ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ թիվ ՎԴ/2087/05/12
դատարանի որոշում 2013 թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/2087/05/12
Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան
Դատավորներ` Հ. Բեդևյան
Ա. Բաբայան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Ե. Սողոմոնյանի
2013 թվականի հուլիսի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.01.2013 թվականի որոշման դեմ` ըստ Արտաշես Արտաշեսյանի հայցի ընդդեմ Կոմիտեի` վարչական ակտն անվավեր ճանաչելու և որպես հետևանք դիմումի հիման վրա վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արտաշես Արտաշեսյանը պահանջել է անվավեր ճանաչել 27.02.2012 թվականի թիվ 11-5/1566-12 վարչական ակտը (գրությունը) և պարտավորեցնել Կոմիտեին Արտաշես Արտաշեսյանի կողմից 17.02.2012 թվականին վարչական կարգով ներկայացված դիմումի հիման վրա ընդունել վարչական ակտ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա.Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 25.09.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.01.2013 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.09.2012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 264-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ, 65-րդ հոդվածները, 117.12-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում Կոմիտեն հանդես է եկել ոչ թե որպես հանրային իշխանության կրող, գործադիր գերատեսչական մարմնի գործառույթներ իրականացնող, այլ որպես գործատու: Հետևաբար, Կոմիտեի նախագահի 30.06.2011 թվականի թիվ 1/756 հրամանն անհատական իրավական ակտ է, որով դադարեցվել են գործատուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունները, ուստի դրա հետ կապված վեճը նույնպես պետք է դիտել որպես աշխատանքային վեճ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արտաշես Արտաշեսյանն աշխատանքից ազատվել է Կոմիտեի նախագահի 30.06.2011 թվականի հրամանի համաձայն: Վարչական մարմնի պաշտոնատար անձն իրավունք չունի քննարկելու և լուծելու գործը, եթե նա նախկինում մասնակցել է տվյալ գործի քննարկմանը:
Կոմիտեի նախագահը, հանդիսանալով մաքսային ծառայության ղեկավար, իրավասու չէ վերանայել իր իսկ կողմից ընդունված հրամանը, իսկ նման լիազորություն մաքսային մարմնում որևէ այլ անձ չունի:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.01.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Կոմիտեի նախագահի 30.06.2011 թվականի թիվ 1/756 հրամանով Գուգարքի տարածաշրջանային մաքսատան կապի խմբի ավագ մաքսային տեսուչ-կապավոր-խմբի ղեկավար Արտաշես Արտաշեսյանը 30.06.2011 թվականից ազատվել է մաքսային ծառայության պաշտոնից` «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի և 129-րդ հոդվածի հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 8):
2) Կոմիտեի նախագահին հասցեագրված դիմումով Արտաշես Արտաշեսյանը խնդրել է անվավեր ճանաչել Կոմիտեի նախագահի 30.06.2011 թվականի թիվ 1/756 հրամանը և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխան հատուցել իրեն պատճառված վնասը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար (հատոր 1-ին, գ.թ.16-19):
3) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 27.02.2012 թվականի թիվ 11-5/1566-12 գրությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով վերադարձվել են Արտաշես Արտաշեսյանի դիմումը և կից փաստաթղթերը` դիմումով առաջադրված պահանջը Կոմիտեի իրավասությունից դուրս լինելու պատճառաբանությամբ (հատոր 1-ին, գ.թ. 20):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Սույն բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է հանրային ծառայության ոլորտում վարչական և աշխատանքային օրենսդրության կիրառման և հանրային ծառայության հետ կապված վեճերի ընդդատության վերաբերյալ միասնական պրակտիկա ձևավորելու անհրաժեշտությամբ:
Հետևաբար Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վերոնշյալ հարցերի վերաբերյալ օրենսդրության միատեսակ կիրառությունն ապահովելու համար անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
1. Աշխատանքային և հանրային ծառայության իրավահարաբերությունների սահմանադրաիրավական և միջազգային իրավական հիմքերին
2. Հանրային ծառայության ոլորտում աշխատանքային օրենսդրության կիրառման շրջանակներին և բնույթին
3. Հանրային ծառայության ոլորտում վարչական օրենսդրության կիրառման շրջանակներին և բնույթին
4. Հանրային ծառայության անցնելու, իրականացնելու և հանրային ծառայությունը դադարեցնելու իրավահարաբերությունների բնույթին
5. Հանրային ծառայության հետ կապված վեճերի վերաբերյալ գործերի ընդդատության հարցերին
1) Հանրային ծառայության և աշխատանքային իրավահարաբերությունների սահմանադրաիրավական և միջազգային իրավական հիմքերը
ՀՀ Սահմանադրության 30.2-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիներն ունեն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության ընդունվելու իրավունք: Հանրային ծառայության սկզբունքները և կազմակերպման կարգը սահմանվում են օրենքով:
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 25-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր քաղաքացի, առանց 2-րդ հոդվածում հիշատակվող որևէ խտրականության և առանց անհիմն սահմանափակումների, պետք է իրավունք և հնարավորություն ունենա իր երկրում հավասարության ընդհանուր պայմաններով մտնել պետական ծառայություն:
Վերոնշյալ հոդվածները նախատեսում են քաղաքացու` հանրային ծառայության անցնելու իրավունքի իրացման երեք նախապայման. ՀՀ քաղաքացիություն, ընդհանուր հիմունքներ և դրանց` օրենքով կանոնակարգվածություն: Հանրային ծառայության ընդունվելու իրավունքը ՀՀ քաղաքացու սահմանադրական հիմնական իրավունքներից է, որի իրացումն իրավական, ժողովրդավարական պետության պայմաններում ոչ միայն աշխատանքի ազատ ընտրության, այլև ժողովրդաիշխանության իրացման դրսևորում է: Այդ իրավունքը պաշտպանվում է ՀՀ Սահմանադրության ուժով, որի իրացման կարգն ու պայմանները, ըստ 30.2-րդ հոդվածի 1-ին մասի, սահմանվում են օրենքով:
Բացի հանրային ծառայության ընդունվելու իրավունքից, ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է նաև անձի աշխատանքի ընտրության ազատություն:
Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն:
Վերոնշյալ հոդվածների համադրումը և անձի երկու սահմանադրական իրավունքների հարաբերակցությունը հանգում է նրան, որ ՀՀ Սահմանադրությունը, անձին ընձեռելով աշխատանքի ընտրության ազատություն, որպես դրա յուրօրինակ դրսևորում նախատեսում է քաղաքացու հանրային ծառայության ընդունվելու իրավունքը:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանրային ծառայության ընդունվելու իրավունքը պետք է դիտարկել նաև աշխատանքի ընտրության իրավունքի հետ համատեղ, քանի որ սահմանադրաիրավական զարգացումների համատեքստում պետական իշխանության համակարգում աշխատանքի իրավունքը` որպես աշխատանքի ընտրության ազատության դրսևորում, աստիճանաբար վերաճել է առանձին սահմանադրական իրավունքի` դրանից բխող օրենսդրական կարգավորման առանձնահատկություններով: Այն հանգամանքը, որ միջազգային և սահմանադրական իրավունքների զարգացման համատեքստում հանրային (պետական) ծառայությունը դիտարկվում է աշխատանքի իրավունքի շրջանակներում, դրսևորվում է նաև միջազգային իրավական այլ նորմերի ուսումնասիրության արդյունքում:
Մասնավորապես, «Պետական ծառայության բնագավառում աշխատանքային հարաբերությունների մասին» 1978 թվականի կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն` պետական ծառայողները, ինչպես և մյուս աշխատողները, ունեն այն քաղաքացիական ու քաղաքական իրավունքները, որոնք էական նշանակություն ունեն միավորվելու ազատության բնականոն իրականացման համար, միակ պայմանով` պահպանել իրենց կարգավիճակից և իրենց գործառույթների բնույթից բխող պարտավորությունները:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ հանրային ծառայության ընդունվելու սահմանադրական իրավունքը, որը նախատեսվում է նաև միջազգային իրավունքի նորմերով, աշխատանքի ազատ ընտրության սահմանադրական իրավունքի դրսևորման եղանակներից մեկն է, որն ունի նաև որոշակի առանձնահատկություններ` կապված այդ իրավունքի միջոցով պետական կառավարմանը մասնակցելու իրավունքի (ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդված) և հանրային ծառայողների կողմից իրականացվող գործառույթների բնույթի հետ:
2) Հանրային ծառայության ոլորտում աշխատանքային օրենսդրության կիրառման շրջանակները և բնույթը
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:
Վերոնշյալ հոդվածները, սահմանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության գործողության ոլորտները, դրա մեջ ներառել են նաև քաղաքացիական և պետական ծառայության հետ կապված իրավահարաբերությունները: Այսինքն` նշված ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները դուրս չեն աշխատանքային օրենսդրության կարգավորման շրջանակներից: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսդրության նորմերի կիրառումը հանրային ծառայության նկատմամբ ամբողջական չէ, և հանրային ծառայությունը և դրա տեսակները կարգավորող օրենքներով այլ բան նախատեսված լինելու դեպքերում կիրառվում են այդ իրավական ակտերով նախատեսված կանոնակարգումները: Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հստակեցնել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի տրամաբանության լույսի ներքո աշխատանքային օրենսգրքի դրույթները հանրային ծառայության ոլորտում կիրառվում են ոչ թե սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով, այլ հակառակը` դրանք օրենսգրքի 7-րդ հոդվածի ուժով ներառված են աշխատանքային օրենսդրության կարգավորման ոլորտում, և այդ հարցերի վերաբերյալ հանրային ծառայության օրենսդրության նորմերը պետք է կիրառվեն սուբսիդիարության (լրացուցիչ) կարգով` աշխատանքային հարաբերությունների ոլորտում դրանց միասնական և տարբերակված կարգավորման սկզբունքների հիման վրա:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ օրենսդրական վերոնշյալ կանոնակարգումը չպետք է դիտարկվի և մեկնաբանվի որպես հանրային ծառայության հետ կապված բոլոր իրավահարաբերությունների ներառում հանրային իրավունքի կարգավորման ոլորտում, քանի որ գործող օրենսդրական կանոնակարգումների ընդհանուր տրամաբանության համատեքստում հանրային ծառայության հետ կապված իրավահարաբերություններն ունեն աշխատանքային բնույթ, սակայն հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները` օրենսդիրն այլ իրավական կարգավորումների նախատեսման հնարավորություն է ընձեռել: Այդ հանգամանքը պայմանավորված է մի կողմից հանրային ծառայության առանձնահատկություններով, հանրային ծառայության մեջ ներգրավված ծառայողների կարգավիճակի առանձնահատկություններով, մյուս կողմից դրա բազմաբնույթ և բազմաֆունկցիոնալ նշանակությամբ և հետևաբար` հանրային ծառայության տարբեր տեսակների գործառութային առանձնահատկություններով, որոնք իրենց ազդեցությունն են ունենում նաև դրանց աշխատանքային իրավակարգավորման վրա: Արդյունքում գործող օրենսդրական զարգացումները նման իրավահարաբերությունները դարձրել են որոշակիորեն երկակի իրավակարգավորման ազդեցություն ունեցող օբյեկտ, և վերջինս կարելի է դիտարկել որպես աշխատանքային իրավունք հանրային իրավունքի ոլորտում:
Վճռաբեկ դատարանի վերոնշյալ եզրահանգումները հիմնավորվում են նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի և հանրային ծառայության և դրա տեսակները կարգավորող օրենսդրության համակարգային ուսումնասիրությամբ:
Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 44-րդ հոդվածի համաձայն` օրենքով սահմանված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների նկատմամբ սույն օրենսգրքի 2-րդ բաժնի նորմերը կիրառվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով: Հատուկ ծառայողների, քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների նկատմամբ չեն կիրառվում սույն օրենսգրքի 2-րդ բաժնով սահմանված նորմերը:
i
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքն օգտագործում է աշխատանքային պարտականություններ (5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ), քաղաքացիական աշխատանք (5-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ) եզրույթները, հանրային ծառայողին ընձեռում է աշխատանքի համար համարժեք վարձատրություն ստանալու իրավունք, աշխատանքի, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածության իրավունք (20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 7-րդ կետեր), օրենսդրությամբ սահմանված աշխատանքային կարգապահական ներքին կանոնները պահպանելու պարտականություն (21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ), ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների երաշխիք (26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ) և այլն:
i
«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց` սույն օրենքով չկարգավորվող աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և իրավական այլ ակտերով: Ավելին, նույն օրենքի 14-րդ հոդվածի 3.1-ին մասը նախատեսում է, որ մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում (հղիության և ծննդաբերության արձակուրդ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչում), ինչպես նաև մաքսային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության և օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնը կարող են զբաղեցնել մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող և տվյալ պաշտոնի նկարագրին բավարարող անձինք, որոնց հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր, իսկ դրա անհնարինության դեպքում հաշվի առնելով սույն օրենքի 8-րդ, 9-րդ հոդվածների և 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով: Օրենսդիրն օգտագործում է նաև աշխատանքի ներկայանալու, աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայություններ հասկացությունները, մաքսային ծառայողին ընձեռում աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանության, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածության իրավունք և այլն:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերոնշյալ իրավական կարգավորումները աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված իրավունքների և կանոնակարգումների դրսևորումներ են հանրային ծառայության ոլորտում, քանի որ վերոնշյալ կանոններն առավել մանրամասն նախատեսված են ՀՀ աշխատանքային օրենսգրքում:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ հանրային ծառայողի գործունեության հետ կապված հարցերը, որոնք չեն բխում նրա վարչաիրավական կարգավիճակից, կրում են աշխատանքային բնույթ, իսկ դրանց իրավակարգավորման հիմքը ՀՀ աշխատանքային օրենսգիրքն է և հանրային ծառայության վերաբերյալ օրենքների համապատասխան դրույթները: Հետևաբար դրանք պետք է դիտարկվեն միասնության մեջ` որպես մեկ իրավակարգավորում:
3) Հանրային ծառայության ոլորտում վարչական օրենսդրության կիրառման շրջանակները և բնույթը
Վճռաբեկ դատարանը հանրային ծառայության ոլորտում վարչական օրենսդրության կիրառման շրջանակները հստակեցնելու համար անհրաժեշտ է համարում անդրադառնալ հանրային ծառայության բնույթին և նշանակությանը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանրային ծառայությունը սոցիալ-իրավական ինստիտուտ է, որն ուղղակիորեն կապված է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան պետության գործունեության ապահովման հետ: Այն նաև պետության (հանրային իշխանության մարմինների) և քաղաքացու միջև ծագող հանրային-իրավական բնույթի հասարակական հարաբերությունների (վարչակառավարչական գործընթացների) ամբողջություն է, որը միտված է օրենսդրությամբ նախանշված կարգով ու շրջանակներում պետության (հանրային իշխանության մարմինների) քաղաքականության իրականացմանը:
Այդ հանգամանքը հաստատվում է նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով, որի համաձայն` հանրային ծառայությունը պետությանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը, պետական և համայնքային պաշտոնները: Պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը: Պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, հատուկ ծառայությունները` պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային, փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմիններում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունը, Ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաև օրենքներով նախատեսված այլ ծառայություններ: Համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը:
«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների միասնական կենտրոնացված համակարգն է:
Նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մաքսային ծառայությունը հիմնվում է աստիճանակարգված ենթակայության սկզբունքի վրա:
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հանրային ծառայությունը և հետևաբար հանրային ծառայողների գործունեությունն ունի նաև վարչաիրավական դրսևորումներ, քանի որ հանրային ծառայության (ծառայողների) միջոցով իրագործվում են պետության լիազորությունները, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված խնդիրները և գործառույթները: Բացի այդ, պետական ծառայության տեսակ համարվող մաքսային ծառայությունը միասնական կենտրոնացված համակարգ է և հիմնվում է աստիճանակարգված ենթակայության սկզբունքի վրա: Այսինքն` հանրային (մաքսային) ծառայության իրականացման ժամանակ վարչաիրավական հարաբերությունները դրսևորվում են արտաքին, ներկազմակերպական, ենթակայական, ուղղահայաց և հորիզոնական իրավահարաբերությունների ձևով:
Հետևաբար հանրային ծառայության իրականացման ժամանակ կարող են կիրառվել նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները, քանի որ նշված օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (այսուհետ` անձինք) միջև ծագած հարաբերությունները, իսկ օրենքի գործողությունը տարածվում է վարչական մարմինների` հանրային իրավունքի բնագավառում իրականացվող ցանկացած գործունեության վրա:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանրային ծառայության ոլորտում գործերի քննության և կիրառման ենթակա իրավունքի նորմերի ընտրության ժամանակ դատարանները պետք է հաշվի առնեն վերոնշյալ վերլուծությունները և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հստակեցնեն հանրային ծառայության վարչաիրավական և աշխատանքային կողմերը:
4) Հանրային ծառայության անցնելու, իրականացնելու և հանրային ծառայությունը դադարեցնելու իրավահարաբերությունների բնույթը
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հանրային ծառայության անցնելու, իրականացնելու և դադարեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ինչպես ՀՀ աշխատանքային օրենսգրքով, այնպես էլ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և հանրային ծառայության տեսակները կարգավորող այլ իրավական ակտերով:
i
Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն` գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն (առանց մրցութային կամ այլ ընթացակարգերի) համալրելու թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը` կնքելով սույն օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագրեր: Աշխատող փնտրող գործատուն կարող է թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը համալրել նաև իր կազմակերպած մրցույթով կամ օգտվել համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների ծառայություններից: Թափուր աշխատատեղերի համալրման նպատակով մրցույթի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև մրցույթում հաղթած անձանց հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է գործատուն: Քաղաքացիական, օրենքով սահմանված պետական (հատուկ) այլ ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների թափուր պաշտոնները համալրելու կարգը և պայմանները սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` հանրային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցույթով կամ օրենքով սահմանված այլ կարգով: Հանրային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հետ կապված հարաբերությունները սահմանվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:
«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` մաքսային ծառայությունն իրականացվում է մաքսային ծառայության անցնելու մասին կնքված պայմանագրին համապատասխան, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Մաքսային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են մրցույթով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ աշխատանքի (հանրային ծառայության) անցնելու կարգում օրենսդիրը դրել է ընդհանուր տրամաբանություն, որը նախատեսված է աշխատանքային օրենսդրությամբ: Դա մրցույթով կամ առանց մրցույթի աշխատանքի (ծառայության) ընդունելն է` համապատասխան պայմանագիր կնքելու եղանակով: Ընդ որում, մաքսային ծառայության անցնելիս կնքվում է մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագիր, որում նույնպես սահմանվում են կողմերի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, որը բնորոշ է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագրին:
Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ օրենսդիրը հանրային ծառայության անցնելու ընթացակարգն առավել մանրամասն կանոնակարգել է հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրությամբ` ապահովելով ՀՀ Սահմանադրության 30.2-րդ հոդվածի պահանջների կատարումը: Հետևաբար, ի տարբերություն սովորական աշխատանքային հարաբերությունների, հանրային ծառայության անցնելու իրավահարաբերությունների դեպքում օրենսդիրն առավել մանրամասն է կարգավորել դրա ընթացակարգային հարցերը (հանրային ծառայության ընդունվելու իրավունք ունեցող անձանց ներկայացվող պահանջները, մրցույթի անցկացման կարգը և այլն)` նախատեսելով այն ընդհանուր հիմունքները, որոնց միջոցով քաղաքացիներն իրավունք ունեն ընդունվելու հանրային ծառայության:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ հանրային ծառայության անցնելու հետ կապված իրավահարաբերությունները նույնպես կրում են աշխատանքային բնույթ` հանրային ծառայության ընդգրկվելու պայմանների առավել մանրամասն կանոնակարգմամբ:
Վճռաբեկ դատարանը վերոնշյալ հարցին պատասխանելուց հետո անհրաժեշտ է համարում անդրադառնալ հանրային ծառայության իրականացման իրավահարաբերությունների բնույթին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանրային ծառայության իրականացման հետ կապված իրավահարաբերությունները կարող են ունենալ ինչպես զուտ աշխատանքային, այնպես էլ վարչաիրավական բնույթ, քանի որ հանրային ծառայողը գործատուի (պետության) հետ կարող է իր կարգավիճակից ելնելով մտնել և աշխատանքային, և վարչական իրավահարաբերությունների մեջ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ հանրային ծառայության իրականացման բնույթը դատարանները պետք է որոշեն կոնկրետ իրավիճակից ելնելով` հաշվի առնելով այն հանգամանքը, թե արդյոք այդ իրավահարաբերությունները կապված են հանրային ծառայողի վարչական գործառույթների, թե զուտ աշխատանքային գործառույթների հետ:
Ինչ վերաբերում է հանրային ծառայությունը դադարեցնելու հետ կապված իրավահարաբերությունների բնույթին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն` պետական կամ համայնքային ծառայության առանձնահատկություններից ելնելով` հանրային ծառայության պաշտոնից ազատելու հիմքերը սահմանվում են պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաև համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հանրային ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատման հիմք է նաև նույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պահանջները չպահպանելը:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ օրենսդիրը, հանրային ծառայությունը դադարեցնելու (հանրային ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու) իրավահարաբերությունները դիտարկելով որպես աշխատանքային, այնուամենայնիվ, դրա համար նախատեսել է առանձնահատուկ հիմքեր, որոնք սահմանվում են հանրային ծառայության կոնկրետ տեսակների վերաբերյալ օրենքներով (մաքսային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը սահմանված են «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում): Հետևաբար այդ իրավահարաբերությունները կրում են աշխատանքային (ծառայողական) բնույթ, սակայն դրանց առանձնահատկություններից ելնելով` հանրային ծառայությունը դադարեցնելու իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են ինչպես ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, այնպես էլ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը և հանրային ծառայության տեսակները կարգավորող այլ իրավական ակտերը:
5) Հանրային ծառայության հետ կապված վեճերի վերաբերյալ գործերի ընդդատությունը
i
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:
Նույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային վեճերը ենթակա են քննության դատական կարգով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Նշված դրույթներից հետևում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին ընդդատյա են միայն քաղաքացիական գործերը (տե՛ս «Օթյակ» ՓԲԸ-ն ընդդեմ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի թիվ ԵԿԴ/2028/02/10 գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 23-ի որոշումը): Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ օրենսդիրն աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտի վեճը դիտարկում է որպես քաղաքացիական գործ, որն ընդդատյա է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, այդ թվում` հանրային կամ այլընտրանքային ծառայությանն անցնելու կամ իրականացնելու հետ կապված վեճերը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչարարությունը վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեությունն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև այն գործողությունը կամ անգործությունն է, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:
Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ վարչարարությունը բնորոշվում է հանրային իրավունքի բնագավառին առնչվելու հանգամանքով: Դա պետք է լինի վարչական մարմնի հանրային իրավունքի բնագավառում որոշակի հարցի լուծմանն ուղղված գործողություն, իսկ հանրային իրավունքի բնագավառը ենթադրում է անձի հարաբերություններ պետության հետ, որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող: Այսինքն` հանրային իրավահարաբերություններն այն հարաբերություններն են, որոնք ծագում են պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերություններում (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հայկ Մարգարյանի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Զարգացնելով վերոնշյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի տառացի մեկնաբանությունը հանգեցնում է նրան, որ հանրային ծառայության անցնելու և իրականացնելու հետ կապված վեճերը հանրային իրավահարաբերություններից ծագող գործեր են և ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին, իսկ հանրային ծառայությունը դադարեցնելու հետ կապված վեճերը չունեն հանրային իրավահարաբերություններից ծագող բնույթ և ՀՀ վարչական դատարանին ընդդատյա չեն: ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, ելնելով այն տրամաբանությունից, որ հանրային ծառայության անցնելու և իրականացնելու գործընթացները զուգորդվում են վարչարարությամբ, և դրանց ընթացքում ընդունվում են վարչական ակտեր, չի կանոնակարգել հանրային ծառայությունը դադարեցնելու հետ կապված իրավահարաբերությունների բնույթը և ընդդատության հարցերը: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանրային ծառայության դադարեցումը ևս կարող է զուգորդվել վարչարարության իրականացմամբ և վարչական ակտի ընդունմամբ: Օրենսդրական նման անհստակության հետևանքով թյուրըմբռնումներից խուսափելու համար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանները վերոնշյալ հոդվածը մեկնաբանելիս պետք է հաշվի առնեն նաև հանրային ծառայության օրենսդրության համակարգային վերլուծությունը, ինչպես նաև դրա հարաբերակցությունն աշխատանքային օրենսդրության հետ:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ հանրային ծառայության անցնելու, իրականացնելու և դադարեցնելու հետ կապված ոչ բոլոր վեճերն են ընդդատյա ՀՀ վարչական դատարանին: Մասնավորապես, այն վեճերը, որոնք կրում են աշխատանքային բնույթ և ներառված են աշխատանքային օրենսդրության կարգավորման տիրույթում, ընդդատյա են ոչ թե ՀՀ վարչական դատարանին, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ յուրաքանչյուր գործով հանրային ծառայության անցնելու, իրականացնելու և դադարեցնելու հետ կապված վեճերի ընդդատության հարցը լուծելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերոնշյալ վերլուծությունները` իրավահարաբերության բնույթը պարզելու համար:
4.6. Վերոնշյալ կանոնների կիրառումը սույն գործի նկատմամբ
i
Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեի նախագահի 30.06.2011 թվականի թիվ 1/756 հրամանով Գուգարքի տարածքային մաքսատան կապի խմբի ավագ մաքսային տեսուչ-կապավոր-խմբի ղեկավար Արտաշես Արտաշեսյանը 30.06.2011 թվականից ազատվել է մաքսային ծառայության պաշտոնից` «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի և 129-րդ հոդվածի հիման վրա: Կոմիտեի նախագահին հասցեագրված դիմումով Արտաշես Արտաշեսյանը խնդրել է անվավեր ճանաչել Կոմիտեի նախագահի 30.06.2011 թվականի թիվ 1/756 հրամանը և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխան հատուցել Արտաշես Արտաշեսյանին պատճառված վնասը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 27.02.2012 թվականի թիվ 11-5/1566-12 գրությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով վերադարձվել են Արտաշես Արտաշեսյանի դիմումը և կից փաստաթղթերը` դիմումով առաջադրված պահանջը Կոմիտեի իրավասությունից դուրս լինելու պատճառաբանությամբ:
Դատարանը, սույն գործով անդրադառնալով պատասխանողի այն փաստարկին, որ վիճարկվող որոշումը չի հանդիսանում վարչական ակտ, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ Սահմանադրության 30.2-րդ հոդվածի 1-ին մասը, ուսումնասիրելով Կոմիտեի նախագահի 30.06.2011 թվականի թիվ 1/756 հրամանը, գտել է, որ այն վարչական ակտ է, քանի որ վերոնշյալ օրենսդրական դրույթների վերլուծության արդյունքում ակնհայտ է, որ վարչական ակտը պարտադիր պետք է տարածվի վարչական մարմնից (վերջինիս ազդեցության ոլորտից, ենթակայությունից) դուրս գտնվող անձանց վրա, այսինքն` ունենա արտաքին ներգործություն: Արդյունքում Դատարանը եզրակացրել է, որ հանրային ծառայությունը դադարեցնելու մասին հրամանը հանդիսանում է վարչական ակտ, քանի որ, առաջին` ներգործում է մասնավոր անձի սուբյեկտիվ իրավունքների վրա և երկրորդ` դրա ներգործությունն անձի իրավունքների ոլորտին այնպիսին է, որ փոխում է անձի կարգավիճակը:
Վերաքննիչ դատարանը, Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժելիս հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 30.2-րդ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածները, պատճառաբանել է, որ քաղաքացուն վերապահված է օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության ընդունվելու իրավունք, իսկ հանրային ծառայությունը պետությանը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է նաև պետական ծառայությունը, որն էլ ընդգրկում է հատուկ ծառայությունները, այդ թվում նաև` մաքսային ծառայությունը, որպիսի ծառայության անցնելու կամ իրականացնելու հետ կապված վեճերի վերաբերյալ գործերն օրենքի ուժով ընդդատյա են Դատարանին, այսինքն` դիտվում են որպես հանրային իրավահարաբերություններից ծագող գործեր:
Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ Դատարանի պատճառաբանությունը հիմնավոր է, քանի որ Կոմիտեի նախագահի 30.06.2011 թվականի թիվ 1/756 հրամանը, հետևաբար նաև Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 27.02.2012 թվականի թիվ 11-5/1566-12 գրությունը պարունակում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով միջամտող վարչական ակտին ներկայացվող բոլոր տարրերը:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ պատճառաբանություններն անհիմն են և չեն բխում սույն գործով կիրառման ենթակա իրավական նորմերի բնույթից հետևյալ պատճառաբանությամբ.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի իմաստով վարչական ակտի բնորոշման հատկանիշ է համարվում արտաքին ներգործությունը, հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակ հետապնդելը, և այդ ակտը պետք է ուղղված լինի անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն (տես` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչությունն ընդդեմ «Գևորգ-Ա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 3-918(ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 06.07.2007 թվականի որոշումը):
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր գործով վարչական ակտի հատկանիշների պարզաբանման համար դատարանը պետք է գնահատի վիճարկվող ակտի անհատական ակտ լինելու, վարչական մարմնի կողմից ընդունված լինելու, արտաքին ներգործություն ունենալու, հանրային իրավունքի բնագավառում ընդունված լինելու, կոնկրետ գործի կարգավորման նպատակ հետապնդելու, անձի համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու հանգամանքների միաժամանակյա առկայությունը (տե՛ս «Օլիմպ» արտադրական կոոպերատիվն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/4538/05/09 գործով Վճռաբեկ դատարանի 29.10.2010 թվականի որոշումը):
Մինչդեռ սույն գործով Կոմիտեի նախագահի 30.06.2011 թվականի թիվ 1/756 հրամանը, որով Գուգարքի տարածքային մաքսատան կապի խմբի ավագ մաքսային տեսուչ-կապավոր-խմբի ղեկավար Արտաշես Արտաշեսյանը 30.06.2011 թվականից ազատվել է մաքսային ծառայության պաշտոնից` «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի և 129-րդ հոդվածի հիման վրա, չի համարվում վարչական ակտ, քանի որ այն հանրային իրավունքի բնագավառում ընդունված անհատական ակտ չէ: Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ կատարված վերլուծությունների հաշվառմամբ գտնում է, որ Կոմիտեի նախագահի 30.06.2011 թվականի թիվ 1/756 հրամանի վիճարկման հետ կապված իրավահարաբերությունները ներառված են ոչ թե հանրային իրավունքի, այլ աշխատանքային իրավունքի կարգավորման ոլորտում, հետևաբար հրամանը չի պարունակում վարչական ակտին բնորոշ բոլոր հատկանիշները, այլ աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում ընդունված անհատական իրավական ակտ է: Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումը հիմնվում է նաև այն հանգամանքի վրա, որ Գուգարքի տարածքային մաքսատան կապի խմբի ավագ մաքսային տեսուչ-կապավոր-խմբի ղեկավար Արտաշես Արտաշեսյանն աշխատանքից ազատվել է հաստիքների կրճատման հիմքով, որպիսի իրավահարաբերությունը կրում է աշխատանքային բնույթ:
Այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև ստորադաս դատարանների այն պատճառաբանությանը, թե հայցվորին աշխատանքից ազատելու մասին անհատական իրավական ակտը վարչական ակտ է` նրա սուբյեկտիվ իրավունքների վրա ներգործության ինտենսիվությամբ պայմանավորված անձի կարգավիճակը փոխելու ունակության պատճառով: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը, 33-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը, ինչպես նաև «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը նախատեսում են հաստիքների կրճատման պատճառով պաշտոնից ազատված մաքսային ծառայողի գրանցումը մաքսային ծառայության կադրերի ռեզերվում` հետագայում ծառայությունը շարունակելու նպատակով: Սույն գործի փաստերի համաձայն` Արտաշես Արտաշեսյանը Կոմիտեի նախագահի 30.06.2011 թվականի հրամանով ազատվել է ոչ թե մաքսային ծառայությունից ընդհանրապես, այլ մաքսային ծառայության կոնկրետ պաշտոնից: Հաստիքների կրճատման հիմքով պաշտոնից ազատելու իրավական հետևանքը վերոհիշյալ օրինադրույթների պահանջների հաշվառմամբ կարող է լինել այն, որ Արտաշես Արտաշեսյանը գրանցվի մաքսային ծառայության կադրերի ռեզերվում` հետագայում ծառայությունը շարունակելու նպատակով: Հետևաբար, պաշտոնից ազատելու մասին հրամանն ուղղված չի եղել Արտաշես Արտաշեսյանի հետագա ծառայությունը մաքսային մարմիններում ընդհանրապես դադարեցնելուն, ինչը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հրամանով կարգավորվել են կողմերի միջև եղած զուտ աշխատանքային հարաբերությունները, իսկ ծառայությունից ազատված աշխատողի իրավական կարգավիճակն էլ փոխվել է այնքանով, որքանով որ նա այլևս չի կարող աշխատել մաքսային տեսուչ-կապավոր-խմբի ղեկավարի պաշտոնում` նշված հաստիքը կրճատվելու պատճառով, այլ խոսքով` հանրային ծառայողի նրա կարգավիճակը չի փոխվել այն աստիճան, որ նա այլևս իրավասու չլինի շարունակելու հանրային ծառայությունը: Նման պայմաններում հիմնավոր է նաև Կոմիտեի այն փաստարկը, որ Կոմիտեի նախագահն իրավասու չէ վերանայել իր իսկ արձակած հրամանն աշխատողին աշխատանքից ազատելու վերաբերյալ, հակառակ պարագայում կառաջանա մի իրավիճակ, երբ միևնույն անձը կհանդիսանա և գործատու, և աշխատանքային վեճը լուծող մարմին:
Ամփոփելով վերոշարադրյալ վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի ընդդատության հարցը լուծելիս դատարանները պետք է առաջնորդվեին վիճելի իրավահարաբերության բնույթով, իսկ այն աշխատանքային իրավահարաբերություն է, ուստի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դրա վերաբերյալ գործն ընդդատյա է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը: Բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ:
Վճռաբեկ դատարանը վերոնշյալ վերլուծությունների հիման վրա գտնում է, որ սույն գործն ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանի քննությանը, հետևաբար սույն վարչական գործի վարույթը ենթակա է կարճման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.01.2013 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Ե. Սողոմոնյան