040.0286.080600
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» հունիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունիսի 2000 թվականի N 286
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74 հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրին (կցվում է) և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 8-ից:
Հայաստանի Հանրապետության
կառավարության գործունեության
ԾՐԱԳԻՐ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. Նախաբան
2. Սոցիալ-տնտեսական իրավիճակը
3. Կառավարության գործունեության ակնկալվող հիմնական արդյունքներ
4. Կառավարության գործունեության հիմնական ուղղությունները
4.1. Քաղաքացիական ծառայության բարեփոխումներ և կոռուպցիայի դեմ պայքար
4.2. Ընդհանուր տնտեսական քաղաքականություն
4.3. Ձեռնարկատիրության զարգացում
4.4. Ֆինանսական համակարգ և կապիտալի շուկա
4.5. Բյուջետային համակարգ
4.6. Հարկային համակարգ
4.7. Պետական գույքի կառավարում և մասնավորեցում
4.8. Անշարժ գույքի շուկա
4.9. Տնտեսության հիմնական ճյուղեր
4.9.1. Արդյունաբերություն
4.9.2. Գյուղատնտեսություն և բնապահպանություն
4.10. Արտադրական ենթակառուցվածքներ
4.11. Սոցիալական համակարգ
4.11.1. Առողջապահություն և սոցիալական ապահովություն
4.11.2. Կրթություն, գիտություն, մշակույթ
4.12. Քաղաքաշինություն և տարածքային կառավարում
1. Նախաբան
Կառավարության գործունեության ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի և «Միասնություն» դաշինքի նախընտրական ծրագրերի հիման վրա և օրգանական շարունակությունն է վարչապետներ Վազգեն և Արամ Սարգսյանների կառավարությունների ծրագրերի:
Կառավարությունն իր գործունեությունը սկսում է չափազանց բարդ իրավիճակում: 1999 թվականի մայիսի 30-ի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվել էր կայունության և վստահության աննախադեպ իրավիճակ: Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունների արդյունքում ոչ միայն քաղաքական ասպարեզից հեռացվեցին չափազանց մեծ ազդեցություն ունեցող և հասարակության անվերապահ վստահությունը վայելող վառ անհատականություններ, այլև կտրուկ վատթարացավ բարոյահոգեբանական իրավիճակը և էապես աճեց ներքաքաղաքական լարվածությունը: Թեև հաջորդ վեց ամիսների ընթացքում հնարավոր եղավ երկիրը զերծ պահել վտանգավոր առճակատումներից և խոր ցնցումներից, սակայն անցած տարիների ընթացքում երկրի սոցիալ-տնտեսական կյանքում կուտակված խնդիրների լուծման ուղղությամբ տեղաշարժեր չնկատվեցին:
Անկասկած, երկրի բարոյահոգեբանական միջավայրի առողջացման առումով բացառիկ նշանակություն ունեն հոկտեմբերի 27-ի գործի քննության բնականոն ընթացքը, ոճրագործության բոլոր կազմակերպիչների ու կատարողների բացահայտումը: Սակայն երկրի ապագայի ու նաև այդ գործի քննության անաչառ և արդարացի ընթացքի համար պակաս կարևոր չեն քաղաքական կյանքի առողջացումը, սոցիալ-տնտեսական վիճակի նկատելի բարելավումը: Այդ նպատակների իրագործման համար անհրաժեշտ է ոչ միայն լիարժեք փոխըմբռնում և սերտ համագործակցություն հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և կառավարության միջև, այլև պահանջվում են իրատեսական, կոնկրետ նպատակներ մատնանշող, արդյունավետ ծրագրեր, արագ և վճռական քայլեր` դրանց իրագործման համար:
2. Սոցիալ-տնտեսական իրավիճակը
Այսօր Հայաստանը հայտնվել է չափազանց բարդ սոցիալական խնդիրների լուծման անհրաժեշտության առաջ` - բնակչության ճնշող մեծամասնությունը գտնվում է ծանր սոցիալական վիճակում. - անշեղորեն մեծանում է բնակչության բևեռացումը` ըստ եկամուտների, իսկ
բնակչության գերակշռող մասի եկամուտները չափազանց ցածր են յուրաքանչյուր
ամուր հասարակության առանցքի` միջին խավի ձևավորման համար. - ծայրահեղ անբավարար է աշխատատեղերի թիվը. - պետությունը պարբերաբար չի կատարում իր պարտականությունը հասարակության
նկատմամբ` զգալի ուշացումներով է վճարում կենսաթոշակները, նպաստները,
բյուջետային հիմնարկների աշխատավարձերը. - օրինազանցությունը, կառավարման համակարգում խորացող կոռուպցիան, ամեն
քայլափոխի հանդիպող անարդարությունն ու պետական պաշտոնյաների
կամայականությունները հուսախաբ են անում ժողովրդին. - մեծ չափերի է հասել բնակչության արտագաղթը:
Բարեփոխումների իրագործման ճանապարհին թույլ տրված արմատական սխալների արդյունքում իրավիճակն աննախանձելի է նաև տնտեսական հատվածում` - մշտապես թերի են հավաքագրվում բյուջետային եկամուտները` ժամկետանց
հարկային պարտավորությունները 2000 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հասել
են 124 մլրդ դրամի. - կուտակվել են մի քանի տարվա բյուջետային պարտքեր. - ներմուծման ծավալները շարունակում են ավելի քան 3 անգամ գերազանցել
արտահանումը. - ապահովված չեն արդար մրցակցության լիարժեք պայմաններ. - ներդրումները մնում են անթույլատրելի ցածր մակարդակի վրա. - տնտեսության զգալի հատվածը դարձել է անարդյունավետ` ի դեմս վնասով
աշխատող և մասնավորեցված, բայց պարապուրդի մեջ գտնվող
ձեռնարկությունների. - բանկային համակարգում կուտակվել են ընդհանուր կապիտալի կեսից ավելի
չափով երկարաձգված և ժամկետանց վարկեր. - իրական տոկոսադրույքները դեռևս մնում են բարձր. - պարբերաբար բյուջեի սուղ միջոցները հատկացվում են պետական բյուջեի հետ
ուղղակիորեն կապված ոլորտներում (ոռոգում, խմելու ջուր և կոյուղի,
ջեռուցում, «Նաիրիտ» ընկերություն) կուտակված խնդիրների լուծմանը. - մասնավորեցման գործընթացը չի ծառայում իր հիմնական նպատակին`
տնտեսության զարգացմանը. - մեծ չափերի են հասել տնտեսության «ստվերայնացումն» ու «քրեականացումը». - ցածր է տնտեսական բարեփոխումների արդյունավետությունը:
Որպես հետևանք, 1999 թվականին տնտեսական աճն իրական արտահայտությամբ կազմեց ընդամենը 3.3. տոկոս, զգալիորեն շեղվելով ծրագրային ցուցանիշներից` հիմնականում պայմանավորված չորրորդ եռամսյակում տնտեսությունում արձանագրված անսպասելի կտրուկ անկմամբ, որին հետևեց 2000 թվականի տարեսկզբին գրեթե զրոյական տնտեսական աճ (տարվա առաջին չորս ամիսների արդյունքներով այն, ըստ նախնական գնահատականների, կազմում է 0.3 տոկոս): Թեև նախորդ տարվա արդյունքներով տեղի ունեցավ տնտեսության արտաքին հատվածը բնութագրող ցուցանիշների (մասնավորապես` առևտրային հաշվեկշռի) զգալի բարելավում (արտահանման շուրջ 6 տոկոս աճի և ներկրման ավելի քան 11 տոկոս նվազման արդյունքում էապես կրճատվեց առևտրային հաշվեկշռի բացասական մնացորդը` կազմելով համախառն ներքին արդյունքի շուրջ 30 տոկոս), այնուամենայնիվ, այդ ցուցանիշները դեռևս մնում են անհանգստացնող:
Բյուջետային եկամուտների թերհավաքագրումը (առկա միտումների պահպանման դեպքում` տարեկան շուրջ 20,4 մլրդ դրամ), նախորդ տարիներին կուտակված պարտքերի մեծ ծավալը (շուրջ 26.7 մլրդ դրամ, որից միայն շուրջ 7 մլրդ դրամի մարումն է նախատեսված պետական բյուջեում), արտաքին ֆինանսավորման ակնկալվող թերստացումը (շուրջ 4.9 մլրդ դրամի չափով) հանգեցրել են տարեկան պետական բյուջեում զգալի ճեղքի (շուրջ 45 մլրդ դրամի չափով) առաջացման:
Կառավարությունը գիտակցում է այս հիմնախնդիրների լուծման ուղղությամբ վճռական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, և նախատեսում է կուտակված բյուջետային պարտքերի աստիճանական (2000-2001 թվականների ընթացքում) մարման ժամանակացույցի հաստատում` բնականաբար առաջնայնությունը տալով սոցիալական ծախսերի գծով պարտքերի մարմանը: Միևնույն ժամանակ, կառավարությունը կնախաձեռնի եկամուտների ավելացմանն ուղղված միջոցառումներ, մասնավորապես սահմանամերձ առևտրի մաքսային վերահսկողության բարելավում և ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասով հարկային վարչարարության արդյունավետության բարձրացում: Այդուհանդերձ, առաջիկա մի քանի ամիսների ընթացքում պետական բյուջեի կատարման ընթացքում որակական փոփոխությունների բացակայությունը կառավարությանը կպարտադրի խորհրդարանում հանդես գալ տարեկան պետական բյուջեում համապատասխան ճշգրտումների առաջարկությամբ:
Պետական բյուջեի հետ ուղղակիորեն կապված ոլորտներից յուրաքանչյուրում (ոռոգում, խմելու ջուր և կոյուղի, ջեռուցում, «Նաիրիտ» ընկերություն) կուտակված խնդիրների վերջնական լուծման նպատակով կառավարությունն արդեն իսկ նախաձեռնել է հիմնականում ներքին ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանն ուղղված ծրագրերի մշակումը: Նման ծրագրերի կենսագործումը կապահովի այս ոլորտներում վերջնական նպատակը` լրիվ ֆինանսական առողջացումը մինչև 2003 թվականը:
Կենսաթոշակների վճարումը ևս հեռու է բավարար լինելուց, 2000 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակների գծով պարտքը կազմում է շուրջ 5.2 մլրդ դրամ` էլ ավելի վատթարացնելով հասարակության ամենազգայուն խավի` կենսաթոշակառուների վիճակը: Դա համարելով անհանդուրժելի, կառավարությունն խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների չափերի փոփոխման վերաբերյալ առաջարկություն, որի ընդունումը, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրման բարելավմանն ուղղված վարչարարական միջոցառումներին զուգահեռ, թույլ կտա մինչև տարեվերջ բացառել կենսաթոշակների վճարումների որևէ ուշացում:
Ստեղծված բարդ իրավիճակում կառավարությունը տեսնում է անհապաղ լուծման ենթակա երկու հիմնախնդիր`
1. տնտեսական բարեփոխումների շեշտադրման փոխադրում տնտեսության իրական հատված, կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ուղենիշների սահմանում և դրանց անվերապահ կատարում.
2. պետական կառավարման համակարգի արմատական բարելավում, մասնավորապես կոռուպցիայի և կլանայնության դեմ անողոք պայքար` իրատեսական և ընդգրկուն ծրագրի իրագործմամբ:
Այդ հիմնախնդիրների լուծմամբ է միայն հնարավոր տնտեսությունը դուրս բերել իրական զարգացման ուղի, հասարակության համար ապահովել պաշտպանված և արժանապատիվ կյանք, վստահություն պետության և վաղվա օրվա նկատմամբ:
3. Կառավարության գործունեության ակնկալվող հիմնական արդյունքները
Սույն ծրագրի իրականացման արդյունքում կառավարությունը երաշխավորում է 2001-2003 թվականների ընթացքում` - կենսաթոշակների և նպաստների կրկնապատկում. - բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերի կրկնապատկում. - արտահանման ծավալների տարեկան առնվազն 25 տոկոս աճ:
Միաժամանակ, կառավարության գործունեությունն ուղղված կլինի 7-8 տարիների ընթացքում համախառն ներքին արդյունքի կրկնապատկմանը, գների շարունակական կայունության ապահովմանը:
4. Կառավարության գործունեության հիմնական ուղղությունները
4.1. Քաղաքացիական ծառայության բարեփոխումներ և կոռուպցիայի դեմ պայքար
Պետության, մասնավորապես տնտեսության զարգացման ամենամեծ խոչընդոտը պետական կառավարման գործող անարդյունավետ համակարգն է և վերջինիս անբաժան ուղեկիցը` կոռուպցիան, իր ամենատարբեր դրսևորումներով` կաշառակերություն, հովանավորչություն, պետական գույքի յուրացումներ և այլն: Կոռուպցիան էապես արգելակում է ազատ տնտեսական մրցակցությունը, խոչընդոտում է ներքին և արտաքին ներդրումներին, նվազեցնում է պետական եկամուտները, խորացնում աղքատությունը, խարխլում իշխանությունների և պետականության նկատմամբ հավատը:
Կոռուպցիայի դեմ պայքարը կառավարությունը դիտելու է իբրև իր գործունեության առանցքային հիմնահարցերից մեկը, ցուցաբերելու է ամենայն վճռականություն և անզիջողականություն: Կառավարությունը մշակում է և սկսելու է կենսագործել պետական կառավարման համակարգի արմատական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի համապարփակ ծրագրեր: Կառավարությունը գործադրելու է անհրաժեշտ ջանքեր, որպեսզի հասարակության համար առավել թափանցիկ և հրապարակային դառնա գործադիր իշխանության մարմինների գործունեությունը, համախմբելու է պետական բոլոր մարմինների ուժերն ու հնարավորությունները կոռուպցիայի դեմ պայքարի պետական ծրագրերն իրականացնելիս: Ընդսմին կարևորվելու են քաղաքական, տնտեսական և բարոյահոգեբանական լծակների և գործոնների լայնամասշտաբ կիրառումը:
Նախապատրաստվում է և շուտով Ազգային ժողով կներկայացվի «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումն ու կիրառումը էապես կբարելավի արդյունավետ և կշռադատված կադրային քաղաքականության իրականացումը, պետական ապարատը որակյալ, բանիմաց և բարոյական բարձր հատկանիշներով օժտված կադրերով համալրումը, պետական ծառայողների սոցիալական և իրավական պաշտպանության պետական երաշխիքների ապահովումը:
Երկրում պետք է հաստատվի օրենքի գերակայություն, սահմանվի խստագույն կարգապահություն, պաշտոնատար անձանց պատասխանատվություն` աշխատանքում տեղ գտած թերությունների համար: Պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված յուրաքանչյուր թերացում պետք է ստանա արժանի գնահատական: Միաժամանակ կառավարությունը ձեռնարկելու է անհրաժեշտ միջոցներ հստակ սահմանազատելու և հստակեցնելու պետական մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունների շրջանակը, բացառելու է պետական ծառայության և ձեռնարկատիրական գործունեության համատեղումը:
Կառավարությունը առանձնակի կարևորում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտների հայտարարագրումը և այս առնչությամբ շուտով Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվելու համապատասխան օրենքի նախագիծ: Միաժամանակ կոռուպցիայի դեմ պայքարում որպես ամենագործուն միջոցներից մեկը օգտագործվելու է պետական ծառայողների պատշաճ դրամական վարձատրությունը:
Կոռուպցիայի ամենատարածված դրսևորումներից մեկի` պետական գույքի յուրացումների դեմ պայքարի կարևոր լծակներից մեկը կարող է դառնալ «Պետական գնումների մասին» օրենքի կիրառումը` ապահովելով պետական բյուջեի միջոցների շուրջ 60 տոկոսի արդյունավետ օգտագործումը:
Գործադրվելու են վճռական և անհապաղ միջոցներ արգելակելու գործարարության նկատմամբ անհարկի և ապօրինի միջամտությունը, համակարգելու պետական վերահսկողական ծառայությունների գործունեությունը, ապահովելու բյուջետային ծախսերի, վարկային և դրամաշնորհային միջոցների նկատմամբ խստագույն վերահսկողությունը, բարելավելու հարկային և մաքսային վարչարարությունը, անվերապահորեն կատարելու պետական բյուջեն:
Զգալիորեն կրճատվելու են լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեության տեսակները, լիցենզավորման պահանջներն ու պայմանները, հստակեցնելու լիցենզավորման բուն գործընթացը, պարզեցնելու կազմակերպությունների պետական գրանցման ընթացակարգը:
Ըստ ամենայնի պաշտպանվելու են սեփականատիրոջ իրավունքները և օրինական շահերը պաշտոնատար անձանց կամայականություններից և ոտնձգություններից:
Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի առավելագույն հրապարակային` հասարակությանն իրազեկելով և՛ կոռուպցիայի հետևանքների, և՛ կիրառված պատժամիջոցների մասին, ինչը կօգնի վերականգնել վստահությունն ու հավատն արդարացի և ազնիվ պետական ծառայության նկատմամբ:
4.2. Ընդհանուր տնտեսական քաղաքականություն
Կառավարությունը տնտեսական քաղաքականության նպատակ է համարում տնտեսական աճի ուղղորդումը աղքատության կրճատմանը: Այս առումով անհրաժեշտ է ոչ միայն մակրոտնտեսական կայունության պահպանում և դրան ուղղված հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության կենսագործում, այլ նաև տնտեսական բարեփոխումների արժեվորում ըստ դրանց սոցիալական հետևանքների:
Որպես աղքատության հիմնախնդրի լուծման կարևորագույն միջոց, կառավարությունն առաջնային է համարում աշխատատեղերի ստեղծումն ու այդ նպատակով ներդրումների խթանումն ու գործարարությանն աջակցումը: Այս բնագավառում համակարգված բարեփոխումների իրականացման նպատակով կստեղծվի գործարարության աջակցման ու ներդրումների խրախուսման խորհուրդ, որը կներկայացնի ներդրումային միջավայրի բարելավման համակողմանի ծրագիր` հատկապես կարևորելով օրենքների միարժեք կիրառումը` որպես ներդրողների վստահության ձեռքբերման երաշխիք:
Տնտեսության զարգացման գլխավոր նախապայմանը ընդգծված արտահանման ուղղվածության հաղորդումն է: Արտահանման կտրուկ աճի կարևոր գործոն է Հայաստանի արտաքին մրցունակության բարձրացումը, որի նպատակով կառավարությունը կպաշտպանի լողացող փոխարժեքի քաղաքականության իրականացումը:
Կառավարությունը վճռական է տրամադրված արտաքին շուկաներում հայրենական արտադրանքի մրցունակության և ներքին շուկայում ազատ մրցակցության ապահովման նպատակով ազատական փոխանակային ու առևտրային ռեժիմի հետևողական կենսագործման և այդ առումով, մասնավորապես, առևտրի նկատմամբ վարչական լծակների կամ միջամտությունների բացառման հարցում: Արտաքին տնտեսական գործունեության բնագավառում կառավարությունը ձգտելու է համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի առավելագույն ինտեգրացման, արտահանման խթանման, ներդրումների ներգրավման, միջազգային առևտրատնտեսական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման, արտերկրի հետ միջպետական տնտեսական համագործակցության ընդլայնման, արտաքին առևտրատնտեսական գործունեության արդյունավետությունը բարձրացնող համապատասխան ենթակառուցվածքների զարգացման:
Կառավարությունը միջազգային տնտեսությանը Հայաստանի ինտեգրացումն ընդլայնելու, արտաքին շուկաներ գործարարների ազատ մուտք ու կայուն մրցակցային հնարավորություն ապահովելու կարևոր գործող է համարում Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությունը:
Վերջին տարիներին արտահանումը Հայաստանում մեծապես պայմանավորված է եղել թանկարժեք քարերի, մետաղների և դրանից պատրաստված իրերի արտադրությամբ (2000 թ. առաջին եռամսյակում` արտահանման ավելի քան 51 տոկոսը) և հանքահումքային նյութերի արտահանմամբ: Բնական է, որ նման իրավիճակում թե՛ արտահանումը և թե՛ ողջ տնտեսությունը խոցելի են դարձել մեկ ոլորտում արտահանման ծավալների տատանումներից: Ակնհայտ է, որ առողջ տնտեսության մասին կարելի է խոսել միայն ներմուծման ծավալների հետ արտահանման ծավալների համադրելիության դեպքում:
Կառավարությունում արդեն ավարտին է մոտենում մի շարք կարևոր ներդրումային նախագծերի մշակումը, որոնք Լոնդոնում կայանալիք գործարար համաժողովում Համաշխարհային բանկի հետ համատեղ պետք է ներկայացվեն համաշխարհային ֆինանսական հանրության ուշադրությանը: Այդ միջոցառումները կարևորագույն նշանակություն կունենա օտարերկրյա ներդրումների ներգրավման գործում:
Տնտեսական զարգացման ասպարեզում կառավարությունը հատկապես կարևորում է սփյուռքահայության հետ համագործակցության հնարավորությունները, խոշոր ներդրումային ու զբաղվածություն ապահովող ծրագրերը կգտնվեն կառավարության առանձնահատուկ հսկողության և պաշտպանության ներքո: Նպատակային ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ է նաև տարածքային տնտեսական զարգացման ծրագրերի (ներառյալ աղետի գոտու համար) մշակում` բացահայտելով կոնկրետ տարածաշրջանների մասնագիտացումն ու առանձնահատկությունները:
Կառավարությունը կարևորում է 2001 թվականին Հայաստանում մարդահամարի անցկացումը և այն որակում որպես համապետական միջոցառում:
4.3. Ձեռնարկատիրության զարգացում
Կառավարության գործունեության առանցքային ուղղություններից է լինելու ներքին շուկայում տնտեսավարման մրցակցային դաշտի զարգացումը, ստվերային տնտեսության դեմ պայքարի ներգործուն մեխանիզմների մշակումն ու իրագործումը, հանրապետությունում տնտեսական մրցակցությունը կարգավորող օրենսդրական դաշտի ձևավորումը, անբարեխիղճ մրցակցության կանխումը:
Արտահանման խթանման ու ներդրումների ներգրավման նպատակով կառավարությունը խորհրդարան կներկայացնի «Ներդրումների մասին» նոր օրենքի նախագիծ և կապահովի արտերկրում հանրապետության դեսպանատների գործունեության ընդլայնում` տնտեսական ուղղվածության շեշտադրմամբ:
Ձեռնարկությունների ֆինանսական առողջացման նպատակով կառավարությունը կընդլայնի ֆինանսապես անառողջ վիճակում գտնվող ձեռնարկությունների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման` օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի կիրառման պրակտիկան, ինչը կապահովի տնտեսությունում չվճարումների (մասնավորապես` կուտակված հարկային պարտավորությունների) հիմնախնդրի արմատական լուծումը: Հաշվի առնելով ընկերությունների ֆինանսական առողջացման և անվճարունակության (սնանկացման) մեխանիզմների լիարժեք և անվերապահ գործադրման անհրաժեշտությունը, այս ասպարեզում առկա իրավական արգելքների հաղթահարման նպատակով կառավարությունը խորհրդարան կներկայացնի համապատասխան օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկություն: Միևնույն ժամանակ, ինչպես այս, այնպես էլ մյուս ասպարեզներում օրենսդրության կիրառման միարժեքության ապահովումը պահանջում է դատաիրավական բարեփոխումների շարունակում և խորացում, դատական և պետական այլ մարմինների պատասխանատվության բարձրացում:
Ձեռնարկատիրության խրախուսման առումով լուրջ փոփոխություններ են նախատեսված հարկային քաղաքականության ոլորտում` հարկային օրենսդրության պարզեցման և կայունացման, հարկային բեռի թեթևացման առումով:
Կառավարությունը հատուկ վերաբերմունք է ունենալու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, որը ոչ միայն առանցքային դեր ունի տնտեսությունում, այլև մեծապես կարող է նպաստել աշխատատեղերի ստեղծմանն ու միջին խավի, քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Անցած տարիների ընթացքում այս ոլորտի զարգացման աշխատանքները կրել են տարերային բնույթ: Անհետաձգելի է դարձել համակարգված մոտեցումների կիրառումը, փոքր և միջին ձեռնարկատիրության համար խորհրդատվական ծառայությունների մատչելիության ապահովումը, բիզնես-ծրագրերի մշակմանը լիարժեք աջակցությունը, ֆինանսական միջոցների նպատակային ուղղորդումը:
2000 թվականի ընթացքում էականորեն կպարզեցվի ընկերությունների գրանցման գործընթացը, այլ հաշվով, որ Հայաստանում հնարավոր լինի 1-2 օրում ընկերություն գրանցել: Կառավարությունը նախատեսում է գրանցման պարզ ընթացակարգերի սահմանում և միասնական համակարգի ձևավորում, որը հնարավորություն կտա ձեռնարկությունների գրանցման բոլոր փուլերն իրականացնել մեկ «պատուհանից»: Կմեղմացվեն լիցենզավորման պահանջները և կկրճատվի լիցենզավորման ենթակա գործունեության ցանկը` այդ նպատակով խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծ:
Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների` միջազգային շուկայում ինտեգրացման, մասնավորապես, օտարերկրյա ներդրումների ներգրավման կարևորագույն նախապայման է հանդիսանում հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին անցումը, որը կառավարությունը նախատեսում է ավարտել ընթացիկ տարում: Միաժամանակ, հայրենական արտադրանքի արտահանման խթանման ցանկացած փորձ կարող է անհաջողության մատնվել առանց որակի միջազգային ստանդարտներին ապրանքների համապատասխանեցման:
Տնտեսության զարգացման և աշխատատեղերի ստեղծման նպատակով կառավարությունը կարևորում է զբոսաշրջիկության զարգացման համար բարենպաստ իրավական դաշտի ձևավորումը, ընդհանուր և տարածաշրջանային հեռանկարային ծրագրի մշակումը, զբոսաշրջիկության խթանման միջոցառումների իրականացումը:
4.4. Ֆինանսական համակարգ և կապիտալի շուկա
Կառավարությունը, որպես ֆինանսական, մասնավորապես բանկային համակարգի կայունության երաշխիք, վճռորոշ է համարում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անկախության պահպանումը: Բանկային համակարգում պետական մասնակցությունը նվազագույնի հասցնելու նպատակով կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ, նախատեսում է Խնայբանկի մասնավորեցումը, որի ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացման համար կառավարությունը կհաստատի բանկի վերակառուցման և մասնավորեցման ծրագիրը:
Ներդրողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, արժեթղթերի շուկայի թափանցելիության ապահովման նպատակով կառավարությունը կարևորում է «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրենքի ընդունումն ու դրա լիարժեք կիրառումը:
Պետական կարճաժամկետ պարտատոմսերի տոկոսադրույքների նկատելի նվազումը վկայում է պետական արժեթղթերի շուկայի կայունացման մասին: Զուգահեռաբար, բանկային համակարգը թևակոխում է զարգացման մի նոր փուլ, սակայն առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի դեռևս ծայրահեղ փոքր մեծությունը էապես սահմանափակում է տնտեսության վարկավորման հնարավորությունները: Հիմնախնդրի լուծումը պահանջում է բանկային կապիտալի զգալի մեծացում և բանկերի միաձուլում:
Կառավարությունը ֆինանսական ոլորտի լիարժեք կայացման անվերապահ պայման համարում է ապահովագրական համակարգի զարգացումը, ֆինանսական շուկայի ոչ բանկային ինստիտուցիոնալ մասնակիցների շրջանակի ընդլայնումը:
4.5. Բյուջետային համակարգ
Կառավարության արդյունավետ գործունեության և ռազմավարության իրագործման երաշխիքը հստակ բյուջետային քաղաքականության իրագործումն է և պետական բյուջեի անվերապահ կատարումը: Լիարժեք պետք է օգտագործվեն բյուջեի եկամուտների ընդլայնման բոլոր հնարավորությունները: Պետական բյուջեի եկամտային մասի իրագործումը հնարավոր կարող է դառնալ միայն տարիների ընթացքում ձևավորված չվճարումների արատավոր «համակարգի» վերացմամբ: Թեև տնտեսական բարեփոխումների հենց սկզբից մերժվում էին բյուջետային սուբսիդիաները, սակայն փաստորեն դրանք այսօր էլ են մնացել` քողարկված ձևով:
Բյուջետային ծախսերի արդյունավետության մեծացման համար էական նշանակություն կունենա «Պետական գնումների մասին» օրենքի ընդունումն ու լիակատար կիրառումը, ինչպես նաև գանձապետարանի գործունեության կատարելագործումը:
Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած վարկային և դրամաշնորհային միջոցների և մարդասիրական օգնության հաշվին իրականացվող համապետական նշանակություն ունեցող ծրագրերի արդյունավետ ու նպատակային իրագործման ապահովման նպատակով կառավարությունը կզարգացնի վարկային և դրամաշնորհային միջոցների օգտագործման վերաբերյալ տվյալների միասնական բազայի ստեղծման, պարբերական մոնիտորինգի ապահովման և կառավարման ու վերահսկողության ուժեղացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Բյուջետային միջոցների առավել արդյունավետ օգտագործման համար կարևոր նշանակություն կունենա պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը: Կառավարությունը նախատեսում է, որ մասնավորեցումից ստացված միջոցները, լինելով մեկանգամյա մուտքեր, յուրաքանչյուր տարի կուղղվեն կապիտալ ծախսերի իրականացմանն ու արտաքին ոչ արտոնյալ պարտքի մարմանը, ինչը կապահովի նման միջոցների առավել արդյունավետ օգտագործումը: Միաժամանակ, այդ միջոցների ծախսումը հատկապես կապիտալ ծախսերի ուղղությամբ առավել նպատակային դարձնելու և հնարավոր չարաշահումները բացառելու նպատակով կվարձվեն աուդիտորական ծառայություններ, որոնք ոչ միայն կհաստատեն ֆինանսական միջոցների հոսքերի պատշաճ արտացոլումը, այլ նաև կատարված ծախսերի համապատասխանությունը նախանշված նպատակներին:
Կառավարությունը կշարունակի պետական ծախսերի կառավարման բնագավառում պետությանն առնչվող բոլոր դրամական հոսքերի ներառման, դրանց արդյունավետ օգտագործման և թափանցելիության ապահովման աշխատանքները, մասնավորապես նյութական խրախուսման նպատակով պետական կառավարման տարբեր մարմինների համար ստեղծված արտաբյուջետային ֆոնդերը փոխարինելով բյուջետային ուղղակի հատկացումներով:
Կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի պետական ծախսերի գծով պարտքերի կուտակումը բացառելու համար: Պետական կառավարման մարմինների գործողությունների վերահսկման մեխանիզմների ներդրումը, մասնավորապես, պետական բյուջեի, սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի, համայնքների բյուջեների գործառնությունների համախմբումն ու գործող բոլոր ճյուղային արտաբյուջետային ֆոնդերի մոնիտորինգի իրականացումը կապահովեն կառավարության գործունեության թափանցիկություն ու վերահսկելիություն ոչ միայն Ազգային ժողովի, այլ նաև ամբողջ հասարակության համար:
4.6. Հարկային համակարգ
Հարկային համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կառավարությունը նախատեսում է հարկային և մաքսային արմատական բարեփոխումների իրականացում, որի սկիզբը կլինի դրա վերաբերյալ ծրագրի մշակումն ու գործարար շրջանների ու խորհրդարանի հետ դրա շուրջ համակողմանի քննարկումների ծավալումը:
Մինչև տարեվերջ հարկային բարեփոխումների իրականացումը կապահովի մրցունակ, արդյունավետ և միջնաժամկետ հեռանկարում կայուն հարկային համակարգ, որը հաշվի կառնի առկա սահմանափակումները (տարածաշրջանային մեկուսացում, պետական կառավարման և հարկային վարչարարության անարդյունավետ համակարգ և այլն) և հիմնականում կբնութագրվի`
ա) հարկային համակարգի պարզեցմամբ ու արդյունավետության բարձրացմամբ.
բ) հիմնական հարկատեսակների գծով հարկային բեռի թեթևացմամբ` միաժամանակ հարկային ծանրությունը տեղափոխելով առավել արդյունավետ հարկատեսակներ.
գ) արտոնությունների առավելագույն կրճատմամբ, առանձին ոլորտների, գործունեության առանձին տեսակների, առանձին ձեռնարկությունների համար որևէ բնույթի հարկային արտոնությունների բացառմամբ.
դ) արտահանման և աշխատատեղերի ավելացման խթանմամբ:
Կառավարությունը մեծ նշանակություն է տալիս նաև հարկատուների շահերի պաշտպանությանը և այդ նպատակով նախատեսում է հարկային ստուգումների մեխանիզմների պարզեցմանը զուգահեռ մեծապես բարձրացնել հարկատուների իրազեկման աշխատանքների ծավալն ու որակը: Զուգահեռաբար, հարկային վարչարարության ասպարեզում կառավարությունը նախատեսում է հարկային կարգապահության բարձրացման նպատակով զանգվածային քարոզարշավի նախաձեռնում` ներառյալ, մասնավորապես, ինչպես բարեխիղճ, այնպես էլ անբարեխիղճ (ժամկետանց խոշոր հարկային պարտավորություններ ունեցող կամ հարկային օրենսդրության կոպիտ խախտումներ թույլ տված) հարկատուների ցանկի ամենամսյա հրապարակում: Կառավարությունը վճռորոշ է համարում հարկային ապառքների կտրուկ նվազեցումը և նոր ապառքների կուտակման բացառումը և այդ նպատակով, ի լրումն ձեռնարկությունների ֆինանսական առողջացման և անվճարունակության (սնանկացման) ընթացակարգերի կիրառման, կիրականացնի նաև ապառքների կուտակման պատճառների ուսումնասիրում և դրանց վերացմանն ուղղված աշխատանքների իրականացում:
Կառավարությունը նախատեսում է նաև արդիական մաքսային համակարգի ձևավորման ուղղությամբ համակարգված միջոցառումների իրականացում` ուղղված, մասնավորապես, մաքսային ընթացակարգերի պարզեցմանն ու դրանց համալիր վերափոխմանը, մաքսային ստուգումների հստակ կանոնակարգմանը, մաքսային արժեքի որոշման օրենքով սահմանված մեխանիզմների միարժեք կիրառմանը:
4.7. Պետական գույքի կառավարում և մասնավորեցում
Կարևորելով պետության կարգավորիչ դերը ազատ տնտեսական հարաբերությունների ձևավորման գործում, կառավարությունը հատկապես առանձնացնում է պետական գույքի կառավարման սկզբունքների վերանայման խնդիրը: Կառավարությունը առաջնային է համարում մասնավորեցվող ձեռնարկության ճակատագիրը մասնավորեցումից հետո: Մասնավորեցման գլխավոր նպատակը պետք է դառնա ձեռնարկության արդյունավետ գործունեությունը: Մասնավորեցման 2001-2003 եռամյա ծրագրի մշակման առանցքը կլինի այդ մոտեցումը` որպես արդյունավետ զբաղվածության խթանման և դրանով իսկ ինչպես սոցիալական կուտակված հիմնահարցերի լուծման, այնպես էլ տնտեսական աճի ապահովման ուղի:
Պետական գույքի մասնավորեցմանը զուգընթաց կառավարությունը նախատեսում է մշակել և իրագործել պետական մասնակցությամբ կամ զուտ պետական սեփականություն հանդիսացող ընկերությունների ու ձեռնարկությունների վերակազմավորման ծրագրեր` ապահովելու համար դրանց հետագա արդյունավետ գործունեությունը: Ոչ եկամտաբեր և ոչ կենսունակ ընկերությունների համար կառավարությունը վճռականորեն կիրառելու է սնանկացման միջոցով վերակազմավորման ուղին: Զուգահեռաբար, կառավարությունը կապահովի պետական սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ պետության` որպես սեփականատիրոջ, իրավունքների լիարժեք իրացումը, դրա օգտագործման արդյունավետության բարձրացումը, պետական մասնակցությամբ ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության մոնիտորինգի իրականացումը:
Մասնավորեցման գործընթացի տնտեսական արդյունավետության հիմնական երաշխիքներից մեկը կառավարությունը համարում է այդ գործընթացի լիարժեք թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Այդ գործընթացի իրականացման այս կամ այն մոտեցման ընտրությունը պետք է բացառապես պայմանավորված լինի տնտեսական արդյունավետությամբ:
4.8. Անշարժ գույքի շուկա
Կառավարության կողմից արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում պետական սեփականության հողերի` գյուղատնտեսական և քաղաքաշինական նպատակներով տրամադրման պարզ, թափանցիկ մեխանիզմների ներդրման և օգտագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Ընթացիկ տարվանից սկսած կկանոնակարգվի մասնավորեցված և մասնավորեցվող հասարակական և արտադրական օբյեկտների պահպանման ու սպասարկման համար հողի սեփականության և օգտագործման իրավունքի փոխանցումը` ստեղծելով նպաստավոր պայմաններ այդ ձեռնարկություններում ներդրումների իրականացման համար:
Կշարունակվի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացը, որի արդյունքում սեփականատերերին անվճար կտրամադրեն սեփականության վկայականներ:
Մշակվում է հողերի, շենքերի և շինությունների գնահատման և հարկման նոր, առավել իրատեսական համակարգ, որը կնպաստի անշարժ գույքի քաղաքացիական շրջանառության և մասնավորապես գրավադրման զարգացմանը:
4.9. Տնտեսության հիմնական ճյուղեր
4.9.1. Արդյունաբերություն
Արդյունաբերական քաղաքականության բնագավառում կառավարությունը որպես ելակետ ընդունում է այն իրողությունը, որ տնտեսության համամասնական զարգացման անհրաժեշտությունը պարզապես ստիպում է հաշվի առնել և արդյունավետ օգտագործել տնտեսական, մարդկային, բնաաշխարհագրական ողջ ներուժը:
Արդյունաբերական արտադրության ռազմավարությունն առաջիկայում կառուցվելու է տեխնոլոգիական և կառավարման նորամուծությունների արմատավորման հիման վրա: Ընդ որում, առաջնային են համարվելու ներքին ռեսուրսների վերամշակման հետ կապված մրցունակ արտադրությունների հիմնումն ու զարգացումը:
Հանրապետությունում առկա տեխնոլոգիական հնարավորությունների, բնական պաշարների առավել նպատակային օգտագործման տեսանկյունից հատկապես կարևորվում են քիմիական և լեռնամետալուրգիական համալիրների համակարգային զարգացման ծրագրերը, որոնց իրագործմանն առկա հնարավորությունների սահմաններում կառավարությունն աջակցելու է ըստ ամենայնի: Միաժամանակ, պատշաճ ուշադրություն է դարձվելու թեթև, ոսկերչական, ակնագործական և շինանյութերի արդյունաբերության զարգացմանը:
Կառավարության ուշադրության կենտրոնում կլինի ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը, նկատի ունենալով դրա աճող դերն համաշխարհային արդի տնտեսության մեջ, ինչպես նաև Հայաստանում առկա համապատասխան գիտական ներուժը:
4.9.2. Գյուղատնտեսություն և բնապահպանություն
Գյուղատնտեսության ոլորտում հիմնախնդիրների ձևակերպման և լուծման ռազմավարության նպատակը երկրի պարենային անվտանգության ապահովումն է: Այդ առումով կառավարությունը մեծապես կարևորում է գյուղատնտեսական մթերքների տեղական արտադրողների և վերամշակողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումները, գյուղմթերքների արտահանման օժանդակությունը:
Առանձնակի ուշադրություն կդարձվի հողի շուկայի ձևավորմանը` բոլոր հողատերերին հանձնելով հողի սեփականության իրավունքի վկայականներ: Միջոցներ կձեռնարկվեն պետական պահուստային ֆոնդի հողերի օտարման ուղղությամբ և պայմաններ կստեղծվեն դրանց արդյունավետ օգտագործման համար, կկազմվեն հանրապետության մարզերի և համայնքների հողերի օգտագործման սխեմաները:
Կառավարությունը կշարունակի օժանդակել գյուղատնտեսությունում կատարվող ներդրումներին ու վարկավորմանը: Ոլորտում ներդրումների գերակա ուղղությունները կլինեն ոռոգման համակարգերի վերականգնումը և դրանց անխափան ու անվթար շահագործումը, հողերի բարելավման և մելիորացման աշխատանքները, սերմնաբուծության և տոհմային գործի զարգացման, բույսերի պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումները: Կձեռնարկվեն միջոցներ գյուղատնտեսության վարկավորման բնագավառում առաջացած խոչընդոտների վերացման ուղղությամբ, հատկապես գրավադրման մեխանիզմներում հողի լիարժեք օգտագործման հիման վրա: Միաժամանակ քայլեր կձեռնարկվեն գյուղատնտեսության մեջ ապահովագրական համակարգի ներդրման, կոոպերացիայի զարգացման, գյուղացիական միավորումների ձևավորման ուղղությամբ:
Կառավարությունը կշարունակի ոռոգման համակարգի բարեփոխումների երկարաժամկետ ծրագրի իրականացումը` բարձրացնելով ոռոգման համակարգերի շահագործման հուսալիությունն ու արդյունավետությունը, կրճատելով ջրի կորուստները, կարգավորելով ոռոգման ջրի հատկացման և ջրի վարձի գանձման փոխհարաբերությունները: Կշարունակվեն և կավարտվեն Որոտանի հիդրոհանգույցի հորատանցումն ու շինարարությունը, Արփա-Սևան թունելի հիմնանորոգումը, ջրամբարների պատվարների ամրապնդման ու վերանորոգման աշխատանքները և կապահովվի դրանց անվտանգ ու անխափան շահագործումը:
Բնապահպանության ոլորտում կշարունակվեն բնական պաշարների վերականգնելիությանն ուղղված բնապահպանական համակարգի ներդրման աշխատանքները (Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման, անապատացման դեմ պայքարի, շրջակա միջավայրի պահպանության ազգային գործողությունների և այլ ծրագրեր): Հայաստանի ջրային ռեսուրսները համարելով պետության կարևորագույն հարստություն, կառավարությունը կմշակի ջրային ռեսուրսների օգտագործման համալիր հայեցակարգ:
Բնապահպանության բնագավառում վերափոխումների հիմնական ուղղությունները կլինեն բնական պաշարների ուսումնասիրության, պահպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում ամբողջական ու համակարգված պետական քաղաքականության իրականացման ապահովումը, բնական պաշարների օգտագործման արտոնագրման ու վճարովի տրամադրման, բնությանը պատճառված վնասի փոխհատուցման համակարգերի զարգացումն ու կատարելագործումը, հանրապետությունում էռոզիոն գործընթացների աճի դադարեցմանը, հակասողանքային գործընթացների նվազեցմանն ու հողերի վերականգնմանն ուղղված ծրագրի մշակումը, անտառապատման և անտառվերականգնման ծավալների զգալի աճի ապահովումը, բնապահպանական օրենսդրության իրականացման նկատմամբ վերահսկողության ուժեղացումը և միջազգային կոնվենցիաներով Հայաստանի ստանձման պարտավորությունների կատարման ապահովումը:
4.10. Արտադրական ենթակառուցվածքներ
Վառելիքաէներգետիկ համակարգի բարեփոխումների շրջանակներում հիմնական շեշտադրումը կարվի էներգահամակարգի հուսալի և անվտանգ շահագործման, վերազինման, համակարգի արդյունավետ գործունեության, համակարգում առկա կորուստների կրճատման, իսկ երկարաժամկետ հեռանկարում` նաև էներգակիրների ու դրանց մատակարարման այլընտրանքային ուղիների ապահովման վրա: Մասնավորեցման գործընթացում կառավարությունը կարևորում է խնդրի որակական կողմը, և այդ նպատակով ռազմավարական նշանակության ընկերությունների (մասնավորապես` բաշխիչ ցանցերի) մասնավորեցումը կիրականացնի հրապարակայնորեն` համակողմանի քննարկումների միջոցով ստանալով հասարակության լայն խավերի աջակցությունը: Ընդ որում, մասնավորեցումը կառավարությունը դիտում է ոչ թե նպատակ, այլ միջոց` ապահովելու մասնավորեցվող ընկերությունների արդյունավետ գործունեությունը, համակարգում չարաշահումների վերացումը, ներդրումների ներգրավումը և ի վերջո` սպառողների շահերի պաշտպանությունը:
Էներգետիկայի ոլորտում կառավարությունը հետամուտ կլինի Հայկական ԱԷԿ-ի անվտանգության աստիճանի անընդհատ բարելավմանը, Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանը, Հայաստանի Հանրապետության բնակչության, այլ սպառողների գազամատակարարման վերականգնմանը և գազամատակարարման ցանցի ընդլայնմանը, Սյունիք-կենտրոն էլեկտրահաղորդման գծի ուժեղացմանը, սեփական էներգետիկ ռեսուրսների և առաջին հերթին տնտեսապես հիմնավորված հիդրոէներգետիկ պոտենցյալի հնարավորինս օգտագործմանը, այդ թվում` Մեղրու ՀԷԿ-ի ներդրումների իրականացման համար ռազմավարական ներդրողի ներգրավմանը, Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի շինարարության ավարտի հետ կապված խնդրի համալիր լուծմանը, էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի և գազամատակարարման հաշվառման համակարգերի արդիականացմանը:
Հատուկ ուշադրության է արժանի սակագների ձևավորման սկզբունքների ուսումնասիրությունը:
Կառավարությունը ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքների բարելավման գերակա ուղղություններ համարում է, մասնավորապես, համակարգի կառավարման մեխանիզմների կատարելագործումը (այդ թվում` բնագավառում գործունեության հարուստ փորձ ունեցող հայտնի ընկերությունների ներգրավման ճանապարհով), ներդրումների անհրաժեշտ ծավալների ներգրավումը, համակարգերի շահագործման տնտեսական արդյունավետության և հուսալիության բարձրացումը, մատուցված ծառայությունների դիմաց վարձավճարների հավաքագրման մակարդակի բարձրացման և ջրի կորուստների նվազեցման նպատակով հաշվառման համակարգի կազմակերպման համալիր ծրագրի ներդրումը: Համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը խորհրդարան կներկայացնի ջրային նոր օրենսգրքի, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վերաբերյալ օրենքի նախագծերը:
Տրանսպորտ և կապ. Տնտեսության զարգացման, ներդրումների խրախուսման անհրաժեշտ պայման է կապի և տրանսպորտային ուղիների բարելավումը: Կառավարությունը հետամուտ կլինի հեռահաղորդակցության ոլորտում ներդրումային ծրագրերի լիարժեք իրագործմանը, որակյալ կապի և մատչելի ինտերնետային ծառայությունների ապահովմանը: Կառավարությունը կմշակի կապի այլընտրանքային համակարգերի կիրառման հնարավորություններ ապահովող ծրագրեր` հետագայում բացառելով որևէ ընկերության մենաշնորհային դիրք: Կշարունակվեն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, հայկական երկաթուղու, նրա կապի համակարգի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նորոգման աշխատանքները: «Հայկական ավիաուղիներ» ՊՓԲԸ ընկերությունում եկամտաբեր գործունեության ապահովմանն ուղղված անհրաժեշտ կառուցվածքային փոփոխություններից հետո կառավարությունը կնախապատրաստի ընկերության մասնավորեցումը` որպես շուկայական մրցակցության պայմաններում ազգային ավիափոխադրողի արդյունավետ և երկարատև գործունեության երաշխիք: Կառավարությունը կարևորում է «Կավկազ» նավահանգստի երկաթգծալաստանավային անցման վերանորոգման աշխատանքների իրականացումը:
4.11. Սոցիալական համակարգ
4.11.1. Առողջապահություն և սոցիալական ապահովություն
Առողջապահության ոլորտում կառավարության առաջնահերթ խնդիրն է բարեփոխումների ավարտումը հնարավոր կարճ ժամանակահատվածում, բյուջետային հատկացումների ուշացման արատավոր «ավանդույթի» վերացումը, կուտակված պարտքերի վճարման ժամանակացույցի մշակումն ու անվերապահ կատարումը, բնակչության համար անվճար բուժօգնության համակարգի ստեղծումը: Իրականացվելու են աշխատանքներ առողջապահական համակարգում պետական գույքի (առողջապահական հաստատությունների) մասնավորեցմանը նպաստելու և այդ գործընթացը խթանող նախադրյալների ստեղծման ուղղությամբ:
Իրականացվելու է բնակչությանը մատուցվող բժշկական օգնության փոխհատուցման բազմաձևություն (պետական պատվեր, համավճար, բժշկական ապահովագրություն, վճարովի ծառայություններ և այլն):
Բժշկական ապահովագրության կենսունակ համակարգի ներդրումը, որպես առողջապահության համակարգի բարեփոխումների կարևորագույն տարր, ոչ միայն առողջապահության ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ ներգրավելու միջոց է, այլ նաև բնակչության համար բժշկական օգնությունը առավել մատչելի դարձնելու, սոցիալական արդարության սկզբունքներ սերմանելու և ռեսուրսների նպատակային օգտագործումն ու բժշկական ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու երաշխիք:
Առաջնային բուժօգնության կարևորագույն օղակը ներկայացնող ամբուլատոր- պոլիկլինիկական համակարգի զարգացման հիմնական ուղղություններն են ընտանեկան բժշկության համակարգի ձևավորումը, անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության բավարար ծավալի և որակի ապահովումը:
Բնակչության սոցիալական աջակցության հիմքում գերակշռող պետք է լինի հասցեավորված օգնությունը այն ընտանիքներին, որոնց փաստացի սպառումը ցածր է կենսաապահովման նվազագույն չափից: Սոցիալական արտոնությունները պետք է սահմանվեն որպես դրամային վճարներ արտոնություն ստացողին: Էական բարելավման կարիք ունի կարիքավորության ստուգման և դրանով պայմանավորված ընտանեկան նպաստների համակարգը:
Սոցիալական ոլորտում բարեփոխումները պետք է ուղղվեն երկու հիմնախնդիրների լուծմանը`
- սոցիալապես խոցելի ընտանիքների առավել արդյունավետ պաշտպանություն
անցումային շրջանի բացասական ազդեցություններից` նրանց համար
ապահովելով նվազագույն սոցիալական ծառայությունների մատչելիություն.
- աշխատող բնակչության համար իրենց եկամուտների հաշվին ապահովել
սոցիալական ծառայությունների առավել լայն հնարավորություններ`
միաժամանակ անուղղակի պայմաններ ստեղծելով նաև կարիքավոր ընտանիքների
սոցիալական պաշտպանության համար:
Կառավարությունը կապահովի կենսաթոշակների և նպաստների վճարումը սահմանված ժամանակին և դրանց հետևողական բարձրացումը: Կատարելագործման կարիք ունեն կենսաթոշակային ապահովագրության գործող մեխանիզմները` կենսաթոշակառուների և այդ տարիքին մոտ գտնվողների համար պահպանելով կենսաթոշակային գործող մեխանիզմները, և աշխատող բնակչության համար կիրառելով կենսաթոշակների ֆինանսավորման կուտակային մեխանիզմներ:
Նպատակ ունենալով հանրապետությունում աղքատության առավելագույն կրճատումը և իրականացվող բարեփոխումներին համապատասխան ուղղվածության հաղորդումը, կառավարությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել, խորհրդարանական հանձնաժողովների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համատեղ, աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի մշակմանը:
Սոցիալական խնդիրների լուծմանը կնպաստի նաև աշխատանքային նոր օրենսգրքի ընդունումը: Կառավարությունը հետևողական կլինի նաև հաշմանդամների և տարեցների, կանանց և երեխաների հիմնահարցերի լուծման գործում: Աշխատանքներ կտարվեն նաև զբաղվածության խնդրի աստիճանական լուծման ուղղությամբ:
Կառավարությունը կարևորում է միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգի, ազգամիջյան բախումներից տուժած անձանց բնակարանային ապահովման համալիր ծրագրի մշակումը, հասարակության մեջ փախստականների ինտեգրացման գործընթացի շարունակումը` որպես դրա վերջնական փուլ համարելով նրանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ընդունումը:
4.11.2. Կրթություն, գիտություն, մշակույթ
Հանրակրթական համակարգի բարեփոխումները կշարունակվեն բոլոր հիմնական ուղղություններով` ներառելով համակարգի ռացիոնալացումը, հաստատությունների ինքնավարության աճը և անցումը ֆինանսավորման նոր` ըստ աշակերտների թվի, համակարգի: Ընդհանուր միջնակարգ կրթության համակարգի պահպանմանն ու զարգացմանը զուգահեռ քայլեր կձեռնարկվեն 6-օրյա և 11-ամյա ուսուցման կազմակերպման նախադրյալների ստեղծման ուղղությամբ:
Կառավարությունը կմշակի կրթության զարգացման պետական ծրագիր, որի հիմքում կլինի ոչ միայն ուսուցիչների աշխատավարձի զգալի բարձրացումը, կրթական բոլոր հաստատությունների համար հավասար պայմանների ստեղծումն ու կրթօջախների բազմազանության ապահովումը, այլ նաև կադրերի վերապատրաստման և վերապրոֆիլավորման ինստիտուտների ձևավորումը` հիմնված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի վրա:
Բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական կրթության ոլորտում կառավարությունն իր խնդիրների շարքում կարևորում է ուսումնական հաստատությունների արտոնագրման և հավատարմագրման պետական չափորոշիչների ամրագրումը, կրթօջախների ինքնավարության ընդլայնումն ու կրթության վերջնական արդյունքի նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը, պետական պատվերի ձևավորման և տեղաբաշխման կարգի արմատական վերափոխումը:
Կառավարությունը նախատեսում է Համահայկական համալսարանի ստեղծում, ինչը հնարավորություն կտա հայ և օտարերկրյա լավագույն մասնագետների կարողություններն օգտագործել կրթական բնագավառում բեկում մտցնելու համար, ձևավորել ազգային և համամարդկային խնդիրների շուրջ հայ մտավորականների համախմբման միջավայր:
Հատկապես կարևորելով ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման նպատակային ծրագրի իրագործումը կրթության, արտադրության և մշակույթի ոլորտներում, կառավարությունը նպատակադրված է մինչև 2002 թվականը բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում ապահովել Ինտերնետային կապով համակարգչային սրահներ:
Կառավարությունը հանրապետության համակողմանի առաջընթացի համար գիտությունը դիտում է իբրև կարևորագույն գործոն: Կառավարությունը կձեռնարկի ոլորտի զարգացումն ապահովելու, խոչընդոտող հիմնախնդիրների լուծելու քայլեր, մասնավորապես գիտության կառավարման և ֆինանսավորման վերափոխման և կառուցվածքային օպտիմալացման ուղղությամբ: Գիտության բնագավառի հիմնախնդիրների լուծման հարցում կառավարության քաղաքականությունը նպատակաուղղվելու է նաև գիտական ներուժի զարգացման ռազմավարության շրջանակներում պետական հովանավորության արդյունավետ համակարգի ձևավորմանը զուգահեռ գիտության ֆինանսավորման մասնավոր աղբյուրների խթանմանը, և այդ նպատակով շահագրգիռ գիտական կոլեկտիվների մասնակցությամբ կմշակի գիտության ոլորտի բարելավման հայեցակարգ:
Կառավարությունը պետության մշակութային քաղաքականության զարգացման հիմնական ուղին համարում է ազգային մշակութային արժեքների պահպանման, զարգացման և համաշխարհային հանրությանը պատշաճ ներկայացնելու ուղղված ծրագրերի իրագործումը:
Կառավարությունն առաջնային է համարում սփյուռքի հետ կապերի զարգացումը, մասնավորապես համահայկական ինստիտուտների, Հայաստան-Սփյուռք միասնական տեղեկատվական դաշտի ձևավորումը, երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում սփյուռքահայության ներգրավումը, Հայաստանում սփյուռքահայ երեխաների հանգստի կազմակերպումը, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը: Կառավարությունը կխրախուսի նաև մշակութային օջախներում հովանավորների և հոգաբարձուների ինստիտուտի ներդրումը:
Պետական երիտասարդական քաղաքականության գլխավոր նպատակն է` երիտասարդ մարդու սոցիալական կայացման, նրա ստեղծագործ ներուժը ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործման համար պայմաններ ու երաշխիքներ ստեղծելը:
Կառավարությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայեցակարգի հիման վրա Ազգային ժողով կներկայացնի համապատասխան օրենքի նախագիծ, որով կսահմանվեն այս բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն ու ուղղությունները, ֆիզիկական կուլտուրային և սպորտին աջակցության ձևերը:
Զուգահեռաբար, կառավարությունը կհստակեցնի Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հետ կնքված մտադրությունների հուշագրից բխող գործնական ծրագիրն ու դրա կենսագործման մեխանիզմները: Կառավարությունը քայլեր կձեռնարկի նաև «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման ապահովման, իրավական դաշտի հետագա կատարելագործման ուղղությամբ:
Կառավարությունը նաև առավելագույն ջանքեր կգործադրի Քրիստոնեության 1700-ամյակի հետ կապված տոնակատարությունները պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ:
Լեզվաքաղաքականության ասպարեզում կառավարությունը կապահովի հայերենի` որպես պետական լեզվի, պատշաճ կիրառությունը:
4.12. Քաղաքաշինություն և տարածքային կառավարում
Քաղաքաշինության բնագավառում կառավարության քաղաքականությունն առաջնահերթ ուղղված կլինի քաղաքաշինության և ճարտարապետության զարգացման հիմնական ուղղությունների, տարաբնակեցման գլխավոր ուրվագծի սկզբունքների հիման վրա հանրապետության տարածքային զարգացման ուրվագծի, առանձին մարզերի զարգացման ծրագրերի մշակմանը, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից ելնելով` հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության կարգավորմանը, ապօրինի և անորակ շինարարության վերացմանը:
Համապատասխան միջոցներ կձեռնարկվեն Երևանի Դավիթաշենի կամուրջը 2000 թվականի ընթացքում շահագործման նվազագույն ծախսերով հանձնելու համար:
Կառավարության տեսադաշտում կլինեն նաև շենքերի և կառուցվածքների (հատկապես` կամուրջների) տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը, սեյսմակայունության, անվտանգ շահագործման ապահովման համալիր միջոցառումների ներդրումը, քաղաքաշինական կադաստրի ձևավորումը, չափագիտական ծառայության ստեղծումը:
Շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ աղետի գոտու վերականգնումը, և այդ նպատակով կառավարությունը հետամուտ կլինի հաստատված ծրագրի լիարժեք իրականացմանը: Աղետի գոտում կշարունակվեն ցուցաբերվել առանձնահատուկ մոտեցումներ` համաֆինանսավորման հիմունքներով պետական միջոցների օգտագործում, բաժնետիրական հիմունքներով բնակարանային շինարարության խրախուսմամբ բնակչության միջոցների ներգրավման արդյունավետության բարձրացում, ինչպես նաև անհատական բնակարանային շինարարությանն աջակցելու համար վարկային միջոցների տրամադրում:
Բնակարանային ոլորտում տարվող քաղաքականությունը նպատակաուղղված կլինի գոյություն ունեցող բնակարանային ֆոնդի պահպանման, սպասարկման և շահագործման խնդիրների ապակենտրոնացմանը, պետական անմիջական կառավարման մեխանիզմների` ոչ պետականով փոխարինմանը, պետական պարտավորությունների իրականացման քայլերի հստակեցմանը և բնակարանային շինարարությունից բացի բնակարանային ապահովման այլընտրանքային ձևերի ներդրմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Ոլորտում տնտեսական բարեփոխումների հետագա շարունակման հիմնախնդիրներն են սահմանամերձ բնակավայրերում վնասված տների վերականգնումն ու համատիրությունների, ինչպես նաև բնակֆոնդն սպասարկող ընկերությունների ստեղծմանն ու կայացմանը պետական օժանդակության ցուցաբերումը:
Տարածքային կառավարման համակարգի զարգացումը նպատակաուղղվելու է հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական ներդաշնակ զարգացման, պետական կառավարման ապակենտրոնացման, տեղական ինքնակառավարման դերի և արդյունավետության բարձրացման, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների հստակեցմանն ու ֆինանսական հնարավորություններին դրանց համապատասխանության ապահովմանը: Այդ խնդիրների լուծման համար կարևոր նշանակություն կունենա «Տարածքային կառավարման մասին» օրենքի ընդունումը:
Երևան քաղաքի ներդաշնակ զարգացումը պահանջում է քաղաքի կառավարման նոր մոդելի մշակումը, որի նպատակով կներկայացվի «Երևանի մասին» օրենքի նախագիծը:
Կառավարությունը տնտեսական զարգացման իր ծրագրերում, գյուղում ծագած սոցիալական հարցերը լուծելու և հանրապետության ժողովրդագրական իրավիճակը կայունացնելու նպատակով, առանձնահատուկ ուշադրություն կդարձնի հեռավոր, սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի առաջանցիկ զարգացումն ապահովելու նպատակով պետական օժանդակությունը` այդ նպատակով հետամուտ լինելով արդեն իսկ հաստատված ծրագրերի լիարժեք կենսագործմանը: