Սեղմել Esc փակելու համար:
«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ5/0136/05/19

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ5/0136/05/19

Նախագահող դատավոր Ա. Թովմասյան

    Դատավորներ        Կ. Ավետիսյան

                      Ք. Մկոյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ա. Մկրտչյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի փետրվարի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.03.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գագիկ Կոստանյանի ընդդեմ Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնի և երրորդ անձ Նաիրա Ասատրյանի` 16.07.2019 թվականի և 08.08.2019 թվականի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գագիկ Կոստանյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Է. Ղազարյանի 16.07.2019 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը և նույն բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, արդարադատության փոխգնդապետ Գ. Տեր-Ղազարյանի 08.08.(2018) թվականի «Թիվ 02447793 կատարողական վարույթով ավագ հարկադիր կատարողի կողմից 16.07.2019թ. կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը վերադասության կարգով վերանայելու և մասնակի փոփոխելու մասին» որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ռ. Մաքեյան) (այսուհետ` Դատարան) 13.02.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.03.2021 թվականի որոշմամբ Ծառայության և Նաիրա Ասատրյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 13.02.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ Էլմիրա Մեջլումյան):

Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջները.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր, և չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, նույն օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 14-րդ և 53-րդ հոդվածները, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 35.1-րդ հոդվածի 5-րդ մասը, սխալ է մեկնաբանել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/12638/05/17 և թիվ ՎԴ/0927/05/19 վարչական գործերով, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/0781/05/16 վարչական գործով եզրահանգել են, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ կիրառելի չէ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը, մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից սույն վարչական գործով 30.03.2021 թվականին կայացված որոշմամբ արձանագրվել է, որ նշված դրույթը կիրառելի է հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ:

Հետևաբար, ՀՀ վարչական դատարանի և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած վերոհիշյալ դատական ակտերով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից այդ նորմին տրված մեկնաբանությանը ակնհայտորեն հակասող մեկնաբանությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.03.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության, կամ փոփոխել այն` կայացնելով հայցը մերժելու մասին նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Թիվ ԵԱՔԴ/3555/02/16 քաղաքացիական գործով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 08.05.2018 թվականին տրված կատարողական թերթի համաձայն` նույն դատարանի կողմից վճռվել է Գագիկ Կոստանյանից հօգուտ Բալասան Կոստանյանի բռնագանձել 10.120.000 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար, 120.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար, ինչպես նաև Գագիկ Կոստանյանից հօգուտ Բալասան Կոստանյանի հաշվարկել և բռնագանձել տոկոսներ պարտավորության գումարի մնացորդի նկատմամբ, ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի` սկսած 11.10.2015 թվականից մինչև պարտքի լրիվ մարման օրը (հատոր 2-րդ, գ.թ. 121):

2. Թիվ ԵԱՔԴ/3555/02/16 քաղաքացիական գործով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 08.05.2018 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 02447793 կատարողական վարույթի շրջանակներում Ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Կ. Մարտիրոսյանի 22.05.2018 թվականի «Ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին» որոշմամբ նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Ամինտաս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Փորձագետին առաջադրվել է հետևյալ հարցը` որքան է կազմում ք. Երևան, Ա. Խաչատրյան փողոց, 17 շենք, թիվ 38 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը (հատոր 2-րդ, գ.թ. 125):

3. «Ամինտաս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 04.05.2019 թվականի թիվ Գ/Վ-ԵԴ02 եզրակացության համաձայն` Երևան քաղաք, Արաբկիր, Ա. Խաչատրյան փողոց, 17 շենք, թիվ 38 հասցեում գտնվող բնակարանի սեփականության իրավունքի շուկայական արժեքը առ 27.04.2019 թվականը կազմել է 24.700.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 103):

4. Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի ավագ հարկադիր կատարող Է. Ղազարյանի 16.07.2019 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշմամբ (այսուհետ` նաև Որոշում) Գագիկ Կոստանյանին սեփականության իրավունքով պատկանող` ք. Երևան, Արաբկիր համայնք, Ա. Խաչատրյան փողոց, 17 շենք, բնակարան 38 հասցեում գտնվող անշարժ գույքը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի: Լոտի գնահատման գին նշված է 27.870.000 ՀՀ դրամ, իսկ մեկնարկային գին` 20.902.500 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 37):

5. Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետ Պ. Գրիգորյանի 16.07.2019 թվականի թիվ եբ13520/04 գրությամբ Գագիկ Կոստանյանին է ուղարկվել 16.07.2019 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը: Որոշումը նույն օրն ուղարկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետին` Գագիկ Կոստանյանին հանձնելու նպատակով:

Նշված գրությունով պարտապանը միաժամանակ տեղեկացվել է, որ գույքի աճուրդի գործընթացին, իրացվող գույքի մեկնարկային գնին, ինչպես նաև բոլոր փոփոխություններին և մանրամասներին կարող է ծանոթանալ հարկադիր էլեկտրոնային աճուրդի ինտերնետային կայքից (www.ajurd.am) (հատոր 1-ին, գ.թ. 98-99):

Գագիկ Կոստանյանը Որոշումը ստացել է 19.08.2019 թվականին (անվիճելի փաստ):

6. Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Գ. Տեր-Ղազարյանը վերադասության կարգով վերանայել է Որոշումը և 08.08.(2018) թվականի (ակնհայտորեն վրիպակ է) որոշմամբ դրա եզրափակիչ մասը մասնակի փոփոխել հետևյալ կերպ`

«(...) ք. Երևան, Արաբկիր համայնք, Ա. Խաչատրյան փողոցի 17 շենք, թիվ 38 հասցեում գտնվող անշարժ գույքի «Գնահատման գինը» մասում «27.870.000 ՀՀ դրամ»-ի փոխարեն գրառումը կարդալ «24.700.000 ՀՀ դրամ», իսկ «Մեկնարկային գինը» մասում «20.902.500 ՀՀ դրամ»-ի փոխարեն գրառումը կարդալ «18.525.000 ՀՀ դրամ»» (հատոր 1-ին, գ.թ. 38-39):

7. Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Գ. Տեր-Ղազարյանի 08.08.2019 թվականի թիվ Եբ15692/04 գրությամբ Գագիկ Կոստանյանին է ուղարկվել 08.08.(2018) թվականի «Թիվ 02447793 կատարողական վարույթով ավագ հարկադիր կատարողի կողմից 16.07.2019թ. կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը վերադասության կարգով վերանայելու և մասնակի փոփոխելու մասին» որոշումը:

Որոշումը նույն օրն ուղարկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետին` Գագիկ Կոստանյանին հանձնելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 107-108):

8. Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Է. Ղազարյանի 16.07.2019 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը և նույն բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, արդարադատության փոխգնդապետ Գ. Տեր-Ղազարյանի 08.08.(2018) թվականի «Թիվ 02447793 կատարողական վարույթով ավագ հարկադիր կատարողի կողմից 16.07.2019թ. կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը տեղադրվել են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (հատոր 1-ին, գ.թ. 83):

9. 13.09.2019 թվականին հարկադիր կատարող Էդգար Ղազարյանի և աճուրդում հաղթած Նաիրա Ասատրյանի միջև կազմվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին թիվ q02447793-19/01 արձանագրությունը, ըստ որի` թիվ 334613 լոտի վաճառքի գինը կազմել է 18.625.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 11):

10. Հայաստանի Հանրապետության` ի դեմս Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի ավագ հարկադիր կատարող Էդգար Ղազարյանի և Նաիրա Ասատրյանի միջև 23.09.2019 թվականին կնքվել է քաղաք Երևան, Արաբկիր, Ա, Խաչատրյան փողոց, 17 շենք, թիվ 38 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 14-15):

11. 30.09.2019 թվականին տրված թիվ 30092019-01-0028 վկայականի համաձայն` Երևան, Արաբկիր, Ա, Խաչատրյան փողոց, 17 շենք, թիվ 38 բնակարանի նկատմամբ գրանցվել է Նաիրա Ասատրյանի սեփականության իրավունքը: Գրանցման հիմք է հանդիսացել 23.09.2019 թվականի թիվ 7579 պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 40):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ ՀՀ վարչական դատարանի և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից այդ նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

Այս որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը` հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին կողմերին ծանուցելու` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հարկադիր կատարողի վրա դրված պարտականությունն արդյո՞ք գործում է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ, թե ոչ:

i

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` (...) օրենքը տարածվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների և հարկադիր աճուրդների վրա, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների:

i

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների իմաստը բացահայտող Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` հրապարակային սակարկությունները կամ սակարկություններն աճուրդի (մրցույթի) կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց են, որին կարող է մասնակցել նույն օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ, իսկ աճուրդը սակարկությունների ձև է, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին:

Նշվածից բխում է, որ աճուրդը պայմանագրերի կնքման գործընթաց է, որին կարող է մասնակցել Օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ, իսկ հաղթող ճանաչվել` առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:

Օրենքի «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը կրող 4-րդ գլխում ներառված են հարկադիր աճուրդի, այդ թվում նաև` հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգը սահմանող նորմերը:

i

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր է ճանաչվում այն աճուրդը, որն անցկացվում է կատարողական թերթին և նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկադիր աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ 3-րդ մասի համաձայն` հարկադիր աճուրդը կազմակերպում և անցկացնում է հարկադիր կատարողը:

i

Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` լոտն աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույքը կամ իրավունքն է, որն ունի համապատասխան նկարագրություն, նույն օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում` նաև մեկնարկային գին: Մեկնարկային գինը լոտի վաճառքի համար նախատեսված գինն է, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին:

i

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտում ընդգրկվող գույքի կազմը և քանակը սահմանում է հարկադիր կատարողը` գնահատելով լոտի արժեքը: Անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների և գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող գույքի գնահատումը կատարվում է հարկադիր կատարողի նշանակած գնահատողի միջոցով: Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, որոնց ընտրության կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով:

Նշված հոդվածների մեկնաբանությունից բխում է, որ կատարողական թերթին և նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան անցկացվող հարկադիր աճուրդով կարող է վաճառքի հանվել ցանկացած գույք և իրավունք, որը կունենա համապատասխան նկարագրություն, Օրենքով նախատեսված այլ տվյալներ և մեկնարկային, այսինքն` աճուրդի սկզբում դրա մասնակիցներին առաջարկվող գին: Ընդ որում, աճուրդի մասնակիցներին առաջարկվող մեկնարկային գինը սահմանում է հարկադիր կատարողը` Օրենքով սահմանված կարգով լոտը գնահատելու արդյունքում ստացված արժեքի 75 տոկոսի չափով:

Նախատեսելով լոտի մեկնարկային գինը սահմանելու կարգ և դրա նվազագույն արժեք` օրենսդիրը միաժամանակ թույլատրել է լոտի մեկնարկային ավելի բարձր գին առաջարկելու հնարավորություն: Մասնավորապես.

i

Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին հարկադիր կատարողը պատշաճ ծանուցում է պարտապանին և պահանջատիրոջը (պահանջատերերին)` նշելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու վերաբերյալ կողմի իրավունքի իրականացման կարգն ու ժամկետները: Եթե միևնույն պարտապանի գույքի նկատմամբ առկա են բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական վարույթներ, ապա պատշաճ ծանուցումն ուղարկվում է տվյալ կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին: Պարտապանը և պահանջատերն (պահանջատերերը) իրավունք ունեն ծանուցումն իրենց ուղարկելու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացնելու գրավոր առաջարկություն` սահմանելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին:

Այդ դեպքում վաճառվող լոտի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը, եթե առաջարկություն ներկայացնողն իր առաջարկած գնի երեք տոկոսի չափով վճարում է կատարում հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ: Վճարի կատարման անդորրագիրը ներկայացվում է առաջարկությանը կից:

Եթե սահմանված ժամկետում առաջարկություն են ներկայացնում մեկից ավելի անձինք, ապա լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է:

Եթե նույն հոդվածով սահմանված ժամկետում և կարգով լոտի մեկնարկային գնի վերաբերյալ պարտապանը և պահանջատերը (պահանջատերերը) չեն ներկայացնում առաջարկություն, ապա աճուրդի մեկնարկային գին է համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գինը:

i

Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով լոտի մեկնարկային գինը որոշելուց հետո հարկադիր կատարողը առաջարկություն ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտման օրվան հաջորդող օրը, որոշում է ընդունում հարկադիր աճուրդի անցկացման մասին` նշելով աճուրդի ժամը, վայրը, ինչպես նաև լոտի մեկնարկային գինը, և նույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում կատարում է հրապարակային ծանուցում:

Շարադրված իրավանորմերի համակարգային մեկնաբանությունից բխում է, որ հարկադիր կատարողը կրում է լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով որոշված մեկնարկային գնի և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին պարտապանին և վերջինիս գույքի նկատմամբ տարբեր կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին ծանուցելու պարտականություն: Նշված ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում պարտապանն ու պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու լոտի ավելի բարձր մեկնարկային գնի վերաբերյալ գրավոր առաջարկություն` դրան կցելով առաջարկվող այդ գնի երեք տոկոսի չափով վճարը հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ վճարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Եթե առաջարկ ներկայացրած անձը պահպանել է վերը շարադրված պահանջը, ապա աճուրդի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը: Երկշաբաթյա ժամկետում մեկից ավելի անձանց կողմից առաջարկություն ներկայացված լինելու դեպքերում լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է: Եթե պարտապանն ու պարտատերերը սահմանված ժամկետում չեն ներկայացնում լոտի ավելի բարձր մեկնարկային գնի մասին գրավոր առաջարկություն, ապա մեկնարկային գինը մնում է անփոփոխ` լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով:

Այլ կերպ ասած` լոտի արժեքը գնահատելու և դրա 75 տոկոսի չափով մեկնարկային գին որոշելու գործողություններով սահմանվում է հարկադիր աճուրդի հանված լոտի նվազագույն այն արժեքը, որը կողմերի համար ուղենիշային է լոտի ավելի բարձր գին առաջարկելու իրենց իրավունքն իրացնելու նպատակահարմարությունը որոշելու հարցում, և որից ցածր մեկնարկային գին առաջարկվել չի կարող:

i

Լոտի մեկնարկային գին ներկայացնելու նպատակով սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտի հաջորդ օրը, երբ վերոշարադրյալ գործողությունների արդյունքում աճուրդի հանված լոտի մեկնարկային գինն արդեն սահմանվել է, հարկադիր կատարողը ընդունում է հարկադիր աճուրդի անցկացման մասին որոշում, որը պարունակում է նշում աճուրդի ժամի, վայրի, լոտի մեկնարկային գնի մասին: Նշված գործողությանը զուգահեռ հարկադիր կատարողն Օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում կատարում է նաև հրապարակային ծանուցում:

i

Օրենքի 35.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի (այսուհետ` համակարգ) կիրառմամբ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետ` կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է ծառայությունը` կատարողական թերթին, ինչպես նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Շարադրված իրավանորմում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից պարզ է, որ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով հատուկ էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ կազմակերպվող և անցկացվող աճուրդների հիմքը նույնպես կատարողական թերթն ու նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթն են: Ընդ որում, տվյալ դեպքում ևս աճուրդի կարող է հանվել ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, օրենքով նախատեսված բացառություններ չպարունակելու դեպքում: Տեխնիկական և էլեկտրոնային հատուկ համակարգերի և միջոցների կիրառումն ու դրանք ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով իրականացվելու հանգամանքը հաշվի անելով` այդպիսի աճուրդները կոչվում են հարկադիր էլեկտրոնային աճուրդներ: Մինչդեռ դրանք հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման որոշակի առանձնահատկություններ ունեցող տարատեսակ են:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված են նորմատիվ իրավական ակտի մեկնաբանման կանոնները, ըստ որի` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Վճռաբեկ դատարանի իրավական այն դիրքորոշումը, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը հարկադիր աճուրդի տարատեսակ է և ներառվում է դրանում, բխում է ոչ միայն Օրենքի 35.1-րդ հոդվածում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից, այլև Օրենքի «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը կրող 4-րդ գլխի կարգավորման համատեքստից, որում համապատասխանաբար ներառված է նշված հոդվածը:

Մասնավորապես, Օրենքի 4-րդ գլուխը կրում է «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը և դրանում ներառված իրավանորմերը կարգավորում են հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված իրավահարաբերությունները: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված իրավանորմերը ևս ներառված են այդ գլխում (տե՛ս Օրենքի 35.1-35.4-րդ հոդվածները): Ունենալով հարկադիր աճուրդների կազմակերպման և անցկացման կարգը սահմանող նորմերը համակարգելու և բովանդակությամբ համասեռ հոդվածները մեկ գլխի ներքո միավորելու նպատակ` օրենսդիրը դրանք ներառել է «Հարկադիր աճուրդներ» վերտառությամբ գլխում: Ավելին` էլեկտրոնային աճուրդն իր անվան մեջ ինքնին պարունակում է «հարկադիր» եզրույթը, նույնանում են հարկադիր աճուրդի և հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման փաստական հիմքերը, ինչպես նաև լոտի առարկաները:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման որոշակի առանձնահատկություններով օժտված տեսակ է, և այդ առանձնահատկությունների հաշվառմամբ էլ դրա իրականացման կարգն ու պայմանները սահմանված են առանձին հոդվածով:

Անդրադառնալով հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառելիության հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով լոտի գնահատում իրականացնելու կանոնների` հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ կիրառելի լինելու պահանջն ուղղակիորեն ամրագրված է նույն Օրենքի 35.1-րդ հոդվածի 5-րդ մասով:

i

Վերևում արդեն մանրամասն շարադրվել է հարկադիր աճուրդների անցկացման դեպքում լոտի մեկնարկային գինը որոշելու և սահմանելու ընթացակարգը, որից պարզ է, որ Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունների կատարումը դեռևս բավարար չէ լոտի մեկնարկային գինը որոշված համարելու համար: Այն ներկայացնում է մեկը մյուսի հետ փոխկապակցված, որոշակի հաջորդականություն պահանջող գործողությունների համալիր: Լոտը գնահատելու և մեկնարկային գինը սահմանելու` Օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված գործողություններն իրարից անջատ գնահատելու դեպքում խեղաթյուրվում է այդ նորմով օրենսդրի հետապնդած նպատակը: Իրավանորմերի նման նեղ մեկնաբանության դեպքում ստացվում է մի իրավիճակ, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների դեպքում լոտի մեկնարկային գինը սահմանելու հարցում հարկադիր կատարողի պարտականությունները սահմանափակվում են լոտի արժեքը գնահատելու և դրա մեկնարկային գինը գնահատված գնի 75 տոկոսի չափով սահմանելու գործողություններով: Մինչդեռ Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունների արդյունքում ընդամենը սահմանվում է աճուրդի դրված լոտի մեկնարկային նվազագույն գինը` կողմերի համար որոշակի դարձնելով գնային այն շեմը, որից ավելի բարձր գին իրենք կարող են առաջարկել: Օրենքի 35.1-րդ հոդվածի 5-րդ մասը նեղ մեկնաբանելու և հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ Օրենքի 30-րդ հոդվածի միայն 1-ին և 2-րդ մասերը կիրառելի համարելու պայմաններում կստացվի, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ հարկադիր կատարողը չի կրում նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշում ընդունելու պարտականություն, քանի որ վերջինիս համար այդպիսի պարտականություն սահմանված է Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնց Օրենքի 35.1-րդ հոդվածում ուղիղ հղում արված չէ: Սակայն հարկադիր կատարողը պարտավոր է ոչ միայն հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշում ընդունել` Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, այլև Օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` որոշման մասին պատշաճ ծանուցել պարտապանին և պահանջատիրոջը, և սահմանված ժամկետում և կարգով կատարել հրապարակային ծանուցում: Հարկ է նշել, որ վկայակոչված` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա լինելու դեպքում գույքի վերաբերյալ որոշումն ընդունելու ժամկետների վերաբերյալ կանոն, այն է` պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա լինելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գույքի գնահատումից հետո` եռօրյա ժամկետում:

i

Շարադրվածից բխում է, որ Օրենքի 30-րդ հոդվածն ամբողջացնում է 35.1-րդ հոդվածը` դրանում սահմանված ընդհանուր կանոններով կարգավորելով նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման կարգը:

Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը, լինելով հարկադիր աճուրդի տեսակ, հատուկ կանոններով չկարգավորվելու կամ ընդհանուր կանոնից բացառություն չնախատեսելու դեպքերում կարգավորվում է հարկադիր աճուրդի իրականացման և կազմակերպման կարգը սահմանող ընդհանուր կանոններով, քանի որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի հանված լոտը գնահատելու և մեկնարկային գին որոշելու հատուկ կանոններ նախատեսված չեն, իսկ այդ հարցերը կարգավորող իրավանորմերից որևէ բացառություն նախատեսված չէ հարկադիր էլեկտրոնային աճուրդի համար: Հետևաբար` Օրենքի 30-րդ հոդվածով սահմանված գործողությունները` տրամաբանական հաջորդականությամբ, կիրառելի են նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդների դեպքում ևս հարկադիր կատարողը կրում է լոտի մեկնարկային գնի և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին պարտապանին և վերջինիս գույքի նկատմամբ տարբեր կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին ծանուցելու պարտականություն: Նշված պարտականության կատարմանը հաջորդող որոշակի գործողությունների արդյունքում սահմանվում է լոտի մեկնարկային գինը, որից հետո եռօրյա ժամկետում ընդունվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին որոշումը և ծանուցումը հրապարակվում է հրապարակային ծանուցումների կայքում:

i

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնում հարուցված թիվ 02447793 կատարողական վարույթի շրջանակներում պարտապան Գագիկ Կոստանյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Ա. Խաչատրյան փողոցի 17 շենքի բնակարան 38 հասցեում գտնվող անշարժ գույքը (այսուհետ նաև` Անշարժ գույք) ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի: Ի կատարումն Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 35.1-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջների` իրականացվել է Անշարժ գույքի գնահատում` հարկադիր կատարող Կ. Մարտիրոսյանի նշանակած գնահատողի` «Ամինտաս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով: Անշարժ գույքի շուկայական արժեքն առ 27.04.2019 թվականը կազմել է 24.700.000 ՀՀ դրամ` համաձայն 04.05.2019 թվականի թիվ Գ/Վ-ԵԴ02 եզրակացության:

Հիմք ընդունելով Անշարժ գույքի` 24.700.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունենալու հանգամանքը և առաջնորդվելով լոտի մեկնարկային գինը դրա գնահատված գնի 75 տոկոսի չափով սահմանելու օրենսդրական պահանջով` Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող, արդարադատության մայոր Է. Ղազարյանը 16.07.2019 թվականին ընդունել է «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշում և լոտի մեկնարկային գին սահմանել 20.902.500 ՀՀ դրամը:

Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետ Պ. Գրիգորյանի 16.07.2019 թվականի թիվ եբ13520/04 գրությամբ Որոշումն ուղարկվել է Գագիկ Կոստանյանին և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետին` Գագիկ Կոստանյանին հանձնելու նպատակով:

Նշված գրությունով պարտապանը միաժամանակ տեղեկացվել է, որ գույքի աճուրդի գործընթացին, իրացվող գույքի մեկնարկային գնին, ինչպես նաև բոլոր փոփոխություններին և մանրամասներին կարող է ծանոթանալ հարկադիր էլեկտրոնային աճուրդի ինտերնետային կայքից (www.ajurd.am): Գագիկ Կոստանյանը Որոշումը ստացել է 19.08.2019 թվականին (անվիճելի փաստ):

Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Գ. Տեր-Ղազարյանը վերադասության կարգով վերանայել է Որոշումը և 08.08.(2018) թվականի որոշմամբ դրա եզրափակիչ մասը մասնակի փոփոխել հետևյալ կերպ` «(...) ք. Երևան, Արաբկիր համայնք, Ա. Խաչատրյան փողոցի 17 շենք, թիվ 38 հասցեում գտնվող անշարժ գույքի «Գնահատման գինը» մասում «27.870.000 ՀՀ դրամ»-ի փոխարեն գրառումը կարդալ «24.700.000 ՀՀ դրամ», իսկ «Մեկնարկային գինը» մասում «20.902.500 ՀՀ դրամ»-ի փոխարեն գրառումը կարդալ «18.525.000 ՀՀ դրամ»»:

Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Գ. Տեր-Ղազարյանի 08.08.2019 թվականի թիվ Եբ15692/04 գրությամբ 08.08.(2018) թվականի «Թիվ 02447793 կատարողական վարույթով ավագ հարկադիր կատարողի կողմից 16.07.2019թ. կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը վերադասության կարգով վերանայելու և մասնակի փոփոխելու մասին» որոշումն ուղարկվել է Գագիկ Կոստանյանին և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետին` Գագիկ Կոստանյանին հանձնելու նպատակով:

Նշված որոշումները տեղադրվել են նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

i

Շարադրվածից բխում է, որ Անշարժ գույքի, որպես հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառքի ներկայացված լոտի, մեկնարկային գինը որոշելու և սահմանելու` Օրենքի 30-րդ և 35.1-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները Ծառայության կողմից կատարվել են ոչ ամբողջությամբ: Ծառայությունը ոչ իրավաչափորեն ձեռնպահ է մնացել լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով որոշված մեկնարկային գնի և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին թիվ 02447793 կատարողական վարույթի պարտապան Գագիկ Կոստանյանին և բոլոր պահանջատերերին ծանուցելու, ավելի բարձր գնի մասին գրավոր առաջարկ ստանալու դեպքում սահմանված ընթացակարգն ու ժամկետները պահպանելու պարտականության կատարումից: Ընդ որում, նշված պարտականությունը չի կատարվել ո՛չ Որոշումը Գագիկ Կոստանյանին ուղարկելիս, ո՛չ էլ այդ Որոշումը վերանայելու և փոփոխելու արդյունքում 08.08.(2018) թվականին կայացված և լոտի մեկնարկային այլ գին սահմանելու մասին որոշումն ուղարկելիս: Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին կողմերին ծանուցելու` Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հարկադիր կատարողի վրա դրված պարտականությունը գործում է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ:

i

Արդյունքում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Անշարժ գույքի մեկնարկային գնի և դրանից ավելի բարձր գին սահմանելու ընթացակարգի վերաբերյալ պարտապան Գագիկ Կոստանյանին և բոլոր պարտատերերին ծանուցելու պարտականությունը չկատարելու հետևանքով վերջիններս զրկվել են լոտի մեկնարկային գնի մասին իրազեկվելու, ինչպես նաև լոտի մեկնարկային ավելի բարձր գին առաջարկելու` Օրենքով երաշխավորված իրավունքն իրացնելու հնարավորությունից: Անշարժ գույքի, որպես աճուրդի հանված լոտի, մեկնարկային գինը հարկադիր կատարողի կողմից սահմանվել է Օրենքով թույլատրված դրա նվազագույն արժեքի չափով, իսկ կատարողական վարույթի կողմերին չի ընձեռվել Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված թույլատրելի գործողությունները կատարելու միջոցով լոտի մեկնարկային գինը որոշելու գործընթացին մասնակից դառնալու հնարավորություն:

Փաստորեն` Որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի շրջանակներում պարտապան Գագիկ Կոստանյանին լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր գին առաջարկելու իր իրավունքի մասին չծանուցելու հետևանքով վերջինս ոչ իրավաչափ կերպով զրկվել է աճուրդի կազմակերպման և իրականացման համար էական նշանակություն ունեցող հարցերի կապակցությամբ դիրքորոշում ներկայացնելու և ընթացակարգային այլ գործողությունների միջոցով վարչական մարմնի որոշման վրա ազդելու հնարավորությունից:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության կողմից Որոշումը կայացնելիս և վերանայելու արդյունքում այն հետագայում փոփոխելիս ամբողջությամբ չեն պահպանվել Օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված պահանջները, հետևաբար Որոշումն ընդունվել է Օրենքի խախտմամբ, ինչը բավարար էր Որոշումն անվավեր ճանաչելու համար, որպիսի իրավաչափ հետևության և հանգել է Վերաքննիչ դատարանը:

Նկատի ունենալով, որ 08.08.(2018) թվականի «Թիվ 02447793 կատարողական վարույթով ավագ հարկադիր կատարողի կողմից 16.07.2019թ. կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն ընդունվել է Որոշման մեջ տեղ գտած սխալը շտկելու նպատակով, իսկ Որոշումը ենթակա է անվավեր ճանաչման, հետևաբար անվավեր է նաև 08.08.(2018) թվականի «Թիվ 02447793 կատարողական վարույթով ավագ հարկադիր կատարողի կողմից 16.07.2019թ. կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը:

Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շարադրվածն արդեն բավարար է Որոշումն Օրենքի խախտմամբ ընդունված լինելու և այդ հիմքով անվավեր ճանաչման ենթակա լինելու մասին հետևության հանգելու համար:

Անդրադառնալով վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Գագիկ Կոստանյանին փորձագետ նշանակելու մասին չծանուցելու հետևանքով պարզ չէ, թե նրա որ իրավունքն է խախտվել, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` կատարողական վարույթի կողմերն են` պահանջատերը և պարտապանը (...):

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն մասնակցել կատարողական գործողություններին:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական գործողությունների ընթացքում ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար հարկադիր կատարողն իրավունք ունի նշանակել փորձագետ (փորձագետներ):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` փորձագետ նշանակելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` փորձագետի անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում պահանջատերը կամ պարտապանն իրավունք ունի բացարկ հայտնել:

Շարադրված նորմերի մեկնաբանությունից բխում է, որ օրենքով կատարողական վարույթի կողմերին ընձեռվել է վարույթի ընթացքում ձեռնարկվող կատարողական գործողություններին, որպիսին համարվում է նաև հատուկ գիտելիքներ պահանջող հարցեր պարզելու նպատակով փորձագետ նշանակելը, մասնակցելու իրավունք: Փորձագետ նշանակելու գործողությանը կատարողական վարույթի մասնակիցների մասնակցությունը կարևորվում է նաև փորձագետի անաչառությանն ու ձեռնհասությանը, ինչպես նաև նրա կողմից տրված եզրակացության իրավաչափությանը վստահելու տեսանկյունից, որի կապակցությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով պարտապանին և պահանջատիրոջն ընձեռվել է փորձագետին բացարկ հայտնելու իրավունքը:

Տվյալ դեպքում վարչական գործի, ինչպես նաև կատարողական վարույթի նյութերում առկա չէ Ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Կ. Մարտիրոսյանի 22.05.2018 թվականի «Ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին» որոշումը Գագիկ Կոստանյանին ուղարկված լինելու փաստը հաստատող ապացույց: Վերոգրյալի հետևանքով Գագիկ Կոստանյանն առնվազն զրկվել է փորձագետի անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում փորձագետին բացարկ հայտնելու իր իրավունքն իրացնելու հնարավորությունից:

i

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին կողմերին ծանուցելու` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հարկադիր կատարողի պարտականություն ունենալու վերաբերյալ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները համահունչ են միևնույն իրավանորմին Վերաքննիչ դատարանի կողմից տրված մեկնաբանություններին, ուստի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 30.03.2021 թվականի որոշումը բեկանելու համար, քանի որ Դատարանը 13.02.2020 թվականի վճռով հայցը բավարարելով, իսկ Վերաքննիչ դատարանն այդ վճիռն անփոփոխ թողնելով, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նկատի ունենալով, որ բողոքաբերը վճարել է վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը, իսկ վճռաբեկ բողոքը մերժվում է, և գործով առկա չեն գործի քննության հետ կապված այլ ծախսեր, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.03.2021 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ա. Մկրտչյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ5/0136/05/19 վարչական գործով 22.02.2022 թվականին

կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

22.02.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի փետրվարի 22-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.03.2021 թվականի որոշման դեմ` ըստ Գագիկ Կոստանյանի հայցի ընդդեմ Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնի, երրորդ անձ Նաիրա Ասատրյանի` վարչական ակտերն անվավեր ճանաչելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.03.2021 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Գագիկ Կոստանյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Է. Ղազարյանի 16.07.2019 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը և նույն բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, արդարադատության փոխգնդապետ Գ. Տեր-Ղազարյանի 08.08.(2018) թվականի «Թիվ 02447793 կատարողական վարույթով ավագ հարկադիր կատարողի կողմից 16.07.2019թ. կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը վերադասության կարգով վերանայելու և մասնակի փոփոխելու մասին» որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ռ. Մաքեյան) (այսուհետ` Դատարան) 13.02.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.03.2021 թվականի որոշմամբ Ծառայության և Նաիրա Ասատրյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 13.02.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ Էլմիրա Մեջլումյան):

Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր, և չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, նույն օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 14-րդ և 53-րդ հոդվածները, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 35.1-րդ հոդվածի 5-րդ մասը, սխալ է մեկնաբանել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/12638/05/17 և թիվ ՎԴ/0927/05/19 վարչական գործերով, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/0781/05/16 վարչական գործով եզրահանգել են, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ կիրառելի չէ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը, մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից սույն վարչական գործով 30.03.2021 թվականին կայացված որոշմամբ արձանագրվել է, որ նշված դրույթը կիրառելի է հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ:

Հետևաբար, ՀՀ վարչական դատարանի և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած վերոհիշյալ դատական ակտերով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից այդ նորմին տրված մեկնաբանությանը ակնհայտորեն հակասող մեկնաբանությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.03.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության, կամ փոփոխել այն` կայացնելով հայցը մերժելու մասին նոր դատական ակտ»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Թիվ ԵԱՔԴ/3555/02/16 քաղաքացիական գործով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 08.05.2018 թվականին տրված կատարողական թերթի համաձայն` նույն դատարանի կողմից վճռվել է Գագիկ Կոստանյանից հօգուտ Բալասան Կոստանյանի բռնագանձել 10.120.000 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար, 120.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար, ինչպես նաև Գագիկ Կոստանյանից հօգուտ Բալասան Կոստանյանի հաշվարկել և բռնագանձել տոկոսներ պարտավորության գումարի մնացորդի նկատմամբ, ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի` սկսած 11.10.2015 թվականից մինչև պարտքի լրիվ մարման օրը (հատոր 2-րդ, գ.թ. 121):

2. Թիվ ԵԱՔԴ/3555/02/16 քաղաքացիական գործով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 08.05.2018 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 02447793 կատարողական վարույթի շրջանակներում Ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Կ. Մարտիրոսյանի 22.05.2018 թվականի «Ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին» որոշմամբ նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Ամինտաս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Փորձագետին առաջադրվել է հետևյալ հարցը` որքան է կազմում ք. Երևան, Ա. Խաչատրյան փողոց, 17 շենք, թիվ 38 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը (հատոր 2-րդ, գ.թ. 125):

3. «Ամինտաս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 04.05.2019 թվականի թիվ Գ/Վ-ԵԴ02 եզրակացության համաձայն` Երևան քաղաք, Արաբկիր, Ա. Խաչատրյան փողոց, 17 շենք, թիվ 38 հասցեում գտնվող բնակարանի սեփականության իրավունքի շուկայական արժեքը առ 27.04.2019 թվականը կազմել է 24.700.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 103):

4. Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի ավագ հարկադիր կատարող Է. Ղազարյանի 16.07.2019 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշմամբ (այսուհետ` նաև Որոշում) Գագիկ Կոստանյանին սեփականության իրավունքով պատկանող` ք. Երևան, Արաբկիր համայնք, Ա. Խաչատրյան փողոց, 17 շենք, բնակարան 38 հասցեում գտնվող անշարժ գույքը ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի: Լոտի գնահատման գին նշված է 27.870.000 ՀՀ դրամ, իսկ մեկնարկային գին` 20.902.500 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 37):

5. Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետ Պ. Գրիգորյանի 16.07.2019 թվականի թիվ եբ13520/04 գրությամբ Գագիկ Կոստանյանին է ուղարկվել 16.07.2019 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը: Որոշումը նույն օրն ուղարկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետին` Գագիկ Կոստանյանին հանձնելու նպատակով:

Նշված գրությունով պարտապանը միաժամանակ տեղեկացվել է, որ գույքի աճուրդի գործընթացին, իրացվող գույքի մեկնարկային գնին, ինչպես նաև բոլոր փոփոխություններին և մանրամասներին կարող է ծանոթանալ հարկադիր էլեկտրոնային աճուրդի ինտերնետային կայքից (www.ajurd.am) (հատոր 1-ին, գ.թ. 98-99):

Գագիկ Կոստանյանը Որոշումը ստացել է 19.08.2019 թվականին (անվիճելի փաստ):

6. Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Գ. Տեր-Ղազարյանը վերադասության կարգով վերանայել է Որոշումը և 08.08.(2018) թվականի (ակնհայտորեն վրիպակ է) որոշմամբ դրա եզրափակիչ մասը մասնակի փոփոխել հետևյալ կերպ`

«(...) ք. Երևան, Արաբկիր համայնք, Ա. Խաչատրյան փողոցի 17 շենք, թիվ 38 հասցեում գտնվող անշարժ գույքի «Գնահատման գինը» մասում «27.870.000 ՀՀ դրամ»-ի փոխարեն գրառումը կարդալ «24.700.000 ՀՀ դրամ», իսկ «Մեկնարկային գինը» մասում «20.902.500 ՀՀ դրամ»-ի փոխարեն գրառումը կարդալ «18.525.000 ՀՀ դրամ»» (հատոր 1-ին, գ.թ. 38-39):

7. Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Գ. Տեր-Ղազարյանի 08.08.2019 թվականի թիվ Եբ15692/04 գրությամբ Գագիկ Կոստանյանին է ուղարկվել 08.08.(2018) թվականի «Թիվ 02447793 կատարողական վարույթով ավագ հարկադիր կատարողի կողմից 16.07.2019թ. կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը վերադասության կարգով վերանայելու և մասնակի փոփոխելու մասին» որոշումը:

Որոշումը նույն օրն ուղարկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետին` Գագիկ Կոստանյանին հանձնելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 107-108):

8. Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Է. Ղազարյանի 16.07.2019 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը և նույն բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, արդարադատության փոխգնդապետ Գ. Տեր-Ղազարյանի 08.08.(2018) թվականի «Թիվ 02447793 կատարողական վարույթով ավագ հարկադիր կատարողի կողմից 16.07.2019թ. կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը տեղադրվել են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (հատոր 1-ին, գ.թ. 83):

9. 13.09.2019 թվականին հարկադիր կատարող Էդգար Ղազարյանի և աճուրդում հաղթած Նաիրա Ասատրյանի միջև կազմվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին թիվ q02447793-19/01 արձանագրությունը, ըստ որի` թիվ 334613 լոտի վաճառքի գինը կազմել է 18.625.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 11):

10. Հայաստանի Հանրապետության` ի դեմս Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի ավագ հարկադիր կատարող Էդգար Ղազարյանի և Նաիրա Ասատրյանի միջև 23.09.2019 թվականին կնքվել է քաղաք Երևան, Արաբկիր, Ա, Խաչատրյան փողոց, 17 շենք, թիվ 38 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 14-15):

11. 30.09.2019 թվականին տրված թիվ 30092019-01-0028 վկայականի համաձայն` Երևան, Արաբկիր, Ա, Խաչատրյան փողոց, 17 շենք, թիվ 38 բնակարանի նկատմամբ գրանցվել է Նաիրա Ասատրյանի սեփականության իրավունքը: Գրանցման հիմք է հանդիսացել 23.09.2019 թվականի թիվ 7579 պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 40)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգում նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ ՀՀ վարչական դատարանի և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից այդ նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

Այս որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը` հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին կողմերին ծանուցելու` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հարկադիր կատարողի վրա դրված պարտականությունն արդյո՞ք գործում է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ, թե ոչ:

 

i

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` (...) օրենքը տարածվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների և հարկադիր աճուրդների վրա, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների:

i

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների իմաստը բացահայտող Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` հրապարակային սակարկությունները կամ սակարկություններն աճուրդի (մրցույթի) կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց են, որին կարող է մասնակցել նույն օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ, իսկ աճուրդը սակարկությունների ձև է, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին:

 

Նշվածից բխում է, որ աճուրդը պայմանագրերի կնքման գործընթաց է, որին կարող է մասնակցել Օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ, իսկ հաղթող ճանաչվել` առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:

Օրենքի «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը կրող 4-րդ գլխում ներառված են հարկադիր աճուրդի, այդ թվում նաև` հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգը սահմանող նորմերը:

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր է ճանաչվում այն աճուրդը, որն անցկացվում է կատարողական թերթին և նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկադիր աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ 3-րդ մասի համաձայն` հարկադիր աճուրդը կազմակերպում և անցկացնում է հարկադիր կատարողը:

Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` լոտն աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույքը կամ իրավունքն է, որն ունի համապատասխան նկարագրություն, նույն օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում` նաև մեկնարկային գին: Մեկնարկային գինը լոտի վաճառքի համար նախատեսված գինն է, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին:

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտում ընդգրկվող գույքի կազմը և քանակը սահմանում է հարկադիր կատարողը` գնահատելով լոտի արժեքը: Անշարժ գույքի, բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայի), մշակութային արժեքների և գնահատման առումով առավել բարդություն ներկայացնող գույքի գնահատումը կատարվում է հարկադիր կատարողի նշանակած գնահատողի միջոցով: Անշարժ գույքի գնահատումն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով, որոնց ընտրության կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկադիր աճուրդում վաճառվող լոտի մեկնարկային գինը սահմանվում է գնահատված լոտի գնի 75 տոկոսի չափով:

Նշված հոդվածների մեկնաբանությունից բխում է, որ կատարողական թերթին և նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան անցկացվող հարկադիր աճուրդով կարող է վաճառքի հանվել ցանկացած գույք և իրավունք, որը կունենա համապատասխան նկարագրություն, Օրենքով նախատեսված այլ տվյալներ և մեկնարկային, այսինքն` աճուրդի սկզբում դրա մասնակիցներին առաջարկվող գին: Ընդ որում, աճուրդի մասնակիցներին առաջարկվող մեկնարկային գինը սահմանում է հարկադիր կատարողը` Օրենքով սահմանված կարգով լոտը գնահատելու արդյունքում ստացված արժեքի 75 տոկոսի չափով:

Նախատեսելով լոտի մեկնարկային գինը սահմանելու կարգ և դրա նվազագույն արժեք` օրենսդիրը միաժամանակ թույլատրել է լոտի մեկնարկային ավելի բարձր գին առաջարկելու հնարավորություն: Մասնավորապես.

Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին հարկադիր կատարողը պատշաճ ծանուցում է պարտապանին և պահանջատիրոջը (պահանջատերերին)` նշելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու վերաբերյալ կողմի իրավունքի իրականացման կարգն ու ժամկետները: Եթե միևնույն պարտապանի գույքի նկատմամբ առկա են բռնագանձման վերաբերյալ երկու և ավելի կատարողական վարույթներ, ապա պատշաճ ծանուցումն ուղարկվում է տվյալ կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին: Պարտապանը և պահանջատերն (պահանջատերերը) իրավունք ունեն ծանուցումն իրենց ուղարկելու օրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացնելու գրավոր առաջարկություն` սահմանելով լոտի ավելի բարձր մեկնարկային գին:

Այդ դեպքում վաճառվող լոտի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը, եթե առաջարկություն ներկայացնողն իր առաջարկած գնի երեք տոկոսի չափով վճարում է կատարում հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ: Վճարի կատարման անդորրագիրը ներկայացվում է առաջարկությանը կից:

Եթե սահմանված ժամկետում առաջարկություն են ներկայացնում մեկից ավելի անձինք, ապա լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է:

Եթե նույն հոդվածով սահմանված ժամկետում և կարգով լոտի մեկնարկային գնի վերաբերյալ պարտապանը և պահանջատերը (պահանջատերերը) չեն ներկայացնում առաջարկություն, ապա աճուրդի մեկնարկային գին է համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գինը:

Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով լոտի մեկնարկային գինը որոշելուց հետո հարկադիր կատարողը առաջարկություն ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտման օրվան հաջորդող օրը, որոշում է ընդունում հարկադիր աճուրդի անցկացման մասին` նշելով աճուրդի ժամը, վայրը, ինչպես նաև լոտի մեկնարկային գինը, և նույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում կատարում է հրապարակային ծանուցում:

Շարադրված իրավանորմերի համակարգային մեկնաբանությունից բխում է, որ հարկադիր կատարողը կրում է լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով որոշված մեկնարկային գնի և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին պարտապանին և վերջինիս գույքի նկատմամբ տարբեր կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին ծանուցելու պարտականություն: Նշված ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում պարտապանն ու պարտատերերն իրավունք ունեն ներկայացնելու լոտի ավելի բարձր մեկնարկային գնի վերաբերյալ գրավոր առաջարկություն` դրան կցելով առաջարկվող այդ գնի երեք տոկոսի չափով վճարը հարկադիր կատարման բաժնի դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ վճարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Եթե առաջարկ ներկայացրած անձը պահպանել է վերը շարադրված պահանջը, ապա աճուրդի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը: Երկշաբաթյա ժամկետում մեկից ավելի անձանց կողմից առաջարկություն ներկայացված լինելու դեպքերում լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է: Եթե պարտապանն ու պարտատերերը սահմանված ժամկետում չեն ներկայացնում լոտի ավելի բարձր մեկնարկային գնի մասին գրավոր առաջարկություն, ապա մեկնարկային գինը մնում է անփոփոխ` լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով:

Այլ կերպ ասած` լոտի արժեքը գնահատելու և դրա 75 տոկոսի չափով մեկնարկային գին որոշելու գործողություններով սահմանվում է հարկադիր աճուրդի հանված լոտի նվազագույն այն արժեքը, որը կողմերի համար ուղենիշային է լոտի ավելի բարձր գին առաջարկելու իրենց իրավունքն իրացնելու նպատակահարմարությունը որոշելու հարցում, և որից ցածր մեկնարկային գին առաջարկվել չի կարող:

Լոտի մեկնարկային գին ներկայացնելու նպատակով սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտի հաջորդ օրը, երբ վերոշարադրյալ գործողությունների արդյունքում աճուրդի հանված լոտի մեկնարկային գինն արդեն սահմանվել է, հարկադիր կատարողը ընդունում է հարկադիր աճուրդի անցկացման մասին որոշում, որը պարունակում է նշում աճուրդի ժամի, վայրի, լոտի մեկնարկային գնի մասին: Նշված գործողությանը զուգահեռ հարկադիր կատարողն Օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված կարգով և ժամկետներում կատարում է նաև հրապարակային ծանուցում:

Օրենքի 35.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի (այսուհետ` համակարգ) կիրառմամբ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետ` կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է ծառայությունը` կատարողական թերթին, ինչպես նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Շարադրված իրավանորմում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից պարզ է, որ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով հատուկ էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ կազմակերպվող և անցկացվող աճուրդների հիմքը նույնպես կատարողական թերթն ու նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթն են: Ընդ որում, տվյալ դեպքում ևս աճուրդի կարող է հանվել ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունքներ, օրենքով նախատեսված բացառություններ չպարունակելու դեպքում: Տեխնիկական և էլեկտրոնային հատուկ համակարգերի և միջոցների կիրառումն ու դրանք ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի միջոցով իրականացվելու հանգամանքը հաշվի անելով` այդպիսի աճուրդները կոչվում են հարկադիր էլեկտրոնային աճուրդներ: Մինչդեռ դրանք հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման որոշակի առանձնահատկություններ ունեցող տարատեսակ են:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված են նորմատիվ իրավական ակտի մեկնաբանման կանոնները, ըստ որի` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Վճռաբեկ դատարանի իրավական այն դիրքորոշումը, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը հարկադիր աճուրդի տարատեսակ է և ներառվում է դրանում, բխում է ոչ միայն Օրենքի 35.1-րդ հոդվածում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությունից, այլև Օրենքի «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը կրող 4-րդ գլխի կարգավորման համատեքստից, որում համապատասխանաբար ներառված է նշված հոդվածը:

Մասնավորապես, Օրենքի 4-րդ գլուխը կրում է «Հարկադիր աճուրդներ» վերտառությունը և դրանում ներառված իրավանորմերը կարգավորում են հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված իրավահարաբերությունները: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված իրավանորմերը ևս ներառված են այդ գլխում (տե՛ս Օրենքի 35.1-35.4-րդ հոդվածները): Ունենալով հարկադիր աճուրդների կազմակերպման և անցկացման կարգը սահմանող նորմերը համակարգելու և բովանդակությամբ համասեռ հոդվածները մեկ գլխի ներքո միավորելու նպատակ` օրենսդիրը դրանք ներառել է «Հարկադիր աճուրդներ» վերտառությամբ գլխում: Ավելին` էլեկտրոնային աճուրդն իր անվան մեջ ինքնին պարունակում է «հարկադիր» եզրույթը, նույնանում են հարկադիր աճուրդի և հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման փաստական հիմքերը, ինչպես նաև լոտի առարկաները:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման որոշակի առանձնահատկություններով օժտված տեսակ է, և այդ առանձնահատկությունների հաշվառմամբ էլ դրա իրականացման կարգն ու պայմանները սահմանված են առանձին հոդվածով:

Անդրադառնալով հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառելիության հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով լոտի գնահատում իրականացնելու կանոնների` հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ կիրառելի լինելու պահանջն ուղղակիորեն ամրագրված է նույն Օրենքի 35.1-րդ հոդվածի 5-րդ մասով:

Վերևում արդեն մանրամասն շարադրվել է հարկադիր աճուրդների անցկացման դեպքում լոտի մեկնարկային գինը որոշելու և սահմանելու ընթացակարգը, որից պարզ է, որ Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունների կատարումը դեռևս բավարար չէ լոտի մեկնարկային գինը որոշված համարելու համար: Այն ներկայացնում է մեկը մյուսի հետ փոխկապակցված, որոշակի հաջորդականություն պահանջող գործողությունների համալիր: Լոտը գնահատելու և մեկնարկային գինը սահմանելու` Օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված գործողություններն իրարից անջատ գնահատելու դեպքում խեղաթյուրվում է այդ նորմով օրենսդրի հետապնդած նպատակը: Իրավանորմերի նման նեղ մեկնաբանության դեպքում ստացվում է մի իրավիճակ, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների դեպքում լոտի մեկնարկային գինը սահմանելու հարցում հարկադիր կատարողի պարտականությունները սահմանափակվում են լոտի արժեքը գնահատելու և դրա մեկնարկային գինը գնահատված գնի 75 տոկոսի չափով սահմանելու գործողություններով: Մինչդեռ Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործողությունների արդյունքում ընդամենը սահմանվում է աճուրդի դրված լոտի մեկնարկային նվազագույն գինը` կողմերի համար որոշակի դարձնելով գնային այն շեմը, որից ավելի բարձր գին իրենք կարող են առաջարկել: Օրենքի 35.1-րդ հոդվածի 5-րդ մասը նեղ մեկնաբանելու և հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ Օրենքի 30-րդ հոդվածի միայն 1-ին և 2-րդ մասերը կիրառելի համարելու պայմաններում կստացվի, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ հարկադիր կատարողը չի կրում նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշում ընդունելու պարտականություն, քանի որ վերջինիս համար այդպիսի պարտականություն սահմանված է Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնց Օրենքի 35.1-րդ հոդվածում ուղիղ հղում արված չէ: Սակայն հարկադիր կատարողը պարտավոր է ոչ միայն հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու մասին որոշում ընդունել` Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, այլև Օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` որոշման մասին պատշաճ ծանուցել պարտապանին և պահանջատիրոջը, և սահմանված ժամկետում և կարգով կատարել հրապարակային ծանուցում: Հարկ է նշել, որ վկայակոչված` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա լինելու դեպքում գույքի վերաբերյալ որոշումն ընդունելու ժամկետների վերաբերյալ կանոն, այն է` պարտապանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացման ենթակա լինելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը կայացվում է գույքի գնահատումից հետո` եռօրյա ժամկետում:

Շարադրվածից բխում է, որ Օրենքի 30-րդ հոդվածն ամբողջացնում է 35.1-րդ հոդվածը` դրանում սահմանված ընդհանուր կանոններով կարգավորելով նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման կարգը:

Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը, լինելով հարկադիր աճուրդի տեսակ, հատուկ կանոններով չկարգավորվելու կամ ընդհանուր կանոնից բացառություն չնախատեսելու դեպքերում կարգավորվում է հարկադիր աճուրդի իրականացման և կազմակերպման կարգը սահմանող ընդհանուր կանոններով, քանի որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի հանված լոտը գնահատելու և մեկնարկային գին որոշելու հատուկ կանոններ նախատեսված չեն, իսկ այդ հարցերը կարգավորող իրավանորմերից որևէ բացառություն նախատեսված չէ հարկադիր էլեկտրոնային աճուրդի համար: Հետևաբար` Օրենքի 30-րդ հոդվածով սահմանված գործողությունները` տրամաբանական հաջորդականությամբ, կիրառելի են նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդների դեպքում ևս հարկադիր կատարողը կրում է լոտի մեկնարկային գնի և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին պարտապանին և վերջինիս գույքի նկատմամբ տարբեր կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին ծանուցելու պարտականություն: Նշված պարտականության կատարմանը հաջորդող որոշակի գործողությունների արդյունքում սահմանվում է լոտի մեկնարկային գինը, որից հետո եռօրյա ժամկետում ընդունվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին որոշումը և ծանուցումը հրապարակվում է հրապարակային ծանուցումների կայքում:

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնում հարուցված թիվ 02447793 կատարողական վարույթի շրջանակներում պարտապան Գագիկ Կոստանյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Ա. Խաչատրյան փողոցի 17 շենքի բնակարան 38 հասցեում գտնվող անշարժ գույքը (այսուհետ նաև` Անշարժ գույք) ներկայացվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի: Ի կատարումն Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 35.1-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջների` իրականացվել է Անշարժ գույքի գնահատում` հարկադիր կատարող Կ. Մարտիրոսյանի նշանակած գնահատողի` «Ամինտաս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցով: Անշարժ գույքի շուկայական արժեքն առ 27.04.2019 թվականը կազմել է 24.700.000 ՀՀ դրամ` համաձայն 04.05.2019 թվականի թիվ Գ/Վ-ԵԴ02 եզրակացության:

Հիմք ընդունելով Անշարժ գույքի` 24.700.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունենալու հանգամանքը և առաջնորդվելով լոտի մեկնարկային գինը դրա գնահատված գնի 75 տոկոսի չափով սահմանելու օրենսդրական պահանջով` Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող, արդարադատության մայոր Է. Ղազարյանը 16.07.2019 թվականին ընդունել է «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշում և լոտի մեկնարկային գին սահմանել 20.902.500 ՀՀ դրամը:

Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետ Պ. Գրիգորյանի 16.07.2019 թվականի թիվ եբ13520/04 գրությամբ Որոշումն ուղարկվել է Գագիկ Կոստանյանին և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետին` Գագիկ Կոստանյանին հանձնելու նպատակով:

Նշված գրությունով պարտապանը միաժամանակ տեղեկացվել է, որ գույքի աճուրդի գործընթացին, իրացվող գույքի մեկնարկային գնին, ինչպես նաև բոլոր փոփոխություններին և մանրամասներին կարող է ծանոթանալ հարկադիր էլեկտրոնային աճուրդի ինտերնետային կայքից (www.ajurd.am): Գագիկ Կոստանյանը Որոշումը ստացել է 19.08.2019 թվականին (անվիճելի փաստ):

Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Գ. Տեր-Ղազարյանը վերադասության կարգով վերանայել է Որոշումը և 08.08.(2018) թվականի որոշմամբ դրա եզրափակիչ մասը մասնակի փոփոխել հետևյալ կերպ` «(...) ք. Երևան, Արաբկիր համայնք, Ա. Խաչատրյան փողոցի 17 շենք, թիվ 38 հասցեում գտնվող անշարժ գույքի «Գնահատման գինը» մասում «27.870.000 ՀՀ դրամ»-ի փոխարեն գրառումը կարդալ «24.700.000 ՀՀ դրամ», իսկ «Մեկնարկային գինը» մասում «20.902.500 ՀՀ դրամ»-ի փոխարեն գրառումը կարդալ «18.525.000 ՀՀ դրամ»»:

Ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Գ. Տեր-Ղազարյանի 08.08.2019 թվականի թիվ Եբ15692/04 գրությամբ 08.08.(2018) թվականի «Թիվ 02447793 կատարողական վարույթով ավագ հարկադիր կատարողի կողմից 16.07.2019թ. կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը վերադասության կարգով վերանայելու և մասնակի փոփոխելու մասին» որոշումն ուղարկվել է Գագիկ Կոստանյանին և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետին` Գագիկ Կոստանյանին հանձնելու նպատակով:

Նշված որոշումները տեղադրվել են նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Շարադրվածից բխում է, որ Անշարժ գույքի, որպես հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառքի ներկայացված լոտի, մեկնարկային գինը որոշելու և սահմանելու` Օրենքի 30-րդ և 35.1-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները Ծառայության կողմից կատարվել են ոչ ամբողջությամբ: Ծառայությունը ոչ իրավաչափորեն ձեռնպահ է մնացել լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով որոշված մեկնարկային գնի և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին թիվ 02447793 կատարողական վարույթի պարտապան Գագիկ Կոստանյանին և բոլոր պահանջատերերին ծանուցելու, ավելի բարձր գնի մասին գրավոր առաջարկ ստանալու դեպքում սահմանված ընթացակարգն ու ժամկետները պահպանելու պարտականության կատարումից: Ընդ որում, նշված պարտականությունը չի կատարվել ո՛չ Որոշումը Գագիկ Կոստանյանին ուղարկելիս, ո՛չ էլ այդ Որոշումը վերանայելու և փոփոխելու արդյունքում 08.08.(2018) թվականին կայացված և լոտի մեկնարկային այլ գին սահմանելու մասին որոշումն ուղարկելիս: Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց, հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին կողմերին ծանուցելու` Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հարկադիր կատարողի վրա դրված պարտականությունը գործում է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների ժամանակ:

Արդյունքում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Անշարժ գույքի մեկնարկային գնի և դրանից ավելի բարձր գին սահմանելու ընթացակարգի վերաբերյալ պարտապան Գագիկ Կոստանյանին և բոլոր պարտատերերին ծանուցելու պարտականությունը չկատարելու հետևանքով վերջիններս զրկվել են լոտի մեկնարկային գնի մասին իրազեկվելու, ինչպես նաև լոտի մեկնարկային ավելի բարձր գին առաջարկելու` Օրենքով երաշխավորված իրավունքն իրացնելու հնարավորությունից: Անշարժ գույքի, որպես աճուրդի հանված լոտի, մեկնարկային գինը հարկադիր կատարողի կողմից սահմանվել է Օրենքով թույլատրված դրա նվազագույն արժեքի չափով, իսկ կատարողական վարույթի կողմերին չի ընձեռվել Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված թույլատրելի գործողությունները կատարելու միջոցով լոտի մեկնարկային գինը որոշելու գործընթացին մասնակից դառնալու հնարավորություն:

Փաստորեն` Որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի շրջանակներում պարտապան Գագիկ Կոստանյանին լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր գին առաջարկելու իր իրավունքի մասին չծանուցելու հետևանքով վերջինս ոչ իրավաչափ կերպով զրկվել է աճուրդի կազմակերպման և իրականացման համար էական նշանակություն ունեցող հարցերի կապակցությամբ դիրքորոշում ներկայացնելու և ընթացակարգային այլ գործողությունների միջոցով վարչական մարմնի որոշման վրա ազդելու հնարավորությունից:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության կողմից Որոշումը կայացնելիս և վերանայելու արդյունքում այն հետագայում փոփոխելիս ամբողջությամբ չեն պահպանվել Օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված պահանջները, հետևաբար Որոշումն ընդունվել է Օրենքի խախտմամբ, ինչը բավարար էր Որոշումն անվավեր ճանաչելու համար, որպիսի իրավաչափ հետևության և հանգել է Վերաքննիչ դատարանը:

Նկատի ունենալով, որ 08.08.(2018) թվականի «Թիվ 02447793 կատարողական վարույթով ավագ հարկադիր կատարողի կողմից 16.07.2019թ. կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն ընդունվել է Որոշման մեջ տեղ գտած սխալը շտկելու նպատակով, իսկ Որոշումը ենթակա է անվավեր ճանաչման, հետևաբար անվավեր է նաև 08.08.(2018) թվականի «Թիվ 02447793 կատարողական վարույթով ավագ հարկադիր կատարողի կողմից 16.07.2019թ. կայացված «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը:

Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շարադրվածն արդեն բավարար է Որոշումն Օրենքի խախտմամբ ընդունված լինելու և այդ հիմքով անվավեր ճանաչման ենթակա լինելու մասին հետևության հանգելու համար:

Անդրադառնալով վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Գագիկ Կոստանյանին փորձագետ նշանակելու մասին չծանուցելու հետևանքով պարզ չէ, թե նրա որ իրավունքն է խախտվել, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` կատարողական վարույթի կողմերն են` պահանջատերը և պարտապանը (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն մասնակցել կատարողական գործողություններին:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական գործողությունների ընթացքում ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար հարկադիր կատարողն իրավունք ունի նշանակել փորձագետ (փորձագետներ):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` փորձագետ նշանակելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` փորձագետի անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում պահանջատերը կամ պարտապանն իրավունք ունի բացարկ հայտնել:

Շարադրված նորմերի մեկնաբանությունից բխում է, որ օրենքով կատարողական վարույթի կողմերին ընձեռվել է վարույթի ընթացքում ձեռնարկվող կատարողական գործողություններին, որպիսին համարվում է նաև հատուկ գիտելիքներ պահանջող հարցեր պարզելու նպատակով փորձագետ նշանակելը, մասնակցելու իրավունք: Փորձագետ նշանակելու գործողությանը կատարողական վարույթի մասնակիցների մասնակցությունը կարևորվում է նաև փորձագետի անաչառությանն ու ձեռնհասությանը, ինչպես նաև նրա կողմից տրված եզրակացության իրավաչափությանը վստահելու տեսանկյունից, որի կապակցությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով պարտապանին և պահանջատիրոջն ընձեռվել է փորձագետին բացարկ հայտնելու իրավունքը:

Տվյալ դեպքում վարչական գործի, ինչպես նաև կատարողական վարույթի նյութերում առկա չէ Ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Կ. Մարտիրոսյանի 22.05.2018 թվականի «Ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին» որոշումը Գագիկ Կոստանյանին ուղարկված լինելու փաստը հաստատող ապացույց: Վերոգրյալի հետևանքով Գագիկ Կոստանյանն առնվազն զրկվել է փորձագետի անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում փորձագետին բացարկ հայտնելու իր իրավունքն իրացնելու հնարավորությունից:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հարկադիր աճուրդում վաճառքի ենթակա լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին կողմերին ծանուցելու` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հարկադիր կատարողի պարտականություն ունենալու վերաբերյալ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները համահունչ են միևնույն իրավանորմին Վերաքննիչ դատարանի կողմից տրված մեկնաբանություններին, ուստի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 30.03.2021 թվականի որոշումը բեկանելու համար, քանի որ Դատարանը 13.02.2020 թվականի վճռով հայցը բավարարելով, իսկ Վերաքննիչ դատարանն այդ վճիռն անփոփոխ թողնելով, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր»:

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Այսպես`

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով` գտնելով, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի միատեսակ կիրառության համար այն առումով, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտում նշված նորմը ստորադաս դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի համեմատ, կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:

Նախ ցանկանում եմ կարծիք հայտնել այն մասին, որ նշված հիմքով բողոքը վարույթ ընդունելու դեպքերում Վճռաբեկ դատարանն իր կողմից կայացվելիք դատական ակտում պարտավոր էր պատճառաբանական մասում վկայակոչել ինչպես համապատասխան ստորադաս դատարանները, վերջիններիս կողմից նույնանման փաստական հանգամանքներով կայացված դատական ակտերի ամսաթվերը և գործի համարները, այնպես էլ համեմատական վերլուծություն կատարել Վերաքննիչ դատարանի դատական ակտի և այդ ստորադաս դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի միջև` մեջբերելով դրանց հակասող մասերը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի որոշումը վերը նշվածների վերաբերյալ որևէ նշում չի պարունակում, որը համարում եմ անթույլատրելի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքից չբխող, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը պարտավոր էր իր որոշման մեջ նշել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համապատասխան հիմքի առկայության մասին հիմնավորումը:

Այնուամենայնիվ վերոգրյալից բացի, ցանկանում եմ կարծիք հայտնել նաև Վճռաբեկ դատարանի այն շարժառիթների վերաբերյալ, որոնք հիմք են հանդիսացել վճռաբեկ բողոքը մերժելու և Վերաքննիչ դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու համար: Այսպես`

Վճռաբեկ դատարանը, դիրքորոշում հայտնելով այն մասին, որ «հարկադիր աճուրդում հարկադիր կատարողը կրում է լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով որոշված մեկնարկային գնի և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի ու ժամկետների մասին պարտապանին և վերջինիս գույքի նկատմամբ տարբեր կատարողական վարույթներով հանդես եկող բոլոր պահանջատերերին ծանուցելու պարտականություն», «հարկադիր էլեկտրոնային աճուրդը, լինելով հարկադիր աճուրդի տեսակ, հատուկ կանոններով չկարգավորվելու կամ ընդհանուր կանոնից բացառություն չնախատեսելու դեպքերում կարգավորվում է հարկադիր աճուրդի իրականացման և կազմակերպման կարգը սահմանող ընդհանուր կանոններով, քանի որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի հանված լոտը գնահատելու և մեկնարկային գին որոշելու հատուկ կանոններ նախատեսված չեն, իսկ այդ հարցերը կարգավորող իրավանորմերից որևէ բացառություն նախատեսված չէ հարկադիր էլեկտրոնային աճուրդի համար: Հետևաբար` Օրենքի 30-րդ հոդվածով սահմանված գործողությունները` տրամաբանական հաջորդականությամբ, կիրառելի են նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների նկատմամբ», եզրահանգել է, որ «Անշարժ գույքի, որպես հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառքի ներկայացված լոտի, մեկնարկային գինը որոշելու և սահմանելու` Օրենքի 30-րդ և 35.1-րդ հոդվածներով նախատեսված գործողությունները Ծառայության կողմից կատարվել են ոչ ամբողջությամբ: Ծառայությունը ոչ իրավաչափորեն ձեռնպահ է մնացել լոտի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով որոշված մեկնարկային գնի և այդ գնից ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կարգի և ժամկետների մասին թիվ 02447793 կատարողական վարույթի պարտապան Գագիկ Կոստանյանին և բոլոր պահանջատերերին ծանուցելու, ավելի բարձր գնի մասին գրավոր առաջարկ ստանալու դեպքում սահմանված ընթացակարգն ու ժամկետները պահպանելու պարտականության կատարումից», «Որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթի շրջանակներում պարտապան Գագիկ Կոստանյանին լոտի մեկնարկային գնի և ավելի բարձր գին առաջարկելու իր իրավունքի մասին չծանուցելու հետևանքով վերջինս ոչ իրավաչափ կերպով զրկվել է աճուրդի կազմակերպման և իրականացման համար էական նշանակություն ունեցող հարցերի կապակցությամբ դիրքորոշում ներկայացնելու և ընթացակարգային այլ գործողությունների միջոցով վարչական մարմնի որոշման վրա ազդելու հնարավորությունից»:

Կարծում եմ, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդ իրականացնելիս հարկադիր կատարողը չունի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին նրան ծանուցելու պարտականություն հետևյալ պատճառաբանությամբ.

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է այն տեղեկությունների սպառիչ ցանկը, որոնք հարկադիր կատարողը պարտավոր է ներառել կայքում հրապարակվող հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ: Նշված կարգավորման համաձայն` հարկադիր կատարողն ունի այդ ծանուցման մեջ վերը նշվածներից միայն նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված` լոտի մեկնարկային գնի մասին տեղեկությունը ներառելու պարտականություն. ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու կողմի իրավունքի իրականացման կարգի և ժամկետների մասին տեղեկություն ներառելու պարտականություն հարկադիր կատարողը, ի տարբերություն հարկադիր աճուրդի դեպքերի, չունի: Նման պայմաններում կարծում եմ, որ այդ առումով հարկադիր կատարողին չի կարող վերագրվել նման խախտում թույլ տալը:

Ավելին` «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 35.3-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից բխում է, որ օրենսդիրը սահմանել է հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու սպառիչ հիմքեր` նշելով, որ դատարանը կարող է շահագրգիռ անձի պահանջով հարկադիր էլեկտրոնային աճուրդը ճանաչել անվավեր միայն այն դեպքում, երբ այն անց է կացվել նույն օրենքի 35.1-րդ և 35.2-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ: Տվյալ դեպքում «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվող լոտի գնահատումն իրականացվում է նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով. նշված դրույթը որևէ հղում չի պարունակում «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասին, որից հետևում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը` իրացվող լոտի գնահատման առումով, կարող է անվավեր ճանաչվել բացառապես այն հիմքով, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվող լոտի գնահատումն իրականացվել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի հենց 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգի խախտմամբ. օրենսդիրը հարկադիր էլեկտրոնային աճուրդն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոնների խախտմամբ իրականացված լինելն անգամ չի դիտում որպես աճուրդն անվավեր ճանաչելու ինքնուրույն հիմք:

Վերոգրյալից բխում է, որ եթե, օրինակ, հարկադիր կատարողը պարտապանին և պահանջատիրոջը (պահանջատերերին) պատշաճ չի ծանուցել աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին, կամ չի նշել լոտի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու վերաբերյալ կողմի իրավունքի իրականացման կարգն ու ժամկետները, կամ չի պահպանել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասում նշված մնացած պայմանները, ապա այդ հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու համար, քանի որ, ինչպես արդեն իսկ նշեցի վերը, օրենսդիրը որպես այդպիսի հիմքեր նախատեսել է բացառապես նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջների խախտումը: Միևնույն ժամանակ անհրաժեշտ եմ համարում նշել, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի դեպքում պարտապանը և պահանջատերը (պահանջատերերը)` «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.2-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ունեն ինչպես նոր գնային հայտ ներկայացնելու, այնպես էլ լոտի մեկնարկային գնի նվազագույն հավելումներ կատարելու իրավունքներ, որոնցից կարող են անմիջականորեն օգտվել հարկադիր էլեկտրոնային աճուրդի դեպքում:

Նման պայմաններում կարծում եմ, որ այդ առումով հարկադիր կատարողին չի կարող վերագրվել վերը նշված խախտումները թույլ տալը, որի պայմաններում վերը նշված շարժառիթները չէին կարող հիմք հանդիսանալ վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու համար:

 

    Դատավոր                                Գ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 22 փետրվարի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.02.2022
N ՎԴ5/0136/05/19
Որոշում