040.0556.150502
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2002 թվականի N 556
i
«ԻՄՊՈՒԼՍ» ԵՎ «ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Իմպուլս» և «Դիլիջանի արտադրական ջրերի մաքրման կայան» բաց բաժնետիրական ընկերությունները:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) «Իմպուլս» և «Դիլիջանի արտադրական ջրերի մաքրման կայան» բաց բաժնետիրական ընկերությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 5-օրյա ժամկետում ապահովել լուծարման հանձնաժողովների ստեղծումը` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի և նշված բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընտրված ներկայացուցիչներին.
բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել տեղեկատվություն` «Իմպուլս» և «Դիլիջանի արտադրական ջրերի մաքրման կայան» բաց բաժնետիրական ընկերությունների անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումները գրանցելու նպատակով:
3. Սահմանել, որ «Դիլիջանի արտադրական ջրերի մաքրման կայան» բաց բաժնետիրական ընկերության մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտելու համար ծախսված` Համաշխարհային բանկի կողմից «Իմպուլս» արտադրական ձեռնարկությանը 1995 թվականին տրամադրված 888251 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամից 289586 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ պարտքը պարտքի փոխանցման պայմանագրով փոխանցվում է «Դիլիջանի արտադրական ջրերի մաքրման կայան» բաց բաժնետիրական ընկերությանը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` վերանայել «Իմպուլս» արտադրական ձեռնարկության հետ 1995 թվականի օգոստոսի 16-ին կնքված N 4 վարկային պայմանագիրը և «Դիլիջանի արտադրական ջրերի մաքրման կայան» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքել տրամադրված վարկի և գրավի մասին պայմանագիր:
5. Լուծարման հանձնաժողովին`
ա) կրեդիտորական պարտավորությունները մարելու նպատակով «Իմպուլս» և «Դիլիջանի արտադրական ջրերի մաքրման կայան» բաց բաժնետիրական ընկերությունների գույքը վաճառել մրցույթով, յուրաքանչյուրը` որպես մեկ ամբողջական միավոր.
բ) սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
վաճառող գույքի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ.
գ) սահմանել մրցույթի մասնակցության կանխավճարի չափը` «Իմպուլս» բաց բաժնետիրական ընկերության համար` 5000 հազար դրամ, իսկ «Դիլիջանի արտադրական ջրերի մաքրման կայան» բաց բաժնետիրական ընկերության համար` 1500 հազար դրամ: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ.
դ) սահմանել, որ մրցույթի հաղթողը`
գույքի ձեռքբերման համար առաջարկվող գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` «Իմպուլս» բաց բաժնետիրական ընկերության համար` 40000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, «Դիլիջանի արտադրական ջրերի մաքրման կայան» բաց բաժնետիրական ընկերության համար` 10000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ արժեքի մնացած գումարը` 1,5 տարվա ընթացքում,
պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի նկատմամբ ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
ե) սահմանել գույքի վաճառքի նվազագույն գինը` «Իմպուլս» բաց բաժնետիրական ընկերության գույքի համար` 87000 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը` 150000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ), «Դիլիջանի արտադրական ջրերի մաքրման կայան» բաց բաժնետիրական ընկերության գույքի համար` 29000 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը` 50000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ).
զ) մրցույթի հաղթողի կողմից վճարումն իրականացվելուց հետո 10-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով մարել նշված բաժնետիրական ընկերությունների կրեդիտորական պարտավորությունները.
է) կրեդիտորական պարտավորությունների մարումից հետո 15-օրյա ժամկետում` գույքի վաճառքից ստացված գումարից մնացած մասը բաշխել նշված բաժնետիրական ընկերությունների ոչ պետական բաժնետերերի միջև` ընկերությունում ունեցած նրանց բաժնետոմսերին համապատասխան.
ը) նշված բաժնետիրական ընկերությունների ոչ պետական բաժնետոմսերի լուծարային արժեքի վճարումից հետո մնացած դրամական միջոցները փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) 2-ամսյա ժամկետում ապահովել մրցույթների անցկացումը.
բ) մրցույթների անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
գ) 15-օրյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր:
7. «Իմպուլս» և «Դիլիջանի արտադրական ջրերի մաքրման կայան» բաց բաժնետիրական ընկերությունների լուծարման հաշվեկշռի կազմման օրվա դրությամբ` նշված բաժնետիրական ընկերությունների դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան:
8. Լուծարվող «Իմպուլս» և «Դիլիջանի արտադրական ջրերի մաքրման կայան» բաց բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած պետական բաժնեմասին համապատասխան գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:
9. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` «Իմպուլս» և «Դիլիջանի արտադրական ջրերի մաքրման կայան» բաց բաժնետիրական ընկերությունների լուծարման գործընթացի ավարտից հետո 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ նշված բաժնետիրական ընկերությունների լուծարումից հետո մնացած պետական բաժնեմասին համապատասխան գույքի տնօրինման վերաբերյալ:
10. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից` Հայաստանի Հանրապետության նախարարությունները և պետական կառավարման մյուս մարմինները, որոնք տվյալ իրավաբանական անձանց պարտատերերն են, պետք է «Իմպուլս» և «Դիլիջանի արտադրական ջրերի մաքրման կայան» բաց բաժնետիրական ընկերությունների գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ ներկայացրած հայցերից հրաժարվեն և նոր հայցեր չներկայացնեն:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 15-ից: