i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2019 թվականի N 234-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 23-ի «Ջրային ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 325-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում` ջրային ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգում (այսուհետ` Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կարգի 6-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«6. Անձը Տեղեկատվությունը Հանձնաժողով է ներկայացնում առձեռն, փոստային կամ էլեկտրոնային եղանակով, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:
8. Էլեկտրոնային եղանակով Տեղեկատվությունը ներկայացվում է փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգի (Mulberry) կամ Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի (www.psrc.am) առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով: Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով Տեղեկատվության ներկայացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ:»:
2) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-14-րդ կետերով.
i
«9. Առձեռն եղանակով ներկայացման դեպքում Տեղեկատվության ներկայացման օր է համարվում Հանձնաժողովում Տեղեկատվության և ուղեկցող գրության փաստացի մուտքագրման օրը, փոստային եղանակով ներկայացման դեպքում` Տեղեկատվության և ուղեկցող գրության փոստային բաժանմունքում ընդունվելու օրվա օրացուցային կնիքի արտատիպում նշված օրը, իսկ փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) ներկայացման դեպքում` Տեղեկատվության և ուղեկցող գրության էլեկտրոնային առաքման օրը:
10. Փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) Տեղեկատվությունը ներկայացվում է Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով` էլեկտրոնային ստորագրությամբ, Տեղեկատվությունում գրանցումները կատարվում են Յունիկոդ (Unicod) ձևաչափով, իսկ այլ տվյալներ ներկայացնելու համար կիրառելի են Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel), Մայքրոսոֆթ Վորդ (Microsoft Word) և Փի Դի Էֆ (PDF) ձևաչափերը:
11. Առձեռն կամ փոստային եղանակով ներկայացման դեպքում Տեղեկատվությունը Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով Հանձնաժողով է ներկայացվում նաև [email protected] էլեկտրոնային հասցեին:
12. Հանձնաժողով ներկայացված Տեղեկատվությունում սահմանված ձևերին անհամապատասխանությունների, անճշտությունների կամ բացթողումների առկայության դեպքում Անձը Հանձնաժողովի կողմից տեղեկացվում է այդ մասին և օրենքով սահմանված կարգով իրազեկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված Տեղեկատվություն կամ Տեղեկատվությանն առնչվող լրացուցիչ պարզաբանումներ:
13. Տեղեկատվության կազմման համար անհրաժեշտ սկզբնական հաշվառման փաստաթղթերում անորոշությունների, անճշտությունների և այլ վիճահարույց տվյալների առկայության, կամ տարբեր պատճառներով այդ փաստաթղթերի վավերացված չլինելու դեպքում Անձը սկզբնական հաշվառման առկա փաստաթղթերի կամ իր կողմից առավել արժանահավատ համարվող ցուցանիշների հիման վրա լրացնում և Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում Տեղեկատվությունը ներկայացնում է Հանձնաժողով, իսկ հետագայում նոր հիմնավոր փաստերի առկայության կամ սկզբնական հաշվառման փաստաթղթերում փոփոխությունների կատարման դեպքում Տեղեկատվությունում կատարում է փոփոխություններ և Հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված Տեղեկատվություն:
14. Հանձնաժողով ներկայացված Տեղեկատվությունում Անձի կողմից սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում ևս վերջինս կարող է ներկայացնել ճշգրտված Տեղեկատվություն: Սույն կարգի կիրառության իմաստով` հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված մեկից ավելի Տեղեկատվությունից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված, իսկ մյուսները` ճշգրտված Տեղեկատվություն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահի
պարտականությունները կատարող` Ս. Աղինյան