Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ...

17.11.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.06.2002  -ից մինչեւ   17.11.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 06.10.05 թիվ 1718-Ն օրենք)

i

040.0642.310502

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» մայիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մայիսի 2002 թվականի N 642

 

i

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը (կցվում է):

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թ.

մայիսի 31-ի N 642 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը (այսուհետ` ինստիտուտ) բարձրագույն ուսումնական հաստատություն է:

2. Ինստիտուտի` որպես պետական բարձրագույն ուսումնական հաստատության, գործունեությունը նպատակաուղղված է տնտեսագիտական կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը` հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական մակարդակներում` օրենքով նախատեսված կարգով և կրթական ծրագրերի ձևերով (առկա, հեռակա, դրսեկություն):

i

Ինստիտուտը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը վերակազմակերպելու մասին» N 478 որոշմամբ վերակազմակերպվել է պետական ոչ առևտրային կազմակերպության:

3. Ինստիտուտի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

4. Ինստիտուտը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կրթական կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված` իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ ու պարտականություններ:

5. Ինստիտուտն իր գործունեության նպատակներին համապատասխան կարող է իրականացնել ուսումնական, հետազոտական, խորհրդատվական, փորձագիտական, գիտաարտադրական վճարովի ծառայություններ և ուսուցում` օրենքով ու Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

6. Ինստիտուտն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ:

7. Ինստիտուտն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք և մեդալ:

8. Ինստիտուտի անվանումն է`

հայերեն լրիվ` Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ

հայերեն կարճ` ԵՊՏԻ

ռուսերեն լրիվ` Երեվանսկիյ գոսուդառստվեննիյ էկոնոմիչեսկիյ ինստիտուտ

ռուսերեն կրճատ` ԵԳԷԻ

անգլերեն լրիվ` Yerevan State Institute of Economy

անգլերեն կարճ` YSIE

Ինստիտուտի գտնվելու վայրն է` Երևան, 375025, Նալբանդյան 128:

 

II. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

9. Ինստիտուտի խնդիրներն են`

ա) բարձր որակավորում ունեցող մասնագետների, գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.

բ) տնտեսագիտության բնագավառում գիտական, ուսումնամեթոդական հետազոտությունների իրականացումը.

գ) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների ու մասնագիտացումների համակարգի մշակումը և արմատավորումը.

դ) գիտական մշակումների տարածումն ու լուսավորչական աշխատանքի իրականացումը:

10. Առաջադրված խնդիրներին համապատասխան ինստիտուտն իրավասու է`

ա) կազմելու ուսումնական պլաններ ու ծրագրեր.

բ) իր կազմում, հիմնադրի որոշմամբ, ստեղծելու մասնաճյուղեր, կենտրոններ, քոլեջներ, մասնագիտական թեքում ունեցող դպրոց, ֆակուլտետներ.

գ) շնորհելու ինստիտուտի պատվավոր կոչումներ, սահմանելու մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, պարգևատրելու ինստիտուտի մեդալով.

դ) իր կողմից կնքված պայմանագրերի հիման վրա իրականացնելու ուղղակի կապեր հանրապետության և օտարերկրյա բուհերի, գիտական հիմնարկների, գերատեսչությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, կատարելու տարատեսակ աշխատանքներ (կադրերի պատրաստում, ուսանողների ու ասպիրանտների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային և այլ գործունեություն, գիտական խորհրդակցությունների կազմակերպում).

ե) կազմակերպելու մագիստրանտների, ասպիրանտների, դոկտորանտների, հայցորդների ընդունելությունը:

 

III. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Ինստիտուտի կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան: Հիմնադիրն ունի ինստիտուտի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Ինստիտուտի ընդհանուր կառավարումն իրականացնում է լիազորված պետական մարմինը:

12. Ինստիտուտի կառավարումը հիմնված է ինքնավարության, միանձնյա և կոլեգիալ կառավարման զուգակցման, ինչպես նաև կարևորագույն հարցերի լուծմանն ինստիտուտի կոլեկտիվի մասնակցության սկզբունքների վրա:

13. Ինստիտուտի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է` կոլեկտիվի ներկայացուցչական ժողովը, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է` այդ ընթացքում խորհրդի անդամների մասնակի շրջափոխությամբ: Խորհրդի կազմը չի կարող գերազանցել աշխատողների թվի 20 տոկոսը: Խորհրդի անդամների 65 տոկոսը պետք է կազմեն պրոֆեսորադասախոսական անձնակազմը, 25 տոկոսը` ուսանողները, 10 տոկոսը` վարչատնտեսական աշխատողները: Խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, մասնաճյուղերի ղեկավարները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, ինստիտուտի կազմում գործող այլ ստորաբաժանումների ղեկավարներ: Խորհրդի մնացած անդամներն ընտրվում են ինստիտուտի կոլեկտիվի կողմից` ըստ ստորաբաժանումների` ռեկտորատի սահմանած համամասնությամբ:

14. Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան 2 անգամ: Դրանք համարվում են իրավազոր խորհրդի անդամների առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե խորհուրդն այդ մասին այլ որոշում չի ընդունում: Խորհրդի որոշումները կենսագործվում են ինստիտուտի ռեկտորի հրամանով: Արտահերթ նիստերը հրավիրվում են խորհրդի կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

15. Խորհուրդը`

ա) ընտրում է նախագահ.

բ) հաստատում է իր աշխատակարգը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում ու հաստատում է ռեկտորի ընտրության կանոնակարգը և կազմակերպում ռեկտորի ընտրությունը.

դ) սահմանված կարգով մշակում և հաստատում է ինստիտուտի գործադիր մարմնի նկատմամբ ընթացիկ վերահսկողություն իրականացնող մարմնի (այսուհետ` վերահսկողություն իրականացնող մարմին) ընտրության կարգը, աշխատակարգը կազմակերպում է այդ մարմնի անդամների ընտրությունը.

ե) ռեկտորի ներկայացմամբ հաստատում է ինստիտուտի զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության գլխավոր ուղղությունները.

զ) քննարկում և սահմանված կարգով հիմնադրին է ներկայացնում ինստիտուտի կանոնադրության կամ դրա մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին առաջարկությունները.

է) սահմանված կարգով լիազորված պետական մարմին է ներկայացնում ինստիտուտի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ.

ը) քննարկում և հաստատում է վերահսկողություն իրականացնող մարմնի տարեկան հաշվետվությունը.

թ) քննարկում է ռեկտորի հաշվետվությունն ինստիտուտի տարեկան գործունեության վերաբերյալ և հաստատում այն.

ժ) քննարկում ու հաստատում է ինստիտուտի կառուցվածքը, դրանում կատարվող փոփոխությունները և ինստիտուտի ստորաբաժանումների կանոնակարգերը:

16. Ինստիտուտի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող ու կարգավորող կառավարման մարմին է: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

17. Ինստիտուտի գիտական խորհուրդը`

ա) հաստատում է իր կանոնակարգը.

բ) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ ինստիտուտում կատարվող կարևորագույն գիտահետազոտական ու գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.

գ) ընդունում է «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի պատվավոր դոկտոր», «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի վաստակավոր պրոֆեսոր», «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի վաստակավոր դասախոս» «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի վաստակավոր աշխատող» կոչումներ շնորհելու, ինստիտուտի մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, ինստիտուտի մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածուներ ներկայացնելու վերաբերյալ որոշումներ.

դ) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգին համապատասխան իրականացնում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորների ընտրությունը.

ե) սահմանված կարգով շնորհում է դոցենտի և պրոֆեսորի կոչումներ.

զ) հաստատում է ֆակուլտետի օրինակելի կանոնադրությունը.

է) նոր մասնագիտությունների գծով կրթական ծրագրեր իրականացնելու մասին առաջարկություններ է ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին.

ը) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող` ինստիտուտի ուսումնամեթոդական գործունեության հետ կապված այլ լիազորություններ:

18. Ինստիտուտի գիտական խորհրդի անդամների թիվը չի կարող գերազանցել 45-ը:

Ինստիտուտի գիտական խորհրդի կազմում ընդգրկվում են ռեկտորի (նախագահ) պրոռեկտորները, գիտական քարտուղարը, ուսումնական վարչության պետը, գլխավոր հաշվապահը, մասնաճյուղերի, կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, գրադարանի տնօրենը, արհմիութենական կազմակերպության նախագահը, ուսանողական խորհրդի նախագահն ի պաշտոնե, ինչպես նաև ռեկտորի նշանակմամբ ինստիտուտի առանձին դասախոսներ և գիտաշխատողներ, հանրապետության գիտության և կրթության առաջատար մասնագետներ, այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ (ընդհանուր թվի մինչև 15 տոկոսի չափով):

Ի պաշտոնե և ռեկտորի կողից ընտրվող անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի անդամների թվի 50 տոկոսը: Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են ինստիտուտի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` համաձայն գիտական խորհրդի կանոնակարգի:

19. Ինստիտուտի գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան մասնակցում է գիտական խորհրդի անդամների առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ և կենսագործվում ռեկտորի հրամանով:

20. Ինստիտուտի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է: Ինստիտուտի խորհրդի և գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատն իր կանոնակարգով, իր լիազորությունների սահմաններում քննարկում է ինստիտուտի գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը:

21. Ինստիտուտի ռեկտորատի կազմի մեջ մտնում են ռեկտորը, պրոռեկտորները, ռեկտորի խորհրդականը, ուսումնական մասի վարիչը, գլխավոր հաշվապահը, ֆակուլտետների ղեկավարները, մասնաճյուղերի ղեկավարները: Ռեկտորատի որոշումները կենսագործվում են ռեկտորի հրամանով:

22. Ինստիտուտի ընթացիկ ղեկավարությունն իրականացնում է ռեկտորը` իր իրավասության սահմաններում և ինստիտուտի կանոնադրությանը համապատասխան, որն ընտրվում է 5 տարի ժամկետով:

23. Ինստիտուտի ռեկտոր կարող է ընտրվել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորը:

24. Ռեկտորի ընտրությունները կատարվում են խորհրդի կողմից սահմանված կարգով` փակ գաղտնի քվեարկությամբ: Ռեկտորի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված կարգով:

25. Ինստիտուտի ռեկտորը`

ա) ղեկավարում է ինստիտուտի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեություն, առանց լիազորագրի հանդես է գալիս ինստիտուտի անունից, ներկայացնում նրա շահերը.

բ) կազմակերպում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

գ) հրավիրում է ինստիտուտի գիտական խորհրդի և ռեկտորատի նիստեր.

դ) տարեկան հաշվետվություն է ներկայացնում ինստիտուտի խորհրդի հաստատմանը.

ե) ապահովում է ինստիտուտի խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

զ) խորհրդի հաստատմանն է ներկայացնում ինստիտուտի կառուցվածքը, ինչպես նաև առաջարկություններ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմավորելու կամ լուծարելու վերաբերյալ.

է) հաստատում է ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

ը) սույն կանոնադրությանը համապատասխան կնքում է աշխատանքային պայմանագրեր` ընդունված կարգով ընտրված դեկանների, ամբիոնի վարիչների և դասախոսների հետ.

թ) արձակում է հրամաններ` ուսանողների ընդունելության, նրանց նույն կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու վերաբերյալ.

ժ) նշանակում և ազատում է ինստիտուտի պրոռեկտորներին, ինստիտուտի կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտներն ու իրավասությունը.

ժա) պետական լիազորված մարմնի համաձայնությամբ կնքում է խոշոր գործարքներ.

ժբ) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը դնում է պրոռեկտորներից մեկի վրա.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

26. Պրոռեկտորներն իրականացնում են ինստիտուտի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարությունը` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:

27. Ինստիտուտի ռեկտորը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից:

28. Ինստիտուտի ռեկտորը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով ինստիտուտին պատճառված վնասի համար:

 

IV. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

29. Ինստիտուտի կառուցվածքը հաստատվում է խորհրդի կողմից և ձևակերպվում ռեկտորի հրամանով: Ստորաբաժանումներ են համարվում գիտական կենտրոնները, քոլեջները, ֆակուլտետները, ամբիոնները, բաժինները, լաբորատորիաները, գիտական գրադարանը, հրատարակչությունը և այլն:

Ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և իրենց կանոնադրություններով:

30. Ինստիտուտն իր կազմի մեջ մտնող բոլոր ստորաբաժանումների հետ միասին ուսումնական, գիտական և արտադրական ամբողջություն է, որի միասնությունն ապահովվում է`

ա) ուսումնական, կրթական կամ գիտահետազոտական գործընթացների կազմակերպմանը նրա բոլոր ստորաբաժանումների պարտադիր մասնակցությամբ.

բ) բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ինստիտուտի խորհրդի, գիտական խորհրդի որոշումների, ռեկտորի հրամանների և կարգադրությունների կատարմամբ:

31. Ինստիտուտի ֆակուլտետները գործում են ֆակուլտետի կանոնադրության հիման վրա:

Ֆակուլտետն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու ինքնուրույն որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի նորմատիվային ակտերին, սույն և ֆակուլտետի կանոնադրություններին:

Ֆակուլտետը` ելնելով իր կողմից իրականացվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ աշխատանքներից, ըստ սահմանված չափանիշների, մշակում է իր հաստիքացուցակը, որը հաստատվում է ռեկտորի կողմից:

Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական, գիտական ու օժանդակ այլ օղակներից:

Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և դեկանը:

32. Ֆակուլտետի խորհուրդը քննարկում է ֆակուլտետի կանոնադրությունը և այն ներկայացնում ինստիտուտի գիտական խորհրդի հաստատմանը, ընտրում է ֆակուլտետի դեկանին (եթե ռեկտորը դրա մասին այլ որոշում չի ընդունել), լսում է դեկանի ամենամյա հաշվետվությունները և գնահատում նրա գործունեությունը:

33. Ֆակուլտետի խորհրդի կազմի (որպես կառավարման մարմնի) ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ: Խորհրդի նախագահը ֆակուլտետի դեկանն է:

34. Ֆակուլտետի խորհուրդը`

ա) ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ (լաբորատորիաներ, բաժիններ) և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերացնելու և վերակազմավորելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում ինստիտուտի ռեկտորին.

բ) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ գործունեության հարցեր.

գ) ինստիտուտի գիտական խորհրդում հաստատելու համար ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները.

դ) ինստիտուտի գիտական խորհրդին առաջարկություններ է ներկայացնում ֆակուլտետի աշխատողին «ԵՊՏԻ-ի ամբիոնի պատվավոր վարիչ», «ԵՊՏԻ-ի վաստակավոր պրոֆեսոր», «ԵՊՏԻ-ի վաստակավոր դասախոս», «ԵՊՏԻ-ի վաստակավոր գիտական աշխատող», «ԵՊՏԻ-ի վաստակավոր աշխատող» պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ.

ե) ընտրում է ինստիտուտի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչներին.

զ) լուծում է սույն կանոնադրությունից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության հետ կապված այլ հարցեր:

35. Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են դրա նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի ղեկավարության, աշխատողների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար:

36. Ֆակուլտետի գործունեության կազմակերպումը և ղեկավարումն իրականացնում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասությունների սահմաններում և սույն կանոնադրությանը համաձայն:

Դեկանն ընտրվում է ֆակուլտետի խորհրդում (եթե ռեկտորը դրա մասին այլ որոշում չի ընդունել)` 5 տարի ժամկետով: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում ֆակուլտետի խորհրդում ամենաշատ, բաց ոչ պակաս, քան մասնակիցների ձայների կեսից ավելին հավաքած թեկնածուն: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցել է խորհրդի անդամների 2/3-ը: Ռեկտորը դեկանին պաշտոնի է նշանակում իր հրամանով` քվեարկության արդյունքների և դեկանի ընտրությունների հիման վրա:

37. Ֆակուլտետի դեկանը`

ա) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական արտադրական, միջազգային և այլ գործունեությունը.

բ) ապահովում է ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը.

գ) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալների, ֆակուլտետի խորհրդի քարտուղարի թեկնածուներին.

դ) սահմանված կարգով ինստիտուտի ռեկտորին առաջարկություններ է ներկայացնում ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու, կուրսում թողնելու, հեռացնելու, վերականգնելու, համապատասխան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ:

38. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) ինստիտուտի ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման կառուցվածքային հիմնական ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների` ինստիտուտի գիտական խորհրդի կողմից հաստատված օրինակելի կանոնադրության հիման վրա:

Ամբիոնի գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտներն ու դասախոսները:

Բաժնի (լաբորատորիայի) գիտական և ինժեներատեխնիկական կազմում ընդգրկվում են գիտական և ինժեներատեխնիկական աշխատողները:

39. Ամբիոնը (բաժինը, լաբորատորիան) մշակում է ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) աշխատողների հաստիքացուցակը ֆակուլտետի հաստիքացուցակի շրջանակներում` ելնելով կատարվող մանկավարժական, գիտական և ուսումնաօժանդակ աշխատանքների ծավալից ու ձևերից` ըստ սահմանված չափանիշների:

Ինստիտուտի ամբիոնների (բաժինների, լաբորատորիաների) պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը, կազմի և ինստիտուտի միջև աշխատանքային հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով, որոնց նախորդում է պաշտոնի հավակնորդի ընտրման մրցութային կարգը:

40. Ամբիոնը (բաժինը, լաբորատորիան) ղեկավարում է վարիչը, որն ընտրվում է մրցութային հիմունքներով, մինչև հինգ տարի ժամկետով, ֆակուլտետի խորհրդի կողմից` ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) կոլեկտիվի երաշխավորումն ստանալուց հետո: Ֆակուլտետի խորհրդի որոշումը հաստատվում է ինստիտուտի գիտական խորհրդում` փակ գաղտնի քվեարկությամբ, որից հետո ռեկտորի հրամանով նշանակվում է ամբիոնի վարիչ և նրա հետ կնքում աշխատանքային պայմանագիր:

Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) վարիչը կազմակերպում և ղեկավարում է ամբիոնի ուսումնագիտական և այլ աշխատանքներ, ներկայացնում է նրա կոլեկտիվը ինստիտուտի ֆակուլտետի, ինստիտուտի այլ ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում:

Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) գիտաուսումնական հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) գիտամանկավարժական կազմի նիստերում: Ամբիոնի (բաժնի, լաբորատորիայի) այլ աշխատողներն այդ նիստերին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:

 

V. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

41. Ուսանողների ընդունելությունն ինստիտուտ կատարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված կարգին համապատասխան:

42. Ինստիտուտում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա, և դրսեկության ձևերով:

43. Ինստիտուտում ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:

44. Ինստիտուտում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական տեսակները` դասախոսություն, գործնական (սեմինար) և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա:

45. Ինստիտուտում կիրառվում է բարձրագույն կրթության հնգամյա ուսուցման համակարգ: Ուսուցման ավարտին շրջանավարտին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ):

46. Ինստիտուտի գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

բ) հանրապետության ու օտարերկրյա հիմնարկների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց նվիրատվություններից.

գ) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.

դ) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված` ինստիտուտի միջոցներից.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

47. Գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել ինստիտուտի դասախոսները, գիտաշխատողները, ասպիրանտները, հետազոտողները, հայցորդները և ուսանողները, ինչպես նաև պայմանագրային կարգով հրավիրված մասնագետները:

48. Ինստիտուտը կազմակերպում է գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ:

49. Գիտական աստիճաններ շնորհում է ինստիտուտում գործող մասնագիտական խորհուրդը` հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Մասնագիտական խորհուրդն ստեղծվում և գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VI. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ

 

50. Ինստիտուտի կոլեկտիվը կազմում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները, դասախոսները, դոկտորանտները, ասպիրանտները, գիտական, վարչական և այլ աշխատողներ, ուսանողներ:

Ինստիտուտի աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական աշխատողները), ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ տարակարգերի:

Ինստիտուտի աշխատողների և սովորողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ներքին կանոններով, կոլեկտիվ պայմանագրով և ինստիտուտի այլ ակտերով:

51. Ինստիտուտի կոլեկտիվի անդամներն իրավունք ունեն`

ա) ընտրելու և ընտրվելու ինստիտուտի խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում.

բ) մասնակցելու ինստիտուտի գործունեությանն առնչվող խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքներին.

գ) միավորվելու արհմիությունների և հասարակական այլ կազմակերպությունների մեջ.

դ) օգտվելու ինստիտուտի ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, ինչպես նաև գիտական գրադարանի ծառայություններից:

Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:

52. Գիտամանկավարժական աշխատանքների, ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և հայցորդների համար ստեղծվում են գիտական ճշմարտության ազատ որոնումների, շարադրման ու տարածման նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների շրջանակներում:

53. Ինստիտուտի կոլեկտիվի անդամները պարտավոր են`

ա) կատարել սույն կանոնադրությունից և ինստիտուտի այլ ակտերից բխող հանձնարարականներ.

բ) կատարել ինստիտուտի ղեկավար մարմինների որոշումները.

գ) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

դ) մշտապես բարձրացնել իրենց որակավորումը.

ե) ապահովել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել ինստիտուտի գույքը.

զ) հոգ տանել ինստիտուտի հեղինակության բարձրացման մասին:

54. Ինստիտուտի գիտամանկավարժական կազմը ձևավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

55. Ինստիտուտի գիտամանկավարժական աշխատողներն ունեն`

ա) իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման իրավունք.

բ) գիտական հետազոտության ակադեմիական ազատության իրավունք.

գ) սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու ազատության իրավունք.

դ) պետական կրթության չափորոշիչներին համապատասխան ուսումնական դասընթացների բովանդակության, ծրագրերի ազատ որոշման իրավունք.

ե) իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների ու միջոցների ազատ ընտրության իրավունք.

զ) համատեղությամբ գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ կատարելու իրավունք:

Գիտության և մանկավարժության բնագավառներում ակնառու նվաճումների համար ինստիտուտի աշխատողներին շնորհվում են ինստիտուտի մրցանակներ: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում է առանձին մրցանակ:

56. Ինստիտուտի ուսանողներն են համարվում 5-ամյա ուսուցման ծրագրերով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար ռեկտորի կողմից հրամանագրված անձինք:

57. Հանրակրթական ուսումնառություն ստացած յուրաքանչյուր ոք կարող է դառնալ ինստիտուտի ուսանող` վճարովի կամ անվճար հիմունքներով, մրցույթով ընդունելության քննությունները հաջող հանձնելու, իսկ առանձին մասնագիտությունների գծով` հարցազրույց անցնելու դեպքում:

Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է համաձայն կնքված պայմանագրի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգի:

58. Ինստիտուտի ուսանողն իրավունք ունի`

ա) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.

բ) հաճախելու ինստիտուտում կարդացվող դասախոսություններին.

գ) ըստ նախասիրությունների` մասնակցելու ինստիտուտում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին.

դ) մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը.

ե) օգտվելու ինստիտուտի գրադարանից, մարզական և առողջարանային հենակետերից, մշակութային-լուսավորչական օղակներից.

զ) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու որակավորման աստիճան.

է) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ` ուսանողական կյանքին առնչվող հարցերի լուծման համար.

ը) ինստիտուտի կողմից սահմանված կարգով ընդգրկվելու ինստիտուտի և նրա ստորաբաժանումների ղեկավար մարմինների կազմում.

թ) մեկ ուսումնական տարվա ընթացքում ստանալու երկուսից ոչ պակաս արձակուրդ` առնվազն 7 շաբաթ տևողությամբ:

59. Պետական պատվերով ընդունված և առկա ձևով կրթություն ստացող ուսանողները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ապահովվում են ուսումնական կրթաթոշակներով: Ինստիտուտն իրավունք ունի սահմանելու անվանական կրթաթոշակներ և պետական կրթաթոշակների հավելավճարներ, ինչպես նաև ուսումը խրախուսող բարոյական ու նյութական խթանման այլ ձևեր:

60. Արգելվում է ուսանողներին ներգրավել արտաուսումնական աշխատանքում` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների և հոգաբարձուների) համաձայնության: Սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման միջոցների կիրառումն արգելվում է:

61. Ինստիտուտի ուսանողները պարտավոր են`

ա) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական առաջադրանքները.

բ) տիրապետել բարձր որակավորման ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.

գ) պահպանել ինստիտուտի կանոնադրությունը և ներքին կանոնները.

դ) հաճախել ինստիտուտում անցկացվող դասախոսություններին, սեմինար (գործնական) պարապմունքներին.

ե) բարձր պահել ինստիտուտի պատիվը և հեղինակությունը:

62. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը, որի չափը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է ինստիտուտը: Ուսման վարձը ժամանակին չվճարելու դեպքում ուսանողները կարող են ազատվել ինստիտուտից:

63. Ուսանողները, որոնք չեն կատարում ուսումնական պլանները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, խախտում են ինստիտուտի ներքին կարգապահական կանոնները, ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև ինստիտուտից հեռացվելը:

64. Ինստիտուտի ուսումնական պլանները կատարած ուսանողներին շնորհվում է համապատասխան որակավորում և տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ` դիպլոմ:

65. Ավարտական վկայականում նշվում են ուսումնասիրված դասընթացները, մասնագիտությունը (մասնագիտացումները): Ուսման մեջ հատուկ հաջողություններ ունեցող ուսանողներին տրվում է գերազանցության դիպլոմ:

66. Ինստիտուտի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունն ինստիտուտի կառավարմանը և համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր:

67. Ինստիտուտի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում և նախապատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն:

68. Ինստիտուտի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող և դոկտորանտուրա հրամանագրված անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցող ատենախոսություն:

69. Ինստիտուտի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձը, ով կցված է ասպիրանտուրային` թեկնածուական մինիմումի քննությունները հանձնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն նախապատրաստելու համար, առանց ասպիրանտուրայում ուսանելու, կամ այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցող ատենախոսություն: Հայցորդի կարգավիճակը չի կարող պահպանվել հինգ տարվանից ավելի ժամկետով:

70. Ինստիտուտի ուսանողներն են համարվում այն անձինք, ովքեր սովորում են դրսեկությամբ, նախապատրաստական բաժիններում, ինչպես նաև դասախոսները և գիտական աշխատողները, ովքեր մասնակցում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներին:

71. Ինստիտուտում գիտամանկավարժական կադրերի պատրաստումն ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության ձևերով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան:

 

VII. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

72. Ինստիտուտի սեփականությունը ձևավորվում է հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև ինստիտուտի գործունեության ընթացքում արտադրված ու ձեռք բերված գույքից: Հիմնադրման ժամանակ պետական կազմակերպությանը հիմնադրի կողմից, որպես սեփականություն, հանձնվող գույքի չափը սահմանվում է պետական կազմակերպության հիմնադրման մասին որոշմամբ:

73. Ինստիտուտն իրավունք ունի իրեն ամրացված գույքը հանձնելու վարձակալության` լիազորված պետական մարմնի համաձայնությամբ: Ինստիտուտը կարող է, որպես սեփականություն, իրեն հանձնված գույքը օտարել կամ տալ վարձակալության: Ամրացված գույքի վարձակալությունից գոյացած վճարները սահմանված կարգով ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

VIII. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

74. Ինստիտուտի վերակազմակերպումը և լուծարումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

75. Ինստիտուտի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բավարարելուց հետո մնացած միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.05.2002
N 642
Որոշում