040.0514.220404
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 2004 թվականի N 514-Ն
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 02.03.2023 թիվ 264-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշումը փոփ. 16.07.09 թիվ 842-Ն որոշում)
(նախաբանը փոփ. 02.03.2023 թիվ 264-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի ապրիլի 8-ի
N 514-Ն որոշման
ԿԱՐԳ
ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇ ՎԵՐՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է բուսասանիտարական զննման կամ բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու կարգը:
II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`
1) բեռնաբաժին` ցանկացած քանակի միատեսակ արտադրանք, որ նախատեսված է միաժամանակյա ընդունման և բարձման համար կամ պահպանվում է նույն պահեստարանում.
2) կետային նմուշ, կետային նմուշառում` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ոչ մեծ քանակություն, որը բեռնաբաժնից վերցվել է մեկ գործողության` միացյալ նմուշի ձևավորման համար.
3) միացյալ նմուշ` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բեռնաբաժնից վերցված կետային նմուշների ամբողջություն.
4) միջին նմուշ` միացյալ նմուշի մաս, որն առանձնացվում է լաբորատոր փորձաքննության համար.
5) հսկիչ նմուշ` կարանտին վնասակար օրգանիզմների կողմից վնասված բույսերի մասեր, որոնք վերցվել են բուսասանիտարական զննման կամ բուսասանիտարական փորձաքննության նպատակով, և որոնք բնութագրում են բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական վիճակը:
III. ՍԵՐՄՆԱՆՅՈՒԹԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
3. Սերմնանյութի կետային նմուշառում կատարվում է յուրաքանչյուր բեռնաբաժնից`
1) խոշորասերմ մշակաբույսերի յուրաքանչյուր կետային նմուշի կշիռը պետք է կազմի 150-200 գ.
2) մանրասերմ մշակաբույսերի յուրաքանչյուր կետային նմուշի կշիռը պետք է կազմի 10-30 գ:
4. Առանց տարայի փոխադրվող, բեռնվող, բեռնաթափվող և պահպանվող սերմնանյութից կետային նմուշառումը կատարվում է`
1) փոխադրվող սերմնանյութից` անմիջապես փոխադրամիջոցում, 3 կետից: Յուրաքանչյուր կետում կետային նմուշները վերցվում են 3 շերտից, կամ`
2) բեռնման կամ բեռնաթափման ժամանակ` փոխադրիչի թափվող շիթից, հատուկ շերեփի միջոցով, շիթը հատելով ամբողջ լայնքով, հավասար ժամանակահատվածներում, բարձված յուրաքանչյուր տոննայի հաշվով 30-50 գրամի չափով, կամ`
3) պահեստներում պահպանվող սերմնանյութի նմուշառման համար սերմնանյութի զբաղեցրած մակերեսը բաժանվում է մոտավորապես 20 քառ. մետր հատվածների և յուրաքանչյուր հատվածից վերցվում է 3 կետից և 3 շերտից: Եգիպտացորենի կողրերից նմուշառումը կատարվում է նույն կարգով` յուրաքանչյուր շերտից մեկական կողր:
5. Տարայով պահպանվող կամ փոխադրվող սերմնանյութի կետային նմուշառումը կատարվում է`
1) մինչև 25 տարայի դեպքում` յուրաքանչյուր 5-րդ տարայից` 3 շերտից.
2) 26-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսանհինգերորդ տարայից` 3 շերտից.
3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից` 3 շերտից.
4) 501-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից` 3 շերտից.
5) 1000-ից ավելի տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից` 3 շերտից:
6. Կետային նմուշառումը կատարվում է մատչելի տեղերում գտնվող տարաներից:
7. Փոքրածավալ փաթեթավորված (մինչև 3 կգ) սերմնանյութի դեպքում զննվում է փաթեթի ամբողջ պարունակությունը: Զննվող փաթեթների քանակը կախված է բեռնաբաժնի մեծությունից`
1) մինչև 25 փաթեթի դեպքում` զննվում է ընտրանքային կարգով մեկ փաթեթ.
2) 26-100 փաթեթի դեպքում` զննվում է յուրաքանչյուր քսանհիգերորդ փաթեթը.
3) 101-500 փաթեթի դեպքում` զննվում է յուրաքանչյուր հիսուներորդ փաթեթը.
4) 500-ից ավելի փաթեթի դեպքում` զննվում է յուրաքանչյուր հարյուրերորդ փաթեթը:
IV. ՏՆԿԱՆՅՈՒԹԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
8. Կախված տնկանյութի (տնկիներ, կտրոններ, մացառներ, արմատակալներ) բեռնաբաժնի մեծությունից` որպես նմուշ վերցվում է`
1) մինչև 50 հատ տնկանյութի դեպքում` յուրաքանչյուր հինգերորդ տնկանյութը.
2) 51-500 հատ տնկանյութի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տնկանյութը.
3) 501-3000 հատ տնկանյութի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տնկանյութը.
4) 3001-10000 հատ տնկանյութի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տնկանյութը.
5) 10000-ից ավելի տնկանյութի դեպքում` յուրաքանչյուր հինգհարյուրերորդ տնկանյութը:
9. Տարավորված պալարների, արմատապտուղների և սոխուկների տնկանյութից (սերմնանյութ) կետային նմուշներ վերցվում են տարայի ամբողջ խորությամբ` յուրաքանչյուրից 3-5 հատ: Կետային նմուշառում կատարվում է`
1) մինչև 25 տարայի դեպքում` յուրաքանչյուր 5-րդ տարայից` 3 շերտից.
2) 26-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսանհինգերորդ տարայից` 3 շերտից.
3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից` 3 շերտից.
4) 500-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից` 3 շերտից.
5) 1000-ից ավելի տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից` 3 շերտից:
10. Կետային նմուշառումը կատարվում է մատչելի տեղերում գտնվող տարաներից:
11. Առանց տարայի պահպանվող կամ փոխադրվող կամ բեռնվող կամ բեռնաթափվող սոխուկներից, պալարներից արմատապտուղներից կետային նմուշառում կատարվում է`
1) պահպանման վայրում մակերեսը բաժանվում է 20 քառ. մետր հատվածների և յուրաքանչյուր հատվածից կետային նմուշ վերցվում է երեք կետից` երկու շերտից, 3-5 հատ.
2) փոխադրամիջոցում կետային նմուշ վերցվում է 3-5 կետից` երկու շերտից, 3-5 հատ.
3) բեռնման կամ բեռնաթափման ժամանակ վերցվում է 3 կետային նմուշ, հավասարաչափ ժամանակահատվածում` 3-5 հատ:
12. Փորձաքննության համար վերցվում է նաև սոխուկներից, պալարներից, արմատապտուղներից թափված հողը (հողի ավլուկը)` 3 կետից` 200-ական գրամի չափով:
V. ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ
13. Առանց տարայի կամ պահպանվող կամ փոխադրվող կամ բեռնվող կամ բեռնաթափվող պարենային և տեխնիկական նշանակության յուրաքանչյուր տեսակի արտադրանքից կետային նմուշառում կատարվում է`
1) փոխադրամիջոցում` յուրաքանչյուր փոխադրամիջոցի 1-3 կետից, 2 շերտից.
2) պահպանման ժամանակ` յուրաքանչյուր 50 քառ. մետր, 3 կետից, 2 շերտից.
3) բեռնման կամ բեռնաթափման ժամանակ` 3 կետային նմուշ, հավասարաչափ ժամանակահատվածում:
14. Տարավորված պարենային և տեխնիկական նշանակության արտադրանքից կետային նմուշառում կատարվում է`
1) մինչև 50 տարայի դեպքում` ընտրանքային կարգով` 2 տարայից` 2 շերտից.
2) 51-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսանհինգերորդ տարայից` 2 շերտից.
3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից` 2 շերտից.
4) 500-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից` 2 շերտից.
5) 1000-ից ավելի տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից` 2 շերտից:
15. Բանջարեղենից և պտուղներից կետային նմուշառում կատարվում է` ելնելով տարաների քանակից`
1) մինչև 50 տարայի դեպքում` ընտրանքային կարգով` 2 տարայից` 2 շերտից.
2) 51-100 տարայի դեպքում` յուրաքանչյուր քսանհիգերորդ տարայից` 2 շերտից.
3) 101-500 տարայի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ տարայից` 2 շերտից.
4) 501-1000 տարայի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ տարայից` 2 շերտից.
5) 1000-ից ավելի տարայի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ տարայից` 2 շերտից:
16. Յուրաքանչյուր կետային նմուշ պետք է կազմի 3-5 պալար, պտուղ, սոխուկ, արմատապտուղ, այլ մթերքներից` 100-200 գ:
17. Կտրված ծաղիկներից, ճյուղերից և կանաչ բույսերից (այսուհետ` բույսեր) կետային նմուշառման համար վերցվում է`
1) մինչև 100 բույսի դեպքում` ընտրանքային կարգով` 5 բույս.
2) 101-500 բույսի դեպքում` յուրաքանչյուր հիսուներորդ բույսը.
3) 501-3000 բույսի դեպքում` յուրաքանչյուր հարյուրերորդ բույսը.
4) 3001-10000 բույսի դեպքում` յուրաքանչյուր երկուհարյուրերորդ բույսը.
5) 10000-ից ավելի բույսի դեպքում` յուրաքանչյուր հինգհարյուրերորդ բույսը:
18. Սերմնանյութից, տնկանյութից, պարենային և տեխնիկական նշանակության արտադրանքից կետային նմուշառման նվազագույն շեմը պարտադիր կատարվում է` անկախ բեռնաբաժնի քանակությունից:
VI. ԵԼԱՆՅՈՒԹԻ ԿԱԶՄՈՒՄԸ
19. Բեռնաբաժնից վերցված կետային նմուշների համասեռությունը որոշելու նպատակով դրանք մանրակրկիտ զննվում են: Բոլոր համասեռ կետային նմուշները դատարկվում են մաքուր, հարթ մակերեսի վրա, կազմվում է միջին նմուշ և զննվում վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով: Զննման ժամանակ հայտնաբերված վնասակար օրգանիզմները (կենդանի կամ մեռած), ինչպես նաև հիվանդ, վնասված սերմերը և բույսերի մասերն առանձնացվում են փորձանոթներում կամ մոմլաթե տոպրակներում, պիտակավորվում և կցվում միջին նմուշին:
20. Եթե կետային նմուշների զննման ընթացքում նկատվում են ակնհայտ տարբերություններ, ապա կատարվում է կրկնակի կետային նմուշառում, ընդ որում, յուրաքանչյուր կետային նմուշ տեղում զննվում է բեռնաբաժնի յուրաքանչյուր համասեռ բեռնամասի տարանջատման և տվյալ բեռնամասի համար առանձին միացյալ նմուշ կազմելու նպատակով:
VII. ՄԻՋԻՆ ՆՄՈՒՇԻ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ
21. Բուսասանիտարական զննում անցկացնելու նպատակով բույսերից և բուսական արտադրանքից միջին նմուշները վերցվում են սույն կարգի ձևում ներկայացված չափաքանակներով:
22. Թարմ պտուղներից և բանջարեղենից միջին նմուշը հիմնականում կազմվում է վնասակար օրգանիզմների հարուցիչներից վնասված նմուշներից: Սոխուկների, պալարների, արմատապտուղների միջին նմուշներում պարտադիր ներառվում է նաև դրանցից թափված հողը:
23. Միջին նմուշն առանձնացնելուց հետո պետական տեսուչը բեռի տիրոջ կամ նրա ներկայացուցչի և մաքսային ծառայողի ներկայությամբ կազմում է նմուշառման ակտ:
24. Նմուշի մնացորդները վերադարձվում են բեռի տիրոջը:
VIII. ՆՄՈՒՇՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
25. Վերցված միջին նմուշները, որոնցում հայտաբերվել են կարանտին վնասակար օրգանիզմներ, վարակազերծվում են, առնվազն 3 ամիս պահպանվում սահմանային հսկիչ կետում կամ լաբորատորիայում, որից հետո հանվում են հաշվառումից և ոչնչացվում:
26. Վերցված միջին նմուշը, որում չի հայտնաբերվել կարանտին վնասակար օրգանիզմներ, վերադարձվում է բեռի տիրոջը:
27. Շուտ փչացող մթերքների միջին նմուշները, որոնցում հայտնաբերվել են կարանտին վնասակար օրգանիզմներ, ոչնչացվում են: Տվյալ կարանտին վնասակար օրգանիզմի առավել բնութագրող նմուշները կարանտին վնասակար օրգանիզմի հետ միասին, որպես հսկիչ նմուշ, պահպանվում են 3 ամիս սահմանային հսկիչ կետում կամ լաբորատորիայում:
28. Նմուշների ոչնչացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների օգտահանման և ոչնչացման կարգը սահմանելու մասին» N 824-Ն որոշման համաձայն:
Ձև
.__________________________________________________________________.
|NN | Բույսերի և բուսական արտադրանքի անվանումը |Չափի |
|ը/կ| |միավորը |
|___|___________________________________________________| |
| |1. ՀԱՑԱՀԱՏԻԿՆԵՐ (ՍԵՐՄԵՐ ԵՎ ՀԱՏԻԿ) | |
|___|___________________________________________________|__________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|___________________________________________________|_____|____|
|1. |Եգիպտացորենի հատիկ | 900|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|2. |Եգիպտացորենի կողր | 15|հատ |
|___|___________________________________________________|_____|____|
|3. |Ցորեն, աշորա, գարի, վարսակ, բրինձ | 600|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|4. |Կորեկ, չումիզա, հնդկացորեն | 300|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|5. |Մոգար, սորգո, աֆրիկյան կորեկ | 150|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
| |2. ԸՆԴԵՂԵՆՆԵՐ | | |
|___|___________________________________________________|_____|____|
|6. |Ոլոռ, լոբի, ոսպ, տափոլոռ, սոյա, բակլա | 600|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
| |3. ԴԱՇՏԱՎԼՈՒԿԱԶԳԻ ԵՎ ԲԱԿԼԱԶԳԻ ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐ | | |
|___|___________________________________________________|_____|____|
|7. |Կորնգան, վիկ, լյուպին | 600|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|8. |Առվույտ, իշառվույտ, երեքնուկ, սերադելլա, սուդանի | 150|գրամ|
| |խոտ | | |
|___|___________________________________________________|_____|____|
|9. |Ցորնուկ, անտառային տափոլոռ | 100|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|10.|Ոզնախոտ հավաքված, տափաստանային կերասեզ (ժիտնյակ) | 100|գրամ|
| |մարգագետնային շյուղախոտ, ռայգրաս, տիմոֆեևկա | | |
| |(սիզախոտ մարգագետնային) | | |
|___|___________________________________________________|_____|____|
|11.|Դաշտախոտուկ, դաշտավլուկ | 50|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
| |4. ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ | | |
| |ԱՐՄԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ՍԵՐՄԵՐ | | |
|___|___________________________________________________|_____|____|
|12.|Վարունգ, դդմիկ, սեխ | 150|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|13.|Ձմերուկ, դդում | 200|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|14.|Ճակնդեղ (սեղանի, շաքարի, կերի) | 300|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|15.|Սպանախ, սոխ, կանգկուր | 50|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|16.|Սոխուկ, պալար, արմատապտուղ | 2000|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|17.|Լոլիկ, սմբուկ, կաղամբ, գազար, սամիթ, գինձ | 50|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
| |5. ԾԱՂԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐ | | |
|___|___________________________________________________|_____|____|
|18.|Հնդկոտեմ, ախրիզան, վիկ բուրավետ, ծնեբեկ, ձևավոր | 150|գրամ|
| |(գեղազարդային) դդում, արմավ | | |
|___|___________________________________________________|_____|____|
|19.|Խոշորասերմ` նարգիզ, նեմոֆիլա, արջտակ, ցիկլամեն, | 50|գրամ|
| |միամյա գեորգինաներ | | |
|___|___________________________________________________|_____|____|
|20.|Միջին մեծության սերմեր` աստղածաղիկ, թավշածաղիկներ, | 15|գրամ|
| |ագերատում, ալիսում, մեխակ, արևադարձ, շնորհիկ | | |
| |(կլարկիա) | | |
|___|___________________________________________________|_____|____|
|21.|Մանրասերմ` ծխածաղիկ, բեգոնիա, լորեշիա, բուրավետ | 1|գրամ|
| |ծխախոտ | | |
|___|___________________________________________________|_____|____|
| |6. ՊՏՂԱՏՈՒ ԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒ ԹՓԵՐԻ ՍԵՐՄԵՐ | | |
|___|___________________________________________________|_____|____|
|22.|Խոշորապտուղ` ծիրան, դեղձ, սալոր, կաղին, մայրի | 300|գրամ|
| |(կեդր) | | |
|___|___________________________________________________|_____|____|
|23.|Միջին մեծության սերմեր` խնձոր, ցախկեռաս, սզնի | 50|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|24.|Մանրասերմ` բարդի, հաղարջ, թույր, կենսածառ | 20|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
| |7. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՅՈՒՂԱՏՈՒ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐ | | |
|___|___________________________________________________|_____|____|
|25.|Գերչակ (տզկանեփ), արախիս | 500|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|26.|Արևածաղիկ, բամբակ, կակաոյի ունդեր, սուրճի հատիկներ| 500|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|27.|Կանեփ, վուշ, կանճրակ | 200|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|28.|Բամիա, ախտորիկ (բամբակաղբեր) | 100|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|29.|Մանանեխ, քունջութ, դաշտակտավատ, պերիլլա, հլածուկ, | 50|գրամ|
| |սորուկ, սև պղպեղ, դարչին | | |
|___|___________________________________________________|_____|____|
|30.|Գվայուլլա, հնդկանեփ | 40|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|31.|Գայլուկ, ճարճատուկ | 50|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|32.|Կակաչ, ծխախոտ | 20|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
| |8. ԹԱՐՄ ԵՎ ՉՈՐԱՑՐԱԾ ՄՐԳԵՐ | | |
|___|___________________________________________________|_____|____|
|33.|Ադամաթուզ (բանան), արքայախնձոր (անանաս), նուռ, | 1000|գրամ|
| |թուրինջ (գրեյֆրուտ), կիվի, ֆեյխոա, կոկոս | | |
|___|___________________________________________________|_____|____|
|34.|Տանձ, խնձոր, դեղձ, կիտրոն, մանդարին | 1000|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|35.|Կորիզավորներ` ծիրան, սալոր, կեռաս, շլոր | 600|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|36.|Խաղող | 600|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|37.|Սմբուկ, լոլիկ, վարունգ, դդմիկ, կարտոֆիլ | 1000|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|38.|Ձմերուկ, սեխ, դդում | 5000|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|39.|Չորացրած խառը մրգեր, չամիչ, քիշմիշ | 500|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|40.|Ընկուզեղեն` տարբեր տեսակի | 500|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|41.|Ձավարեղեն` բրնձի, ցորենի, հնդկացորենի, վարսակի, | 600|գրամ|
| |կորեկի և ընդեղենների | | |
|___|___________________________________________________|_____|____|
|42.|Թեյ | 200|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|43.|Ալյուր | 300|գրամ|
|___|___________________________________________________|_____|____|
|44.|Հողի ավլուկ | 200|գրամ|
.__________________________________________________________________.
(կարգը խմբ. 16.07.09 թիվ 842-Ն որոշում)