Սեղմել Esc փակելու համար:
«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2598/02/11

    դատարանի որոշում                                             2012 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2598/02/11

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Տ. Սահակյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

 

    մասնակցությամբ դատավորներ                 Գ. Հակոբյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչներ Արա Զոհրաբյանի և Մանե Կարապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2012 թվականի որոշման դեմ` ըստ Կրոմվել Գրիգորյանի հայցի ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ)` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կրոմվել Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել Պալատի խորհրդի 28.07.2011 թվականի թիվ 15/11 որոշումը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա.Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 15.03.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.07.2012 թվականի որոշմամբ Պալատի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.03.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Պալատի ներկայացուցիչները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.3-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ փաստաբանի կողմից իրավական օգնություն ցույց տալու գործողությունը ծառայության մատուցում է, իսկ օրենսդիրը ծառայության մատուցում է համարել պատվիրատուի օգտին որոշակի գործողություններ կատարելը, որի դեպքում փաստաբանի կողմից «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի շրջանակներում վստահորդի օգտին իրականացվող ցանկացած գործողություն համարվում է ծառայության մատուցում, այն չի ավարտվում ծառայությունն սկսելու պահից, շարունակական գործընթաց է, վաղեմության հաշվարկի սկիզբ է համարել իրավաբանական օգնություն ցույց տալու սկզբնական պահը: Այսինքն` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի արգելքը գործում է իրավաբանական օգնություն ցույց տալու յուրաքանչյուր դրսևորման ժամանակ և ցանկացած դրսևորում ինքնին պետք է խախտման հիմք որակվի:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունից հետևում է, որ եթե փաստաբանը վստահորդից լիազորագիր ստանալու պահին և հետագայում հայցադիմում ներկայացնելու պահին ուներ տվյալ վստահորդին իրավաբանական օգնություն ցույց տալու իրավունք, սակայն հետագայում, օրինակ` լիազորագիրը ստանալուց մեկ տարի անց, նա այդ իրավունքից զրկվում է և շարունակում է իրավաբանական օգնությունը ցույց տալ օրենքի պահանջների խախտմամբ, ապա նրա նկատմամբ Պալատը որևէ սանկցիա կիրառել չի կարող, քանի որ անկախ իր կամքից բաց է թողել վաղեմության ժամկետը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 04.07.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ Էջմիածնի շրջանի ժողդատարանի 25.06.1997 թվականի թիվ 2-273 վճռի համաձայն` Գարեգին Շահվերդյանից հօգուտ Վաղարշակ Մանուկյանի պետք է բռնագանձվեր 16.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ հօգուտ ՀՀ պետական բյուջեի` 158.400 ՀՀ դրամ (հատոր 1, գ.թ. 88).

2) Կրոմվել Գրիգորյանը, հանդիսանալով ՀՀ Էջմիածնի շրջանի ժողդատարանի դատական տեսուչ, 06.10.1997 թվականին կազմել է աճուրդը չկայացած հայտարարելու վերաբերյալ ակտ` դրանում նշելով, որ վերը նշված վճռի հիման վրա բռնագանձվելիք «պարտքի դիմաց վերգրվել և կալանադրվել է պարտապանի Մերձավան գյուղի Այգեգործների փողոցում գտնվող թիվ 2 սեփական տունն իր տնամերձ հողամասով: Ս/թ-ի հոկտեմբերի 6-ին նշանակվել է հրապարակային աճուրդ: Աճուրդին ներկայացավ միայն մեկ գնորդ:...Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի 1-ին կետի` հրապարակային աճուրդը հայտարարեցի չկայացած: Սույն ակտը կազմեցի ներկայացնելով ժողդատավորի հաստատմանը» (հատոր 1, գ.թ. 28).

3) Պալատի խորհուրդը, քննության առնելով փաստաբան Կրոմվել Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Գարեգին Շահվերդյանի դիմումը, 28.07.2011 թվականին կայացրել է թիվ 15/11 որոշումը` փաստաբան Կրոմվել Գրիգորյանին «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջը խախտելու համար մեղավոր ճանաչելու և նրա նկատմամբ նկատողության ձևով տույժ նշանակելու մասին` նշված որոշման հիմքում դնելով նաև այն, որ Կրոմվել Գրիգորյանը, 1997 թվականին լինելով դատական տեսուչ, հանդիսացել է պաշտոնատար անձ, որն իրավասու է եղել վերը նշված վճիռը կատարելու ժամանակ ընդունելու ինչպես Գարեգին Շահվերդյանի, այնպես էլ Վաղարշակ Մանուկյանի շահերից բխող որոշումներ, մինչդեռ որպես փաստաբան հետագայում Վաղարշակ Մանուկյանին իրավաբանական օգնություն է ցույց տվել ինչպես ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան 13.12.2007 թվականին հարուցված հայցի, այնպես էլ ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ4/0015/05/10 վարչական գործի կապակցությամբ (հատոր 1, գ.թ. 8-10).

4) թիվ ՎԴ4/0015/05/10 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կողմից 12.10.2010 թվականին կայացված վճռի նկարագրական մասից հետևում է, որ նշված գործով Վաղարշակ Մանուկյանը հանդիսացել է երրորդ անձ, իսկ վերջինիս ներկայացուցիչն էր փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, ով 07.04.2010 թվականին միջնորդություն է հարուցել նույն դատարան` հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին (հատոր 1, գ.թ. 31).

5) ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի թիվ 11 նիստի 01.06.2011 թվականի թիվ 11/9-Ա որոշմամբ փաստաբան Կրոմվել Գրիգորյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ (հատոր 1, գ.թ 76):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը բողոքում բարձրացված հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել հետևյալ իրավական հարցերը`

1. Փաստաբանական գործունեության բնույթը

2. Իրավաբանական օգնության արգելքը

3. Փաստաբանի կարգապահական պատասխանատվության առանձնահատկությունները

 

1. Փաստաբանական գործունեության բնույթը

 

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը` օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:

Նույն օրենքի 2-րդ մասի համաձայն` փաստաբանը կարող է իրականացնել հետևյալ գործունեությունը`

1) խորհրդատվություն, ներառյալ` վստահորդներին խորհրդատվություն տրամադրելը նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը (այսուհետ` խորհրդատվություն).

2) ներկայացուցչություն, ներառյալ` ներկայացուցչությունը դատարանում (այսուհետ` դատական ներկայացուցչություն).

3) քրեական գործերով պաշտպանություն.

4) օրենքով նախատեսված դեպքում և կարգով վկային իրավաբանական օգնություն ցույց տալը:

Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքների (ընդունվել են հանցագործությունների կանխմանը և իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված ՄԱԿ-ի ութերորդ կոնգրեսի կողմից, ուժի մեջ է մտել 07.09.1990 թվականին) 13-րդ կետի համաձայն` իրենց հաճախորդների նկատմամբ իրավաբանները կատարում են հետևյալ գործառույթները.

ա) խորհրդատվություն հաճախորդներին` նրանց իրավաբանական համակարգի աշխատանքի վերաբերյալ այն չափով, որքանով դա վերաբերում է հաճախորդների իրավաբանական իրավունքներին ու պարտականություններին.

բ) մատչելի բոլոր միջոցներով հաճախորդներին օգնություն ցույց տալը և նրանց շահերը պաշտպանելու համար օրենսդրական միջոցներ ձեռնարկելը.

գ) անհրաժեշտության դեպքում հաճախորդներին օգնություն ցույց տալը դատարաններում, տրիբունալներում կամ վարչական մարմիններում:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեություն է, դրսևորվում է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմամբ ու պաշտպանությամբ` օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փաստաբանական գործունեությունը` որպես վստահորդի և փաստաբանի միջև ծագած իրավահարաբերություն, ներառում է տարբեր գործողություններ` սկսած խորհրդատվությունից, ներառյալ ներկայացուցչությունը, պաշտպանությունը քրեական գործերով, օրենքով նախատեսված դեպքում և կարգով վկային իրավաբանական օգնություն ցույց տալը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ իրավաբանական օգնության իրավահարաբերությունը ծագում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործողություններից մեկը կատարելու պահից, ներառյալ, երբ փաստաբանն օգտվում է իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով կամ այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներից, կատարում իր պարտականությունները: Ընդ որում, կախված փաստաբանի և վստահորդի միջև առաջացած իրավահարաբերության բնույթից, իրավաբանական օգնությունը կարող է մի դեպքում սահմանափակվել օրենքում նշված գործողություններից մեկով կամ ներառել դրանցում նշված տարբեր գործողություններ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում իրավաբանական օգնության բնույթը և շրջանակները պարզելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաստաբանի և վստահորդի միջև ծագած իրավահարաբերության քաղաքացիաիրավական հիմքին, քանի որ փաստաբանի կողմից անձին իրավաբանական օգնություն ցուցաբերվում է համապատասխան պայմանագրի կամ այլ իրավաբանական փաստի հիման վրա: Ընդ որում, նշված դեպքերում նախատեսվում են իրավաբանական օգնության ձևերը և շրջանակները, որոնք փաստաբանը պետք է ցույց տա կոնկրետ անձին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ փաստաբանի կողմից անձին իրավաբանական օգնություն ցույց տալու բնույթը, դրանում ներառվող գործողությունների շրջանակները և իրավաբանական օգնության ժամանակահատվածը կարող է պարզվել կողմերի միջև իրավահարաբերության առաջացման հիմք համարվող իրավաբանական փաստերի կամ կատարված փաստացի գործողությունների ուսումնասիրության արդյունքում (պայմանագիր, լիազորագիր և այլն):

 

2. Իրավաբանական օգնության արգելքը

 

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը, փաստաբանի համար նախատեսելով իրավաբանական օգնություն ցույց տալու համար համապատասխան երաշխիքներ, սահմանելով նրա հիմնական իրավունքները և պարտականությունները, նախատեսել է վերջինիս կողմից իրավաբանական օգնություն ցույց տալու և իր իրավունքների իրականացման որոշակի առանձնահատկություններ և սահմանափակումներ, որոնք ուղղված են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված փաստաբանության սկզբունքների, մասնավորապես անկախության և օրինապահության սկզբունքների ապահովմանը:

Այդ նպատակով օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված է, որ փաստաբանն իրավունք չունի իրավաբանական օգնություն ցույց տալու այն դեպքում, երբ

1) առկա է հակասություն նույն հարցով իր կամ իր վստահորդների շահերի միջև.

2) տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատող, փորձագետ, տուժող կամ վկա, ինչպես նաև եթե նա հանդիսացել է պաշտոնատար անձ, որի իրավասության մեջ էր մտնում տվյալ անձի շահերից բխող որոշման ընդունումը.

3) ազգակցական, անձնական կամ կախյալ հարաբերությունների մեջ է գտնվում այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցել կամ մասնակցում է տվյալ անձի գործի քննությանը.

4) պետք է ներկայացնի վստահորդի շահերը որևէ գործում, և այդ անձի շահերը հակասում են նախկին վստահորդի շահերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նախկին վստահորդը տալիս է իր գրավոր համաձայնությունը:

Վերոնշյալ հոդվածի վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենքով նախատեսված սահմանափակումն ուղղված է շահերի բախման դեպքում իրավաբանական օգնության արգելքին, ինչն իր հերթին կոչված է երաշխավորելու փաստաբանի կողմից իրավաբանական օգնություն ցույց տալու ժամանակ լիակատար անկախությունը` այդ թվում տարբեր շահերից, որոնք կարող են ազդել վերջինիս կողմից անձին իրավաբանական օգնություն ցույց տալու ժամանակ անկախ և բարեխիղճ լինելու վրա` ապահովելով վստահորդի շահերի արդյունավետ պաշտպանությունը: Այս սկզբունքն ուղղակիորեն ամրագրված է նաև Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքների 14-րդ կետում, որի համաձայն` իրենց հաճախորդների իրավունքները պաշտպանելիս և արդարադատության շահերը պահպանելիս իրավաբանները պետք է նպաստեն ազգային և միջազգային իրավունքներով ճանաչված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը և բոլոր պարագաներում գործեն անկախ ու բարեխղճորեն` օրենքին և ընդունված նորմերին ու իրավաբանի մասնագիտական բարոյականությանը համապատասխան:

 

3. Փաստաբանի կարգապահական պատասխանատվության առանձնահատկությունները

 

Վերը նշված օրենսդրական սահմանափակումների ապահովման նպատակով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխով կարգավորել է փաստաբանին պատասխանատվության ենթարկելու կարգը:

 

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի գործունեության և կարգապահական վարույթի մասին» կանոնակարգի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատասխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո` վեցամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հիմքը ծագելուց մեկ տարի հետո: Սույն մասում նշված ժամկետներն անցնելուց հետո կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, իսկ խախտմամբ հարուցված վարույթը ենթակա է կարճման:

Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքների 26-29-րդ կետերում սահմանվում է կարգապահական միջոցների կիրառման կարգը: Մասնավորապես, իրավաբանները, իրենց համապատասխան մարմինների կամ օրենսդիր մարմինների միջոցով, իրավաբանների մասնագիտական վարվելակերպի կանոնագրքեր են մշակում` ազգային օրենսդրությանն ու սովորույթներին և ճանաչված ստանդարտներին համապատասխան: Իրենց մասնագիտական դերով հանդես եկող իրավաբանների հանդեպ մեղադրանքները կամ գանգատները ենթակա են շուտափույթ և օբյեկտիվ քննարկման` պատշաճ ընթացակարգին համապատասխան: Իրավաբաններն իրավունք ունեն գործի արդարացի քննության, ներառյալ իրենց ընտրությամբ իրավաբանի օգնության իրավունքը: Իրավաբանների նկատմամբ կարգապահական միջոցները քննարկվում են իրավաբանների կողմից ստեղծվող անաչառ կարգապահական կոմիտեի կողմից, օրենքով նախատեսված անկախ մարմնում կամ դատարանում, և ենթակա են անկախ վերահսկողության: Կարգապահական բոլոր միջոցները սահմանվում են իրավաբանի մասնագիտական վարվելակերպի կանոնագրքին և մյուս ճանաչված ստանդարտներին ու մասնագիտական բարոյականությանը համապատասխան և սույն սկզբունքների լույսի ներքո:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար օրենսդիրը նախատեսում է վաղեմության ժամկետ, որից հետո փաստաբանը չի կարող ենթարկվել պատասխանատվության:

Նշված վաղեմության ժամկետի հաշվարկի հարցը պարզելու համար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ կարգապահական պատասխանատվության հիմքը հայտնաբերելու և կարգապահական պատասխանատվության հիմքը ծագելու օրենսդրական եզրույթների մեկնաբանությանը:

 

Կարգապահական պատասխանատվության հիմք

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հասկացությունների մեկնաբանության համար պետք է հիմք ընդունվեն վերոնշյալ վերլուծությունները, ինչպես նաև ներկայումս գործող «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.1-ին հոդվածի 4-րդ կետը, որի համաձայն` կարգապահական վարույթ հարուցելու հիմքն է փաստաբանի արարքի մեջ սույն օրենքի կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքով նախատեսված պահանջների խախտման հատկանիշների առերևույթ առկայությունը: Հետևաբար կարգապահական պատասխանատվության հիմքը սույն դեպքում դրսևորվում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված արգելքի խախտմամբ: Այսինքն` օրենսդիրը նշված դեպքում իրավաբանական օգնության ցուցաբերումը համարում է իրավախախտում, ինչն էլ իր հերթին փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կարգապահական պատասխանատվության հիմք հասկացությունը դրսևորվում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված դեպքերում իրավաբանական օգնություն ցույց տալով:

 

Կարգապահական պատասխանատվության հիմքի ծագում

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կարգապահական պատասխանատվության հիմքը իրավաբանական օգնության ցուցաբերումն է, այսինքն` փաստաբանի կողմից «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործողություններից մեկը կատարելը, ներառյալ, երբ փաստաբանն օգտվում է իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով կամ այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներից, կատարում իր պարտականությունները: Այդ գործողությունները սույն դեպքում դիտարկվում են որպես իրավախախտում, իսկ կարգապահական պատասխանատվության հիմքը ծագում է այդ իրավախախտումը կատարելու պահից: Այն դեպքում, երբ վստահորդի և փաստաբանի միջև իրավաբանական օգնության իրավահարաբերության բնույթից ելնելով այդ իրավախախտումը դրսևորվում է իրավաբանական օգնության մեջ ներառվող տարբեր գործողություններ կատարելով, այդ գործողությունները նույնպես դիտարկվում են որպես իրավախախտում, հետևաբար դրանցից յուրաքանչյուրի կատարման ժամանակ ծագում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ վերլուծությունները և օրենքի նման մեկնաբանությունը բխում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում սահմանված օրինապահության սկզբունքից, քանի որ հակառակ պարագայում, եթե որպես կարգապահական պատասխանատվության հիմքի ծագման պահ գնահատվի վստահորդի կողմից փաստաբանին լիազորագիր տալու պահը, կամ իրավաբանական օգնություն ցուցաբերելու սկիզբը, ապա նման մեկնաբանության դեպքում իրավախախտումը կարող է շարունակվել, սակայն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վաղեմությունն անցած լինելու հիմքով փաստաբանը ոչ միայն չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել, այլև կարող է շարունակել տվյալ իրավախախտումը: Բացի այդ, Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի նման մեկնաբանությունը բխում է Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներից:

 

4. Վերոնշյալ կանոնների կիրառումը սույն գործի նկատմամբ

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը: Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը (տես` Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

i

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Պալատի ներկայացուցչի բողոքի այն հիմքին, որ ծառայության մատուցումը չի ավարտվում ծառայությունն սկսելու պահից, քանի որ այն շարունակական գործընթաց է, իսկ ծառայությունները համարվում են մատուցված` համապատասխան փուլի ավարտի պահից, նշել է, որ այն «հիմնավորված չէ, քանի որ ինչպես հենց ինքը` բողոք բերած անձն է փաստել, փաստաբանի կողմից իրավական օգնություն ցույց տալու գործողությունն արդեն իսկ ծառայության մատուցում է, որը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի տառացի մեկնաբանության ուժով կարող է սկսվել և ավարտվել ինչպես խորհրդատվություն մատուցելով, այնպես էլ դատական ներկայացուցչությամբ», «Տվյալ դեպքում թիվ 2-1132 քաղաքացիական գործով Վաղարշակ Մանուկյանը փաստաբան Կրոմվել Գրիգորյանին լիազորագիր է տվել 20.10.2007 թվականին: Տվյալ լիազորագրի հիման վրա Վաղարշակ Մանուկյանի անունից իրականացվող առաջին դատավարական գործողությունը, որի ժամկետը հստակ կարելի է արձանագրել, հանդիսացել է թիվ 2-1132 քաղաքացիական գործով հայցադիմումը ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացնելը, ինչն իրականացվել է 13.12.2007 թվականին: ՈՒստիև որպես կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող գործողության ժամկետի կատարման սկիզբ պետք է ընդունել առնվազն 13.12.2007 թվականը, քանի որ փաստաբանի` իրեն տրված լիազորագրի հիման վրա առաջին իսկ կատարած գործողությունն ինքնին բավարար է նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի ի հայտ գալու համար, որպիսի պարագայում կարգապահական վարույթի հարուցման հիմք հանդիսացող ժամկետների հաշվարկը պետք է կատարել այդպիսի հիմք հանդիսացող և ժամկետի հաշվարկման հստակ սկիզբ կանխորոշող գործողության կատարման (կամ դրա ի հայտ գալու) պահը: Տվյալ դեպքում նման գործողությունը դրսևորվել է 13.12.2007 թվականին Վաղարշակ Մանուկյանի անունից ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմումի ներկայացմամբ: ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի թիվ 11 նիստի 01.06.2011 թվականի թիվ 11/9-Ա որոշմամբ փաստաբան Կրոմվել Գրիգորյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջների խախտման համար մեղավոր ճանաչելու և նկատողության տեսքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին թիվ 15/11 որոշումը կայացվել է 28.07.2011 թվականին: Նման պայմաններում կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող գործողության կատարման պահից, այն է` 13.12.2007 թվականից անցել է ավելի, քան մեկ տարի, որպիսի պարագայում «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի գործունեության և կարգապահական վարույթի մասին» կանոնակարգի 20-րդ հոդվածի ուժով կարգապահական վարույթը ենթակա է կարճման»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը գործում եղած ապացույցները, մասնավորապես` Պալատի կարգապահական հանձնաժողովի 14.07.2011 թվականի եզրակացությունը և Պալատի խորհրդի 28.07.2011 թվականի թիվ 15/11 որոշումը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել, քանի որ անտեսել է այն հանգամանքը, որ Կրոմվել Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Պալատի խորհրդի 28.07.2011 թվականի թիվ 15/11 որոշման հիմքում դրվել է նաև այն, որ Կրոմվել Գրիգորյանը, 1997 թվականին լինելով դատական տեսուչ, հանդիսացել է պաշտոնատար անձ, որն իրավասու է եղել ՀՀ Էջմիածնի շրջանի ժողդատարանի կողմից 25.06.1997 թվականին թիվ 2-273 քաղաքացիական գործով կայացված վճռի հիման վրա տրված կատարողական թերթը կատարելու ժամանակ ընդունելու ինչպես Գարեգին Շահվերդյանի, այնպես էլ Վաղարշակ Մանուկյանի շահերից բխող որոշումներ, մինչդեռ որպես փաստաբան հետագայում Վաղարշակ Մանուկյանին իրավաբանական օգնություն է ցույց տվել նաև ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ4/0015/05/10 վարչական գործի կապակցությամբ: Այսինքն` փաստաբան Կրոմվել Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը եղել է ոչ միայն վերը նշված հանգամանքների հաշվառմամբ Վաղարշակ Մանուկյանին ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան 13.12.2007 թվականին հարուցված հայցի, այլ նաև ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ4/0015/05/10 վարչական գործի կապակցությամբ իրավաբանական օգնություն ցույց տալը, որի վերաբերյալ վճիռը կայացվել է 12.10.2010 թվականին: Ընդ որում, երկրորդ դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքում դրված է եղել այն փաստը, որ նշված գործով Վաղարշակ Մանուկյանը հանդիսացել է երրորդ անձ, իսկ վերջինիս ներկայացուցիչն է հանդիսացել փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, ով 07.04.2010 թվականին միջնորդություն է հարուցել նույն դատարան` հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին: Նշված փաստը Պալատը հաստատված է համարել թիվ ՎԴ4/0015/05/10 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի կողմից 12.10.2010 թվականին կայացված վճռի նկարագրական մասի հետազոտման արդյունքում:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործի նկատմամբ վերոնշյալ վերլուծությունների կիրառման, ինչպես նաև սույն գործով Պալատի խորհրդի 28.07.2011 թվականի թիվ 15/11 որոշման իրավաչափությունը գնահատելու համար անհրաժեշտ է պարզել` արդյոք Կրոմվել Գրիգորյանը կարգապահական վարույթի հարուցման պահին նախորդող մեկ տարվա ընթացքում հանդես է եկել ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ4/0015/05/10 վարչական գործով որպես երրորդ անձ Վաղարշակ Մանուկյանի ներկայացուցիչ, թե` ոչ, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր է հաստատված համարել, որ փաստաբան Կրոմվել Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի նախկին խմբագրությամբ 39-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի գործունեության և կարգապահական վարույթի մասին» կանոնակարգի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգապահական վարույթ հարուցելու համար սահմանված մեկամյա ժամկետում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Գ. Հակոբյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2012
N ԵԿԴ/2598/02/11
Որոշում