Սեղմել Esc փակելու համար:
ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՍ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՍ ԱՆՁԻ` ԲՆԱԿԱՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քրեական                             ԵՇԴ/0073/07/15        

դատարանի որոշում

Գործ թիվ ԵՇԴ/0073/07/15

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ            Դ. Ավետիսյանի   

                   մասնակցությամբ դատավորներ Ս. Օհանյանի     

                                             Հ. Ասատրյանի    

                                             Ս. Ավետիսյանի   

                                             Ե. Դանիելյանի   

                                             Ա. Պողոսյանի    

 

                   քարտուղարությամբ          Հ. Պետրոսյանի

 

2015 թվականի դեկտեմբերի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի ապրիլի 13-ի որոշման դեմ դիմողներ Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի ներկայացուցիչ Արմեն Ֆերոյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում 2015 թվականի մարտի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով հարուցվել է թիվ 11114015 քրեական գործը: Նույն բաժնի քննիչ Ս. Նազարյանի` 2015 թվականի մարտի 9-ի որոշմամբ վերոհիշյալ քրեական գործն ընդունվել է վարույթ:

2. Քննիչ Ս. Նազարյանը (այսուհետ նաև` Քննիչ) 2015 թվականի մարտի 26-ին որոշում է կայացրել «Բնակարանի խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին»:

 

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2015 թվականի մարտի 26-ի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է:

3. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 26-ի որոշման դեմ դիմողներ Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի ներկայացուցիչ Արմեն Ֆերոյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը` թողնվել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի ապրիլի 13-ի որոշման դեմ դիմողներ Ս. Թադևոսյանի և Ս. Նաջարյանի ներկայացուցիչ Ա. Ֆերոյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2015 թվականի ապրիլի 10-ին փաստաբան Արմեն Ֆերոյանի դիմումի հիման վրա վերջինիս տրամադրված` 2003 թվականի սեպտեմբերի 9-ին կազմված սեփականության իրավունքի գրանցման թիվ 1844580 վկայականի (այսուհետ նաև` Սեփականության իրավունքի վկայական)` կնիքով հաստատված պատճենի համաձայն` Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի (նախկին անվանումը` Ծերեթելու փողոց) 48 շենքի թիվ 15 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Սիրուն Նաջարյանին (տե՛ս Նյութեր, հատոր 2, թերթ 17, 19, 20-24):

6. Ս. Թադևոսյանի կողմից 2011 թվականի մայիսի 11-ին ոստիկանություն ներկայացված` անձնագիր տալու մասին դիմումում որպես նրա բնակության վայր նշված է «Ս. Տարոնցի փ., 7 շ., բն. 35» հասցեն (տե՛ս Նյութեր, հատոր 1, թերթ 8):

7. Քննիչի` 2015 թվականի մարտի 26-ի «Բնակարանի խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին» որոշման համաձայն` «Անհայտ անձը, 2015 թվականի մարտի 06-ի ժամը 17:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, հարմարեցրած բանալիով բացել է Նաիրա Խաչիկի Մանասերյանին պատկանող Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 63/1 շենքի 12-րդ բնակարանի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել բնակարան և գաղտնի հափշտակել ընդհանուրը` 2.000.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր:

(...)

2015 թվականի մարտի 26-ին ոստիկանության Շենգավիթի բաժնից ստացվել է թիվ 28/1-3498 գրությունն այն մասին, որ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հնարավոր է հափշտակված ոսկյա զարդերը թաքցրած լինեն Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանին պատկանող Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի թիվ 15 բնակարանում:

Նկատի ունենալով, որ հնարավոր է Սեպուհ Թադևոսյանի հիշյալ բնակարանում, նշված բնակարանին կից օժանդակ շինություններում պահված լինեն հափշտակված ոսկյա զարդերը, (...) միջնորդություն հարուցել (...) Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանի` Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի 15 բնակարանում և դրան կից օժանդակ շինություններում երեք օրվա ընթացքում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար» (տե՛ս Նյութեր, հատոր 1, թերթ 3):

8. 2015 թվականի մարտի 26-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Ա. Հովհաննիսյանի կողմից Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ս. Մկրտչյանին հասցեագրված թիվ 28/1-3498 գրության (այսուհետ նաև` Գրություն) համաձայն` «(...) Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ-ում ստացվել է հավաստի օպերատիվ տեղեկություններ, որ հափշտակված ոսկյա զարդերը հնարավոր է թաքցրած լինեն Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանին /ծնվ. 01.06.1982 թ., բն. ք. Երևան Արտաշիսյան փող. 48 շենք 15 բն./ պատկանող Երևան քաղաքի Արտաշիսյան փող. 48 շ. 15 բնակարանում» (տե՛ս Նյութեր, հատոր 1, թերթ 4):

9. Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 26-ի որոշման համաձայն` «(...) Դատարանն արձանագրելով, որ հնարավոր է, Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանի` Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի 15 բնակարանում և օժանդակ կառույցներում խուզարկությամբ հայտնաբերվեն ոսկյա զարդերը, գտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Ս. Նազարյանի միջնորդությունը ենթակա է բավարարման»:

Որոշման եզրափակիչ մասը ձևակերպված է հետևյալ կերպ. «Միջնորդությունը բավարարել: Թույլատրել 2015թ. մարտի 26-ից մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում կատարելու խուզարկություն Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանի` Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի 15 բնակարանում և օժանդակ կառույցներում:

(...)» (տե՛ս Նյութեր, հատոր 1, թերթ 11):

10. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի ապրիլի 13-ի որոշման համաձայն` «(...) Ինչպես երևում է գործի նյութերից, քրեական գործը հարուցվել է Նաիրա Մանասերյանին պատկանող Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 63/1 շենքի 12-րդ բնակարան ապօրինի մուտք գործելու և գաղտնի 2.000.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր հափշտակելու առթիվ:

Համաձայն գործի նյութերի, թիվ 28/1-3498 գրությամբ հաղորդագրություն է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին այն մասին, որ հափշտակված ոսկյա զարդերը հնարավոր է թաքցված լինեն Սեպուհ Թադևոսյանին պատկանող Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի 15 բնակարանում:

Քննիչը նկատի ունենալով, որ հափշտակված ոսկյա զարդերը հնարավոր է պահված լինեն նշված բնակարանում, միջնորդություն է ներկայացրել Ս. Թադևոսյանի բնակարանում խուզարկություն կատարելու համար:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննիչն իր որոշմամբ ներկայացրել է խուզարկություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ:

(...) Վերլուծելով գործի նյութերը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը սույն գործով հանգել է ճիշտ հետևության, որ սույն գործում առկա է հիմքեր, ինչը բավարար է ենթադրելու, որ Սեպուհ Թադևոսյանի հիշյալ բնակարանում և բնակարանին կից օժանդակ շինություններում կարող են պահվել հափշտակված ոսկյա զարդերը:

(...) Վերաքննիչ դատարանը վերոշարադրյալ հիմքերով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 26-ի վերոհիշյալ որոշումը համարում է ճիշտ, իսկ վերաքննիչ բողոքում բերված եզրահանգումներն` անհիմն: (...)» (տե՛ս Նյութեր, հատոր 2, թերթ 29-33):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ սույն գործով դատարանները կայացրել են անօրինական, չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտեր:

Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը բավարարել է բնակարանում խուզարկություն կատարելու մասին քննիչի միջնորդությունը, թեև այն հիմնված է եղել միայն օպերատիվ տվյալի հիման վրա: Մինչդեռ, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը չի կարող մեկնաբանվել այնպես, որ ընդամենը մեկ օպերատիվ տեղեկատվության հիման վրա այն սահմանափակվի: Հակառակ դեպքում քրեական հետապնդում իրականացնող մարմինը կարող է սեփական քմահաճությամբ, կամայականորեն խուզարկել ցանկացած բնակարան` ընդամենը կեղծ օպերատիվ տեղեկություն վկայակոչելով: Ըստ բողոքի հեղինակի` այդ պարագայում իմաստազրկվում է դատարան դիմելու անհրաժեշտությունը:

Բողոքաբերը նշել է, որ միայն օպերատիվ տվյալի հիման վրա խուզարկության թույլտվություն տալու հարցի վերաբերյալ տարբեր դատարանների կողմից դրսևորվում է տարբերվող մոտեցում: Մի դեպքում դատավորը միայն օպերատիվ տեղեկության հիման վրա բավարարում է բնակարանում խուզարկություն կատարելու մասին քննիչի միջնորդությունը, իսկ մյուս դեպքում` բացառապես օպերատիվ տվյալի հիման վրա բնակարանի խուզարկություն կատարելու միջնորդությունը` մերժվում է: Ի հիմնավորումն իր այս պնդման` բողոքաբերը ներկայացրել է «Խուզարկություն կատարելու միջնորդությունը քննության առնելու մասին» Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հունիսի 19-ի թիվ ԵԱԴԴ/0074/07/14 որոշումը, որում առկա է հետևյալ ձևակերպումը. «Քննիչը Դեմուրի Գիգաուրու բնակության վայրում խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը պատճառաբանել է միայն ոստիկանության կողմից ներկայացված օպերատիվ տվյալով, ինչը բավարար չէ ենթադրություն անելու, որ Դ. Գիգաուրու բնակության վայրում կարող են հայտնաբերվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք և քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ իրեր»:

12. Բողոքաբերը նշել է նաև, որ ըստ Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 26-ի որոշման` խուզարկությունը պետք է իրականացվեր Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանին պատկանող բնակարանում, մինչդեռ խուզարկություն է կատարվել Սիրուն Նաջարյանին պատկանող բնակարանում: Այդ խուզարկությունը կատարելու համար ժամանած ոստիկաններին ներկայացվել է առարկություն, որ Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանն այդ բնակարանում չի բնակվում և այն նրա բնակարանը չէ: Այդուհանդերձ խուզարկությունը կատարվել է, և դրանով ուղղակիորեն խախտվել է Սիրուն Նաջարյանի` բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, հետևաբար այդ գործողությունը, որպես օրենքի խախտմամբ կատարված գործողություն, ենթակա է անվավեր ճանաչման:

13. Վճռաբեկ բողոք բերած անձը նշել է նաև, որ խուզարկություն կատարելու նպատակով ժամանած ոստիկանները տեղեկացվել են, որ Սեպուհ Թադևոսյանը Հոլանդիայից Հայաստան է եկել եղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար, հետևաբար` 2015 թվականի մարտի 4-ին մահացած եղբոր մահը սգալով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սեպուհ Թադևոսյանը չէր կարող 2015 թվականի մարտի 6-ին` ժամը 17:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, եղբոր հոգեհանգստի արարողության ժամանակ, գողություն կատարել կամ գողացված ոսկյա զարդեր թաքցնել իր ենթադրյալ բնակարանում:

Վճռաբեկ բողոքի հեղինակը շեշտել է, որ վիճարկվող դատական ակտի կայացման համար հիմք է հանդիսացել ակնհայտ կեղծ օպերատիվ տեղեկատվությունը, ինչի մասին ուղղակիորեն վկայում է այն հանգամանքը, որ եղբոր մահը սգացող Սեպուհ Թադևոսյանը հոգեհանգստի արարողության ժամանակ չէր կարող գողություն կատարել կամ գողոն թաքցնել:

14. Բողոքաբերը փաստարկել է, որ իր բարձրացրած խնդիրներին, մասնավորապես քննիչի կողմից թույլ տրված խախտումներին, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել և կայացրել է չհիմնավորված ու չպատճառաբանված դատական ակտ:

Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ սույն գործով կայացված դատական ակտերը հակասում են Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 գործով որոշմանը, քանի որ ստորադաս դատարանների վերոհիշյալ դատական ակտերը չեն հիմնավորվել և չեն պատճառաբանվել, իսկ չպատճառաբանված և չհիմնավորված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը:

15. Վճռաբեկ բողոքի հեղինակը խնդրել է Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումներն ամբողջությամբ բեկանել և փոփոխել, բնակարանում խուզարկություն կատարելու մասին քննիչի ներկայացրած միջնորդությունը մերժել, ճանաչել 2015 թվականի մարտի 28-ին կատարված խուզարկությամբ Սիրուն Նաջարյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը, իսկ կատարված խուզարկությունը` որպես օրենքի խախտմամբ իրականացված գործողություն` համարել անվավեր:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խուզարկություն կատարելը թույլատրելիս անձի` բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

17. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` «Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանի` Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի 15 բնակարանում և օժանդակ կառույցներում» խուզարկություն կատարելը թույլատրելիս ստորադաս դատարանները պահպանել են արդյոք անձի` բնակարանի անձեռնմխելիության իրավունքը:

 

I. Միջազգային-իրավական չափանիշները.

 

18. «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի (այսուհետ նաև` Դաշնագիր) 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ոչ ոք չի կարող ենթարկվել (...) քմահաճ կամ անօրինական ոտնձգության իր բնակարանի անձեռնմխելիության (...) նկատմամբ»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն.

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր (...) բնակարանի (...) նկատմամբ հարգանքի իրավունք:

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Մեջբերված միջազգային-իրավական նորմերով նախատեսված է անձի` բնակարանի անձեռնմխելիության իրավունքը: Վերջինս անձի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի բաղադրատարր է և, որպես այդպիսին, հանդիսանում է անձի և հասարակության բնականոն գործունեության ու զարգացման կարևոր նախապայման: Նշվածի հաշվառմամբ միջազգային իրավական մի շարք փաստաթղթերով նախատեսված են բնակարանի անձեռնմխելիության իրավունքի նվազագույն երաշխիքները:

19. Այսպես, Դաշնագրով նախատեսված է բնակարանի անձեռնմխելիության նկատմամբ «քմահաճ կամ անօրինական ոտնձգության» արգելք: Ընդ որում Դաշնագրի 17-րդ հոդվածի կապակցությամբ Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտեի (HRC)` 1988 թվականի ապրիլի 8-ի «Անձնական, ընտանեկան կյանքի, բնակարանի և հաղորդակցության հարգման ու պատվի և համբավի պաշտպանության իրավունքի մասին» թիվ 16 ընդհանուր նկատառման (General Comment No. 16, Article 17: The right to respect of privacy, family, home and correspondence, and protection of honour and reputation) 3-րդ պարագրաֆի համաձայն` «անօրինական» եզրույթը նշանակում է, որ միջամտություն ընդհանրապես չի կարող տեղի ունենալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պետությունների կողմից թույլատրվող միջամտությունը կարող է իրականացվել միայն օրենքի հիման վրա, որն էլ իր հերթին պետք է համապատասխանի Դաշնագրի դրույթներին, նպատակներին և խնդիրներին:

Նույն փաստաթղթի 4-րդ պարագրաֆի համաձայն` «քմահաճ ոտնձգություն» արտահայտությունը կարող է տարածվել նաև օրենքով թույլատրելի միջամտության դեպքերի վրա: Քմահաճության հասկացության ներդնումը կոչված է ապահովել, որպեսզի օրենքով թույլատրելի միջամտությունը համապատասխանի Դաշնագրի դրույթներին, նպատակներին, խնդիրներին և բոլոր դեպքերում լինի կոնկրետ հանգամանքներում հիմնավորված:

20. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) իր հերթին, անդրադառնալով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի մեկնաբանությանը, կայուն նախադեպային պրակտիկա է ձևավորել առ այն, որ անձի` բնակարանի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից պետք է լինի արդարացված, այսինքն`

- պետք է կատարվի «օրենքին համապատասխան»,

- հետապնդի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված մեկ կամ մի քանի օրինական նպատակ,

- այդ նպատակներին հասնելը պետք է լինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» (տե՛ս, ի թիվս այլնի, Սմիրնովն ընդդեմ Ռուսաստանի (Smirnov v. Russia) գործով 2007 թվականի հունիսի 7-ի վճիռ, գանգատ թիվ 71362/01, կետ 37, Կոլեսնիչենկոն ընդդեմ Ռուսաստանի (Kolesnichenko v. Russia) գործով 2009 թվականի ապրիլի 9-ի վճիռ, գանգատ թիվ 19856/04, կետ 30):

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն «անհրաժեշտություն» հասկացությունը ենթադրում է, որ միջամտությունը համապատասխանում է անհետաձգելի հասարակական պահանջին և համաչափ է հետապնդվող նպատակին: Միջամտության` «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ» լինելը գնահատելիս Եվրոպական դատարանը հաշվի է առնում, որ հայեցողության որոշակի շրջանակ թողնված է Պետություններին: Այնուամենայնիվ, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված բացառությունները պետք է նեղ մեկնաբանվեն և դրանց անհրաժեշտությունը կոնկրետ գործով պետք է համոզիչ կերպով հաստատվի: Մասնավորապես, բնակարանի խուզարկության առնչությամբ Եվրոպական դատարանը գնահատում է` արդյոք այդ միջոցի կիրառման անհրաժեշտության համար ներկայացված հիմքերը եղել են «վերաբերելի» և «բավարար» և արդյոք վերոնշյալ համաչափության սկզբունքը պահպանված է: Վերջինիս կապակցությամբ Եվրոպական դատարանը նախ պարզում է` արդյոք համապատասխան օրենսդրությունը և պրակտիկան անձանց տրամադրում են համարժեք և արդյունավետ երաշխիքներ չարաշահումների դեմ, այնուհետև հաշվի է առնում գործի կոնկրետ հանգամանքները` պարզելու համար արդյոք միջամտությունը եղել է համաչափ հետապնդվող նպատակին (տե՛ս, Սմիրնովն ընդդեմ Ռուսաստանի (Smirnov v. Russia) գործով 2007 թվականի հունիսի 7-ի վճիռ, գանգատ թիվ 71362/01, կետեր 43-44): Որպես վերջին հանգամանքի գնահատման չափանիշ Եվրոպական դատարանը, ի թիվս այլնի, հիմք է ընդունում այն հանցագործության ծանրությունը, որի կապակցությամբ խուզարկությունը կատարվում է, թույլտվությունը տալու կարգը և հանգամանքները, մասնավորապես` այդ պահին հավելյալ ապացույցների առկայությունը, թույլտվության բովանդակությունը և սահմանները` հատուկ ուշադրություն դարձնելով խուզարկվող բնակարանի բնույթին և այն երաշխիքներին, որոնք կիրառվել են միջամտության ազդեցությունը ողջամտորեն սահմանափակելու համար (տե՛ս, Բաքն ընդդեմ Գերմանիայի (Buck v. Germany) գործով 2005 թվականի ապրիլի 28-ի վճիռ, գանգատ թիվ 41604/98, կետ 45):

 

II. Ներպետական իրավական կարգավորումները.

 

21. ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն. «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:

Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Բնակարանը կարող է խուզարկվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով` դատարանի որոշմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ` մուտք գործել նրա բնակարանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

i

2. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` սույն օրենսգրքով սահմանված կարգով: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն` «1. Քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու և վերցնելու համար:

2. Խուզարկություն կարող է կատարվել նաև հետախուզվող անձանց, հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց, ինչպես նաև դիակները հայտնաբերելու համար:

3. Բնակարանի խուզարկությունը կատարվում է միայն դատարանի որոշմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածը սահմանում է, որ.

i

«1. Դատարանում վարույթն սկսելու հիմք է ծառայում (...) քննիչի (...) պատճառաբանված որոշման մեջ պարունակվող միջնորդությունը` համապատասխան գործողություններ կատարելու մասին թույլտվություն ստանալու համար:

2. Որոշման պատճառաբանական մասում պետք է նշվեն տվյալներ այն հանցագործության մասին, որի առիթով մտադրություն կա կատարել համապատասխան քննչական գործողություն, ինչպիսի տվյալներ պետք է ստացվեն քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների սահմանափակման հետ կապված այդպիսի գործողությունների արդյունքում, համապատասխան գործողությունների կատարման ժամկետը, տեղը, անմիջական կատարողները, արդյունքների ամրագրման ձևը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են դատարանին օրինական և հիմնավորված որոշում ընդունելու համար: Եթե այդ նյութերը բավարար չեն, դատավորն իրավունք ունի պահանջել` լրացնել դրանք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն.

i

«Միջնորդության քննումն ավարտելուց հետո դատավորը որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը»:

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված` անձի հիմնական իրավունքների գերակայության հիմնադրույթից բխում է, որ հանրային շահի համեմատ մարդու իրավունքի գերակայությունը կանխավարկած է, քանի դեռ կոնկրետ դեպքում, հանրային շահի կարևորությունից ելնելով, այդ կանխավարկածը պատշաճ ընթացակարգով չի հաղթահարվում: Նշվածից ելնելով անձի իրավունքի սահմանափակման իրավաչափությունը գնահատելու յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել կոնկրետ գործով հանրային շահի կարևորությունը:

Հաշվի առնելով, որ խուզարկությունը դասվում է այն քննչական գործողությունների շարքին, որոնք էականորեն սահմանափակում են անձի` բնակարանի անձեռնմխելիության իրավունքը` ներպետական օրենսդրությամբ միջազգային իրավական չափանիշների հաշվառմամբ նախատեսված են դրա օրինականությանը և արդարացվածության ապահովմանն ուղղված մի շարք կարգավորումներ, որոնք իրենց հերթին անձանց իրավունքների ապահովման երաշխիքներ են:

Այսպես, օրենսդիրը, խուզարկությունը դասելով նախնական դատական վերահսկողության օբյեկտների շարքին, հստակ սահմանել է ինչպես խուզարկություն կատարելու թույլտվություն տալու, այնպես էլ այն իրականացնելու փուլերին առաջադրվող մի շարք պահանջներ: Մասնավորապես, խուզարկություն կատարելու թույլտվություն տալու փուլին առաջադրվող հիմնական պահանջներից է դրա կատարման համար փաստական և իրավական հիմքերի առկայությունը:

 

II.I. Խուզարկության կատարման փաստական հիմքը.

 

22. Բնակարանի խուզարկության կատարման փաստական հիմքն այն բավարար տվյալներն են, որոնք հանգեցնում են ողջամիտ ենթադրության առ այն, որ տվյալ բնակարանում կարող են հայտնաբերվել գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, փաստաթղթեր, հետախուզվող կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձինք, ինչպես նաև դիակներ: Հաշվի առնելով, որ բնակարանում խուզարկություն կատարելը կապված է անձի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի էական սահմանափակման, ինչպես նաև հարկադրանքի կիրառման հետ` դրա կատարման փաստական հիմքին պետք է ներկայացվեն խիստ պահանջներ: Հակառակ մոտեցումը կհանգեցնի կամայականությունների` խախտելով միջամտության համաչափության սկզբունքը:

Այսպես, խուզարկության կատարման փաստական հիմք կարող է հանդես գալ ցանկացած տվյալ, որը հնարավոր է գնահատման ենթարկել: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ այս փուլում տվյալի գնահատման չափանիշներին ներկայացվում են ավելի ցածր պահանջներ, քան անձի մեղավորության հարցի գնահատման ժամանակ ապացույցների գնահատմանը:

i

Խուզարկության կատարման փաստական հիմք կարող են հանդես գալ, որպես կանոն, քրեական գործի նյութերում առկա և որոշակի բնակարանում գործի համար նշանակություն ունեցող որոշակի առարկայի կամ անձի գտնվելու մասին տեղեկություններ պարունակող ապացույցները (կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, վկայի ցուցմունքներ և այլն): Ինչ վերաբերում է օպերատիվ-հետախուզական գործունեության տվյալներին` անհրաժեշտ է նշել, որ դրանք ապացույցների նկատմամբ ստորադաս բնույթ ունեն, սակայն որոշ դեպքերում անփոխարինելի և եզակի տվյալներ կարող են պարունակել որոշակի բնակարանում գործի համար նշանակություն ունեցող առարկաների կամ անձանց գտնվելու վերաբերյալ, հետևաբար օպերատիվ-հետախուզական գործունեության տվյալները վարույթն իրականացնող մարմնի կողմից անտեսելն անթույլատրելի է: Միևնույն ժամանակ օպերատիվ-հետախուզական գործունեության առանձնահատկություններով (մասնավորապես` գործունեության գաղտնի մեթոդների և միջոցների կիրառումը, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, աշխատանքի ձևերի, մեթոդների, ուժերի և միջոցների գաղտնապահությունը («Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված) պայմանավորված` մի շարք դեպքերում վարույթն իրականացնող մարմինը զրկված է գնահատելու օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տվյալները: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ստացված տվյալը հնարավոր է գնահատման ենթարկել, այն կարող է հանդես գալ որպես խուզարկության կատարման ինքնուրույն հիմք: Մասնավորապես, օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ստացված տվյալը գնահատելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է հաշվի առնի միջոցառման`

i

- կոնկրետ տեսակին («Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մաս) օրենքով առաջադրվող պահանջները: Այսպես, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով սահմանված է օպերատիվ-հետախուզական միջոցառումների որոշակի տեսակների նկատմամբ նախնական դատական վերահսկողության պահանջ, ինչը դրանց օրինականության գործուն երաշխիք է: Այդպիսի օպերատիվ-հետախուզական միջոցառումներն են` ներքին դիտումը, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկումը, հեռախոսային խոսակցությունների վերահսկումը, ֆինանսական տվյալների մատչելիության ապահովումը և ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկումը, կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը, ինչպես նաև արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառումը, եթե արտաքին դիտման արդյունքների ամրագրումն առանց տեխնիկական միջոցների օգտագործման հնարավոր չէ, և անձը (անձինք), որի (որոնց) նկատմամբ իրականացվում է արտաքին դիտումը, ողջամտորեն չէր (չէին) կարող ենթադրել դրա անցկացման հնարավորության մասին,

- արդյունքների ամրագրման եղանակը (օրինակ` տեխնիկական միջոցների կիրառման առկայությունը),

- աղբյուրի` օրենքով սահմանված կարգով բացահայտման հանգամանքը և այլն:

Իսկ այն դեպքում, երբ օպերատիվ-հետախուզական գործունեության տվյալի գնահատումն անհնար է, այն ինքնին խուզարկության հիմք չի կարող հանդիսանալ, սակայն այլ տվյալների (այդ թվում` օպերատիվ-քննչական իրադրության) հետ համակցությամբ կարող է հաշվի առնվել խուզարկության կատարման անհրաժեշտության հարցը լուծելիս, հատկապես քննության վաղ փուլերում, երբ համապատասխան ապացույցներ դեռ ձեռք չեն բերվել:

Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ դիրքորոշումը հիմնված է նաև Եվրոպական դատարանի` Ռատուշնան ընդդեմ ՈՒկրաինայի գործով արտահայտած իրավական դիրքորոշումների և կոնկրետ գործի փաստերին տրված գնահատականների վրա: Մասնավորապես, վկայակոչված որոշմամբ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ներպետական դատարանն ուներ որոշակի տվյալներ` ենթադրելու, որ Դիմումատուի որդին կարող էր ներգրավված լինել քննվող գողությանը և որ նա փաստացի մշտապես կամ զգալի ժամանակահատվածում բնակվել է Դիմումատուի տանը: Այսպես, առկա է եղել վկայի ցուցմունք, որի համաձայն գողության գիշերը Դիմումատուի որդու մեքենային նման մեքենա է նկատվել խանութի մոտ: Ավելին` Դիմումատուի որդին գործազուրկ է եղել և արձանագրվել է, որ նա ընկերական հարաբերություններ է ունեցել նախկինում գողության համար դատապարտված անձի հետ: Վերջապես, չնայած առկա էին վկաների ցուցմունքներ առ այն, որ Դիմումատուի որդին քննարկվող իրադարձությունների ժամանակ այլ քաղաքում է ապրել, առկա էին նաև փաստական տվյալներ և ցուցմունքներ այն մասին, որ նա ապրում էր Դիմումատուի հետ` նրա տանը: Վերոնշյալի հաշվառմամբ Եվրոպական դատարանը գտել է, որ այդ տվյալներն ունակ էին հանգեցնել համոզման, որ գողացված իրերը կարող էին պահվել Դիմումատուի բնակարանում: Եվրոպական դատարանն ընդգծել է, որ նման կասկած հարուցող փաստերը կարիք չունեն լինելու նույն մակարդակի, ինչպիսիք անհրաժեշտ են մեղադրանք առաջադրելու կամ անձին դատապարտելու համար: Նշելով նաև, որ ներպետական դատարանը կասկածը հաստատված է համարել` հղում կատարելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների վրա, գտել է, որ հավելյալ տվյալներ պահանջելն իրավացիորեն արդարացված չէր լինի` հաշվի առնելով քննության վաղ փուլը և մասնավորապես այն փաստը, որ որոշ էական ապացույցներ (այն է` գողացված իրերը) դեռ պետք է բացահայտվեին (տե՛ս Ռատուշնան ընդդեմ ՈՒկրաինայի (Ratushna v. Ukraine) գործով 2010 թվականի դեկտեմբերի 2-ի վճիռ, գանգատ թիվ 17318/06, կետեր 76-77, 80):

23. Անհրաժեշտ է ընդգծել, որ խուզարկության կատարման փաստական հիմք են «բավարար տվյալները»: Այլ խոսքով` տվյալների առկայությունն ինքնին խուզարկության կատարման փաստական հիմք չէ, քանի դեռ չի համապատասխանում բավարարության վերաբերյալ պահանջին: Տվյալների` բավարարության տեսանկյունից գնահատումը պետք է հանգեցնի այն ողջամիտ եզրահանգման, որ խուզարկության կատարման արդյունքում կարող են ձեռք բերվել փնտրվող առարկաները: Ընդ որում, օրենսդրորեն նախատեսված չէ տվյալների համակցության վերաբերյալ պահանջ: Այլ խոսքով` տվյալների բավարարության վերաբերյալ պահանջը որակական բնույթ է կրում. խուզարկության կատարման արդյունքում փնտրվող առարկաների հայտնաբերման հավանականության մասին եզրահանգումը կարող է հիմնված լինել ինչպես մեկ վերաբերելի և արժանահավատ տվյալի, այնպես էլ` տվյալների համակցության վրա:

 

II.II. Խուզարկության կատարման իրավական հիմքը.

 

24. Խուզարկության կատարման իրավական հիմքը խուզարկություն կատարելը թույլատրելու մասին դատարանի որոշումն է: Ընդ որում, դատարանի որոշման համար առիթ է հանդիսանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին նախաքննական մարմնի որոշումը:

Ինչպես նախաքննական մարմնի, այնպես էլ դատարանի որոշումները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված: Մասնավորապես, նախաքննական մարմնի որոշման պատճառաբանական մասում պետք է նշվեն տվյալներ այն հանցագործության մասին, որի առիթով մտադրություն կա կատարել խուզարկություն, ինչպիսի առարկաներ պետք է ստացվեն քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների սահմանափակման հետ կապված գործողության արդյունքում, դրա կատարման ժամկետը, այն բնակարանի նույնականացման տվյալները, որտեղ պետք է կատարվի խուզարկությունը, տվյալները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ փնտրվող առարկաները գտնվում են տվյալ բնակարանում, քննչական գործողության անմիջական կատարողները, արդյունքների ամրագրման ձևը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են դատարանին օրինական և հիմնավորված որոշում ընդունելու համար:

i

Դրան համապատասխան` միջնորդության քննման արդյունքում դատարանը որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Միջնորդության բավարարման դեպքում դատարանի որոշումը պետք է պարունակի նշում խուզարկության կատարման փաստական հիմքերի առկայության մասին, դրանց վերաբերելիության, արժանահավատության և բավարարության մասին հիմնավորումներ, փնտրվող առարկաների` գործի համար նշանակության վերաբերյալ հիմնավորումներ, ինչպես նաև հստակ նշում բնակարանի նույնականացման համար անհրաժեշտ տվյալների և փնտրվող առարկաների բնութագրի վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ որպես բնակարանի նույնականացման տվյալ պետք է նշվի դրա տեսակը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետ), գտնվելու վայրը` հասցեն, ինչպես նաև` ում է պատկանում կամ ում կողմից է մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում (սուբյեկտը, ում բնակարանի անձեռնմխելիության իրավունքը ենթակա է սահմանափակման): Դատարանին նշված տվյալների տրամադրումը և վերջինիս կողմից դրանց ստուգումը և դատական ակտում արտացոլումը երաշխիք է անձի` Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով նախատեսված` բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովման համար: Ավելին` «բնակարան» հասկացության տակ ներառվող որոշակի օբյեկտներ ունեն իրավական պաշտպանության ավելի բարձր աստիճան, որը ենթադրում է դրա անձեռնմխելիության սահմանափակման արգելք (օրինակ` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված օբյեկտները) կամ դրա համար ավելի խիստ պահանջներ (օրինակ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 449-րդ հոդվածով նախատեսված` դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվող օբյեկտները), իսկ առանց բնակարանի նույնականացման վերոնշյալ տվյալներն ունենալու անհնարին կլինի դրանց իրավական պաշտպանությունն ապահովելը:

25. Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ դիրքորոշումները հիմնված են նաև Եվրոպական դատարանի այն իրավական դիրքորոշումների վրա, որոնց համաձայն խուզարկության մասին որոշումները, որքանով հնարավոր է, պետք է ձևակերպվեն այն հաշվարկով, որպեսզի դրանց ազդեցությունը տարածվի ողջամիտ սահմաններում (տե՛ս Վան Ռոսեմն ընդդեմ Բելգիայի (Van Rossem v. Belgium) գործով 2004 թվականի դեկտեմբերի 9-ի վճիռ, գանգատ թիվ 41872/98, կետ 45, Իլյա Ստեֆանովն ընդդեմ Բուլղարիայի (Iliya Stefanov v. Bulgaria) գործով 2008 թվականի մայիսի 22-ի վճիռ, գանգատ թիվ 65755/01, կետ 41): Խուզարկության վերաբերյալ յուրաքանչյուր որոշում պետք է պարունակի որոշակի նվազագույն տեղեկություններ, որոնք կապահովեն խուզարկություն կատարող անձանց գործողությունների օրինականության հետագա ստուգման հնարավորությունը (տե՛ս Վան Ռոսեմն ընդդեմ Բելգիայի (Van Rossem v. Belgium) գործով 2004 թվականի դեկտեմբերի 9-ի վճիռ, գանգատ թիվ 41872/98, կետ 45):

Վերը վկայակոչված Սմիրնովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված` բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում է ճանաչել, ի թիվս այլնի, հիմք ընդունելով, որ խուզարկության որոշումը կազմված էր չափազանց ընդարձակ եզրույթներով, այն չէր պարունակում որևէ տվյալ` շարունակվող վարույթի, խուզարկության նպատակի և այն պատճառների մասին, որոնք հիմք են հանդիսացել ենթադրելու, որ տվյալ անձի բնակարանում խուզարկություն կատարելու արդյունքում կարող են ձեռք բերվել որևէ հանցագործության ապացույցներ: Մասնավորապես, ներպետական դատարանը, նշելով, որ խուզարկության թույլտվությունը արդարացված էր, հղում է կատարել չորս անվանական փաստաթղթերի և այլ չորոշակիացված նյութերի` առանց նկարագրելու դրանցից որևէ մեկի բովանդակությունը: Դատարանը չի ներկայացրել որևէ հիմնավորում այդ նյութերի վերաբերելիության մասին, ավելին` չորս փաստաթղթերից երկուսը հայտնվել են խուզարկության կատարումից հետո: Արդյունքում` Եվրոպական դատարանը գտել է, որ պետական մարմինները թույլ են տվել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (տե՛ս վկայակոչված որոշման 47-րդ կետը):

 

III. Իրավական կարգավորումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 

26. Գործի փաստերից երևում է, որ Քննիչը` բնակարանի խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին որոշմամբ նշել է, որ անհայտ անձի կողմից 2015 թվականի մարտի 6-ի ժամը 17:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում Նաիրա Խաչիկի Մանասերյանին պատկանող Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 63/1 շենքի 12-րդ բնակարանից 2.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր գաղտնի հափշտակելու դեպքի կապակցությամբ Շենգավիթի բաժնից ստացվել է թիվ 28/1-3498 գրությունն այն մասին, որ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հնարավոր է հափշտակված ոսկյա զարդերը թաքցրած լինեն Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանին պատկանող Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի թիվ 15 բնակարանում: Նկատի ունենալով, որ հնարավոր է Սեպուհ Թադևոսյանի հիշյալ բնակարանում, նշված բնակարանին կից օժանդակ շինություններում պահված լինեն հափշտակված ոսկյա զարդերը` Քննիչը միջնորդություն է հարուցել «Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանի` Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի 15 բնակարանում և դրան կից օժանդակ շինություններում երեք օրվա ընթացքում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար» (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Նյութերում առկա է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Ա. Հովհաննիսյանի` 2015 թվականի մարտի 26-ի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ս.Մկրտչյանին հասցեագրված թիվ 28/1-3498 գրությունը, որի համաձայն` «(...) Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ-ում ստացվել է հավաստի օպերատիվ տեղեկություններ, որ հափշտակված ոսկյա զարդերը հնարավոր է թաքցրած լինեն Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանին /ծնվ. 01.06.1982թ., բն. ք. Երևան Արտաշիսյան փող. 48 շենք 15 բն./ պատկանող Երևան քաղաքի Արտաշիսյան փող. 48 շ. 15 բնակարանում» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով, որ հնարավոր է` Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանի` Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի 15 բնակարանում և օժանդակ կառույցներում խուզարկությամբ հայտնաբերվեն ոսկյա զարդերը, գտել է, որ Քննիչի միջնորդությունը ենթակա է բավարարման: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը որոշել է. «Միջնորդությունը բավարարել: Թույլատրել 2015 թվ. մարտի 26-ից մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում կատարելու խուզարկություն Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանի` Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի 15 բնակարանում և օժանդակ կառույցներում)» (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին, ստուգելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը, գտել է, որ Քննիչն իր որոշմամբ ներկայացրել է խուզարկություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, իսկ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության, որ սույն գործում առկա են հիմքեր, ինչը բավարար է ենթադրելու, որ Սեպուհ Թադևոսյանի հիշյալ բնակարանում և բնակարանին կից օժանդակ շինություններում կարող են պահվել հափշտակված ոսկյա զարդերը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

27. Նախորդ կետում մեջբերված փաստերի նկատմամբ կիրառելով սույն որոշման 18-25-րդ կետերում շարադրված իրավական նորմերը և դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ.

- Քննիչի միջնորդության մեջ որպես խուզարկության փաստական հիմք վկայակոչվել է միայն Շենգավիթի բաժնից ստացված թիվ 28/1-3498 գրությունն այն մասին, որ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հնարավոր է հափշտակված ոսկյա զարդերը թաքցված լինեն Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանին պատկանող Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի թիվ 15 բնակարանում,

- Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ վկայակոչել է գրությունը և դրա հիման վրա եզրահանգել, որ հնարավոր է, որ Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանի` Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի 15 բնակարանում և օժանդակ կառույցներում խուզարկությամբ հայտնաբերվեն ոսկյա զարդերը` բավարարելով Քննիչի միջնորդությունը,

- Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին գտել է, որ Քննիչն իր որոշմամբ ներկայացրել է խուզարկություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, իսկ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության:

27.1. Վերոգրյալից հետևում է, որ ստորադաս դատարանները որպես խուզարկություն կատարելու թույլտվություն տալու հիմք են դիտարկել միայն Շենգավիթի բաժնից ստացված վերոնշյալ գրությունը` առանց գնահատման ենթարկելու դրանում առկա տվյալները: Այսպես, ստորադաս դատարաններն անտեսել են հանգամանքներն առ այն, որ օպերատիվ տեղեկությունների ձեռքբերումը դասվում է այն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շարքին, որոնք ընդգրկված չեն նախնական դատական վերահսկողության օբյեկտների շրջանակում, դրա արդյունքն ամրագրված է միայն փաստաթղթային ձևով, աղբյուրը բացահայտված չէ: Գործի նյութերում առկա չեն այլ հանգամանքներ, որոնք հնարավորություն կտան գնահատել այդ տվյալը, ինչպես նաև բացակայում են այլ տվյալներ, որոնց հետ համակցությամբ քննարկվող օպերատիվ տվյալը կարող էր հիմք հանդիսանալ խուզարկություն կատարելու թույլտվություն տալու համար: Նման պայմաններում` միայն վկայակոչված օպերատիվ տվյալի հիման վրա խուզարկություն կատարելու թույլտվություն տալը բովանդակազրկել է քննարկվող քննչական գործողության նկատմամբ դատական վերահսկողության էությունը, այն դարձել է ձևական, իսկ անձի` բնակարանի անձեռնմխելիության իրավունքը` վերացական և պատրանքային, ինչն անթույլատրելի է:

27.2. Բացի այդ` գործի փաստերից հետևում է, որ ինչպես Քննիչը, այնպես էլ ստորադաս դատարանները որպես Բնակարանի նույնականացման տվյալ նշել են, որ այն պատկանում է Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանին: Մինչդեռ ինչպես միջնորդության մեջ, այնպես էլ ստորադաս դատարանների հետևություններում առկա չէ որևէ հիմնավորում, իսկ գործի նյութերում որևէ պատշաճ փաստաթուղթ այն մասին, թե Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանն ինչ առնչություն ունի (սեփականատերն է, բնակվում է կամ բնակվել է) Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի 15 բնակարանի հետ, այն պայմաններում, որ Ս. Թադևոսյանի կողմից 2011 թվականի մայիսի 11-ին ոստիկանություն ներկայացված` անձնագիր տալու մասին դիմումում որպես նրա բնակության վայր նշված է «Ս.Տարոնցի փ., 7 շ., բն. 35» հասցեն (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Բացի այդ Վերաքննիչ դատարանին ներկայացված Սեփականության իրավունքի վկայականի համաձայն վկայակոչված բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Սիրուն Նաջարյանին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

28. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սեպուհ Հակոբջանի Թադևոսյանի` Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 48 շենքի 15 բնակարանում և օժանդակ կառույցներում» խուզարկություն կատարելը թույլատրելիս ստորադաս դատարանները չեն պահպանել անձի` բնակարանի անձեռնմխելիության իրավունքը:

Մասնավորապես, ստորադաս դատարանները որպես խուզարկության կատարման բավարար հիմք գնահատելով Գրությունում մատնանշված օպերատիվ տվյալը, չեն կատարել խուզարկությունը թույլատրելու համար վերաբերելի և բավարար հիմքեր նշելու իրենց պարտականությունը, որի արդյունքում Ս. Նաջարյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը եղել է ոչ արդարացված: Արդյունքում, ինչպես նաև սխալ նշելով բնակարանի նույնականացման տվյալները, ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ Սահմանադրության 24-րդ, Դաշնագրի 17-րդ, Կոնվենցիայի 8-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածների պահանջների խախտումներ: Դրանք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն` հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

Վերոնշյալի և սույն որոշման 27-27.2-րդ կետերում նշված վերլուծության հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է բեկանել Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի դատական ակտերը և մերժել բնակարանի խուզարկություն կատարելու թույլտվություն հայցելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը:

Վճռաբեկ բողոք ներկայացրած անձի փաստարկներին այն մասին, որ Ս. Թադևոսյանը չէր կարող գողություն կատարած լինել (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը), Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում` դրանք գնահատելով որպես սույն գործով խուզարկություն կատարելը թույլատրելու հարցին ոչ վերաբերելի, քանի որ ինչպես քննիչի միջնորդությունում, այնպես էլ ստորադաս դատարանների դատական ակտերում որևէ նշում կամ ակնարկ առկա չէ Ս. Թադևոսյանի կողմից հանցանքը կատարված լինելու կասկածի վերաբերյալ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Դիմողներ Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի ներկայացուցիչ Արմեն Ֆերոյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մարտի 26-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի ապրիլի 13-ի որոշումը բեկանել և բնակարանի խուզարկություն կատարելու թույլտվություն հայցելու վերաբերյալ նախաքննության մարմնի` 2015 թվականի մարտի 26-ի միջնորդությունը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Օհանյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.12.2015
N ԵՇԴ/0073/07/15
Որոշում