(ուժը կորցրել է 01.01.13 թվականից` 22.12.10 ՀՕ-246-Ն օրենքով)
010.0319.270402
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2002 թվականի ապրիլի 2-ին
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածում`
i
ա) 1-ին կետի 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Պետական և համայնքային ենթակայության մշակութային, դպրոցական, նախադպրոցական հաստատությունների մինչև 20 հազար դրամ աշխատավարձ սահմանված հաստիքը ոչ լրիվ դրույքով զբաղեցնող վարձու աշխատողի համար սույն կետի առաջին մասով սահմանված սոցիալական վճարը գործատուն հաշվարկում և լիազոր մարմին է փոխանցում վարձու աշխատողի զբաղեցրած ոչ լրիվ դրույքին համամասնորեն:».
i
բ) 5-րդ կետի 2-րդ մասը «60 հազար դրամը» բառերից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ`
«Վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերը սոցիալական վճարներ են կատարում նաև վարձու աշխատողների համար` գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
i
ա) 1-ին կետը «լիազոր մարմին են վճարում» բառերից հետո լրացնել «ամսական» բառով.
բ) 4-րդ կետից հանել «` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը և կետը լրացնել «Հաշվետվության ձևը, լրացման կարգը մշակում ու հաստատում է լիազոր մարմինը և գրանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» նախադասությամբ.
գ) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Եթե օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և լիազորված մարմին փոխանցելու պարտականությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է լիազորված մարմին տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների մասին:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածից հանել «` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերով» բառերը: Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Սոցիալական վճարների հավաքագրումն ու գանձումն ապահովող լիազորված մարմնի տարեկան բյուջեն ընդունվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով:»:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հուլիսի 1-ից:
27 ապրիլի 2002 թ.
ՀՕ-319