040.0282.190302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մարտի 2002 թվականի N 282
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2002 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» N 1281 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ:
2. Հաստատել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործունեության համար նրան անհատույց տրամադրել համապատասխան տարածք և սահմանված կարգով ապահովել նրա պետական գրանցումը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի պետական գրանցումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության անունից որպես նշված հիմնադրամի հիմնադրման կամավոր գույքային վճար հիմնադրամին հատկացնել 8938,3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով` Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման պետական ծրագրին Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցության համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 19-ից:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
մարտի 19-ի N 282 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (այսուհետև` հիմնադրամ) Հայաստանի Հանրապետության կառավարության գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:
2. Հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետև` օրենսգիրք) պահանջներին համապատասխան և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
3. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
4. Հիմնադրամի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան:
5. Հիմնադրամի անվանումն է`
հայերեն լրիվ` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ,
հայերեն կրճատ` «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ»,
ռուսերեն լրիվ` Ֆոնդ «Նացիոնալնիյ ցենտռ ռազվիտիյա մալոգո ի սրեդնեգո պրեդպրինիմատելստվա Արմենիի»,
ռուսերեն կրճատ` «ՆՑՊ ՄՍՊ Արմենիի»,
անգլերեն լրիվ` Fund «Small and Medium Entrepreneurship Development National Center of Armenia»,
անգլերեն կրճատ` «SME DNC of Armenia»:
6. Հիմնադրամի գործունեության ժամկետը չի սահմանափակվում:
II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Հիմնադրամի գործունեության նպատակներն են`
ա) Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետև` ՓՄՁ) ոլորտին պետական աջակցության ապահովումը.
բ) Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ-ի ոլորտի զարգացումը.
գ) ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացումը.
դ) ՓՄՁ-ի սուբյեկտներին տեխնիկական և ֆինանսական աջակցության տրամադրումը:
8. Հիմնադրամի խնդիրներն են`
ա) ՓՄՁ-ի ոլորտի զարգացման նպատակային, այդ թվում` տարածաշրջանային ծրագրերի և միջոցառումների իրականացումը.
բ) միջազգային կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ ծրագրերի իրականացումը.
գ) ՓՄՁ-ի ոլորտի զարգացման ծրագրերի համակարգումը.
դ) ՓՄՁ-ի սուբյեկտներին մատուցվող խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների մատչելիության ապահովումը.
ե) ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական (վարկային) և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը.
զ) ՓՄՁ-ի սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության խթանումը.
է) ՓՄՁ-ի սուբյեկտների նորարարական գործունեությանը և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցությունը.
ը) ՓՄՁ-ի սուբյեկտների համար կադրերի պատրաստման և վերապատրաստման հնարավորությունների ընդլայնումը:
III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
9. Հիմնադրամի իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից և դադարում` նրա լուծարմամբ: Հիմնադրամն ունի ինքնուրույն հաշվեկշիռ: Այն կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային և այլ հաշիվներ բացել Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա բանկերում: Հիմնադրամն ունի իր անվանմամբ կլոր կնիք (հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով), դրոշմակնիք և ձևաթղթեր:
10. Հիմնադրամն ունի սեփական առանձնացված գույք, իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
11. Հիմնադրամը կարող է`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած ձևով ձեռք բերել գույք, ինչպես նաև արժեթղթեր, տնօրինել, տիրապետել և օգտագործել դրանք, ինչպես նաև դրանց արդյունքում առաջացած եկամուտը.
բ) ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական միջոցները, ինչպես նաև վարկ վերցնել.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել պայմանագրեր և ստանձնել պարտականություններ.
դ) հրատարակել նյութեր և ունենալ դրանց նկատմամբ հեղինակային իրավունք.
ե) սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն` ուղղված իր կանոնադրական նպատակների իրագործմանը:
12. Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հրապարակել հաշվետվություն իր գործունեության և գույքի օգտագործման մասին:
13. Իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար հիմնադրամն իրավունք ունի հիմնադրելու տնտեսական ընկերություններ և (կամ) մասնակից լինելու դրանց:
14. Հիմնադրամի գործունեության արդյունքում ստացված եկամուտը չի կարող փոխանցվել նրա հիմնադրին:
IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ
15. Հիմնադրամն իրավունք ունի օրենսգրքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջներին համապատասխան ստեղծելու մասնաճյուղեր, ներկայացուցչություններ և հիմնարկներ:
16. Հիմնադրամի կողմից օտարերկրյա պետություններում մասնաճյուղերը, ներկայացուցչությունները և հիմնարկներն ստեղծվում են մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների գտնվելու վայրի երկրի օրենսդրությանը համապատասխան:
17. Մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների ղեկավարները նշանակվում են հիմնադրամի գործադիր տնօրենի և հաստատվում հոգաբարձուների խորհրդի կողմից:
V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
18. Հիմնադրամի գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամի սեփականության իրավունքի օբյեկտներն են`
ա) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, այդ թվում` մտավոր գործունեության արդյունքները` ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները (մտավոր սեփականությունը).
բ) գույքի ոչ նյութական օբյեկտները:
19. Հիմնադրամի սեփականություն կարող է հանդիսանալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք` բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան չեն կարող պատկանել իրավաբանական անձանց: Հիմնադրամի սեփականությունը հանդիսացող գույքի քանակն ու արժեքը չեն սահմանափակվում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
20. Հիմնադրամի միջոցները ձևավորվում են կամավորության սկզբունքով: Հիմնադրամի կազմավորմանը կարող են մասնակցել ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպություններ: Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ինչպես նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպություն կարող է միջոցներ հատկացնել հիմնադրամին: Հիմնադրամին կարող են հատկացումներ կատարվել նաև նվիրատվության, ժառանգման, անանուն փոխանցումների և օրենքով նախատեսված այլ ձևերով: Խոշոր միանվագ միանվագ մուծումների դեպքում կարող են իրականացվել անվանական ծրագրեր: Հիմնադրամի կազմավորման յուրաքանչյուր մասնակից իր մուծումների չափին համապատասխան ստանում է վկայական: Հիմնադրամի կազմավորման և միջոցների հավաքագրման գործին մեծ նպաստ բերողներին հոգաբարձուների խորհրդի կողմից կարող են շնորհվել պատվավոր կոչումներ:
21. Հիմնադրամը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր կանոնադրությամբ սահմանված կարգով, իր հայեցողությամբ տիրապետում, տնօրինում և օգտագործում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը, այդ թվում` որպես սեփականություն օտարում այլ անձանց, նրանց փոխանցում այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գրավ դնում կամ տնօրինում օրենքով չարգելված այլ եղանակով:
22. Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրամի սեփականությունը պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
23. Հիմնադրամի սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերում:
24. Հիմնադրի և այլ անձանց կողմից հիմնադրամին որպես կամավոր վճար հատկացված գույքը հանդիսանում է հիմնադրամի սեփականությունը:
VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
25. Հիմնադրամի կառավարման մարմիններն են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ու հիմնադրամի գործադիր տնօրենը:
26. Հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետև` խորհուրդ):
27. Խորհրդի անդամների թիվը չի կարող 7 անդամից պակաս և 15 անդամից ավելի լինել: Խորհրդի կազմի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից` մեկ ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունից` երկու ներկայացուցիչ, մեկական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից, ինչպես նաև ներկայացուցիչներ` ՓՄՁ-ի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններից: Խորհրդի անդամ կարող է լինել ցանկացած անհատ, որը կկատարի նշանակալի կամավոր վճար:
28. Խորհուրդը գլխավորում է խորհրդի նախագահը (այսուհետև` հիմնադրամի նախագահ): Հիմնադրամի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարն է կամ նրա կողմից նշանակված անձը: Խորհրդի առաջին կազմը հաստատում է հիմնադրամի նախագահը:
29. Խորհրդի նիստերը հրավիրվում են հիմնադրամի նախագահի կողմից` տարեկան առնվազն 4 անգամ: Հիմնադրամի նախագահը սահմանում է խորհրդի նիստերի անցկացման օրը, ժամը և օրակարգը: Խորհրդի նիստերը նախագահում է հիմնադրամի նախագահը կամ, նրա լիազորությամբ, խորհրդի անդամներից մեկը:
30. Խորհրդի նիստում յուրաքանչյուր անդամ ունի 1 ձայնի իրավունք: Որոշում ընդունելիս ձայների հավասարության դեպքում հիմնադրամի նախագահի ձայնը վճռորոշ է:
31. Խորհուրդը`
ա) փոփոխություններ ու լրացումներ է կատարում հիմնադրամի կանոնադրության մեջ.
բ) հաստատում է հիմնադրամի տարեկան ծրագրերը.
գ) հիմնադրամի գործադիր տնօրենի ներկայացմամբ ընդունում է որոշումներ հիմնադրամի կողմից իրականացվող խոշոր գործարքների մասին.
դ) հիմնադրամի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է հիմնադրամի տարեկան ծախսերի նախահաշիվը.
ե) հիմնադրամի նախագահի ներկայացմամբ նշանակում և ազատում է հիմնադրամի գործադիր տնօրենին.
զ) դադարեցնում է խորհրդի անդամների լիազորությունները և առաջադրում նոր թեկնածություններ.
է) իրականացնում է վերահսկողություն հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից հիմնադրամի միջոցների օգտագործման նկատմամբ.
ը) հաստատում է հիմնադրամի տարեկան հաշվետվությունները.
թ) ստեղծում, վերակազմավորում ու լուծարում է հիմնադրամի մասնաճյուղերը, ներկայացուցչությունները և հիմնարկները, ինչպես նաև հաստատում է դրանց կանոնադրությունները.
ժ) վերահսկում է իր կողմից ընդունված որոշումների կատարումը:
32. Խորհրդի անդամներն ընտրվում են իրենց մասնագիտական որակավորման և աշխատանքային փորձի հիման վրա, ինչպես նաև հաշվի է առնվում նրանց անկախ և օբյեկտիվ մոտեցումը հիմնադրամի նպատակներին: Խորհրդի անդամները պետք է իրենց պարտականությունները կատարեն ազնվորեն և միշտ ձգտեն ընդունել օբյեկտիվ որոշումներ:
33. Խորհրդի անդամն իրավունք ունի հիմնադրամի աշխատանքները բարելավելու նպատակով նրա մարմիններ ներկայացնելու առաջարկություններ և սահմանված կարգով պահանջելու քվեարկություն:
34. Խորհրդի անդամները պարտավոր են մասնակցել խորհրդի նիստերին:
35. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`
ա) եթե նա խախտել է խորհրդի գործունեության կանոնակարգային պահանջները, անհարգելի պատճառով անընդմեջ բացակայել է խորհրդի 2 կամ ավելի նիստերից և շահագրգռություն չի ցուցաբերում քննարկվող հարցերի նկատմամբ.
բ) սեփական նախաձեռնությամբ:
36. Խորհրդի անդամի փոփոխությունը կարող է կատարվել նաև այն մարմնի ղեկավարի որոշմամբ, որը ներկայացնում է խորհրդի տվյալ անդամը:
37. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են խորհրդի որոշմամբ` խորհրդի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
38. Հիմնադրամի նախագահը`
ա) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.
բ) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
գ) ստորագրում է խորհրդի նիստերի արձանագրությունները.
դ) համակարգում է խորհրդի անդամների և գործադիր տնօրենի գործունեությունը.
ե) հաստատում է խորհրդի գործունեության կանոնակարգը.
զ) հաստատում է հիմնադրամի աշխատողների հաստիքացուցակները.
է) իրականացնում է խորհրդի կողմից լիազորված այլ իրավասություններ:
39. Հիմնադրամի գործադիր մարմինը հիմնադրամի տնօրենն է, որը վարում է հիմնադրամի ընթացիկ աշխատանքները և հաշվետու է խորհրդին:
40. Հիմնադրամի գործադիր տնօրենը`
ա) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
բ) առանց լիազորագրի գործում է հիմնադրամի անունից, ներկայացնում հիմնադրամի շահերը, տնօրինում հիմնադրամի գույքը, կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային) ու համաձայնագրեր և տալիս լիազորագրեր.
գ) արձակում է հրամաններ հիմնադրամի աշխատողներին պաշտոնների նշանակման, նրանց տեղափոխման և ազատման մասին, կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
դ) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է խորհրդի նիստերին.
ե) կազմակերպում է խորհրդի նիստերի անցկացումը և նախատեսված փաստաթղթերի տրամադրումը խորհրդի անդամներին:
VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
41. Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարվում են խորհրդի որոշմամբ:
42. Եթե հիմնադրամի կանոնադրությունն անփոփոխ պահելը հանգեցնում է այնպիսի հետևանքների, որոնք հնարավոր չէր կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս, իսկ խորհուրդը չի փոփոխում հիմնադրամի կանոնադրությունը, ապա հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխությունները կարող է կատարել դատարանը` հիմնադրամի հիմնադրի կամ խորհրդի մեկ կամ ավելի անդամների դիմումի հիման վրա:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ
43. Խորհրդի նիստերը գումարվում են հիմնադրամի նախագահի կողմից` համաձայն սույն կանոնադրության 29-րդ կետի պահանջների:
44. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
45. Սույն կանոնադրության 31-րդ կետի «ա» ենթակետում նշված հարցերի մասին որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա բոլոր անդամների ձայների 2/3-ով: Մնացած հարցերի մասին որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
46. Խորհրդի նիստերի օրակարգն ու օրակարգին վերաբերող փաստաթղթերը (դրանց պատճենները) խորհրդի անդամներին են տրամադրվում նիստից մեկ շաբաթ առաջ:
47. Խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են հիմնադրամի նախագահի կողմից` խորհրդի անդամների 1/2-ի, հիմնադրամի վերստուգող հանձնաժողովի նախագահի կամ հիմնադրամի գործադիր տնօրենի պահանջով: Եթե հիմնադրամի նախագահը 20 օրվա ընթացքում չի կատարում արտահերթ նիստի հրավիրման պահանջը, ապա նախաձեռնողները կարող են իրենք հրավիրել արտահերթ նիստ:
48. Խորհրդի կողմից լուծման ենթակա ցանկացած հարց պետք է գրավոր ներկայացվի հիմնադրամի նախագահին` նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ:
IX. ՇԱՀԱԳՐԳՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՈՒՄ
49. Հիմնադրամի կողմից կնքվող գործարքներում շահագրգիռ անձ են համարվում հիմնադրամի նախագահը, խորհրդի անդամները, հիմնադրամի գործադիր տնօրենը, եթե նրանք և (կամ) նրանց հետ փոխկապակցված անձինք`
ա) հանդիսանում են գործարքի կողմ կամ մասնակցում են գործարքին` որպես միջնորդ կամ ներկայացուցիչ.
բ) տիրապետում են գործարքի կողմ, միջնորդ կամ ներկայացուցիչ հանդիսացող իրավաբանական անձի քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 20 և ավելի տոկոսին.
գ) պաշտոններ են զբաղեցնում գործարքի կողմ, միջնորդ կամ ներկայացուցիչ հանդիսացող իրավաբանական անձի կառավարման մարմիններում:
50. Շահագրգիռ անձինք պարտավոր են պահպանել հիմնադրամի շահերն ու չօգտագործել հիմնադրամի հնարավորությունները կամ թույլ չտալ դրանք օգտագործել այլ նպատակների համար, բացի հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներից:
51. Այն դեպքում, երբ անձը շահագրգռություն ունի այն գործարքում, որի կողմ է ինքը կամ կողմ դառնալու մտադրություն ունի, ապա նա, որպես շահագրգիռ անձ, պարտավոր է մինչև գործարքը կնքելու մասին որոշման ընդունումը խորհրդին տեղյակ պահել իր շահագրգռության մասին:
52. Նշված պայմանների խախտմամբ կնքված գործարքը կարող է վիճարկվել դատական կարգով:
53. Շահագրգիռ անձը պատասխանատվություն է կրում հիմնադրամի առջև` հիմնադրամին պատճառած վնասների չափով: Եթե վնասը պատճառվել է մի քանի անձանց կողմից, ապա նրանք հիմնադրամի առջև կրում են համապարտ պատասխանատվություն:
X. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
54. Հիմնադրամի գործունեության վերահսկողությունն իրականացնում է հիմնադրամի վերստուգող հանձնաժողովը: Վերստուգող հանձնաժողովը կազմված է երեք անդամից, որոնք ներկայացվում և հաստատվում են խորհրդի կողմից:
55. Հիմնադրամի վերստուգող հանձնաժողովն իրավունք ունի ծանոթանալու հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր փաստաթղթերին, ստուգելու հիմնադրամի ֆինանսական միջոցների շարժը:
56. Հիմնադրամի վերստուգող հանձնաժողովի պահանջով հիմնադրամի տնօրենը պարտավոր է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, տալ պարզաբանումներ:
57. Հիմնադրամի վերստուգող հանձնաժողովը վերլուծում է հիմնադրամի տարեկան ֆինանսական հաշվետվությունները, տալիս դրանց մասին եզրակացություն:
58. Խորհրդի տարեկան ժողովը հաստատում է հիմնադրամի տարեկան հաշվետվությունները, հաշվապահական հաշվեկշիռը` հիմնադրամի վերստուգող հանձնաժողովի եզրակացության առկայության դեպքում:
59. Հիմնադրամի վերստուգող հանձնաժողովը պարտավոր է պահանջել խորհրդի արտահերթ նիստի գումարում, եթե`
ա) վտանգ է սպառնում հիմնադրամի շահերին.
բ) հայտնաբերվել են հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից կատարված չարաշահումներ:
60. Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով կարող է ֆինանսական տարվա ավարտից հետո հրավիրվել անկախ աուդիտոր` հիմնադրամի գործունեությունն ստուգելու նպատակով:
61. Հիմնադրամի վերստուգող հանձնաժողովի և (կամ) անկախ աուդիտորի ծախսերի հատուցման կարգը և չափը սահմանվում են խորհրդի որոշմամբ:
XI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
62. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններ:
63. Հիմնադրամի գործադիր տնօրենը պատասխանատվություն է կրում հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման վիճակի և դրա հավաստիության, տարեկան հաշվետվությունը, ֆինանսական ու վիճակագրական հաշվետվությունները համապատասխան պետական մարմիններ ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներին հիմնադրամի մասին տրամադրվող տեղեկատվության համար:
XII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
64. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
65. Հիմնադրամը կարող է լուծարվել միայն դատարանի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: