040.1121.171101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 նոյեմբերի 2001 թվականի N 1121-Լ
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 17-ից:
(համարը փոփ. 13.05.2021 թիվ 747-Լ որոշում)
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2001 թվականի
նոյեմբերի 17-ի N 1121 որոշմամբ
ԿԱՐԳ
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական կազմակերպություններում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման, գիտական կադրերի պատրաստման գծով պետական ծրագրերի (այսուհետև` ծրագրեր) հաստատման ու ֆինանսավորման (այսուհետև` բազային ֆինանսավորում) կարգը:
2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում բազային ֆինանսավորման համար հատկացումներ նախատեսվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրերի հիման վրա: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետև` նախարարություն) նշված ծրագրերի նախագծերի ֆինանսական նախահաշիվները (առանձնացված ըստ համապատասխան պետական կառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, այսուհետև` պատասխանատու մարմիններ), որպես բյուջետային ֆինանսավորման հայտի հիմնավորում և դրա անբաժանելի մաս, սահմանված կարգով ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:
(2-րդ կետը փոփ. 13.05.2021 թիվ 747-Լ որոշում)
2.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական կազմակերպություններում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման գծով պետական ծրագրերում ներգրավված գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի նվազագույն չափի հաշվարկի համար որպես բազային աշխատավարձ 2022 թվականի հունվարի 1-ից սահմանել 66 140 դրամ:
(2.1-ին կետը լրաց. 13.05.2021 թիվ 747-Լ որոշում)
2.2. Յուրաքանչյուր տարակարգի պաշտոնային աշխատավարձի նվազագույն չափը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատողների համար, հաշվարկվում է սույն կարգի հավելվածով նախատեսված աղյուսակով (այսուհետ` աղյուսակ) տվյալ տարվա համար սահմանված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով:
(2.2-րդ կետը լրաց. 13.05.2021 թիվ 747-Լ որոշում)
2.3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի ոչ լրիվ կամ կրճատ տևողությամբ աշխատողների համար որպես պաշտոնային աշխատավարձի նվազագույն չափի հաշվարկի գործակից ընդունել աղյուսակով տվյալ տարվա համար սահմանված գործակցի նորմավորված արժեքը` ըստ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատաժամանակի:
(2.3-րդ կետը լրաց. 13.05.2021 թիվ 747-Լ որոշում)
2.4. Սույն կարգի 2.1-2.3-րդ կետերով նախատեսված կարգավորումները գործում են 2022 թվականի հունվարի 1-ից` այն գիտական կազմակերպությունների համար, որոնք գիտական կադրերի որակավորում են իրականացրել վերոնշյալ ամսաթվից առավելագույնը մեկ տարի առաջ:
(2.4-րդ կետը լրաց. 13.05.2021 թիվ 747-Լ որոշում)
2.5. 2022 թվականին կամ դրանից հետո գիտական կադրերի որակավորում իրականացրած գիտական կազմակերպությունների համար սույն կարգի 2.1-2.3-րդ կետերով նախատեսված կարգավորումները կգործեն որակավորմանը հաջորդող տարվանից` համապատասխան գործակիցներով:
(2.5-րդ կետը լրաց. 13.05.2021 թիվ 747-Լ որոշում)
2.6. 2025 թվականից հետո գործում է աղյուսակի` 2025 թվականի համար սահմանված գործակիցը:
(2.6-րդ կետը լրաց. 13.05.2021 թիվ 747-Լ որոշում)
II. ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՍՏԱՏԵԼԸ
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան մշակում և նախարարության կողմից սահմանված կարգով վերջինիս են ներկայացնում իրենց կողմից կարգավորվող ոլորտներում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման, գիտական կադրերի պատրաստման ծրագրերի նախագծեր:
Հիմնարար հետազոտությունների ծրագրերի նախագծերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի կարծիքի հետ միասին, որը տրվում է նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի կողմից սահմանված կարգով:
4. Նշված ծրագրերի նախագծերը պետք է պարունակեն տեղեկություններ առաջարկվող ծրագրերի արդիականության, նպատակների և խնդիրների, կատարման ժամկետների ու ծավալների, ակնկալվող արդյունքների, ավարտական ձևերի (հաշվետվություն, արտոնագրեր, ներդրման հաշվետվություն) և ֆինանսավորման ծավալների վերաբերյալ:
5. Նախարարությունն իր սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաների փորձաքննությունն իրականացնող մասնագիտական փորձագիտական խորհուրդների ձևավորման կարգին համապատասխան ստեղծված փորձագիտական խորհուրդների միջոցով (այսուհետև` խորհուրդ) փորձաքննության է ենթարկում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագրերի նախագծերը: Դրական եզրակացություն ստացած նախագծերը նախարարության կողմից սահմանված կարգով ամփոփվում և ներկայացվում են պատասխանատու մարմիններին:
6. Նախարարությունը, իր սահմանած կարգով, պատասխանատու մարմիններից ստանում և ամփոփում է գիտական ու գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի նախագծերը:
7. Գիտական կադրերի պատրաստման ծրագրերը մշակվում և իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգի:
8. Ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների և դրանց պատասխանատու պետական մարմինների ցանկը կազմվում է նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի հետ համատեղ ու ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
9. Ամփոփված ծրագրերի նախագծերն ու դրանց ֆինանսական նախահաշիվները նախարարության կողմից բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ` հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում ընդգրկելու նպատակով և ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
(9-րդ կետը փոփ. 13.05.2021 թիվ 747-Լ որոշում)
III. ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՆ ՈՒ ԴՐԱՆՔ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
10. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո, օրենքում ընդգրկված ծրագրերի իրականացման համար պատասխանատու մարմիններն իրենց համակարգի համապատասխան գիտական կազմակերպությունների հետ կնքում են պայմանագրեր:
11. Պայմանագրերում նշվում են համապատասխան ծրագրերի անվանումները, դրանց իրականացման ժամկետները, ֆինանսավորման չափը, պայմանները և ժամկետները, ինչպես նաև հաշվետվության ձևերը, ծրագրի վերջնական կատարողական ակտերի ներկայացման ժամկետները և արդյունքների գնահատման կարգը:
12. Պայմանագրերով նախատեսված հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններն իրականացվում են գիտական կազմակերպությունների ստորաբաժանումների միջոցով (բաժին, լաբորատորիա, կայան և այլն), որոնցում աշխատանքի ընդունումը և աշխատանքից ազատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության համաձայն:
13. Կնքված պայմանագրերի ֆինանսավորումն ըստ ամիսների իրականացվում է հետևյալ կարգով` գիտական կազմակերպությունը պայմանագրի կողմ հանդիսացող պատասխանատու մարմին է ներկայացնում հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրի շրջանակներում վճարման գումարի չափի վերաբերյալ հայտ` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսի 10-ը: Հայտում նշվում է պայմանագրի շրջանակներում գիտական կազմակերպության կողմից ծրագրի իրականացման ենթակա գործառույթների գծով ձեռք բերված քանակական ու որակական ցուցանիշների վերաբերյալ տեղեկություններ և դրանց հիման վրա հաշվարկված գումարի չափի մասին մանրամասն հաշվարկներ: Պայմանագրի կողմ հանդիսացող պատասխանատու մարմինն ստուգում ու ամփոփում է նշված հաշվարկներն ու իր եզրակացության հետ միասին դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` վերջինիս կողմից սահմանված կարգով և ժամկետներում:
(13-րդ կետը փոփ. 13.05.2021 թիվ 747-Լ որոշում)
14. Ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորում հատկացվում է պայմանագրային հիմունքներով` որպես օգտագործման հանձնված գույքի պահպանման ծախս:
15. Պատասխանատու մարմինները տարեկան հաշվետվությունները ներկայացնում են նախարարություն` ծրագրի կատարումն ամփոփելու և հաջորդ տարվա առաջարկությունները մշակելու համար: Նախարարությունը հիմնարար հետազոտությունների հաշվետվությունները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիա` գիտական արդյունքների համակարգման համար:
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի մայիսի 13-ի
N 747-Լ որոշման
«ԱՂՅՈՒՍԱԿ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Պաշտոն |Գործակից |
| |_______________________________|
| |2022 թ.|2023 թ.|2024 թ.|2025 թ.|
|_____________________________________________________________________|
|Գիտական պաշտոններ |
|_____________________________________________________________________|
| |Կրտսեր գիտական աշխատող |1.81 |2.27 |2.72 |3.18 |
|_|___________________________________|_______|_______|_______|_______|
| |Գիտական աշխատող |2.27 |3.02 |3.48 |4.17 |
|_|___________________________________|_______|_______|_______|_______|
| |Ավագ գիտական աշխատող |3.02 |3.78 |4.54 |5.19 |
|_|___________________________________|_______|_______|_______|_______|
| |Առաջատար գիտական աշխատող |3.78 |5.29 |6.35 |6.71 |
|_|___________________________________|_______|_______|_______|_______|
| |Գլխավոր գիտական աշխատող |5.55 |6.80 |7.56 |8.36 |
|_____________________________________________________________________|
|Ճարտարագիտատեխնիկական պաշտոններ |
|_____________________________________________________________________|
| |Լաբորանտ կամ ճարտարագետ |1.55 |1.66 |1.81 |2.09 |
|_|___________________________________|_______|_______|_______|_______|
| |Ավագ լաբորանտ կամ ավագ ճարտարագետ |1.66 |1.97 |2.36 |2.71 |
|_____________________________________________________________________|
|Գիտական ղեկավար պաշտոններ |
|_____________________________________________________________________|
| |Գիտական խմբի ղեկավար |3.48 |4.23 |5.29 |6.20 |
|_|___________________________________|_______|_______|_______|_______|
| |Գիտական ստորաբաժանման ղեկավար |5.29 |6.05 |6.80 |7.21»: |
| |(լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, | | | | |
| |սեկտորի վարիչ, բաժանմունքի | | | | |
| |ղեկավար/վարիչ, կենտրոնի ղեկավար և | | | | |
| |այլն) | | | | |
._____________________________________________________________________.
(հավելվածը լրաց. 13.05.2021 թիվ 747-Լ որոշում)