Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 27.12.2018 ԹՎԱԿԱՆԻ Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 27.12.2018 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1528-Ն ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                  Վարչական գործ

    դատարանի որոշում                          թիվ ՎԴ/0518/05/19

    Վարչական գործ թիվ                         ՎԴ/0518/05/19        2023 թ.

 

Նախագահող դատավոր`                     Ա. Սարգսյան

    Դատավորներ`                               Ա. Պողոսյան

                                                                 Կ. Բաղդասարյան

                                                                 Ա. Բաբայան

                                                                 Ա. Թովմասյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Լ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ք. Մկոյան

 

2023 թվականի հունվարի 13-ին

 

i

գրավոր ընթացակարգով քննելով ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության (այսուհետ նաև` Հասարակական կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2020 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ դիմումի »»Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության ընդդեմ ՀՀ կառավարության, երրորդ անձինք` Երևանի քաղաքապետարան, «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ` ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշումը` ՀՀ, ք. Երևան, Արամի 23 շենքի մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասին, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր ճանաչելու պահանջի մասին,

(ընդունման տարեթիվը փոփ. 16.01.2023 ՎԴ/0518/05/19 որոշում)

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հասարակական կազմակերպությունը պահանջել է ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշումը` ՀՀ, ք. Երևան, Արամի 23 շենքի մասով, ճանաչել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասին, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր:

ՀՀ վարչական դատարանի (Նախագահող դատավոր` Ռ. Ազրոյան, դատավորներ` Գ. Առաքելյան, Կ. Զարիկյան, Դ. Դանիելյան, Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 09.12.2019 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.10.2020 թվականի որոշմամբ Հասարակական կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.12.2019 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասարակական կազմակերպությունը (ներկայացուցիչ` Տիգրան Հեքեքյան)` պահանջելով բեկանել Վերաքննիչ դատարանի 09.10.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել իրավասու ստորադաս դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել երրորդ անձինք Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ` Լուսինե Ստեփանյան) և «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ն (ներկայացուցիչ` Ռոբերտ Դավթյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածը, 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածը, 151-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 197-րդ հոդվածը, 26-րդ գլխի իրավակարգավորումները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի 1-ին մասը, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հանրության գերակա շահը ճանաչվել է «տարածքի», այլ ոչ թե բողոք բերող անձի անշարժ գույքի նկատմամբ: Ուստի, կառավարության վիճարկվող որոշմամբ բողոք բերող անձին սեփականության իրավունքով պատկանող` Արամի 23 հասցեում գտնվող անշարժ գույքը մասնավոր անձի օտարելու համար օրենքով պահանջվող հանրության գերակա շահ չի ճանաչվել: Վերաքննիչ դատարանը չի ուսումնասիրել պետական կամ համայնքային կարևոր նշանակություն ունեցող քաղաքաշինական ծրագրի առկայության փաստը, որի իրականացումը գերակա է բողոք բերած անձի սեփականության իրավունքի նկատմամբ, ինչպես նաև չի գնահատել այդ ծրագիրը:

Վերաքննիչ դատարանը նաև հաշվի չի առել այն հանգամանքը, որ նույն «տարածքի» նկատմամբ կառավարության նոր, նույնաբովանդակ որոշում ընդունելը` հանրության գերակա շահ ճանաչելու մասին, չի վերսկսում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված յոթամյա ժամկետը: «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում խոսքը հռչակված գերակա հանրային շահը 7 տարում չիրագործելու մասին է, այլ ոչ թե կառավարության որոշման գործողության ժամկետի մասին: Սակայն Վերաքննիչ դատարանը սխալ մեկնաբանության արդյունքում հանգել է այն սխալ եզրահանգմանը, որ յոթամյա ժամկետը վերաբերում է կառավարության համապատասխան որոշման գործողության ժամկետին:

Վերաքննիչ դատարանը թեև ձևականորեն նշել է վարչարարության համաչափության սկզբունքի մասին, սակայն ըստ էության չի մեկնաբանել, չի կիրառել այդ սահմանադրական սկզբունքը սույն գործով, ինչը պարտավոր էր անել: Հանրության շահի (իրավաչափ նպատակ) առկայության փաստը չի հաստատվել դատաքննությամբ: Ուստի, միայն այս հանգամանքը բավարար է եզրակացնելու, որ բողոք բերած անձի իրավունքների նկատմամբ միջամտությունը չի եղել համաչափ, որի արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածներով սահմանված համաչափության սկզբունքը:

Գործը քննելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նաև մի շարք դատավարական իրավունքների էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Սույն գործը սխալմամբ քննվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի կանոններով, որի արդյունքում անհիմն սահմանափակվել են բողոք բերած անձի դատավարական իրավունքները և ողջ դատաքննությունը դարձել է անարդար, իսկ դատական ակտն` անօրինական, մինչդեռ գործը պետք է քննվեր ընդհանուր հայցային վարույթի կանոններով` հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության վիճարկվող որոշումը նորմատիվ իրավական ակտ չէ:

Գործն ամբողջությամբ գրավոր ընթացակարգով քննելով` Վերաքննիչ դատարանը խախտել է բողոք բերած անձի` բանավոր և հրապարակային դատաքննության իրավունքը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 7-րդ և 8-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով:

 

2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.

Բողոքաբերը ՀՀ վարչական դատարան ներկայացրած դիմումի հիմքում դրել է բացառապես այն փաստարկը, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտն ուղղակիորեն առաջացնում է իր սեփականության իրավունքի խախտման վտանգ, սակայն չի հիմնավորել այն: Բողոք բերած անձը չի ապացուցել ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի թիվ 1528-Ն որոշմամբ կարգավորվող իրավահարաբերությունների և ենթադրյալ (ապագայում առաջացող հնարավոր վնասի) վտանգի միջև պատճառահետևանքային կապը:

 

2.2 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ «Ի էՄ ՍԻ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.

ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի թիվ 1528-Ն որոշումն ամբողջությամբ համապատասխանում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքին:

Վճռաբեկ բողոք բերած անձի այն պահանջը, որ Դատարանում դիմումը քննվել է ոչ պատշաճ կազմով, այն է` դիմումը քննվել է 5 դատավորի կազմով որպես նորմատիվ իրավական ակտի վիճարկման վերաբերյալ գործ, սակայն այն պետք է քննվեր որպես անհատական ակտի վիճարկման վերաբերյալ գործ, չի կարող քննվել Վճռաբեկ դատարանի կողմից, քանի որ Դատարանի որոշումն այդ հիմքով չի բողոքարկվել Վերաքննիչ դատարան:

Բողոք բերած անձի այն փաստարկը, որ վիճարկվող որոշումն ուղղակիորեն պարունակում է իր` ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված սեփականության իրավունքի խախտման իրական վտանգ և սեփականության իրավունքը կրողը զրկվում է այդ որոշմանը համապատասխան վարքագիծ դրսևորելու հնարավորությունից, անհիմն է, քանի որ համապատասխան գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում դեռևս 2007 թվականից հստակ նշված է, որ գույքը գտնվում է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում:

ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի թիվ 1528-Ն որոշման մեջ որպես հանրության գերակա շահ սահմանվել է Երևան քաղաքի գլխավոր հատակագծով և դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարներով և Կենտրոն վարչական շրջանի գոտևորման նախագծով պայմանավորված գերակա պահանջների և հանրության կենսական կարիքների ապահովման անհրաժեշտությունը, ըստ այդմ տվյալ որոշման մեջ սահմանված են հանրության գերակա շահ ճանաչելու համար բոլոր անհրաժեշտ հիմնավորումները:

Հանրության շահը չի կարող համարվել գերակա, եթե նպատակի իրագործումը չի սկսվելու հանրության գերակա շահ ճանաչելու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7 տարվա ընթացքում: Տվյալ պարագայում, սույն գործով վիճարկվող «համապատասխան որոշումն» ընդունվել է 27.12.2018 թվականին, ուժի մեջ է մտել 28.12.2018 թվականին, որպիսի պարագայում յոթամյա ժամկետում նպատակի իրագործումը չսկսելու վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկն անհիմն է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 19.11.2001 թվականի գույքի նվիրատվության պայմանագրի համաձայն` Երևան քաղաքի Կենտրոնի թաղապետարանն անհատույց հանձնում է, իսկ «Նվիրառուն» («Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպություն) ձեռք է բերում Արամի 23 հասցեում գտնվող 184.08 քմ. ոչ բնակելի տարածքը, և «Նվիրառուն» դառնում է նշված տարածքի գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների, պարտավորությունների իրավահաջորդը (հատոր 1-ին, գ.թ. 81-83):

2) 12.12.2002 թվականի թիվ 1965/ԳԱ հողամասի անհատույց օգտագործման պայմանագրի համաձայն` Փոխատուն (Հայաստանի Հանրապետությունը) Փոխառուին («Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպություն) անհատույց տիրապետմանը և օգտագործմանն է տրամադրել պատմության և մշակույթի հուշարձան Արամի փող. հ. 23 հասցեում գտնվող 260.0 քմ մակերեսով հողամասը (հատոր 1-ին, գ.թ. 77-80):

3) Գույքի նվիրատվության պայմանագրի և հողամասի անհատույց օգտագործման պայմանագրի հիմքով 19.03.2003 թվականին տրված թիվ 1024902 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` գրանցվել է Հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը տարածքի նկատմամբ և օգտագործման իրավունքը հողամասի նկատմամբ: 20.07.2007 թվականին սեփականության իրավունքի գրանցման վկայականի «լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում կատարվել է նշում այն մասին, որ գույքը գտնվում է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում (հատոր 2-րդ, գ.թ. 14-18):

4) ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 19.11.2013 թվականի թիվ 19112013-01-0254 վկայականի համաձայն` ք. Երևան, Կենտրոն, Արամի փողոց 23/1 ոչ բնակելի տարածքի նկատմամբ գրանցվել է Հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը նաև հողամասի նկատմամբ: Նշված վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում նշված է` «Գույքը գտնվում է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում» (հատոր 1-ին, գ.թ. 23):

i

5) ՀՀ կառավարության 01.03.2007 թվականի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 347-Ն որոշման 1-ին կետով որոշվել է նույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ այն հիմնավորմամբ, որ նշված տարածքներում` նկարագրված քաղաքաշինական ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ:

Նշված որոշման հավելվածով հաստատված ցանկում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում, ի թիվս Երևան քաղաքի այլ փողոցներում գտնվող տարածքների, ներառված են նաև Եզնիկ Կողբացու, Արամի, Փավստոս Բուզանդի փողոցներում գտնվող առանձին տարածքներ, այդ թվում` Արամի 23 հասցեում գտնվող տարածքը (ցանկի 20-րդ կետ):

i

6) ՀՀ կառավարության 20.11.2008 թվականի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 1405-Ն որոշման 1-ին կետով որոշվել է նույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ այն հիմնավորմամբ, որ նշված տարածքներում` նկարագրված քաղաքաշինական ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ:

Նշված որոշման հավելվածով հաստատված ցանկում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում, ի թիվս Երևան քաղաքի այլ փողոցներում գտնվող տարածքների, ներառված են նաև Աբովյան, Եզնիկ Կողբացու, Արամի, Փավստոս Բուզանդի փողոցներում գտնվող առանձին տարածքներ, այդ թվում` Արամի 23 հասցեում գտնվող տարածքը (ցանկի 16-րդ կետ):

i

7) ՀՀ կառավարության 29.08.2013 թվականի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 945-Ն որոշման 1-ին կետով որոշվել է նույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ այն հիմնավորմամբ, որ նշված տարածքներում` նկարագրված քաղաքաշինական ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ:

Նշված որոշման հավելվածով հաստատված ցանկում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում ներառված են Աբովյան, Եզնիկ Կողբացու, Արամի, Փավստոս Բուզանդի փողոցներում գտնվող առանձին տարածքներ, այդ թվում` Արամի 23 հասցեում գտնվող տարածքը:

i

8) ՀՀ կառավարության 25.02.2016 թվականի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 277-Ն որոշման 1-ին կետով որոշվել է նույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ այն հիմնավորմամբ, որ նշված տարածքներում` նկարագրված քաղաքաշինական ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ:

Նշված որոշման հավելվածով հաստատված ցանկում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում ներառված են Աբովյան, Եզնիկ Կողբացու, Արամի, Փավստոս Բուզանդի փողոցներում գտնվող առանձին տարածքներ, այդ թվում` Արամի 23 հասցեում գտնվող տարածքը:

i

9) ՀՀ կառավարության 01.06.2017 թվականի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 585-Ն որոշման 1-ին կետով որոշվել է նույն որոշման հավելվածներում նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ այն հիմնավորմամբ, որ նշված տարածքներում` նկարագրված քաղաքաշինական ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ:

Նշված որոշման հավելված 1-ով հաստատված ցանկում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում ներառված են Աբովյան, Եզնիկ Կողբացու, Արամի, Փավստոս Բուզանդի փողոցներում գտնվող առանձին տարածքներ, այդ թվում` Արամի 23 հասցեում գտնվող տարածքը:

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, խախտել է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

i

Սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում.

- բացահայտել ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշման (այսուհետ նաև` Կառավարության որոշում) իրավական բնույթը. վերջինս իր բնույթով նորմատի՞վ, թե անհատական իրավական ակտ է,

- անդրադառնալ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված 7-ամյա ժամկետի ելակետը հաշվարկելու առանձնահատկություններին:

 

Վճռաբեկ դատարանի դիրքորոշումներն առաջին հարցադրման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) տարբերակում է անհատական իրավական ակտերի և նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության գնահատման ընթացակարգերը. անհատական իրավական ակտերի իրավաչափությունը ենթակա է վիճարկման ընդհանուր հայցային վարույթի կարգով, իսկ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը` հատուկ վարույթի կարգով` Օրենսգրքի 26-րդ գլխի նորմերին համապատասխան: Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը գնահատելու ընթացակարգի հիմնական առանձնահատկություններն են գործերի քննության կոլեգիալ կարգը` հինգ դատավորի կազմով (Օրենսգրքի 196-րդ հոդված), դատավարական ժամկետները (Օրենսգրքի 193-րդ հոդված), գործերի քննության ընթացակարգը (Օրենսգրքի 197-րդ հոդված): Հաշվի առնելով նշված հանգամանքները` վարչական դատավարությունում էական գործնական նշանակություն է ստանում իրավական ակտերի տեսակների ճիշտ տարբերակումը. վերջինս կարևոր երաշխիք է ինչպես դատարանի մատչելիության, այնպես էլ «օրինական դատարանի» կողմից գործի քննության իրավունքների արդյունավետ իրացման համար:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը, ըստ իրենց իրավական բնույթի, տարբերակում է հետևյալ իրավական ակտերի տեսակները` նորմատիվ իրավական ակտեր, անհատական իրավական ակտեր և ներքին (լոկալ) իրավական ակտեր:

i

Նշված օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նորմատիվ իրավական ակտը Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտն է, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` նորմատիվ իրավական ակտի վավերապայման է, ի թիվս այլնի, նշումը տվյալ ակտի բնույթի մասին: Նորմատիվ իրավական ակտի կառուցվածքում պարտադիր բաղադրիչ է դրա հիմնական մասը, որում շարադրվում են իրավական նորմերը (13-րդ հոդվածի 2-րդ մաս): Իրավական նորմերը բնորոշվում են որպես ընդհանուր վերացական իրավակարգավորումներ, որոնք կարգավորում են անորոշ թվով դեպքեր և ուղղված են անորոշ թվով սուբյեկտների:

Այսպիսով, «նորմատիվ իրավական ակտ» հասկացության վերը նշված բնորոշման հիմնական տարրերն են.

- նորմատիվ իրավական ակտն ընդունող սուբյեկտները. նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից` վերջիններիս իրավաստեղծ գործունեության արդյունքում, կամ համաժողովրդական կամաարտահայտության արդյունքում,

- իրավական ակտի բովանդակությունը, այն է` վարքագծի պարտադիր կանոններ բովանդակելը,

- իրավական ակտի հասցեատերերի շրջանակը, այն է` անորոշ թվով անձանց վերաբերելը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է նաև «անհատական իրավական ակտ» հասկացությունը: Այն է` անհատական իրավական ակտը նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտն է, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետևանքներ և վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց:

«Նորմատիվ իրավական ակտ» և «անհատական իրավական ակտ» հասկացությունների վերը նշված սահմանումների համեմատական վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավական ակտերի այս տեսակների հիմնական տարբերակիչ հատկանիշը տվյալ իրավական ակտի հասցեատերերի շրջանակն է: Այլ կերպ` նորմատիվ իրավական ակտի հիմնական բնութագրիչը դրանով սահմանված վարքագծի պարտադիր կանոնների` անորոշ թվով անձանց հասցեավորված լինելու հատկանիշն է, այսինքն` իրավական նորմ բովանդակելու հատկանիշը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նորմատիվ իրավական ակտն իրավական ակտերի այլ տեսակներից նախևառաջ տարբերվում է բովանդակային չափանիշով: Տվյալ իրավական ակտի նորմատիվ իրավական բնույթը որոշելու համար որոշիչ է վերջինիս` անորոշ թվով անձանց համար վարքագծի պարտադիր կանոններ` իրավական նորմեր սահմանելու հանգամանքը: Ըստ այդմ` այս կամ այն իրավական ակտի բնույթը բացահայտելիս հարկ է պարզել. արդյո՞ք տվյալ ակտը բովանդակում է անորոշ թվով անձանց ուղղված վարքագծի պարտադիր կանոններ` իրավական նորմեր:

Նորմատիվ իրավական ակտն այլ իրավական ակտերից տարբերվում է նաև ձևական չափանիշով:

i

Այսպես, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:

Նշված օրենքի 13-րդ հոդվածը ներկայացնում է որոշակի պարտադիր պահանջներ նորմատիվ իրավական ակտի կառուցվածքին. մասնավորապես, ըստ նշված հոդվածի 1-ին մասի` (...) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր (...): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտը ունենում է հիմնական մաս, որում շարադրվում են իրավական նորմերը: Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները.

2) գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ): Այս դեպքում նշվում է ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը:»

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի հերթական համարից անմիջապես հետո իրավական ակտում ընդունող մարմինը «Ն» (նորմատիվ) տառով նշում է կատարում դրա նորմատիվ բնույթի մասին: Այլ իրավական ակտերում ակտի բնույթի մասին նշումը կատարվում է «Ա» տառով` անհատական իրավական ակտի դեպքում, «Լ» տառով` ներքին (լոկալ) իրավական ակտի դեպքում:

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` նորմատիվ իրավական այն ակտը, որով ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

i

Նշված օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն իրականացվում է նախարարության կողմից վարվող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (այսուհետ` միասնական կայք) հրապարակելու միջոցով:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը սահմանում է նաև անհատական իրավական ակտերի ուժի մեջ մտնելու կարգ, այն է` անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ (23-րդ հոդվածի 6-րդ մաս):

Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ձևական առումով նորմատիվ ակտի տարբերակիչ հատկանիշներն են դրա կառուցվածքը, ընդունման ու ուժի մեջ մտնելու հատուկ ընթացակարգերը:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նորմատիվ իրավական ակտերն այլ իրավական ակտերից տարբերվում են ինչպես բովանդակային, այնպես էլ ձևական չափանիշներով, որոնց շրջանակում առաջնային է բովանդակային չափանիշը: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս կամ այն իրավական ակտում դրա բնույթի մասին «Ն» (նորմատիվ) տառով նշումը և/կամ նորմատիվ իրավական ակտի ընդունման ու ուժի մեջ մտնելու ընթացակարգով ընդունված և ուժի մեջ մտած լինելը դեռևս որոշիչ չեն տվյալ իրավական ակտը նորմատիվ իրավական ակտ որակելու համար: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավական ակտի նորմատիվ բնույթը պարզելու նպատակով անհրաժեշտ է տվյալ իրավական ակտը ենթարկել բովանդակային վերլուծության:

i

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը Կառավարության որոշման իրավական բնույթը նախևառաջ անհրաժեշտ է համարում գնահատել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համատեքստում: Վերջինս սահմանում է հանրային գերակա շահի որոշման կարգը, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման կարգը, օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման տրման կարգը (1-ին հոդված): Օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է հանրային գերակա շահի որոշման սկզբունքներն ու այն նպատակները, որոնք կարող է հետապնդել գերակա հանրային շահը: Նույն հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն` հանրության շահը գերակա է ճանաչվում կառավարության որոշմամբ: Այս սկզբունքի հետ համակարգային փոխկապվածության մեջ է գտնվում Օրենքի` «Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը» վերտառությամբ 7-րդ հոդվածը, որն ամրագրում է հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմանը ներկայացվող պահանջները: Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունն օտարվում է միայն կառավարության կողմից օտարման նպատակը հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում:

i

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է.

«Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման մեջ նշվում են`

ա) հանրության գերակա շահը, որի համար պետք է օտարվի սեփականությունը.

բ) օտարվող սեփականության ձեռքբերողը.

գ) օտարման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտները (հասցեները կամ գտնվելու վայրը կամ այլ տվյալներ, որոնցով տվյալ սեփականությունը տարբերվում է այլ սեփականությունից).

դ) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը: Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը չի կարող մեկ տարուց, իսկ անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների դեպքում հինգ տարուց ավելի սահմանվել` սկսած հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

ե) տվյալ օտարման գործառույթների իրականացումը համակարգող, իսկ եթե ձեռքբերողը պետությունն է, ապա նաև սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական մարմինը (այսուհետ` լիազոր մարմին).

զ) այլ անհրաժեշտ տվյալներ (...):

i

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում պատշաճ ձևով ուղարկվում է օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց: Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը ենթակա է պարտադիր հրապարակման «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» և ոչ պակաս, քան 3000 տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցում:

Վերոհիշյալ նորմերի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը պետք է նշում բովանդակի ոչ միայն օտարման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտների ու օտարվող սեփականության ձեռքբերողի վերաբերյալ, այլ նաև հանրության գերակա շահի վերաբերյալ, որի համար պետք է օտարվի սեփականությունը: Ընդ որում, հարկ է նկատել, որ հանրության շահը կառավարության որոշմամբ գերակա ճանաչելն ամրագրված է որպես հանրային գերակա շահի որոշման սկզբունք, և հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունն օտարվում է միայն կառավարության կողմից ընդունված որոշմամբ օտարման նպատակը հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման (սույն դեպքում նաև` Կառավարության որոշման) առանցքային բաղադրիչը օտարման նպատակը հանրության գերակա շահ ճանաչելն է:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այնքանով, որքանով հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ օտարման` Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այս կամ այն նպատակը ճանաչվում է հանրության գերակա շահ, գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված վարքագծի կանոններն ուղղված են հասարակության լայն շրջանակներին, չորոշակիացված ու չանհատականացված հասցեատերերի: Ըստ այդմ` հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը, ըստ բովանդակային չափանիշի, պետք է որակվի որպես նորմատիվ իրավական ակտ:

Ինչ վերաբերում է հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ օտարվող սեփականության ձեռքբերողին և օտարման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտները նշելուն, ապա նման նշումը «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման կառուցվածքին ներկայացվող պահանջ է և ուղղված է որպես գերակա հանրային շահ ճանաչված նպատակի իրագործմանը:

i

Հարկ է նկատել նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանը 27.02.1998 թվականի թիվ ՍԴՈ-92 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Անձի սեփականությունը` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերով կարող է օտարվել, իսկ նրա համաձայնության բացակայության դեպքում` պետության կողմից սեփականության իրավունքը դադարեցվել միայն կոնկրետ անշարժ գույքի վերաբերյալ օրենք ընդունելու միջոցով, որում կհիմնավորվի օտարման բացառիկ կարևորությունն ու նշանակությունը և կնշվի, թե օտարվող անշարժ գույքը հասարակության և պետության որ կարիքների բավարարմանն է ուղղվելու»: ՀՀ սահմանադրական դատարանի նշված իրավական դիրքորոշումից անուղղակիորեն բխում է, որ նախ` հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ իրավական ակտն իր բնույթով նորմատիվ է, երկրորդ` կոնկրետ անշարժ գույքին վերաբերելու հանգամանքը չի ենթադրում հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ իրավական ակտի անհատական բնույթը:

Սույն դեպքում ՀՀ կառավարությունը, ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ, 5-րդ, 7-րդ հոդվածների և 16-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, 27.12.2018 թվականին ընդունել է «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշումը, որի 1-ին կետով` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ այն հիմնավորմամբ, որ նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման միջոցով Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, տարերայնորեն տեղակայված և հիմնականում վթարային բնակելի ֆոնդը, որի փոխարեն հնարավոր կլինի տարածքում վերականգնել հին Երևանի պատմաճարտարապետական միջավայրը, այդ տարածքները կհանդիսանան ճարտարապետական մեկ համալիր, առկա բնակարանային ֆոնդի փոխարեն կանոնավոր կառուցապատմամբ, կորցված ու քանդված պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում կստեղծվի քաղաքաշինական գեղագիտական միջավայր, ինչպես նաև կառուցվող նոր փողոցը կդառնա այլընտրանքային երթևեկության ճանապարհ, կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղերը հնարավորություն կընձեռեն նվազեցնելու Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածությունը (1-ին ենթակետ): Հիմնավորվել է նաև, որ ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց Կառավարության որոշման 1-3-րդ հավելվածներում նշված սեփականության օբյեկտների օտարման (1-ին կետի 2-րդ ենթակետ):

Կառավարության որոշման 3-րդ կետով Երևանի քաղաքապետը լիազորվել է որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց: Կառավարության որոշման 6-րդ կետի համաձայն` նույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո բովանդակային վերլուծության ենթարկելով ՀՀ կառավարության որոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանում նկարագրված քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը ճանաչելով հանրային գերակա շահ` ՀՀ կառավարությունը սահմանել է վարքագծի կանոններ` ուղղված հասարակության լայն շրջանակներին, չորոշակիացված ու չանհատականացված հասցեատերերի, քանզի այդ քաղաքաշինական ծրագրի շահառուն ողջ հասարակությունն է` հաշվի առնելով, որ ծրագիրը նպատակաուղղված է հանրության համար առավել բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

i

Ըստ այդմ` ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշումը, ըստ բովանդակային չափանիշի, նորմատիվ իրավական ակտ է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կառավարության որոշումը նորմատիվ իրավական ակտ է նաև ըստ ձևական չափանիշի: Մասնավորապես, նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու ընթացակարգին համապատասխան այն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման ուժով` դրանով սահմանված ժամկետում` պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

Վերոհիշյալի հիման վրա գտնելով, որ ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշումն իր բնույթով նորմատիվ իրավական ակտ է` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրա իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործը պետք է քննվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 26-րդ գլխի կանոններով: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի քննությունն իրավաչափորեն իրականացվել է նշված կանոններին համապատասխան:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքում բերված փաստարկները` վիճարկվող Կառավարության որոշման անհատական իրավական ակտ լինելու և սույն գործի` ընդհանուր հայցային վարույթի կանոններով քննության ենթակա լինելու վերաբերյալ:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված փաստարկները բողոք բերող անձը ներկայացրել է նաև վերաքննիչ բողոքում, որպիսի պայմաններում հերքվում է երրորդ անձ «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի այն պնդումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Վճռաբեկ դատարանն իրավասու չէ քննության առարկա դարձնել այդ փաստարկները:

 

Վճռաբեկ դատարանի դիրքորոշումները երկրորդ հարցադրման վերաբերյալ.

Սեփականության իրավունքի հետ կապված սահմանադրաիրավական հարաբերությունների կարգավորման սկզբունքային նորմերը, ինչպես նաև սեփականության իրավունքի պաշտպանության սահմանադրական երաշխիքներն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով: Նշված հոդվածը սահմանում է. «1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

(...)

3. Սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

5. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ»:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից բխում է, որ.

- ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է սեփականատիրոջ սեփականության հարկադիր օտարման հնարավորություն,

- սեփականության հարկադիր օտարումը կարող է իրականացվել միակ նպատակի համար` երբ առկա է հանրության գերակա շահ,

- հանրության ամեն մի շահ սեփականության օտարման հիմք չի կարող հանդիսանալ. այդ շահի ապահովման նպատակով սեփականատիրոջ սեփականությունը կարող է հարկադիր օտարման ենթարկվել միայն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում,

- սեփականության օտարման կարգը պետք է սահմանված լինի օրենքով,

- սեփականության օտարման դեպքում պետք է երաշխավորված լինի նախնական և համարժեք փոխհատուցումը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 18.04.2006 թվականի թիվ ՍԴՈ-630 որոշմամբ բացահայտել է «բացառիկ գերակա հանրային շահ» հասկացության բովանդակությունը: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` «բացառիկ` գերակա հանրային շահ» սահմանադրական դրույթն իրավական կոնկրետ բովանդակությունից զուրկ վերացարկում չէ, և այն չի կարող անտեսվել իրավունքի ճյուղային ինստիտուտների կողմից: (...) հանրային շահերը համեմատության մեջ կարող են ներկայացվել որպես «գերակա հանրային շահեր» կամ «ոչ գերակա հանրային շահեր»: Բացառիկ են այն դեպքերը, երբ առկա է գերակա հանրային շահը: Իրենց հերթին գերակա բնույթ ունեցող կարող են համարվել հանրային այն շահերը, որոնք տվյալ պարագայում այլ հանրային շահերի համեմատ առաջնայնության որոշակի որակներով են օժտված:

Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն ամրագրել է, որ գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ միջամտությունը ենթադրում է արդարացի հավասարակշռություն հասարակության գերակա շահերի և մարդու հիմնարար իրավունքների ապահովման անհրաժեշտության միջև:

Հանրության շահի ապահովման նպատակով անձի սեփականության օտարման պայմաններին և այդ օտարման գործընթացում սեփականության իրավունքի պաշտպանության իրավական երաշխիքներին է անդրադարձել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված մի շարք գանգատներով կայացրած վճիռներում:

Այսպես, բացահայտելով «Մարդու իրավունքների հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով ամրագրված նորմերի բովանդակությունը, Եվրոպական դատարանն արձանագրել է. Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը բաղկացած է երեք առանձին նորմերից. առաջին նորմը, որը շարադրված է առաջին պարբերության առաջին նախադասության մեջ, ընդհանուր բնույթի է և սահմանում է գույքից անարգել օգտվելու սկզբունքը. երկրորդ նորմը, որը շարադրված է առաջին պարբերության երկրորդ նախադասության մեջ, վերաբերում է գույքից զրկելուն և դրա համար սահմանում որոշակի պայմաններ. երրորդ նորմը, որը շարադրված է երկրորդ պարբերության մեջ, ճանաչում է Պայմանավորվող պետությունների` ընդհանուր շահերին համապատասխան գույքի օգտագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու իրավունքը: Այնուամենայնիվ, նշված երեք նորմերը առանձին չեն, այն իմաստով, որ փոխկապակցված չեն միմյանց: Երկրորդ և երրորդ նորմերը առանձին դեպքերում վերաբերում են գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտելուն և, հետևաբար, պետք է մեկնաբանվեն առաջին նորմի մեջ սահմանված ընդհանուր սկզբունքի լույսի ներքո (տե՛ս, Minasyan and Semerjyan v. Armenia, թիվ 27651/05 գանգատով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, կետ 60):

Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին և ամենակարևոր պահանջն այն է, որ պետական մարմինների կողմից գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտությունը պետք է լինի օրինական. առաջին պարբերության երկրորդ նախադասությունը թույլատրում է գույքից օգտվելու իրավունքի դադարումը միայն «այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով» (...): Ավելին, օրենքի գերակայությունը, հանդիսանալով ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկը, ներհատուկ է Կոնվենցիայի բոլոր հոդվածներին (...): Հետևաբար, այն հարցը, թե արդյոք պահպանվել է ընդհանուր հասարակական շահի պահանջների և անձի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև արդարացի հավասարակշռությունը (...) դառնում է հիմնավորված այն ժամանակ, երբ հաստատվում է, որ այդ միջամտությունը բավարարել է օրինականության պահանջը և կամայական չի եղել (տե՛ս, Minasyan and Semerjyan v. Armenia, թիվ 27651/05 գանգատով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, կետ 66):

«Օրենքով սահմանված պայմաններով» արտահայտությունն առաջին հերթին պահանջում է պատշաճ մակարդակի մատչելի և բավարար հստակ ներպետական իրավական նորմերի առկայություն և դրանց համապատասխանություն (տե՛ս, Minasyan and Semerjyan v. Armenia, թիվ 27651/05 գանգատով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, կետ 67):

Ըստ Եվրոպական դատարանի` թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի հետ համատեղելի լինելու համար օտարմանն ուղղված միջոցառումը պետք է բավարարի հետևյալ երեք պայմանները. այն պետք է իրականացվի ներպետական իշխանությունների կողմից ցանկացած կամայական գործողություն բացառող` «օրենքով նախատեսված պայմաններին համապատասխան», պետք է բխի «հանրային շահերից», ինչպես նաև դրանով պետք է հաստատվի արդարացի հավասարակշռություն սեփականատիրոջ իրավունքների և հանրության շահերի միջև (տե՛ս, Osmanyan and Amiraghyan v. Armenia թիվ 71306/11, գանգատով Եվրոպական դատարանի 11.10.2018 թվականի վճիռը, կետ 50):

Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով պահանջվում է, որ ցանկացած միջամտություն պետք է ողջամտորեն համաչափ լինի հետապնդվող նպատակին: Անհրաժեշտ արդարացի հավասարակշռություն չի հաստատվի, եթե տվյալ անձը կրում է առանձին և ավելորդ բեռ (տե՛ս, Osmanyan and Amiraghyan v. Armenia թիվ 71306/11, գանգատով Եվրոպական դատարանի 11.10.2018 թվականի վճիռը, կետ 62):

Հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ հանրային շահի իրացման նպատակով հարկադիր օտարման ենթակա գույքի սեփականատերը հայցում է իր սեփականության իրավունքի դատական պաշտպանություն, սեփականության իրավունքին միջամտության իրավաչափությունը գնահատելու համար անհրաժեշտ է պարզել.

- արդյո՞ք սեփականության օտարումը կատարվել է իրավական օրենքին ներկայացվող պահանջներին համապատասխանող օրենքով սահմանված պայմաններին համապատասխան,

- արդյո՞ք առկա է հանրային շահ, որի իրացման նպատակով կատարվում է օտարումը,

- արդյո՞ք ապահովված է արդարացի հավասարակշռություն սեփականատիրոջ իրավունքների և հանրության շահերի միջև:

Հանրության շահերի ապահովման նպատակով սեփականության հարկադիր օտարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով: Վերջինս սահմանում է հանրային գերակա շահի որոշման կարգը, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման կարգը, օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման տրման կարգը (հոդված 1-ին):

i

Օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման սահմանադրական պայմանները: Այն է`

ա) օտարումը պետք է իրականացվի օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով.

բ) օտարվող սեփականության դիմաց պետք է տրվի նախնական և համարժեք փոխհատուցում (այսուհետ` փոխհատուցում):

Գերակա բնույթ ունեցող հանրային շահերի առաջնայնության որակների հստակեցման և հիմնավորման համար չափանիշներն ու սկզբունքները սահմանված են Օրենքի 4-րդ և 7-րդ հոդվածներում:

i

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է հանրության գերակա շահի որոշման հետևյալ սկզբունքները.

ա) հանրության շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից.

բ) հանրության գերակա շահի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց տվյալ սեփականության օտարման.

գ) հանրության գերակա շահից ելնելով` սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը.

դ) հանրության շահը գերակա է ճանաչվում կառավարության որոշմամբ.

ե) հանրության գերակա շահի առկայության փաստը կարող է վիճարկվել դատական կարգով:

Օրենքի նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է այն նպատակները, որոնք կարող է հետապնդել գերակա հանրային շահը:

i

Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հանրության շահը չի կարող համարվել գերակա, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվելու հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` յոթ տարվա ընթացքում:

i

Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունն օտարվում է միայն կառավարության կողմից օտարման նպատակը հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման մեջ, ի թիվս այլնի, նշվում են հանրության գերակա շահը, որի համար պետք է օտարվի սեփականությունը, սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը: Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը չի կարող մեկ տարուց, իսկ անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների դեպքում հինգ տարուց ավելի սահմանվել` սկսած հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից (2-րդ մասի «դ» կետ):

Օրենքի նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, նպատակ ունենալով հավասարակշռել հանրության գերակա շահը անձանց սեփականության իրավունքի հետ, ամրագրել է մի շարք իրավական երաշխիքներ` ի ապահովումն անձանց սեփականության իրավունքի պաշտպանության: Ի թիվս այլնի, նման իրավական երաշխիքներ են ամրագրված Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում և 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» ենթակետում, որոնք սահմանում են որոշակի ժամկետներ համապատասխանաբար օտարման նպատակի իրագործումը և սեփականության օտարման գործընթացն սկսելու համար: Ըստ Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի` օտարման նպատակի իրագործումն սկսելու վերջնաժամկետը յոթ տարի է` հաշված հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից: Նույն նորմը սահմանում է նշված ժամկետը չպահպանելու իրավական հետևանքը, այն է` այդ ժամկետի ավարտից հետո հանրության շահն այլևս չի կարող համարվել գերակա: Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի նորմերը կոչված են ապահովելու որոշակիություն և կանխատեսելիություն` օտարման ենթակա գույքի սեփականատերերի համար, և նաև հիմքում ունեն այն տրամաբանությունը, որ եթե հանրության գերակա շահ ճանաչված նպատակը տևական ժամանակ չի իրագործվում, ենթադրվում է, որ չունի այնպիսի կարևորություն և առաջնահերթություն, որ գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված կանոններին համապատասխան մեկնաբանելով Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված նորմը, մասնավորապես, հաշվի առնելով օրենսդրի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, կարգավորման համատեքստից, Օրենքով սահմանված` հանրության գերակա շահի որոշման սկզբունքներից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված նորմում «կառավարության համապատասխան որոշում» ձևակերպումը վերաբերում է կառավարության այն որոշմանը, որով սկզբնապես օտարման տվյալ նպատակը ճանաչվել է հանրության գերակա շահ: Այլ կերպ` եթե օտարման տվյալ կոնկրետ նպատակը հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմանը նախորդել են կառավարության այլ որոշումներ, որոնցով միևնույն նպատակը ճանաչվել է հանրության գերակա շահ, ապա Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված յոթամյա ժամկետի հաշվարկման ելակետ պետք է դիտարկվի հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության այն որոշման ուժի մեջ մտնելու պահը, որով օտարման տվյալ նպատակը հանրության գերակա շահ է ճանաչվել առաջին անգամ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` եթե խնդրո առարկա յոթամյա ժամկետի հաշվարկման ելակետը որոշելիս հաշվի չառնվի այն հանգամանքը, որ նախկինում ընդունված կառավարության որոշումով (որոշումներով) օտարման միևնույն նպատակն արդեն իսկ ճանաչվել է հանրության գերակա շահ, և ըստ այդմ` որպես ելակետ չդիտարկվի կառավարության այն որոշումն ուժի մեջ մտնելու պահը, որով տվյալ նպատակը հանրության գերակա շահ է ճանաչվել առաջին անգամ, Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի նորմով սահմանված` օտարվող գույքի սեփականատերերի իրավունքների պաշտպանության երաշխիքը կիմաստազրկվի և որևէ կերպ չի ծառայի իր նպատակին, այն է` օտարվող գույքի սեփականատերերի համար իրավական որոշակիություն և կանխատեսելիություն ապահովելուն: Ավելին, կստեղծվի նշված յոթամյա ժամկետը և Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը շրջանցելու անսահմանափակ հնարավորություն` միևնույն նպատակը հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ հերթական որոշումն ընդունելու միջոցով:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը ոչ թե օտարման նպատակի իրագործման ժամկետն է, այլ այդ նպատակի իրագործումն սկսելու: Այսինքն` այդ ժամկետը պահպանված է համարվում, եթե նպատակի իրագործումն սկսվել է սահմանված յոթամյա ժամկետում, ձեռնարկվել են որոշակի քայլեր, միջոցառումներ այդ ծրագրի իրագործման ուղղությամբ:

i

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումները, և ընդգծելով Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված նորմի կարևորությունը` որպես գույքի սեփականատերերի պաշտպանության իրավական երաշխիք, արձանագրում է նաև, որ սեփականատիրոջ իրավունքների և հանրության շահերի միջև արդարացի հավասարակշռությունը, ի թիվս այլնի, կարող է ապահովվել միայն այն դեպքում, երբ պահպանված է խնդրո առարկա յոթամյա ժամկետը, քանզի այդ ժամկետի ավարտից հետո հանրության տվյալ շահը կորցնում է իր գերակա բնույթը, իսկ արդարացի հավասարակշռությունն ապահովելու առաջնային և հիմնական պայմանը հանրության շահի գերակայությունն է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերի նկատմամբ (տե՛ս, Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված` հանրության գերակա շահի որոշման սկզբունքը, ըստ որի` հանրության շահը պետք է գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից):

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ հանրային շահի իրացման նպատակով հարկադիր օտարման ենթակա գույքի սեփականատերը հայցում է սեփականության իրավունքի դատական պաշտպանություն, սեփականության իրավունքին միջամտության իրավաչափությունը գնահատելիս, մասնավորապես, սեփականատիրոջ իրավունքների և հանրության շահերի միջև արդարացի հավասարակշռության ապահովված լինելու հանգամանքը պարզելիս, դատարաններից պահանջվում է, ի թիվս այլնի, պարզել. պահպանված է արդյո՞ք Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված յոթամյա ժամկետը: Ընդ որում, եթե ընդունվել և ուժի մեջ են մտել օտարման միևնույն նպատակը հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության մեկից ավելի որոշումներ, Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված յոթամյա ժամկետի հաշվարկման համար պետք է ելակետ ընդունել հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության այն որոշման ուժի մեջ մտնելու պահը, որով օտարման տվյալ նպատակը հանրության գերակա շահ է ճանաչվել առաջին անգամ:

i

Սույն գործը հարուցվել է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ներկայացված դիմումի հիման վրա, որով վերջինս պահանջել է Հայաստանի Հանրապետության կառավարության 27.12.2018 թվականի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշումը` ՀՀ, ք. Երևան, Արամի 23 շենքի մասով ճանաչել, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասին, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր:

i

Դատարանը դիմումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ վիճարկվող որոշմամբ հիմնավորվել է, թե ինչու է նույն որոշմամբ հաստատված հավելվածներում նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ: Որոշմամբ սահմանված են հանրության գերակա շահ ճանաչելու համար բոլոր անհրաժեշտ հիմնավորումները, որպիսի պայմաններում պահպանվել են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները և վիճարկվող որոշման մեջ որպես հանրության գերակա շահ սահմանվել է Երևան քաղաքի գլխավոր հատակագծով և դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարներով և Կենտրոն վարչական շրջանի գոտևորման նախագծով պայմանավորված գերակա պահանջների և հանրության կենսական կարիքների ապահովման անհրաժեշտությունը` որպես հանրության գերակա շահ: Դատարանի գնահատմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 27.12.2018 թվականի թիվ 1528-Ն որոշմամբ հստակ ամրագրված են գերակա հանրային շահը հետապնդող նպատակները, որոնց իրագործումը չի կարող ի կատար ածվել առանց վիճարկվող որոշմամբ նշված սեփականության օբյեկտների օտարման:

Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, քննարկելով նաև վիճարկվող որոշման` Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխանության հարցը, նշված նորմով սահմանված յոթամյա ժամկետի խախտման վերաբերյալ փաստարկն անհիմն է համարել այն պատճառաբանությամբ, որ նշված նորմում «համապատասխան որոշումը» սույն դեպքում հանդիսանում է վիճարկվող «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշումը, որն ընդունվել է 27.12.2018 թվականին, ուժի մեջ է մտել 28.12.2018 թվականին:

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով իր վերոհիշյալ իրավական դիրքորոշումները, անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի` Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին տրված նման մեկնաբանությունն ու եզրահանգումը` հետևյալ պատճառաբանությամբ:

Այսպես, ՀՀ կառավարության 27.12.2018 թվականի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշման 1-ին կետով որոշվել է նույն որոշման հավելվածներում նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ այն հիմնավորմամբ, որ նշված տարածքներում` նկարագրված քաղաքաշինական ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ:

i

Նույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նշված քաղաքաշինական ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`

ա. նույն որոշման հավելվածներում նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման միջոցով Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, տարերայնորեն տեղակայված և հիմնականում վթարային բնակելի ֆոնդը, որի փոխարեն հնարավոր կլինի տարածքում վերականգնել հին Երևանի պատմաճարտարապետական միջավայրը,

բ. համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և Կենտրոն վարչական շրջանի գոտևորման նախագծի` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները կհանդիսանան ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով տեղում գոյություն ունեցող պատմամշակութային հուշարձանները, առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով իրենց բնույթին համապատասխան` ժամանակակից օգտագործման համար, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված տարածքներում առկա բնակարանային ֆոնդի փոխարեն կանոնավոր կառուցապատմամբ, կորցված ու քանդված պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում կստեղծվի քաղաքաշինական գեղագիտական միջավայր, ինչպես նաև կառուցվող նոր փողոցը կդառնա այլընտրանքային երթևեկության ճանապարհ, կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղերը հնարավորություն կընձեռեն նվազեցնելու Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածությունը:

Նշված որոշման հավելված 1-ով հաստատված ցանկում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում ներառված են Աբովյան, Եզնիկ Կողբացու, Արամի, Փավստոս Բուզանդի փողոցներում գտնվող առանձին տարածքներ, այդ թվում` Արամի 23 հասցեում գտնվող տարածքը:

Վիճարկվող Կառավարության որոշման ընդունմանը նախորդել են ՀՀ կառավարության հետևյալ որոշումները.

i

- ՀՀ կառավարության 01.03.2007 թվականի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 347-Ն որոշումը, որի 1-ին կետով որոշվել է նույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ այն հիմնավորմամբ, որ նշված տարածքներում` նկարագրված քաղաքաշինական ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ:

Նշված որոշման հավելվածով հաստատված ցանկում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում, ի թիվս Երևան քաղաքի այլ փողոցներում գտնվող տարածքների, ներառված են նաև Եզնիկ Կողբացու, Արամի, Փավստոս Բյուզանդի փողոցներում գտնվող առանձին տարածքներ, այդ թվում` Արամի 23 հասցեում գտնվող տարածքը:

i

- ՀՀ կառավարության 20.11.2008 թվականի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 1405-Ն որոշումը, որի 1-ին կետով որոշվել է նույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ այն հիմնավորմամբ, որ նշված տարածքներում` նկարագրված քաղաքաշինական ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ:

Նշված որոշման հավելվածով հաստատված ցանկում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում, ի թիվս Երևան քաղաքի այլ փողոցներում գտնվող տարածքների, ներառված են նաև Աբովյան, Եզնիկ Կողբացու, Արամի, Փավստոս Բուզանդի փողոցներում գտնվող առանձին տարածքներ, այդ թվում` Արամի 23 հասցեում գտնվող տարածքը:

i

- ՀՀ կառավարության 29.08.2013 թվականի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 945-Ն որոշումը, որի 1-ին կետով որոշվել է նույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ այն հիմնավորմամբ, որ նշված տարածքներում` նկարագրված քաղաքաշինական ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ:

Նշված որոշման հավելվածով հաստատված ցանկում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում ներառված են Աբովյան, Եզնիկ Կողբացու, Արամի, Փավստոս Բուզանդի փողոցներում գտնվող առանձին տարածքներ, այդ թվում` Արամի 23 հասցեում գտնվող տարածքը:

i

- ՀՀ կառավարության 25.02.2016 թվականի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 277-Ն որոշումը, որի 1-ին կետով որոշվել է նույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ այն հիմնավորմամբ, որ նշված տարածքներում` նկարագրված քաղաքաշինական ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ:

Նշված որոշման հավելվածով հաստատված ցանկում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում ներառված են Աբովյան, Եզնիկ Կողբացու, Արամի, Փավստոս Բուզանդի փողոցներում գտնվող առանձին տարածքներ, այդ թվում` Արամի 23 հասցեում գտնվող տարածքը:

i

- ՀՀ կառավարության 01.06.2017 թվականի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 585-Ն որոշումը, որի 1-ին կետով որոշվել է նույն որոշման հավելվածներում նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ այն հիմնավորմամբ, որ նշված տարածքներում` նկարագրված քաղաքաշինական ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ:

Նշված որոշման հավելված 1-ով հաստատված ցանկում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում ներառված են Աբովյան, Եզնիկ Կողբացու, Արամի, Փավստոս Բուզանդի փողոցներում գտնվող առանձին տարածքներ, այդ թվում` Արամի 23 հասցեում գտնվող տարածքը:

Համեմատական վերլուծության ենթարկելով վիճարկվող որոշմամբ և դրան նախորդող վերը նշված որոշումներում նկարագրված օտարման այն նպատակը, որը ճանաչվել է հանրության գերակա շահ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ բոլոր որոշումներով հանրության գերակա շահ է ճանաչվել օտարման միևնույն նպատակը, այն է` Երևանի կենտրոնում քաղաքաշինական ծրագրերի իրագործման նպատակը: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն իր վերն արտահայտված իրավական դիրքորոշումների կիրառմամբ գտնում է, որ սույն դեպքում Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով յոթամյա ժամկետի հաշվարկման համար ելակետ պետք է ընդունվի ՀՀ կառավարության 01.03.2007 թվականի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 347-Ն որոշման ուժի մեջ մտնելու պահը` որպես ՀՀ կառավարության որոշում, որով Հասարակական կազմակերպության գույքի օտարման նպատակը հանրության գերակա շահ է ճանաչվել առաջին անգամ:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում Հասարակական կազմակերպության սեփականության իրավունքին միջամտության իրավաչափության, մասնավորապես, վերջինիս սեփականության իրավունքի և հանրության շահի միջև արդարացի հավասարակշռության ապահովումը գնահատելու նպատակի համար էական նշանակություն է ստանում այն փաստի պարզումը` արդյոք վերը նշված որոշումներով որպես հանրության գերակա շահ ճանաչված նպատակի իրագործումը, այն է` այդ որոշումներում նշված քաղաքաշինական ծրագրերի իրագործումն սկսվել է յոթամյա ժամկետում` հաշվարկված ՀՀ կառավարության 01.03.2007 թվականի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 347-Ն որոշման ուժի մեջ մտնելու պահից (28.04.2007 թվական):

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վարչական դատարան նոր քննության ուղարկելու համար, որի շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք ՀՀ կառավարության 01.03.2007 թվականի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 347-Ն որոշման ուժի մեջ մտնելու պահից հաշված յոթամյա ժամանակահատվածում ձեռնարկվել է որևէ միջոցառում` ուղղված ՀՀ կառավարության որոշումներում նշված քաղաքաշինական ծրագրերի իրագործմանը:

Վերոհիշյալ հիմնավորումներով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխաններում բերված փաստարկները:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Լ. Հակոբյան

Հ. Բեդևյան

Ք. Մկոյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 13 հունվարի 2023 թվական:

 

Միասնական կայք` 21.08.23-03.09.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.01.2023
N ՎԴ/0518/05/19
Որոշում