040.1897.191105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 2005 թվականի N 1897-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութի հավաստագրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութի հավաստագրման մասին հայտի ձևը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի նոյեմբերի 3-ի
N 1897-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության անասնաբուծության բնագավառում արտադրվող և օգտագործվող տոհմանյութի հավաստագրման կարգը` «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
(1-ին կետը փոփ. 31.07.08 թիվ 825-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետությունում տոհմանյութը հավաստագրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին): Տոհմանյութի հավաստագրում (այսուհետ` հավաստագիր) նշվում է հետևյալ տեղեկատվությունը` տոհմանյութի (կենդանու) տեսակը, ցեղը, արտադրողը, կենդանու մականունը (առկայության դեպքում), գույքային համարը, սեռը, ծննդյան տարեթիվն ու վայրը, կենդանի զանգվածը, արտակազմվածքի գնահատականը, ծագումնաբանությունը` նշելով 1-2 սերնդի նախնիների մականունը, գույքային համարը, մթերատվությունը, տավարի, խոզերի, ոչխարների և ձիերի ծագման գենետիկական վերահսկողության և անոմալիաների տվյալները:
(2-րդ կետը փոփ. 31.07.08 թիվ 825-Ն որոշում)
3. Սույն կարգի համաձայն տրվող հավաստագրի ձևը հաստատվում է լիազորված մարմնի կողմից:
4. Հայաստանի Հանրապետությունում տոհմանյութի հավաստագրման համար կարող է դիմել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ (այսուհետ` հայտատու)` սույն կարգին համապատասխան:
II. ԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Սույն կարգի հիմնական նպատակներն ու խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետությունում որակյալ, բարձրարժեք տոհմանյութի արտադրությանն ու օգտագործմանը նպաստելը,
բ) անասնաբուծությամբ զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձանց գործունեությանը նպաստելը` ապրանքային շուկայում, միջազգային առևտրի և միջազգային տնտեսական գիտատեխնիկական համագործակցության բնագավառում,
գ) սպառողներին տոհմանյութի ընտրության գործում աջակցելը,
դ) տոհմանյութի զանազանումն ապահովելը,
ե) տոհմանյութի` հայտարարագրված որակի ցուցանիշներին համապատասխանությունը հաստատելը,
զ) Հայաստանի Հանրապետությունում բուծվող գյուղատնտեսական կենդանիների, թռչունների, մեղուների ցեղերի գենոֆոնդի պահպանմանն ու կատարելագործմանը նպաստելը:
(5-րդ կետը փոփ. 31.07.08 թիվ 825-Ն որոշում)
III. ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ
6. Հայաստանի Հանրապետությունում որպես տոհմանյութ հավաստագրվում է տոհմային տարբեր կենդանատեսակներից և ցեղերից ստացված տոհմանյութը:
7. Կենդանիների գենոֆոնդը պահպանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում տոհմանյութն արտադրվում է տոհմային կենդանիների մաքրացեղ բուծման արդյունքում ստացված կենդանիներից, որոնք բոնիտավորման տվյալներով ճանաչվել են մաքրացեղ և օգտագործման են երաշխավորվել հոտի (նախրի, երամակի, պարսի) վերարտադրության և տոհմանյութի արտադրության համար:
(7-րդ կետը փոփ. 31.07.08 թիվ 825-Ն որոշում)
8. Հայաստանի Հանրապետությունում տոհմանյութը հավաստագրվում է`
ա) արտադրության, օգտագործման և իրացման,
բ) ներմուծման և արտահանման,
գ) գիտափորձնական աշխատանքների կատարման նպատակներով:
(8-րդ կետը փոփ. 31.07.08 թիվ 825-Ն որոշում)
9. Տոհմային կենդանիների տոհմային արժեքը որոշում, ինչպես նաև դրանցից ստացված տոհմանյութի որակն ստուգում է լիազորված մարմինը:
10. Հավաստագիրը տրվում է յուրաքանչյուր կենդանու համար` 6 ամիս ժամկետով, իսկ մեկ կենդանու սերմնահեղուկի (սպերմա), սաղմի, ձվաբջջի, ձվի, մեղվի մայրապտուկի, ձկնկիթի չափաբաժինների խմբաքանակի համար` 12 ամիս ժամկետով:
(10-րդ կետը փոփ. 23.06.17 թիվ 715-Ն որոշում)
11. Տոհմանյութի յուրաքանչյուր խմբաքանակի համար տրված հավաստագիրը միանվագ է:
(11-րդ կետը փոփ. 31.07.08 թիվ 825-Ն որոշում)
12. Հավաստագիր տալու համար ստուգվում է տոհմանյութի համապատասխանությունը` փաստաթղթային ուսումնասիրության և (կամ) լաբորատոր փորձաքննության միջոցով:
IV. ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
13. Տոհմանյութի հավաստագրման համար հայտատուն ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
ա) լիազորված մարմնի կողմից սահմանված ձևի հայտ,
բ) տոհմային քարտի պատճենը,
գ) (13-րդ կետի գ ենթակետն ուժը կորցրել է 06.07.07 թիվ 778-Ն որոշում)
դ) արտադրողի կողմից տրված լաբորատոր հետազոտության մասին տեղեկանք.
ե) արտադրողի կողմից տրված տոհմանյութի ծագման հավաստագիրը:
(13-րդ կետը փոփ. 31.07.08 թիվ 825-Ն որոշում)
14. Հավաստագրված տոհմանյութ արտադրողը, ներկրողը, արտահանողը և սպառողն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ներկայացրած տեղեկությունների հավաստիության համար:
V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
15. Հայաստանի Հանրապետությունում տոհմանյութը հավաստագրվում է փաստաթղթային ուսումնասիրության և լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա:
16. Տոհմանյութի հավաստագրման մասին հայտը, տոհմանյութի նմուշը և տոհմանյութի փորձաքննության արդյունքները ներկայացվելուց հետո 5 օրվա ընթացքում ընդունվում է որոշում հայտը բավարարելու կամ մերժելու մասին:
17. Հայտատուին կամ նրա ներկայացուցիչներին, նրանց գրավոր խնդրանքով, կարող է տրվել փորձաքննության կատարման պայմաններին և ընթացքին ծանոթանալու հնարավորություն:
18. Հայաստանի Հանրապետությունում տոհմանյութի հավաստագրումը մերժվում է, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը թերի կամ կեղծ են, կամ չեն համապատասխանում տոհմանյութի իրական և ներկայացված փաստաթղթերի տվյալներին,
բ) իր որակական ցուցանիշներով չի համապատասխանում տվյալ տեսակի տոհմանյութի համար լիազորված մարմնի կողմից սահմանված պահանջներին,
գ) տոհմանյութը ժամկետանց է:
19. Հայտը մերժելու մասին որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում այն հանձնվում է հայտատուին:
20. Տոհմանյութի հավաստագրման մերժման մասին որոշումը կարող է բողոքարկվել` օրենքով սահմանված կարգով: