040.0206.060302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 2002 թվականի N 206
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լուծարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վարչության լուծարման գործընթացը:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը`
ա) լուծարվող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչության գործառույթներն իրականացնելու նպատակով 2-ամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նախարարության աշխատակազմում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու վերաբերյալ.
բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, ինչպես նաև` առաջարկություններ այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 6-ից: