600.0055.121101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
12 նոյեմբերի 2001 թվականի N 55
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎԱՐՎԵՑՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ և 59-րդ հոդվածի 5-րդ կետերը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի վարվեցողության կանոնները» (կցվում է):
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի անդամների և աշխատակիցների վարվեցողության կանոնները հաստատելու մասին» N 35 որոշումը:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի 2001թ.
նոյեմբերի 12-ի N 55 որոշմամբ
ՎԱՐՎԵՑՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Սույն կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի անդամների և աշխատակազմի աշխատակիցների վարվելակարգը պաշտոնավարման ընթացքում:
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի (այսուհետև` հանձնաժողով) անդամներն ու աշխատակազմի աշխատակիցներն (այսուհետև` աշխատակիցներ) իրենց գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով և սույն կանոններով:
2. Հանձնաժողովի անդամը չի կարող լինել ներկայացուցչական որևէ մարմնի անդամ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ էներգետիկայի բնագավառի գործունեության լիցենզիա ունեցող անձանց համար կատարել որևէ աշխատանք:
3. Հանձնաժողովի անդամներն ու աշխատակիցները իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց մոտ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ունենալ բաժնեմաս, արժեթղթեր կամ կատարել այլ ներդրումներ, ինչպես նաև որևէ այլ նյութական շահագրգռվածություն ունենալ լիցենզավորված անձանց գործունեությունում կամ այդ գործունեության իրականացման համար անհրաժեշտ լիցենզավորված անձի գործարքներում:
4. Հանձնաժողովի անդամը, առանց նախապես տեղեկացնելու և բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու հնարավորություն ընձեռելու, իրավունք չունի քննարկման ենթակա հարցի վերաբերյալ խորհրդակցել շահագրգիռ անձի կամ նրա լիազորած անձի հետ:
5. Հանձնաժողովի անդամներն ու աշխատակիցները պարտավոր են.
- անկողմնակալ մոտեցում ցուցաբերել գործունեության լիցենզիայի հայտ ներկայացրած, լիցենզավորված անձանց և սպառողների նկատմամբ.
- անհրաժեշտ պարզաբանումներ տալ սպառողներին, էներգետիկայի բնագավառում լիցենզիայի հայտ ներկայացրած, լիցենզավորված գործունեությամբ զբաղվող անձանց հարցադրումներին, նպաստելով դրանց օրինական լուծմանը:
6. Հանձնաժողովի անդամների և աշխատակիցների գործնական բնույթի հանդիպումներն այն իրավաբանական անձանց հետ, որոնց սակագները հաստատելու, գործունեության լիցենզիա տալու կամ այն վերանայելու վերաբերյալ հարցը ներկայացված է հանձնաժողովի քննարկմանը, իրականացվում է.
- հանդիպման մասին պայմանավորվածության դեպքում հանձնաժողովի անդամները կամ աշխատակիցները հանդիպման ժամանակ քննարկվող հարցերի շրջանակի և հանդիպման ժամկետի մասին տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին (աշխատակիցները տեղեկացնում են իրենց ստորաբաժանումների ղեկավարների միջոցով).
- եթե հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերել հանձնաժողովի նախագահը, ապա այդ մասին նա տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներից որևէ մեկին.
- հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ կայացած հանդիպումների (այդ թվում` առանց նախնական պայմանավորվածության) արդյունքների մասին հանձնաժողովի նախագահը տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին.
- կայացած հանդիպումների (այդ թվում` առանց նախնական պայմանավորվածության) արդյունքների մասին հանձնաժողովի անդամները կամ աշխատակիցները տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին` համաձայն սույն ընթացակարգի:
7. Հանձնաժողովի անդամներն ու աշխատակիցները, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի երրորդ կետի համաձայն, պարտավոր են ապահովել պետական և ծառայողական գաղտնիքի պահպանությունը, որի հրապարակման, որևէ մեկի անձնական շահերին ծառայեցնելու դեպքերում պատասխանատվություն են կրում ՀՀ օրենքով սահմանված կարգով:
8. Հանձնաժողովի անդամներն ու աշխատակիցները Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում հանձնաժողովը ներկայացնելիս, արտահայտում են հանձնաժողովի դիրքորոշումը: Ոչ պաշտոնական կարծիք արտահայտելիս նրանք պետք է նշեն, որ արտահայտում են իրենց անձնական կարծիքը:
9. Այն դեպքում, երբ հանձնաժողովի նիստում քննարկվում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկի մերձավոր ազգականի ներկայացրած հարցը, ապա հանձնաժողովի տվյալ անդամը այդ մասին տեղեկացնում է հանձնաժողովի նիստը նախագահողին և չի մասնակցում հարցի քվեարկությանը:
10. Հանձնաժողովի անդամների կամ աշխատակիցների կողմից «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի պահանջների կամ սույն կանոնների խախտման դեպքում հրավիրվում է հանձնաժողովի նիստ, հարցը քննարկվում և կայացվում է մասնավոր որոշում: