման ապարատների խափանումը կարող է բերել աշխատողի կյանքի և առողջության համար վտանգավոր գործոնների առաջացման (պայթյուն, էլեկտրական աղեղ և այլն), ապա փոխարկման ապարատները պարտադիր պետք է ունենան այդ գործողությունների կատարման հեռակառավարման համակարգ կամ առնվազն այդ գործոնների ազդեցության ռիսկը նվազագույնի հասցնող անհատական կամ կոլեկտիվ պաշտպանության միջոցներ, որոնք նախատեսված են Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 019/2011),

թ) փոխարկման ապարատները, որոնց միացված կամ անջատված դիրքը տեսանելի չէ, պետք է ունենան դիրքը ցուցադրող հուսալի մեխանիկական ցուցիչներ և օժանդակ էլեկտրական հպակներ` հեռազդանշանման համար,

ժ) փոխարկման ապարատների կառավարման համակարգերը պետք է ապահովեն դրանց անվտանգ աշխատանքը դրանց հետ օպերատիվ գործառույթներով կապված համակարգերում (սխալ փոխանջատումները կանխարգելող էլեկտրական, էլեկտրամեխանիկական կամ մեխանիկական ուղեփակումներ, ազդանշանումներ և այլն),

ժա) փոխարկման ապարատները չպետք է հանդիսանան աղմուկի և թրթռումների անթույլատրելի մեծությունների աղբյուր աշխատանքային թույլատրելի ռեժիմներում,

ժբ) փոխարկման ապարատները և դրանց հաղորդակները պետք է ունենան միացված կամ անջատված դիրքերում հուսալի կերպով սևեռման (ֆիքսման) մեխանիկական միջոցներ, որոնք բացառում են թրթռումներից կամ այլ պատահական գործոններից ապարատի դիրքի ինքնակամ փոփոխությունը:

(12-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 561-Ն որոշում)

13. Փոխարկման ապարատները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի XIV բաժնում բերված ստանդարտներով նախատեսված պահանջներին:

 

VI. ՓՈԽԱՐԿՄԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

14. Փոխարկման ապարատների էլեկտրաանվտանգության ապահովման պահանջները նախատեսված են հետևյալ վտանգավոր և վնասակար գործոնների ազդեցության կանխարգելման կամ թույլատրելի մակարդակի հասցնելու նպատակով`

ա) էլեկտրական հոսանքի,

բ) էլեկտրական աղեղի ու կայծերի և դրանցից առաջացող հրդեհի:

15. Փոխարկման ապարատների հոսանատար կամ հոսանահաղորդիչ մասերից աշխատողի պաշտպանությունը (այդ թվում` աշխատողի սխալ գործողությունների պատճառով) հոսանքահարումից պետք է նախատեսվի հետևյալ միջոցների նախատեսմամբ`

ա) փոխարկման ապարատների 1000 Վ-ից բարձր հոսանատար մասերը պետք է տեղակայվեն սույն տեխնիկական կանոնակարգի XIV բաժնում բերված ստանդարտներով նախատեսված բարձրության վրա կամ շարժական կողպեքով փակվող դռների, կամ անշարժ հոծ մետաղական հողակցված պաշտպանիչ արգելափակոցների հետևում, կամ հոսանատար մասերն ունենան ապարատի առավելագույն լարմանը համապատասխանող մեկուսացում: Փոխարկման ապարատների պաշտպանիչ արգելապատնեշները (փակոցները) պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 12.2.062 ստանդարտի պահանջներին,

բ) փոխարկման ապարատների բոլոր մետաղական մասերը, որոնք մեկուսացման խախտման կամ մթնոլորտային գերլարումների, կամ մակածման պատճառով կարող են կարճատև կամ երկարատև լինել աշխատանքային (դրա մի մասի) կամ մակածված լարման տակ, պետք է հուսալիորեն հողակցված լինեն և դրանց տեղակայման վայրում պետք է կազմավորվեն համապոտենցիալ մակերեսներ,

գ) 6-35 կՎ լարման փոխարկման ապարատների մեկուսացումը պետք է հաշվարկված և փորձարկված լինի մեկուսացված չեզոքով ցանցերում հողակցման ռեժիմով աշխատանքի, այդ թվում` այդ ռեժիմում առաջացող փոխարկման գերլարումների պայմաններում առանց վնասման աշխատելու համար: 6-35 կՎ լարման փոխարկման ապարատները, որոնք նախատեսված են հողակցված չեզոքով էլեկտրական ցանցերում աշխատելու համար, չպետք է կիրառվեն էլեկտրական ցանցերում,

դ) փոխարկման ապարատների վրա պետք է տեղակայված լինեն համապատասխան պլակատներ և մակագրություններ, որոնք զգուշացնում են աշխատողին լարման տակ գտնվող հոսանահաղորդիչների, փոխարկման ապարատների միացված (անջատված) լինելու, ռելեական պաշտպանության, ավտոմատիկայի և ազդանշանման համակարգերի աշխատանքի մասին: Դրանք պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 12.2.007.0 ստանդարտի պահանջներին,

ե) փոխարկման ապարատների կառուցվածքը պետք է լինի այնպիսին, որ դրանց վնասվածքների դեպքում (վնասվածքներ կարճ միակցման անջատման ժամանակ, մեկուսացման խախտումներ, հոսանատար շղթայի խզում և այլն) շիկացած մետաղական մասերը կամ էլեկտրական աղեղը չուղղվի օպերատորի կողմը: Լրակազմ բաշխիչ ապարատների հատվածամասերը պետք է ունենան պաշտպանություն նրանց փակ մասում ճնշման բարձրացումից` հատվածամասերում էլեկտրական ապարատների վնասվածքների դեպքում,

զ) հեռակառավարում ունեցող փոխարկման ապարատներն իրենց հաղորդակի վրա պետք է ունենան մեխանիկական անջատման համար վթարային ապարատներ (կարմիր գույնի կոճակ, բռնակ), որոնց միջոցով ապարատներն անջատելու դեպքում ավտոմատ ուղեփակվում է կրկնակի միացման սխեման,

է) փոխարկման ապարատների պատյանների, հողակցման տարրերի, մուտքային սարքվածքների տարբերակման, գունավորման և նշագրման պայմանները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 12.2.007.0 ստանդարտի պահանջներին:

 

VII. ԱՆՋԱՏԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂՈՐԴԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

16. Անջատիչի և դրա հաղորդակի վրա պետք է լինեն անջատիչի միացված և անջատված դիրքը ցուցադրող ցուցիչներ, որոնք տեսանելի պետք է լինեն հոսանատար մասերին թույլատրելի հեռավորությամբ մոտենալու դեպքերում: Եթե անջատիչը սարքավորված է ներսարքված հաղորդակով, ապա թույլատրվում է դնել միայն մեկ ցուցիչ (հաղորդակի կամ անջատիչի վրա):

17. Յուղային անջատիչները և չայրվող հեղուկ դիէլեկտրիկով անջատիչները պետք է ունենան`

ա) յուղի մակարդակի կամ աղեղնամարիչ հեղուկի մակարդակի ցուցիչ,

բ) յուղի բաքի իջեցման ու բարձրացման հարմարանք, եթե բաքի կշիռը յուղով գերազանցում է 30 կգ-ը:

18. Օդային անջատիչների ռեզերվուարները պետք է համապատասխանեն ճնշման տակ գտնվող անոթներին առաջադրվող պահանջներին:

19. 35 կՎ և բարձր լարման վակուումային անջատիչները պետք է ունենան ռենտգենային ճառագայթումից պաշտպանություն:

20. Անջատիչների հաղորդակները պետք է ունենան էլեկտրական լարման սարքավորանք` հեռակառավարման իրականացման հնարավորություններով: Արգելվում է ձեռքով միացվող հաղորդակի կիրառումը` բոլոր տիպի անջատիչների համար:

21. Անջատիչների զսպանակային հաղորդակները պետք է ունենան հուսալի ուղեփակում, որը կանխարգելում է անջատիչի միացումը (այդ թվում` միացման մեխանիկական կոճակով), երբ զսպանակը լարված է անբավարար չափով:

22. Մինչև 35 կՎ լարման անջատիչների հաղորդակները պետք է սարքավորված լինեն ուղեփակումով, որը կանխարգելում է անջատիչի կրկնակի միացումն անջատիչի ավտոմատ անջատումից հետո, երբ անջատիչի միացման հրահանգը (էլեկտրական կամ մեխանիկական կոճակով) շարունակվում է տրված մնալ:

23. Անջատիչների և դրանց հաղորդակների անվանական հարաչափերը պետք է համապատասխանեն էլեկտրական ցանցի աշխատանքային պարամետրերին` ցանցի առավելագույն ծանր ռեժիմներում, ինչպես և կլիմայական կատարմանը և տեղաբաշխման կատեգորիային: Անջատիչների և դրանց հաղորդակների մեխանիկական մաշվածակայունության ցուցանիշներն ընտրում է պատվիրատուն` հիմք ընդունելով ԳՕՍՏ 687 ստանդարտի տվյալները:

 

VIII. ԸՆԴՀԱՏԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂՈՐԴԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

24. Ընդհատիչները պետք է արտադրվեն հողակցման դանակներով կամ առանց դրանց: Էլեկտրական միացություններում, որտեղ ցանցի որևէ տեղամասում աշխատանքներ կատարելու համար աշխատանքի անվտանգության ապահովման կանոններով պահանջվում է հողակցման տեղադրում, պարտադիր պետք է տեղադրվեն հողակցման դանակներով բաժանիչներ, եթե էլեկտրական սխեմայով նախատեսված է:

25. Ընդհատիչների գլխավոր և հողակցման դանակները պետք է ունենան մեխանիկական ուղեփակում այնպես, որ գլխավոր շղթայի միացված դիրքում հնարավոր չլինի միացնել գլխավոր շղթան: Թույլատրվում է ուղեփակումն իրականացնել նաև հաղորդակում:

26. Ներքին տեղակայման ձեռքի լծակային հաղորդակները պետք է պատրաստվեն 200, 250, 350 կամ 425 մմ երկարության բռնակով, իսկ ղեկանիվայինները` 320 կամ 500 մմ տրամագծի անիվով: Անիվի 500 մմ տրամագծի դեպքում ղեկանիվի բռնակի գծած շրջանագծի տրամագիծը չպետք է գերազանցի 70 մմ:

27. Բաժանիչի գլխավոր դանակների հետ գործողություններ (միացում, անջատում) կատարելիս ձեռքի հաղորդակի բռնակի վրա ստատիկ ճիգը չպետք է գերազանցի 245 Ն (25 կգ.ուժ), այդ թվում` սառցակալման դեպքում: Ստատիկ ճիգի սահմանված մեծությունը չի տարածվում մեխանիզմը տեղից պոկվելու, դանակների միացման և անջատման պահերի վրա:

28. Ընդհատիչների դիրքն ազդանշանող հաղորդակի բլոկ-հպակները պետք է պատրաստված լինեն այնպես, որ դրանք ազդանշանեն ընդհատիչների անջատումը, երբ դրանց հպակները գտնվում են անջատված դիրքի 4/5 հեռավորության վրա, իսկ միացումն ազդանշանեն շարժական և անշարժ հպակների հպվելու պահին: Բլոկ-հպակների կառուցվածքը պետք է ապահովի դրանց սևեռումը ծայրակետային դիրքերում:

29. Ընդհատիչների հաղորդակներում պետք է նախատեսվի օպերատորի սխալ գործողությունները կանխարգելող էլեկտրամագնիսական ուղեփակում տեղադրելու հնարավորություն:

Էլեկտրաշարժիչով հաղորդակում սխալ գործողությունները կանխարգելող ուղեփակումը պետք է իրականացվի ղեկավարման կոճերի շղթայի կամ էլեկտրաշարժիչի շղթայի խզման միջոցով: Էլեկտրաշարժիչով հաղորդակում, որը կարող է կառավարվել ձեռքով, պետք է իրականացվի հատուկ ուղեփակում բաժանիչի հետ կատարվող գործողությունների կանխարգելման համար:

Ընդհատիչների գլխավոր և հողակցման դանակների միջև ուղեփակումը կարելի է իրականացնել նաև հատուկ ապարատների միջոցով, որոնք կարող են տեղադրվել հաղորդակի կամ բաժանիչի վրա, կամ հաղորդակի և ընդհատիչի միջև փոխանցման մեխանիզմի վրա:

30. Էլեկտրաշարժիչով հաղորդակներին տրվող միապատիկ հրահանգը պետք է բերի մեկ ավարտուն միացման կամ անջատման գործողության` անկախ հրահանգը տալու տևողությունից:

31. Ձեռքի հաղորդակների մեխանիզմի վերջնական դիրքերը ինչպես գլխավոր, այնպես էլ հողակցման դանակների համար պետք է սևեռվեն դիմհարներով: Հաղորդակների վերջնական դիրքում պետք է նախատեսված լինի մեխանիզմը կողպեքով կողպելու հնարավորություն:

32. Հաղորդակները պետք է ունենան գլխավոր և հողակցման դանակների դիրքի մեխանիկական ցուցիչներ` միացման կամ անջատման մասին: Լծակային հաղորդակներում ցուցիչ կարող է ծառայել հաղորդակի բռնակը:

33. Հողակցման դանակի հաղորդակների բռնակների գունավորումը պետք է տարբերվի այլ հաղորդակների բռնակներից:

34. Ձեռքի հաղորդակներով բաց տեղակայման ընդհատիչները, որոնք նախատեսված են սահմանափակ հոսանքների միացման կամ անջատման համար (չբեռնված ընթացքի տրանսֆորմատորների կամ գծերի միացում ու անջատում), հաղորդակի վերևում պետք է ունենան մետաղական պաշտպանիչ շուրթ` օպերատորի անվտանգությունն ապահովելու համար:

35. Ընդհատիչների և հողակցման դանակների անվանական պարամետրերը պետք է համապատասխանեն էլեկտրական ցանցի աշխատանքային պարամետրերին` էլեկտրական ցանցի առավելագույն ծանր ռեժիմներում` տեղաբաշխման կատեգորիային, մթնոլորտային աղտոտվածության աստիճանին, տեղակայման վայրի սեյսմիկ և կլիմայական ցուցանիշներին:

36. Ընդհատիչների հենամարմնի հողակցման համար պետք է նախատեսված լինի հողակցման հեղույս` 12 մմ տրամագծով, իսկ հաղորդակի հենամարմնի համար` 10 մմ տրամագծով:

37. Ընդհատիչները և հողակցիչները պետք է համապատասխան փորձարկումներ անցնեն` ըստ ԳՕՍՏ 689 (ՄԷԿ 129-84) պահանջների:

 

IX. 3-10 կՎ ԼԱՐՄԱՆ ԲԵՌՆՎԱԾՔԻ ԱՆՋԱՏԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

38. Բեռնվածքի անջատիչները պետք է արտադրվեն հողակցման դանակներով կամ առանց դրանց: Եթե բեռնվածքի անջատիչները և ապահովիչները կազմում են բեռնվածքի բաժանիչ-ապահովիչ բլոկներ, ապա հողակցման դանակները պարտադիր տեղադրվում են ապահովիչների ելքում:

39. Բեռնվածքի անջատիչի գլխավոր և հողակցման դանակների ուղեփակումը պետք է կատարվի սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնի 27-րդ կետի պահանջներին համապատասխան, իսկ հողակցման դանակների հաղորդակի բռնակի գունավորումը` 33-րդ կետի պահանջներին համապատասխան:

40. Բեռնվածքի անջատիչների անջատման գործողության ժամանակ առաջացող աղեղից կրակի և կայծերի արտանետման տիրույթը պետք է լինի այնպիսի սահմաններում, որ այն վտանգ չներկայացնի օպերատորի կամ այլ անձանց համար, որոնք կարող են գտնվել բեռնվածքի անջատիչների տեղադրման վայրերում, ինչպես նաև չխախտվեն հրդեհային անվտանգության կանոնները:

41. Բեռնվածքի անջատիչները կարճ միակցման վրա միացնելու դեպքում, երբ կարճ միակցման հոսանքի մեծությունը չի գերազանցում անջատիչների դինամիկ կայունության հոսանքի մեծությունը, պետք է ապահովված լինի օպերատորի և անջատիչի տեղակայման վայրում գտնվող այլ անձանց անվտանգությունը:

42. Բեռնվածքի անջատիչի հաղորդակը պետք է ունենա գլխավոր (հոսանատար) և հողակցման դանակների միացված և անջատված դիրքի մեխանիկական ցուցիչ:

43. Էլեկտրաբաշխող կազմակերպության 6(10) կՎ էլեկտրական ցանցերում պետք է կիրառվեն առավելապես այնպիսի բեռնվածքի անջատիչներ, որոնք համապատասխանում են ԳՕՍՏ 17717-79 ստանդարտի աղյուսակ 1-ի 1Ա կամ 1Բ կատեգորիային, և հաղորդակներ, որոնք ապահովում են անջատիչի ակնթարթային միացումն ու անջատումը` նախապես լարված զսպանակի էներգիայի հաշվին:

 

X. 35-110 Կվ ԼԱՐՄԱՆ ԶԱՏԻՉՆԵՐԻՆ, 6-35 կՎ ՀԱԼՎՈՂ ԱՊԱՀՈՎԻՉՆԵՐԻՆ

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

44. 35-110 կՎ լարման զատիչները (խզիչները) պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի V ու VI բաժինների պահանջներին, ինչպես նաև VIII բաժնի 24-33-րդ կետերի պահանջներին:

45. 6-35 կՎ հալվող ապահովիչները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի V ու VI բաժինների պահանջներին:

 

XI. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

46. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին փոխարկման ապարատների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է`

1) կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա ընթացակարգը.

2) դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը փոխարկման ապարատների վրա և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:

(46-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

47. Փոխարկման ապարատների նույնականացման գործընթացում ստուգվում է մակնշման համապատասխանությունը շահագործման և ապրանքաուղեկից փաստաթղթերում տրված տվյալների հետ:

48. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է 2 տարի:

(48-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

 

XII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

49. Փոխարկման ապարատներում չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

 

XIII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

50. Սույն տեխնիկական կանոնակարգով նախատեսված անվտանգության պահանջների ապահովումը պետք է իրականացվի «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

(50-րդ կետը փոփ. 21.04.2023 թիվ 561-Ն որոշում)

 

XIV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

._________________________________________________________________________.

|Ստանդարտի նշագիրը|Պահանջներ և  փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի    |

|                 |անվանումը                                              |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 12.2.007.0  |Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ:         |

|                 |Էլեկտրատեխնիկական արտադրատեսակներ: Անվտանգության       |

|                 |ընդհանուր պահանջներ:                                   |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 12.2.007.3  |Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ: 1000    |

|                 |Վ-ից բարձր լարման էլեկտրատեխնիկական ապարատներ:         |

|                 |Անվտանգության պահանջներ:                               |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 12.2.007.4  |Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ: Լրակազմ |

|                 |բաշխիչ սարքվածքների և  լրակազմ տրանսֆորմատորային       |

|                 |ենթակայանների պահարաններ, միակողմանի սպասարկման        |

|                 |հավաքովի խցեր, հերմետիկացված էլեգազային բաշխիչ         |

|                 |ապարատների խորշեր: Անվտանգության պահանջներ:            |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 12.2.062    |Արտադրական սարքավորանք: Պաշտպանական արգելափակոցներ:    |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 687         |1000 Վ-ից բարձր լարման փոփոխական հոսանքի անջատիչներ:   |

|                 |Ընդհանուր տեխնիկական պայմաններ:                        |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 689         |1000 Վ-ից բարձր լարման փոփոխական հոսանքի բաժանիչներ և  |

|(ՄԷԿ 129)        |հողակցիչներ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ:           |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 10434       |Միացումներ հպումային էլեկտրական: Դասակարգում: Ընդհանուր|

|                 |տեխնիկական պահանջներ:                                  |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 14192       |Բեռների մակնշում:                                      |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 1516.1      |Փոփոխական հոսանքի էլեկտրասարքավորանք: Մեկուսացման      |

|                 |էլեկտրական ամրությանը ներկայացվող պահանջներ:           |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 17717       |3 կՎ-ից մինչև  10 կՎ լարման փոփոխական հոսանքի բեռնվածքի|

|                 |անջատիչներ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ:            |

|_________________|_______________________________________________________|

 ԳՕՍՏ 9.014        «Պահանջներ և  փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի

                   անվանումը» սյունակը` «Ժամանակավոր հակակոռոզիոն ապրանքի

                   պաշտպանություն: Ընդհանուր պահանջներ:

._________________________________________________________________________.

(XIV բաժինը փոփ. 21.04.2023 թիվ 561-Ն որոշում)

 

(որոշումը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.2006
N 1922-Ն
Որոշում