ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 օգոստոսի 1993 թ. թիվ 420
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 584 ԵՎ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի ԹԻՎ 512 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` մշակել և հաստատել տրանսպորտային միջոցների պետական համարանիշերի, գրանցման և վարորդական իրավունքի վկայականների նմուշները:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից տրվող տրանսպորտային միջոցների պետական համարանիշերի, գրանցման և վարորդական իրավունքի վկայականների ձեռքբերման ծախսերը ֆինանսավորվում են հանրապետական բյուջեից:
i
3. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից մատուցվող որոշ ծառայությունների համար վարձավճար սահմանելու մասին» թիվ 584 որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից մատուցվող հետևյալ ծառայությունների համար վարձավճարի չափերը`
ա) տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության համար` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 3 տոկոսի չափով.
բ) ավտոմեքենայի գրանցման և պետական համարանիշի տրման համար` նվազագույն աշխատավարձի 60 տոկոսի չափով.
գ) մոտոփոխադրամիջոցների, կցորդների և կիսակցորդների գրանցման և պետական համարանիշերի տրման համար` նվազագույն աշխատավարձի 30 տոկոսի չափով.
դ) վարորդական իրավունքի վկայականի տրման համար` նվազագույն աշխատավարձի 30 տոկոսի չափով.
ե) կորցրած պետական համարանիշի, գրանցման վկայականի և վարորդական իրավունքի վկայականի փոխարեն կրկնօրինակի տրման համար` սույն կետի ,բ» , «գ» , «դ» ենթակետերով նախատեսված համապատասխան գումարի կրկնակի չափով.
զ) վարորդական իրավունքի վկայականի ձեռքբերման նպատակով քննությունների ընդունման համար` յուրաքանչյուր քննության համար նվազագույն աշխատավարձի 3 տոկոսի չափով.
է) տրանսպորտային միջոցների գրանցման, վերագրանցման, հաշվառումից հանման, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողության կատարման համար` նվազագույն աշխատավարձի 3 տոկոսի չափով.
ը) տարանցիկ (տրանզիտ) համարանիշի համար` նվազագույն աշխատավարձի 3 տոկոսի չափով.
թ) դիվանագիտական ներկայացուցչությունների տրանսպորտային միջոցներին պետական համարանիշի տրման համար` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով.
ժ) որսորդական հրազենի ձեռքբերման թույլտվության համար` նվազագույն աշխատավարձի 30 տոկոսի չափով.
ի) որսորդական հրազենի գրանցման և պահպանման համար` նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով.
լ) որսորդական յուրաքանչյուր հրազենի վերագրանցման համար` նվազագույն աշխատավարձի 25 տոկոսի չափով.
խ) հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից յուրաքանչյուր զենքի ձեռքբերման թույլտվության, գրանցման ու պահպանման համար` նվազագույն աշխատավարձի կրկնակի չափով.
ծ) հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կողմից պայթուցիկ նյութերի ձեռքբերման թույլտվության, տեղափոխման և պահպանման համար` նվազագույն աշխատավարձի կրկնակի չափով.
կ) հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից թունավոր, ռադիոակտիվ և իզոտոպային նյութերի ձեռքբերման թույլտվության, տեղափոխման և պահպանման համար` նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով.
հ) կնիքների և դրոշմանիշերի պատրաստման թույլտվության համար` բյուջետային կազմակերպության յուրաքանչյուր կնիքի համար նվազագույն աշխատավարձի 20 տոկոսի, իսկ այլ կազմակերպությունների և քաղաքացիների` 50 տոկոսի չափով»:
(3-րդ կետն ուժը կորցրել է 04.05.98 թիվ 270 որոշում)
4. Հրազենի ձեռքբերման, գրանցման և պահպանման համար վճարումներից ազատվում են պետական ուսումնական և մարզական կազմակերպությունները:
(4-րդ կետն ուժը կորցրել է 04.05.98 թիվ 270 որոշում)
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` դիվանագիտական ներկայացուցչությունների տրանսպորտային միջոցների պետական համարանիշերի ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացնել 3240 հազ. ռուբլի:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 15-ի թիվ 512 որոշման հավելվածի ծանոթության 2-րդ կետը: