040.0573.280601
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունիսի 2001 թվականի N 573
i
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՔ ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՔ ՈՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 20-րդ կետի պահանջը և նպատակ ունենալով կատարելագործելու մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերի որակման գործընթացի կանոնակարգումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ուղղակիորեն կարգավորված չլինելու դեպքում այլ պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ` բարեգործական), կրոնական և նմանատիպ բնույթի ոչ պետական այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների մատակարարումը, ծառայությունների մատուցումը և աշխատանքների կատարումը կարող են որակվել որպես`
ա) մարդասիրական օգնություն, եթե այն անմիջականորեն ֆիզիկական անձանց հասցեագրված գործունեություն է` ուղղված մարդկանց ֆիզիկական և հոգևոր պահանջմունքների բավարարմանը, մասնավորապես, նրանց սննդի, առողջության, կրթության, բնակարանային կամ կենցաղային պայմանների բարելավմանը, աշխատանքային հմտությունների և ունակությունների զարգացմանը.
բ) բարեգործական գործունեություն, եթե ապրանքները մատակարարվում, ծառայությունները մատուցվում կամ աշխատանքները կատարվում են բժշկական, սոցիալական, գիտական, ուսումնական, դաստիարակչական, մշակութային, մարզական, բնապահպանական և համանման բնույթի այլ կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետության համայնքներին:
Մարդասիրական օգնության կամ բարեգործական գործունեության վերջնական կոնկրետ արդյունքին (մարդասիրական օգնության կամ բարեգործական գործունեության շահառուների կոնկրետ շրջանակին) ուղղված գործարքների ամբողջությունը որակման է ենթակա որպես ծրագիր:
Սույն կետում նշված սահմանումները վերաբերում են Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային օրենսդրությամբ տվյալ գործունեության համար նախատեսված արտոնությունների կիրառման շրջանակին և չեն կարող մեկնաբանվել որպես այլ հարաբերություններ կարգավորող սահմանումներ:
(1-ին կետն ուժը կորցրել է 13.02.02 թիվ 136 որոշում)
2. Մարդասիրական օգնության կամ բարեգործական գործունեության առարկա կարող են լինել`
գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային
իրավունքները,
աշխատանքները և ծառայությունները,
մտավոր գործունեության արդյունքները (մտավոր սեփականությունը):
Մարդասիրական օգնությունը կամ բարեգործական գործունեությունն իրականացվում է անշահախնդրորեն` անհատույց կամ արտոնյալ պայմաններով:
(2-րդ կետն ուժը կորցրել է 13.02.02 թիվ 136 որոշում)
3. Հաստատել` ծրագիրը (գործարքը) որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագիր (գործարք) որակելու կարգը (կցվում է):
(3-րդ կետն ուժը կորցրել է 13.02.02 թիվ 136 որոշում)
4. Մարդասիրական օգնության համակարգման գծով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին:
Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
(4-րդ կետն ուժը կորցրել է 13.02.02 թիվ 136 որոշում)
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենքներին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան իրականացվող մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի մասին ստացված տեղեկատվությունն այն ստացվելուց հետո երկշաբաթյա ժամկետում` սույն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով նախատեսված ծավալով տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին:
(5-րդ կետն ուժը կորցրել է 13.02.02 թիվ 136 որոշում)
i
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին լիազորություններ վերապահելու մասին» N 286 որոշման 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 594 որոշման 1-6-րդ կետերը:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թ.
հունիսի 28-ի N 573 որոշմամբ
ԿԱՐԳ
ԾՐԱԳԻՐԸ (ԳՈՐԾԱՐՔԸ) ՈՐՊԵՍ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ (ԳՈՐԾԱՐՔ) ՈՐԱԿԵԼՈՒ
(կարգն ուժը կորցրել է 13.02.02 թիվ 136 որոշում)
1. Սույն կարգը սահմանում է ծրագիրը (գործարքը) (այսուհետև` ծրագիր) որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագիր կամ որպես այդպիսին որակված ծրագրի հետ անմիջականորեն կապված և դրա համար զգալի նշանակություն ունեցող որակելու կամ այդպիսի որակման մասին հայտը մերժելու, նշված որակումից հետո ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, այդ որակումը փոփոխելու կամ կասեցնելու ընթացակարգերը:
2. Ծրագիրը որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագիր որակելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
3. Ծրագիրը պետք է բովանդակի հետևյալ տեղեկությունները`
ա) ծրագրի անվանումը և նպատակները.
բ) նախատեսված միջոցառումներն ըստ ծրագրի առանձին փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է առանձնացնել.
գ) ծրագրի առարկա հանդիսացող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները և, եթե հնարավոր է, նախատեսվող արժեքը.
դ) ծրագրի կատարման (փուլերի առանձնացման դեպքում` նաև դրանց) ժամկետները (սկիզբը և ավարտը).
ե) ֆինանսավորման աղբյուրների (պետությունը, իրավաբանական կամ ֆիզիկական անձինք) ու չափերի մասին.
զ) անմիջականորեն շահառուների սպառմանը չուղղվող կազմակերպչական ծախսերի (բաշխվող ապրանքների ներմուծումը, ձեռքբերումը, պահպանումը և տեղափոխումը, ինչպես նաև աշխատանքների կատարումն և ծառայությունների մատուցումը կազմակերպելու և ապահովելու համար կատարվող ծախսեր) մասնաբաժնի չափը (գումարային կամ տոկոսային արտահայտությամբ) նախատեսված ընդհանուր գումարի մեջ, դրանց չափաբաժիններն ըստ ծրագրի փուլերի, եթե այդպիսիք առանձնացված են.
է) ծրագրի իրականացման կարգը, վայրերը և բնագավառը (մարզը, համայնքը, բնակավայրը, կազմակերպությունը, նախարարությունը, գերատեսչությունը).
ը) ծրագիրն անմիջականորեն իրականացնող անձինք (կազմակերպության դեպքում` լրիվ անվանումը, ներառյալ կազմակերպական-իրավական ձևը, ինչպես նաև հարկ վճարողի հաշվառման համարը).
թ) ծրագրի շահառուները (ֆիզիկական և իրավաբանական անձինք, համայնքներ), նրանց ընտրության սկզբունքները և հիմնավորումը.
ժ) մարդասիրական օգնության կամ բարեգործական գործունեության ընթացքում համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների կամ այլ կազմակերպությունների հետ, եթե այդպիսի համագործակցություն նախատեսվում է.
ժա) ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը, եթե այդպիսիք նախատեսվում են:
Ծրագիրը կարող է պարունակել նաև այլ հանգամանքների, փաստերի, տվյալների նկարագրություն, այլ հիմնավորումներ, որոնք կարևոր կհամարվեն ծրագիրը նախաձեռնողների կողմից:
4. Ծրագիրը ենթակա է սույն կարգով սահմանված ընթացակարգով որակվելու որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագիր, եթե նման որակման հետ կապված հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
5. Որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագիր կարող է որակվել միայն այն ծրագիրը, որն իրականացվում է այլ պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ` բարեգործական), կրոնական և նմանատիպ բնույթի ոչ պետական այլ կազմակերպությունների, առանձին բարերարների ֆինանսական կամ այլ միջոցների հաշվին:
6. Որևէ ծրագիր մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրա համար զգալի նշանակություն ունեցող որակվելու համար այն պետք է էական նշանակություն ունենա վերջինի արդյունավետ կատարումը, մասնավորապես, բաշխվող ապրանքների ներմուծումը, ձեռքբերումը, պահպանումը և տեղափոխումը, ինչպես նաև ծառայությունների մատուցումն ու աշխատանքների կատարումը կազմակերպելու և ապահովելու համար:
7. Ծրագիրը որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրի որակում կարող է ստանալ, իսկ մեկ այլ ծրագիր կարող է տվյալ ծրագրի հետ անմիջականորեն կապված և դրա համար զգալի նշանակություն ունեցող որակվել Հայաստանի Հանրապետության կառավարության կամ մարդասիրական օգնության համակարգման գծով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի որոշումներով` սույն կարգին համապատասխան ներկայացված հայտի հիման վրա:
Ներմուծված ապրանքների առուվաճառքի գործարք (դրամայնացում) ներառնող ծրագիրը, ինչպես նաև այն ծրագիրը, որի շահառու է հանդիսանում շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) թեկուզև մեկ կազմակերպություն (բացի առողջապահական բնույթի կազմակերպություններից), կարող է որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրի որակում ստանալ, իսկ մեկ այլ ծրագիր կարող է տվյալ ծրագրի հետ անմիջականորեն կապված և դրա համար զգալի նշանակություն ունեցող որակվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
8. Ծրագիրը որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագիր որակելու, ինչպես նաև որևէ ծրագիր մեկ այլ ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրա համար զգալի նշանակություն ունեցող որակելու մասին միջնորդությունը (այսուհետև` հայտ) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացվում սահմանված կարգով: Իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին (այսուհետև` լիազորված մարմին) այն ներկայացնում են ծրագիրն իրականացնողները կամ պետական մարմինները: Հայտը պետք է ներկայացվի վաղօրոք` մինչև ծրագրի կամ գործարքի իրականացումը:
9. Յուրաքանչյուր ծրագրի մասին հայտը պետք է ներկայացվի առանձին: Հայտում պետք է մատնանշված լինեն այն գործարքները կամ գործարքների շրջանակը, որոնց համար նախատեսվում է հարկային և (կամ) մաքսային արտոնությունների տրամադրում: Ընդ որում, այդ գործարքների կողմ պետք է հանդիսանա ծրագիրն անմիջականորեն իրականացնող անձը, իսկ ընկերությունը, որի հիմնադիրն է կամ որին մասնակից է ծրագիրն անմիջականորեն իրականացնող անձը, այդ գործարքների կողմ չի կարող հանդիսանալ:
Հայտին պետք է կցվի ծրագրի նկարագրությունը` համաձայն սույն կարգի 3-րդ կետի դրույթների:
Հայտին, հայտատուի ցանկությամբ, կարող են կցվել այլ փաստաթղթեր, նյութեր, այդ թվում` ծրագրի մասին համապատասխան պետական մարմինների եզրակացությունները, եթե այդպիսիք ստացվել են շահագրգիռ կողմի նախաձեռնությամբ:
10. Հայտում և դրան կից ներկայացված փաստաթղթերում տեղ գտած սխալների և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների համար պատասխանատվությունը կրում է հայտատուն:
11. Հայտին կից ներկայացված փաստաթղթերը ենթակա չեն վերադարձման:
12. Ծրագիրը որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագիր որակելու, ինչպես նաև որևէ ծրագիր մեկ այլ ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրա համար զգալի նշանակություն ունեցող որակելու մասին յուրաքանչյուր հայտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության եզրակացության առկայությունը պարտադիր է:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտը քննարկվում ու դրա մասին որոշումն ընդունվում է սահմանված կարգով:
14. Լիազորված մարմնի կողմից հայտի քննարկման առավելագույն ժամկետը 30 օրացուցային օր է:
Եթե հայտատուի` լիազորված մարմին ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին կամ պարունակում են ակնհայտ ոչ հիմնավոր տեղեկություններ, ապա հայտատուին 15-օրյա ժամկետում տեղյակ է պահվում դրա մասին: Անկախ հայտատուի պատասխանից, հայտը քննարկման է ենթակա սահմանված կարգով, եթե հայտատուն չի հրաժարվում հայտից:
Լիազորված մարմինը հայտը քննարկում է հայտատուի մասնակցությամբ: Քննարկման օրվա, ժամի և վայրի (հասցեն, սենյակը) մասին հայտատուին պետք է տեղեկացվի քննարկումից առնվազն 2 օր առաջ: Պատշաճ տեղեկացված հայտատուի բացակայությունը խոչընդոտ չէ քննարկման համար, սակայն կարող է հայտի քննարկումը հետաձգելու մասին որոշում ընդունելու հիմք հանդիսանալ:
Հայտի քննարկման արդյունքում ծրագիրը որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագիր կամ որպես այդպիսին որակված ծրագրի հետ անմիջականորեն կապված և դրա համար զգալի նշանակություն ունեցող որակելու դեպքում լիազորված մարմինն ընդունում է համապատասխան որոշում:
Հայտի մերժումը կամ հայտի քննարկման հետաձգումը (եթե քննարկման համար անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ) արձանագրվում է` մատնանշելով համապատասխան հիմնավորումը:
Լիազորված մարմինը, ելնելով ծրագրի մասշտաբայնությունից և առանձնահատկություններից, կարող է հայտի քննարկման միջնորդություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
15. Ծրագիրը որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագիր որակելու մասին որոշումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
ա) որոշման անվանումը (մարմնի անվանումը, որոշման վերնագիրը, ընդունման ամսաթիվը և հերթական համարը).
բ) հայտատուի մասին.
գ) ծրագրի վերաբերյալ եզրակացություններ տված մարմինների մասին.
դ) ծրագրի իրականացման հատուկ պայմանները (եթե այդպիսիք սահմանվել են).
ե) ծրագիրն իրականացնող անձի կողմից լիազորված մարմին ներկայացվող հաշվետվությունների տեսակներն ու պարբերականությունը.
զ) այն պետական մարմինները, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձինք (բացի հայտատուից), որոնց պետք է ուղարկվի որոշման օրինակը:
Որոշմանը պետք է կցվի ծրագիրը, կամ էլ որոշումը պետք է բովանդակի սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկությունների համառոտ շարադրանքը:
Որոշմանը կից ծրագրի բոլոր էջերին պետք է լինի լիազորված մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը` վավերացված լիազորված մարմնի կնիքով:
Յուրաքանչյուր ծրագրի որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագիր որակելու մասին ընդունվում է առանձին որոշում:
16. Ծրագրի` որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագիր որակելու մասին հայտը կարող է մերժվել, եթե`
ա) հայտում և դրան կից փաստաթղթերում ներկայացված տվյալները չեն բավարարում սույն կարգի պահանջները.
բ) դիմումում կամ դրան կից ներկայացված փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները հիմնավորված կամ հավաստի չեն.
գ) եթե քննարկման արդյունքում աննպատակահարմար է դիտվում տվյալ ծրագրին հարկային կամ մաքսային արտոնությունների տրամադրումը:
17. Ծրագիրը որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագիր կամ որպես այդպիսին որակված ծրագրի հետ անմիջականորեն կապված և դրա համար զգալի նշանակություն ունեցող որակելու մասին որոշմամբ, բարերարի համապատասխան համաձայնության առկայության դեպքում, կարող են սահմանվել ծրագրի իրականացման հատուկ պայմաններ, որոնք դառնում են այդ ծրագրի անքակտելի մասը:
18. Ծրագիրը որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագիր որակելու կամ որևէ ծրագիր մեկ այլ ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրա համար զգալի նշանակություն ունեցող որակելու, ինչպես նաև նման որակումը փոփոխելու կամ կասեցնելու մասին որոշումների մեկական օրինակները 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ինչպես նաև այն պետական մարմիններ, իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնց տվյալ որոշման համաձայն պետք է ուղարկվի որոշման օրինակը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը նշված որոշումների մեկական օրինակները 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է համապատասխան տարածքային հարկային տեսչություն և (կամ) մաքսատուն:
19. Մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագիր իրականացնող կազմակերպությունը, անկախ այն հանգամանքից, թե ինչ իրավական ակտով է ծրագիրը որակված որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագիր, սահմանված ձևերին համապատասխան լիազորված մարմին է ներկայացնում`
ա) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` այդ եռամսյակի ընթացքում ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների և իրականացված միջոցառումների մասին տեղեկություններ.
բ) ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ծրագրի կատարման մասին ամփոփ տեղեկություններ:
20. Լիազորված մարմինը ծրագրի իրականացման ընթացքի և կատարման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում բարերարի, ծրագիրն իրականացնող անձի, այլ շահագրգիռ կողմերի` սեփական նախաձեռնությամբ կամ սույն կարգին համապատասխան լիազորված մարմին ներկայացրած փաստաթղթերի, այդ թվում` հաշվետվությունների, ինչպես նաև շահառուների հարցման արդյունքում ձեռք բերված տվյալների և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կատարված ստուգումների արդյունքների ուսումնասիրության միջոցով:
21. Սույն կարգի 19-րդ կետում նշված տեղեկությունները ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից լիազորված մարմնին չտրամադրվելու կամ ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնաբերվելու, ծրագիրն իրականացնող կազմակերպության գործունեության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների էական խախտումների առկայության, ինչպես նաև ծրագրի նպատակները չիրականացվելու դեպքում լիազորված մարմինն իրավասու է փոփոխելու կամ կասեցնելու ծրագիրը որպես մարդասիրական օգնության ծրագիր կամ որպես այդպիսին որակված ծրագրի հետ անմիջականորեն կապված և դրա համար զգալի նշանակություն ունեցող որակելու մասին իր որոշումը, իսկ եթե նման որակում տրված է այլ իրավական ակտով, քան լիազորված մարմնի որոշումն է, ապա վերջինս իրավասու է այդ որակումը փոփոխելու կամ կասեցնելու մասին միջնորդությունը սահմանված կարգով ներկայացնելու տվյալ իրավական ակտն ընդունած մարմին:
22. Ծրագրի որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագիր կամ որպես այդպիսին որակված ծրագրի հետ անմիջականորեն կապված և դրա համար զգալի նշանակություն ունեցող որակումը փոփոխելու կամ կասեցնելու մասին, իսկ եթե նման որակումը տրված է այլ իրավական ակտով, քան լիազորված մարմնի որոշումն է, ապա այդ որակումը փոփոխելու կամ կասեցնելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին լիազորված մարմինն ընդունում է որոշում, որը պետք է պարունակի համապատասխան հիմնավորումներ: