040.0897.060702
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունիսի 2002 թվականի N 897-Ա
i
«ՎԱՅՔԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ԵՎ «ԱՐԹԻԿԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Վայքի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» և «Արթիկի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերությունները:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետիրական ընկերությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 5-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համապատասխան պետական մարմնի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին:
3. Լուծարման հանձնաժողովներին`
ա) լուծարման միջանկյալ հաշվեկշիռները կազմելիս հաշվի առնել նշված բաժնետիրական ընկերությունների պարտավորությունները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` շահութաբաժնի գծով.
i
բ) լուծարվող բաժնետիրական ընկերությունների լուծարման հաշվեկշիռների կազմման օրվա դրությամբ այդ ընկերությունների դեբիտորական պարտքերը և այլ պահանջի իրավունքները հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան.
գ) լուծարվող բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:
4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացի ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ