(ուժը կորցրել է 01.06.2023 թիվ 889-Ն որոշում)
i
040.0722.090801
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 2001 թվականի N 722
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԶԵՆՔԻ, ԴՐԱՆՑ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշման 14-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական և այլ զենքի, դրանց փամփուշտների ու ռազմամթերքի շրջանառության կարգը (կցվում է):
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թ.
օգոստոսի 9-ի N 722 որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԶԵՆՔԻ, ԴՐԱՆՑ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում (այսուհետև` պետական ռազմականացված կազմակերպություն) ձեռքի մարտական հրաձգային և այլ զենքի, դրանց փամփուշտների ու ռազմամթերքի, ինչպես նաև մարտական սառը զենքի (այսուհետև` զենք) շրջանառությունը` ներառյալ արտադրությունը, վաճառքը, փոխանցելը, ձեռք բերելը, հավաքածուներ կազմելը, ցուցադրելը, հաշվառելը, պահելը, կրելը, տեղափոխելը, փոխադրելը, օգտագործելը, վերցնելը, ոչնչացնելը, Հայաստանի Հանրապետության տարածք ներկրելը և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելը:
II. ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
2. Պետական ռազմականացված կազմակերպությունները կարող են իրականացնել զենքի արտադրություն:
3. Պետական ռազմականացված կազմակերպությունները պարտավոր են ապահովել զենքի արտադրության լիակատար անվտանգությունը, արտադրության ընթացքի նկատմամբ վերահսկողությունը, արտադրանքի համապատասխան որակը և դրա պահպանությունը:
4. Նորոգվող զենքի յուրաքանչյուր միավոր ենթակա է փորձարկման:
III. ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԸ, ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ
5. Պետական ռազմականացված կազմակերպություններն իրավունք ունեն`
i
ա) զենքը վաճառելու կամ փոխանցելու այլ պետական ռազմականացված կազմակերպությունների, ինչպես նաև այն իրավաբանական անձանց, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զբաղվում են զենքի արտադրությամբ կամ առևտրով.
i
բ) առանց լիցենզիայի ձեռք բերելու մարտական և կադաստրում գրանցված ցանկացած զենք` այն իրավաբանական անձանցից, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զբաղվում են զենքի արտադրությամբ կամ առևտրով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող զենք:
Զենքի փոխանցումը, վաճառքը և ձեռքբերումը պետք է ձևակերպվեն սահմանված ձևի փաստաթղթերով, որոնց ցանկը, ձևը և վարման կարգը սահմանվում են համապատասխան պետական ռազմականացված կազմակերպության գերատեսչական նորմատիվ ակտերով (Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սուրհանդակային ծառայության վարչությունում մարտական և այլ զենքի, դրանց փամփուշտների ու ռազմամթերքի շրջանառությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) գերատեսչական նորմատիվ ակտերով):
(5-րդ կետը փոփ. 31.07.03 թիվ 991-Ն որոշում)
i
6. Պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարներն իրավունք ունեն կարճափող հրազենը` 2 պահունակի կամ թմբուկի տարողությամբ, փամփուշտներով պահելու և կրելու նպատակով փոխանցելու որոշակի կարգի զինծառայողներին և կենսաթոշակի անցած` պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատողներին:
Փոխանցված զենքը և ռազմամթերքը ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում` իր սահմանած կարգով:
Բնակության վայրի փոփոխության դեպքում նշված անձինք 10-օրյա ժամկետում պետք է ներկայանան զենքի գրանցման Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով զենքը վերագրանցելու համար:
(6-րդ կետը փոփ. 31.07.03 թիվ 991-Ն որոշում)
i
7. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրավունք ունի հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց ժամանակավորապես մարտական զենք փոխանցելու` կանոնադրական խնդիրները լուծելու համար:
Զենքը համապատասխան իրավաբանական անձանց տրամադրվում է նրանց ղեկավարի (ղեկավար մարմնի) կողմից դիմում և համապատասխան փաստաթղթեր ներկայացվելուց հետո, որոնց ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:
(7-րդ կետը փոփ. 31.07.03 թիվ 991-Ն որոշում)
i
8. Պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարներն իրավունք ունեն կարճափող հրազենը սահմանված կարգով պահելու և կրելու նպատակով ժամանակավորապես հատկացնելու պետական մարմինների պաշտոնատար անձանց` ձևակերպելով համապատասխան թույլտվություն` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն սահմանած կարգով:
(8-րդ կետը փոփ. 31.07.03 թիվ 991-Ն որոշում)
9. Պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարներն իրավունք ունեն զենքով պարգևատրելու զինծառայողներին և պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատողներին: Զենքով պարգևատրումը ձևակերպվում է պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարի հրամանով:
i
10. Պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինությունում գտնվող ակոսափող հրազենից իրականացվում է նախնական ստուգողական կրակոց` արդյունքները հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան ներկայացնելու նպատակով:
Պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից զենք ձեռք է բերվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախնական ստուգողական կրակոց իրականացնելուց հետո: Առանց նախնական ստուգողական կրակոց իրականացնելու թույլատրվում է զենք ձեռք բերել միայն այլ պետական ռազմականացված կազմակերպություններից:
Զենքից նախնական ստուգողական կրակոցներն իրականացվում են նաև մասնագիտացված ձեռնարկություններում կապիտալ վերանորոգումից հետո:
Պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարների որոշմամբ ստուգողական կրակոցները կարող են իրականացվել զենքի շրջանառության այլ փուլերի ընթացքում:
Զենքից նախնական ստուգողական կրակոցներ իրականացնելու տեխնիկական պահանջները, դրանց փաստաթղթավորումը, հաշվառելու, պահելու և գնդակների ու պարկուճների հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան փոխանցելու կանոնները, ինչպես նաև օգտագործված գնդակների և պարկուճների դուրսգրման ու ոչնչացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` համաձայնեցնելով մյուս պետական ռազմականացված կազմակերպությունների հետ:
(10-րդ կետը փոփ. 31.07.03 թիվ 991-Ն որոշում)
IV. ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԿԱԶՄԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՑՈՒՑԱԴՐԵԼԸ
i
11. Պետական ռազմականացված կազմակերպությունների թանգարանները, փորձագիտական և հատուկ այդ նպատակներով ստեղծված հիմնարկներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ոստիկանություն կողմից սահմանված կարգով լիցենզիա ստանալուց հետո կազմելու և ցուցադրելու զենքի հավաքածուներ:
Պետական ռազմականացված կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն հավաքածուներ կազմելու և ցուցադրելու համար փոխանցելու (վաճառելու) այն զենքը, որի մասին տեղեկությունները չեն կազմում պետական գաղտնիք:
(11-րդ կետը փոփ. 31.07.03 թիվ 991-Ն որոշում)
12. Զենք կարող է պետական ռազմականացված կազմակերպությունների թանգարաններ, փորձագիտական և հատուկ այդ նպատակով ստեղծված հիմնարկներ փոխանցվել` առանց մալելու կամ ուսումնական վիճակի բերելու, իսկ հավաքածուներ կազմելու և ցուցադրելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և քաղաքացիներին, որպես կանոն` մալած կամ ուսումնական վիճակի բերված:
V. ԶԵՆՔ ՀԱՇՎԱՌԵԼԸ, ՊԱՀԵԼԸ ԵՎ ԿՐԵԼԸ
13. Պետական ռազմականացված կազմակերպությունները պարտավոր են իրականացնել զենքի հաշվառում` համապատասխան նմուշի փաստաթղթեր վարելու միջոցով:
i
14. Պետական ռազմականացված կազմակերպություններում զենք պահելն իրականացվում է միայն այդ նպատակի համար հատուկ նախատեսված տարածքներում, որոնք ապահովում են զենքի պահպանության անվտանգությունը և բացառում կողմնակի անձանց չարտոնված մուտքը: Զենքը պահելու համար տարածքները սարքավորվում են պահպանության և հրշեջ անվտանգության տեխնիկական միջոցներով:
Ըստ զենքի նշանակության, դրանք պահելու պահանջները որոշվում են պետական ռազմականացված կազմակերպությունների գերատեսչական նորմատիվ ակտերով:
Պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողները, ներառյալ կենսաթոշակի անցած աշխատողները, ովքեր սահմանված կարգով զենք են ստացել, պարտավոր են ապահովել դա պահելու անհրաժեշտ պայմանների կատարումը: Պետական ռազմականացված կազմակերպությունների կենսաթոշակի անցած աշխատողների բնակության վայրի Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններն իրավունք ունեն ստուգելու գրանցված զենքը պահելու պայմանները:
Որպես պարգև տրված կամ փոխանցված զենքի հափշտակման կամ կորստի դեպքում զինծառայողները և կենսաթոշակի անցած` պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատողները պարտավոր են դրա մասին անմիջապես հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններին:
(14-րդ կետը փոփ. 31.07.03 թիվ 991-Ն որոշում)
i
15. Պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողները և աշխատողները պարտավոր են զենքի հափշտակման, կորստի, փչանալու կամ շարքից դուրս գալու բոլոր դեպքերի մասին զեկուցել իրենց անմիջական ղեկավարներին, որոնք իրենց հերթին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններին, իսկ անհրաժեշտության դեպքում` դատախազություն զենքի հափշտակման կամ կորստի հանգամանքների մասին` նշելով յուրաքանչյուր միավոր զենքի մոդելը, տրամաչափը, սերիան, համարը, արտադրության տարեթիվը, կազմակերպում են հետաքննություն և միջոցներ են ձեռնարկում հափշտակված կամ կորած զենքը հայտնաբերելու համար:
(15-րդ կետը փոփ. 31.07.03 թիվ 991-Ն որոշում)
i
16. Հափշտակված կամ կորած զենքը պետական ռազմականացված կազմակերպություններում հաշվառումից դուրս է գրվում պետական ռազմականացված կազմակերպությունների գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից` հափշտակված կամ կորած զենքը հաշվառման վերցնելու մասին տեղեկանքն ստանալուց հետո:
Հափշտակված կամ կորած զենքի զորամաս կամ պետական ռազմականացված կազմակերպություն վերադարձման դեպքում դրա ղեկավարները պարտավոր են 3 օրվա ընթացքում դրա մասին զեկուցել իրենց անմիջական ղեկավարին և հայտնել այն պետական մարմիններին, որոնք իրազեկվել էին զենքի հափշտակման կամ կորստի մասին:
Հափշտակված կամ կորած զենքը զորամաս կամ պետական ռազմականացված կազմակերպություններ վերադարձնելու դեպքում այն վերագրանցվում է պետական ռազմականացված կազմակերպությունների գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված կարգով:
(16-րդ կետը փոփ. 31.07.03 թիվ 991-Ն որոշում)
i
17. Կարճափող հրազեն ունեցող պետական ռազմականացված կազմակերպությունների կենսաթոշակի անցած զինծառայողները և աշխատողները, զենքը պետական ռազմականացված կազմակերպություն վերադարձնելիս, պարտավոր են դրա մասին հայտնել համապատասխան Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններ և հանձնել զենքը պահելու ու կրելու թույլտվությունը:
Ժամանակավոր փոխանցված զենքը տնօրինողի մահվան դեպքում վերադարձվում է այն տված պետական ռազմականացված կազմակերպություն:
Զենքով պարգևատրվածի մահվան դեպքում`
ա) որպես պարգև տրված կարճափող հրազենը, դրա պահելու և կրելու թույլտվությունը հանձնվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, որն իր հերթին զենքը վերադարձնում է ըստ պատկանելության` թանգարանների հավաքածուներում ներառելու կամ սահմանված կարգով ոչնչացնելու նպատակով.
բ) եթե որպես պարգև տրված կարճափող հրազենը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներառված է եղել հավաքածուի մեջ, ապա այն ժառանգորդին է վերադարձվում, որպես կանոն, մալելուց հետո:
(17-րդ կետը փոփ. 31.07.03 թիվ 991-Ն որոշում)
VI. ԶԵՆՔԸ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ԵՎ ՓՈԽԱԴՐԵԼԸ
18. Զենքի տեղափոխումը և փոխադրումն օդային, երկաթուղային, ավտոմոբիլային և տրանսպորտային այլ միջոցներով իրականացվում են զինված պահպանության ներքո` պետական ռազմականացված կազմակերպությունների գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված կարգով:
19. Տեղափոխելու և փոխադրելու ժամանակ զենքը պետք է գտնվի պարպված վիճակում, ռազմամթերքից առանձնացված: Զենքն ու ռազմամթերքը պետք է փաթեթավորվեն հատուկ տարայի մեջ, որը պետք է կնքվի կամ կապարաքնքվի:
i
20. Զենք տեղափոխող տրանսպորտային միջոցի բացված լինելու նշանների հայտնաբերման, տարայի վնասման, կնիքի կամ կապարակնիքի դրոշմվածքի խախտման դեպքում զինված պահպանության ղեկավարը պարտավոր է դրա մասին անմիջապես հայտնել երկաթուղային հատվածի կամ կայարանի ռազմական պարետին, կայարանի պետին, տրանսպորտային Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններին, կազմել ակտ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կատարվածի պատճառները բացահայտելու համար և ապահովել դեպքի վայրի պահպանությունը:
(20-րդ կետը փոփ. 31.07.03 թիվ 991-Ն որոշում)
VII. ԶԵՆՔԸ ՎԵՐՑՆԵԼԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ
21. Զինծառայողներից և կենսաթոշակի անցած` պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատողներից զենքը կարող են վերցնել զենքի շրջանառության նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան կազմակերպությունների իրավասու ներկայացուցիչները` պետական ռազմականացված կազմակերպությունների գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված կարգով:
22. Սպառազինությունից հանված, ինչպես նաև անպիտանիության բերված զենքը ենթակա է դուրսգրման` համապատասխան ակտի կազմմամբ: Զենքի դուրսգրման մասին ակտը կազմվում է հանձնաժողովի կողմից, որի կազմը որոշվում է համաձայն պետական ռազմականացված կազմակերպությունների նորմատիվ ակտերի:
23. Դուրս գրված զենքը ենթակա է օգտահանման և ոչնչացման` պետական ռազմականացված կազմակերպությունների գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված կարգով:
VIII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԶԵՆՔ ՆԵՐԿՐԵԼԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼԸ
(VIII բաժինը փոփ. 31.07.03 թիվ 991-Ն որոշում)
24. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք զենք ներկրվում և Հայաստանի Հանրապետությունից արտահանվում է`
ա) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպության հրավերի կամ օտարերկրյա ռազմականացված կազմակերպության հայտի հիման վրա:
25. Պայմանագրերով, հրավերով կամ հայտով օտարերկրյա ռազմականացված կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք զենք ներկրվելու դեպքում` հրավերը ձևակերպած, պայմանագիրն ստորագրած, հայտն ստացած Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության տարածք զենք ներկրելու թույլտվություն ստանալու համար առնվազն մեկ ամիս առաջ` սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` նշելով զենքի ներկրման նպատակը, ժամկետները, ներկրվող զենքի և փամփուշտների տեսակն ու քանակը, զենքի պահման վայրը, ինչպես նաև զենքի ներկրման, տեղափոխման, փոխադրման ու պահպանման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներն իրավասու պետական կառավարման լիազորված մարմիններին:
26. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպության կամ նրա ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներկրվող զենքը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի անցման կետում սահմանային մաքսային մարմնի և Հայաստանի Հանրապետության իրավասու պետական ռազմականացված կազմակերպության ներկայացուցչի կողմից ենթարկվում է մաքսային զննության, որի մասին կազմվում է արձանագրություն և համարային հաշվառման ցուցակ` 5 օրինակից: Մեկը մնում է մաքսային մարմնում, մեկական օրինակ տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և զենքը ներկրող օտարերկրյա ռազմականացված կազմակերպության ներկայացուցչին, որը հետագայում զենքն արտահանելիս այն ներկայացնում է մաքսային սահմանի անցումային կետ:
Եթե արտահանման ընթացքում արտահանվող զենքը չի համապատասխանում համարային հաշվառման ցուցակին, ապա զենքի ամբողջ խմբաքանակի արտահանումը կասեցվում է` մինչև արտահանող կողմի` սպառիչ բացատրություններ և փաստաթղթեր ներկայացնելը:
27. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպության կամ նրա առանձին անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում զենք պահելը, կրելը կամ օգտագործելն իրականացվում են Հայաստանի Հանրապետության իրավասու պետական ռազմականացված կազմակերպության թույլտվությամբ և հսկողությամբ: Հայաստանի Հանրապետություն ներկրված զենքը պահվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված իրավասու պետական ռազմականացված կազմակերպությունում:
28. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպության կողմից միջազգային պայմանագրով, հրավերով կամ հայտով ստանձնված պարտավորությունների խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված պատասխանատու կազմակերպությունը դիմում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար:
29. Պայմանագրով, հրավերով կամ հայտով Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողների կամ աշխատողների կողմից ծառայողական պարտականությունների կատարման նպատակով զենքը Հայաստանի Հանրապետությունից արտահանվում և ներկրվում է գործուղման վկայականի հիման վրա, որում նշվում են զենքի մոդելը, համարը և փամփուշտների թիվը: Գործուղման վկայականը և դրա պատճենը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության սահմանային մաքսային մարմին, որտեղ պատճենը բնագրի հետ համեմատվելուց հետո վավերացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից` համարային կնիքը դրոշմելու միջոցով, և կցվում է համապատասխան մաքսային հայտարարագրին:
30. Հայաստանի Հանրապետություն այցելող օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցող թիկնապահների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ժամանակավորապես զենք ներկրվելու դեպքում, այցից առնվազն 3 օր առաջ, այցելող կողմը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում թիկնապահների կողմից ժամանակավոր ներկրվող զենքերի տեսակների, համարների և փամփուշտների տրամաչափի ու թվի մասին տեղեկատվություն: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից դրա մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի գրավոր թույլտվությամբ` նշված տեսակի և քանակի զենքերն ու փամփուշտները ներկրվում են մաքսային սահմանով:
Հայաստանի Հանրապետության տարածք զենք և փամփուշտներ ներկրելու թույլտվություն տալու կամ մերժելու վերաբերյալ ընդունված որոշման մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը գրավոր հայտնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: