040.1018.221001
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հոկտեմբերի 2001 թվականի N 1018
i
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի սահմանամերձ առևտրի շուկայի գործունեությունը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձառ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Բագրատաշենի սահմանամերձ շուկա» փակ բաժնետիրական ընկերություն:
2. Սահմանել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի սահմանամերձ առևտրի շուկայի տարածքը հանդիսանում է մաքսային հսկողության գոտի:
3. Հաստատել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի սահմանամերձ առևտրի շուկայի ուրվագիծը (կցվում է):
4. «Բագրատաշենի սահմանամերձ շուկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեին:
5. Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի սահմանամերձ առևտրի շուկայի տարածքում արգելել ենթաակցիզային ապրանքների իրացումը:
6. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին`
ա) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշենի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ վերանայել` վերացնելով սահմանամերձ առևտրի շուկայից մինչև Բագրատաշենի մաքսային կետը` առևտրի շուկաներ կազմակերպելու նպատակով կատարված հողահատկացումները` հետագայում դադարեցնելով նշված տարածքում նույն նպատակների համար հողահատկացումները.
բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ 10-օրյա ժամկետում ապահովել սահմանամերձ առևտրի շուկայից մինչև Բագրատաշենի մաքսային կետը` գոյություն ունեցող ինքնակամ օբյեկտների վերացումը.
գ) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշենի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ 5-օրյա ժամկետում ապահովել սահմանամերձ առևտրի շուկայից մինչև Բագրատաշենի մաքսային կետը տանող ճանապարհից Բագրատաշենի մաքսային կետը շրջանցող ճանապարհի կառուցման համար հողահատկացումը:
i
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի «Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանամերձ առևտրի շուկայի գործունեությունը կանոնակարգելու մասին» N 254 և 2000 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N 254 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 441 որոշումները:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 22-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության
2001 թ. հոկտեմբերի 22-ի
N 1018 որոշմամբ
ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՇՈՒԿԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ*
-----------------------------------------------------
* ԻՐՏԵԿ -հատակագիծը չի բերվում