040.0464.270402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2002 թվականի N 464
i
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 173 որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 60-րդ կետի` շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների և պետական պատվերի շրջանակներում պետության պարտավորությունների փոխադարձ հաշվանցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ներել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կողմից ֆինանսավորվող` պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առողջապահական ընկերությունների 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ պետական բաժնեմասի դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարման ենթակա նախորդ տարիների պարտավորությունները, բացառությամբ`
ա) հոգեբուժական, նարկոլոգիական, հակատուբերկուլյոզային և շտապօգնության ծառայություններ իրականացնող ընկերությունների.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կողմից 1999 և 2000 թվականներին, ըստ տարիների, ամբողջությամբ ֆինանսավորված ընկերությունների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությանը` սույն որոշման ընդունման պահից տասնօրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության մարզպետների հետ համատեղ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված ընկերությունների ցանկը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության) կողմից սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետի առաջին մասով սահմանված տեղեկատվության տրամադրման դեպքում, Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեում ֆինանսավորման աղբյուրների առկայությամբ, իրականացնել պետական պատվերի շրջանակներում առաջացած` նախորդ տարիների բյուջետային պարտավորությունների մարում` 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ այդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների (կուտակային) սահմաններում:
4. Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմիններին (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության)`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`
տեղեկատվություն 1999 և 2000 թվականների շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորություններ ունեցող ընկերությունների կողմից պետական պատվերի շրջանակներում կատարված` սահմանված կարգով պատվիրատուների կողմից ընդունված աշխատանքների ծավալների և դրանց դիմաց, տեղեկատվությունը ներկայացնելու օրվա դրությամբ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ըստ ընկերությունների, ֆինանսավորման չափերի վերաբերյալ.
1999-2000 թվականներին պետական պատվերի շրջանակներում ընկերությունների կողմից կատարված և սահմանված կարգով պատվիրատուի կողմից ընդունված աշխատանքների գծով առկա բյուջետային պարտքի մարման ծախսերի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ծավալով ֆինանսավորման հայտեր.
բ) ապահովել ֆինանսավորման հայտերի համաձայն հատկացվող միջոցների հաշվին ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ շահութաբաժինների գծով պարտավորությունների մարումը մեկ բանկային օրվա ընթացքում` բանկային (գանձապետական) հաշիվների միջոցով, «վճարում-գանձում» եղանակով: