(ուժը կորցրել է 19.04.18 թիվ 476-Ն որոշում)
i
040.0489.300402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2002 թվականի N 489
i
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԵՋ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՌԻ ՀՈԼՈՎԱՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԺԱՌԱՆԳ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԱՆՁԻ ԱՆՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հասարակական կազմակերպության անվանման մեջ «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն օգտագործելու կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ իրենց անվանման մեջ «Հայաստան» բառն օգտագործելու թույլտվություն ստացած հասարակական կազմակերպությունները պահպանում են այդ իրավունքը:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թ.
ապրիլի 30-ի N 489 որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԵՋ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՌԻ ՀՈԼՈՎԱՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԺԱՌԱՆԳ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԱՆՁԻ ԱՆՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ
1. Սույն կարգը կարգավորում է հասարակական կազմակերպության անվանման մեջ «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն օգտագործելու հետ կապված հարաբերությունները:
2. Հասարակական կազմակերպությունն իր անվանման մեջ «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը կարող է օգտագործել միայն պետական ռեգիստրի ղեկավարի թույլտվությամբ:
3. Հասարակական կազմակերպությունը «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն իր անվանման մեջ օգտագործելու թույլտվություն ստանալու համար պետական ռեգիստրի կենտրոնական մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) դիմում.
բ) հասարակական կազմակերպության գործունեությունը բնութագրող նյութեր (բրոշյուրներ, մամուլում հրապարակումներ, լուսանկարներ, տեսահոլովակներ և այլն), եթե կան այդպիսիք.
գ) տեղեկություններ հասարակական կազմակերպության անդամների թվի, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, հիմնարկների և տնտեսական ընկերությունների մասին.
դ) հասարակական կազմակերպության բարձրագույն մարմնի կողմից հաստատված` դիմելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի գործունեության և գույքի օգտագործման մասին հաշվետվության պատճենը.
ե) հասարակական կազմակերպության հիմնադիրների և (կամ) բարձրագույն մարմնի կողմից ձևավորված մարմիններում ընդգրկված անձանց ցուցակը.
զ) տեղեկանքներ հարկային և սոցիալական ապահովության մարմիններից պարտավորություններ չունենալու մասին:
Նոր հիմնադրված և պետական գրանցում չունեցող հասարակական կազմակերպությունը ներկայացնում է միայն սույն կետի «ա» և «ե» ենթակետերով սահմանված փաստաթղթերը:
Հասարակական կազմակերպությունն իր ցանկությամբ կարող է ներկայացնել նաև այլ փաստաթղթեր:
4. «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն օգտագործելու թույլտվության դիմումները քննարկելու և համապատասխան եզրակացություն տալու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից պետական ռեգիստրի կենտրոնական մարմնում ստեղծվում է համապատասխան հանձնաժողով:
5. Հանձնաժողովը սույն կարգով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում հրավիրում է նիստ և քննարկում ներկայացված հարցը: Նիստին հրավիրվում են նաև տվյալ հասարակական կազմակերպության և շահագրգիռ պետական մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանձնաժողովը քննարկումից հետո համապատասխան եզրակացությամբ առաջարկություն է ներկայացնում պետական ռեգիստրի ղեկավարին:
6. Հանձնաժողովը «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները հասարակական կազմակերպության անվանման մեջ օգտագործելու թույլտվություն տալու համար դրական եզրակացություն է տալիս` հաշվի առնելով հասարակական կազմակերպության կանոնադրական խնդիրներն ու նպատակները, ինչպես նաև հասարակական կազմակերպության գործունեության ընթացքում դրա (նոր հիմնադրված և պետական գրանցում չունեցող հասարակական կազմակերպության համար նրա հիմնադիրների) ձեռք բերած հեղինակությունն ու համբավը:
7. Հանձնաժողովը` ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը հասարակական կազմակերպության անվանման մեջ օգտագործելու թույլտվություն տալու համար դրական եզրակացություն է տալիս, եթե այդ անձը հանրահայտ է այն ոլորտում, որը համընկնում է տվյալ հասարակական կազմակերպության գործունեության առարկային և նպատակներին: Հանձնաժողովը մերժման եզրակացություն է տալիս բոլոր այն դեպքերում, երբ այդ անվան օգտագործումն անհարիր է տվյալ անձի համբավին ու կարող է ստվեր գցել նրա հեղինակության վրա:
8. Հանձնաժողովի հիմնավորված դրական եզրակացության դեպքում պետական ռեգիստրի ղեկավարը եզրակացությունն ստանալուց հետո ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում որոշում է ընդունում «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը հասարակական կազմակերպության անվանման մեջ օգտագործելու թույլտվության մասին:
9. Հանձնաժողովի բացասական կամ չհիմնավորված դրական եզրակացության դեպքում պետական ռեգիստրի ղեկավարը, եզրակացությունն ստանալուց հետո ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, որոշում է ընդունում «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը հասարակական կազմակերպության անվանման մեջ օգտագործելու մերժման մասին կամ հանձնարարում է հանձնաժողովին կատարել լրացուցիչ ուսումնասիրություն: Այդ դեպքում հանձնաժողովը պարտավոր է 15 օրվա ընթացքում կատարել լրացուցիչ ուսումնասիրություն:
10. Մերժման դեպքում հասարակական կազմակերպությունը կարող է կրկին դիմել մերժման օրվանից 6 ամիս հետո` սույն կարգին համապատասխան:
11. Եթե հասարակական կազմակերպությունը «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն իր անվանման մեջ օգտագործելու թույլտվությունն ստանալուց հետո իր գործունեությամբ արատավորում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը կամ հանրահայտ անձի պատիվը, արժանապատվությունը, բարի անունը կամ գործարար համբավը, ինչպես նաև թույլտվություն տալու հիմքերը վերանալու դեպքում հանձնաժողովը կարող է եզրակացություն ներկայացնել պետական ռեգիստրի ղեկավարին` «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը հասարակական կազմակերպության անվանման մեջ օգտագործելու իրավունքից տվյալ կազմակերպությանը զրկելու մասին:
12. Հանձնաժողովի հիմնավորված եզրակացության դեպքում պետական ռեգիստրի ղեկավարը որոշում է ընդունում «Հայաստան» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը հասարակական կազմակերպության անվանման մեջ օգտագործելու իրավունքից զրկելու մասին:
13. Սույն կարգի 12-րդ կետին համապատասխան որոշում ընդունվելուց հետո եռօրյա ժամկետում հասարակական կազմակերպությանը ծանուցվում է դրա մասին:
14. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված ծանուցումն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում հասարակական կազմակերպությունը պարտավոր է իր կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և օրենքով սահմանված կարգով այն ներկայացնել պետական գրանցման:
15. Եթե հասարակական կազմակերպությունը համապատասխան ծանուցումն ստանալուց հետո եռամսյա ժամկետում իր կանոնադրության մեջ չի կատարում համապատասխան փոփոխություններ, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կարող է դիմել դատարան` հասարակական կազմակերպության լուծարման պահանջով:
16. Սույն կարգի կիրառման ընթացքում ծագած վեճերը լուծվում են դատական կարգով: