040.0200.060302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 2002 թվականի N 200
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ենթակայության զբաղվածության հանրապետական ծառայությունը և դրա մարզային ու տարածքային կենտրոնները վերակազմավորել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կազմում գործող «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
i
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության համակարգում գործող բժշկասոցիալական հանձնաժողովները վերակազմավորել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, ինչպես նաև` առաջարկություններ այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 6-ից: