040.0426.130404
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 2004 թվականի N 426-Ն
ՄՍԻ, ՄՍԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՀՈՒՄՔԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22.3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 11.02.2021 թիվ 156-Ն որոշում)
բ) մսի, մսամթերքի և հումքի վարակազերծման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 11.02.2021 թիվ 156-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշումը փոփ. 21.07.05 թիվ 1076-Ն, 15.12.2022 թիվ 1947-Ն որոշումներ)
(վերնագիրը փոփ. 11.02.2021 թիվ 156-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի մարտի 31-ի
N 426-Ն որոշման
ԿԱՐԳ
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(1-ին հավելվածն ուժը կորցրել է 11.02.2021 թիվ 156-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի մարտի 31-ի
N 426-Ն որոշման
ԿԱՐԳ
ՄՍԻ, ՄՍԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՀՈՒՄՔԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ
1. Վարակազերծման ենթակա են միսը և սպանդից գոյացած մյուս մթերքները, որոնք չեն կարող թույլատրվել սննդի համար` առանց նախնական մշակման:
2. Միսը և մյուս մթերքները վարակազերծվում են եփելու միջոցով` առնվազն 100oC ջերմաստիճանի պայմաններում, 2 կիլոգրամից ոչ ավելի ծավալով և մինչև 8 սանտիմետր հաստությամբ կտորներով, բաց կաթսաներում` 3 ժամ տևողությամբ, իսկ ավտոկլավում` գոլորշու 0,5 մթնոլորտային ճնշման տակ, 2,5 ժամ տևողությամբ:
3. Միսը համարվում է վարակազերծված, եթե մսի կտորի ներսում ջերմաստիճանը հասնում է առնվազն 80oC-ի, խոզի մսի գույնը կտրվածքում դառնում է սպիտակագորշավուն, իսկ մյուս կենդանատեսակների միսը` գորշ: Եփված մսի կտրվածքի մակերեսով հոսող հյութը լինում է անգույն:
Ներքին և ենթամաշկային ճարպը հալում են, այդ պրոցեսի ընթացքում ջերմաստիճանը պետք է հասնի մինչև 100oC-ի, այդ ջերմաստիճանում պահում են մինչև 20 րոպե:
4. Ցիստիցերկոզով ախտահարված միսը վարակազերծում են սառեցմամբ, աղաջրում պահելու (բացի ճարպից) կամ եփելու միջոցով:
5. Միսը համարվում է առողջ կենդանուց ստացված, եթե առկա են մսեղիքի օրգանոլեպտիկ (արտաքին տեսքը, գույնը, պարզությունը, հոտը) դրական ցուցանիշներ, և քսուքներում բացակայում են ախտածին մանրէները և մակաբուծաբանական հետազոտության արդյունքները բացասական են:
Փորձնական եփման ժամանակ արգանակի օրգանոլեպտիկ ցուցանիշները պետք է համապատասխանեն թարմ մսի ցուցանիշներին:
Հիվանդ կենդանիների միսը, ինչպես նաև հոգեվարքի վիճակում մորթված կենդանիների միսն ունենում է անբավարար կամ վատ արնաքամվածություն, ավշային հանգույցները կապտավարդագույն են կամ կապտավուն գունավորմամբ, հնարավոր է նաև ախտածին մանրէների մակաբույծների առկայությունը մսում: Փորձնական եփման ժամանակ արգանակը պղտոր է, կարող է լինել փաթիլներով, ունենալ կողմնակի` մսին ոչ յուրահատուկ հոտ:
(5-րդ կետը փոփ. 21.07.05 թիվ 1076-Ն որոշում)
6. Սառեցման միջոցով վարակազերծումը կատարվում է հետևյալ ռեժիմներով`
ա) խոզի միսը սառեցնում են` ջերմաստիճանը հասցնելով մսի խորքում մինչև -10oC-ի, խցիկում հետագա պահման պայմանով` 10 օրվա ընթացքում` -12oC-ից ոչ ավելի ջերմության պայմաններում կամ ջերմաստիճանը հասցնում են մսի խորքում -12oC-ից ոչ ավելի ջերմաստիճանի, խցիկում հետագա պահպանման պայմանով` 4 օրվա ընթացքում` -13oC-ից ոչ ավելի ջերմության պայմաններում: Մսի խորքում առկա ջերմաստիճանը չափում են կոնքազդրային մկաններում` 7-10 սանտիմետր խորությամբ.
բ) տավարի միսը սառեցնում են` ջերմաստիճանը հասցնելով մսի խորքում -12oC-ից ոչ ավելի ջերմաստիճանի, առանց հետագա պահպանման, կամ հասցնելով մսի խորքում -6oC-ից ոչ ավելի ջերմաստիճանի, բայց հետագայում խցիկում պահելով -9oC-ից ոչ ավելի ջերմաստիճանում` առնվազն 24 ժամ: Սառեցմամբ վարակազերծված միսն ուղարկվում է վերամշակման` ֆարշային երշիկներ (այդ թվում` նաև լիվերային) կամ ֆարշային պահածոներ պատրաստելու համար:
Աղաջրի միջոցով վարակազերծման համար միսը կտրատում են 2,5 կիլոգրամից ոչ ավելի զանգվածով կտորների, լցնում են կերակրի աղ` մսի 10 տոկոսի չափով, այնուհետև լցնում առնվազն 24,0 տոկոս խտություն ունեցող աղի լուծույթ և պահում 20 օր.
գ) թռչունների մսեղիքը բաժանում են 2 կամ 4 մասի և վարակազերծում ստորև նշված եղանակներից որևէ մեկով`
միսը եփում են կափարիչով ծածկված պղնձի մեջ, եռացող ջրում լրիվ խորասուզված վիճակում` հետևյալ տևողությամբ`
հավի, սագի, բադի, հնդկահավի, խայտահավի, լորի ճտերի համար` 40 րոպե,
հավի ու բադի համար` 60-70 րոպե,
սագի և հնդկահավի համար` 90 րոպե.
միսը եփելու վերջում ջերմաստիճանը կրծքի մկանների խորքում չպետք է ցածր լինի 78oC-ից:
Մսի պահածոները պատրաստվում են համաձայն գործող տեխնոլոգիաների:
Սալմոնելյոզով և տուբերկուլյոզով ախտահարված թռչունների մսեղիքը եփվում է 100oC ջերմաստիճանում` 90 րոպե տևողությամբ:
7. Մսի և սպանդից գոյացած մյուս մթերքների վարակազերծման աշխատանքների ավարտից հետո անցկացվում է շենքերի, գույքի, սարքավորումների և այլ օժանդակ նյութերի անասնաբուժասանիտարական մշակում:
8. (8-րդ կետն ուժը կորցրել է 15.12.2022 թիվ 1947-Ն որոշում)