040.0118.110202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 փետրվարի 2002 թվականի N 118
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԲԱՇԽՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԵՏԱԳԱ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման միջազգային մրցույթի չկայանալը, ինչպես նաև` այն, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշված ընկերությունների մասնավորեցումը շարունակում է համարել առաջնային խնդիր, հիմք ընդունելով «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ կետը և նշված ընկերությունների կառավարումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունները նախապատրաստել մինչև հինգ տարի ժամկետով` հավատարմագրային կառավարման հանձնելուն:
2. Հավատարմագրային կառավարման հանձնելու նախապատրաստական փուլում համապատասխան նախադրյալների առկայության դեպքում մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունները:
3. Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունները հավատարմագրային կառավարման հանձնելիս հավատարմագրային կառավարման ընթացքում համապատասխան նախադրյալների առաջացման դեպքում նախատեսել նշված ընկերությունների մասնավորեցումը:
i
4. Հավատարմագրային կառավարման հանձնելու նախապատրաստական փուլում կամ հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո մասնավորեցման դեպքում առաջնորդվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքները կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ ամրագրված սկզբունքներով:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ քննարկելով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման գործընթացում խորհրդատուների առաջարկությունները` մինչև 2002 թվականի մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունները հավատարմագրային կառավարման հանձնելու հիմնական դրույթները, մրցույթի մասնակիցների նախաորակավորման չափորոշիչները, մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակացույցը:
6. Մինչև մասնավորեցման գործընթացի վերսկսումը ժամանակավորապես կասեցնել «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մրցութային հանձնաժողովի գործունեությունը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: