(ուժը կորցրել է 21.12.2023 թիվ 2298-Ն որոշում)
i
040.0935.031001
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հոկտեմբերի 2001 թվականի N 935
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները (կցվում է):
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թ.
հոկտեմբերի 3-ի N 935 որոշմամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում (այսուհետև` կազմակերպություններ) գիտական կադրերի որակավորման կարգը, տարակարգերը և որակավորման չափանիշները, որոնք հիմք են հանդիսանում սահմանված կարգով պաշտոնների զբաղեցման և գիտական աշխատողների ատեստավորման համար:
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
2. Կազմակերպություններում գիտական կադրերի որակավորումն անցկացվում է համաձայն հետևյալ տարակարգման`
ա) գլխավոր գիտական աշխատող,
բ) առաջատար գիտական աշխատող,
գ) ավագ գիտական աշխատող,
դ) գիտական աշխատող,
ե) կրտսեր գիտական աշխատող:
3. Գիտական կադրերի որակավորումն անցկացվում է նրանց գիտական և գիտատեխնիկական գործունեության օբյեկտիվ գնահատման հիման վրա` համաձայն տվյալ պաշտոնը բնորոշող չափանիշների:
i
4. Գիտական կադրերի որակավորումն անցկացվում է առնվազն 5 տարին մեկ անգամ: Որակավորման անցկացման ժամանակացույցը սահմանվում է կազմակերպության ղեկավարի հրամանով, և որակավորման ենթակա անձինք դրա մասին տեղեկացվում են որակավորման անցկացման սկզբից` առնվազն մեկ ամիս առաջ:
(4-րդ կետը փոփ. 01.07.2021 թիվ 1073-Ն որոշում)
5. Գիտական կադրերի որակավորումն անցկացնելու համար գիտական կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծվում է, որպես կանոն, տվյալ կազմակերպության 5-7 առաջատար գիտնականներից բաղկացած որակավորող հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով):
Կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:
Խոշոր կազմակերպություններում կարող են ստեղծվել հանձնաժողովներ` ըստ գիտության բնագավառների:
6. Գիտական կադրերի որակավորումն անցկացվելուց առնվազն 15 օր առաջ հանձնաժողովին է ներկայացվում որակավորվող գիտական աշխատողի`
ա) անմիջական ղեկավարի կարծիքը նրա մասին,
բ) նախորդ որակավորումից հետո անցած ժամանակահատվածում գիտական աշխատանքների, հեղինակային վկայագրի ցանկերը և գիտական գործունեությանը վերաբերող այլ փաստական նյութեր,
գ) նախորդ որակավորման թերթիկը,
դ) հերթական որակավորման թերթիկը` 2 օրինակից:
7. Հանձնաժողովն իրավասու է անցկացնելու որակավորումը, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:
Որոշումն ընդունվում է փակ գաղտնի քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումն ընդունվում է որակավորվողի օգտին:
Հանձնաժողովը որակավորվողին տալիս է «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին», «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» գնահատականներից մեկը: Հանձնաժողովը կարող է տալ նաև գիտական կադրի պաշտոնի բարձրացման կամ իջեցման, պաշտոնից ազատելու, պաշտոնական դրույքաչափի բարձրացման, իջեցման կամ հավելավճարի սահմանման մասին երաշխավորություններ:
Հանձնաժողովի նիստին որակավորվողի անմիջական ղեկավարի ներկայությունը պարտադիր է:
8. Փակ գաղտնի քվեարկության արդյունքներն ու հանձնաժողովի երաշխավորությունները գրանցվում են նիստի արձանագրության մեջ և որակավորման թերթիկում, որոնք ստորագրում են հանձնաժողովի նախագահը և տվյալ նիստին ներկա բոլոր անդամները:
9. Որակավորվող գիտական կադրի` առանց հարգելի պատճառի հանձնաժողովի նիստին չներկայանալու դեպքում հանձնաժողովը կարող է որակավորումն անցկացնել նրա բացակայությամբ:
10. Որակավորման արդյունքներն ու հանձնաժողովի երաշխավորությունները հանձնաժողովի նիստից հետո 5 օրվա ընթացքում ներկայացվում են կազմակերպության ղեկավարին և հիմք են հանդիսանում պաշտոնի բարձրացման կամ իջեցման, պաշտոնից ազատման, պաշտոնական դրույքաչափի բարձրացման կամ իջեցման ու հավելավճարի սահմանման համար:
III. ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
i
11. Սույն կարգի 3-րդ կետում նշված գիտական կադրերի որակավորման գնահատման չափանիշներն այն պահանջներն են, որոնք ներկայացվում են տվյալ տարակարգը հայցող գիտական կադրին: Որակավորման գնահատման չափանիշները սահմանելիս հաշվի են առնվում նաև տվյալ գիտական կադրի տարակարգին համապատասխան պաշտոնական պարտականությունները:
(11-րդ կետը փոփ. 01.07.2021 թիվ 1073-Ն որոշում)
ԳԼԽԱՎՈՐ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ
Գլխավոր գիտական աշխատողի պաշտոնը կարող են զբաղեցնել`
ա) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի իսկական և թղթակից անդամները.
բ) գիտությունների դոկտորի գիտական աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում ունեցող գիտնականները, որոնք ղեկավարում են գիտական ուղղություն և (կամ) ստեղծել են գիտական դպրոց և ունեն առնվազն 15 տարվա գիտական աշխատանքի ստաժ:
Գլխավոր գիտական աշխատողը պետք է`
ղեկավարի (կամ մասնակցի) կարևորագույն նշանակություն ունեցող գիտական հետազոտություններ (մշակումներ, նախագծեր), այդ թվում` գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրեր, առաջադրի հետազոտությունների (մշակումներ, նախագծեր) նոր ուղղություններ, որոշի դրանց իրականացման ուղիներն ու միջոցները,
ընդհանրացնի հետազոտությունների (մշակումներ, նախագծեր) արդյունքները, որոշի դրանց օգտագործման ոլորտները,
համակարգի այլ կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող գիտական և գիտատեխնիկական աշխատանքները,
իրականացնի գիտական կադրերի պատրաստման և վերաորակավորման աշխատանքները:
ԱՌԱՋԱՏԱՐ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ
Առաջատար գիտական աշխատողի պաշտոնը կարող են զբաղեցնել`
ա) գիտությունների դոկտորի գիտական աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում ունեցող գիտնականները.
բ) գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող գիտնականները, որոնք ունեն առնվազն 10 տարվա գիտական աշխատանքի ստաժ, տվյալ մասնագիտությամբ արժեքավոր գիտական աշխատանքներ, կարևոր նախագծեր և մշակումներ:
Առաջատար գիտական աշխատողը պետք է`
մասնակցի առանձին թեմաների և առաջադրանքների շրջանակներում կատարվող հետազոտություններին (մշակումներ, նախագծեր), ղեկավարի այդ հետազոտությունները (մշակումներ, նախագծեր) կատարող աշխատանքային խումբ կամ այլ գիտական կառուցվածքային ստորաբաժանում, հիմնավորի նոր հետազոտությունների (մշակումներ, նախագծեր) ուղղությունները և դրանց իրականացման եղանակները, մշակի աշխատանքային ծրագրեր,
ընդհանրացնի հետազոտությունների արդյունքները, որոշի դրանց օգտագործման ոլորտները,
մասնակցի գիտական կադրերի պատրաստմանը և դրանց որակավորման բարձրացմանը:
ԱՎԱԳ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ
Ավագ գիտական աշխատողի պաշտոնը կարող են զբաղեցնել`
ա) գիտությունների դոկտորի գիտական աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում ունեցող գիտնականները.
բ) գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և առնվազն 10 տարվա գիտական աշխատանքի ստաժ ունեցող գիտնականները:
Ավագ գիտական աշխատողը պետք է`
մասնակցի գիտական թեմայի շրջանակներում կատարվող հետազոտություններին (մշակումներ, նախագծեր) և աշխատանքային խմբի կամ առանձին հետազոտությունների գիտական ղեկավարմանը,
կազմակերպի գիտական թեմայի շրջանակներում գիտական ու գիտատեխնիկական տեղեկատվության մշակման և վերլուծության աշխատանքները,
իրականացնի հետազոտությունների (մշակումներ, նախագծեր) արդյունքների վերլուծության և ընդհանրացման աշխատանքներ:
ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ
Գիտական աշխատողի պաշտոնը կարող են զբաղեցնել`
ա) գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող գիտնականները.
բ) մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում և առնվազն 5 տարվա գիտական աշխատանքի ստաժ ունեցող գիտնականները, ովքեր գիտական աշխատանքների կամ գյուտերի հեղինակներ են:
Գիտական աշխատողը, որպես պատասխանատու կատարող, պետք է մասնակցի գիտական թեմայի շրջանակներում կատարվող հետազոտություններին (մշակումներ, նախագծեր), գիտական և գիտատեխնիկական տեղեկատվության ու հետազոտության արդյունքների մշակման, վերլուծության և ընդհանրացման աշխատանքներին:
ԿՐՏՍԵՐ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ
Կրտսեր գիտական աշխատողի պաշտոնը կարող են զբաղեցնել`
ա) գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող գիտնականները.
բ) մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող մասնագետները:
Կրտսեր գիտական աշխատողը պետք է`
մասնակցի գիտական թեմայի առանձին մասերի շրջանակներում կատարվող հետազոտություններին (մշակումներ, նախագծեր)` պատասխանատու կատարողի ղեկավարությամբ,
կատարի տվյալ թեմայով գիտական և գիտատեխնիկական տեղեկատվության ուսումնասիրություն: