050.0231.061213
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 12 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013472
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
1 հոկտեմբերի 2013 թվականի թիվ 231-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով վարկային ռեգիստրի և վարկային բյուրոների համար սահմանել բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող տեղեկատվության միասնական հաշվետվական ձև,
հաշվի առնելով Համաշխարհային բանկի կողմից առաջարկված «Զարգացման քաղաքականության գործառնությունների ծրագրի» պահանջները,
հիմք ընդունելով «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Վարկային բյուրոներին տրամադրվող վարկային տեղեկատվության նվազագույն ցանկը»` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 25-ին:
(2-րդ կետը փոփ. 11.03.14 թիվ 51-Ն, 18.04.15 թիվ 94-Ն որոշումներ)
-------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - սույն որոշումն արդեն իսկ ուժի մեջ էր մտել 2014 թվականի
մարտի 1-ից և գործել է մինչև 2014 թվականի մայիսի 15, այս իսկ
պատճառով 11.03.14 թիվ 51-Ն որոշմամբ ուժի մեջ մտած
իրավական ակտի համար չի կարող սահմանվել նոր ուժի մեջ
մտնելու ժամկետ
18.04.15 թիվ 94-Ն որոշման համաձայն սույն որոշման 2-րդ կետում
«2015 թվականի մայիսի 1-ին» բառերը պետք է փոխարինել «2016 թվականի
հունվարի 25-ին» բառերով: Սակայն 18.04.15 թվականի թիվ 94-Ն
որոշումն ուժի մեջ է մտել 14.05.15 թվականի, երբ արդեն
ուժի մեջ էր մտել սույն որոշման 2-րդ կետը: Փաստորեն փոփոխվել է
արդեն իսկ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ
մտնելու ժամկետը, որը իրավական տեխնիկայի առումով անընդունելի է:
-------------------------------------------------------------------
2.1 Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը վարկային բյուրոներին սույն որոշման հավելվածով սահմանված տեղեկատվությունը տրամադրում են 2017 թվականի սեպտեմբերի 2-ից:
(2.1-ին կետը լրաց. 11.07.17 թիվ 158-Ն որոշում)
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2013 թվականի հոկտեմբերի 1-ի
թիվ 231-Ն որոշմամբ
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից վարկային բյուրոներին (այսուհետ` Բյուրո) տրամադրվող տեղեկատվությունը սահմանված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 29-ի թիվ 142-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի` վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգով» (այսուհետ` Կարգ):
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը Բյուրոյին տեղեկատվություն տրամադրում են Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվության նույն ձևաչափով` համաձայն Կարգի:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից Բյուրոյին տրամադրվող տվյալների անվանումների և ֆորմատների նկատմամբ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից: