040.0461.120799
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» հուլիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հուլիսի 1999 թվականի թիվ 461
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գործող միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):
(որոշումը փոփ. 09.12.05 թիվ 2225-Ն, 29.10.09 թիվ 1242-Ն, 28.04.2022 թիվ 578-Ն որոշումներ)
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հուլիսի 12-ի N 461 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետև` նախարարություն) կից գործող միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 18-ի «Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» N 319 որոշմամբ:
2. Հանձնաժողովը հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների թույլտվության, նպատակահարմարության, արդյունավետության խնդիրները քննարկող և գիտամեթոդական եզրակացություններ տվող խորհրդակցական մարմին է:
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթներն են`
ա) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների վերաբերյալ գիտական հաշվետվությունների, նյութերի, փաստաթղթերի և տեղեկությունների ստացումն ու քննարկումը:
բ) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների ու գիտահետազոտական ծրագրերի, նախագծերի և նպատակային աշխատանքների քննարկումն ու դրանց իրականացման անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան եզրակացություն տալը.
գ) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների կատարման թույլտվության վերաբերյալ եզրակացություն տալը.
դ) հանրապետության տարածքում գտնվող հուշարձանների հետախուզման և հնագիտական պեղումների ծրագրերի ու աշխատանքների համակարգված իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա շահագրգիռ իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ համագործակցության ապահովումը:
5. Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում նախարարություն է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օտարերկրյա պետությունների տարածքներում գտնվող վտանգված հայկական հուշարձանների պահպանման միջոցառումների իրականացման, ինչպես նաև դրանց հետախուզման, հնագիտական պեղումների և ֆինանսավորման վերաբերյալ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Հանձնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է նիստերի ձևով, ազատ քննարկման և հրապարակայնության պայմաններում, իսկ անհրաժեշտության դեպքում հուշարձանների տարածքում: Նիստերը հրավիրվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ:
7. Հանձնաժողովի աշխատանքը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը:
8. Հանձնաժողովի նախագահը`
ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և վարում դրանք.
բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները, պատասխանատվություն կրում հանձնաժողովի խնդիրների և գործառույթների իրականացման համար:
9. Հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:
10. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգը, կազմակերպում նիստերի անցկացումը.
բ) իրականացնում է հանձնաժողովի ընթացիկ կազմակերպման և տեխնիկական աշխատանքները.
գ) համակարգում և քննարկման է ներկայացնում հանձնաժողովի գործունեությանն առնչվող ընթացիկ հարցերը.
դ) կազմում է և հանձնաժողովի նախագահին է ներկայացնում հաշվետվություն ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:
11. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստից առնվազն երկու շաբաթ առաջ, հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով, առաջադրում են հարցեր և հանձնաժողովի նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ կարծիք հայտնում դրա օրակարգի վերաբերյալ:
12. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
13. Նախարարության և հանձնաժողովի միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարությունը կենսագործում է իր ընդունած որոշումը դրա մասին տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
14. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները` դրանց անցկացման պահից, իսկ որոշումները` պետական լիազորված մարմնի կողմից հաստատվելու պահից մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում են հանձնաժողովի անդամներին և համապատասխան շահագրգիռ կազմակերպություններ:
15. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(կանոնադրությունը փոփ. 09.12.05 թիվ 2225-Ն, 29.10.09 թիվ 1242-Ն որոշումներ)