ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
11 հուլիսի 2019 թվականի N 264-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 97-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 153-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի մայիսի 14-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հրահանգչական ցուցումները հաստատելու մասին» N 97-Ն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-43-րդ կետերով.
«21. Կալանավորված անձի կամ դատապարտյալի (սույն հավելվածում այսուհետ` ազատազրկված անձ) հետ ամուսնանալ ցանկացող անձը ամուսնության մասին համատեղ դիմում (սույն հավելվածում այսուհետ` դիմում) է ներկայացնում իր մշտական բնակության վայրի կամ պատիժները կատարող մարմինների և հիմնարկների (սույն հավելվածում այսուհետ` քրեակատարողական հիմնարկ) գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:
22. ՔԿԱԳ տարածքային բաժինը դիմումում և դիմողի ինքնությունը հաստատող փաստաթղթում նշված տեղեկությունները համեմատում է, հաստատում նրա ստորագրությունը ու դիմումը վերադարձնում է դիմումատուին` այն քրեակատարողական հիմնարկ ուղարկելու և ազատազրկված անձին հանձնելու նպատակով:
23. Դիմումն ստանալուց հետո քրեակատարողական հիմնարկն այն հանձնում է ազատազրկված անձին: Ամուսնության փոխադարձ համաձայնության դեպքում ազատազրկված անձը լրացնում է դիմումի այն մասը, որը վերաբերում է իրեն: Դիմումի մեջ բացակայող տեղեկությունները լրացնելուց հետո քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դիմումում նշված տեղեկությունները համեմատում է ազատազրկված անձի անձնական գործի փաստաթղթերում նշված տեղեկությունների հետ, հաստատում է նրա ստորագրությունը և այն ուղարկում է քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին: Եթե ազատազրկված անձի անձնական գործում տեղեկություններ չկան նրա ընտանեկան դրության մասին կամ որոշ տեղեկություններ թերի են, միմյանց հակասող, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում դրանք պահանջելու կամ ճշտելու ուղղությամբ:
24. Եթե ազատազրկված անձը ցանկանում է ամուսնանալ, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պետք է նրան տրամադրի դիմումի ձև: Ազատազրկված անձի կողմից դիմումի` իրեն վերաբերող մասը լրացնելուց հետո, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դիմումի մեջ նշված տեղեկությունները համեմատում է ազատազրկված անձի անձնական գործի փաստաթղթերի հետ և հաստատում նրա ստորագրությունը: Ազատազրկված անձի ստորագրությունը հաստատելուց հետո քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից դիմումն ուղարկվում է այն անձին, որի հետ ազատազրկված անձը ցանկանում է ամուսնանալ` միաժամանակ հայտնելով քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժնի անվանումը և գտնվելու վայրը, որտեղ կարող է կատարվել ամուսնության գրանցումը:
25. Ամուսնության փոխադարձ համաձայնության դեպքում դիմում ստացող անձը լրացնում է դիմումի այն մասը, որը վերաբերում է իրեն և հանձնում իր բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին կամ քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժին:
26. Քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային բաժինը, ընդունելով դիմումը, նշանակում է ամուսնության գրանցման ժամանակը և այդ մասին նախապես իրազեկում ամուսնացող անձանց:
27. Ազատազրկված անձի հետ ամուսնության գրանցումը կատարվում է ամուսնացող անձանց ներկայությամբ, քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում:
28. Ազատազրկված անձի հետ ամուսնացած անձին ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից տրվում է ամուսնության վկայական:
29. Ազատազրկված անձի անձնական գործում ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից նշում է կատարվում ամուսնության գրանցման մասին, ամուսնու անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան ժամանակը, ՔԿԱԳ տարածքային բաժնի անվանումը և ամուսնությունը գրանցելու ժամանակը:
30. Եթե ազատազրկված անձն ամուսնանալիս ընտրել է ամուսնու ազգանունը, ապա անձնական գործում ամուսնության գրանցման վերաբերյալ նշման տակ կատարվում է համապատասխան գրառում: Այդ դեպքում ազատազրկված անձի անձնագրի առաջին էջում նշում է կատարվում, որը հաստատվում է ՔԿԱԳ տարածքային բաժնի կլոր կնիքով:
31. Ազատությունից զրկված անձանց միջև ամուսնությունը գրանցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (սույն հավելվածում այսուհետ` գործակալություն) պետի կողմից ընտրված` ամուսնությունը գրանցող ՔԿԱԳ համապատասխան տարածքային բաժնի կողմից` համապատասխան քրեակատարողական հիմնարկների ղեկավարների համաձայնությամբ ընտրված քրեակատարողական հիմնարկում:
32. Ազատազրկված անձանց կողմից ամուսնության փոխադարձ կամավոր համաձայնության դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը նրանց տրամադրում է դիմումի ձև, որի մեջ պետք է հաստատվի`
1) ամուսնության փոխադարձ կամավոր համաձայնությունը,
2) ամուսնական տարիքի հասնելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
3) Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված` ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության փաստը:
33. Ազատազրկված անձի կողմից դիմումի` իրեն վերաբերող մասը լրացնելուց հետո քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դիմումի մեջ նշված տեղեկությունները համեմատում է ազատազրկված անձի անձնական գործի փաստաթղթերի հետ և հաստատում նրա ստորագրությունը: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դիմումը ամուսնացող ազատազրկված անձին հանձնելու նպատակով ուղարկում է վերջինիս պահման վայրի քրեակատարողական հիմնարկի վարչակազմին:
34. Ամուսնության փոխադարձ կամավոր համաձայնության դեպքում սույն հավելվածի 32-րդ կետում նշված դիմումն ստացող ազատազրկված անձը լրացնում է դիմումի այն մասը, որը վերաբերում է իրեն: Ազատազրկված անձի կողմից դիմումի` իրեն վերաբերող մասը լրացնելուց հետո քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դիմումի մեջ նշված տեղեկությունները համեմատում է ազատազրկված անձի անձնական գործի փաստաթղթերի հետ և հաստատում նրա ստորագրությունը:
35. Դիմումին կից պետք է ներկայացվեն «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված փաստաթղթերը:
36. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դիմումը և սույն հավելվածի 35-րդ կետով սահմանված կից փաստաթղթերը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է գործակալություն:
37. Դիմումն ընդունված է համարվում գործակալություն մուտքագրվելու օրը:
38. Գործակալությունը, ստանալով դիմումը և կից փաստաթղթերը, ստուգում է դրանց ամբողջականությունն ու ճշտությունը:
39. Գործակալության պետը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի առաջարկության հիման վրա ընտրում է ՔԿԱԳ համապատասխան տարածքային բաժինը, որը գրանցում է ամուսնությունը:
40. ՔԿԱԳ համապատասխան տարածքային մարմինը, ընդունելով դիմումը և կից փաստաթղթերը, նշանակում է ամուսնության գրանցման ժամանակը, վայրը և այդ մասին նախապես իրազեկում ամուսնացող անձանց:
41. Քրեակատարողական համապատասխան հիմնարկի վարչակազմն ապահովում է ամուսնացող անձանց ներկայությունը այն քրեակատարողական հիմնարկում, որտեղ պետք է իրականացվի ամուսնության պետական գրանցումը:
42. ՔԿԱԳ համապատասխան տարածքային մարմնի կողմից ազատազրկված անձանց ամուսնության պետական գրանցումից հետո ամուսնացած անձանցից մեկին տրվում է ամուսնության վկայական:
43. Սույն հավելվածի 21-30-րդ կետերով սահմանված դրույթները տարածվում են ազատազրկման վայրերում պահվող անձանց միջև ամուսնության գրանցման վերաբերյալ դրույթների վրա այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են:»:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թվականի ապրիլի 2-ի «Ազատազրկման վայրերում պահվող անձանց հետ ամուսնության գրանցման կարգը սահմանելու մասին» N 153-Ն հրամանը:
Ռ. Բադասյան