06.09.2024 -
040.0307.010411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 մարտի 2011 թվականի N 307-Ն
ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տրակտորիստ-մեքենավարների գիտելիքների ստուգման և վարման իրավունքի վկայականների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման կարգը հաստատելու մասին» N 61-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի մարտի 24-ի
N 307-Ն որոշման
ԿԱՐԳ
ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայական (այսուհետ` տրակտորիստ-մեքենավարի վկայական) ստանալու (այսուհետ` որակավորման) նպատակով քննության կազմակերպման, անցկացման, տրակտորիստ-մեքենավարի վկայական տալու, ինչպես նաև տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի կարգի փոփոխման, վկայականների փոխանակման և կրկնօրինակների տրամադրման գործընթացները:
2. Որակավորման քննությունն անցկացնում ու արդյունքներն ամփոփում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի կողմից ստեղծված որակավորման տարածքային հանձնաժողովները (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մեկ անձ` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից (այսուհետ` նախարարություն) և մեկ անձ` տրակտորիստ-մեքենավարի դասընթացներ կազմակերպող պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող ուսումնական հաստատությունից (այսուհետ` ուսումնական հաստատություն):
(2-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)
3. Հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը:
(3-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)
II. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
4. Սույն կարգի 1-ին կետով սահմանված գործընթացները կազմակերպում է Նախարարությունը:
(4-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)
5. Տրակտորիստ-մեքենավարի վկայական ստանալու համար դիմող անձը (այսուհետ` դիմումատու) Նախարարության աշխատողին ներկայացնում է «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված հետևյալ փաստաթղթերը`
1) սահմանված ձևի դիմում.
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր).
3) տրակտորիստ-մեքենավարների դասընթացն ավարտելու մասին տրված ավարտական փաստաթղթի պատճենը.
4) 2 լուսանկար` 3 x 4 սմ չափսի (գունավոր).
5) պետական տուրքի վճարման անդորրագիր.
6) տրակտորիստ-մեքենավարի վկայականի պատճենը` վարման իրավունքի կարգը փոփոխելու դեպքում:
(5-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)
6. Սույն կարգի 5-րդ կետի 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակ փաստաթղթերի հետ միասին և Նախարարության աշխատողի կողմից համադրվելուց հետո բնօրինակները տեղում վերադարձվում են դիմումատուին:
(6-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)
7. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են Նախարարություն: Նախարարության աշխատողն ընդունում է փաստաթղթերը, ուսումնասիրում, ստուգում դրանց համապատասխանությունը սույն կարգի պահանջներին և դրանց անհամապատասխանության կամ թերի, կամ ոչ ամբողջական լինելու դեպքում դիմումատուին առաջարկում է քննության օրը ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Նախարարության աշխատողը, փաստաթղթերն ընդունելիս, դիմումատուին տրամադրում է համապատասխան հարցաշարը և տեղեկացնում որակավորման քննության անցկացման վայրի, ամսաթվի և ժամի մասին:
(7-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)
8. Որակավորման քննությունն անցկացվում է դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան 15 օր և ոչ շուտ, քան 10 օր հետո: Քննության անցկացման վայրի, ամսաթվի և ժամի մասին հանձնաժողովի անդամներին տեղեկացվում է քննության օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ:
9. Դիմումատուի կողմից սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացվելու դեպքում դիմումը հանձնաժողովի կողմից գրավոր մերժվում է, և այն նույն օրը տրամադրվում է դիմումատուին:
10. Որակավորման քննությունն անցկացվում է երկու փուլով`
1) առաջին փուլ. տեսական քննություն` գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնների և ճանապարհային երթևեկության կանոնների իմացության ստուգում.
2) երկրորդ փուլ. գործնական քննություն` գործնական վարման հմտության ստուգում:
11. Որակավորման քննության երկու փուլերն անցկացվում են նույն օրվա ընթացքում` ուսումնական հաստատությանը պատկանող տարածքում:
12. Որակավորման քննության առաջին փուլի համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվում են առանձին հարցաշարեր (այսուհետ` հարցաշար)` տրակտորիստ-մեքենավարների վարման իրավունքի առաջին, երկրորդ և երրորդ կարգերի համար:
(12-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)
13. Հանձնաժողովը տեսական քննությունն անցկացնում է հարցաշարերի հիման վրա կազմված հարցաթերթիկների միջոցով: Հարցաթերթիկները կազմվում են թեստավորման սկզբունքով: Յուրաքանչյուր հարցաթերթիկում նշված հարցաշարից ընդգրկվում է տասը հարց, որից հինգը` գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման կանոնների, և հինգը` ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ: Տեսական հարցերին պատասխանելու համար դիմումատուին տրվում է 60 րոպե ժամանակ: Հարցերի պատասխանները տրվում են գրավոր:
14. Հանձնաժողովը չի ստուգում դիմումատուի ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունը, եթե դիմումատուն ունի վարորդական վկայական և դիմել է երրորդ կարգի տրակտորիստ-մեքենավարի վկայական ստանալու համար:
15. Տեսական քննությունը համարվում է դրական հանձնած, եթե դիմումատուն ճիշտ է պատասխանել հարցաթերթիկում ընդգրկված յուրաքանչյուր ոլորտի հարցերից առնվազն երեքին: Դիմումատուին տեսական քննության պատասխանները հայտնում են քննությունն ավարտվելուց և արդյունքներն ամփոփվելուց անմիջապես հետո:
16. Գործնական քննությունն անցկացվում է տեսական քննության արդյունքների ամփոփումից հետո: Գործնական քննությանը մասնակցել թույլատրվում է միայն տեսական քննությունը դրական հանձնած դիմումատուին: Գործնական քննության անցկացման համար պահանջվող գյուղատնտեսական տեխնիկան ապահովում է ուսումնական հաստատությունը: Գործնական քննությունն անցկացվում է այն խմբին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայով, որի վարման համար տրվելու է տրակտորիստ-մեքենավարի վկայական:
17. Գործնական քննության դրական արդյունքի համար սահմանված նվազագույն պահանջներն են շարժիչի գործարկումը, տրակտորին գյուղատնտեսական մեքենայի կամ գործիքի կցումը, կարգավորումը և գյուղատնտեսական տեխնիկայի վարումը: Եթե դիմումատուն դիմել է առաջին կարգի տրակտորիստ-մեքենավարի վկայական ստանալու համար և չունի երկրորդ կամ երրորդ կարգի տրակտորիստ-մեքենավարի վկայական, գործնական քննության համար, բացի սույն կետի առաջին պարբերությունում սահմանված նվազագույն պահանջներից, սահմանվում է նաև օրենքով սահմանված «E» և «F» խմբերին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայի գործարկման և այդ տեխնիկայի աշխատանքային հնարավորությունների ցուցադրման պահանջը:
18. Գործնական քննության արդյունքների մասին հանձնաժողովի որոշումն ընդունվում է քվեարկությամբ` հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
19. Որակավորման քննության ավարտից անմիջապես հետո արդյունքներն ամփոփվում են, և հանձնաժողովը նույն օրը տալիս է տրակտորիստ-մեքենավարի` վարման իրավունքի վկայական տրամադրելու համար քննության արդյունքների մասին եզրակացություն` համաձայն N 1 ձևի, որն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի անդամների կողմից: Այն կազմվում է երեք օրինակից, որոնցից մեկը պահվում է Նախարարության աշխատողի մոտ, մյուսը նույն օրը տրվում է դիմումատուին, իսկ երրորդը հանձնաժողովի նախագահը երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:
(19-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)
20. Տեսական քննության կամ գործնական քննության արդյունքների մասին հանձնաժողովի բացասական որոշման դեպքում հանձնաժողովը կազմում է բացասական եզրակացություն:
21. Հանձնաժողովի` որակավորման քննության մասին բացասական եզրակացություն ստանալու դեպքում դիմումատուն կարող է կրկին մասնակցել քննությանը` սույն կարգով սահմանված ընդհանուր դրույթներին համապատասխան:
22. Որակավորման քննության ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողովի` որակավորման քննության մասին դրական եզրակացության հիման վրա, Նախարարությունը տվյալ անձին տրամադրում է տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայական (74 x 105 մմ չափսի)` համաձայն N 2 ձևի, որի համապատասխան կարգի տողում կատարվում է «Թույլատրվում է» նշումը:
(22-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)
23. Տրակտորիստ-մեքենավարների վկայականները, փոխանակված վկայականները, ինչպես նաև տրակտորիստ-մեքենավարների վկայականների կրկնօրինակները Նախարարության աշխատողի կողմից հաշվառվում են տրակտորիստ-մեքենավարների վարման իրավունքի վկայականների հաշվառման գրանցամատյանում` համաձայն N 3 ձևի:
(23-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)
III. ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՄԱՆ, ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
24. Տրակտորիստ-մեքենավարների վարման իրավունքի կարգի փոփոխման գործընթացն իրականացվում է սույն կարգի ընդհանուր դրույթներին համապատասխան:
25. Տրակտորիստ-մեքենավարների վարման իրավունքի կարգի փոփոխման նպատակով դիմումատուն Նախարարություն աշխատողին է ներկայացնում սույն կարգի 5-րդ կետով սահմանված բոլոր փաստաթղթերը:
(25-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)
26. Տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականի փոխանակման դեպքում տրակտորիստ-մեքենավարի հին վկայականը դակելու (կտրելու) միջոցով անվավեր ճանաչվելուց հետո պահպանվում է Նախարարությունում:
(26-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)
27. Տրակտորիստ-մեքենավարի վկայականի կրկնօրինակն ստանալու նպատակով դիմումատուն Նախարարության աշխատողին է ներկայացնում սույն կարգի 5-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը:
(27-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)
28. Տրակտորիստ-մեքենավարի վկայականի կրկնօրինակը դիմումատուին է տրամադրվում պահանջվող փաստաթղթերը Նախարարության աշխատողին ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
(28-րդ կետը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)
29. Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված (այդ թվում` այլ պետություններում փոխանակված), ինչպես նաև նախկին ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից տրված տրակտորիստ-մեքենավարի վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքում` այն տնօրինողին սույն կարգով սահմանված կարգով նույն խմբի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի նոր վկայական է տրվում` առանց որակավորման քննություն հանձնելու, երեք աշխատանքային օրվա ընթացքում:
(հավելվածը փոփ. 05.09.2024 թիվ 1416-Ն որոշում)
Ձև N 1
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ ________________ մարզ ___ ___________ 20 թ.
._____________________________________________________________________.
|NN |Ազգանունը,|Ծննդյան|ՈՒսում- |Դասըն- |Ստուգման արդյունքները|Եզրա- |
|ը/կ|անունը, |օրը, |նական |թացներն|_____________________|կացու-|
| |հայրանունը|ամիսը, |հաստա- |ավար- |ճանապար|շահա- |գործ- |թյուն |
| | |տարե- |տության |տելու |հային |գործ- |նական | |
| | |թիվը |անվանումը|մասին |երթևե- |ման |հմտու-| |
| | | | |փաստա- |կության|կանոն-|թյուն-| |
| | | | |թուղթը |կանոն- |ներ |ներ | |
| | | | | |ներ | | | |
|___|__________|_______|_________|_______|_______|______|______|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
._____________________________________________________________________.
Հանձնաժողովի նախագահ _________________ ___________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Հանձնաժողովի անդամներ _________________ ___________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_________________ ___________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ձև N 2
(Հայաստանի Հանրապետության
զինանշանը)
ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ
TRACTOR DRIVER CERTIFICATE
«ՄՏԶ» մակնիշի տրակտորի պատկերը
REPՍBLIC OF ARMENIA
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ TRACTOR DRIVER CERTIFICATE
ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐԻ ՎԿԱՅԱԿԱՆ
._________________________________.
Անունը ____________________ |Տրակտորների և ինքնագնաց |Թույլ-|
|մեքենաների խմբերը, որոնց |տվու- |
Ազգանունը _________________ |վարման համար տրված է |թյան |
|վկայականը |մասին |
Հայրանունը_________________ | |նշումը|
|__________________________|______|
Ծննդյան տարեթիվը _____________ |«A» խումբ` անիվավոր | |
._______. |տրակտորներ, որոնք ունեն | |
| | |մինչև 14 կիլոնյուտոն | |
Սերիա ___ N ______ | | |(մինչև 80 ձիաուժից) | |
._______. |շարժիչի հզորություն | |
|__________________________|______|
Տրված է ՀՀ ններքին գործերի |«B» խումբ` անիվավոր | |
նախարարության կողմից |տրակտորներ, որոնք ունեն 14| |
|կիլոնյուտոնից (80 | |
|ձիաուժից) բարձր շարժիչի | |
|հզորություն | |
|__________________________|______|
|«C» խումբ` ընդհանուր | |
________________________ |նշանակության թրթուրավոր | |
(հանձնաժողովի նախագահի |տրակտորներ | |
ստորագրությունը) |__________________________|______|
Կ.Տ. |«D» խումբ` գյուղատնտեսական| |
___ _____________ 20 թ. |ինքնագնաց մեքենաներ, որոնք| |
|գործում են մեխանիկական | |
Վկայականի տիրոջ ստորագրությունը` |շարժահաղորդմամբ | |
__________________________________ |__________________________|______|
|«E» խումբ` գյուղատնտեսական| |
|ինքնագնաց մեքենաներ, որոնք| |
|գործում են հիդրավլիկ | |
|շարժահաղորդմամբ | |
|__________________________|______|
|«F» խումբ` մելիորատիվ | |
|մեքենաներ, այդ թվում` | |
|մինչև 0,65 խոր. մետր | |
|շերեփի տարողությամբ | |
|էքսկավատորներ | |
._________________________________.
_________________________________
(հատուկ նշումներ)
(2-րդ ձևը փոփ. 11.05.18 թիվ 569-Ն որոշում)
Ձև N 3
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՏՐԱԿՏՈՐԻՍՏ-ՄԵՔԵՆԱՎԱՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
._____________________________________________________________________.
|NN |Ազգանունը,|Ծննդյան|Դիմումատուի|Վկայա-|Տրված |Վկայականի|Ստացողի|
|ը/կ|անունը, |օրը, |հաշվառման |կանը |վկայականի|սերիան |ստորա- |
| |հայրանունը|ամիսը, |վայրը |տալու |կարգը |և համարը|գրու- |
| | |տարե- | |ամսա- | | |թյունը |
| | |թիվը | |թիվը | | | |
|___|__________|_______|___________|______|_________|_________|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|__________|_______|___________|______|_________|_________|_______|
| | | | | | | | |
|___|__________|_______|___________|______|_________|_________|_______|
| | | | | | | | |
|___|__________|_______|___________|______|_________|_________|_______|
| | | | | | | | |
._____________________________________________________________________.