i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
հաշվի առնելով երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը,
համոզված լինելով, որ առավել արդյունավետ համագործակցությունը իրենց մաքսային ծառայությունների միջև կարող է իրականացվել տեղեկատվության փոխանակման միջոցով, և տեղեկատվության այդպիսի փոխանակումը պետք է հիմնված լինի հստակ իրավական դրույթների վրա,
հաշվի առնելով, որ մաքսային օրենսդրության խախտումները վնաս են պատճառում համապատասխան երկրների տնտեսական, առևտրային, հարկային, սոցիալական, մշակութային, արդյունաբերական և գյուղատնտեսական շահերին, ինչպես նաև` օրինական առևտրին,
հաշվի առնելով ապրանքների ներմուծման կամ արտահանման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի, մուծումների կամ վճարների ճշգրիտ գանձման ապահովման, ինչպես նաև արգելման, սահմանափակման և հսկողության դրույթների պատշաճ իրականացման կարևորությունը, վերջինիս մեջ ներառելով նաև մտավոր սեփականության իրավունքների խախտման մասին իրավական դրույթների և կանոնների իրականացումը,
համոզված լինելով, որ մաքսային խախտումների դեմ ուղղված գործողությունները և արտահանման ու ներմուծման տուրքերի, հարկերի, մուծումների կամ այլ վճարների ճշգրիտ հավաքագրումն ապահովելու ջանքերը կարող են իրականացվել առավել արդյունավետ` իրենց մաքսային ծառայությունների միջև համագործակցության միջոցով,
հաշվի առնելով, որ թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի առևտուրը վտանգ է ներկայացնում հասարակության առողջության և հասարակության համար,
i
նկատի առնելով 1961 թվականի` «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիայի դրույթները` փոփոխված 1972 թ. արձանագրությամբ, և Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ ընդունված` 1971 թվականի` «Հոգեներգործուն նյութերի մասին» կոնվենցիան, ինչպես նաև 1988 թվականի` «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան,
համաձայնեցին հետևյալի մասին.
Սահմանումներ
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար`
1. «Մաքսային ծառայություն» նշանակում է` Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համար` Գլխավոր մաքսային վարչությունը:
2. «Մաքսային օրենսդրություն» նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության կողմից կիրառվող կամ հարկադրվող ցանկացած իրավական ակտ և վարչական դրույթ` կապված ապրանքների ներմուծման, արտահանման, փոխադրման, տարանցման, պահպանման և տեղաշարժի հետ` ներառյալ արգելման, սահմանափակման և հսկողության միջոցներին վերաբերող իրավական ակտերը և վարչական դրույթները:
3. «Մաքսային իրավախախտում», համաձայն Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրության, նշանակում է` մաքսային օրենսդրության ցանկացած խախտում:
4. «Հայցող մաքսային ծառայություն» նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային ծառայություն, որը մաքսային գործերով օգնության վերաբերյալ հարցում է կատարում:
5. «Հայցվող մաքսային ծառայություն» նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային ծառայություն, որն ստանում է մաքսային գործերով օգնության հարցումը:
6. «Տեղեկատվություն» նշանակում է` ցանկացած տվյալ, փաստաթուղթ, զեկույց, դրանց` հաստատված կամ վավերացված պատճեններ կամ այլ հաղորդագրություններ:
7. «Մաքսային տարածք» նշանակում է` Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության ցամաքային, ջրային և օդային տարածք, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համար` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային տարածք:
8. «Անձնական տվյալներ» նշանակում է` ինքնությունը հաստատված կամ հաստատման ենթակա անձին վերաբերող ցանկացած տեղեկատվություն:
9. «Հնաոճ իրեր և արվեստի գործեր» նշանակում է` բոլոր այն իրերը, որոնք ներկայացնում են մշակութային արժեք յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար:
10. «Թմրամիջոցներ և հոգեներգործուն նյութեր» նշանակում է` նյութեր կամ այդպիսի նյութեր պարունակող ապրանքներ` թվարկված 1961 թվականի` «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիայում` փոփոխված 1972 թ. Արձանագրությամբ, «Հոգեներգործուն նյութերի մասին» 1971 թ. կոնվենցիայում, ինչպես նաև 1988 թ. դեկտեմբերի 20-ի` «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի 1-ին հոդված «ժդ» և «ժը» կետերում թվարկված նյութեր:
11. «Պրեկուրսորներ» նշանակում է` 1988 թ. դեկտեմբերի 20-ի` «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի հավելված հանդիսացող 1-ին և 2-րդ ցանկերում թվարկված` թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի արտադրության մեջ հաճախ օգտագործվող նյութեր:
12. «Վերահսկվող մատակարարում» նշանակում է` թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի կամ դրանց փոխարինող նյութերի ապօրինի կամ կասկածելի խմբաքանակի` դեպի Պայմանավորվող կողմերի մաքսային տարածք, տարածքից դուրս կամ նրանց տարածքով փոխադրման համար թույլատրման եղանակ` նրանց իրավասու ծառայությունների գիտությամբ և հսկողության ներքո` այդ ապրանքների ապօրինի փոխադրման մեջ ներգրավված անձանց բացահայտելու նպատակով:
Համաձայնագրի գործողության շրջանակը
Հոդված 2
1. Պայմանավորվող կողմերը, իրենց մաքսային ծառայությունների միջոցով և սույն Համաձայնագրում շարադրված դրույթներին համապատասխան, միմյանց կտրամադրեն փոխադարձ օգնություն.
ա) մաքսային օրենսդրության պատշաճ կատարումն ապահովելու նպատակով,
բ) մաքսային օրենսդրության խախտումները կանխելու, հետաքննելու և դրանց դեմ պայքարելու նպատակով,
գ) մաքսային օրենսդրության կիրառմանը վերաբերող վարչական բնույթի որոշումների և փաստաթղթերի առաքման և ծանուցման հարցերում:
2. Սույն Համաձայնագրի շրջանակներում օգնությունը կտրամադրվի հայցվող Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան և հայցվող մաքսային ծառայության իրավասության ու միջոցների շրջանակներում:
3. Այն դեպքում, երբ հայցվող Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը հարցումը բավարարող համապատասխան մարմինը չէ, նա պետք է հարցումն անհապաղ փոխանցի համապատասխան մարմնին, որը պետք է բավարարի հարցումը` օրենքով իրեն վերապահված լիազորությունների համաձայն, կամ հայտնի հայցող մաքսային ծառայությանը այն համապատասխան ընթացակարգի մասին, որին պետք է հետևել այդպիսի հարցման կապակցությամբ:
Տեղեկատվության փոխանակումը
Հոդված 3
1. Մաքսային ծառայությունները, հարցման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ, միմյանց կտրամադրեն ամբողջ այն տեղեկատվությունը, որը կարող է օգնել ճշգրտություն ապահովել հետևյալ դեպքերում.
ա) մաքսային ծառայությունների կողմից գանձվող մաքսատուրքերի, հարկերի, մուծումների և վճարների հավաքագրման ընթացքում,
բ) ապրանքների ներմուծման կամ արտահանման ժամանակ մաքսային արժեքը և ներկայացվող փաստաթղթերի հավաստիությունը, ինչպես նաև դրանցում պարունակվող տվյալների վավերականությունը որոշելու ժամանակ,
գ) արտաքին տնտեսական գործունեության հետ կապված ապրանքները Ներդաշնակ համակարգի համաձայն դասակարգելու, ինչպես նաև ապրանքների դասակարգումը կատարելու համար մաքսային լաբորատորիաներում հետազոտություններ կատարելու ժամանակ` համաձայն հարցումը կատարող Կողմի ազգային օրենսդրության և կանոնակարգերի,
դ) ապրանքի ծագման որոշման, արտահանվող ապրանքի ծագման հավաստագրի, ինչպես նաև ծագման հավաստագրի ներկայացմանն առնչվող համապատասխան մաքսային ընթացակարգերի նկատմամբ իրականացվող հսկողության ընթացքում,
ե) արտահանման երկրում ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգերի որոշման ընթացքում,
զ) ներմուծման և արտահանման արգելքների ու սահմանափակումների իրականացման ժամանակ,որը կարող է օգնել պարզություն մտցնել հետևյալ դեպքերում`
ա) զենքի, զինամթերքի, պայթուցիկ և միջուկային նյութերի, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնակչության առողջության համար վտանգավոր այլ նյութերի ապօրինի փոխադրման,
բ) պատմական, մշակութային կամ հնագիտական նշանակալի արժեք ներկայացնող արվեստի գործերի փոխադրման,
գ) մաքսային տուրքերի կամ հարկերի բարձր դրույքաչափերով հարկման ենթակա ապրանքների փոխադրման և մաքսային գործունեությանը վերաբերող վիճակագրական տեղեկատվության տրամադրման:
2. Եթե հայցվող մաքսային ծառայությունը չի տիրապետում հարցվող տեղեկատվությանը, նա պետք է փնտրի այդ տեղեկատվությունը բոլոր հնարավոր միջոցներով` իր պետության տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան:
3. Հայցվող մաքսային ծառայությունը պետք է փնտրի տեղեկատվությունն այնպես, ինչպես դա կաներ իր համար:
Հոդված 4
Հարցման հիման վրա մաքսային ծառայությունները միմյանց կտրամադրեն ցանկացած տեղեկատվություն, որը ցույց կտա, թե.
ա) արդյոք մի Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածք ներմուծված ապրանքներն օրինական են արտահանվել մյուս Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածքից,
բ) արդյոք մի Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածքից արտահանվող ապրանքները օրինական են ներմուծվել մյուս Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածք, և այն մաքսային ընթացակարգի բնույթը, որը կիրառվել է ապրանքների ձևակերպման համար,
գ) արդյոք մի Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածքից մաքսային արտոնությունների կիրառմամբ արտահանված ապրանքները պատշաճ կերպով ներմուծվել են մյուս Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածք. պետք է տեղեկատվություն տրամադրվի նաև մաքսային հսկողության ցանկացած միջոցառման մասին, որին ենթարկվել են ապրանքները,
դ) արդյոք ապրանքները, որոնք տարանցվել են մի Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածքով, օրինական ճանապարհով են տարանցվել:
Հոդված 5
Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը, իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա, կարող է մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությանը տրամադրել ամբողջ այն տեղեկատվությունը, որը հնարավոր է առնչություն ունենա մաքսային օրենսդրության խախտումների հետ և մասնավորապես վերաբերի.
ա) մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտումներ կատարած կամ կատարելու մեջ կասկածվող անձանց,
բ) ապօրինի փոխադրման մեջ գտնվող ապրանքներին,
գ) այն տրանսպորտային միջոցներին և բեռնարկղերին, որոնք օգտագործվում են կամ կասկածվում են, որ կարող են օգտագործվել Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտումներ կատարելու մեջ,
դ) մաքսային օրենսդրության խախտումներ կատարելու համար օգտագործվող նոր մեթոդներին և միջոցներին:
Հոդված 6
1. Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը, իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա, մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությանը տրամադրում է հաշվետվություններ, վկայության գրառումներ կամ փաստաթղթերի հաստատված պատճեններ, որոնք տալիս են առկա ամբողջ տեղեկատվությունը հայտնաբերված կամ ծրագրված այն գործողությունների մասին, որոնք պարունակում են կամ կարող են պարունակել այդ Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտում:
2. Փաթեթների ու փաստաթղթերի բնօրինակները պետք է պահանջվեն միայն այն դեպքերում, երբ հաստատված պատճենները բավարար չեն:
Հոդված 7
1. Սույն Համաձայնագրով նախատեսված փաստաթղթերը կարող են փոխարինվել ցանկացած ձևով նույն նպատակի համար պատրաստված էլեկտրոնային տեղեկատվությամբ: Միաժամանակ պետք է տրամադրվի նյութի մեկնաբանման կամ օգտագործման համար ամբողջ համապատասխան տեղեկատվությունը: Էլեկտրոնային տեղեկատվության կիրառումը, իրավական հետևանքները և ապացուցողական ուժը պետք է որոշվեն Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան:
2. Հայցվող մաքսային ծառայությունը պահանջի դեպքում հայցող մաքսային ծառայությանը տրամադրում է նախօրոք ուղարկված էլեկտրոնային տեղեկատվությանը վերաբերող համապատասխան փաստաթղթերը:
Համագործակցության առանձին ձևերը
Հոդված 8
Սույն Համաձայնագրի համաձայն` Պայմանավորվող կողմերը համագործակցում են բեռների և ուղևորների փոխադրումների, փոստային առաքումների մաքսային հսկողությունը պարզեցնելու, այդ հսկողության մեթոդներն ու ուղիները բարելավելու, ինչպես նաև բեռների, տրանսպորտային միջոցների, ուղևորների, փոստային առաքումների, արժութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը, տարանցումը Պայմանավորվող կողմերի պետությունների մաքսային տարածքներով կանխելու նպատակով:
Հոդված 9
Պայմանավորվող կողմերը, իրենց պետություններում գործող օրենսդրության համաձայն, սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցում են մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի հետաքննության, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների, զենքի, զինամթերքի, թունավոր գազերի, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու նպատակով:
Հոդված 10
Պայմանավորվող կողմերը, իրենց պետություններում գործող օրենսդրության համաձայն, սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցում են մշակութային արժեքների ապօրինի փոխադրման դեմ պայքարում:
Պայմանավորվող կողմերը պետք է վերադարձնեն իրենց տրամադրության տակ եղած հնաոճ իրերը և մշակութային արժեք ներկայացնող արվեստի գործերը, եթե դրանք արտահանվել են մյուս Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածքից մաքսային և այլ կանոնների խախտմամբ:
Անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների հսկողությունը
Հոդված 11
Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը իր իրավասության և միջոցների շրջանակներում, իր նախաձեռնությամբ կամ մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության հարցման հիման վրա, կարող է իրականացնել հսկողություն.
ա) այն անձանց տեղաշարժի, հատկապես իր մաքսային տարածք մուտքի և ելքի նկատմամբ, որոնք արդեն հայտնի են կամ կասկածվում են իրավախախտումներ կատարելու մեջ կամ կատարել են մյուս Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտումներ,
բ) ցանկացած տրանսպորտային միջոցի և բեռնարկղի նկատմամբ, որոնք արդեն հայտնի են կամ կասկածվում են, որ կօգտագործվեն մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտումներ կատարելիս,
գ) մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության կողմից հայտնած այն ապրանքների տեղաշարժի նկատմամբ, որոնք կապված են կամ կասկածվում են դեպի իրենց պետության մաքսային տարածք կամ տարածքից դուրս զգալի ապօրինի տեղաշարժի հետ:
Վերահսկելի մատակարարում
Հոդված 12
1. Մաքսային ծառայությունները կարող են, փոխադարձ համաձայնությամբ և իրենց ազգային օրենսդրությամբ սահմանված իրավասությունների շրջանակներում, կիրառել վերահսկելի մատակարարում սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված ապրանքներին առնչվող մաքսային իրավախախտումների դեպքում` մաքսային իրավախախտման մեջ ներգրավված անձանց բացահայտելու նպատակով:
2. Վերահսկելի մատակարարում կիրառելու վերաբերյալ որոշումները միշտ պետք է կայացվեն «դեպքից դեպք» սկզբունքով:
Հարցումներ
Հոդված 13
1. Հարցման դեպքում հայցվող մաքսային ծառայությունը պետք է նախաձեռնի պաշտոնական հարցումներ այն գործարքների վերաբերյալ, որոնք հակասում են կամ կարող են հակասել հայցող Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածքում գործող մաքսային օրենսդրությանը: Նա պետք է այդ հարցման արդյունքների մասին հաղորդի հայցող մաքսային ծառայությանը:
2. Այդ հարցումներն անց են կացվում հայցվող Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածքում գործող օրենսդրության համաձայն:
Տեղեկատվության օգտագործումը
Հոդված 14
1. Սույն Համաձայնագրով տրամադրվող օգնության շրջանակներում ստացված ցանկացած տեղեկատվություն պետք է օգտագործվի միայն սույն Համաձայնագրի նպատակների համար և միայն մաքսային ծառայությունների կողմից:
2. Ստացված տեղեկատվությունը չի կարող օգտագործվել սույն Համաձայնագրում չնշված նպատակների համար` առանց այն տրամադրող մաքսային ծառայության գրավոր համաձայնության: Այս դրույթները կիրառելի չեն թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների հետ կապված իրավախախտումներին վերաբերող տեղեկատվության նկատմամբ: Այդպիսի տեղեկատվությունը կարող է անմիջականորեն հաղորդվել այլ պետական մարմիններին, որոնք ներգրավված են թմրամիջոցների ապօրինի փոխադրման դեմ պայքարում:
3. Համաձայն սույն Համաձայնագրի` որևէ ձևով հաղորդված ցանկացած տեղեկատվություն պետք է լինի գաղտնի: Այն պետք է պարտադիր պահպանվի պաշտոնական գաղտնիությամբ և պետք է պաշտպանվի այնպես, ինչպես պաշտպանվում է նմանատիպ տեղեկատվությունը ստացող Պայմանավորվող կողմի պետական օրենսդրությամբ:
Անձնական տվյալների պաշտպանությունը
Հոդված 15
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում անձնական տվյալների փոխանակման դեպքում Պայմանավորվող կողմերը պետք է ապահովեն տվյալների պաշտպանության այնպիսի մակարդակ, որը համապատասխանում է առնվազն ազգային օրենսդրական դրույթների և կանոնների կիրառումից բխող պաշտպանության մակարդակին:
2. Անձնական տվյալները պետք է տրամադրվեն միայն մաքսային ծառայությանը: Անձնական տվյալների տրամադրումը ցանկացած այլ մարմնի կարող է կատարվել միայն տվյալ տեղեկատվությունը տրամադրող մաքսային ծառայության նախնական համաձայնությամբ:
3. Պահանջի դեպքում անձնական տվյալներ ստացած մաքսային ծառայությունը պետք է տեղեկացնի տվյալներ տրամադրած մաքսային ծառայությանը դրանց օգտագործման և ստացված արդյունքների մասին:
4. Մաքսային ծառայությունները պետք է ձեռնարկեն անվտանգության անհրաժեշտ միջոցներ` սույն Համաձայնագրով փոխանակված անձնական տվյալները չարտոնված օգտագործումից, փոփոխություններից կամ տարածումից պաշտպանելու համար:
Օգնության հարցումների ձևը և բովանդակությունը
Հոդված 16
1. Սույն Համաձայնագրին համապատասխան` հարցումները կատարվում են գրավոր: Այդպիսի հարցումների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ուղեկցեն հարցմանը: Անհրաժեշտության դեպքում անհետաձգելի իրավիճակում կարող են ընդունվել բանավոր հայցեր, որոնք, սակայն, պետք է անհապաղ հաստատվեն գրավոր:
2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն կատարված հարցումները պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը.
ա) հայցող մաքսային ծառայության անվանումը,
բ) պահանջվող միջոցառումը,
գ) հարցման առարկան և պատճառը,
դ) օրենսդրությունը և այլ ընդգրկված իրավական տարրերը,
ե) հնարավորին չափ ճշգրիտ և սպառիչ տվյալներ հետազոտության առարկա հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերյալ,
զ) գործին առնչվող փաստերի ամփոփագիրը` բացառությամբ սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածով նախատեսված դեպքերի,
է) հայցվող օգնության և դրան առնչվող հարցման միջև կապը:
3. Հարցումները պետք է ներկայացվեն անգլերեն կամ հայցվող կողմի պաշտոնական լեզվով` անգլերեն կից թարգմանությամբ, և պետք է լինեն հայցվող կողմի տեխնիկական պահանջներին համապատասխան:
4. Եթե հայցը չի բավարարում սահմանված պահանջները, ապա կարող է պահանջվել, որ դա փոփոխվի կամ բերվի ավարտուն տեսքի: Դա չպետք է ազդի դրա հետ կապված կանխարգելիչ միջոցների ձեռնարկման վրա:
5. Հարցումների պատասխանները պետք է ներկայացվեն Պայմանավորվող կողմի պաշտոնական լեզվով` անգլերեն կից թարգմանությամբ:
6. Հայցող կողմը պետք է հաշվի առնի հայցվող կողմի նկատմամբ իր առաջացրած ծանրաբեռնվածությունը: Հայցվող կողմը կարող է ժամանակավոր կասեցնել (պաշտոնապես գրավոր ծանուցելով հայցող կողմին) գործընթացը, եթե հայցի ծավալը իր հնարավորության սահմաններից վեր է, մինչև Կողմերը փոխհամաձայնության գան տվյալ հարցի շուրջ:
7. Սույն Համաձայնագրում նշված տեղեկատվությունը պետք է փոխանցվի այն պաշտոնատար անձանց, որոնք յուրաքանչյուր մաքսային ծառայության կողմից հատուկ նշանակված են այդ նպատակների համար: Այդ նպատակի համար նշանակված պաշտոնատար անձանց ցուցակը Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների կողմից փոխանակվում և լրացվում է ամենաթարմ տվյալներով` սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան:
Օգնություն տրամադրելու պարտավորությունից ազատում
Հոդված 17
1. Եթե հայցվող մաքսային ծառայությունը համարում է, որ հայցվող օգնությունը կարող է վնաս հասցնել հայցվող Պայմանավորվող կողմի պետության ինքնիշխանությանը, հասարակական կարգին, անվտանգությանը կամ որևէ այլ հիմնարար ազգային շահի կամ կարող է իր մեջ պարունակել ցանկացած առևտրային կամ մասնագիտական, ինչպես նաև պետական կամ պաշտոնական գաղտնիքի բացահայտում այդ Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածքում, ապա նա կարող է մերժել այդ օգնության տրամադրումը, տրամադրել այն մասամբ կամ որոշակի պայմաններով կամ պահանջներով:
2. Եթե օգնության հայցը չի կարող բավարարվել, հայցող մաքսային ծառայությունը պետք է անհապաղ ծանուցվի և տեղեկացվի օգնություն տրամադրելու մերժման պատճառների մասին:
3. Հայցվող մաքսային ծառայության կողմից օգնությունը կարող է հետաձգվել այն դեպքերում, եթե դրա կատարումը կխոչընդոտի ընթացքի մեջ գտնվող հետաքննությանը, հետապնդմանը կամ դատավարությանը: Այդ դեպքում հայցվող մաքսային ծառայությունը պետք է խորհրդակցի հայցող մաքսային ծառայության հետ` որոշելու համար, թե արդյոք օգնությունը կարող է ցուցաբերվել հայցվող մաքսային ծառայության կողմից նշված ժամկետներում և պայմաններով: Եթե օգնությունը հետաձգվում է, ապա պետք է ներկայացվեն հետաձգման պատճառները:
Ծախսերը
Հոդված 18
1. Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները չպետք է պահանջեն սույն Համաձայնագրի կատարման ընթացքում առաջացած ծախսերի հատուցում` բացի պետական ծառայող չհանդիսացող փորձագետներին, վկաներին, սղագրողներին ու թարգմանիչներին վճարվող գումարների հատուցումից:
2. Եթե հայցի բավարարման համար պահանջվում են կամ կպահանջվեն զգալի չափերի և ոչ սովորական բնույթի ծախսեր, ապա Պայմանավորվող կողմերը պետք է խորհրդակցեն` որոշելու համար այն ժամկետները և պայմանները, որոնց համաձայն հարցումը կիրականացվի, ինչպես նաև` այն ճանապարհը, որով կծածկվեն ծախսերը:
Իրականացումը
Հոդված 19
1. Սույն Համաձայնագրի իրականացումն ուղղակիորեն դրվում է Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների վրա: Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համար այդ մաքսային ծառայությունները փոխադարձ համաձայնության կգան առանձին պայմանավորվածությունների վերաբերյալ:
2. Սույն Համաձայնագրի շրջանակներում առաջացած խնդիրների լուծման նպատակով Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները կհիմնեն համատեղ հանձնաժողով` բաղկացած իրենց լիազորած հավասար թվով ներկայացուցիչներից` փորձագետների օժանդակությամբ, որի նիստերը կկայանան Պայմանավորվող կողմերի պետություններում` հաջորդաբար: Համատեղ հանձնաժողովը կգործի իր ընդունած կանոնակարգի համաձայն:
3. Սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում առաջացող տարաձայնությունները կարգավորվում են դիվանագիտական ուղիներով կամ խորհրդակցությունների միջոցով:
Տարածքային կիրառելիությունը
Հոդված 20
Սույն Համաձայնագիրը գործում է երկու Պայմանավորվող կողմերի պետությունների մաքսային տարածքներում:
Եզրափակիչ դրույթներ
Հոդված 21
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով: Նշված արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով և համարվում են դրա անբաժանելի մասը:
Հոդված 22
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկրորդ ամսվա առաջին օրը` հաշված վերջին ծանուցումն ստանալու օրվանից, որով Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած պահի դադարեցնել սույն Համաձայնագիրը մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցելու միջոցով:
Սույն Համաձայնագրի դադարեցումն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալուց վեց ամիս հետո:
3. Սույն Համաձայնագրի դադարեցման պահին ընթացքում գտնվող գործընթացները, այնուամենայնիվ, պետք է ավարտվեն սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:
Կատարված է Պեկին քաղաքում 2015 թվականի մարտի 25-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չինարեն և անգլերեն լեզուներով, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. հունվարի 1-ին