(ուժը կորցրել է 22.12.2022 թիվ 2011-Ն որոշում)
040.1560.111106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 2006 թվականի N 1560-Ն
ՄՍԻ ԵՎ ՄՍԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(3-րդ մաս)
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՄՍԻ ԵՎ ՄՍԱՄԹԵՐՔԻ
(3-րդ մաս)
Մսային պահածոների արտադրական գործընթացներին ներկայացվող
պահանջները և նորմերը
28. Ոսկրազատման և ջլազատման ժամանակ, եթե հայտնաբերվում են վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտաբանական, տեսանելի փոփոխություններ, միսն առանձնացվում է, ենթարկվում լաբորատոր հետազոտության, իսկ սարքավորումները, գործիքները, արտահագուստը` ենթարկվում մաքրման և ախտահանման:
29. Այն շինություններում, որտեղ միսը ջլազատվում և ոսկրազատվում է, ջերմաստիճանը պետք է լինի 6 oC-ից ոչ բարձր:
30. Պահածոյացման տարաները ենթարկվում են սանիտարական մշակման` տաք ջրի և գոլորշու միջոցով:
31. Պահածոյացման տարաները մինչև լցոնումն ընտրովի կարգով ենթարկվում են փորձաքննության` հերմետիկության նկատմամբ:
32. Պաստերիզացված պահածոները պատրաստում են միայն պաղեցված մսից, որը պահվում է -1 oC - +1 oC ջերմաստիճանում, 24 ժամից ոչ ավելի:
33. Պաստերիզացված պահածոյի յուրաքանչյուր խմբաքանակից վերցվում է նմուշ` մանրէաբանական հետազոտության համար: Հումքը ենթարկվում է ջերմային մշակման` 120 oC տաք օդում` 60-90 վայրկյան տևողությամբ:
34. Պաստերիզացման և մանրէազերծման ռեժիմների արդյունքները գրանցվում են, որոնք հաշվետու տվյալներ են և պահվում են կազմակերպությունում, ձեռնարկությունում` մեկ տարվանից ոչ պակաս, իսկ մանրէազերծված պահածոյացման դեպքում` 5 տարի:
35. Ջերմային մշակումից հետո պահածոն պաղեցվում է` մինչև ապրանքի կենտրոնում 20 oC-ից ոչ բարձր ջերմաստիճանի ստացումը, որն ապահովում է մթերքի որակը և անվտանգությունը` պահման, փոխադրման և իրացման ժամանակ:
36. Պաստերիզացված կամ մանրէազերծված պահածոները պահվում են 0-5 oC ջերմաստիճանում:
37. Որպես վերամշակման հումք` միսը չի կարելի օգտագործել, եթե`
ա) հումքը չունի անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ և ենթարկված չէ անասնաբուժասանիտարական փորձաքննության,
բ) հումքը չունի որակի և անվտանգության վկայական,
գ) աղտոտվածությունը գերազանցում է թույլատրելի նորմերը,
դ) լրացել է պիտանիության ժամկետը, առկա են փչացման նշաններ:
Բուսական ծագում ունեցող հումքը, որն օգտագործվում է մսամթերքի արտադրությունում, պետք է ունենա ուղեկցող փաստաթուղթ` գենետիկորեն ձևափոխված մթերքի մասին տեղեկատվությամբ:
38. Սննդային հավելումները, կենսաբանական ակտիվ նյութերը, նիտրիտները, գունավորման պիգմենտները, կերակրի աղը, համեմունքները և խառնուրդները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից սահմանված անվտանգության չափանիշներին և թույլատրված լինեն սննդում օգտագործման համար:
Սննդային հալած յուղի և ժելատինի արտադրության գործընթացներին
ներկայացվող պահանջները
39. Սննդային հալած յուղի արտադրության համար օգտագործվում է անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված ճարպային հումք: Չի թույլատրվում վերամշակել ճարպային հումքը, որն աղտոտված է, առկա են մազեր և ցցամազեր:
40. Սննդային հալած յուղի համար ոսկորներն օգտագործվում են ոսկրազերծումից հետո 6 ժամվա ընթացքում:
41. Սննդային ժելատինի արտադրության համար օգտագործվում են ոսկրային հումքը, կոլլագեն պարունակող փափուկ միսը, չոր յուղազուրկ ոսկորները, որոնք համապատասխանում են տեխնոլոգիական գործընթացին ներկայացվող պահանջներին:
42. Ժելատինի մեջ խոնավության պարունակությունը չպետք է գերազանցի 16 տոկոսը, ծծմբային անհիդրիդի պարունակությունը պետք է լինի մինչև 0.075 տոկոս, պղնձինը` 35 մգ` 1 կգ ժելատինի մեջ:
Մսի և մսամթերքի արտադրության տեխնոլոգիական գործընթացներին
ներկայացվող պահանջները
43. Յուրաքանչյուր տեխնոլոգիական գործընթացի համար սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են`
ա) տեխնոլոգիական գործողության հերթականությունը և ռեժիմները,
բ) անվտանգ արտադրանքի թողարկման համար անհրաժեշտ միջոցների ու մեթոդների ապահովումը,
գ) տեխնոլոգիական գործընթացի պարամետրերի չափումը, հսկումը և կանոնավորումը,
դ) կրիտիկական կետերի հսկումը և ռիսկի վերլուծությունը,
ե) հումքի կազմը, ակտիվ թթվությունը, մանրէաբանական ցուցանիշները,
զ) մթերքի երաշխիքային պիտանիության ժամկետը, եթե պահպանվում են պահման ռեժիմները:
Տեխնոլոգիական սարքավորումներին և չափագիտական սարքերին
ներկայացվող պահանջները
44. Արտադրական սարքավորումների, մեքենաների և ապարատների շահագործումը պետք է կատարվի տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:
45. Սարքավորումների և ապարատների շահագործման ժամանակ առաջացած տատանումներն ու աղմուկը չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից սահմանված պահանջները:
46. Տեխնոլոգիական հոսքագծերը պետք է ունենան ավտոմատ ուղեփակման սխեմա:
47. Մսի և մսամթերքի վերամշակման կազմակերպություններում չի թույլատրվում օգտագործել բաց տիպի էլեկտրաշարժիչներ, լուսակալ, գործարկիչ:
48. Սարքավորումները, չափիչ գործիքներն ու սարքերը պետք է ունենան շահագործման հրահանգներ:
49. Մսի և մսամթերքի արտադրության սարքավորումները պետք է պատրաստված լինեն այնպիսի նյութերից, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից թույլատրված են օգտագործել սննդամթերքի արտադրությունում` շփման համար` ապահովելով մթերքի արտադրության անվտանգությունը և սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանությունը:
50. Սարքավորումների այն մասերը, որոնք շփվում են մսի և մսամթերքի հետ, պետք է լինեն չժանգոտվող, չփոխազդեն մթերքի հետ, չազդեն մթերքի համի, հոտի, գույնի վրա, պետք է ունենան հարթ մակերես, դիմակայեն լվացող և ախտահանող նյութերի ազդեցությանը:
51. Մսի և մսամթերքի ջերմային մշակման սարքավորումները պետք է ունենան չափիչ, հսկիչ գործիքներ:
52. Սարքավորումները, ապարատները, գործիքները պետք է մոնտաժվեն, շահագործվեն և նորոգվեն` ելնելով արտադրության տեխնիկական անվտանգության պայմաններից:
53. Ավտոմատացված սարքավորումները, չափիչ, հսկիչ սարքերը պետք է համապատասխանեն «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:
Մսի և մսամթերքի արտադրության ձեռնարկություններում աշխատող
անձնակազմին ներկայացվող պահանջները
54. Մսի և մսամթերքի արտադրության մեջ աշխատող անձը պետք է իմանա և պահպանի տեխնոլոգիական գործընթացին ներկայացվող պահանջները, ունենա մասնագիտական պատրաստվածություն և հմտություն` պոտենցիալ ռիսկերը ճիշտ գնահատելու համար, ինչպես նաև` համապատասխան որակավորում:
55. Միս և մսամթերք արտադրող կազմակերպությունում պարբերաբար կազմակերպվում են աշխատողների ուսուցում, խորհրդատվություն` մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով:
56. Թույլատրվում է մսի և մսամթերքի թողարկման աշխատանքներում` համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ինժեներատեխնիկական կադրերի ներգրավումը, ովքեր կազմակերպում են տարեկան հրահանգավորումներ անմիջապես բանվորական տեղերում` հաշվի առնելով տեխնոլոգիական գործընթացների հաջորդականությունը, անասնաբուժասանիտարական, սանիտարահիգիենիկ պահանջներն ու նորմերը:
57. Մսի և մսամթերքի արտադրության կազմակերպություններում աշխատողները պարտադիր ենթարկվում են բժշկական զննման և պետք է ունենան սանիտարական գրքույկ:
58. Մսի և մսամթերքի արտադրության կազմակերպություններում աշխատել չի թույլատրվում այն անձանց, ովքեր հիվանդ են վարակիչ հիվանդություններով կամ շփվում են այդպիսի հիվանդների հետ, հետազոտված և պատվաստված չեն բրուցելյոզի և տուբերկուլյոզի նկատմամբ, ուսուցված չեն անձնական հիգիենայի կանոնների վերաբերյալ, ունեն մաշկի ամբողջականության խանգարումներ, ինչպես նաև` անչափահասներին, հղի և կերակրող կանանց:
Մսի կամ մսամթերքի մակնշմանն ու փաթեթավորմանը ներկայացվող
պահանջները և դրանց պահման պայմանները
59. Մսի կամ մսամթերքի փաթեթավորման կամ դրան փակցված պիտակի վրա կատարված հստակ և ընթեռնելի մականշվածքը պետք է պարունակի «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվությունը` հայերենով (մսի և մսամթերքի մակնիշները կարող են ներկայացվել նաև լատիներեն տառերով)`
ա) մսի կամ մսամթերքի անվանումը (մսի դեպքում նշել կենդանու կամ թռչնի տեսակը),
բ) մսի կամ մսամթերքի զտաքաշը,
գ) մսամթերքի հիմնական բաղադրիչների ցանկը,
դ) մսամթերքի մեջ օգտագործված սննդային հավելումների ցանկը, եթե այդպիսիք կան,
ե) մսամթերքի, մսամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների օգտագործման վերաբերյալ ցուցումներ, եթե առանց դրանց այն չի կարող պատշաճորեն օգտագործվել, առանձնակի հանձնարարականներ դրանց օգտագործման վերաբերյալ (եթե այդպիսիք կան), տեղեկատվություն դրանց օգտագործման, հակացուցումների մասին (եթե այդպիսիք կան),
զ) արտադրողի անվանումը, գտնվելու վայրը, գործունեության իրականացման լիցենզիայի համարը,
է) մսի կամ մսամթերքի ծագման երկիրը,
ը) հատուկ նշանակության մսամթերքի համար սննդային արժեքը,
թ) «Գենետիկորեն ձևափոխված մսամթերք», եթե այն այդպիսին է,
ժ) մսամթերքի խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի «Սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանի և մականշվածքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1392-Ն որոշման դրույթներին համապատասխան,
ժա) մսի կամ մսամթերքի արտադրության տարեթիվը, ամիսը, օրը, պահման պայմանները, պիտանիության ժամկետը, մսամթերքի պահման մասին առանձնակի ցուցումներ (եթե այդպիսիք կան),
ժբ) օրենքով սահմանված այլ տեղեկատվություն:
60. Սույն որոշման 59-րդ կետի դրույթները չեն տարածվում վաճառքի կետերում վերջնական սպառողին հանձնված` չփաթեթավորված մսի վրա, որը կարող է փաթեթավորվել գնորդի պահանջով կամ չափածրարվել անմիջապես վաճառքից առաջ:
61. Արգելվում են`
ա) շուկայահանված մսի և մսամթերքի, դրանց հետ շփվող նյութերի, սննդային հավելումների պիտակի վրա զետեղված տեղեկությունների փոփոխությունը,
բ) որպես սննդամթերք` պիտանիության ժամկետը լրացած մսի և մսամթերքի վերափաթեթավորումը և իրացումը,
գ) վնասված փաթեթավորմամբ ու մականշվածքով մսի և մսամթերքի, դրանց հետ շփվող նյութերի, սննդային հավելումների իրացումը:
62. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող մսի և մսամթերքի, դրանց հետ շփվող նյութերի, սննդային հավելումների մակնշումը հայերենով պետք է պարունակի տեղեկություններ, որոնց ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները` ըստ առանձին տեսականու, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
63. Այն դեպքում, երբ տեխնոլոգիապես անհնար է մակնշումն իրականացնել պոլիմերային, բնական թաղանթների կամ տարայի վրա, թույլատրվում է մակնշման տվյալները գրանցել մսին և մսամթերքին կցվող կամ փաթեթվածքում ներդրվող պիտակների վրա:
64. Միսը և մսամթերքը` առանձին-առանձին կամ խմբակային` ըստ տեսակների, պետք է փաթեթավորվեն այնպիսի նյութերով և միջոցներով, որոնք կապահովեն արտադրանքի պահպանվածությունն ու անվտանգությունը դրանց պահպանման, փոխադրման և իրացման ժամանակ` համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների:
65. Տարայի, փաթեթավորող նյութերի մակերևույթը պետք է լինի հարթ, մաքուր, ամուր, հեշտ լվացվող: Լվացումից հետո մակերևույթի վրա չպետք է առաջանան նկատելի փոփոխություններ, այն չպետք է ունենա սուր` կտրող, ծակող եզրեր:
66. Սպառողական տարան և փաթեթավորող նյութերը պետք է դիմակայեն 20 կՊա ճնշմանը, պահպանեն հերմետիկությունը, եռակցման կարերը պետք է լինեն հավասարաչափ, առանց ծակոտիների` բացառելով ջրի, օդի ներհոսքը կամ պարունակության արտահոսքը:
67. Միսը և մսամթերքը փաթեթավորող նյութերը պետք է լինեն ջերմակայուն` մինչև (95+/-5) oC ջերմաստիճանը, պետք է կայուն լինեն ջրի, գազերի, թթվային, հիմնային լուծույթների, լվացող-ախտահանող միջավայրերի նկատմամբ:
68. Թույլատրվում է փաթեթավորման համար օգտագործվող պոլիմերային նյութերից պատրաստված արտադրանքներն ունենան մակնիշ` «Սննդամթերքի համար» բառերը փոխարինող «Բաժակ և պատառաքաղ» նշանով կամ «Սորուն սննդամթերքի համար», կամ «Սառը սննդամթերքի համար», կամ «Տաք սննդամթերքի համար» բառերով: Թույլատրվում է «Սննդ.» հապավումը:
69. Չի թույլատրվում փաթեթավորման համար գունավոր պոլիմերային և պլաստմասսայե արտադրանքների գունանյութերի արտազատումը:
70. Միսը և մսամթերքը փաթեթավորվում են տեխնիկական կանոնակարգերով սննդամթերքի հետ շփման համար թույլատրված պոլիմերային, բնական կամ այլ նյութերից պատրաստված թաղանթներում, տարաներում, որոնք ապահովում են մսի և մսամթերքի սպառողական տարաներում պահպանվածությունն արտադրության ժամկետից մինչև իրացումը:
71. Միսը և մսամթերքը պետք է պահել արևի ճառագայթների ուղիղ ազդեցությունից պաշտպանված, հողի մակերևույթից առնվազն 50 սմ բարձր հատակ ունեցող, չոր, մաքուր, (60+/-10) տոկոս օդի հարաբերական խոնավություն ունեցող փակ շենքերում, սառնարանային ջերմաստիճանում, ջեռուցման կամ սառեցնող սարքերից առնվազն 1 մ հեռավորության վրա:
72. Փաթեթավորված կամ առանց փաթեթավորման միսը և մսամթերքը փոխադրվում են հատուկ տրանսպորտային միջոցներով: Փոխադրման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:
73. Մսի և մսամթերքի փոխադրման ժամանակ պետք է կիրառել բոլոր միջոցները` դրանց աղտոտումը բացառելու կամ ամբողջականությունն ապահովելու համար:
V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
i
74. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին մսի և մսամթերքի արտադրանքների համապատասխանությունը գնահատելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված` համապատասխանության հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր:
(74-րդ կետը փոփ. 16.08.07 թիվ 933-Ն, 25.09.14 թիվ 1046-Ն որոշումներ)
75. (75-րդ կետն ուժը կորցրել է 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
i
76. (76-րդ կետն ուժը կորցրել է 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
77. (77-րդ կետն ուժը կորցրել է 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
i
(77-րդ կետը փոփ. 16.08.07 թիվ 933-Ն որոշում)
78. (78-րդ կետն ուժը կորցրել է 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
i
(78-րդ կետը փոփ. 16.08.07 թիվ 933-Ն որոշում)
79. (79-րդ կետն ուժը կորցրել է 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
80. (80-րդ կետն ուժը կորցրել է 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
81. (81-րդ կետն ուժը կորցրել է 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)
VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
82. Մսի և մսամթերքի չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
83. Մսի և մսամթերքի շրջանառության գործընթացում տեխնոլոգիական, անասնաբուժասանիտարական, սանիտարահիգիենիկ կանոնների ապահովման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինների կողմից:
i
84. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին մսի և մսամթերքի համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով:
(84-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1046-Ն որոշում)