040.0594.280900
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» սեպտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 սեպտեմբերի 2000 թվականի N 594
i
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 20-րդ կետը և 39 հոդվածը, ինչպես նաև մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ուղղակիորեն կարգավորված չլինելու դեպքում այլ պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա ու Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ` բարեգործական), կրոնական և համանման բնույթի ոչ պետական այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը կարող են որակվել որպես`
ա) մարդասիրական օգնություն, եթե այն անմիջականորեն ֆիզիկական անձանց հասցեագրված գործունեություն է` ուղղված մարդկանց ֆիզիկական և հոգևոր պահանջմունքների բավարարմանը, մասնավորապես, նրանց սննդի, առողջության, կրթության, բնակարանային կամ կենցաղային պայմանների բարելավմանը, աշխատանքային հմտությունների և ունակությունների զարգացմանը.
բ) բարեգործական գործունեություն, եթե ապրանքները մատակարարվում կամ ծառայությունները մատուցվում են բժշկական, սոցիալական, գիտական, ուսումնական, դաստիարակչական, մշակութային, մարզական, բնապահպանական և համանման բնույթի այլ կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետության համայնքներին:
Նշված սահմանումները վերաբերում են Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային օրենսդրությամբ տվյալ գործունեության համար նախատեսված արտոնությունների կիրառման շրջանակին և չեն կարող մեկնաբանվել որպես այլ հարաբերություններ կարգավորող սահմանումներ:
Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված արտոնությունները կիրառվում են ծրագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կողմից մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրեր որակելու մասին համապատասխան որոշման ընդունումից հետո:
(1-ին կետն ուժը կորցրել է 28.06.01 թիվ 573 որոշում)
2. Մարդասիրական օգնության կամ բարեգործական գործունեության առարկա կարող են լինել`
գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները,
աշխատանքները և ծառայությունները,
մտավոր գործունեության արդյունքները (մտավոր սեփականություն):
Մարդասիրական օգնությունը կամ բարեգործական գործունեությունն իրականացվում է անշահախնդրորեն` անհատույց կամ արտոնյալ պայմաններով:
(2-րդ կետն ուժը կորցրել է 28.06.01 թիվ 573 որոշում)
3. Գործարքը (գործառնությունը) կամ որևէ ծրագիր մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրա համար զգալի նշանակություն ունեցող որակվելու համար դրանք պետք է էական նշանակություն ունենան վերջինիս արդյունավետ կատարումը, մասնավորապես, բաշխվող ապրանքների ներմուծումը, ձեռքբերումը, պահպանումը և տեղափոխումը, ինչպես նաև աշխատանքների կատարումն ու ծառայությունների մատուցումն ապահովելու համար:
(3-րդ կետն ուժը կորցրել է 28.06.01 թիվ 573 որոշում)
4. Ծրագրերը որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական կամ դրանց հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ծրագրեր որակվելու հետ մեկտեղ, բարերարի համաձայնությամբ, կարող են սահմանվել դրանց իրականացման հատուկ պայմաններ:
(4-րդ կետն ուժը կորցրել է 28.06.01 թիվ 573 որոշում)
5. Սահմանել, որ ծրագրերը Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական կամ դրանց հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ծրագրեր որակված չլինելու դեպքում նման որակման են ենթակա Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
(5-րդ կետն ուժը կորցրել է 28.06.01 թիվ 573 որոշում)
6. Սահմանել, որ ծրագիրն իրականացնող կազմակերպությունը, անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է ծրագիրը որակված որպես մարդասիրական օգնության կամ բարեգործական, սահմանված ձևերին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողով է ներկայացնում`
ա) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` այդ եռամսյակի ընթացքում ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին տեղեկությունները.
բ) ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում ծրագրի կատարման մասին ամփոփ տեղեկությունները:
i
Նշված տեղեկությունները չտրամադրվելու կամ ծրագրի նպատակները չիրականացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովն իրավասու է փոփոխելու կամ կասեցնելու ծրագիրը մարդասիրական օգնության կամ բարեգործական որակելու մասին իր որոշումը, իսկ եթե նման որակում տրված է այլ իրավական ակտով, ապա հանձնաժողովն իրավասու է այդ որակումը փոփոխելու կամ կասեցնելու մասին միջնորդություն ներկայացնելու տվյալ իրավական ակտն ընդունած մարմին:
(6-րդ կետն ուժը կորցրել է 28.06.01 թիվ 573 որոշում)
i
7. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, մեկամսյա ժամկետում հաստատել`
ա) մարդասիրական օգնության կամ բարեգործական ծրագրերի, ինչպես նաև դրանց հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող ծրագրերի գծով արտոնությունների կիրառման մասին հրահանգը.
բ) սույն որոշման 6-րդ կետով նախատեսվող ձևերը:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի գործունեության կանոնակարգման լրացուցիչ միջոցառումների մասին» N 562 որոշումը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: