040.0900.311200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 դեկտեմբերի 2000 թվականի N 900
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՆՇՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 122 հոդվածի 11-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մաքսային ձևակերպումների նպատակով ապրանքներից նմուշներ և փորձանմուշներ վերցնելու կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թ.
դեկտեմբերի 31-ի N 900 որոշմամբ
ԿԱՐԳ
Հայաստանի Հանրապետությունում մաքսային ձևակերպումների
նպատակով ապրանքներից նմուշներ և փորձանմուշներ վերցնելու
1. Սույն կարգը սահմանում է մաքսային ձևակերպման ժամանակ համապատասխան հսկողության իրականացման նպատակով օրենքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներից նմուշներ և փորձանմուշներ վերցնելու կարգը:
2. Ապրանքներից նմուշներ և փորձանմուշներ վերցնել կարող են այդ ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունք ունեցող անձինք և նրանց կամ համապատասխան իրավասու մարմինների լիազոր ներկայացուցիչները` մաքսային մարմինների թույլտվությամբ:
3. Նմուշները և փորձանմուշները վերցվում են ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունք ունեցող անձանց կամ նրանց լիազոր ներկայացուցիչների ներկայությամբ և մաքսային մարմինների պաշտոնատար անձանց հսկողությամբ:
Առանց ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունք ունեցող անձանց կամ նրանց լիազոր ներկայացուցիչների ներկայության նմուշներ և փորձանմուշներ կարող են վերցվել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված դեպքերում` երկու ընթերակայի մասնակցությամբ:
4. Փորձարկման նպատակով ապրանքների նմուշների և փորձանմուշների ընտրանքն իրականացնում են համապատասխան իրավասու մարմինների լիազոր ներկայացուցիչները` տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջների:
5. Փորձարկման նպատակով ապրանքներից նմուշներ և փորձանմուշներ վերցնելու ժամանակ կատարվում է ապրանքների նույնականացում:
Նույնականացումն իրականացվում է նմուշառման վայրում:
6. Նմուշներ և փորձանմուշներ վերցնելու ժամանակ կազմվում է վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված ձևի արձանագրություն, որն ստորագրում են մաքսային և նմուշառում իրականացնող մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունք ունեցող անձը կամ նրա լիազոր ներկայացուցիչը, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` ընթերակաները:
Արձանագրությունից մեկական օրինակ տրվում է մասնակիցներին:
7. Փորձարկման նպատակով ապրանքներից վերցված նմուշները և փորձանմուշներն առանձնացվում են հիմնական ապրանքից ու տեղափոխվում փորձարկումների նմուշառումն իրականացնող համապատասխան իրավասու մարմինների ներկայացուցիչների կամ ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունք ունեցող անձանց, կամ նրանց լիազոր ներկայացուցիչների կողմից:
8. Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրանց փամփուշտների նմուշների տեղափոխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Եթե նմուշները տեղափոխում են ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունք ունեցող անձինք կամ նրանց լիազոր ներկայացուցիչները, ապա նմուշները կապարակնքվում (դրոշմակնքվում) են մաքսային մարմինների և նմուշառումն իրականացնող համապատասխան իրավասու մարմինների լիազոր ներկայացուցիչների կողմից:
10. Նմուշների և փորձանմուշների փորձարկումների ավարտից հետո փորձարկման գործընթացում օգտագործված նմուշները և փորձանմուշները, ինչպես նաև փորձարկման չենթարկված նմուշները վերադարձվում են օրենքով բավարար իրավունք ունեցող անձին, բացառությամբ այն դեպքերի, երբ կոնկրետ նորմատիվ փաստաթղթերով նախատեսվում է որոշակի ժամկետով տվյալ ապրանքի հսկիչ նմուշի պահպանումը փորձարկման լաբորատորիայում: Այս դեպքում ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունք ունեցող անձը կամ նրա լիազոր ներկայացուցիչը կարող է հսկիչ նմուշը հետ վերցնել այդ ժամկետը լրանալուց հետո: