701.0005.120402
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 04 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 70102067
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
5 ապրիլի 2002 թվականի N 5
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի ՔԾԽՈ-3 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ կետով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
i
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» ՔԾԽՈ-3 որոշմամբ հաստատված կանոնադրության III բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«III. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
9. Խորհուրդը կազմված է յոթ անդամներից` նախագահ, նախագահի տեղակալ և հինգ անդամներ: Խորհրդի անդամներին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ` Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
10. Խորհրդի նախագահը`
ա) ղեկավարում է Խորհրդի ընթացիկ գործունեությունն ու համակարգում Խորհրդի անդամների աշխատանքները.
բ) կատարում է պարտականությունների բաշխում Խորհրդի անդամների միջև.
գ) ներկայացնում է Խորհուրդն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ փոխհարաբերություններում.
դ) հրավիրում և վարում է Խորհրդի նիստերը.
ե) նշանակում է Խորհրդի նիստի անցկացման ժամանակը և հաստատում է դրա օրակարգը.
զ) ապահովում է Խորհրդի աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը.
է) հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում է քննարկումներ` պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ.
ը) իր լիազորությունների շրջանակներում արձակում է հրամաններ և տալիս է ցուցումներ.
թ) օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է լիազորագրեր.
ժ) հաստատում է Խորհրդի աշխատակազմի աշխատանքային կարգապահության ներքին կանոնները.
ժա) Խորհրդի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ.
ժբ) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու համար Խորհրդին է ներկայացնում Խորհրդի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկը.
ժգ) Խորհրդի կողմից հաստատված քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա հաստատում է Խորհրդի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.
ժդ) Խորհրդի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքների մասին մրցութային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է տվյալ պաշտոնում.
ժե) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով Խորհրդի աշխատակազմի բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործուղման դեպքում թույլատրում է պահպանել`
- քաղաքացիական ծառայության պաշտոնը, վարձատրությունը և քաղաքացիական ծառայության ստաժը` մինչև մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում.
- քաղաքացիական ծառայության պաշտոնը և քաղաքացիական ծառայության ստաժը` մեկից մինչև երեք տարի ժամկետով գործուղման դեպքում` համաձայնեցնելով Խորհրդի հետ.
ժզ) իր պատճառաբանված որոշմամբ Խորհրդի աշխատակազմի բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ներկայացնում է արտահերթ ատեստավորման.
ժէ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող Խորհրդի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ծառայողական բնութագիրը.
ժը) Հայաստանի Հանրապետության Նախագահին միջնորդություն է ներկայացնում ատեստավորման արդյունքում Խորհրդի աշխատակազմի բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ շնորհելու համար.
ժթ) Խորհրդի աշխատակազմի բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման արդյունքների հիման վրա ընդունում է համապատասխան որոշումներ` ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում.
ի) Խորհրդի աշխատակազմի բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է Օրենքով նախատեսված խրախուսանքներ.
իա) Խորհրդի աշխատակազմի բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է Օրենքով նախատեսված կարգապահական տույժեր.
իբ) Խորհրդի աշխատակազմի բարձրագույն պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալու դեպքում, Խորհրդի համաձայնությամբ, որոշում է թույլատրել տվյալ քաղաքացիական ծառայողին մինչև երեք տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը.
իգ) հրավիրում է Խորհրդի աշխատանքային քննարկումներ.
իդ) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին.
իե) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
11. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Խորհրդի նախագահի տեղակալը:
12. Խորհրդի անդամը (Խորհրդի նախագահը, Խորհրդի նախագահի տեղակալը, Խորհրդի անդամը)`
ա) մասնակցում է Խորհրդի նիստերին.
բ) Խորհրդի նիստի ժամանակ կարող է հանդես է գալ ելույթներով, հարցերով և առաջարկություններով, ընդունված որոշումների վերաբերյալ ներկայացնել հատուկ գրավոր կարծիք, որը կցվում է նիստի արձանագրությանը.
գ) ծանոթանում է Խորհրդի նիստերի արձանագրություններին.
դ) իր լիազորությունների շրջանակներում հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում է քննարկումներ` այդ մասին տեղյակ պահելով Խորհրդի նախագահին.
ե) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
Խորհրդի նախագահի տեղակալն ու Խորհրդի անդամները կատարում են Խորհրդի նախագահի հանձնարարականները:
13. Խորհուրդն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի և աշխատանքային քննարկումների միջոցով:
14. Խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
Խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են Խորհրդի նախագահի կամ Խորհրդի առնվազն երեք անդամների նախաձեռնությամբ:
15. Խորհրդի անդամները, որպես կանոն, 3 օր առաջ տեղեկացվում են Խորհրդի նիստի ժամանակի և օրակարգի մասին: Խորհրդի անդամները կարող են նիստի օրակարգի վերաբերյալ գրավոր առաջարկություններ ներկայացնել Խորհրդի նախագահին` նիստից առնվազն 2 օր առաջ: Խորհրդի նիստի վերջնական օրակարգը ձևավորում է Խորհրդի նախագահը:
16. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե նիստերին մասնակցում են Խորհրդի առնվազն հինգ անդամ:
17. Խորհրդի նիստերը, որպես կանոն, դռնբաց են: Խորհուրդն իր որոշմամբ կարող է անցկացնել դռնփակ նիստեր:
18. Խորհրդի նիստերը վարում է Խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում կամ նրա հանձնարարությամբ Խորհրդի նախագահի տեղակալը:
Խորհրդի նախագահի և Խորհրդի նախագահի տեղակալի բացակայության դեպքում Խորհրդի նիստը Խորհրդի նախագահի հանձնարարությամբ վարում է Խորհրդի այլ անդամ:
19. Խորհուրդն ընդունում է որոշումներ:
Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստի մասնակից Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:
Խորհրդի որոշումներն ստորագրում է Խորհրդի նախագահը:
Խորհրդի նորմատիվ որոշումները հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում»:
20. Խորհրդի դռնբաց նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են Խորհրդի աշխատակազմի ղեկավարը, նիստը վարողի հրավերով` այլ անձինք:
21. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստերի արձանագրության վարումն ապահովում է Խորհրդի աշխատակազմի ղեկավարը:
Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում է նիստը վարողը:
22. Խորհրդի կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Խորհրդի աշխատակազմը:
23. Խորհուրդը ֆինանսավորվում է պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին»: