ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԼԴ2/1586/02/19
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/1586/02/19 2022 թ.
Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան
Դատավորներ` Կ. Համբարձումյան
Ա. Մկրտչյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
2022 թվականի հունվարի 12-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2021 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն (այսուհետ` Ընկերություն) դիմումի ելքով շահագրգիռ անձինք Ռիմա Կիրակոսյանի, Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար)` Հաշտարարի 02.07.2019 թվականի թիվ 15-5022/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 02.07.2019 թվականի թիվ 15-5022/19 որոշումը:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Զաքարյան) (այսուհետ` Դատարան) 21.05.2020 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան, դատավորներ` Հ. Ենոքյան, Տ. Նազարյան) 20.07.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.10.2020 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.03.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը Դատարանի 21.05.2020 թվականի որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Մհեր Հայրապետյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հաշտարարը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ, 419-րդ, 420-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
i
ՀՀ սահմանադրական դատարանը, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի` դրանց իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ 08.12.2020 թվականի որոշմամբ, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նշված նորմը դատավարական պրակտիկայում մշտապես սխալ է կիրառվել:
i
Սահմանադրական դատարանի կողմից արտահայտած դիրքորոշումը նոր հանգամանք է սույն քաղաքացիական գործով դատական ակտը նոր հանգամանքով վերանայելու մասին բողոք ներկայացնելու համար: Ընկերությունը հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի քննություն իրականացվել է և ըստ էության ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին անդրադարձ է եղել միայն Դատարանի կողմից, իսկ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններն ընդհանրապես չեն անդրադարձել գոյություն ունեցող իրավական խնդրի լուծմանը, նոր հանգամանքով վերանայման բողոք ներկայացրել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի 21.05.2020 թվականի Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին դիմումը մերժելու որոշման դեմ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չառնելով այն հանգամանքը, որ 21.05.2020 թվականի Դատարանի որոշման դեմ Ընկերության ներկայացված բողոքն ըստ էության ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից չի քննվել, գտել է, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հարցը ենթակա չէ վերաքննության կարգով քննության, այն ենթակա է լուծման ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից: Մինչդեռ հենց ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ընկերության դիմումը մերժելու մասին որոշումն է սույն գործով վերջնական դատական ակտը, որում անդրադարձ եղել է Հաշտարարի որոշմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքը, հիմնավորումները.
Ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Ֆինանսական կազմակերպությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք առաջին ատյանի դատարանի որոշման դեմ` խախտելով նոր հանգամանքի հիմքով ներկայացվող դատական ակտերը վերանայելու ընթացակարգը, քանի որ նոր հանգամանքով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
Նոր հանգամանքի հիմքով ենթակա են վերանայման ինչպես առաջին ատյանի դատարանի, այնպես էլ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտերը, առանց անդրադառնալու վերջնական դատական ակտի բովանդակությանը, տվյալ գործով առկա է վերադաս դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որի պարագայում նոր հանգամանքով վերանայման բողոք կարող էր ներկայացվել Վճռաբեկ դատարան:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Ընկերության և Ռիմա Կիրակոսյանի միջև 23.11.2018 թվականին կնքվել է թիվ 03056110 վարկային պայմանագիրը, որով Ընկերությունը վերջինիս տրամադրել է 104.000 ՀՀ դրամ գումար (հատոր 1-ին, գ.թ. 33-38):
2. Ընկերության և Ֆինանսական համակարգի հաշտարարի միջև 05.12.2011 թվականին կնքված համաձայնագրի համաձայն` Ընկերությունը հրաժարվում է միայն 100.000 ՀՀ դրամը չգերազանցող գործարքների հետ կապված ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից (հատոր 1-ին, գ.թ. 106):
3. Ռիմա Կիրակոսյանը` ի դեմս ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյանի 02.07.2019 թվականին ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ է ներկայացրել Ընկերության դեմ ուղղված պահանջ-դիմում, որը Ֆինանսական համակարգի հաշտարարի թիվ 15-5022/19 որոշմամբ բավարարվել է մասնակի (հատոր 1-ին, գ.թ. 93-94, 99-104):
4. Ընկերությունը 02.10.2019 թվականի Դատարան ներկայացրած դիմումով խնդրել է չեղյալ ճանաչել 02.07.2019 թվականի Հաշտարարի թիվ 15-5022/19 որոշումը: Դատարանի 21.05.2020 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 71-108, 137-149):
5. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.07.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է, քանի որ բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքը ներկայացվել էր օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ (հատոր 2-րդ, գ.թ. 62-75):
6. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.10.2020 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 121-129):
i
7. ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման համաձայն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի` նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:
8. Ընկերությունը 23.12.2020 թվականին Վերաքննիչ դատարան նոր հանգամանքով վերանայման բողոք է ներկայացրել Դատարանի 21.05.2020 թվականի որոշումը վերանայելու վերաբերյալ, որն էլ Վերաքննիչ դատարանի 24.03.2021 թվականի որոշմամբ մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 3-17, 69-85):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու վարույթի առանձնահատկություններին:
i
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ սահմանադրական դատարանը, 15.07.2011 թվականի թիվ ՍԴՈ-984 որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտերի վերանայման արդյունավետ ինստիտուտի գոյությունը պետք է հիմնվի այն տրամաբանության վրա, որ պետությունը պետք է ապահովի խախտված իրավունքների վերականգնումը, քանզի քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության պարտավորությունը ենթադրում է, որ պետությունն ինքն է պատասխանատու դատական ակտերով խախտված իրավունքների վերականգնման համար: Պետության նման պարտավորության կատարումն ապահովելու բավականին արդյունավետ միջոց է դատական ակտերի վերանայումն իրավունքի ուժով:
ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը: Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ, (...):
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է` նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում` Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 421-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման բողոքում պետք է նշվեն դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր երևան եկած կամ նոր հանգամանքի շարադրանքը և հիմնավորումը, թե ինչու է այն հիմք դատական ակտի վերանայման համար:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 426-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական ակտի վերանայման բողոքի քննության ընթացքում դատարանը հետազոտում է գործում առկա ապացույցները:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 426-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական ակտի վերանայման բողոքի հիմքի առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով դատարանը գնահատում է հետազոտված ապացույցները և կարող է հաստատված համարել նոր փաստ, եթե հետազոտված ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:
i
Նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու դեպքում դրանում դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր հանգամանքի շարադրանքը և հիմնավորումը, թե ինչու է այն հիմք հանդիսանում դատական ակտի վերանայման համար, պետք է նշվեն այն չափով, որ բավարար լինեն հետևություն անելու համար այն մասին, որ Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ: Հակառակ պարագայում օրենսդիրը դատարանին իրավունք է վերապահել նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու, եթե բողոքի շրջանակներում ակնհայտորեն հիմնավորված չէ նոր հանգամանքի առկայությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հիմքով բողոքը կարող է վերադարձվել այն դեպքում, երբ բացառապես վճռաբեկ բողոքի` առանց դրան կից կամ գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությամբ է ակնհայտ դառնում ներկայացված բողոքում որպես նոր հանգամանք շարադրվածի անհիմն լինելը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված փաստը հաստատված համարելու համար անհրաժեշտ է բողոքում նշված նոր հանգամանքի շարադրանքը համադրել բացառապես բողոքարկվող դատական ակտի բովանդակության հետ` պարզելու համար, թե բողոքում շարադրվածը որքանով է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով նոր հանգամանք հանդիսանում հենց բողոքարկվող դատական ակտի համար: Ընդ որում, օրենսդիրը նշված դեպքում նոր հանգամանքի հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու համար սահմանել է եռամսյա ժամկետ, որի հաշվարկը սկսվում է Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:
i
Այսպիսով, վերոգրյալ իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`
- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ,
- Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ,
- համապատասխան հիմքն ի հայտ գալուց (Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից) հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու դրությամբ եռամսյա ժամկետը չի լրացել:
Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքի հիման վրա հարուցված վարույթի քննության առանձնահատկություններին: Այսպես.
Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի վերանայման բողոքի քննության ընթացքում դատարանը հետազոտում և գնահատում է գործում առկա ապացույցները` պարզելու համար դատական ակտի վերանայման բողոքի հիմքի առկայությունը կամ բացակայությունը: Նշվածից հետևում է, որ դատարանը պարզում է, թե արդյոք դատական ակտի վերանայման բողոքի հիմք առկա է, թե` ոչ: Այսինքն` բողոքում առկա նոր հանգամանքով դատական ակտը բողոքարկելու հիմքից բացի, բողոքում այլ հիմքերի առկայության դեպքում դատարանը չպետք է անդրադառնա բողոքի այդ հիմքերին, քանի որ օրենսդիրը, նոր հանգամանքի վարույթի բացառիկությունից ելնելով, համապատասխան դատարանին օժտել է միայն նոր հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը պարզելու իրավազորությամբ:
Նման մոտեցումը հիմնավորվում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներով հայտնած այն դիրքորոշմամբ, որ նոր հանգամանքի ինստիտուտի նպատակն է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum), ինչը ենթադրում է բողոքարկվող դատական ակտի բացակայության պայմաններում առկա իրավիճակի վերականգնում, իսկ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի բեկանման դեպքում բողոքի այլ հիմքերին անդրադառնալու անհրաժեշտությունը վերանում է` նկատի ունենալով, որ բողոքաբերի իրավունքները վերականգնվում են նոր հանգամանքի ինստիտուտի միջոցով:
Հայաստանի Հանրապետությունում Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը ներդրվել է 17.06.2008 թվականին ընդունված և 02.08.2008 թվականին ուժի մեջ մտած «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքով` հիմք ընդունելով «Դատարանների աշխատանքի չափազանց ծանրաբեռնվածությունը կանխելու և նվազեցնելու միջոցառումների վերաբերյալ» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.09.1986 թվականի թիվ R (86)12 հանձնարարականը (Recommendation No R (86) 12 Of The Committee of Ministers to Member States Worklood in the courts) և «Սպառողների վեճերի արտադատական լուծման համար պատասխանատու մարմինների վրա տարածվող սկզբունքների մասին» Եվրոպական հանձնաժողովի 30.03.1998 թվականի թիվ 98/257/EC հանձնարարականում (Commission Recommendation of 30 March 1998 on The Principles Applicable Responsible for Out-Of-) ամրագրված սկզբունքները: Վերջինս, ի թիվս այլնի, նախատեսում է արդյունավետության սկզբունքը, որը մասնավորապես ենթադրում է, որ պահանջի ներկայացման և որոշման կայացման միջև կարճ ժամանակ պետք է լինի: Ընդ որում, օրենքի ընդունման հիմնավորումներում նշվել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությունն է, նրանց բողոքների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը և ֆինանսական միջնորդության ավելացումը:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
i
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում Ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե`
1) պահանջը ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից.
2) Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ.
3) բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:
i
ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել այն դեպքում, երբ Կազմակերպությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից կամովին հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր է կնքել վերջինիս գրասենյակի հետ, իսկ այն դեպքում, երբ առկա չէ գրավոր համաձայնագիր, Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները չեն գործում, և Կազմակերպությունն ունի Հաշտարարի որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն:
i
Սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշման կայացումից հետո` 02.12.2016 թվականին, թիվ ԵԿԴ/5370/02/14 քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ Վճռաբեկ դատարանը կիրառել է Սահմանադրական դատարանի նշված որոշումը և այդ նույն որոշման հիման վրա եզրահանգել, որ Հաշտարարի որոշումը հաճախորդի կողմից ընդունելու պարագայում դառնում է պարտադիր, և Կազմակերպությունն այդ որոշումը կարող է ըստ էության վիճարկել դատական կարգով, եթե նա Հաշտարարի գրասենյակի հետ կնքած գրավոր համաձայնագրով չի հրաժարվել Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, իսկ այն դեպքում, երբ առկա է նման գրավոր համաձայնություն, ապա Կազմակերպությունը Հաշտարարի որոշումը կարող է վիճարկել ոչ թե ըստ էության, այլ միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված սահմանափակ հիմքերով:
Այսպիսով` Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1051 որոշման և դրա հիման վրա կայացված Վճռաբեկ դատարանի` թիվ ԵԿԴ/5370/02/14 քաղաքացիական գործով որոշման համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի պարտադիր դարձած որոշումը`
i
1) կարող էր վիճարկվել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված սահմանափակ հիմքերով` անկախ նրանից Կազմակերպությունը հրաժարվել է պարտադիր դարձած որոշումը վիճարկելու հնարավորությունից, թե ոչ,
2) իսկ ըստ էության կարող էր վիճարկվել միայն այն Կազմակերպության կողմից, ով չէր հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի պարտադիր դարձած որոշումը վիճարկելու իրավունքից:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործը հարուցվել է Ընկերության դիմումի հիման վրա, որով վերջինս պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 02.07.2019 թվականին թիվ 15-5022/19 որոշումը: Դատարանի 21.05.2020 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.07.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է, այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից բաց է թողնվել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.10.2020 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Ընկերությունը 23.12.2020 թվականին Վերաքննիչ դատարան նոր հանգամանքով վերանայման բողոք է ներկայացրել Դատարանի 21.05.2020 թվականի որոշումը վերանայելու վերաբերյալ, պատճառաբանելով, որ ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխան այն մեկնաբանությամբ, համաձայն որի` նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:
Վերաքննիչ դատարանը 24.03.2021 թվականի որոշմամբ մերժել է Դատարանի 21.05.2020 թվականի որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ Ընկերության վերաքննիչ բողոքը` արձանագրելով, որ սույն քաղաքացիական գործով առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 28.10.2020 թվականին կայացված և կայացման պահից օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտ: Իսկ Վճռաբեկ դատարանի 28.10.2020 թվականի որոշումը, օրինական ուժի մեջ մտնելով, որպես հետևանք ձեռք է բերել դատական ակտերի կայունությունը երաշխավորող այնպիսի հատկանիշ, ինչպիսին անհերքելիությունն է: Նշված հատկանիշը բացառում է օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատական ակտի վերանայման և բեկանման հնարավորությունը, բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նման պայմաններում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հարցը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ և 416-րդ հոդվածների համաձայն, ենթակա է լուծման ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից:
i
Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ բողոքում նշված նոր հանգամանքի շարադրանքը համադրելով բողոքարկվող դատական ակտի հետ, ծանոթանալով որպես նոր հանգամանքի հիմնավորում նշվածին, ինչպես նաև ուսումնասիրելով ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշումը, արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.10.2020 թվականի որոշումը վերանայելու առումով ակնհայտորեն հիմնավորված չէ նոր հանգամանքի առկայությունը, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 28.10.2020 թվականին կայացնելով «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, ՀՀ սահմանադրական դատարանում քննարկման առարկա դարձած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը չի կիրառել, և կրկին անգամ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է բացառապես այն պատճառաբանությամբ ու այն իրավական հիմքերով, որոնք վերաբերել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.07.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմնավորումներին, այն է` վերաքննիչ բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոք ներկայացվելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառներին:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ չնայած սույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.07.2020 թվականի որոշումը կայացվելուց հետո այդ դատական ակտի դեմ ներկայացվել են վճռաբեկ բողոքներ, որոնց կապակցությամբ վերադաս դատարանը կայացրել է դատական ակտեր, այդուհանդերձ, ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման իմաստով վերջնական դատական ակտ կայացնող դատարանը ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն է, որը և կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը, որի պայմաններում հենց վերջինիս կայացրած դատական ակտը կարող է վերանայվել նոր հանգամանքով և հիմնավորումներով` հաշվի առնելով այն, որ ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման մեջ նշված հարցով հենց վերջինս է հանդիսանում վերջնական դատական ակտ կայացրած դատարանը: Հետևաբար և սույն գործով նոր հանգամանքով վերանայման ենթակա դատական ակտ է հանդիսանում առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որը վերանայելու իրավասությունը վերապահված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին:
i
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով օրենսդիրը սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը ենթակա է վերադարձման, հետևաբար նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը պարտավոր էր նախ և առաջ բացառել այդ հիմքերի առկայության հանգամանքը:
i
Այսպիսով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 24.03.2021 թվականի որոշումը բեկանելու համար: Ընդ որում` նկատի ունենալով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը պետք է ուղարկել նոր քննության ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ և 427-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2021 թվականի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 12 հունվարի 2022 թվական: