040.0196.060302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 2002 թվականի N 196
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչությունը միացման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության պետական ռեզերվների գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ենթակայության «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության մետաղափորձական վերահսկողության տեսչության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, ինչպես նաև` առաջարկություններ այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 6-ից: