040.0212.200301
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մարտի 2001 թվականի N 212
i
«ԱՐՄԱՎԻՐԱՊԱԿԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 30-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների մասին» N 613 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Արմավիրապակի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել վարչական շենքը և գլխավոր արտադրամասը` իր գույքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:
2. Մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող առանձնացված գույքի արժեքը կազմում է 50659 հազ. դրամ:
3. «Արմավիրապակի» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող առանձնացված գույքը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Մեիդուս թրեյդինգ քոմփանի էլ էլ սի» (MEIDUS TRADING COMPANY LLC) ընկերությանը (այսուհետև` գնորդ):
4. Սահմանել մասնավորեցման ենթակա գույքի վաճառքի գինը` 25330 հազ. դրամ:
5. Մասնավորեցման ենթակա գույքի վաճառքի գումարը գնորդի կողմից ամբողջովին վճարվում է մասնավորեցման պայմանագրի կնքման պահից 10 բանկային օրվա ընթացքում:
6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) գնորդի հետ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել մասնավորեցման պայմանագիր.
բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել գնորդի կողմից ստանձնվող հետևյալ պարտավորությունները`
առաջիկա երեք տարվա ընթացքում ֆինանսական ներդրումները պետք է կազմեն 300 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
մինչև առաջին տարվա ավարտը պետք է ապահովվի 70 աշխատատեղ:
7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկել ու հաստատել գնորդի կողմից ջրօգտագործման, ջրահեռացման, արտանետումների սահմանաքանակները և նրա հետ կնքել համապատասխան պայմանագիր:
8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 20-ից: