Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆ ԻՐԱՎԱՍՈՒ Է Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆ ԻՐԱՎԱՍՈՒ Է ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/8884/05/18     

    դատարանի որոշում                      2022 թ.          

Վարչական գործ թիվ ՎԴ/8884/05/18

Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան

    Դատավորներ`        Կ. Ավետիսյան

                       Ա. Թովմասյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ`

Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ք. Մկոյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

 

2022 թվականի նոյեմբերի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տիգրան Ղազարյանի ընդդեմ Կոմիտեի` Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 25.04.2018 թվականի թիվ 775-Ա և Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 22.06.2018 թվականի թիվ 35/2 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Տիգրան Ղազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 25.04.2018 թվականի թիվ 775-Ա և Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 22.06.2018 թվականի թիվ 35/2 որոշումները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 18.06.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.10.2020 թվականի որոշմամբ Տիգրան Ղազարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 18.06.2019 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 27-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի «բ» կետը, 29.1-րդ հոդվածը, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասը, իրավահարաբերության ծագման պահին գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է այն վարչական ակտին, որով առաջադրվել է հարկային պարտավորություն, մինչդեռ, պարտավորությունների գանձման որոշմամբ հարկային պարտավորություն չի առաջադրվում, այլ կայացվում է արդեն իսկ առկա և օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չվճարված պարտավորությունների գանձման վերաբերյալ որոշում: ՈՒստի, քանի դեռ հարկային պարտավորությունը չի դադարել, այդ թվում` դատական ակտով, գանձման որոշումն ընթացակարգային խախտման հիմքով անվավեր ճանաչված լինելու դեպքում անձնական հաշվի քարտում փոփոխություն չի կարող կատարվել:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից բարձրացված այն հարցին, որ նույն պարտավորության վերաբերյալ իրականացվել է կրկնակի վարչարարություն, այսինքն` կայացվել է երկրորդ գանձման որոշում, ապա բողոք բերած անձը նշել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում իմպերատիվ նորմ, որով արգելվում է իրականացնել կրկնակի վարչական վարույթ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի տառացի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ այն վերաբերում է միայն դիմումով հարուցված վարչական վարույթներին: Մինչդեռ, քննարկվող դեպքում վիճարկվող վարչական ակտի վարույթը հարուցվել է ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով` հարկային մարմնի նախաձեռնությամբ:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.10.2020 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել համապատասխան դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի Գյումրու ՏՀՏ պետը 13.03.2013 թվականին կայացրել է թիվ 0235 որոշումը` հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին, որով սահմանվել է, որ ժամանակին չկատարված հարկային պարտավորությունը կազմում է 424.668 ՀՀ դրամ (հիմք` Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 22.06.2018 թվականի որոշում, հատոր 1-ին, գ.թ. 58-62,).

2) Թիվ ՎԴ5/0084/05/14 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 15.05.2015 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Կոմիտեի Գյումրու ՏՀՏ պետի 13.03.2013 թվականի թիվ 0235 որոշումը ճանաչվել է անվավեր (հատոր 1-ին, գ.թ. 7-16):

3) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» 25.04.2018 թվականի թիվ 775-Ա որոշման համաձայն` Տիգրան Ղազարյանից ենթակա է գանձման 421.668 ՀՀ դրամ: Նշված որոշման հիմքում դրվել են այն նույն իրավական և փաստական հիմքերը, որոնց հիման վրա ընդունվել էր Գյումրու ՏՀՏ պետի 13.03.2013 թվականի թիվ 0235 որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 64-66):

4) Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 22.06.2018 թվականի թիվ 35/2 որոշման համաձայն` Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 25.04.2018 թվականի թիվ 775-Ա որոշման դեմ Տիգրան Ղազարյանի դիմում-բողոքը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 58-62):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հերքվում է ստորև ներկայացվող պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը` արդյո՞ք վարչական մարմինն իրավասու է սեփական նախաձեռնությամբ հարուցել վարչական վարույթ և միջամտող վարչական ակտ ընդունել այն անձի վերաբերյալ, որի նկատմամբ միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով նախկինում ընդունված վարչական ակտը ճանաչվել է անվավեր` օրենքի խախտմամբ ընդունված լինելու հիմքով` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

i

ՀՀ Սահմանադրության` «Պատշաճ վարչարարության իրավունքը» վերտառությամբ 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական մարմինների հիմնական գործառութային նպատակը Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված պատվիրանների կատարումն է` իրավական պետության սկզբունքներին և կանոններին համապատասխան:

i

Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածում ամրագրվել է, որ նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները:

Վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնք իրենց ամրագրում են ստացել վերոգրյալ օրենքի 2-րդ գլխում, վարչական իրավունքի ոլորտում որոշակիացնում են սահմանադրական սկզբունքները` հանդիսանալով վարչարարության նորմատիվ ուղենիշեր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչարարության հիմնարար սկզբունքները վարչական իրավունքի առանցքային հիմնադրույթներն են, որոնք, ընդհանուր առմամբ, ուղղորդում են վարչական մարմինների ցանկացած գործունեություն: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչարարության հիմնարար սկզբունքների կարգավորիչ դերը կայանում է նրանում, որ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարությունը պետք է համապատասխանի նշված սկզբունքներին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում ամրագրվել են վարչարարության հետևյալ հիմնարար սկզբունքները.

- վարչարարության օրինականության սկզբունքը (հոդված 4-րդ),

- ձևական պահանջները չարաշահելու արգելքի սկզբունքը (հոդված 5-րդ),

- հայեցողական լիազորությունների սահմանափակման սկզբունքը (հոդված 6-րդ),

- կամայականության արգելքի սկզբունքը (հոդված 7-րդ),

- վարչարարության համաչափության սկզբունքը (հոդված 8-րդ),

- առավելագույնի սկզբունքը (հոդված 9-րդ),

- հավաստիության կանխավարկածի սկզբունքը (հոդված 10-րդ),

- տնտեսվարության սկզբունքը (հոդված 11-րդ):

Վերոգրյալ սկզբունքներից առանձնանում է վարչարարության օրինականության սկզբունքը, որը վարչական մարմիններին պարտադրում է հետևել օրենքների պահպանմանը: Նշված սկզբունքն ունի առանցքային նշանակություն և ընկած է մյուս բոլոր սկզբունքների հիմքում, քանի որ առանց այդ սկզբունքի մյուսներն իմաստազրկվում են:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատուկ ընդգծել, որ օրինականության սահմանադրական սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որպեսզի գործադիր իշխանության մարմինների գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության և օրենքի վրա: Օրենքի գերակայությունը նշանակում է, որ որևէ վարչարարություն չի կարող հակասել օրենքին կամ օրենքի ուժով վարչական մարմնի համար պարտադիր այլ իրավական ակտերին: Օրենքը գերակայում է վարչարարության հանդեպ, հետևաբար, ցանկացած վարչարարություն ենթարկվում, ստորադասվում է օրենքին թե՛ ըստ ձևի, թե՛ ըստ բովանդակության, հետևաբար ակներև է, որ վարչարարությունը եզրափակող իրավական ակտերը (նորմատիվ և վարչական) կամ ռեալ ակտերը (գործողությունները և անգործությունը) նույնպես պետք է համապատասխանեն օրենքին: Դրանք պետք է ընդունվեն կամ ձեռնարկվեն օրենքով սահմանված կարգով:

Ամբողջ վերոգրյալից հետևում է, որ վարչական մարմինների կողմից իրականացվող ցանկացած գործողություն պետք է համապատասխանի ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով վարչարարությունը բնորոշվում է որպես վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:

Վարչական ակտի ընդունմամբ եզրափակվող վարչարարությունը` վարչական վարույթի ընդհանուր դրույթները, հարուցման և ընթացիկ փուլերի առանձնահատկությունները սահմանված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ բաժնում (հոդվածներ 19-52):

i

Այսպես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ):

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` սույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ):

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու, այն է` գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու վարչական մարմնի պարտականությունը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշմամբ արձանագրել է, որ թեև իրավական պետության պայմաններում մասնավոր անձանց առնչվող վարչական մարմինների կողմից իրականացվող գործունեության իրավաչափության միակ չափանիշը նյութական իրավունքը չէ և վարչական մարմնի գործունեությունը նաև պետք է համապատասխանի օրենսդրի կողմից սահմանված ընթացակարգային պահանջներին, սակայն միաժամանակ ընթացակարգային պահանջները ՀՀ իրավական համակարգում ունեն օժանդակ գործառույթ: Ընթացակարգային պահանջների օժանդակ գործառույթի իրավական բնույթը կայանում է նրանում, որ ընթացակարգային պահանջներին հետևելու նպատակն իրավաչափ որոշում կայացնելն ու շահագրգիռ անձանց իրավունքների գործնականում արդյունավետ պաշտպանությունն ապահովելն է, և այն իրավահարաբերություններում որտեղ ընթացակարգային պահանջների պահպանման և իրավաչափ որոշում կայացնելու և շահագրգիռ անձանց իրավունքների գործնականում արդյունավետ պաշտպանելու միջև անմիջական կապը բացակայում է, ընթացակարգային պահանջները և դրանց խախտման իրավական հետևանքները հարաբերական բնույթ են կրում: Այսինքն` նյութական իրավունքի համեմատությամբ ընթացակարգային պահանջների օժանդակ գործառույթն արտահայտվում է նրանում, որ ընթացակարգային սխալները որոշիչ չեն, եթե չեն ազդում որոշման նյութական իրավաչափության վրա և չեն խախտում շահագրգիռ անձանց հիմնական իրավունքները (տե՛ս, Գիթա Հեյդարիմարանջեհն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության թիվ ՎԴ/6781/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վերը նշված իրավանորմերի և իրավական դիրքորոշման հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավական պետությունում, ինչպիսին է Հայաստանի Հանրապետությունը, վարչական մարմինների կողմից իրականացվող արտաքին ներգործություն ունեցող ոչ մի գործողություն չի կարող հակասել օրենսդրությանը: Ընդ որում, նշված պահանջը վերաբերում է ինչպես նյութաիրավական, այնպես էլ ընթացակարգային իրավանորմերին, քանի որ վարչական մարմինների գործունեության իրավաչափության միակ չափանիշը նյութական իրավունքը չէ և վարչական մարմնի գործունեությունը պետք է համապատասխանի նաև օրենսդրի կողմից սահմանված ընթացակարգային պահանջներին: Ընթացակարգային պահանջներին հետևելու նպատակն իրավաչափ որոշում կայացնելն ու շահագրգիռ անձանց իրավունքների գործնականում արդյունավետ պաշտպանությունն ապահովելն է: Հետևապես, եթե վարույթն իրականացրած մարմնի կողմից թույլ տրված ընթացակարգային խախտումը գնահատվել է էական (որոշիչ), որն ազդեցություն է ունեցել ակտի նյութական իրավաչափության վրա` այդպիսով հանգեցնելով դրա անվավերությանը, ապա չի կարող հետագայում այդ խախտումը վերացվելու միջոցով նույն անձի նկատմամբ վերջինիս դրսևորած վարքագծի հիման վրա վարչական մարմնի կողմից իրականացվել կրկնակի վարչարարություն և ընդունվել նոր վարչական ակտ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը 07.04.2018 թվականի թիվ ՎԴ2/0090/05/16 որոշմամբ անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված վարչական մարմնի լիազորությունների իրավաչափ իրականացման հարցին` արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը` «(...) Այլ կերպ ասած` իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով սահմանված իրավական նորմերը պետք է մեկնաբանել այնպես, որ հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ որոշում կայացնելու հարկային մարմնի լիազորությունը կիրառելի է միայն այն հարկային պարտավորությունների մասով, որոնք դեռևս հաստատված չեն որևէ վարչական ակտով, այսինքն` դեռևս որևէ վարչական ակտով առաջադրված չեն համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի նկատմամբ: Քննարկվող իրավադրույթների հակառակ մեկնաբանման դեպքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ իրավական համակարգում միաժամանակ գոյություն են ունենում և գործում են միևնույն հանրային իրավական դրամական պահանջին վերաբերող երկու տարբեր վարչական ակտեր, ինչը խաթարում է հանրային իրավահարաբերությունների կայունությունն ու այդ բնագավառում իրավական անվտանգությունը»:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած վերոնշյալ դիրքորոշման հիման վրա, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքի այն հիմքին, ըստ որի` օրենքը չի նախատեսում վարչական մարմնի կողմից կրկնակի վարչական վարույթ հարուցելու լիազորությունների մասով իմպերատիվ արգելք, հետևաբար ըստ բողոքաբերի վարչական մարմինը նման պայմաններում իրավասու է հարուցելու կրկնակի վարչական վարույթ:

Բողոքի նշված հիմքի շրջանակում անհրաժեշտ է գնահատման առարկա դարձնել նույն հիմքով, նույն անձանց և նույն առարկայի վերաբերյալ նախկինում վարչական վարույթ իրականացված լինելու պայմաններում նոր վարչական վարույթ հարուցելու և նոր վարչական ակտ ընդունելու վարչական մարմնի օրենքով սահմանված լիազորությունը:

i

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով` վարչական ակտի առկայության պայմաններում կրկին անգամ գանձման որոշում կայացնելու լիազորությամբ վարչական մարմինը` ի դեմս ՀՀ ՊԵԿ-ի օժտված չէ:

Հետևաբար` ելնելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված սահմանադրական կարգավորումներից, կարող ենք եզրահանգել, որ թիվ ՎԴ5/0084/05/14 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 15.05.2015 թվականի վճռով անվավեր ճանաչված վարչական ակտի պայմաններում, ՀՀ ՊԵԿ-ն որևէ նորմատիվ իրավական ակտով լիազորված չէր հարուցելու կրկնակի վարչական վարույթ: Նման լիազորության բացակայությունն ինքնին հիմք է տալիս վեր հանելու Օրենսդրի մտադրությունը և հանգելու հետևության, որ վարչական մարմինը վերը հիշատակված լիազորությամբ օժտված չէ:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 02.04.2014 թվականի թիվ ՍԴՈ-1142 որոշմամբ նշել է, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության և օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները: Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում` իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ:

i

Միևնույն ժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը 04.02.2014 թվականի թիվ ՍԴՈ-1137 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական պետության կարևորագույն տարրերից է օրինականության սկզբունքը, որը ենթադրում է նաև, որ իրավական ակտերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության պահանջներին:

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավունքի սուբյեկտների, մասնավորապես` միջամտող վարչական ակտի հասցեատերերի համար պետք է կանխատեսելի և որոշակի լինի, որ այն դեպքում, երբ վարչական կամ դատական կարգով հաստատվել է վարչական մարմնի կողմից օրենքի խախտմամբ իրականացված վարչարարության փաստը, ապա տվյալ դեպքում նույն վարչարարության արդյունքում կայացված վարչական ակտը վերացնելուց հետո անձն ունենում է ողջամիտ ակնկալիք, որ իր նկատմամբ ընդունված միջամտող վարչական ակտն այլևս չի կարող «վերակենդանանալ» այլ վարչական ակտի տեսքով` որպես կրկնակի իրականացված վարչական վարույթի հետևանք, իսկ վարչական մարմինների համար պետք է կանխատեսելի լինի, որ իրենց գործողություններում թերանալու և վարչական ակտը, օրենքի խախտմամբ (այդ թվում ընթացակարգային) ընդունված լինելու հիմքով, վարչական կամ դատական կարգով վերացվելու պարագայում իրենք այլևս զրկված են լինելու նույն անձի նկատմամբ նույնաբովանդակ ակտ ընդունելու հնարավորությունից:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հարկային պարտավորությունների առաջադրման վերաբերյալ վարչական ակտն անվավեր ճանաչված լինելու պայմաններում այդ նույն հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով նոր վարչական ակտի ընդունումը (անգամ եթե նոր ակտի ընդունման ժամանակ վերացվել են անվավեր ճանաչված վարչական ակտի ընդունման ժամանակ թույլ տրված խախտումները) կհանդիսանա նույն խախտման համար վարչական մարմնի կողմից կրկնակի վարչարարության իրականացում, որպիսի հնարավորության ընձեռումը վարչական մարմնի կողմից իրավունքի չարաշահման ռիսկեր կարող է պարունակել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ վարչական մարմինը անթիվ անգամներ նույն արարքի վերաբերյալ կայացնի վարչական ակտեր այնքան ժամանակ, մինչև վերջնականապես ընդունվի օրենսդրությանը համապատասխան վարչական ակտ:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ օրենսդրության նման մեկնաբանությունը խաթարում է հանրային իրավահարաբերությունների կայունությունն ու այդ բնագավառում իրավական անվտանգությունը, ինչպես նաև այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են իրավական որոշակիությունը և կամայականության արգելքը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերոգրյալ իրավիճակներից անհրաժեշտ է տարբերակել այն դեպքերը, երբ վարչական ակտն ընդունելուն ուղղված վարչական վարույթն իրականացվել է օրենքով սահմանված պահանջների, այդ թվում ընթացակարգային նորմերի պահպանմամբ, սակայն հետագայում այդ նորմերից որևէ մեկը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հիման վրա վարչական ակտն անվավեր ճանաչվելու պարագայում վարչական մարմինը պետք է ունենա նոր վարչական վարույթ հարուցելու և այդ դիրքորոշումների հաշվառմամբ նոր վարչարարություն իրականացնելու ու վարչական ակտ ընդունելու հնարավորություն, քանի որ տվյալ իրավիճակում վարչական ակտի անվավերության հիմքում դատարանի կողմից դրվում է ոչ թե վարչական մարմնի անփութության հետևանքով օրենքի խախտման հիմքը, այլ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշման հիման վրա վարչական մարմնի կիրառած իրավանորմի իրավաչափության հարցը` դրա` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքով սահմանված կարգով իրականացված վարչարարության արդյունքում վարչական մարմնի կողմից ընդունված վարչական ակտով (որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ) հանրային իրավունքի բնագավառում կարգավորվում է կոնկրետ գործ, իսկ իրավական որոշակիության սկզբունքն իրենից ենթադրում է, որ վարչական մարմինը չպետք է ունենա վերջնական և պարտադիր վարչական ակտի վերանայման հնարավորություն` զուտ գործի կրկնակի քննության և գործով նոր վարչական ակտ կայացնելու նպատակով: Ընդ որում, այն դեպքերում, երբ վարչական ակտն անվավեր է ճանաչվում վարչական մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված ընթացակարգային նորմերի պահանջների խախտված լինելու հիմքով, որոնք ազդեցություն են ունեցել որոշման նյութական իրավաչափության վրա և խախտել շահագրգիռ անձանց հիմնական իրավունքները, ապա տվյալ դեպքում վարչական մարմինը չի կարող իրականացնել գործի կրկնակի քննություն և վերացնելով գործի քննության նախորդ վարույթի շրջանակներում թույլ տրված խախտումները` կայացնել նույնաբովանդակ վարչական ակտ: Հակառակ դեպքում, ընթացակարգային իրավանորմերի խախտումներով ընդունված վարչական ակտերը վերացվելուց հետո միևնույն հարցի վերաբերյալ երկրորդ և ավելի անգամներ վարչական վարույթ հարուցելու և նոր վարչական ակտ ընդունելու հնարավորությունը ոչ միայն չի համապատասխանի սույն որոշմամբ վկայակոչված իրավակարգավորումներին և դրանց վերաբերյալ արված վերլուծություններին, այլ նաև ուղղակիորեն կնպաստի վարչական մարմնի կողմից ընթացակարգային իրավանորմերի պարբերական անտեսմանը` ստեղծելով իրավական որոշակիությունն ու անվտանգությունը խաթարող պարարտ միջավայր: Ավելին, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման գործելաոճը նաև էական չափով հարկատուների միջոցների հաշվին գոյացող պետական բյուջեի միջոցների վատնում կլինի, քանի որ վարչական մարմնի անբարեխիղճ գործելաոճի հետևանքով միևնույն հարցի վերաբերյալ կհարուցվեն և կիրականացվեն մեկից ավելի վարույթներ` կատարելով լրացուցիչ, չարդարացված ծախսեր: Ընդ որում, որոշ դեպքերում այդ ծախսերը կարող են գերազանցել նույնիսկ գանձման առաջադրվող հարկային պարտավորությունների չափը: ՈՒստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անվավեր ճանաչված միջամտող վարչական ակտով (անկախ այն հանգամանքից, թե ինչ հիմքով է այն ճանաչվել անվավեր) առաջադրված պարտավորությունները չեն կարող կրկին առաջադրվել նոր վարչական ակտի տեսքով:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Տիգրան Ղազարյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 25.04.2018 թվականի թիվ 775-Ա և Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 22.06.2018 թվականի թիվ 35/2 որոշումները:

Դատարանը մերժել է Տիգրան Ղազարյանի հայցը` պատճառաբանելով, որ վիճարկվող` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի 25.04.2018 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 775-Ա որոշումն իրավաչափ վարչական ակտ է, քանի որ ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության իրավաչափ կիրառման արդյունքում, ինչը նշանակում է, որ առկա չէ վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով սահմանված հիմքերը, ուստի բացակայում է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի 22.06.2018 թվականի թիվ 35/2 որոշումը վերացնելու իրավական հիմքը:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Տիգրան Ղազարյանի վերաքննիչ բողոքը և անվավեր է ճանաչել իրավաբանական վարչության պետի 25.04.2018 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 775-Ա որոշումը` պատճառաբանելով, որ որևէ միջամտող վարչական ակտ որևէ հիմքով (ընթացակարգային և (կամ) նյութական) դատարանի օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտով անվավեր ճանաչվելուց հետո այլևս չի կարող նույն հասցեատիրոջ միևնույն արարքի համար ընդունվել նոր վարչական ակտ: Նման պայմաններում հիմնավոր չի որակվում միևնույն արարքի համար միևնույն հիմքով հայցվորի նկատմամբ վերստին վարչական ակտ ընդունելու վարչական մարմնի հնարավորության մասին Դատարանի եզրահանգումը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանի փաստարկները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Կոմիտեի Գյումրու ՏՀՏ պետը 13.03.2013 թվականին կայացրել է թիվ 0235 որոշումը` հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին, որով սահմանվել է, որ ժամանակին չկատարված հարկային պարտավորությունը կազմում է 424.668 ՀՀ դրամ (հիմք` Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 22.06.2018 թվականի որոշում, հատոր 1-ին, գ.թ. 58-62):

Թիվ ՎԴ5/0084/05/14 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 15.05.2015 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Կոմիտեի Գյումրու ՏՀՏ պետի 13.03.2013 թվականի թիվ 0235 որոշումը ճանաչվել է անվավեր:

Կոմիտեի իրավաբանական վարչության պետի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» 25.04.2018 թվականի թիվ 775-Ա որոշման համաձայն` Տիգրան Ղազարյանից ենթակա է գանձման 421.668 ՀՀ դրամ: Նշված որոշման հիմքում դրվել են այն նույն իրավական և փաստական հիմքերը, որոնց հիման վրա ընդունվել էր Գյումրու ՏՀՏ պետի 13.03.2013 թվականի թիվ 0235 որոշումը:

Կոմիտե հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 22.06.2018 թվականի թիվ 35/2 որոշման համաձայն` Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 25.04.2018 թվականի թիվ 775-Ա որոշման դեմ Տիգրան Ղազարյանի դիմում-բողոքը մերժվել է:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անորոշ ժամկետով ընդունված գրավոր վարչական ակտը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխարինվել մեկ այլ վարչական ակտով կամ սույն օրենքով սահմանված կարգով անվավեր կամ ուժը կորցրած չի ճանաչվել, կամ օրենքով նախատեսված որևէ այլ հիմքով դրա գործողությունը չի դադարեցվել:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:

i

Նույն օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն` անվավեր ճանաչված ոչ իրավաչափ վարչական ակտը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների:

i

ՀՀ հարկային օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկման հանձնաժողովի կամ դատարանի որոշմամբ ստուգման (վերստուգման) ակտը, ուսումնասիրության արձանագրությունը կամ վարչական ակտը չեղյալ համարվելու դեպքում, ինչպես նաև Օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերով պայմանավորված, անձնական հաշվի քարտերում (հատուկ անձնական հաշվի քարտերում) կատարված գրանցումները ենթակա են փոփոխման, իսկ մասնակի փոփոխման դեպքում գրանցվում են տվյալ և նախորդ որոշման և ստուգման (վերստուգման, ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) արդյունքների գումարային տարբերությունները` օրենսգրքի 320-րդ հոդվածին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անվավեր ճանաչված վարչական ակտով արձանագրված հարկային պարտավորությունները վարչական մարմնի կողմից կրկնակի վարչարարության արդյունքում նոր վարչական ակտի տեսքով կրկին առաջադրելու հնարավորությունը կհանգեցնի նրան, որ վերջինս այլևս կաշկանդված չի լինի օրենքով և վարչարարությունը կիրականացնի կամայականորեն` հիմնվելով այն հանգամանքի վրա, որ նույնիսկ իր կողմից իրականացված վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտն անվավեր ճանաչվելու պարագայում վերջինիս ընձեռված է գործի կրկնակի քննության ընթացքում իր կողմից նախորդ քննության ժամանակ թույլ տրված թերությունները շտկելու հնարավորություն: Մինչդեռ, օրենսդիրը դատական ակտով վարչական ակտի իրավաբանական ուժը կորցնելու դեպքում նախատեսել է անձնական հաշվի քարտերում կատարված գրանցումները վերջինիս կողմից փոփոխելու պարտականություն:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ թեև հարկային պարտավորությունների առաջացման հիմքն օրենքն է և հենց օրենքի ուժով առաջացած հարկային պարտավորությունների առնչությամբ են տնտեսավարող սուբյեկտները լիազոր մարմին ներկայացնում համապատասխան հաշվարկ-հաշվետվություններ, այդուհանդերձ միշտ չէ, որ օրենքի ուժով առաջացած և հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված հարկային պարտավորությունները կատարվում են կամովին: Նման դեպքերի համար օրենսդիրը նախատեսել է հատուկ կարգավորում, որի համաձայն` օրենքի ուժով առաջացած հարկային պարտավորությունները կամովին չկատարելու դեպքում այդ պարտավորությունների հարկադիր կատարման ապահովման նպատակով ընդունվում է դրանք գանձման առաջադրելու մասին վարչական ակտ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական ակտի ընդունումը պայմանավորված է հանրային իրավունքի բնագավառում որոշակի հասարակական հարաբերություններ կարգավորող իրավական նորմի առկայությամբ, որը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտին (վարչական մարմնին) լիազորում է արձակել միակողմանի կարգադրություն` ուղղված կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը: Փաստորեն վարչական վարույթի հարուցման և վարչական ակտի ընդունման անհրաժեշտություն է առաջանում բոլոր այն դեպքերում, երբ հարկավոր է կարգավորել հանրային իրավունքի բնագավառում որևէ կոնկրետ հարց, որն առնչվում է վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքներին և պարտականություններին: Այսինքն` վարչական ակտի միջոցով համապատասխան իրավաբանական փաստերի առկայության դեպքում իրավական նորմերով սահմանված վերացական հանրային սուբյեկտիվ իրավունքները կամ պարտականությունները ստանում են անհատականացված ուղղվածություն` վերագրվում են կոնկրետ հասցեատերերի` ձեռք բերելով պարտադիր կատարման ենթակա լինելու հատկանիշ (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Երվանդ Ալեյանի թիվ ՎԴ2/0016/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով մինչև 01.01.2018 թվականը գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի կարգավորմանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ իրավանորմով նախատեսված վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարկ վճարողի կողմից իր հարկային պարտավորությունները կամովին չկատարվելու դեպքում այդ պարտավորության հարկադիր կատարումը գործող օրենսդրության պայմաններում հնարավոր է իրականացնել միայն համապատասխան անբողոքարկելի վարչական ակտի առկայության դեպքում: Այլ կերպ ասած` իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված որոշման հարկադիր կատարման միջոցով իրավասու վարչական մարմինը հնարավորություն է ստանում փաստացի ապահովել հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարների մուտքը պետական կամ համայնքային բյուջե, իսկ նման որոշման բացակայության պայմաններում հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գործնականում չեն կարող բռնագանձվել հօգուտ պետության կամ համայնքի: (...):

i

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով սահմանված` հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ որոշում (հանրային իրավական դրամական պահանջի վերաբերյալ վարչական ակտ) կայացնելու կառուցակարգը կիրառելի է միայն այն դեպքերում, երբ հարկ վճարողի տվյալ հարկային պարտավորությունները դեռևս հաստատված չեն որևէ վարչական ակտով, օրինակ` ստուգման ակտով, և առաջացել են, օրինակ` հարկային մարմին ներկայացրած հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) հիման վրա կամ անմիջականորեն օրենքի ուժով (գույքահարկ, հողի հարկ): (...) այն դեպքում, երբ հարկ վճարողների հարկային պարտավորություններն արդեն իսկ առաջադրված են վարչական ակտով, ապա իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով սահմանված` հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ որոշում (հանրային իրավական դրամական պահանջի վերաբերյալ վարչական ակտ) կայացնելու կառուցակարգը կիրառելի չէ (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Մարինե Թադևոսյանի թիվ ՎԴ/1073/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

i

01.01.2018 թվականից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» 398-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվել է, որ հարկային մարմնում վարվող` հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում, բացառությամբ ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքերի, հարկային մարմնի նախաձեռնությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ, եթե չվճարված հարկային պարտավորության չափը գերազանցում է 200 հազար դրամը կամ հարկային պարտավորության առաջացման օրվանից հետո անցել է երկու ամսից ավելի ժամանակ:

Վերոգրյալ իրավակարգավորումներից բխում է, որ վարչական ակտերն ընդունվում են հենց օրենքի ուժով առաջացած հարկային պարտավորությունների գանձնման նպատակով, հետևաբար ցանկացած հիմքով այդ վարչական ակտերն անվավեր ճանաչելու պարագայում դրանով առաջացած գումարները չեն կարող վարչական մարմնի կողմից նոր վարչական ակտ կայացնելու միջոցով գանձվել: Բայցևայնպես, անձը չի կարող ազատվել հարկային պարտավորության կատարումից հետևյալ հիմնավորմամբ.

i

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Նշված կանոնից Սահմանադրությունը որևէ բացառություն չի նախատեսում, ավելին` բացառում է հարկային պարտավորությունից ազատելու հնարավորությունը: Վերոնշյալ նորմատիվ իրավական ակտի իմաստային (նպատակային) մեկնաբանության արդյունքում կարող ենք գալ այն եզրահանգման, որ ՀՀ օրենսդրությունը ի դեմս ՀՀ իրավական համակարգում բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի` Սահմանադրության, սահմանում է յուրաքանչյուրի հարկեր, տուրքեր և այլ վճարներ վճարելուց ազատվելու անհնարինությունը, իսկ ՀՀ «Հարկային» օրենսգրքի 45-րդ հոդվածը սահմանում է միայն հարկային պարտավորության դադարման դեպքերը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքով առաջացած հարկային պարտավորությունից անձը չի կարող ազատվել, այն չի կարող դադարել, քանի դեռ առկա չէ ՀՀ «Հարկային» օրենսգրքի 45-րդ հոդվածով նախատեսված հարկային պարտավորության դադարման հիմքերից որևէ մեկը: Հետևաբար ՀՀ ՊԵԿ-ը իրավասու է կիրառելու իր լիազորություններից բխող բոլոր իրավաչափ ներգործության այլ միջոցները հարկային պարտավորության գծով չվճարված գումարները գանձելու համար, բայց ոչ` հարկային պարտավորության գծով ժամանակին չվճարված գումարը գանձելու մասին նոր վարչական ակտ ընդունելով:

Ինչ վերաբերում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի տառացի մեկնաբանության վերաբերյալ բողոքաբերի այն պնդմանը, որ այն վերաբերում է միայն դիմումով հարուցված վարչական վարույթներին, ապա համաձայնելով բողոքաբերի մեկնաբանման կանոնի կիրառմամբ կատարված պնդմանը, Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը բացառում է նույն անձի, միևնույն առարկայի և միևնույն հիմքով վարչական կամ դատական ակտի առկայության պայմաններում երկրորդ վարչական վարույթի հնարավորությունը: Ինչպես իրավացիորեն նկատել է բողոքաբերը այս կանոնը վերաբերում է անձի դիմումով հարուցված վարչական վարույթներին: Վարչական մարմնի նախաձեռնությամբ վարույթի կարճման հիմքերն այլ են: Օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի կառուցվածքը և վարչական վարույթը կարճելու հիմքերը շարադրել է, հաշվի առնելով վարույթի փուլերը և հիմքերը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նախորդող որևէ նորմով վարչական մարմինը լիազորված չէ նույն անձանց մասնակցությամբ, նույն հիմքերով, նույն առարկայի մասին վարչական վարույթ նախաձեռնելու: Սակայն օրենսդիրը չի բացառել, որ վարչական վարույթ նախաձեռնելու դիմող սուբյեկտները կարող են նման վարքագիծ դրսևորել և կրկին դիմեն վարչական մարմին կրկնակի վարույթ իրականացնելու մասին դիմումով: Այս իրավիճակի կարգավորմանն է ուղղված «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված համապատասխան հիմքը, որով օրենսդիրը հստակ արտահայտել է նույն անձի, միևնույն առարկայի և միևնույն հիմքով վարչական կամ դատական ակտի առկայության պայմաններում երկրորդ վարչական վարույթի հնարավորությունը բացառելու նպատակը:

i

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ եթե օրենսդիրը անձի դիմումի հիման վրա բացառել է նույն անձի, միևնույն առարկայի և միևնույն հիմքով վարչական կամ դատական ակտի առկայության պայմաններում երկրորդ վարչական վարույթի հնարավորությունը, առավել ևս բացառված է երկրորդ վարչական վարույթ հարուցելու լիազորությամբ չօժտված վարչական մարմնի կողմից նման վարույթ հարուցելու իրավական հնարավորությունը (տե՛ս Գոհար Հակոբյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/8932/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.05.2022 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտն ընդունվել է նույն արարքի համար կրկնակի վարչարարության իրականացման արդյունքում, որի հետևանքով ոչ իրավաչափ վարչական ակտով անձը ծանրաբեռնվել է հարկային պարտավորությունները հարկադիր կատարելու պարտականությամբ, ուստի Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը, անվավեր ճանաչելով Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 25.04.2018 թվականի թիվ 775-Ա որոշումը, և որպես հետևանք ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 22.06.2018 թվականի թիվ 35/2 որոշումը, կայացրել է պատճառաբանված և հիմնավորված դատական ակտ, հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատական սխալ թույլ տալու մասին վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և Դատարանի վճռին օրինական ուժ տալու համար: Նշվածը բավարար հիմք է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Կոմիտեի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2020 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ք. Մկոյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում 4 նոյեմբերի 2022 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.11.2022
N ՎԴ/8884/05/18
Որոշում