Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՎԱԿ ՀԱՃԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԵՎԱԿ ՀԱՃԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՍԵՎԱԿ ՀԱՃԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ` 368-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ` «ԲՈՂՈՔԸ ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ.... ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ» ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ 371-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ` «ԿՐԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔՈՒՄ ԱՌԿԱ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ....» ԴՐՈՒՅԹԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 24 սեպտեմբերի 2019 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի ներկայացուցիչ` փաստաբան Ա. Խաչատրյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Ա. Քոչարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Սևակ Հաճի Հակոբյանի դիմումի հիման վրա` Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխանաբար` 368-րդ հոդվածի 5-րդ մասի` «բողոքը գործին մասնակցող անձանց.... ուղարկելու մասին ապացույցները» բառակապակցության և 371-րդ հոդվածի 5-րդ մասի` «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները....» դրույթի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից:

i

Օրենսգրքի` «Վերաքննիչ բողոքի ձևը և բովանդակությունը» վերտառությամբ 368-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է.

«5. Բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից: Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները: Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը»:

i

Օրենսգրքի` «Վերաքննիչ բողոքը վերադարձնելը» վերտառությամբ 371-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է.

«5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում»:

Օրենսգրքի վիճարկվող դրույթներում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:

Գործի քննության առիթը Սևակ Հաճի Հակոբյանի` 2019 թվականի մայիսի 17-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև հետազոտելով Օրենսգրքի վերաբերելի դրույթները, Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը նշում է, որ Օրենսգրքի համապատասխանաբար` 368-րդ հոդվածի 5-րդ մասի «բողոքը գործին մասնակցող անձանց .... ուղարկելու մասին ապացույցները» բառակապակցությունը և 371-րդ հոդվածի 5-րդ մասի «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները....» դրույթը խախտում են Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքը, քանի որ «.. օրենսգրքի ոչ 368-րդ հոդվածի 5-րդ մասը, ոչ 371-րդ հոդվածի 5-րդ մասը (ոչ անգամ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «հուշումը») չեն նախատեսում որևէ ձևակերպում, որը հնարավորություն կտար եզրակացնել, որ վերաքննիչ դատարանի բողոքը կրկին ներկայացնելու դեպքում պետք էր երկրորդ անգամ բողոքը ուղարկել կողմերին և կցել երկրորդ անգամ ուղարկելու վերաբերյալ փոստային անդորրագրերը»:

Ըստ դիմողի` ստացվում է, որ վերաքննիչ բողոքը չի քննվել դատարանի կողմից, քանի որ բողոքը ներկայացնող կողմը նույն վերաքննիչ բողոքը (որին միայն պետական տուրքի լրացուցիչ անդորրագիր է կցվել) կրկին չի ուղարկել կողմին, ընդ որում, այն պարագայում, երբ Օրենսգիրքը նման պահանջ տառացի չի նախատեսում:

Դիմողի կարծիքով տվյալ պարագայում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 368-րդ հոդվածի 5-րդ մասին տալիս է յուրովի մեկնաբանություն և կիրառում է այն այնպիսի եղանակով, որն առաջացնում է Սահմանադրությամբ նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտում:

Դիմողը գտնում է, որ «.... վերոնշյալ իրավիճակը .... ոչ այլ ինչ է, քան հակասություն Սահմանադրությամբ նախատեսված արդար դատաքննության իրավունքի .... հետ»:

Ելնելով վերոգրյալից` դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթներն իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ չեն համապատասխանում Սահմանադրության 63-րդ հոդվածի պահանջներին:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը նշում է, որ Օրենսգիրքը հստակ սահմանել է առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների կողմից բողոքի ձևի, բովանդակության, վերջինիս վերադարձման կարգի ու իրավական գործիքակազմի այնպիսի մեխանիզմներ, որոնք ապահովում են արդարադատության մատչելիության սահմանադրական պահանջը, ուստի սույն գործով վիճարկվող դրույթները պայմանավորված չեն տվյալ նորմերի սահմանադրականությամբ: Պատասխանողի կարծիքով դիմողը բարձրացնում է վիճարկվող նորմերի կիրառման իրավաչափության հարց:

Վկայակոչելով Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում արտահայտված` արդարադատության մատչելիությանը, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորմանը վերաբերող դիրքորոշումները` պատասխանողը նշում է, որ անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի իրացումը երաշխավորելու տեսանկյունից առաջնահերթ կարևորություն ունի այն հարցի պատասխանը, թե որքանով է հասանելի արդարադատությունը, որքան արդյունավետ են անձի խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու իրավունքի իրացման պայմանները և գործիքակազմը:

Միաժամանակ, անդրադարձ կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված մի շարք դիրքորոշումներին, պատասխանողն արձանագրում է, որ սույն սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող Օրենսգրքի դրույթներն ապահովում են համապատասխան գործիքակազմ` երաշխավորելու արդարադատության հասանելիությունը:

i

Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համապատասխան դրույթները, ինչպես նաև հղում կատարելով Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմանը` պատասխանողը գտնում է, որ դիմումը ենթակա է մերժման:

Ըստ պատասխանողի` դիմողի կողմից մատնանշված իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորված չէ վիճարկվող նորմի սահմանադրականությամբ: Բացի դրանից, պատասխանողի գնահատմամբ դիմողը համապատասխան հիմնավորումներ չի ներկայացրել Օրենսգրքի վիճարկվող դրույթների և վերջիններիս հակասահմանադրականության վերաբերյալ:

Ամփոփելով վերոգրյալը` պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի վիճարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը և միջնորդում է կարճել գործի վարույթը:

 

3. Գործի շրջանակներում պարզաբանման ենթակա հարցադրումները

Սույն գործով վիճարկվող նորմերի սահմանադրականությունը որոշելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

- արդյո՞ք վիճարկվող դրույթները միջամտում են անձի որևէ հիմնական իրավունքի, ներառյալ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրականացմանը,

- արդյո՞ք, առկայության դեպքում, միջամտությունը համապատասխանում է հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման որոշակիության և համաչափության սահմանադրաիրավական սկզբունքներին և չի խախտում արդարադատության մատչելիության բուն էությունը:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

i

4.1. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

i

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

Սահմանադրական դատարանը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածները բազմիցս դիտարկել է որպես մեկ միասնական իրավական երևույթ: Դա, մասնավորապես, վերաբերում է արդարադատության մատչելիության իրավունքին` որպես արդար դատաքննության իրավունքի տարրի:

Այնուհանդերձ, Սահմանադրության 63-րդ հոդվածի իրավակարգավորումը կազմում է արդար դատաքննության իրավունքի առանցքը, քանի որ այդ իրավունքի կիրառության շրջանակն ամրագրելուց բացի սահմանում է նաև դրա առավել ընդհանրական երաշխիքները:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների իրավակարգավորման հիմքում դրված են անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման սահմանադրաիրավական այն սկզբունքները, որոնց համատեքստում Սահմանադրական դատարանն իր որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշումներ: Այդ դիրքորոշումներն արտացոլում են նաև միջազգային իրավական փորձի համալիր ուսումնասիրության արդյունքները:

Սահմանադրական դատարանը կարևորել է իրավակարգավորման սկզբունքներ (չափանիշներ), որոնք սույն գործով վեճի առարկա նորմի սահմանադրականության գնահատման տեսանկյունից ունեն սկզբունքային նշանակություն, մասնավորապես.

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- դատական ակտի դեմ ներկայացված բողոքի ընդունելիության պայմաններ. բողոքարկման ժամկետ սահմանելիս պետք է գերակայեն դատարանի մատչելիության իրավունքի ապահովման երաշխիքները,

- դատական ակտի պատճառաբանվածությունը, ըստ որի ընդունվում կամ մերժվում է անձի դիմումը, ինչպես նաև դատական ակտի բողոքարկման իրավունքը մատչելիության իրավունքի իրացման երաշխիքներ են,

- օրենսդրական կանոնակարգումը չի կարող սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն առաջացնել անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, արդյունքում չապահովելով դատարանի մատչելիության իրավունքը:

i

4.2. Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև դատական բողոքարկման ինստիտուտի արդյունավետ կիրառման օրենսդրական կարգավորումներին` խնդիրը դիտարկելով ինչպես սահմանադրական կարգի սկզբունքներին, արդարադատության նպատակներին, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական պարտավորություններին դրա համապատասխանությունը գնահատելու և ապահովելու տեսանկյունից:

Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում վերոնշյալի առնչությամբ արտահայտել է, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումները.

ա) «Բողոքարկման ինստիտուտի ողջ տրամաբանությունը` ընդհանրապես, և արդարադատության համակարգի ներսում` մասնավորապես, հանգում է նրան, որ մի օղակի ապօրինի վարքագծի վիճարկումը հասցեագրված լինի բացառապես վերադաս ատյանին: Այս տրամաբանությամբ է կառուցված ՀՀ արդարադատական համակարգի ներսում բողոքարկման ողջ մեխանիզմը» (ՍԴՈ-719),

բ) «... սահմանադրորեն նախատեսված է խախտված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության (դրա արդյունավետության) երաշխավորման առանձնահատուկ այնպիսի ինստիտուտ, ինչպիսին վերադաս դատարանի կողմից դատական ակտի վերանայման` անձի իրավունքն է (դատական բողոքարկումը (ՀՀ Սահմ. 20-րդ հոդվածի 3-րդ մաս): Վերջինս նաև անձի իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրականացման խնդրում պետության առաջնային պարտականություն է` որոշակի ընթացակարգի, այդ թվում` դատական հնարավոր սխալների ուղղման միջոցով արդարադատության նպատակների իրագործումը» (ՍԴՈ-936),

գ) «Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական բողոքարկման ինստիտուտի կարգավորման և գործադրման հիմքում պետք է իրացվեն հետևյալ առաջնահերթ իրավապայմանները, մասնավորապես.

- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները` որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,

- դատական բողոքարկումը, որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները` պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները (մասնավորապես` ՀՀ Սահմ. 18, 19-րդ հոդվածներ),

- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,

- դատական ակտերի վերանայումը (վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքի հիման վրա) որպես արդարադատական գործառույթ կարող է ծառայել վերոհիշյալ սահմանադրաիրավական խնդիրների իրագործմանը, եթե իրականացվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից» (ՍԴՈ-936),

դ) «Դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է: Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից» (ՍԴՈ-1190):

Դիմողի` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացրած թիվ ԵԿԴ/2634/02/17 քաղաքացիական գործով վերաքննիչ բողոքը չի քննվել դատարանի կողմից, քանի որ 12.11.2018 թ. վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո դիմողը` շտկելով թույլ տված սխալները (բավարար չափով պետական տուրքի վճարումը), կրկին ներկայացնելիս նույն վերաքննիչ բողոքը կրկին չի ուղարկել պատասխանող կողմին, որը վերաքննիչ դատարանը համարել է Օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին չբավարարող և 371-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրամադրել վերաքննիչ բողոք ներկայացնող կողմին, որպիսի պարագայում դիմողը զրկվել է դատական պաշտպանության իրավունքից:

Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտել, որ Օրենսդրի նպատակը ոչ թե բողոք բերած անձին ծանրաբեռնելն է որևէ չարդարացված պարտականությամբ, այլ երաշխավորելը, որ գործին մասնակցող անձանց հասանելի լինի բողոքի բովանդակությունը, որը վերջիններիս հնարավորություն կտա արդյունավետորեն պաշտպանվել բողոքում ներկայացված պահանջներից, այսինքն` գործին մասնակցող անձինք հնարավորություն կունենան արդյունավետորեն իրականացնելու դատական պաշտպանության իրենց հիմնական իրավունքը:

4.3. Վերաքննիչ բողոք բերող անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովման համատեքստում դիմողի կողմից վիճարկվող իրավակարգավորումներին սահմանադրաիրավական պատշաճ գնահատական տալու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև վերաքննիչ բողոքների վերադարձման ինստիտուտի դերին և բովանդակությանը:

Օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասը սպառիչ կերպով նախատեսում է վերաքննիչ բողոքի վերադարձման դեպքերը: Ըստ այդմ, «....վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`

1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները.

2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.

3) մինչև վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը բողոք բերած անձից դիմում է ստացվել այն հետ վերցնելու մասին.

4) բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է.

5) վերաքննիչ բողոք է բերվել մեկից ավելի դատական ակտերի դեմ»:

Ընդ որում, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված խախտումները, որպեսզի վերաքննիչ բողոք բերած անձը դրանք շտկելու հնարավորություն ունենա:

Բացառությամբ վերոհիշյալ կարգավորումների 3-րդ կետով նախատեսված դեպքի` այն է` բողոք բերած անձը դիմում է ներկայացնում այն հետ վերցնելու մասին, բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը:

Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու ինստիտուտն ուղղված է բողոք բերող անձի` դատական ակտը բողոքարկելու միջոցով դատական պաշտպանության իրավունքի իրականացման համար արդյունավետ կառուցակարգի սահմանմանը և որևէ պարագայում ձևական բնույթի թերությունները չպետք է խոչընդոտեն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացմանը:

Մյուս կողմից, կարևորելով դատավարական ընթացակարգերին հետևելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում դատաքննության իրականացման սահմանադրաիրավական պահանջը, օրենսդիրը սահմանել է դրույթ, համաձայն որի` վերադարձնելուց հետո կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում: Այսինքն` վերաքննիչ բողոքի վերադարձման ինստիտուտն ընդհանուր առմամբ ապահովում է բողոքի հետ կապված թերությունների վերացման և այդ ինստիտուտի չարաշահման անթույլատրելիության միջև պատշաճ հավասարակշռությունը:

Վերադարձնելուց հետո կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա թերությունների վերացման համար ժամկետ չնախատեսելը պայմանավորված է հետևյալ իրավական երաշխիքներով.

նախ, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված խախտումները (Օրենսգրքի 371-րդ հոդված, 3-րդ մաս): Այսինքն` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ պետք է նշվեն բողոք բերող անձի կողմից թույլ տրված բոլոր խախտումները,

երկրորդ, վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու համար Օրենսգիրքը նախատեսում է ողջամիտ ժամկետներ` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետ, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով` եռօրյա ժամկետ (Օրենսգրքի 371-րդ հոդված, 5-րդ մաս),

երրորդ, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումն օրենսգրքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան (Օրենսգրքի 371-րդ հոդված, 6-րդ մաս): Ընդ որում, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում վերաքննիչ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե բացակայում են վերաքննիչ բողոքը վերադարձնելու այլ հիմքեր կամ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքեր (Օրենսգրքի 371-րդ հոդված, 7-րդ մաս):

Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու ինստիտուտն անհրաժեշտ երաշխիքներ է նախատեսում դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու համար` միաժամանակ ապահովելով արդար դատաքննության բաղադրատարր հանդիսացող ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չտրամադրելը հանդիսանում է անհրաժեշտ և պիտանի միջոց այն պարագայում, երբ դատարանի կողմից մատնանշված բոլոր խախտումները սահմանված ժամկետում չեն վերացվում բողոքաբերի կողմից:

4.4. Օրենսգրքի 367-րդ հոդվածը նախատեսում է վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը: Ըստ համապատասխան հոդվածի` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան: Միաժամանակ, հոդվածով նախատեսված իրավակարգավորումների համաձայն` բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հոդվածով սահմանված` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու պահանջն ինքնանպատակ չէ: Այն բխում է մրցակցային դատավարության սկզբունքից և ապահովում է գործին մասնակցող անձանց դատավարական պաշտպանությունն առավել արդյունավետ կազմակերպման հնարավորությունը:

Մյուս կողմից, Օրենսգրքի 368-րդ հոդվածով սահմանվում են վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Մասնավորապես` ըստ ձևի վերաքննիչ բողոքը պետք է ներկայացվի գրավոր, ընթեռնելի, հայերեն կամ այլ լեզվով` հայերեն պատշաճ թարգմանությամբ:

Բացի դրանից, վերաքննիչ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները:

Հաշվի առնելով Օրենսգրքի 367-րդ հոդվածով նախատեսված` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան պարտադիր ուղարկելու պահանջը` 368-րդ հոդվածով վերաքննիչ բողոքի ձևին նվիրված հոդվածով սահմանվում է, որ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, ինչպես նաև բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները:

Այսինքն` վերաքննիչ բողոքին ընթացք տալու համար կարևորվում են պետական տուրքի վճարումը (եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից), բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելը, ինչպես նաև բողոքի պատճենը դատական ակտը կայացրած դատարան ուղարկելը:

Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

i

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է»:

Այլ կերպ ասած` պետական տուրքի վճարումը հիմք է հանդիսանում դատարանի կողմից վերաքննիչ բողոքը քննության ընդունելու, գործը քննելու և համապատասխան որոշում կայացնելու համար: Այդ առումով պետական տուրքը վճարված լինելու կամ չլինելու հանգամանքն անմիջականորեն չի առնչվում գործին մասնակցող անձանց իրավաչափ շահերի հետ:

i

Մյուս կողմից, Օրենսգրքի 101 և 109-րդ հոդվածների համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից, որոնք բաշխվում են գործին մասնակցող անձանց միջև` բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Սակայն, Սահմանադրական դատարանը գտնում է, որ պետական տուրքի չափը որոշելը և այն դատական ծախսերում ներառելը գործող իրավակարգավորումների համաձայն հստակ կանխատեսելի գործընթաց է:

Վերաքննիչ բողոք բերող անձի կողմից պետական տուրքի վճարված չափի մասին գործին մասնակցող անձանց տեղեկացնելու և տեղեկացնելը հավաստող ապացույցները բողոքին կցելու պահանջը չի կարող վերադասվել անձի` դատական պաշտպանության իրավունքից, հետևաբար, Օրենսգրքի վիճարկվող 368-րդ հոդվածի 5-րդ մասում «բողոքը գործին մասնակցող անձանց .... ուղարկելու մասին ապացույցները» բառակապակցությունը չպետք է մեկնաբանվի այնպես, որ կրկին ներկայացված բողոքին գործով մասնակցող անձանց պետական տուրքի վճարման վերաբերյալ ապացույցներ չներկայացնելը խոչընդոտ հանդիսանա վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրականացման համար:

4.5. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողի նկատմամբ կիրառվել է Օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքը, այն է` չեն պահպանվել օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները, Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտել, որ վերոհիշյալ հիմքով վերաքննիչ բողոքի վերադարձման նախապայմաններն ըստ էության դասակարգվում են երկու խմբի.

առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքի բովանդակությանը ներկայացվող պահանջներին: Օրենսգրքի համաձայն` բողոքը պետք է ներառի, մասնավորապես, վերաքննիչ դատարանի անվանումը, բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները) և հասցեները, այն դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է վերաքննիչ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վերաքննիչ բողոքի հիմքերը` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքի հիմնավորումները` վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները, բողոք բերող անձի պահանջը, ինչպես նաև բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը

երկրորդը վերաքննիչ բողոքի ձևին ներկայացվող պայմաններն են, որոնց շարքին են դասվում, ի թիվս այլնի, բողոքին կցվող փաստաթղթերը:

Օրենսգրքի 368-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ բողոքին կցվում են`

1) պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը,

2) բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները,

3) բողոքի պատճենը դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցը,

4) ներկայացուցչի ստորագրած բողոքին նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը,

5) բողոք բերող անձի այլ միջնորդությունները:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ իրավակարգավորումներով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը գործին մասնակցող անձանց ուղարկելու ուղղակի պահանջ նախատեսված չէ:

Որպես բողոքին կցվող փաստաթուղթ` պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը բխում է Օրենսգրքի 367-րդ հոդվածի (Վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը) 1-ին մասով սահմանված դրույթից, համաձայն որի` «Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան»:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում սույն գործով վիճարկվող դրույթները չպետք է մեկնաբանվեն տառացի` զրկելով անձին վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրականացման հնարավորությունից:

i

4.6. Վիճարկվող դրույթների կապակցությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ կրկին ներկայացվող վերաքննիչ բողոքի հետ կապված կառուցակարգերը չպետք է անհարկի ծանրաբեռնեն անձանց: Այս առումով սույն գործի շրջանակներում կիրառելի է նաև Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-1363 որոշմամբ արտահայտած այն դիրքորոշումը, համաձայն որի. «....երբ Վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները չեն առնչվի վճռաբեկ բողոքի տեքստին, նույն բողոքի պատճենն օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են լինելու կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը: Այդ տեսանկյունից վերադարձնելուց հետո կրկին ներկայացված նույն տեքստն ունեցող բողոքի պատճենը կողմերին կրկին ուղարկելը չի բխում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` անձի` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից և չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ»:

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 170-րդ հոդվածը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` ձևին և բովանդակությանը չհամապատասխանելու հիմքով վերադարձված վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը, ինչպես նաև բողոքի պատճենը գործին մասնակցող անձանց և գործը քննող դատարան կրկին ուղարկելու անհրաժեշտությունը բացակայում է, եթե վերաքննիչ բողոքը փոփոխության չի ենթարկվել:

i

2. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի` «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները....» դրույթի մասով համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` կրկին ներկայացված բողոքում առկա խախտումները վերաբերում են դատարանի կողմից մատնանշված և չվերացված խախտումներին:

3. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման, քանի որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ և 371-րդ հոդվածի 5-րդ մասերը դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման եզրափակիչ մասի առաջին և երկրորդ կետերում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ:

4. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ                    Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

24 սեպտեմբերի 2019 թվականի

ՍԴՈ-1477

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 26 սեպտեմբերի 2019 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
24.09.2019
N ՍԴՈ-1477
Որոշում