ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական ՍԴ/0389/01/11
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Քրեական գործ թիվ ՍԴ/0389/01/11
Նախագահող դատավոր` Ա. Դանիելյան
Դատավորներ` Ա. Խաչատրյան
Լ. Թադևոսյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Դանիելյանի
Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ա. Պողոսյանի
քարտուղարությամբ Մ. Ավագյանի
մասնակցությամբ պաշտպան Վ. Խաչատրյանի
2013 թվականի հոկտեմբերի 18-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հայկ Արտավազդի Մովսիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի ապրիլի 16-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.Թամազյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2011 թվականի հուլիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90855311 քրեական գործը:
2011 թվականի օգոստոսի 3-ին Հայկ Արտավազդի Մովսիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի 2011 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ Հ.Մովսիսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով:
2011 թվականի դեկտեմբերի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 20-ի դատավճռով Հ.Մովսիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով:
2012 թվականի նոյեմբերի 28-ին Հ.Մովսիսյանը ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քննչական մեկուսարանում մահացել է:
Դատավարության մասնակիցներն Առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերաքննության կարգով չեն բողոքարկել, և այն մտել է օրինական ուժի մեջ:
3. ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3761-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանը 2013 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 20-ի դատավճիռը, Հ.Մովսիսյանին ճանաչել է անմեղ և արդարացրել` հանցակազմի բացակայության հիմքով:
4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 16-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.Թամազյանը:
Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հունիսի 25-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.Թամազյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
2013 թվականի հունիսի 26-ին Հ.Մովսիսյանի պաշտպան Վ.Խաչատրյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմնի կողմից Հ.Մովսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, հանդիսանալով թիվ 49971 զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի 13-րդ վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկի հրաձիգ, նռնակաձիգի օգնական, կոչումով շարքային, 2011 թվականի հունիսի 27-ին` ժամը 14:30-ի սահմաններում, զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով, նույն գումարտակի հրամանատարի աշխատասենյակում կատարել է անդամախեղում` սափրվելու սայրով վնասվածքներ է հասցրել իր ձախ նախաբազկի շրջանին (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 121):
6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտելով դատաքննությամբ հավաքված ապացույցները, ստուգման ենթարկելով ամբաստանյալի, վկաների ցուցմունքները, հետազոտելով դատաբժշկական, ռազմաբժշկական, դատահոգեբուժական փորձաքննությունների եզրակացությունները և գործով ձեռք բերված այլ փաստական տվյալները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ներքին համոզմամբ հանգում է այն հետևության, որ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել և հաստատվել է, որ ամբաստանյալ Հ.Մովսիսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով, որի համար նա ենթակա է քրեական պատասխանատվության ու պատժի:
(...):
Դատական նիստում ՀՀ ԱՆ կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի թիվ 364/11 եզրակացության հրապարակումից հետևում է, որ Հայկ Արտավազդի Մովսիսյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում: Նրա մոտ հայտնաբերվում է «օրգանական փսիխոպաթոնման խանգարում, կոնպենսացիայի փուլ»: Վերոնշյալ ախտորոշմանը բնորոշ անձի առանձնահատկություններն արտահայտված չեն փորձաքննվողի մոտ այն աստիճան, որ զրկեն նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու և դրանք ղեկավարելու հնարավորությունից ինչպես իրավախախտումը կատարելու պահին, այնպես էլ ներկայումս: ՈՒստի Հայկ Արտավազդի Մովսիսյանին իրեն մեղսագրվող արարքի համար հարկ է ճանաչել մեղսունակ: Իր ներկա հոգեկան վիճակով նա կարող է մասնակցել դատաքննչական գործողություններին» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 165):
7. Առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի դեմ 2013 թվականի ապրիլի 11-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով վերաքննիչ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազը` փաստարկելով, որ Հ.Մովսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում մեղավոր ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ դատական ակտն ապօրինի և ակնհայտ անարդար է: Բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը և Հ.Մովսիսյանին արդարացնել` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Վերաքննիչ բողոքը քննության է առնվել հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է մի քանի արարքների կատարմամբ, այդ թվում` զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց խուսափելը զինծառայողի կողմից իրեն վնասվածք պատճառելու` անդամախեղելու միջոցով: Սուբյեկտիվ կողմը դրսևորվում է միայն ուղղակի դիտավորությամբ: Նպատակը զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես կամ վերջնականապես խուսափելն է, այսինքն զինծառայողը գիտակցում է, որ նշված գործողության` անդամախեղման միջոցով կարող է ազատվել զինվորական ծառայությունից և ցանկանում է այդ: Տվյալ հանցագործության սուբյեկտ կարող է հանդիսանալ զինվորական ծառայողը, այսինքն` անձ, որը պիտանի է զինվորական ծառայության համար և գտնվում է զինվորական ծառայության մեջ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն` հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ: Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի:
Ինչպես վարույթն իրականացնող մարմինը, այնպես էլ դատարանը, անտեսել և որևէ կերպ չեն հերքել դեպքին հաջորդող առաջին իսկ օրերին Հայկ Մովսիսյանի բացատրությունն ու նախաքննության ողջ ընթացքում տված ցուցմունքներն այն մասին, որ զինվորական ծառայությունից չի խուսափում, այլ ընդամենն առողջական վիճակի` նյարդային խնդիրների հետևանքով չի կարողանում համակերպվել ծառայության պայմաններին, հաճախ կորցնում է ինքնատիրապետումը:
Ի վերջո, ինչպես վարույթն իրականացնող մարմինը, այնպես էլ դատարանը անտեսել են կարևորագույն այն փաստը, որ Հայկ Մովսիսյանը տվյալ հանցագործության սուբյեկտ չի հանդիսացել, քանի որ ինչպես հայտնի է, ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտ է հանդիսանում զինծառայողը` անձ, ով պիտանի է զինվորական ծառայության և գտնվում է ծառայության մեջ:
Դեռևս նախաքննության սկզբնական փուլում, ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 2011թ. օգոստոսի 02-ի թիվ 1445 որոշման համաձայն, Հայկ Արտավազդի Մովսիսյանի մոտ ախտորոշվել է «Օրգանական փսիխոպաթոնման խանգարում, դեզադապտացիոն դեկոմպենսացիա` սուիցիդի փորձով», որի պատճառով, ՀՀ պաշտպանության նախարարության 2010 թվականի փետրվարի 26-ի թիվ 175 հրամանի 2 «բ» հոդվածի 1-ին սյունակի համաձայն` վերջինս «Պիտանի չէ զինծառայության խաղաղ ժամանակ, պիտանի է ոչ շարային ծառայության պատերազմի ժամանակ»:
Նշված ախտորոշումը հաստատվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 2011թ. օգոստոսի 30-ի թիվ 49-112 փորձագիտական եզրակացությամբ, որի արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարի 2011թ. սեպտեմբերի 17-ի թիվ 1077 հրամանով Հայկ Մովսիսյանը վաղաժամկետ զորացրվել է պահեստազոր` առողջական վիճակի պատճառով:
Այսինքն, Հայկ Մովսիսյանի զորացրման հիմքը եղել է ոչ թե ինքնավնասման փաստը, այլ դրա պատճառ հանդիսացած «Օրգանական փսիխոպաթոնման խանգարումը», որպիսի պայմաններում բացակայում է նաև տվյալ հանցագործության օբյեկտիվ կողմը: Չնայած դրան, վարույթն իրականացնող մարմինը Հայկ Մովսիսյանին ապօրինի մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ դատարանն անարդար դատավճիռ է կայացրել, որից օրեր անց, Հայկ Մովսիսյանն ինքնասպանություն է գործել:
Վերը շարադրված հանգամանքների վերլուծությունը վկայում է առ այն, որ թիվ ՍԴ/0389/01/11 քրեական գործով դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 4-6):
8. Վերաքննիչ դատարանը բավարարելով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը, Հ.Մովսիսյանի նկատմամբ կայացրել է արդարացման դատական ակտ` մասնավորապես պատճառաբանելով, որ «գործում առկա են այնպիսի փաստական տվյալներ, որոնք վկայում են Հայկ Մովսիսյանի արարքում հանցակազմի բացակայության մասին, ինչն անտեսվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից:
(...):
Ամբաստանյալ Հայկ Մովսիսյանի խաղաղ ժամանակ զինծառայությանը ոչ պիտանի լինելու և առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու (վերջինիս քննարկվող հանցակազմի սուբյեկտ չհանդիսանալու) պարագայում, (...) վերջինիս նկատմամբ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը չի դադարեցվել:
Դեռ ավելին, որոշում են կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը լրացնելու և նրա նկատմամբ առավել խիստ` նույն հոդվածի 2-րդ մասով` անդամախեղման եղանակով զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև հետագայում հաստատված մեղադրական եզրակացությամբ գործը դատարան ուղարկելու մասին:
(...) Հայկ Մովսիսյանը, ինչպես իրեն վերագրվող արարքը կատարելուց առաջ, այնպես էլ կատարելու պահին և դրանից հետո գտնվել է «Օրգանական փսիխոպաթոնման խանգարում, դեզադապտացիոն դեկոմպենսացիա` սուիցիդի փորձով» իրավիճակում, ինչը հաստատվել է նաև դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ:
Նշված հիվանդությունը փորձաքննվողի մոտ արտահայտվել է ծառայության ընթացքում, դեզադապտացիայի պայմաններում, արտաքին միջավայրի, իրադարձությունների և անձնային առանձնահատկությունների ազդեցության ներքո:
(...)
Վերոշարադրյալից ելնելով` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ զինվորական ծառայության համար պիտանի չլինելու, այսինքն` զինվորական հարաբերությունների ոչ պատշաճ սուբյեկտ լինելու ժամանակահատվածում կատարած արարքը, այն է` իրեն վնասվածք պատճառելը, բացառում է նրան պատշաճ սուբյեկտ դիտելու հնարավորությունը:
Նման պայմաններում, գործում առկա ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունն այն մասին, որ Հ.Մովսիսյանն իրեն մեղսագրվող արարքի համար ճանաչվել է մեղսունակ, չի կարող հիմք հանդիսանալ նրան քրեական պատասխանատվության պատշաճ սուբյեկտ դիտելու համար, քանի որ վերջինս զինվորական ծառայության զորակոչվելու օրվանից գտնվել է այնպիսի հոգեկան վիճակում, որը հիմք է եղել նրան ոչ պիտանի ճանաչելու և ծառայությունից արձակելու համար:
(...)
Սույն գործի ուսումնասիրությունը վկայում է, որ գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ Հայկ Մովսիսյանը նպատակ է հետապնդել զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես կամ վերջնականապես խուսափել: Մինչդեռ, տվյալ հանցագործության սուբյեկտիվ կողմը դրսևորվում է միայն ուղղակի դիտավորությամբ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 26-28):
Վճռաբեկ բողոքի և դրա դեմ ներկայացված պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջները.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարն իր վճռաբեկ բողոքում փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը և կարող է հանգեցնել ծանր հետևանքների:
Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանն անձին զինվորական ծառայության և հետևաբար զինվորական հանցագործության սուբյեկտ դիտելու հանգամանքը պայմանավորել է բացառապես կատարված անդամախեղման և դրա հետևանքով զորացրման փաստի պատճառական կապի առկայությամբ և դրա համադրությամբ: Վերոնշյալ վերլուծությունից պարզ չէ, թե արդյոք անպայման պետք է առկա լինի պատճառական կապ անձի զորացրման և իրեն մարմնական վնասվածք պատճառելու միջոցով անդամախեղելու փաստի միջև, այսինքն պարտադիր է արդյոք, որ զորացրումը լինի ինքն իրեն վնաս պատճառելու միջոցով մարմնական վնասվածք հասցնելու հետևանքով, որպեսզի անձը հանդիսանա զինվորական ծառայության և հետևաբար զինվորական հանցագործության սուբյեկտ, թե ոչ: Այս հանգամանքը հստակեցման կարիք ունի, քանի որ խնդրահարույց են լինելու այն դեպքերը, երբ անձը զորակոչվել է զինվորական ծառայության որևէ հիվանդության առկայությամբ կամ հիվանդությունը ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում, և այդ հիվանդությունը ծառայության ընթացքում արտահայտվել կամ զարգացել է այն աստիճան, որ անկախ անդամախեղվելու փաստից, վերջինս դարձել է զինվորական ծառայությանը ոչ պիտանի, կամ դադարեցրել է վերջինիս զինվորական հանցագործության իրավասուբյեկտությունը:
Բողոքաբերը միաժամանակ նշել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ մոտեցում չի ցուցաբերել վերաքննիչ բողոքում նշված այն հանգամանքին, որ Հ.Մովսիսյանն անդամախեղում է կատարել ոչ թե զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով, այլ նյարդայնացած լինելու պատճառով, հետևաբար նրա կատարած գործողությունները ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածում նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշներ չեն պարունակում: Վերաքննիչ դատարանը բողոքում նշված նույն հանգամանքին, առանց բավարար չափով պատճառաբանելու, տվել է այլ գնահատական` նշելով, որ գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ Հ.Մովսիսյանը նպատակ է հետապնդել զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես կամ վերջնականապես խուսափել և հետևաբար, վերջինիս արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածում նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմը:
10. Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկները` բողոքաբերը խնդրել է Հ.Մովսիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 16-ի որոշումը բեկանել:
11. Պաշտպան Վ.Խաչատրյանը վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով հանգել է ճիշտ հետևության և հիմնավորված ու պատճառաբանված որոշում է կայացրել այն մասին, որ Հ.Մովսիսյանը վերագրվող արարքի համար պատշաճ հանցագործության սուբյեկտ չէ, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերվել է այնպիսի հոգեկան հիվանդություն, որը հիմք է հանդիսացել նրան ոչ պիտանի ճանաչելու և ծառայությունից պահեստազոր արձակելու համար:
Բացի այդ, Առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Հ.Մովսիսյանին մեղսագրված արարքի կատարումը պայմանավորված է եղել ծառայության ընթացքում արտահայտված հոգեկան հիվանդությամբ: Մինչդեռ գործով բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել այն մասին, որ Հ.Մովսիսյանն իրեն մարմնական վնասվածք պատճառելու եղանակով ցանկացել է զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափել:
12. Պաշտպան Վ.Խաչատրյանը, փաստարկելով, որ Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Ա.Թամազյանի վճռաբեկ բողոքն անհիմն է, խնդրել է ամբողջությամբ մերժել այն, իսկ Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 16-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
i
13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի սուբյեկտի, սուբյեկտիվ և օբյեկտիվ կողմերի մեկնաբանության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 7-ի օրինական ուժի մեջ մտած դատավճռի և Վերաքննիչ դատարանի 2013 թվականի ապրիլի 16-ի որոշման դեմ բերված համապատասխանաբար ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով սահմանված հանցակազմի մեկնաբանության, ինչպես նաև Հ.Մովսիսյանի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ ներկայացվել են իրարից տարբերվող իրավական դիրքորոշումներ:
Հաշվի առնելով վերոնշյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ 2012 թվականի նոյեմբերի 28-ին Հ.Մովսիսյանը մահացել է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է քննարկել ոչ միայն նյութական, այլ նաև դատավարական ասպեկտներով հարցերը: Մասնավորապես քննարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված հիմքի` քրեական հետապնդման ենթարկվող անձի մահվան դեպքում քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու հնարավորության հարցը:
i
14. «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2013 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-34-Ն օրենքի ընդունումից առաջ, Հ.Մովսիսյանին վերագրվող արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրված էր հետևյալ կերպ.
«Սույն գլխում նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում զորակոչի հիման վրա կամ պայմանագրով զինվորական ծառայություն անցնող անձինք, ինչպես նաև ռազմական հավաքներ անցնելու ժամանակ` զինապարտները»:
Մեջբերված նյութաիրավական նորմի իմաստով զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների հատուկ սուբյեկտ հանդիսանալու համար անձը մեղսունակ և քրեական պատասխանատվության տարիքի հասած լինելուց բացի (ՀՀ քրեական օրենսգրքի 23-րդ հոդված), պետք է հանդիսանա`
ա) զորակոչի հիման վրա կամ պայմանագրային հիմունքներով ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում զինվորական ծառայություն անցնող անձ,
բ) ռազմական հավաք անցնելու ժամանակ` զինապարտ:
15. Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների հատուկ սուբյեկտի` վերոնշյալ հատկանիշների վերլուծությունից երևում է, որ Հ.Մովսիսյանին վերագրվող արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված չէր օրենքով սահմանված կարգով զորակոչված լինելու հիմքով զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների հատուկ սուբյեկտ հանդիսանալու նախապայմանը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցագործության հատուկ սուբյեկտի համար նախատեսված այս պահանջը կիրառելի է նաև «զինծառայող» հասկացության օրենսդրական բնութագրի նկատմամբ: Առավել ևս, որ զինվորական ծառայությունը հանդիսանում է ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում պետական ծառայության հատուկ տեսակ, յուրահատուկ հասարակական հարաբերություն, որը ծագում և զարգանում է պետական կարևոր նշանակություն ունեցող սոցիալական արժեքի` զինվորական ծառայության կարգի շրջանակներում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների հատուկ սուբյեկտի վերոնշյալ հատկանիշի, այն է` իրավահարաբերությունների պատշաճ սուբյեկտ լինելու կարևորությունն ընդգծվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2013 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-34-Ն օրենքով, որով փոփոխության է ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասը: Նշված փոփոխությամբ օրենսդիրը լրացրել է նշված հոդվածում առկա բացը` սահմանելով, որ «(...) զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք և վարժական հավաքներ անցնող զինապարտները (այսուհետ` զինծառայող)»:
Մեջբերված օրենսդրական դրույթում առկա` «օրենքով սահմանված կարգով» ձևակերպման իմաստով զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտ հանդիսանալու համար անձը պետք է օրենսդրական հատուկ ընթացակարգ անցնի:
16. Զինվորական ծառայության հարաբերությունների բնագավառ ընդգրկվելու օրենսդրական հատուկ ընթացակարգը սահմանված է մի շարք իրավական ակտերով:
Այսպես` «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում սահմանված է`
«Զինվորական ծառայությունը զինված ուժերում և այլ զորքերում պետական ծառայության հատուկ տեսակ է:
Զինծառայող են համարվում զինված ուժերում և այլ զորքերում պետական ծառայություն անցնող քաղաքացիներն ու ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները»:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն`
«1. Զինվորական ծառայության սկիզբ համարվում է`
1) զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների համար` ծառայության վայր մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը.
(...)
2. Զինվորական ծառայությունն ավարտված է համարվում զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու կապակցությամբ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օրը:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածում սահմանված է`
i
«1. Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան (...) արական սեռի զորակոչիկները (...), ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի` խաղաղ պայմաններում:
(...)»:
Նույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն`
«1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է`
ա) հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին(...)»:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով և այլ հիմքերով տարկետում ստանալու կարգը սահմանված է նույն օրենքի 13-16-րդ հոդվածներում:
Վերը նշված օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է, որ.
i
«Ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները ժամկետից շուտ արձակվում են պահեստազոր, եթե նրանք կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից հետագա զինվորական ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի` առողջական վիճակի պատճառով(...)»:
Մեջբերված իրավանորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ զինվորական ծառայության հարաբերությունների մասնակից, հետևաբար նաև զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ կարող է լինել տասնութ տարին լրացած մեղսունակ այն քաղաքացին, ով օրենքով սահմանված կարգով իրականացված զորակոչի հիման վրա կամ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն է անցնում ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ վարժական հավաքներ է անցնում: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ անձը կարող է համարվել օրենքով սահմանված կարգով զորակոչված, եթե իր առողջական վիճակով համապատասխանում է զինվորական ծառայության պահանջներին, այլ խոսքով` զինվորական ծառայության համար ճանաչվել է պիտանի` խաղաղ պայմաններում, և առկա չեն նրան զորակոչից տարկետում տալու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերը:
Սահմանված կարգի խախտմամբ անձին զորակոչելու մասին զինվորական կառավարման մարմինների ակտերն անօրինական են, հետևաբար չեն կարող հիմք հանդիսանալ անձին զինվորական ծառայության հատուկ սուբյեկտ` զինծառայող ճանաչելու համար: ՈՒստի զինծառայողի հատուկ կարգավիճակից բխող ընդհանուր և հատուկ բնույթի պարտականությունների կատարումը կարող է դրվել միայն այն անձի վրա, ով ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում զինվորական ծառայության է անցել կամ ռազմական հավաքների է մասնակցում օրենքով սահմանված կարգով:
17. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ զորակոչված, հետևաբար զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հատուկ սուբյեկտ չհանդիսացող անձի քրեական պատասխանատվության հարցը լուծելու համար անհրաժեշտ է պարզել, թե ինչ հանցագործություն է նա կատարել: Մասնավորապես,
ա) եթե անձը կատարել է այնպիսի հանցագործություն, որն ուղղված է բացառապես զինվորական ծառայության դեմ (օրինակ` հրամանը չկատարելը, զինվորական ծառայությունից խուսափելը, հատուկ տեսակի զինվորական ծառայություն կրելու կանոնները խախտելը և այլն), ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության, քանի որ նրա արարքում բացակայում է հանցակազմի տարրերից մեկը` հանցագործության սուբյեկտը: Այս առումով նշանակություն չունի, թե սխալ զորակոչի վերաբերյալ իրավասու մարմնի ակտը երբ է կորցրել իր ուժը` հանրորեն վտանգավոր արարքը կատարելուց առաջ, թե հետո. անօրինական զորակոչից մինչև զորացրման հրամանն անձը հանդիսանում է զինվորական իրավահարաբերությունների, հետևաբար նաև զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ոչ պատշաճ սուբյեկտ:
բ) Եթե անձը կատարել է այնպիսի հանցագործություն, որի անմիջական օբյեկտը զինվորական ծառայության կարգն է, իսկ լրացուցիչ օբյեկտն այլ է (օրինակ` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը, ռազմական գույքն օգտագործելու և պահպանելու, զենքի, ռազմամթերքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների և նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը և այլն), ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության ոչ թե զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսող հոդվածներով, այլ օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան նորմերով, որոնք պատասխանատվություն են նախատեսում կյանքի, առողջության, սեփականության և այլնի դեմ ուղղված հանցագործությունների համար:
Օրինակ` ծառայությանն անօրինական կարգով զորակոչված անձի արարք` կապված զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու հետ, ըստ հետևանքի ենթակա է որակման անձի կյանքի կամ առողջության, այլ ոչ թե զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ նախատեսող հոդվածներով, համանման կերպով պահպանվող օբյեկտից գողություն կատարած ժամապահը պատասխանատվության պետք է ենթարկվի ոչ թե պահակային ծառայության կանոնները խախտելու, այլ գույքը հափշտակելու համար:
18. Սույն որոշման նախորդ կետում շարադրված մոտեցումների հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքերում, երբ անձը զորակոչվել է օրենքով սահմանված կարգով, սակայն զինվորական ծառայության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից հետագա զինվորական ծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և արձակվել է պահեստազոր, ապա այդ անձը զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է համարվում մինչև զորացրման պահը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության ընթացքում ծառայությանը ոչ պիտանի ճանաչված և զինվորական ծառայության դեմ ուղղված հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու և նրա արարքին ճիշտ քրեաիրավական որակում տալու համար պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները`
ա) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությանը ոչ պիտանի ճանաչված զինծառայողը մինչև սահմանված կարգով զորացրումը զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է, քանի որ զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու մասին նշված պայմանները քրեական պատասխանատվության հիմքը և արարքի հանցավորությունը բացառող հանգամանքներ չեն:
Վերոշարադրյալը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ զինծառայողը զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու նպատակով իր առողջությանը վնաս է պատճառում (անդամախեղելը) և այդ հիմքով օրենսդրությամբ սահմանված կարգով զինվորական ծառայության համար ճանաչվում է ոչ պիտանի և վաղաժամկետ զորացրվում է զինծառայությունից: Նման դեպքերում զինծառայողի կողմից իր առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես կամ վերջնականապես դադարեցնելու եղանակ է: Այլ խոսքով` զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելը հանցագործությամբ իրեն վնաս պատճառելու հետևանք է:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված դեպքերում զինծառայողը քրեական պատասխանատվության ենթակա չէ միայն այն դեպքում, երբ բացի զինծառայությանը ոչ պիտանի լինելուց, նա կճանաչվի անմեղսունակ:
բ) Օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայության զորակոչված և հատուկ տեսակի ծառայություններ կրելու կարգի դեմ հանրորեն վտանգավոր արարք կատարած անձի քրեական պատասխանատվության հարցը լուծելու համար պետք է հաշվի առնել այդ ծառայությունները (մարտական, պահակային, ներքին, սահմանապահ) կրելու կարգը սահմանող նորմատիվ ակտերի, մասնավորապես, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրք», «ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրք» ՀՀ օրենքների և այլնի պահանջները:
գ) Հատուկ տեսակի ծառայության ընթացքում այլ արարքներ կատարելու դեպքում (զենք հափշտակելը, բռնություն գործադրելը և այլն) զինծառայողը ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի, քանի որ հանդիսանում է զինվորական հարաբերությունների սուբյեկտ:
19. «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2013 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-34-Ն օրենքի ընդունումից առաջ Հ.Մովսիսյանին վերագրվող արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն էր նախատեսում իրեն վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն էր նախատեսում նույն արարքի համար, որը կատարվել էր զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով:
Մեջբերված հանցակազմերի վերլուծությունից երևում է, որ դրանք երկօբյեկտ են. հիմնական օբյեկտ է հանդիսանում զինվորական ծառայության կարգը, իսկ լրացուցիչ օբյեկտ է զինծառայողի առողջությունը: Երկօբյեկտ զինվորական հանցագործությունների առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ս.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) հանցակազմի հիմնական օբյեկտին վնաս հասցնելը հնարավոր է լրացուցիչ օբյեկտին (...) վնաս հասցնելու միջոցով: Դրա հետ մեկտեղ պետք է նկատի ունենալ, որ [լրացուցիչ օբյեկտին] վնաս հասցնելն ինքնին չի նշանակում, որ հանցավորի արարքն ուղղված է եղել հիմնական օբյեկտի` զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ(...)» (տե՛ս Սրապիոն Ազատի Հովհաննիսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ՍԴ/0204/01/11 որոշման 15-րդ կետը):
20. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ մեջբերված ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը սուբյեկտիվ կողմից կարող է կատարվել բացառապես դիտավորությամբ, ինչը նշանակում է, որ հանցավորը գիտակցում է, որ իրեն վնասվածք է պատճառում (անդամախեղում է) կամ հիվանդության սիմուլյացիա է անում կամ կեղծ փաստաթղթեր է օգտագործում կամ խաբում է: Մեղքի դիտավորյալ ձևից բացի, նախկին խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակի առկայությամբ: Այլ խոսքով` զինծառայողի արարքում նշված հանցակազմի առկայությունը հիմնավորվում է ոչ միայն իրեն որևէ վնասվածք պատճառելու (անդամախեղման), հիվանդության սիմուլյացիայի կամ կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբելու փաստի առկայությամբ, այլ նման արարքների միջոցով զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակի առկայությամբ: Զինծառայողը պետք է գիտակցի, որ կատարում է ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով նախատեսված արարքներից մեկը, պետք է ցանկանա այդ արարքների հետևանքների վրա հասնելը` նպատակ ունենալով վերջնականապես ազատվել զինվորական ծառայության պարտականությունները կրելուց: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով նախատեսված արարքների և հատկապես իրեն վնասելու (անդամախեղման) նպատակները կարող են տարբեր լինել (օրինակ` անձը կարող է իրեն վնասել` նպատակ ունենալով հասնել իր պահանջի կատարմանը, ցուցադրել իր դժգոհությունը կամ անհամաձայնությունը, ցուցադրել կոնկրետ հարցի կապակցությամբ իր մտադրության լրջությունը և այլն), ուստի զինծառայողի կողմից իրեն վնասելը կամ քննարկվող հոդվածով նախատեսված այլ արարքներից որևէ մեկը կատարելը կարող է որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով միայն այն դեպքում, երբ գործով ձեռք բերված ապացույցների ամբողջությամբ հիմնավորվի, որ վերոնշյալ արարք(ներ)ը զինծառայողը կատարել է զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու և ոչ թե այլ նպատակով (զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտիվ կողմի մասին mutatis mutandis տե՛ս Սրապիոն Ազատի Հովհաննիսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ՍԴ/0204/01/11 որոշման 17-18-րդ կետերը):
21. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածը ենթարկվել է օրենսդրական փոփոխության: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2013 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-34-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործող ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) համար, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում նույն արարքի համար, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով:
Նույն հոդվածի 3-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում զինծառայողի կողմից հիվանդության սիմուլյացիայի կամ կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության համար, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 4-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում նույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով կատարելու համար:
Նախկին խմբագրությամբ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասի և ներկայիս խմբագրությամբ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 4-րդ մասի համեմատական վերլուծությունից ակնհայտ է, որ զինվորական ծառայության պարտականությունները կրելուց (զինվորական ծառայությունից) վերջնականապես ազատվելու նպատակով կատարված ինքնավնասման (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության համար քրեական պատասխանատվություն նախատեսող իրավանորմը սուբյեկտիվ կողմի առումով որևէ փոփոխության չի ենթարկվել: Ինչպես մինչև փոփոխությունը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասը, այնպես էլ փոփոխությունից հետո գործող ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 4-րդ մասը սուբյեկտիվ կողմից բնութագրվում են բացառապես ուղղակի դիտավորությամբ, ինչը նշանակում է, որ հանցավորը ոչ միայն գիտակցաբար կատարում է ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով նախատեսված արարքներից մեկը, այլև ցանկանում է այդ արարքների հետևանքների վրա հասնելը` նպատակ ունենալով վերջնականապես ազատվել զինվորական ծառայությունից:
ՈՒստի զինծառայողի արարքը «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2013 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-34-Ն օրենքի ընդունումից առաջ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով որակելու համար յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է պարզել զինծառայողի կողմից իրեն վնասելու (անդամախեղման) կամ նշված հոդվածով նախատեսված այլ արարքների կատարման նպատակները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող հանցակազմի սուբյեկտիվ կողմը գնահատելու համար անհրաժեշտ է պարզել զինծառայողի անձը, այդ թվում` նրա հոգեկան առողջությունը բնութագրող տվյալները, նշված արարքների կատարմանը նախորդող և հաջորդող ժամանակահատվածում զինծառայողի վարքագիծը, նշված արարքների կատարման և հատկապես իրեն վնասելու (անդամախեղման) եղանակն ու մեխանիզմը, գործիքներն ու միջոցները, ինքնախեղման տեղն ու ժամանակը, վնասվածքների քանակը, բնույթը, տեղակայումը, հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձի և վկաների ցուցմունքները, կոնկրետ գործի այլ հանգամանքները, որոնք կարող են էական նշանակություն ունենալ զինծառայողի արարքի սուբյեկտիվ կողմի` նպատակի պարզաբանման համար, քանի որ զինծառայողի արարք(ներ)ը կարող են պայմանավորված լինել ինչպես զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը վերջնականապես դադարեցնելու հետ չկապված այլ նպատակներով, այնպես էլ նրա մոտ առկա հուզական լարվածությամբ, արտաքին միջավայրի հետ կապված դժվարություններով, անձնային առանձնահատկություններով, բռնկվող, անզուսպ բնավորությամբ և այլն:
Բացի այդ, քրեական հետապնդման ենթարկվող զինծառայողի` զինվորական ծառայությանը պիտանի լինելու հարցը քննության առնելիս, բացի ռազմաբժշկական փորձաքննությունից, վերագրվող արարքի բնույթը, առկա հիվանդությունը և գործի կոնկրետ հանգամանքները հաշվի առնելով, կարող են նշանակվել նաև այլ փորձաքննություններ` դատահոգեբուժական, դատահոգեբանական, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 246-րդ հոդվածում նախատեսված դեպքերում նաև համալիր փորձաքննություններ», որոնք ի թիվս այլ փաստական տվյալների` կարող են էական նշանակություն ունենալ արարքի ճիշտ քրեաիրավական գնահատման հարցում:
22. ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմի հատկանիշները բացահայտելիս հաշվի են առնվում արարքի և դրա հետևանքների նկատմամբ անձի դրսևորած մեղքի ձևերը, ինչպես նաև արարքի դրդապատճառները, շարժառիթները, նպատակներն ու հույզերը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում, հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, անհրաժեշտ է ձեռք բերված բավարար փաստական տվյալներով հիմնավորել անձի մեղավորությունը կամ մեղավորության բացակայությունը տվյալ արարքը կատարելու մեջ:
Այլ խոսքով` կոնկրետ հանցակազմի էությունից և բովանդակությունից ելնելով` յուրաքանչյուր գործով անհրաժեշտ է պարզել, թե փաստական ինչպիսի հանգամանքներ պետք է ընդգրկվեն սուբյեկտիվ հոգեբանական վերաբերմունքի մեջ, որպեսզի հնարավոր լինի հանգել ճիշտ հետևության վերագրվող արարքում մեղքի առկայության (բացակայության) վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ հատուկ հանցակազմերի, այդ թվում` զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված դիտավորյալ հանցագործությունների վերաբերյալ գործերով պետք է պարզել, թե արդյոք անձը գիտակցել է, որ հանրորեն վտանգավոր արարքը ուղղված է եղել այդ կարգի դեմ, գործի հանգամանքներից ելնելով` նախատեսել է հանրության համար դրա վտանգավոր հետևանքները և ցանկացել է դրանց վրա հասնելը կամ չի ցանկացել, բայց գիտակցաբար թույլ է տվել դրանց առաջացումը:
Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ հնարավոր են դեպքեր, երբ զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործության կատարումը պայմանավորված լինի օրենքով սահմանված կարգով զորակոչված զինծառայողի առողջական վիճակով` հիվանդությամբ կամ ֆիզիկական թերություններով: Օրինակ, ծառայության ընթացքում հոգեկան հիվանդություն ձեռք բերած զինծառայողի` զինվորական ծառայության դեմ ուղղված հանրորեն վտանգավոր արարքը (ծառայությունից խուսափելը, անդամախեղելը և այլն) կարող է անմիջական պատճառահետևանքային կապի մեջ գտնվել տվյալ հիվանդության հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ արարքի սուբյեկտիվ կողմի գնահատման հարցում:
23. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 4-րդ մասով (նախկին խմբագրությամբ 2-րդ մասով) կարող է որակվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության պարագայում:
1) Հանցանք կատարած անձը հանդիսանում է զինվորական հանցագործությունների հատուկ սուբյեկտ` զինծառայող, այսինքն` հանդիսանում է տասնութ տարին լրացած, մեղսունակ անձ, ում վերաբերյալ առկա չեն զորակոչից տարկետում տալու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերը և ով խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ճանաչվել է պիտանի: Այս կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օրենքով սահմանված կարգով զորակոչված, սակայն զինվորական ծառայության ընթացքում իրավասու մարմնի կողմից հետագա զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը (այդ թվում` անդամախեղման հետևանքով) զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է մինչև զորացրման պահը:
2) Զինծառայողի կողմից իրեն վնասելը (անդամախեղումը) կամ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով նախատեսված այլ արարքներից որևէ մեկը կատարելը պայմանավորված է եղել զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով: Այս կապակցությամբ հարկ է ընդգծել, որ այն դեպքում, երբ անձը օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում և ծառայության ընթացքում կատարել է ինքնավնասում (անդամախեղում) ոչ թե ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով, այլ ցանկացած այլ դրդապատճառով, ապա նա չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 4-րդ մասով (նախկին խմբագրությամբ 2-րդ մասով) արարքի սուբյեկտիվ կողմի բացակայության պատճառով, անկախ այն հանգամանքից, թե տվյալ դեպքում ինքնավնասումը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել հետագա զինվորական ծառայության դադարեցման, թե ոչ:
24. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի կողմից Հ.Մովսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով, գումարտակի հրամանատարի աշխատասենյակում կատարել է անդամախեղում` սափրվելու սայրով վնասվածքներ է հասցրել իր ձախ նախաբազկի շրջանին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը գործով ձեռք բերված ապացույցների գնահատմամբ հաստատված է համարել, որ Հ.Մովսիսյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ 2012 թվականի նոյեմբերի 20-ին կայացրել է մեղադրական դատավճիռ:
Հ.Մովսիսյանը 2012 թվականի նոյեմբերի 28-ին մահացել է: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը դատավարության մասնակիցների կողմից չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):
2013 թվականի ապրիլի 11-ին ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով վերաքննիչ բողոք է բերել Առաջին ատյանի դատարանի կողմից 2012 թվականի նոյեմբերի 20-ին կայացված, օրինական ուժի մեջ մտած դատավճռի դեմ` փաստարկելով, որ նշված դատական ակտն ապօրինի և ակնհայտ անարդար է, ուստի խնդրել է Հ.Մովսիսյանին արդարացնել` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Հ.Մովսիսյանի նկատմամբ արդարացման դատական ակտ է կայացրել` պատճառաբանելով, որ Հ.Մովսիսյանը չի հանդիսանում ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտ, և գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ Հ.Մովսիսյանը նպատակ է հետապնդել զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց վերջնականապես խուսափել: Այսինքն` բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմը (տե՛ս սույն որոշման 3-րդ և 8-րդ կետերը):
Վերոգրյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը` փաստարկելով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը և կարող է հանգեցնել ծանր հետևանքների: ՈՒստի, բողոքաբերը խնդրել է բեկանել Հ.Մովսիսյանին արդարացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը (տե՛ս սույն որոշման 4-րդ և 9-10-րդ կետերը):
25. Անդրադառնալով այն իրավական հարցին, թե արդյոք Հ.Մովսիսյանի մահացած լինելու դեպքում հնարավոր է շարունակել սույն գործի քննությունը և վերջնական եզրահանգման հանգել նրա մեղավորության կամ անմեղության վերաբերյալ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը`
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն` քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անձը մահացել է, բացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Սարգսյանի գործով որոշման մեջ և արձանագրել, որ «(...) թեև թվարկված [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում: Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման» (տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը):
i
26. Վերոգրյալ իրավական դիրքորոշման համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված հիմքի` քրեական հետապնդման ենթարկվող անձի մահվան դեպքում, քրեական հետապնդումն այդ անձի նկատմամբ պետք է դադարեցվի, իսկ քրեական գործի վարույթը` կարճվի:
Նշվածից բացառություն կարող է լինել միայն այն դեպքերում, երբ տվյալ գործով վարույթի իրականացումն անհրաժեշտ է.
ա) մահացածի իրավունքների վերականգնման համար,
բ) այլ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար:
Հետևապես, եթե բացառություն կազմող վերոգրյալ անհրաժեշտությունը բացակայում է, ապա անձի մահվան դեպքում քրեական հետապնդումը նրա նկատմամբ ենթակա է դադարեցման, իսկ քրեական գործի վարույթը` կարճման, անկախ նրանից, թե գործը քննության որ փուլում է գտնվում:
27. Սույն գործով Առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ՀՀ գլխավոր դատախազը բողոքարկել է` գտնելով, որ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը: Այլ խոսքով` ՀՀ գլխավոր դատախազը սույն գործով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բողոքարկել է ոչ թե մահացած անձի իրավունքների, այլ հանրային շահի վերականգնման համար: Այս կապակցությամբ, սակայն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գլխավոր դատախազի վերաքննիչ և ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի վճռաբեկ բողոքներում առկա է հակասություն այն առումով, որ ՀՀ գլխավոր դատախազն իր վերաքննիչ բողոքում խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իսկ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը վճռաբեկության կարգով բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը` խնդրելով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը: Նշված հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս փաստելու, որ վճռաբեկ բողոք բերելով դատախազությունը` որպես միասնական և կենտրոնացված համակարգ, հրաժարվել է իր վերաքննիչ բողոքից:
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Հ.Մովսիսյանի իրավահաջորդը վերջինիս իրավունքների վերականգնման նպատակով վարույթը շարունակելու պահանջ չի ներկայացրել, մասնավորապես` վերաքննության կարգով չի բողոքարկել Հ.Մովսիսյանի գործով Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը:
28. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գրադինարն ընդդեմ Մոլդովայի գործով կայացված վճռում իրավական դիրքորոշում է ձևավորվել այն մասին, որ լուրջ վերապահումներ ունի այն իրավական համակարգերի կապակցությամբ, որոնք թույլ են տալիս մահացած անձանց վերաբերյալ դատական քննություն իրականացնել կամ այդ անձանց դատապարտել, քանի որ նման դեպքերում առկա է նշված անձանց կողմից իրենց պաշտպանելու ակնհայտ անհնարինություն (տե՛ս GRADINAR v. MOLDOVA գործով 2008 թվականի ապրիլի 8-ի վճիռը, գանգատ թիվ 7170/02, կետ 109):
Մեջբերված իրավական դիրքորոշման լույսի ներքո գնահատելով սույն որոշման 27-րդ կետում շարադրված հանգամանքները` մասնավորապես այն, որ դատախազությունը, փաստորեն, հրաժարվել է հանրային շահի վերականգնման համար ներկայացված բողոքից, իսկ Հ.Մովսիսյանի իրավահաջորդը նրա իրավունքների վերականգնման նպատակով վարույթը շարունակելու պահանջ չի ներկայացրել` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը շարունակելու իրավական հիմքերը բացակայում են:
i
29. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` դատավճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` գործով վարույթի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման համար հիմքերի առկայության դեպքում դատարանը չի կարճել վարույթը կամ չի դադարեցրել հետապնդումը: ՈՒստի, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայկ Արտավազդի Մովսիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 20-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի ապրիլի 16-ի որոշումը պետք է բեկանել, Հ.Մովսիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել` նրա մահվան կապակցությամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Հայկ Արտավազդի Մովսիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2012 թվականի նոյեմբերի 20-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի ապրիլի 16-ի որոշումը բեկանել, Հայկ Արտավազդի Մովսիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել` նրա մահվան կապակցությամբ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ա. Պողոսյան