Սեղմել Esc փակելու համար:
{01.01.2023 - } ԵՐԵԽԱՆԵՐԻ, ՏԱՐԵՑ ԵՎ (...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.01.2023 - } ԵՐԵԽԱՆԵՐԻ, ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2023  -ից մինչեւ     -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01/01/2023- / /

 

040.1112.021015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 2015 թվականի N 1112-Ն

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

VI. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԱՄՔԻ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՅՆՏԵՂ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

67. Երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչ անձամբ կամ ներկայացուցչի միջոցով կարող է բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունում խնամք տրամադրելու վերաբերյալ գրավոր դիմումը ներկայացնել`

1) տարածքային կենտրոն (իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի առկայության դեպքում` միասնական ընդունարան)` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատության կողմից խնամքի տրամադրման համար.

2) խնամք տրամադրող կազմակերպություն` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատության կողմից խնամքի տրամադրման համար:

68. Սույն կարգի 67-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում` խնամքի տրամադրման համար դիմումին կից, բացառությամբ սույն կարգի 69-րդ կետով նախատեսված դեպքի, անձը տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) երեխայի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում` անձը հաստատող փաստաթուղթը (ծննդյան վկայական կամ անձնագիր կամ նույնականացման քարտ) և դրա պատճենը.

2) երեխայի` Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը) և դրա պատճենը, իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը և դրա պատճենը.

3) համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից տրված` երեխայի առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը.

4) երեխայի ընտանիքի անդամների մասին տեղեկանք բնակության վայրից.

5) բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանք երեխայի բնակության վայրի հասցեի մասին.

6) դիմումը ներկայացնողի անձը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև`

ա. երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը հանդիսանալու դեպքում` այդ փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը,

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող լիազորագրի հիման վրա երեխայի ծնողի կամ օրինական ներկայացուցչի ներկայացուցիչը լինելու դեպքում` լիազորագիրը, իսկ այն դեպքում, երբ ներկայացուցիչը փաստաբան է, նաև` փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը:

69. Խնամքի տրամադրման համար տարածքային կենտրոն ներկայացվող դիմումին կից չեն պահանջվում սույն կարգի 68-րդ կետում նշված այն փաստաթղթերը, որոնցում ներառված տվյալներն առկա են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններում (բազաներում):

70. Տարածքային կենտրոնը սույն կարգի 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում կատարում է տնային այցելություն` տվյալ ընտանիքի կարիքների գնահատման (կենսապայմանների ուսումնասիրության) նպատակով, և Հայաստանի Հանրապետության մարզպետարան (Երևանում` Երևանի քաղաքապետարան) է ներկայացնում սույն կարգի 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը (դրանց պատճենները) և բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն ուղեգրելու հնարավորության վերաբերյալ իր առաջարկությունը (եզրակացության տեսքով)` նշում կատարելով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում տվյալ ընտանիքի հաշվառված լինելու (կամ չլինելու) և սոցիալապես անապահով լինելու (կամ չլինելու) վերաբերյալ:

71. Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը սույն կարգի 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և տարածքային կենտրոնի առաջարկությունն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում` խնամքի տրամադրում հայցող երեխայի ընտանիքի` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու և սոցիալապես անապահով լինելու դեպքում ուսումնասիրում է բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունում երեխային տեղավորելու այլընտրանքային տարբերակները և դրանց բացակայության դեպքում ներկայացնում գրավոր եզրակացություն երեխային բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն ուղեգրելու վերաբերյալ:

72. Հայաստանի Հանրապետության մարզպետարանը (Երևանում` Երևանի քաղաքապետարանը) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն ուղեգրելու վերաբերյալ եզրակացությունը` այն կազմելուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնում է լիազորած պետական մարմին` դրան կցելով սույն կարգի 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և տարածքային կենտրոնի առաջարկությունը:

73. Լիազորած պետական մարմինը Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (կամ Երևանի քաղաքապետարանի) կողմից սույն կարգի 72-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո եռօրյա ժամկետում`

1) երեխային ուղեգրում է բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն կամ`

2) փաստաթղթերը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության մարզպետարան (իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարան), եթե երեխային բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն ուղեգրելու վերաբերյալ եզրակացությունն օրենսդրորեն հիմնավորված չէ, կամ լիազորած պետական մարմնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ սույն կարգի 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկում առկա են ոչ հավաստի տեղեկություններ, տեղեկացնելով վերադարձման պատճառների և լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտության մասին:

74. Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունում տեղավորվող երեխայի ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր նախազգուշացնում է այն մասին, որ տվյալ հաստատությունում երեխային տեղավորելու հիմքերը վերանալուց հետո երեխային ընտանիք վերադարձնելուց կամ երեխային այցելելուց կամ ուսումնական արձակուրդների ժամանակահատվածում երեխային ընտանիքում պահելուց խուսափելու կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է կիրառվել երեխային հետագա խնամքի տրամադրման այլ ձևերից որևէ մեկը (բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում խնամքի տրամադրում, որդեգրում, խնամակալի կամ հոգաբարձուի նշանակում, տեղավորում խնամատար ընտանիքում):

75. Բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն երեխայի ընդունելությունն իրականացվում է աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում:

76. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող` բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն երեխայի ընդունելությունը ձևակերպվում է այդ հաստատության ղեկավարի հրամանով: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող` բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն երեխայի ընդունելությունը ձևակերպվում է խնամք տրամադրող կազմակերպության` համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:

77. Բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունը վարում է այնտեղ բնակվող (խնամվող) երեխաների հաշվառման մատյան, որի ձևը հաստատում է տվյալ հաստատության ղեկավարը կամ խնամք տրամադրող կազմակերպության` համապատասխան լիազորություն ունեցող այլ պաշտոնատար անձ (կամ մարմինը): Հաշվառման մատյանը կարող է վարվել ինչպես թղթային, այնպես էլ` էլեկտրոնային եղանակով: Հաշվառման մատյանում գրանցվում են երեխայի մասին հետևյալ տեղեկությունները`

1) անունը, հայրանունը, ազգանունը.

2) ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և վայրը.

3) սեռը.

4) անձը հաստատող փաստաթղթի անվանումը, սերիան և համարը (առկայության դեպքում).

5) մինչև բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություն տեղափոխվելը տվյալ երեխայի բնակության վայրի հասցեն.

6) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունման և դուրսգրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

78. Հաշվառման մատյանում կարող են լրացվել նաև սույն կարգի 77-րդ կետում չնշված` երեխայի մասին այլ անհրաժեշտ տվյալներ:

79. Բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունն այնտեղ բնակվող (խնամվող) երեխաների հիմնական կրթությունն ապահովում է տվյալ հաստատության տեղակայման վայրին մոտ գտնվող հանրակրթական դպրոցներից որևէ մեկում:

80. Բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունում երեխայի խնամքի տրամադրման հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են սույն կարգի IV բաժնով նախատեսված պահանջներին համապատասխան, եթե այլ բան չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից:

81. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող` բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատությունից երեխան` մինչև 18 տարին լրանալը, կարող է դուրս գրվել`

1) երեխայի ծնողների (ծնողի) կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի և ընտանիքի բնակության վայրի` Հայաստանի Հանրապետության մարզպետարանի (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում տրված եզրակացության հիման վրա, որից մեկական օրինակներ ուղարկվում են նաև լիազորած պետական մարմին և տարածքային կենտրոն, կամ`

2) սույն կարգի 74-րդ կետով նախատեսված դեպքերում` երեխային հետագա խնամք տրամադրելու այլ ձևերից որևէ մեկի կիրառման դեպքում.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

 

VII. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՅՆՏԵՂ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

82. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող կամ լիազորած պետական մարմնի հետ համապատասխան պայմանագիր կնքած սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում խնամքը տրամադրվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հաշմանդամություն ունեցող երեխաներին:

83. Լիազորած պետական մարմնի հետ համապատասխան պայմանագիր չկնքած` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնները կարող են խնամք տրամադրել սույն կարգի 82-րդ կետում չնշված այլ երեխաների` Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով, այլ նորմատիվ իրավական ակտերով և խնամք տրամադրող կազմակերպության ներքին իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:

84. Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնը (այսուհետ` կենտրոն) խնամքը տրամադրում է կենտրոնում, ցերեկային ժամերին, կենտրոնի կանոնադրությամբ կամ ներքին իրավական այլ ակտերով սահմանված ժամանակահատվածում:

85. Ելնելով երեխաների առանձնահատուկ կարիքներից, տարիքային կազմից, իրենց կանոնադրությամբ ամրագրված նպատակներից և այլ գործոններից` կենտրոնները կարող են ունենալ տարատեսակ ուղղվածություն` նախատեսված երեխաների առանձին խմբերի (հաշմանդամություն ունեցող, դաստիարակության դժվարություններ ունեցող, ծնողական խնամքից զրկված երեխաների) համար:

86. Կենտրոնում խնամքը տրամադրվում է`

1) երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա.

2) կենտրոնի նախաձեռնությամբ:

87. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող կամ լիազորած պետական մարմնի հետ համապատասխան պայմանագիր կնքած կենտրոնում խնամք տրամադրելու մասին գրավոր դիմումը երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով կարող է ներկայացնել տարածքային կենտրոն (իսկ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի առկայության դեպքում` միասնական ընդունարան) կամ կենտրոն (կենտրոնում խնամք տրամադրող կազմակերպություն):

88. Լիազորած պետական մարմնի հետ համապատասխան պայմանագիր չկնքած` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կենտրոնում խնամք տրամադրելու մասին գրավոր դիմումը երեխայի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով ներկայացնում է կենտրոն (կամ կենտրոնում խնամք տրամադրող կազմակերպություն):

89. Սույն կարգի 87-րդ կետով նախատեսված դեպքում գրավոր դիմումին կից ներկայացվում են`

1) երեխայի` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում` երեխայի անձը հաստատող փաստաթուղթը (ծննդյան վկայական կամ անձնագիր կամ նույնականացման քարտ) և դրա պատճենը.

2) երեխայի` Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը) և դրա պատճենը, իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը և դրա պատճենը.

3) համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից տրված` երեխայի առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը.

4) հաշմանդամության մասին տեղեկանքը` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից, եթե երեխան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող երեխա:

90. Խնամքի տրամադրման համար տարածքային կենտրոն ներկայացվող դիմումին կից չեն պահանջվում սույն կարգի 89-րդ կետում նշված այն փաստաթղթերը, որոնցում ներառված տվյալներն առկա են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններում (բազաներում):

91. Տարածքային կենտրոնը սույն կարգի 89-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում գնահատում է տվյալ ընտանիքի սոցիալական կարիքները: տարածքային կենտրոնի կողմից երեխային կենտրոն ուղղորդելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:

92. Սույն կարգի 87-րդ կետով նախատեսված դեպքում, երեխային խնամք տրամադրելու մասին գրավոր դիմումը կենտրոն (կենտրոնում խնամք տրամադրող կազմակերպություն) ներկայացնելիս, կենտրոնը դիմումն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում ուսումնասիրում է դրան կից ներկայացված փաստաթղթերը, կենտրոնի սոցիալական աշխատանքի մասնագետից, բժշկից և հոգեբանից կազմված մասնագիտական խմբի միջոցով իրականացնում է երեխայի կենսապայմանների ուսումնասիրություն և կենտրոնի ղեկավարին կամ համապատասխան լիազորություններ ունեցող պաշտոնատար անձին (մարմին) է ներկայացնում կենտրոնում երեխային խնամք տրամադրելու (կամ չտրամադրելու) վերաբերյալ եզրակացություն:

93. Սեփական նախաձեռնությամբ երեխային կենտրոնում խնամք տրամադրելու նպատակով կենտրոնը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցառումներ` այդ երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության դեպքում:

94. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող կենտրոն երեխայի ընդունելությունը ձևակերպվում է կենտրոնի ղեկավարի հրամանով: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կենտրոն երեխայի ընդունելությունը ձևակերպվում է կենտրոնում խնամք տրամադրող կազմակերպության` համապատասխան լիազորություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:

95. Կենտրոնում խնամքը տրամադրվում է հիմնականում հետևյալ սոցիալական ծառայությունների մատուցման միջոցով`

1) սնունդ` օրական մեկ անգամ.

2) սոցիալ-հոգեբանական օգնություն, այդ թվում` երեխայի ընտանիքի անդամներին.

3) իրավական խորհրդատվություն.

4) ուսումնադաստիարակչական ծառայություններ.

5) մասնագիտական կողմնորոշում.

6) արվեստի միջոցով թերապիա.

7) օկուպացիոն թերապիա (շտկիչ վարժանքներով թերապիա):

96. Կենտրոնը կազմակերպում է խնամք ստացող երեխաների`

1) աշխատանքային թերապիան (16 տարեկանից բարձր երեխաների համար).

2) առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը.

3) ժամանցը, ինչպես նաև իրականացնում է մշակութային միջոցառումներ.

4) սոցիալական ներառմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումներ:

97. Կենտրոնում երեխայի խնամքը տրամադրվում է նրա` գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան:

98. Կենտրոն երեխայի ընդունելությունից հետո եռօրյա ժամկետում կենտրոնի սոցիալական աշխատանքի մասնագետը և համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատողներ (հոգեբան, բժիշկ, մանկավարժ և այլն) կազմում են երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրը, պարբերաբար վերանայում այն, և յուրաքանչյուրն իր իրավասությունների սահմաններում իրականացնում է երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումներ:

99. Կենտրոնը երեխայի առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը կազմակերպում է կենտրոնի գտնվելու վայրի համապատասխան ամբուլատոր բժշկական հաստատությունում:

100. Կենտրոնը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` ուսումնական հաստատություններից դուրս մնացած երեխաներին կրթական հաստատություններում տեղավորելու համար, կազմակերպում է դպրոցահասակ երեխայի դասապատրաստումը դպրոցական ժամերից հետո, աջակցում երեխաների աշխատանքային հմտությունների ձևավորմանը, կազմակերպում երեխայի ազատ ժամանցը` մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու միջոցով, ինչպես նաև աջակցում է նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներին:

101. Կենտրոնում խնամվող յուրաքանչյուր երեխայի համար կենտրոնի սոցիալական աշխատանքի մասնագետը կամ համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատող (կամ պաշտոնատար անձը) լրացնում է հաշվառման քարտ, որտեղ գրանցում է կենտրոնում խնամվող երեխայի մասին հետևյալ տեղեկությունները`

1) անունը, հայրանունը, ազգանունը.

2) ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և վայրը.

3) սեռը.

4) անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը.

5) երեխայի բնակության վայրի հասցեն.

6) կենտրոնում խնամք տրամադրելու պատճառները.

7) կենտրոն երեխայի ընդունման և կենտրոնից դուրսգրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

8) երեխայի ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հետ հետադարձ կապն ապահովելու համար անհրաժեշտ տվյալներ:

102. Երեխային կենտրոն կրկին ընդունելու (դուրս գրելու) դեպքում նրա հաշվառման քարտում դրա մասին կատարվում է համապատասխան գրառում, և անհրաժեշտության դեպքում փոփոխվում են հաշվառման քարտում գրանցված տվյալները:

103. Կենտրոնը վարում է այնտեղ խնամվող երեխաների հաշվառման մատյան, որի ձևը հաստատում է տվյալ կենտրոնի ղեկավարը կամ խնամք տրամադրող կազմակերպության` համապատասխան լիազորություն ունեցող այլ պաշտոնատար անձ (կամ մարմինը):

104. Կենտրոնում խնամվող յուրաքանչյուր երեխայի համար կազմվում է անձնական գործ, որում ընդգրկվում են երեխային կենտրոն ընդունելու մասին հրամանը (դրա պատճենը), երեխայի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրը, երեխայի լուսանկարը, տվյալ երեխային և նրան տրամադրվող սոցիալական ծառայություններին վերաբերող այլ փաստաթղթեր (դրանց պատճենները):

105. Կենտրոնում խնամքի տրամադրումը դադարեցվում է`

1) խնամք ստացող երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա.

2) բժշկական ժամանակավոր հակացուցումներով պայմանավորված` կենտրոնում խնամք տրամադրելու անհնարինության դեպքում` մասնագիտացված բժշկական հաստատության եզրակացության հիման վրա.

3) երեխայի` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունվելու դեպքում.

4) կենտրոնի բազմամասնագիտական խմբի կողմից տրված եզրակացության հիման վրա` երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման դեպքում.

5) կենտրոնում խնամք տրամադրելու հիմքերի վերացման դեպքում.

6) երեխայի մահվան դեպքում.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

106. Կենտրոնում երեխայի խնամքի դադարեցումը ձևակերպվում է սույն կարգի 94-րդ կետում նշված պաշտոնատար անձի հրամանով:

107. Երեխային տրամադրվող խնամքը դադարեցնելուց հետո կենտրոնը վեց ամսվա ընթացքում այցելությունների կամ հանդիպումների միջոցով պահպանում է կապը երեխայի և նրա ընտանիքի հետ:

 

VIII. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ

 

108. Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի, հատուկ (մասնագիտացված), խնամքի գիշերօթիկ հաստատությունները և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններն իրենց գործառույթների իրականացման շրջանակներում համագործակցում են լիազորած պետական մարմնի, ոստիկանության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման այլ մարմինների, նախադպրոցական կրթական, հանրակրթական, բժշկական կազմակերպությունների, տարածքային մակարդակում գործող աջակցող ցանցի անդամների, այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ:

109. Բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի, հատուկ (մասնագիտացված), խնամքի գիշերօթիկ հաստատությունները և սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնները, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով` լիազորած պետական մարմին են ներկայացնում խնամքի տրամադրման մասին տեղեկատվություն:

110. Սույն կարգով նախատեսված դեպքերում տարածքային կենտրոն և լիազորած պետական մարմնի միջև տեղեկատվությունը փոխանակվում և փաստաթղթերն առաքվում են թղթային եղանակով` փոստային առաքմամբ կամ առձեռն հանձնելու միջոցով, կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ առցանց եղանակով` սոցիալական աջակցության բնագավառի տեղեկատվական շտեմարանների միջոցով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 25-ի

N 1112-Ն որոշման

 

ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 10.11.2022 թիվ 1744-Ն որոշում)

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.09.2015
N 1112-Ն
Որոշում