ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԱՆԴ/0030/01/15 |
Քրեական գործ թիվ ԵԱՆԴ/0030/01/15 |
|
Նախագահող դատավոր` Ռ. Մխիթարյան Դատավորներ` Լ. Թադևոսյան Ա. Պետրոսյան |
|
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Ավետիսյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Օհանյանի |
|
Հ. Ասատրյանի |
|
Ե. Դանիելյանի |
|
Ա. Պողոսյանի |
|
|
քարտուղարությամբ |
Մ. Ավագյանի |
2017 թվականի հունիսի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արա Սարգսի Շուշանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի` 2015 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին` նախաքննություն կատարելու:
Նախաքննության մարմնի` 2015 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ Ռուզաննա Շուշանյանը ճանաչվել է տուժող:
2015 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ Արա Շուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմնի` 2015 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ Ա.Շուշանյանի նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ բավարարվել է դատահոգեբուժական փորձաքննություն կատարելու համար Ա.Շուշանյանին բժշկական հաստատությունում տեղավորելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը, և թույլատրվել Ա.Շուշանյանին 2015 թվականի մայիսի 4-ից տեղավորել ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժական բժշկական կենտրոնի «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում` ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն կատարելու համար:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Շուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
2015 թվականի մայիսի 27-ին ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովը եզրակացություն է տվել Ա.Շուշանյանի անմեղսունակության վերաբերյալ:
Նախաքննության մարմինը 2015 թվականի մայիսի 27-ին որոշումներ է կայացրել` Ա.Շուշանյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու վարույթ հարուցելու, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և եղբորը` Մ.Շուշանյանին, օրինական ներկայացուցիչ ճանաչելու մասին:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 27-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը` Ա.Շուշանյանի նկատմամբ անվտանգության միջոց կիրառելու` ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոնի հատուկ հսկողության բաժանմունքում տեղավորելու թույլտվության մասին:
2015 թվականի հունիսի 11-ին Ա.Շուշանյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու միջնորդությամբ գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի ապրիլի 19-ին որոշում է կայացրել Ա.Շուշանյանին քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու, և նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոց, այն է` հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում նշանակելու մասին:
3. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ Ա.Աղայանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 19-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունվարի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ստացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմնի` բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու համար գործը դատարան ուղարկելու մասին որոշման համաձայն` «(...) Արա Սարգսի Շուշանյանը կնոջ` Ռ.Շուշանյանին, կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, 2015 թվականի ապրիլի 14-ին ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի 46-րդ շենքի 5-րդ հարկում գտնվող իրենց` թիվ 82 բնակարանում վերոհիշյալ թեմայի շուրջ վիճաբանության ժամանակ, վերջինիս կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ` 5-րդ հարկից ցած նետելու նպատակով, անակնկալ հարձակվել է նրա վրա, բռնել վերջինիս ոտքերից, բարձրացրել վեր և սպանության դիտավորությամբ հրել է բնակարանի խոհանոցի բաց պատուհանից դուրս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, այն է` վերջինիս ակտիվ դիմադրության արդյունքում, հանցագործությունն ավարտին չի հասցրել, և Ռ.Շուշանյանին հաջողվել է բնակարանի ննջասենյակի բաց պատշգամբի արգելապատնեշի վրայով անցնել հարևանուհու բնակարան» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 47):
6. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն` «Արա Սարգսի Շուշանյանի կողմից քրեական օրենքով արգելված արարքի կատարումը հիմնավորվել է հետևյալ ապացույցներով.
Գործի դատաքննության ընթացքում տուժող Ռուզաննա Ռաֆիկի Շուշանյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ (...) դեպքի ընթացքում Արան իրեն չի հարվածել, ուղղակի անակնկալ գրկել ու վեր է հանել, ինչից էլ վախենալով, բռնվել է պատուհանի դիմաց ամրացված լվացքի պարաններից` միաժամանակ ոտքերով Արային հրելով դեպի հետ: (...) Եթե Արան ցանկանար, ապա կկարողանար իրեն դուրս նետել պատուհանից, քանի որ վերջինիս ֆիզիկականը ներել է դրա համար, գուցե այդպես ցանկացել է վախեցնել իրեն, ինքն էլ վախենալով, բնազդաբար, պայքարել է: (...) Արայից ազատվելով, շուրջ մեկ ու կես ժամ դեռ միասին գտնվել են բնակարանում ու վիճաբանել, որից հետո նոր ննջարանի պատշգամբի միջոցով դիմել է փախուստի: (...)
Գործի նախաքննության ընթացքում (...) տուժող Ռուզաննա Ռաֆիկի Շուշանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ (...) ամուսինը ցանկացել է իրեն սպանել, սակայն դա նրան չի հաջողվել, քանի որ ինքը կարողացել է դուրս պրծնել նրա ձեռքերից ու փախչել: (...)
Հրապարակված ցուցմունքի կապակցությամբ տուժողը հայտնել է, որ «սպանություն» բառը գրել է քննիչի թելադրանքով, նման բան չի ցանկացել գրել: (...) Եթե Արան իրեն բաց թողներ, ապա հնարավոր է, որ ինքը պատուհանից ցած ընկներ, սակայն Արան իրեն բաց չի թողել:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը գալիս է այն եզրահանգման և արձանագրում, որ Արարքի որակումը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, սխալ է եղել. Արա Շուշանյանի արարքը համապատասխանել է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներին:
(...) Դատարանը գտնում է, որ սպանության հանցափորձի հանցակազմի հատկանիշներն ապացուցված չեն, առնվազն հիմնավորված չէ, թե սպանությունն ավարտին չի հասցվել Արա Շուշանյանի կամքից անկախ հանգամանքներով:
Միևնույն ժամանակ, (...) դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Արա Շուշանյանի գործողություններում պարունակվում են սպանության սպառնալիքի հատկանիշներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով: Հարկ է արձանագրել, որ սպանության սպառնալիքը եղել է կոնկրետ և իրական: Այն դրսևորել է կյանքից զրկելու ռեալ սպառնալիքով, որպիսին ընկալվել է նաև տուժողի կողմից Արա Շուշանյանի սկզբնական գործողություններով պայմանավորված: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 53):
7. Վերաքննիչ դատարանի դատական ակտի համաձայն` «Անմեղսունակության վիճակում հանրության համար վտանգավոր արարքի կատարում» և «հանցափորձ» եզրույթները միմյանց հետ ակնհայտորեն անհամատեղելի են, քանի որ առաջինի հիմքում դրված է անձի` գիտակցական ու կամային հատկանիշների բացակայության հանգամանքները, իսկ երկրորդի պարագայում` նշված հատկանիշների միաժամանակյա առկայությունը պարտադիր նախապայման է:
Դրա հետ մեկտեղ, ՀՀ քրեական օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ դրանում օրենսդրի կողմից օգտագործված «արարք» հասկացությունն արտահայտում է հանրության համար վտանգավոր գործողության կամ անգործության և համապատասխան հետևանքների միասնություն: Հետևապես արարքի հանրության համար վտանգավոր լինելու կամ չլինելու հարցի որոշման համար անհրաժեշտ նախապայման է հանդիսանում կոնկրետ գործողության կամ անգործության դրսևորման և հետևանքի միասնության ճիշտ գնահատումը: Այս համատեքստում, նախ պետք է արձանագրել, որ սույն գործով անձի` կյանքից զրկման փաստը, որպես Ա.Շուշանյանի գործողության հետևանք, բացակայում է: Իսկ նման պայմաններում այլևս առարկայազուրկ է դառնում բողոքի հեղինակի մատնանշած «իրավաբանական որակման» իրավաչափության հարցին այլ ասպեկտներից, այդ թվում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության օբյեկտիվ ու սուբյեկտիվ կողմերի և հանցափորձի` պարտադիր գիտակցական (ինտելեկտուալ) և կամային դրսևորումներին անդրադառնալը: (...)
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցները հիմք են տալիս հիմնավորված համարելու այն, որ տվյալ օբյեկտիվ իրադրության մեջ (դեպքի վայրը, կոնկրետ իրադրությունը, Ա.Շուշանյանի հիվանդագին վիճակի մասին տուժողին հայտնի լինելը և այլն) տուժողի համար, Ա.Շուշանյանի գործողության հետևանքով իր կյանքին սպառնացող վտանգը եղել է իրական, և Ա.Շուշանյանի գործողությունը տուժողի մոտ առաջացրել է սեփական կյանքի անվտանգության համար անհանգստության, վախի ու տագնապի զգացում, ինչն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի արդյունքում վրա հասնող հետևանքներին:
Ինչ վերաբերում է բողոքի հեղինակի այն փաստարկին, որ Ա.Շուշանյանի գործողությունները հատել են սպանության սպառնալիքի սահմանը, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված փաստարկը տեղին կլիներ այն դեպքում, երբ խոսքը վերաբերեր այդ գործողությունների արդյունքում հանրորեն վտանգավոր այլ հետևանքներ վրա հասնելուն, կամ մեղսունակ սուբյեկտի դիտավորության` ինտելեկտուալ և կամային հատկանիշների առկայության պայմաններում նրա մտադրության բացահայտմանը, այլ ոչ թե` անմեղսունակության վիճակում հանրության համար վտանգավոր արարք կատարելու դեպքի:
Անդրադառնալով (...) «Արա Շուշանյանի կողմից քրեական օրենքով չթույլատրված հանրորեն վտանգավոր արարքի իրավաբանական որակման առումով» Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և փոփոխելու մասին բողոքի հեղինակի պահանջին` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված պահանջն ինքնին առարկայազուրկ է, քանի որ ինչպես հետևում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 463-րդ հոդվածի իրավադրույթների բովանդակային վերլուծությունից` անմեղսունակության վիճակում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վերաբերյալ գործերով որոշում կայացնելիս դատարանը ոչ թե հանրության համար վտանգավոր արարքը որակում է ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի այս կամ այն իրավանորմով, որպիսի տրամաբանությամբ ձևակերպված է բողոքի հեղինակի պահանջը, այլ լուծում է օրենսդրի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 463-րդ հոդվածում սպառիչ կերպով սահմանված (...) հարցերը (...)»(տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 56-58):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ:
Ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանը, արձանագրելով, որ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթում անձի կողմից կատարված հանրորեն վտանգավոր արարքի համապատասխանությունը ՀՀ քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածին քննարկման ենթակա չէ, սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 463-րդ հոդվածի դրույթները` թույլ տալով դատական սխալ` դատավարական օրենքի էական խախտում: Ըստ բողոքաբերի` նման խախտումը հանգեցնում է մեղսագրվող հանրորեն վտանգավոր կոնկրետ արարքի բնույթն իմանալու` անձի իրավունքի չեզոքացման ու անձի պաշտպանության իրավունքի սահմանափակման, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով հիմք է դատական ակտը բեկանելու համար:
Բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 23-25-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 450-451-րդ, 456-րդ, 460-461-րդ, 463-րդ հոդվածները, նշել է, որ յուրաքանչյուր դեպքում պետք է հստակեցնել, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով է նախատեսված անձի կողմից անմեղսունակության վիճակում կատարված արարքը, քանի որ արարքի` «քրեական օրենսգրքով նախատեսված լինելը» արտահայտությունը այդ արարքի և քրեաիրավական ներգործության միջոցներ սահմանող օրենքի համապատասխանության մասին խիստ վերացական հետևություն է:
8.1 Անդրադառնալով Ա.Շուշանյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներին համապատասխանելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններին` բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցները, հիմք են ընդունել միայն տուժողի ցուցմունքները` առավելություն տալով տուժողի դատաքննական ցուցմունքներին և նախաքննական ցուցմունքների կապակցությամբ դատաքննության ընթացքում վերջինիս կողմից արված հստակեցումներին:
8.2. Բողոքաբերը նաև նշել է, որ ստորադաս դատարանները, անդրադառնալով Ա.Շուշանյանի արարքի համապատասխանությանը ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածին, այդուհանդերձ որոշման եզրափակիչ մասում չեն հստակեցրել, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից է վերջինս ազատվում: Նման պայմաններում, բողոքաբերի համոզմամբ, ստորադաս դատարանների դատական ակտերը չեն ապահովել անձին մեղսագրվող «հանրորեն վտանգավոր արարքի» որոշակիությունը:
9. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթի շրջանակներում անմեղսունակության վիճակում գտնվող անձին մեղսագրվող քրեական օրենքով արգելված արարքի որակմանը դատարանի կողմից անդրադառնալու, ինչպես նաև անմեղսունակության վիճակում գտնվող անձի կողմից հանցափորձի հատկանիշներ պարունակող արարք կատարելու հնարավորության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
I. Բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթում դատարանի կողմից անձին մեղսագրվող արարքի որակմանն անդրադառնալու իրավաչափությունը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վերաբերյալ վարույթի շրջանակներում դատարանը չպետք է անդրադառնա անմեղսունակ անձին վերագրվող արարքի իրավական որակմանը:
i
12. ՀՀ քրեական օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն`
«1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, ով հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, այսինքն` քրոնիկ հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ հոգեկան այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող գիտակցել իր գործողության (անգործության) վտանգավորությունը կամ ղեկավարել դա:
2. Հանրության համար վտանգավոր արարքն անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ դատարանը կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:
(...)»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բժշկական բնույթի հարկադրական միջոցները դատարանը կիրառում է այն անձանց նկատմամբ, ովքեր քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարել են անմեղսունակ վիճակում, եթե այդ անձինք շարունակում են վտանգավոր լինել հասարակության համար»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 456-րդ հոդվածի համաձայն` «Այն անձը, որի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, օգտվում է մեղադրյալի բոլոր իրավունքներից: Նա իրավունք ունի, կախված հիվանդության աստիճանից և բնույթից, իմանալ հանրորեն վտանգավոր որ արարքի կատարումն է նրան մեղսագրվում (...)»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 463-րդ հոդվածի համաձայն` «Բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու գործով որոշում կայացնելիս դատարանը պետք է լուծի հետևյալ հարցերը`
1. կատարվել է արդյոք հանրորեն վտանգավոր արարք.
2. արարքը կատարել է արդյոք այն անձը, որի նկատմամբ իրականացվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ.
3. արարքը կատարվել է արդյոք անմեղսունակության վիճակում, անձը գտնվում է արդյոք տվյալ վիճակում դատական քննության պահին.
4. անձը կարիք ունի արդյոք իր նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու և հատկապես ինչպիսի միջոցներ»:
Հիշյալ իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները, լինելով պետական հարկադրանքի միջոցների հատուկ տեսակներ, դատարանի կողմից կարող են կիրառվել օրենսդրի կողմից սահմանված ներքոշարադրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`
ա) կատարվել է քրեական օրենքով չթույլատրված արարք,
բ) արարքը կատարելիս անձը գտնվել է անմեղսունակության վիճակում,
գ) անձը շարունակում է վտանգավոր լինել հասարակության համար:
Հիշյալ պայմաններից որևէ մեկի բացակայությունը բացառում է ենթադրաբար անմեղսունակության վիճակում արարք կատարած անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հնարավորությունը: ՈՒստի, օրենսդիրն այդ պայմանների առկայությունը պարզելու անհրաժեշտությամբ է պայմանավորել նշված անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթի ընթացքում դատարանի կողմից լուծման ենթակա հարցերի շրջանակը:
Անմեղսունակ անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթի առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ս.Ստեփանյանի գործով որոշմամբ` արձանագրելով, որ.
«ա) անմեղսունակ անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության. նախաքննության մարմնի որոշմամբ` նրա նկատմամբ հարուցվում է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ և ոչ թե քրեական հետապնդում: Նշված վարույթի ընթացքում, սակայն, քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձինք, չհանդիսանալով մեղադրյալ, օգտվում են մեղադրյալի իրավունքներից:
բ) քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ գործով որոշում կայացնելիս դատարանը պարզում է, թե վերոնշյալ անձի կողմից կատարվել է արդյոք հանրորեն վտանգավոր արարք և արդյոք այն կատարվել է անմեղսունակության վիճակում: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատարանը քննության է առնում անմեղսունակ անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք և ոչ թե հանցագործություն կատարված լինելու հարցը:
i
գ) նախորդ ենթակետում նշված գործի քննության արդյունքում ապացուցված համարելով, որ անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարվել է անմեղսունակության վիճակում` դատարանն անձին չի ենթարկում քրեական պատասխանատվության և պատժի, այլ որոշում է կայացնում նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բժշկական բնույթի հարկադրական միջոց կիրառելու մասին, եթե այդ անձը շարունակում է վտանգավոր լինել հասարակության համար և կարիք ունի իր նկատմամբ այդպիսի միջոցի կիրառման» (տե՛ս Սերգեյ Ստեփանյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԳԴ5/0014/01/13 որոշման 23-րդ կետը):
13. Վերահաստատելով և զարգացնելով Ս.Ստեփանյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն ամրագրել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հատուկ վարույթի ընթացքում դատարանի կողմից որոշում կայացնելիս լուծման ենթակա հարցերի առանձին շրջանակ, որը տարբերվում է ընդհանուր վարույթի ընթացքում դատարանի կողմից դատավճիռ կայացնելիս լուծման ենթակա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածով նախատեսված հարցերի շրջանակից: Մասնավորապես, որոշում կայացնելիս դատարանը պետք է պարզի` կատարվել է արդյոք հանրորեն վտանգավոր արարք, վերջինս կատարել է արդյոք այն անձը, որի նկատմամբ իրականացվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ, արարքը կատարվել է արդյոք անմեղսունակության վիճակում, անձը գտնվում է արդյոք տվյալ վիճակում դատական քննության պահին, անձը կարիք ունի արդյոք իր նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու և հատկապես ինչպիսի միջոցներ:
i
14. Այսպես, բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու վարույթի շրջանակներում որոշում կայացնելիս դատարանի կողմից լուծման ենթակա առաջին հարցը վերաբերում է հանրորեն վտանգավոր արարք կատարված լինելուն: Վերջինս պայմանավորված է այն հանգամանքով, որ բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման վարույթը սկզբնավորվում է և այդ վարույթի հետագա շարժը պայմանավորվում է քրեական օրենքով արգելված արարքի կատարմամբ: Վճռաբեկ դատարանը կրկնում է նախադեպային իրավունքում ձևավորած իր դիրքորոշումն այն մասին, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները քրեական օրենսգրքով նախատեսված պետական հարկադրանքի միջոցներ են, որոնք կարող են նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված անձանց նկատմամբ` նրանց բուժելու և նոր հանրորեն վտանգավոր արարքների կատարումը կանխելու նպատակով: Այդ միջոցների կիրառման հիմքը նշված անձանց կողմից հանրորեն վտանգավոր արարք կատարելն է (տե՛ս Ալեքսանդր Ծատուրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբեր 18-ի թիվ ԵԿԴ/0045/14/13 որոշման 12-րդ կետը):
«Կատարվել է արդյոք հանրորեն վտանգավոր արարք» իրավական հարցին պատասխանելիս դատարանը պետք է պարզի, թե արդյոք դատարան ներկայացված նյութերով հաստատվում է անձին վերագրվող` քրեական օրենքով արգելված արարքի ինչպես փաստական, այնպես էլ իրավական հատկանիշների առկայությունը, որից հետո անցում կատարի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 463-րդ հոդվածով նախատեսված մյուս իրավական հարցերի լուծմանը:
Քննարկվող հարցադրմանը պատասխանելիս անձին վերագրվող արարքի փաստական հատկանիշների հետ մեկտեղ իրավական հատկանիշները, այդ թվում` իրավական որակումը գնահատելու պարտադիրությունը պայմանավորված է.
ա) անմեղսունակության վիճակում հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի իրավավիճակով, որն ընդգրկում է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված իրավունքները (ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդված, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդված, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդված), այդ թվում` արդար դատաքննության իրավունքը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 456-րդ հոդվածը նույնպես ամրագրում է, որ անմեղսունակության վիճակում հանրորեն վտանգավոր արարք կատարած անձն օգտվում է մեղադրյալի բոլոր, այդ թվում` իրեն մեղսագրվող հանրորեն վտանգավոր արարքի մասին իմանալու իրավունքից:
Մասնավորապես, արդարադատության պատշաճ կազմակերպման շահերից ելնելով, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ միջոցներ ձեռնարկելով (հոգեբանի հետ հանդիպման, գործի քննությանը ներկայության, օրինական ներկայացուցչի, պաշտպանի մասնակցության ապահովում), պետք է ապահովվի հոգեկան հիվանդություն ունեցող անձի կողմից դատավարությունը հասկանալու հնարավորությունը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի իմաստով մեղսագրվող արարքի (մեղադրանքի) բնույթի և պատճառների մասին մանրամասն տեղեկացումը, որը կապահովի դատարանի կողմից կայացվող որոշման արդարացիությունը (տե՛ս, mutatis mutandis, Vaudelle v. France գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` նաև Եվրոպական դատարան)` 2001 թվականի հունվարի 30-ի վճիռը, գանգատ թիվ 35683/97, կետ 65-րդ): Մեղադրանք (սույն դեպքում` քրեական օրենքով արգելված արարք) առաջադրելու պատճառների մասին տեղեկացված լինելու իրավունքը ներառում է ոչ միայն տեղեկատվություն ենթադրաբար կատարված արարքի մասին, որի վրա հիմնվում է մեղադրանքը, այլ նաև` տեղեկատվություն այդ արարքին տրված իրավական գնահատականի մասին (տե՛ս, mutatis mutandis, Pelissier and Sassi v. France GC գործով Եվրոպական դատարանի` 1999 թվականի մարտի 25-ին կայացված վճիռը, գանգատ թիվ 25444/94, կետ 51-րդ):
Նման մոտեցումը ոչ միայն բխում է օրենքի առջև բոլորի հավասարության, այլ նաև` հոգեկան խանգարումներ ունեցող անձանց կարգավիճակի մասին ընդունված մի շարք միջազգային-իրավական փաստաթղթերի պահանջներից:
Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2004 թվականի սեպտեմբերի 22-ի «Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» թիվ REC(2004)10 հանձնարարականի 7-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ անդամ պետությունները պետք է երաշխավորեն այնպիսի կառուցակարգերի գոյությունը, որոնք կպաշտպանեն հոգեկան խանգարումներ ունեցող խոցելի անձանց, մասնավորապես այն անձանց, ովքեր համաձայնություն տալու կարողություն չունեն կամ չեն կարող դիմակայել մարդու իրավունքների խախտմանը:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 1999 թվականի փետրվարի 23-ի` «Անգործունակ չափահասների իրավական պաշտպանության մասին» թիվ R(99)4 հանձնարարականը երաշխավորելով հոգեկան խանգարման կամ այլ պատճառով սեփական կամքն արտահայտելու կարողություն չունեցող անձանց իրավունքները, 1-ին սկզբունքում ամրագրում է, որ անգործունակ չափահասների պաշտպանության սկզբունքն ընկած է բոլոր այլ սկզբունքների հիմքում` յուրաքանչյուր անհատի` որպես մարդկային էակի, արժանապատվության հարգման համար: Անգործունակ չափահասների պաշտպանության հետ կապված օրենքները, ընթացակարգերը և պրակտիկան պետք է հիմնված լինեն նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վրա, հաշվի առնելով համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերում այդ իրավունքների վերաբերյալ սահմանված երաշխիքները:
Միավորված ազգերի կազմակերպության` 1991 թվականի դեկտեմբերի 17-ի «Հոգեկան հիվանդների պաշտպանության և հոգեբուժական օգնության բարելավման» թիվ 46/119 բանաձևի 1-ին սկզբունքի 5-րդ մասն ամրագրում է, որ հոգեկան հիվանդություն ունեցող յուրաքանչյուր ոք պետք է իրավունք ունենա իրականացնելու բոլոր քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները, որոնք ճանաչված են «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրում, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում:
Վերոհիշյալից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման վարույթի շրջանակներում անմեղսունակ անձին մեղսագրվող քրեական օրենքով արգելված արարքի բնույթի և դրա էության պարզաբանումն այդ վարույթի առանցքային տարրերից է, որպիսի պայմաններում է հնարավոր երաշխավորել անմեղսունակ անձանց արդար դատաքննության իրավունքը` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «գ» կետերով ամրագրված` ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու, անձամբ կամ ներկայացուցչի միջոցով պաշտպանվելու իրավունքները: Վերջինս իր մեջ ներառում է նաև մեղսագրված արարքի կապակցությամբ համապատասխան փաստական տվյալներ և տեղեկություններ ներկայացնելը, նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված փաստական տվյալների և տեղեկությունների վերաբերելիությունը, թույլատրելիությունը և արժանահավատությունը վիճարկելը:
բ) բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի նշանակման, հետագայում` դրա տեսակի փոփոխման հարցերի որոշմամբ: Այսպես` դատարանը բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակելիս (ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդված) և հետագայում դրա տեսակը փոփոխելիս անձի հոգեկան հիվանդության հետ միասին պետք է հաշվի առնի կատարված արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը և դրանց համակցված գնահատման արդյունքում որոշում կայացնի ՀՀ քրեական օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված` բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների տեսակներից որևէ մեկը նշանակելու մասին (տե՛ս Ալեքսանդր Ծատուրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբեր 18-ի թիվ ԵԿԴ/0045/14/13 որոշման 13-րդ կետը):
15. Նախորդ կետում արտահայտված դիրքորոշումների հիման վրա` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը կաշկանդված լինելով բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար գործը դատարան ուղարկելու մասին որոշման սահմաններով, իրականացնում է նախաքննության մարմնի կողմից ներկայացված նյութերի հետազոտում, լսում է դատակոչի ենթակա անձանց ցուցակում ընդգրկված անձանց` պարզելու համար, թե`
ա) արդյոք դատարան ներկայացված նյութերով հաստատվում է դեպքը, որի կապակցությամբ սկզբնավորվել է քրեական վարույթը և
բ) արդյոք դեպքը պարունակում է քրեական օրենքով արգելված և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար գործը դատարան ուղարկելու մասին որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով որակված արարքի հատկանիշները:
Վերոնշյալ «ա» ենթակետով նշված հարցադրմանը պատասխանելիս դատարանը պարզում է, թե ներկայացված նյութերով արդյոք հաստատվում են անմեղսունակ անձին մեղսագրվող արարքի փաստական հանգամանքները: Այնուհետև «բ» ենթակետով նշված հարցադրմանը պատասխանելիս դատարանը պարզում է` արդյոք անմեղսունակ անձին մեղսագրվող արարքը համապատասխանում է մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից դրան տրված իրավական որակմանը:
Ընդ որում, եթե դատարանի համոզմամբ չի հաստատվում դեպքը կամ նկարագրված արարքը չի պարունակում քրեական օրենքի հատուկ մասով նախատեսված որևէ դիսպոզիցիայի հատկանիշ, ապա բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման վարույթը ենթակա է կարճման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված համապատասխան հիմքով:
Իսկ այն դեպքում, երբ դատարանը գտնում է, որ մեղսագրվող արարքի փաստական հանգամանքները վկայում են այլ իրավական որակման մասին, քան տրվել է նախաքննական մարմնի կողմից, ապա դատարանի կողմից կայացվող որոշմամբ` իրավական որոշակիության (res judicata) սկզբունքն ապահովելու նպատակով պետք է նշվի, թե կոնկրետ քրեական օրենսգրքի հատուկ մասի որ հոդվածի դիսպոզիցիայի հատկանիշներին է համապատասխանում այդ արարքը, պահպանելով նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված երաշխիքը, որի պարագայում արարքին տրված իրավական որակման փոփոխություն կարող է թույլատրվել, եթե դրանով չի վատթարանում անմեղսունակ անձի վիճակը, և չի խախտվում նրա պաշտպանության իրավունքը: ՈՒստի քրեական օրենքով արգելված արարքին տրված իրավական որակմանն անդրադառնալու միջոցով միայն դատարանը կարող է պատասխանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 463-րդ հոդվածով նախատեսված այն հարցին, թե կատարվել է արդյոք հանրորեն վտանգավոր արարք:
i
Այսպիսով, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշմամբ դատարանը պետք է գործի նյութերից բխող փաստարկված հետևություններով պատասխանի վկայակոչված, այդ թվում` անձին վերագրվող արարքի և դրա քրեաիրավական որակման համապատասխանության հարցերին` պարզելով բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հիմքերի առկայությունը: Ընդ որում, այդ հարցերին տրվող պատասխաններով է կանխորոշվում նաև կայացվող դատական ակտի պատճառաբանվածության չափանիշը, քանի որ հիշյալ հարցադրումներին տրվող պատասխանների բովանդակությունից է պարզ դառնում, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել որոշում կայացնելիս (դատական ակտի պատճառաբանվածության մասին տե՛ս Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը):
16. Սույն գործի շրջանակներում Արա Շուշանյանին նախաքննական մարմնի կողմից մեղսագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի, այն է` սպանության փորձի կատարումը (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը, գնահատելով Արա Շուշանյանի կատարած արարքին նախաքննական մարմնի կողմից տրված իրավական որակումը, գտել է, որ Արա Շուշանյանի գործողություններում պարունակվում են ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` սպանության փորձի, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված` սպանության սպառնալիքի հատկանիշներ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունը, գտել է, որ անմեղսունակության վիճակում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վերաբերյալ գործերով որոշում կայացնելիս դատարանը, ոչ թե հանրության համար վտանգավոր արարքը որակում է ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի այս կամ այն իրավանորմով, այլ` լուծում է օրենսդրի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 463-րդ հոդվածում սահմանված հարցերը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
17. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 15-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթի շրջանակներում դատարանը չպետք է անդրադառնա անձին մեղսագրվող քրեական օրենքով արգելված արարքի իրավական որակմանը, հիմնավոր չեն:
Արդյունքում Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 456-րդ և 463-րդ հոդվածները:
II. Անմեղսունակության վիճակում գտնվող անձի կողմից հանցափորձ կատարելու հնարավորությունը.
18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ «անմեղսունակության վիճակում հանրության համար վտանգավոր արարքի կատարում» և «հանցափորձ» եզրույթները միմյանց հետ անհամատեղելի են, քանի որ անմեղսունակ անձն օժտված չէ գիտակցական և կամային հատկանիշներով:
i
19. ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` «Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով»:
i
Վերոնշյալ իրավադրույթի բովանդակությունից հետևում է, որ հանցափորձն առկա է այն ժամանակ, երբ անմիջականորեն հանցանքի կատարմանն ուղղված գործողությունը (անգործությունը) ավարտին չի հասցվում անձի կամքից անկախ հանգամանքներում: Անմեղսունակ անձի դեպքում գիտակցական և կամային հատկանիշները բացակայում են, քանի որ նա զրկված է իր գործողության (անգործության) փաստացի բնույթն ու նշանակությունը, դրա վտանգավորությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու ունակությունից (տե՛ս Հարություն Շուքուրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի մայիսի 4-ի թիվ ԵՔՐԴ/0350/01/08 որոշման 17-րդ կետը): Սակայն Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գիտակցական կամ կամային հատկանիշներ չունենալը դեռևս չի բացառում անմեղսունակ անձի` քրեական օրենքով արգելված արարքին ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասում նշված` օբյեկտի և օբյեկտիվ կողմի հատկանիշներին համապատասխան իրավական որակում տալու հնարավորությունը: Հակառակ պարագայում առհասարակ պետք է բացառվի քրեաիրավական հարթությունում անմեղսունակ անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառումը քննարկելու հնարավորությունը, քանի որ գիտակցական և կամային հատկանիշները բնորոշ են ոչ միայն հանցափորձին, այլ ցանկացած ավարտված արարքին:
Հետևաբար այն դեպքում, երբ անմեղսունակության վիճակում գտնվող անձի կողմից արարքն ամբողջությամբ չի իրականացվում նրա կամքից անկախ օբյեկտիվ պատճառներով, ապա այն ենթակա է որակման որպես քրեական օրենքով արգելված արարքի կատարման փորձ:
Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ անմեղսունակ անձի արարքը կարող է ստանալ թե՛ ձևական, թե՛ նյութական հանցակազմի հատկանիշներ կրող իրավական որակում (օրինակ, երբ անմեղսունակության վիճակում գտնվող անձի կողմից մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ ծանր վնաս է պատճառվում, ապա արարքն օբյեկտիվ իրադրության վերլուծությամբ ենթակա է որակման «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը» վերտառությունը կրող ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով, չնայած, որ այդ դեպքում ևս բացակայում են քրեական օրենքով արգելված արարք կատարած անձի գիտակցական և կամային հատկանիշները: Ընդ որում, նույն իրադրության պայմաններում եթե անմեղսունակության վիճակում գտնվող անձը չկարողանա օբյեկտիվ հանգամանքներից ելնելով ավարտին հասցնել արարքի կատարումը (օրինակ` դանակով հարվածելու պահին բռնվի նրա ձեռքը կամ հրազենից արձակված գնդակը չդիպչի հասցեատիրոջը), ապա արարքն օբյեկտիվ իրադրության վերլուծությամբ ենթակա է որակման որպես դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու փորձ):
Դրա մասին է վկայում նաև այն, որ բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման վարույթի շրջանակներում, ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածում սահմանված ընթացակարգի, դատարանը չի քննարկում անձի մեղավորության հարցը: Մասնավորապես, բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման վարույթի շրջանակներում դատարանը պարզում է, թե «կատարվել է արդյոք հանրորեն վտանգավոր արարք»` առանց անդրադառնալու գործողության (անգործության) վտանգավորությունը գիտակցելու կամ ղեկավարելու հատկանիշներին:
21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել է, որ «անմեղսունակության վիճակում հանրության համար վտանգավոր արարքի կատարում» և «հանցափորձ» եզրույթները միմյանց հետ ակնհայտորեն անհամատեղելի են, քանի որ առաջինի հիմքում դրված է անձի` գիտակցական ու կամային հատկանիշների բացակայության հանգամանքները, իսկ երկրորդի պարագայում` նշված հատկանիշների միաժամանակյա առկայությունը պարտադիր նախապայման է (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
22. Սույն որոշման 20-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն որոշման նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, թե «անմեղսունակության վիճակում հանրության համար վտանգավոր արարքի կատարում» և «հանցափորձ» եզրույթները միմյանց հետ անհամատեղելի են, քանի որ անմեղսունակ անձն օժտված չէ գիտակցական և կամային հատկանիշներով, հիմնավոր չէ:
Արդյունքում Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 25-րդ և 34-րդ հոդվածները:
23. Անդրադառնալով բողոքաբերի` սույն որոշման 8.1-րդ կետում շարադրված փաստարկներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, դեպքի օբյեկտիվ իրադրությունն արտացոլող փաստական տվյալներում (այդ թվում` տուժողի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում) առկա բոլոր հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում ստորադաս դատարանները հանգել են հիմնավոր հետևության այն մասին, որ Արա Շուշանյանին մեղսագրվող արարքի իրավական որակումը համապատասխանում է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սպանության փորձի, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված` սպանության սպառնալիքի հատկանիշներին: Հետևաբար Վճռաբեկ դատարանը բողոքաբերի քննարկվող փաստարկները հիմնավոր չի համարում:
24. Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, թե ստորադաս դատարանները մանրամասն քննարկելով Արա Շուշանյանի արարքի համապատասխանությունը ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածին, այդուհանդերձ որոշման եզրափակիչ մասում չեն հստակեցրել, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից է վերջինս ազատվում (տե՛ս սույն որոշման 8.1-ին կետը), Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, մասնավորապես 464-րդ հոդվածում, բացակայում է պահանջն առ այն, որ անձին քրեական պատասխանատվությունից ազատելիս դատարանը որոշման եզրափակիչ մասում պետք է նշի, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից է նրան ազատում: Հետևաբար այդ կապակցությամբ բողոքաբերի փաստարկները նույնպես անհիմն են:
25. Այսպիսով, հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, իսկ սույն որոշման 17-րդ և 22-րդ կետերում արձանագրված` դատավարական և նյութական նորմերի խախտումները չեն ազդել գործի ելքի վրա, հետևաբար բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը` թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 420-րդ, 422-423-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Արա Սարգսի Շուշանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 13-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ս. Օհանյան |
|
Հ. Ասատրյան |
|
Ե. Դանիելյան |
|
Ա. Պողոսյան |