Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ « ...

 

 

103.1234.281116

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        11            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10316401

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

21 նոյեմբերի 2016 թվականի N 1234-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ» ԴԱՍԱԿԱՐԳԻՉ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 15.1-րդ հոդվածի 3-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Հիմնական ֆոնդերի վիճակագրական» դասակարգիչ (այսուհետ` «Հիմնական ֆոնդերի դասակարգիչ») համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ տնտեսական զարգացման և

ներդրումների նախարարի

2016 թվականի նոյեմբերի 21-ի

N 1234-Ն հրամանի

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ ՀԴ-002-2016

 

ԵՐԵՎԱՆ 2016

 

Բովանդակություն

 

ԳԼՈՒԽ 1. Ընդհանուր դրույթներ 1. Դասակարգչի նպատակը և կիրառման ոլորտը 2. Հիմնական ֆոնդերի դասակարգչի հիմնական դրույթները ԱՀՀ 2008-ի, «Կառույցների տեսակների դասակարգչի» (ԿԴ 1998) և «Արտադրանքի վիճակագրական դասակարգումն ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (ԱԴԳՏ 2008) հայեցակարգերում
ԳԼՈՒԽ 2. Դասակարգչի բովանդակությունը 1. Հիմնական ֆոնդերի վիճակագրական դասակարգչի կառուցվածքը 2. Հիմնական ֆոնդերի վիճակագրական դասակարգիչ 3. Հիմնական ֆոնդերի վիճակագրական դասակարգչի պարզաբանումները

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Հիմնական ֆոնդերի վիճակագրական դասակարգչի (ՀՖՎԴ) մշակման հիմքում ընկած են Միավորված ազգերի կազմակերպության վիճակագրության բաժնի Ազգային հաշիվների համակարգ 2008 (ԱՀՀ 2008) միջազգային վիճակագրական ստանդարտը` շարադրված մասնավորապես 10-րդ` «Կապիտալի հետ գործառնությունների հաշիվ» գլխում, Եվրամիության վիճակագրական ծառայության դասակարգիչները, ինչպիսիք են` «Կառույցների տեսակների դասակարգիչը» (ԿԴ 1998), «Արտադրանքի վիճակագրական դասակարգիչն ըստ տնտեսական գործունեության տեսակների» (ԱԴԳՏ 2008), ԱՊՀ «Հիմնական ֆոնդերի մոդելային վիճակագրական դասակարգիչը»:

Հիմնական ֆոնդերի վիճակագրական դասակարգիչը նախատեսված է տնտեսական գործունեության բոլոր մակարդակներում առանձին տնտեսվարող սուբյեկտների, սուբյեկտների խմբերի կողմից կիրառման կամ երկրի ներքին տնտեսության հիմնական ֆոնդերի վիճակագրական հաշվառման նպատակներով:

Հիմնական ֆոնդերի վիճակագրական դասակարգիչը հիմնված լինելով միջազգային ստանդարտների վրա, ենթակա է կիրառման վիճակագրական դիտարկումների և միջազգային համադրումների նպատակներով: Այն նախատեսված է հիմնական ֆոնդերի ծավալի, կազմի և վիճակի գնահատման (վերագնահատման), ֆոնդատարության, ֆոնդազինվածության, ֆոնդահատույցի, ամորտիզացիոն մասհանումների և այլ տնտեսական ցուցանիշների հաշվարկների իրականացման նպատակով կիրառման համար:

Ի տարբերություն ԱՀՀ 1993-ի, ԱՀՀ 2008-ում իրականացվել են մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են մասնավորապես նախկինում տեղ գտած նյութական և ոչ նյութական հիմնական ֆոնդերի տարանջատման բացառմանը, հիմնարար հասկացությունների ու սահմանումների հստակեցմանը, նոր խմբավորումների ավելացմանը:

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԱՀՀ 2008-Ի, «ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ» (ԿԴ 1998) ԵՎ «ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ» (ԱԴԳՏ 2008) ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ

 

1. Դասակարգչի օբյեկտ են հանդիսանում հիմնական ֆոնդերը, որոնք իրենցից ներկայացնում են արտադրված ակտիվներ և արտադրական գործընթացում օգտագործվում են մեկից ավելի անգամ կամ ավելի քան մեկ տարի անընդհատ:

2. Հիմնական ֆոնդերի տարբերակող առանձնահատկություններից են ֆիզիկական իմաստով երկարակեցությունը, մեկից ավելի անգամ կամ երկար ժամանակ (մեկ տարուց ավելի) արտադրական գործընթացում անընդհատ օգտագործելու հնարավորությունը:

3. Հիմնական ֆոնդերը ներառում են`

1) շենքեր, կառույցներ, մեքենաներ և սարքավորումներ,

2) աճեցված կենսաբանական ռեսուրսներ, ինչպիսիք են ծառերը կամ կենդանիները, որոնք օգտագործվում են բազմակի կամ անընդհատ` այլ մթերքների (օրինակ` միրգ կամ կաթնամթերք) արտադրության նպատակով,

3) մտավոր սեփականության արտադրանք, ինչպիսիք են համակարգչային ծրագրային ապահովումը կամ գեղարվեստական ստեղծագործությունների բնօրինակները, որոնք օգտագործվում են արտադրության մեջ և այլն:

4. Որոշ երկարաժամկետ օգտագործման ապրանքներ (օրինակ` տրանսպորտային միջոցներ, կահույք, խոհանոցային սարքավորումներ, համակարգիչներ, կապի միջոցներ և այլն) կարող են դասակարգվել որպես հիմնական ֆոնդեր կամ որպես երկարաժամկետ օգտագործման սպառողական ապրանքներ` կախված սեփականատիրոջ կողմից դրանց օգտագործման նպատակներից:

5. Հիմնական ֆոնդեր չեն համարվում`

1) երկարաժամկետ օգտագործման ապրանքները (օրինակ` լվացքի մեքենաներ, սառնարաններ, խոհանոցային սարքավորումներ, կահույք, փոխադրամիջոցներ, համակարգիչներ, կապի միջոցներ և այլն), եթե դրանք օգտագործվում են տնային տնտեսությունների կողմից սեփական կարիքների համար, այլ ոչ թե արտադրությունում,

2) ձեռքի գործիքները (սղոցներ, բահեր, դանակներ, կացիններ, մուրճեր, պտուտակահաններ և այլն), եթե դրանք նշանակալի չեն ձեռնարկությունների երկարաժամկետ օգտագործման ապրանքների պաշարների արժեքում,

3) որոշ ապրանքներ, որոնք ֆիզիկական իմաստով կարող են շատ երկարակյաց լինել, սակայն օգտագործվում են միայն մեկ անգամ (օրինակ` ածուխը):

6. Շենքերին վերաբերում են ճարտարապետաշինարարական օբյեկտները, որոնք նախատեսված են աշխատանքի, կացության, բնակչության սոցիալ-մշակութային սպասարկման և նյութական արժեքների պահպանման նպատակով պայմանների ստեղծման համար (օր. մթնոլորտի ազդեցությունից պաշտպանություն): Շենքերը որպես հիմնական կոնստրուկտիվ մասեր ունեն պատեր և տանիք:

7. Խումբ 11-ի` «Բնակելի շենքեր» և խումբ 21-ի` «Ոչ բնակելի շենքեր» համար դասակարգման օբյեկտը յուրաքանչյուր առանձին շենքն է: Եթե շենքերը հարակից են միմյանց և ունեն ընդհանուր պատ, սակայն յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է ինքնուրույն ամբողջական կառույց, ապա դրանք համարում են առանձին օբյեկտներ:

8. Շենքի արտաքին կցակառույցները, որոնք ունեն ինքնուրույն տնտեսական նշանակություն (օր. առանձին կանգնած կաթսայատան շենքերը), ինչպես նաև բակային շինությունները (օր. պահեստները, ավտոտնակները, ցանկապատերը, գոմերը, դարպասները, հորերը և այլն), համարվում են ինքնուրույն օբյեկտներ:

9. Շենքերին ներկառուցված տարածքներ, որոնք նախատեսված են խանութների, ճաշարանների, վարսավիրանոցների, նորաձևության սրահների, մշակութակենցաղային և տնտեսական ապրանքների վարձույթի կետերի, մանկապարտեզների, մսուրների, կապի բաժանմունքների, բանկերի և այլ կազմակերպությունների համար և որոնց նշանակությունը այլ է, քան շենքի հիմնական գործառնական նշանակությունը, ներառվում են հիմնական շենքի կազմում: Սակայն համալիր և համակցված շենքերի համար կիրառվում են 26 կետի դրույթները:

10. Շենքի կազմում ներառվում են շենքի ներսում գտնվող հաղորդակցման գծերը, որոնք անհրաժեշտ են դրանց շահագործման համար, ինչպիսիք են ջեռուցման համակարգերը, այդ թվում` կաթսաները (եթե վերջինս գտնվում է շենքի ներսում), ջրատարի, գազատարի և կոյուղու ներքին ցանցը, ուժային և լուսավորող էլեկտրահաղորդագծերի ներքին ցանցը, ներքին հեռախոսային և ազդանշանային ցանցերը, ընդհանուր նշանակության սանիտարական օդափոխման համակարգերը, ամբարձիչներն ու վերելակները:

11. Ներկառուցված կաթսաները (բոյլերները, ջերմային կետերը)` ներառյալ դրանց սարքավորումները, նույնպես ներառվում են շենքի կազմում: Առանձին կանգնած կաթսայատների հիմնական ֆոնդերը վերաբերվում են հետևյալ խմբավորումներին` «Ոչ բնակելի շենքեր» (խումբ 21), «Մեքենաներ և այլ սարքավորումներ` չներառված ուրիշ խմբավորումներում» (ենթախումբ 399) և այլն:

12. Ջրատար, գազատար և ջերմատար, ինչպես նաև կոյուղու սարքավորումերը ներառվում են շենքերի կազմում` սկսած ներանցիկ փականից կամ շենքի մոտ գտնվող եռաբաշխիկից կամ մոտակա դիտահորից` կախված մոտակա ստորգետնյա խողովակաշարերի գտնվելու վայրից:

13. Էլեկտրական լուսավորության անցկացումը և ներքին հեռախոսային ու ազդանշանային ցանցերը ներառվում են շենքերի կազմում` սկսած միացման կափույրից կամ մալուխների ծայրային կցորդիչներից (ներառյալ արկղը և կցորդը):

14. Շինություններ չհանդիսացող բոլոր տեսակի օբյեկտների (շենքի ներսում տեղակայված կաթսաների, գեներատորների, հաստոցների, մեքենաների, սարքերի և այլնի) հիմքերը չեն ներառվում շենքերի կազմում, այլ ներառվում են այն օբյեկտներում, որոնց կազմում դրանք օգտագործվում են:

15. Մեծամասշտաբ սարքավորումների հիմքերը, որոնք կառուցված են շենքի հետ միաժամանակ, ներառվում են շենքի կազմում: Դրանք, ինչպես և մի շարք այլ մասնագիտացված ինժեներաշինարարական կառույցներ, հանդիսանում են այդ շենքերի անբաժանելի բաղկացուցիչ մասերը:

16. Բնակելի շենքերը շենքեր կամ շենքի որոշակի մասեր են, որոնք ամբողջությամբ կամ մասնակի օգտագործվում են որպես բնակատեղի, ներառյալ ցանկացած այնպիսի օժանդակ շինություններ, ինչպիսիք են ավտոտնակները և այն հիմնական կոնստրուկցիաները, որոնք սովորաբար տեղակայված են բնակության վայրերում (տե՛ս 7 կետը):

17. Լողացող տները, լաստանավերը, շարժական տները և ավտոկցորդները նույնպես ներառվում են խումբ 11-ում` «Բնակելի շենքերում», եթե դրանք տնային տնտեսության անդամների համար հանդիսանում են որպես հիմնական բնակության վայր: Այստեղ ներառվում են նաև պատմական հուշարձանները, եթե դրանց առաջին հերթին կարելի է նույնականացնել որպես բնակելի շենքեր:

18. Բնակելի շենքերին են պատկանում առանձին և բազմաբնակարան բնակելի շենքերը, քաղաքային բնակելի տները, տուն-ինտերնատները, ծերանոցները, հանրակացարանները, մանկատները և այլն, ինչպես նաև հավաքովի տները (փայտե, մետաղյա, բետոնե, պլաստմասսե), որոնք նախատեսված են բնակության համար, և այն շինությունները, որոնք կապված են բնակատեղիի հետ (օր. ավտոտնակները):

19. Իրենց` սեփականատերերի, կողմից զբաղեցված կացարանները չեն հանդիսանում երկարատև օգտագործման սպառողական ապրանքներ, և ընդգրկված են ԱՀՀ ակտիվների սահմանների սահմանումներում, այսինքն հանդիսանում են հիմնական ֆոնդեր: Կացարանների սեփականատերերը, որտեղ իրենք բնակվում են, դիտարկվում են որպես չկորպորացված ձեռնարկությունների սեփականատերեր, որոնք սեփական սպառման համար մատուցում են բնակարանային ծառայություններ:

20. Բնակելի շենքերը, որոնք նախատեսված են զինծառայողների համար, նույնպես ներառվում են խումբ 11-ում, քանի որ դրանք օգտագործվում են որպես բնակատեղիներ, այնպես, ինչպես բնակելի տները քաղաքացիական անձանց համար:

21. Տարածքի մաքրման և շինհրապարակի նախապատրաստման ծախսերը կազմում են նոր կառուցվող շենքերի ծախսերի մի մասը և այդ պատճառով ներառվում են շենքի արժեքի մեջ:

22. Անավարտ արտադրությամբ բնակելի շենքերը ներառվում են այնքանով, որքանով վերջնական սպառողը հանդիսանում է դրանց սեփականության իրավունքի կրողը:

23. Ոչ բնակելի շենքերը ներառում են բոլոր այն շենքերը կամ շենքերի մասերը, որոնք նախատեսված չեն բնակվելու համար, ինչպես նաև դրանց անբաժանելի մաս կազմող բոլոր սարքերն ու սարքավորումները (տե՛ս կետ 7):

24. Նոր բնակելի շենքերի արժեքի մեջ ներառվում են տարածքի մաքրման և շենքերի կառուցման համար նախապատրաստական աշխատանքների ծախսերը:

25. Խումբ 21 «Ոչ բնակելի շենքեր»-ին պատկանում են պահեստները, արտադրական, առևտրային և ժամանցի համար հասարարական շենքերը, հյուրանոցները, ռեստորանները, դպրոցները, խանութները, գրադարանները, հիվանդանոցները, բանտերը և այլն: Բանտերը, դպրոցները և հիվանդանոցները համարվում են ոչ բնակելի շենքեր, չնայած նրան, որ կարող են կացության համար տարածքներ տրամադրել տնային տնտեսություններին: Ոչ բնակելի շենքերին են դասվում նաև պատմական հուշարձանները (նկատի ունենալով իրենց հատուկ պատմական, ազգային, տարածաշրջանային, տեղական, կրոնական կամ խորհրդանշական նշանակությունները), որոնք նույնականացվում են որպես ոչ բնակելի շենքեր կամ շինություններ (օրինակ` պատմական ջրանցույցները, արձանները և այլն):

26. Մի քանի շենքերից բաղկացած համալիրների դեպքում յուրաքանչյուր շենք կարող է դասակարգվել առանձին: Եթե, օրինակ` մասնագիտական տեխնիկական ուսումնական հաստատությունը բաղկացած է ուսումնական մասնաշենքից և հանրակացարանից, ապա ուսումնական մասնաշենքը կնշանակվի 2163 կոդով` «Դպրոցների, համալսարանների և գիտահետազոտական հաստատությունների շենքեր», իսկ հանրակացարանը` 1130 կոդով` «Հանրակացարանային շենքեր»: Իսկ եթե տվյալները բացակայում են կամ մանրամասնեցված չեն, ապա դասվում են 2163 կոդում: Շենքերը, որոնք օգտագործվում են կամ նախագծված են մի քանի նպատակի համար (օրինակ` համակցված կացարաններ, հյուրանոցներ, գրասենյակներ), պետք է նույնականացվեն դասակարգման միանման հատկանիշով, որը համապատասխանում է հիմնական նպատակին: Հիմնական նպատակը պետք է որոշվի հետևյալ կերպ.

1) հաշվարկվում է շենքի տարբեր նշանակություն ունեցող տարածքների մակերեսի տեսակարար կշիռը ընդհանուր մակերեսում,

2) այնուհետև շենքը դասակարգվում է «վերևից-ներքև» եղանակով.

ա. բաժին (կոդի մեկ նիշ). դասվում է այն շենքը, որը զբաղեցնում է դրա ընդհանուր մակերեսը կամ դրա մեծ մասը,

բ. խումբ (կոդի 2 նիշ). դասվում են բնակելի շենքերը, ոչ բնակելի շենքերը` ըստ շենքի ընդհանուր տարածքում առավել տեսակարար կշիռ ունեցող մակերեսի,

գ. ենթախումբ (կոդի 3 նիշ). դասվում են խմբի ընդհանուր մակերեսի սահմաններում ըստ ամենամեծ մակերեսի,

դ. դաս (կոդի 4 նիշ). դասվում են խմբի ընդհանուր մակերեսի սահմաններում ըստ առավելագույն մակերեսի:

Այս մեթոդը կարելի է ցույց տալ հետևյալ պայմանական օրինակով`

Դիտարկենք շենք, որի ընդհանուր մակերեսը բաղկացած է հետևյալ տարածքներից

 

Օգտագործման տեսակը

% ընդհանուր մակերեսից

Կոդեր

10 բնակարան

30 %

1122

Գրասենյակ

10 %

2120

Խանութ

20 %

2130

Պատկերասրահ

25 %

2162

Մարզասրահ

15 %

2165

 

Այս դեպքում շենքը դասակարգվում է հետևյալ կերպ`

1) Կոդի երկու նիշ մակարդակում շենքը դասվում է խումբ 21-ին` «Ոչ բնակելի շենքեր», քանի որ գրասենյակը, խանութը, պատկերասրահը, մարզասրահը, որոնք պատկանում են այդ խմբին կազմում են ընդհանուր մակերեսի առավելագույն տոկոսը (70%):

2) Կոդի երեք նիշ մակարդակում շենքը դասվում է 216 ենթախմբին` «Մշակութաժամանցային հասարակական միջոցառումներ անցկացնելու համար շենքեր, կրթական, բժշկական և առողջապահական հիմնարկների շենքեր», քանի որ պատկերասրահը և մարզասրահը, որոնք պատկանում են այդ ենթախմբին կազմում են խմբի ընդհանուր մակերեսի առավելագույն տոկոսային մասը (40%):

3) Կոդի չորս նիշ մակարդակում շենքը դասվում է 2162 դասին` «Թանգարաններ և գրադարաններ», քանի որ պատկերասրահը կազմում է ենթախմբի ընդհանուր մակերեսի առավելագույն տոկոսային մասը (25%):

Եվ այսպես, դիտարկված շենքը պետք է ընդգրկել ոչ բնակելի տարածքներում, այսինքն` 2162 դասում` «Թանգարաններ և գրադարաններ»:

27. Խումբ 22 «Այլ շինություններ»-ին պատկանում են ինժեներաշինարարական օբյեկտները (բացի շենքերից), որոնց նպատակը այս կամ այն տեխնիկական գործառույթների միջոցով (աշխատանքի առարկայի փոփոխման հետ կապ չունեցող) արտադրության գործընթացի կամ տարբեր ոչ արտադրական գործառույթների իրականացման համար պայմանների ստեղծումն է:

28. Շինություն հանդիսացող օբյեկտ է համարվում յուրաքանչյուր առանձին կառույցն իր բաղադրիչներով, որոնք հիմնական կառույցի հետ միասին կազմում են մեկ ամբողջություն:

Օրինակ`

1) նավթահորն իր մեջ ներառում է աշտարակը և պատյան խողովակները

2) ամբարտակն իր մեջ ներառում է ամբարտակի մարմինը, զտիչները և դրենաժները, ագույցները և ցեմենտածածկոցները, մետաղական կոնստրուկցիաներով ջրաթափերը և ջրահեղիչները, ցցահենակների ամրակները, ամբարտակների մարմնի ավտոճանապարհները, կամուրջները, հարթակները, ցանկապատերը և այլն

3) էստակադան իր մեջ ներառում է հիմքը, հենարանները, վերնաշինությունները, տախտակամածը, էստակադայի ճանապարհները, ցանկապատերը

4) կամուրջն իր մեջ ներառում է վերնաշինությունը, հենարանները, կամրջային տախտակը (կամրջային պահպանական փայտերը, վերջնական հսկիչ և կամրջային տախտամածը)

5) ավտոճանապարհը որոշակի սահմաններում ներառում է հողային շերտը ամրացման հարմարություններով (վերին ծածկույթը), ինչպես նաև ճանապարհին առնչվող կառույցները, որոնցից են ցանկապատերը, անցումների աստիճանները, ջրաթափերը, ճամփեզրի ջրատար առուները, 10 մ-ից ոչ ավելի երկարությամբ կամուրջները, փոսերը, երթևեկության նշանները և այլն

6) միջճանապարհային հեռավորության սահմաններում բոլոր ուղղություններով գլխավոր երկաթուղու առանձին տարրերը ներառում են հողատարածքները, դրենաժները, հողատարածքների ջրահեռացման և ամրացման հարմարանքները, ճանապարհի վերնաշինությունները (ռելսեր, խուլհատումներ, փոխանցման գծեր և այլն), հիմնական ուղիներով ուղևորությունները, որոնք ներառում են մեխանիկական ուղեփակոցները, մշտական ձնապատնեշները, ինչպես նաև ճանապարհային նշանները և այլն

7) երկաթուղային կայարանների, կիսակայարանների, անցակետերի կազմի մեջ մտնում են գլխավոր երկաթուղու բոլոր վերը թվարկված տարրերը

8) ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների կազմում ընդգրկվում է այն ճանապարհային հատվածը, որը կառավարվում է մեկ ճանապարհային կազմակերպության կողմից (հաշվառված է հաշվեկշռում), անկախ տարածքի վարչական պատկանելիությունից, որով այն անցնում է:

29. «Այլ կառույցներ» խումբ 22-ում ներառվում են քաղաքացիական շինարարության այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են փողոցները, ճանապարհները, երկաթուղիները, օդակայանների թռիչքուղիները, կամուրջները, էստակադաները, թունելները, մետրոպոլիտենը, ջրային ուղիները, նավահանգիստները, ամբարտակները, ալեհատերը և այլ հիդրոտեխնիկական կառույցները, որոնք նախատեսված են շրջակա հողատարածքների ավելացման ու բարելավման համար, գլխավոր խողովակաշարերը, կապի և էլեկտրահաղորդակցության գծերը, տեղային խողովակաշարերն ու մալուխները, օժանդակ կառույցները, կոյուղու համակարգերը, սպորտի և հանգստի համար կառույցները, լեռնահանքային և մշակող արդյունաբերության համար կառույցները, ինչպես նաև մի շարք համանման օբյեկտներ իրենց բոլոր ուղեկցող համալիր ինժեներական կառույցներով: Այլ կառույցներին դասվում են նաև այն ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են ջրային տնտեսության համար, այնպիսիք, ինչպիսիք են ձկնաբուծարանները կամ կակղամորթերի բուծարանները: Նոր կառույցների արժեքի մեջ ներառվում են շինհրապարակի մաքրման և կառուցման նախապատրաստական աշխատանքների ծախսերը:

30. «Հողի բարելավում» խումբ 23-ը իրենից ներկայացնում է գործողությունների արդյունք, որը հանգեցնում է հողերի քանակի զգալի ավելացման, որակի բարելավման, արտադրողականության բարձրացման կամ կանխում է դրանց դեգրադացիան:

1) Հողի մաքրման, ռելիեֆի փոփոխման, ջրհորների և ջրանցքների կառուցման, հողատարածքի անբաժանելի մաս կազմող հորերի կառուցման աշխատանքները պետք է դիտարկել որպես գործունեություն, որի արդյունքը հողի բարելավումն է: Այնպիսի գործունեությունը, ինչպիսին հողատարածքների մերձակայքում գտնվող և դրանց անբաժանելի մաս չկազմող, սակայն մի քանի սեփականատերերին պատկանող հողատարածքների վրա ազդեցություն ունեցող ալեհատների, պատնեշների, ամբարտակների և ոռոգման համակարգերի ստեղծումն է, հաճախ իրականացվում են պետական կառավարման մարմինների կողմից և արտացոլվում ակտիվներում, որոնք պետք է դասակարգել որպես կառույցներ:

2) Հողի բարելավումը հիմնական ֆոնդերի կատեգորիա է, որը տարբերվում է ոչ արտադրական ակտիվից` հողից, որը գոյություն ուներ մինչ բարելավումը: Հողը, մինչ բարելավումը ոչ արտադրական ակտիվ է և տվյալ կարգավիճակով նրա նկատմամբ հնարավոր է հոլդինգային եկամտի և վնասների առաջացում` անկախ բարելավման հետ կապված գների փոփոխությունից: Այն դեպքում, երբ հնարավոր չէ որոշել հողի գինը մինչև բարելավումը (այսինքն որոշել բարելավման արժեքը), ապա հողը պետք է ընդգրկվի այն կատեգորիայում, որին բաժին է ընկնում առավելագույն արժեք:

31. Ծախսեր, որոնք կապված են հողի սեփականության իրավունքի փոխանցման հետ, բոլոր դեպքերում պետք է ընդգրկվեն 23-րդ` «Հողի բարելավում» խմբում: Դրանց դասվում են`

1) այլ հոնորարներ իրավաբաններին, ճարտարապետներին, տեսուչներին, ինժեներներին և գնահատողներին, ինչպես նաև անշարժ գույքի գործակալների և աճուրդավարների միջնորդավճարներ

2) առանձին հաշիվ-ապրանքագրերում նշված և գնորդին ներկայացված ցանկացած առևտրային և տրանսպորտային ծախսեր

3) ակտիվի սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված բոլոր հարկերը, որոնք ենթակա են վճարման ակտիվը ձեռք բերողի կողմից

4) ցանկացած հարկ, որը ենթակա է վճարման կապված ակտիվի լուծարման հետ

5) ծախսեր, որոնք կապված են առաքման, տեղադրման կամ ապամոնտաժման հետ և որոնք ընդգրկված չեն ձեռք բերված կամ դուրս գրված ակտիվի գնի մեջ

6) ցանկացած վերջնական ծախսեր, որոնք առաջացել են ակտիվի գոյության ժամկետի վերջում, օրինակ` ակտիվի գտնվելու վայրում անվտանգության ապահովման կամ շրջակա միջավայրի վերականգնման համար պահանջվող ծախսերը

7) այս բոլոր ծախսերը կապված են սեփականության իրավունքի փոխանցման հետ և արտացոլվում են հիմնական կապիտալի համախառն կուտակման հաշիվներում:

32. «Մեքենաներ և սարքավորումներ» բաժին 3-ը ներառում է տրանսպորտային սարքավորումները, տեղեկատվական, համակարգչային և հեռահաղորդակցման սարքավորումները (ՏՀՏ) և այլ մեքենաներ ու սարքավորումներ (բացառությամբ ռազմական նպատակներով ձեռքբերված սպառազինության համակարգերը, տես բաժին 4):

33. Լողացող տները, բեռնանավերը, շարժական տները և բեռնամարդատար ավտոֆուրգոնները, որոնք օգտագործվում են որպես հիմնական բնակության վայրեր տնային տնտեսությունների անդամների համար, դիտվում են որպես բնակելի շենքեր (խումբ 11), իսկ դրանց ձեռքբերումը` որպես հիմնական կապիտալի համախառն կուտակում:

34. Ֆինանսական լիզինգի միջոցով ձեռք բերված մեքենաներն ու սարքավորումները դիտարկվում են որպես օգտագործողի (վարձակալի), այլ ոչ թե վարձատուի կողմից ձեռք բերված:

35. Տնային տնտեսությունների կողմից վերջնական սպառման նպատակով ձեռքբերված մեքենաները և սարքավորումները, ինչպիսիք են տրանսպորտային միջոցները, կահույքը, խոհանոցային սարքավորումները, համակարգիչները, կապի միջոցները և այլն, չեն համարվում հիմնական ֆոնդեր, իսկ դրանց ձեռքբերումը չի դիտարկվում որպես հիմնական կապիտալի համախառն կուտակում:

36. Գործիքները, որոնք հարաբերականորեն թանկ չեն, և որոնց վրա կատարված ծախսերն ունեն հաստատուն բնույթ (ինչպիսիք են ձեռքի գործիքները), ինչպես նաև շենքերի անբաժանելի մաս կազմող մեքենաները և սարքավորումները, որոնք պատկանում են «բնակելի շենքերին» և «ոչ բնակելի շենքերին», չեն ընդգրկվում մեքենաներ և սարքավորումներ կատեգորիայում:

37. «Տրանսպորտային սարքավորումներ (տրանսպորտային միջոցներ)» խումբ 31-ում ներառում են մարդկանց և բեռների տեղափոխման համար նախատեսված սարքավորումները (բացառությամբ դրանց պահեստամասերի), ինչպիսիք են` մեքենաները, կցանքները և կիսակցանքները, նավերը, երկաթուղային և տրամվայի լոկոմոտիվները, շարժակազմը, ինքնաթիռները և տիեզերանավերը, մոտոցիկլետները, հեծանիվները և այլն: Այս խմբում դասակարգման օբյեկտ է հանդիսանում յուրաքանչյուր առանձին օբյեկտ իր բոլոր հարմարանքներով և պարագաներով, որոնք անհրաժեշտ են դրանց վերագրված գործառույթների իրականացման համար: Օրինակ`

1) մեքենան իր մեջ ներառում է պահուստային անվադողը (իր անիվով և հեծանով) և գործիքների հավաքածուն,

2) ջերմանավը իր մեջ ներառում է շարժիչներ, էլեկտրակայան, ռադիոկայան, փրկարարական միջոցներ, բեռնման-բեռնաթափման մեխանիզմներ, նավիգացիոն և չափիչ սարքեր,

3) քարշագնացքն իր մեջ ներառում է անձնակազմի գտնվելու վայրը, շարժիչները, գեներատորը, էլեկտրասարքավորումները, արգելակման սարքավորումները,

4) վագոնն իր մեջ ներառում է ջեռուցման համակարգը, մոնտաժային լարերը և լուսավորման կցամասերը,

5) շարժիչով տրամվայի վագոնն իր մեջ ներառում է թափքը, շարժիչը, արգելակները, չափման գործիքները և գործիքների հավաքածուն:

38. «Տեղեկատվական, համակարգչային և հեռահաղորդակցական (ՏՀՏ) սարքավորումներ» խումբ 32-ում ներառվում են կառավարման էլեկտրոնային միջոցներ օգտագործող սարքերը, գլխավորապես համակարգչային տեխնիկան և հեռահաղորդակցական սարքավորումները, ինչպես նաև էլեկտրոնային բաղադրիչները, որոնք այդ սարքերի մասերն են կազմում:

39. Խումբ 32-ում դասակարգման օբյեկտ են հանդիսանում մեքենաներն իրենց սարքավորման բոլոր հարմարանքներով և պարագաներով, որոնք անհրաժեշտ են դրանց վերապահված գործառույթների իրականացման համար և չեն համարվում ինչ-որ այլ մեքենայի բաղկացուցիչ մաս:

40. ՏՀՏ սարքավորումներին վերաբերում են հաշվողական համակարգերը և տվյալների ավտոմատ մշակման մեքենաները, տարբեր խնդիրների լուծման համար անհրաժեշտ մշակման, որոնման և պահպանման գործընթացների ավտոմատացման համար նախատեսված սարքերը, ձայնային հաղորդագրությունների, պատկերի և այլ տվյալների ընդունման և փոխանցման համար (ներառյալ լարային կամ անլար կապի միջոցներով) նախատեսված սարքավորումները:

41. «Այլ մեքենաներ և սարքավորումներ» խումբ 39-ը ներառում է մեքենաներ և սարքավորումներ, չներառված ուրիշ խմբավորումներում (բացառությամբ պահեստամասերի և իրերի, որոնք նույնականացված են հիմնական կապիտալի կուտակումների այլ կատեգորիաներում): Այս խմբում ներառվում են այնպիսի մեքենաներ, ինչպիսիք են ընդհանուր նշանակության մեքենաները, հատուկ նշանակության մեքենաները, գրասենյակային, հաշվապահական և հաշվիչ սարքավորումները, էլեկտրական մեքենաներն ու գործիքները, ռադիոյի, հեռուստատեսության և հաղորդակցության համար սարքավորումներն ու գործիքները, բժշկական սարքավորումները, ճշգրիտ և օպտիկական գործիքները, ժամացույցները, միջուկային ռեակտորների համար վառելիքային տարրերը (փամփուշտներ), գոլորշու գեներատորները (բացի կենտրոնական ջեռուցման կաթսաներից), կահույքը, երաժշտական գործիքները, մարզական ապրանքները և այլն:

42. Խումբ 39-ում մեքենաների և սարքավորումների դասակարգման օբյեկտ է հանդիսանում յուրաքանչյուր առանձին մեքենա, գործիք, սարքավորում և այլն (եթե նա չի հանդիսանում մեկ այլ օբյեկտի մաս), իրենց հարմարանքներով, պարագաներով, սարքերով, գործիքներով, էլեկտրասարքավորումներով, անհատական ցանկապատերով, պատվանդանով: Օրինակ`

1) շոգեկաթսան ներառում է հնոցը, հիմնակմախքը և որմնապատվածքը, պատվանդանը, աստիճանը և հարթակը, կցամասերը, ջերմախնայող սարքը (եթե նա սպասարկում է միայն տվյալ կաթսան), շոգեմուղը` մինչև գլխավոր խողովակի փականը, ստացիոնար հսկիչ-չափիչ սարքերը,

2) կամրջային ամբարձիչը ներառում է տեղաշարժման, կռունկի, սայլակի, էլեկտրասարքավորումների մեխանիզմները,

3) փայտասղոցման մեքենան ներառում է սղոցներ և կախաններ, սայլակներ, էլեկտրաշարժիչներ, հատուկ բանալիներ,

4) հացահատիկի հավաքման ինքնագնացը ներառում է շարժիչը, շարժիչի օդափոխիչը, հնձիչը, թելակոճը, թմբկագլանը` շարժական ցանցով, կախովի մեխանիկական բարդոցիչը,

5) հողածծիչը ներառում է հիմնական և օժանդակ շարժիչները, հողածուծ պոմպերը, հոսուն հողատարը:

43. Խումբ 39-ում ներառված արտադրական, տնտեսական գույքն ու գործիքները իրենցից ներկայացնում են արտադրության գործընթացին մասնակցող առարկաներ, որոնք ունեն տեխնիկական նշանակություն, սակայն չեն վերաբերում ոչ մեքենաներին, ոչ սարքավորումներին, ոչ կառույցներին և ոչ էլ արտադրության գործընթացում անմիջականորեն չօգտագործվող գրասենյակային և տնտեսական նշանակության առարկաներին: Այստեղ ներառվում են միայն այն առարկաները, որոնք ունեն ինքնուրույն նշանակություն և որևէ այլ օբյեկտի մաս չեն հանդիսանում:

44. Սպառազինությունների համակարգերը (բաժին 4) ներառում են այնպիսի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ, ինչպիսիք են ռազմական նավերը, սուզանավերը, ռազմական ինքնաթիռները, տանկերը, հրթիռակիրները, գործադրման համակարգերը և այլն: Մեկանգամյա օգտագործման զենքերի մեծ մասը, ինչպիսիք են զինամթերքը, արկերը, հրթիռները, ռումբերը և այլն, չեն վերաբերում հիմնական ֆոնդերին և արտացոլվում են հաշիվներում որպես ռազմական նշանակության նյութական շրջանառու միջոցներ: Սակայն, այնպիսի մեկանգամյա օգտագործման առանձին օբյեկտներ, ինչպիսիք բալիստիկ հրթիռների որոշ տեսակներն են (բարձր ավերիչ կարողություններով), կարող են օգտագործվել երկար ժամանակ ագրեսորներին զսպելու համար, և այդ պատճառով համապատասխանում են հիմնական ֆոնդերի դասակարգման ընդհանուր չափանիշներին:

45. Բաժին 5-ում աճեցվող կենսաբանական ռեսուրսներն ընդգրկում են կենդանիների պաշարները, որոնք կանոնավոր կերպով արտադրանք են տալիս, և ծառերի, գյուղատնտեսական մշակաբույսերի և տնկարկների պաշարները, որոնք նույնպես կանոնավոր արտադրանք են տալիս և որոնց բնական աճն ու վերարտադրությունը գտնվում են ինստիտուցիոնալ միավորների անմիջական հսկողության, պատասխանատվության և կառավարման ներքո:

46. Բնական ակտիվները բիոմատերիայի ձևով (ծառերը, բուսականությունը, կենդանիները, թռչունները, ձկները և այլն), համարվում են վերականգնվող: Ծառերի, գյուղատնտեսական մշակաբույսերի կամ այլ բուսականության աճն ու վերարտադրությունը կամ կենդանիների, թռչունների, ձկների վերարտադրությունը կարող են կատարվել ինստիտուցիոնալ միավորների կառավարման անմիջական հսկողության, պատասխանատվության ներքո: Այս դեպքում ակտիվները համարվում են աճեցվող, և տվյալ գործունեությունը համարվում է ԱՀՀ արտադրության ոլորտի սահմաններում գտնվող: Կենդանիների, թռչունների, ձկների աճը, որոնք ապրում են վայրի բնությունում կամ չաճեցվող բուսականության աճը անտառներում չի համարվում արտադրության տնտեսական գործընթաց, և այդ ռեսուրսները չեն կարող դիտարկվել որպես արտադրվող ակտիվներ: Այնուամենայնիվ, երբ անտառները, կենդանիները, թռչունները, ձկները և այլն պատկանում են ինստիտուցիոնալ միավորներին և իրենց սեփականատերերի համար տնտեսական շահի աղբյուր են հանդիսանում, ապա դրանք իրենցից ներկայացնում են տնտեսական ակտիվներ: Երբ վայրի կենդանիները, թռչունները, ձկները և այլն գտնվում են այնպիսի վայրում և չեն ենթարկվում որևէ ինստիտուցիոնալ միավորի սեփականության իրավունքին, ապա դրանք չեն ընդգրկվում ակտիվներին բնորոշ սահմաններում: Ճիշտ այդպես, անտառները կամ այլ բուսականությունը այդպիսի շրջաններում չեն համարվում տնտեսական ակտիվներ: Մյուս կողմից, բաց ծովի ձկնային պաշարները, որոնք համարվում են որոշակի երկրների կողմից ձկնորսության թույլտվության ծավալի վերաբերյալ միջազգային համաձայնագրերի առարկա, ներառվում են ակտիվների սահմաններում:

1) Անհրաժեշտ է տարբերակել աճեցվող ակտիվների արտադրության 2 կատեգորիա. մասնագիտացված արտադրողների (սելեկցիոներների կամ այգեբուծարանների) կողմից արտադրություն և սեփական օգտագործման նպատակով արտադրություն:

2) Այն դեպքում, երբ մասնագիտացված արտադրողների կողմից կենդանիների կամ ծառերի աճեցումը դեռևս չի ավարտվել և նրանք դեռ պատրաստ չեն վաճառել կամ մատակարարել այն, ապա աճեցվող արտադրանքները արտացոլվում են որպես անավարտ արտադրություն և չեն դասվում հիմնական ֆոնդերին: Օրինակ` մեկ տարեկան ձիերը, որոնք աճեցվում են երկու տարեկանում (մրցավազքի նպատակով) վաճառքի համար, կամ մատղաշ պտղատու ծառերը, որոնք պետք է աճեցվեն հետագայում հնարավոր վաճառքի համար:

3) Ֆերմերների կամ այլ անձանց կողմից սեփական օգտագործման նպատակով աճեցված կենդանիները կամ ծառերը (անավարտ ակտիվները կենդանիների, ծառերի և այլնի տեսքով), որոնք չեն հասել արտադրողականության տարիքին, և պատրաստ չեն արտադրությունում օգտագործման համար և որոնք ենթադրվում են օգտագործել որպես հիմնական ֆոնդեր, դիտարկվում են ոչ թե որպես անավարտ արտադրություն, այլ արտադրողի (որպես վերջնական սպառողի) հիմնական կապիտալի համախառն կուտակում, այսինքն հանդիսանում են հիմնական ֆոնդեր:

47. Կանոնավոր արտադրանք տվող կենդանիների ռեսուրսները (խումբ 51), ընդգրկում են այն կենդանիներին, որոնց բնական աճը և վերարտադրությունը գտնվում են ինստիտուցիոնալ միավորների անմիջական հսկողության, պատասխանատվության և կառավարման ներքո:

1) Խումբ 51-ի դասակարգման օբյեկտ է հանդիսանում յուրաքանչյուր հասուն կենդանի, բացի սպանդի համար նախատեսված անասուններից: Խումբ 51-ում դասվում են այնպիսի գյուղատնտեսական կենդանիներ, ինչպիսիք են խոշոր եղջերավոր անասունները, ձիերը, ուղտերը, էշերը, ոչխարները, այծերը, խոզերը և այլ կենդանիները (այդ թվում` թռչունները, ձկները, ճագարները, մեղուները և այլն), որոնք բազմակի անգամ կամ մշտապես օգտագործվում են կաթ, բուրդ և այլ մթերք ստանալու նպատակով: Այստեղ ընդգրկվում են նաև տոհմային կենդանիները, կաթնատու անասունները, ծանրաքարշ կենդանիները և տրանսպորտային, սպորտային և ժամանցի նպատակներով օգտագործվող կենդանիները:

2) Սպանդի համար բուծված կենդանիները, այդ թվում` տնային թռչունները, չեն համարվում հիմնական ֆոնդեր, այլ դասվում են նյութական շրջանառու միջոցներին: Կենդանիները, որոնք չեն հասել արտադրողականության տարիքին, չեն ընդգրկվում հիմնական ֆոնդերի կազմում, բացի նրանցից, որոնք աճեցվում են ֆերմերների կամ այլ անձանց կողմից (որպես հիմնական ֆոնդ) սեփական օգտագործման նպատակով:

3) Խումբ 51-ը ներառում է նաև ակվակուլտուրային ռեսուրսներ (ձուկ, խեցգետին, կակղամորթեր և այլն), որոնք կանոնավոր արտադրանք են տալիս: Այս խմբում ներառվում են նաև այնպիսի ակվակուլտուրային ռեսուրսներ, որոնք պահվում են վերահսկվող վերարտադրության նպատակով: Վերջիններս որպես կանոն աննշան են և անտեսվում են:

48. Խումբ 52-ը ներառում է ծառերի, գյուղատնտեսական մշակաբույսերի և տնկարկների ռեսուրսները, որոնք կանոնավոր արտադրանք են տալիս և որոնց բնական աճը և վերարտադրությունը գտնվում են ինստիտուցիոնալ միավորների անմիջական հսկողության և կառավարման ներքո:

1) Խումբ 52-ում ընդգրկվում են` հատապտղային բոլոր տեսակի տնկարկները (ներառյալ` ծառերը, թփերը, խաղողի որթատունկերը և այլն), փողոցներում, հրապարակներում, պուրակներում, այգիներում, ձեռնարկությունների տարածքներում, բնակելի շենքերի բակերում կանաչապատ և դեկորատիվ տնկարկները, բուսաբանական այգիներում, գիտահետազոտական և գիտահետազոտական նպատակներով ուսումնական հաստատություններում արհեստական տնկարկները, գետերի ափերի ամրապնդման համար հեղեղատային գերանե տնկարկները, բնական ցանկապատերը, ձյունապաշտպան և դաշտապաշտպան ծառատունկերը և այլն:

2) Խումբ 52-ի դասակարգման օբյեկտներն են հանդիսանում այգու, զբոսայգու, պուրակի, փողոցի, բուլվարի, բակի, ձեռնարկության տարածքի և այլնի կանաչ տնկարկները` անկախ դրանց քանակից, տարիքից և տեսակից, ինչպես նաև տարածքի, շրջանի դաշտապաշտպան տնկարկներն ու փողոցի, ճանապարհների երկայնքի կանաչ տնկարկները (այդ թվում` տնկարկի անհատական ցանկապատերը):

3) Խումբ 52-ի ծառերը և այլ տնկարկները աճեցվում են մշտապես կամ բազմակի անգամ միրգ և ընկուզեղեն, հյութ և խեժ, արմատներից և տերևներից այլ արտադրանք ստանալու նպատակով: Փայտ ստանալու նպատակով աճեցված և միայն մեկ անգամ պատրաստի արտադրանք տվող հատված ծառերը չեն համարվում հիմնական ֆոնդեր, այնպես ինչպես հացահատիկային մշակաբույսերը կամ բանջարեղենը, որոնց բերքը միայն մեկ անգամ է հավաքվում:

49. Բաժին 6-ի դասակարգման օբյեկտ են հանդիսանում ոչ արտադրական ակտիվների սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված ծախսերը, որոնք ԱՀՀ 2008-ում դիտվում են որպես արտադրական ակտիվներ: Սակայն ծախսերի արժեքը չի կարող միավորվել արտադրական այլ ակտիվների արժեքի հետ և հանդես է գալիս առանձին կատեգորիա: Բացառություն է կազմում հողը, որի ծախսերը կապված են սեփականության իրավունքի փոխանցման հետ, որն էլ արտացոլվում է հողի բարելավման հաշիվներում (տե՛ս կետ 30 և խումբ 23).

1) Ոչ արտադրական ակտիվների սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված ծախսերը (բնական ռեսուրսներ, պայմանագրեր, վարձակալության համաձայնագրեր, լիցենզիաներ և այլն) ներառում են այն ծախսերը, որոնք կապված են այդ ակտիվների ձեռքբերման և դուրս գրման հետ: Դրանք վերաբերում են ակտիվի գնորդին կամ վաճառողին կախված նրանից, թե որ միավորն է կրում ծախսը: Հիմնական կապիտալի սպառման ծախսերը դուրս են գրվում այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նոր սեփականատերը տնօրինում է ակտիվը, բացառությամբ վերջնական ծախսերի, որոնք պետք է դուրս գրվեն ակտիվի գործածության ողջ ժամանակահատվածի ընթացքում:

2) Ոչ արտադրական ակտիվների սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված ծախսերի հոդվածները նույնական են վերը նշված 30-րդ կետի, ինչպես նաև 6000 դասում բերված պարզաբանումների հետ:

50. Բաժին 7 մտավոր սեփականության արտադրանքը իրենից ներկայացնում է գիտական հետազոտությունների և մշակումների արդյունք, օգտակար հանածոների պաշարների հետախուզում և գնահատում, համակարգչային ծրագրային ապահովում և տվյալների հիմնապաշարներ, ժամանցային, գրական և գեղարվեստական ստեղծագործությունների բնօրինակներ: Դրանց արժեքի գերակշիռ մասը ձևավորվում է մտավոր գործունեության շնորհիվ: Մտավոր սեփականության արտադրանքը հանդիսանում է գիտելիք ստեղծող գիտական հետազոտությունների, մշակումների, ուսումնասիրությունների կամ նորարարությունների արդյունք, որոնք մշակողները կարող են իրացնել շուկայում կամ օգտագործել այն արտադրության գործընթացում շահույթ ստանալու նպատակով, քանի որ գիտելիքի օգտագործումը սահմանափակվում է իրավաբանական կամ պաշտպանության այլ միջոցներով: Գիտելիքը կարող է հանդես գալ ինքնուրույն կամ այլ արտադրանքում: Վերջինի դեպքում, երբ արտադրանքի մեջ ներառված է գիտելիքը` արտադրանքի գինը ավելի բարձր է, քան նմանատիպ այլ արտադրանքինը, որտեղ գիտելիքը բացակայում է: Գիտելիքը համարվում է ակտիվ այնքան ժամանակ, քանի դեռ նրա օգտագործումը սեփականատիրոջը մենաշնորհային եկամուտ է ապահովում: Երբ գիտելիքը դադարում է լինել պաշտպանված կամ մշակումների արդյունքում դառնում է ժամանակավրեպ, ապա այն դադարում է ակտիվ լինելուց:

51. Մտավոր սեփականության որոշ արտադրանքներ օգտագործվում են բացառապես դրանք մշակողի կամ նրա կողմից, ում հանձնված է արտադրանքը, օրինակ, օգտակար հանածոների պաշարների հետախուզումը և գնահատումը: Այլ արտադրանքները, ինչպիսիք են համակարգչային ծրագրային ապահովումը և գեղարվեստական ստեղծագործությունների բնօրինակները, օգտագործվում են երկու ձևով` բնօրինակ և կրկնօրինակ: Բնօրինակը կամ գլխավոր օրինակը օգտագործվում է կրկնօրինակների արտադրության համար, որոնք, իրենց հերթին, մատակարարվում են մեկ այլ միավորին: Կրկնօրինակները կարող են վաճառվել կամ տրամադրվել արտոնագրային հիմունքով:

52. Վաճառված կրկնօրինակը, որը բավարարում է անհրաժեշտ պահանջներին, համարվում է հիմնական ֆոնդ, այսինքն` այն արտադրության մեջ կարող է օգտագործվել ավելի քան մեկ տարի: Արտոնագրային հիմունքով տրված կրկնօրինակը նույնպես համարվում է հիմնական ֆոնդ, եթե այն համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին, այսինքն` նախատեսված է, որ այն կօգտագործվի արտադրության մեջ մեկ տարուց ավելի, իսկ արտոնագիր ստացողը իր վրա է վերցնում սեփականությունից բխող բոլոր ռիսկերն ու օգուտները: Եթե արտոնագիրը թույլ է տալիս արտոնագիր ստացողին վերարտադրել բնօրինակը և հետագայում պատասխանատվություն կրել այդ կրկնօրինակների տարածման և սպասարկման համար, ապա դա բնութագրվում է որպես վերարտադրության արտոնագիր և դիտարկվում է որպես բնօրինակի կամ դրա մի մասի վաճառք վերարտադրության արտոնագիրը կրողին:

53. Երբ կրկնօրինակները տարածվում են սեփականատիրոջ կողմից անվճար, ապա որևէ դրամական հոսք չի առաջանում սեփականատիրոջ և գնորդի միջև և չի արտացոլվում ՀՆԱ-ում: Եթե կրկնօրինակները այնուամենայնիվ տարածվում են անվճար, սեփականատերը ակնկալում է ստանալ շահույթ, ապա այդպիսի շահույթի արժեքը պետք է արտացոլվի ակտիվների և պասիվների հաշվեկշռում: Կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, որի դեպքում անվճար տարածված տեղեկատվությունը թերի է, և սեփականատերը մտադիր է ավելի շատ տեղեկատվություն տրամադրել որոշակի վճարի դիմաց: Մյուս կողմից, սեփականատերը կարող է արդարացնել ծախսերը, օգտագործելով հետագա շահույթը սեփական արտադրության համար, և կարող է մարքեթինգի նպատակով անվճար տրամադրել կրկնօրինակները նաև գուդվիլի (ոչ նյութական ակտիվի տեսակ, որը չունի նյութական չափում, օր.` հեղինակություն, կապեր, ազդեցություն) ստեղծման կամ որևէ այլ նպատակով:

54. Հնարավոր է լինեն դեպքեր, երբ արտադրանքից որոշակի շահույթ բաժին ընկնի այլ միավորներին, այլ ոչ թե մտավոր արտադրանքի սեփականատերերին: Դա կարող է լինել, օրինակ` նոր կարգի դեղագործական պատրաստուկների զարգացման առաջընթացը, ինչը խթանում է այլ ձեռնարկություններին մշակել նմանատիպ մրցակից դեղորայք, կամ կոնկրետ շրջանում օգտակար հանածոների պաշարների հետազոտությունում հաջողության հասնելը կամ ձախողումը, որի արդյունքների մասին տեղեկացվում են նմանատիպ աշխատանքներ իրականացնելու իրավունք ունեցող միավորները:

55. Մտավոր սեփականության արտադրանքը ներառում են գիտական հետազոտությունների ու մշակումների արդյունքները: Ակտիվների կատեգորիայից բացառված է ԱՀՀ 1993-ում տեղ գտած «արտոնագրման օբյեկտ» ակտիվների կատեգորիան, որը վերաբերվում էր ոչ արտադրական ակտիվներին: Դրա փոխարեն հիմնական ֆոնդերում ներառվում է «գիտական հետազոտություններ ու մշակումներ» կատեգորիան:

1) «Գիտական հետազոտությունները և մշակումներ (ԳՀՄ)» խումբ 71-ում ներառվում են ստեղծագործական աշխատանքի ծախսերը, որոնք իրականացվում են գիտելիքի պաշարները պարբերաբար ավելացնելու (ներառյալ մարդու, մշակույթի և հասարակության մասին գիտելիքները) և դրանց կիրառման նոր հնարավորությունների մշակման նպատակով: Օրինակ, նոր արտադրանքների հայտնագործման կամ զարգացման համար, ինչպես նաև գոյություն ունեցող արտադրանքների որակի բարձրացման կամ արտադրության նոր, ավելի արդյունավետ գործընթացների հայտնագործման կամ մշակման համար կատարվող ծախսերը: Վերոհիշյալը չի ենթադրում մարդկային կապիտալի ներառում հիմնական ֆոնդերի կազմում:

2) ԳՀՄ արժեքը պետք է որոշվի տնտեսական շահույթի տեսանկյունից, որն ակնկալվում է ստանալ ապագայում, իսկ գիտական հետազոտությունները և մշակումները, որոնք չեն ապահովում տնտեսական շահույթ, չեն համարվում հիմնական ֆոնդ և դիտվում են որպես միջանկյալ սպառում: Եթե դժվար է որոշել ԳՀՄ շուկայական արժեքը, ապա ընդունված պայմանավորվածությամբ արտադրանքը գնահատվում է ըստ կատարված ծախսերի` ներառյալ անարդյունավետ ծախսերը:

3) ԳՀՄ թողարկումը սեփական ուժերով շուկայի արտադրողների կողմից սկզբունքորեն պետք է գնահատվի հիմնական գներով, որոնք հատուցվում են, երբ գիտական հետազոտությունները իրականացվում են կոմերցիոն պայմանագրի հիմքով: Սակայն պրակտիկայում հարկ է լինում այն գնահատել արտադրանքի վրա կատարված ծախսերի տեսանկյունից` ներառելով արտադրության գործընթացին մասնակից հիմնական ֆոնդերի վրա կատարված ծախսերը:

ա. Մասնագիտացված լաբորատորիաների կամ ինստիտուտների կողմից շուկայական նպատակներով իրականացվող գիտական հետազոտություններն ու մշակումները պետք է գնահատվեն հիմք ընդունելով դրանց վաճառքից, կնքված պայմանագրերից և միջնորդավճարներից ստացվող արժեքը: Պետական կառավարման հատվածի, համալսարանների, ոչ առևտրային գիտահետազոտական կազմակերպությունների կողմից իրականացվող գիտական հետազոտություններն ու մշակումները հանդիսանում են ոչ շուկայական թողարկում և պետք է գնահատվեն ըստ արտադրության վրա կատարված ծախսերի:

բ. Գիտական հետազոտությունների ու մշակումների չափանիշները, կիրառման ժամկետները, դրանց արժեքի հաշվարկի համար գների ինդեքսը, ներդրման սպասվող տնտեսական ազդեցությունը որոշելու համար նպատակահարմար է յուրաքանչյուր ոլորտի ԳՀՄ համար ղեկավարվել հատուկ մշակած մեթոդաբանական ձեռնարկով:

56. Խումբ 72 «Օգտակար հանածոների պաշարների հետախուզումը և գնահատումը» ներառում է նավթի և բնական գազի պաշարների, այլ օգտակար հանածոների պաշարների հետախուզման ծախսերի արժեքը և հայտնաբերված պաշարների հետագա գնահատումը: Այդ ծախսերը ներառում են. մինչ արտոնագիր ստանալը նախնական ծախսերը, արտոնագրի ձեռքբերման ծախսերը, գնահատման և փորձնական հորատման ծախսերը, ինչպես նաև օդային, ցամաքային կամ այլ քարտեզագրային նկարահանումների ծախսերը, տրանսպորտային ծախսերը և այլն, որոնք առաջացել են փորձնական թեստերի կատարման ժամանակ: Հնարավոր է, որ կոմերցիոն շահագործումից հետո պահանջվի պաշարների վերագնահատում: Վերագնահատման ծախսերը նույնպես ներառվում են հիմնական կապիտալի համախառն կուտակման մեջ:

1) Օգտակար հանածոների հետախուզումը ձեռնարկվում է հանքային կամ վառելիքաէներգետիկ օգտակար հանածոների նոր պաշարներ հայտնաբերելու համար, որոնք կարող են օգտագործվել առևտրային նպատակներով շահագործման համար: Նման ուսումնասիրությունները կարող են իրականացվել ձեռնարկությունների սեփական միջոցների հաշվին, որոնք զբաղվում են հանքարդյունաբերությամբ կամ էներգակիրների արդյունահանմամբ: Որպես այլընտրանք մասնագիտացված ձեռնարկությունները կարող են իրականացնել հետախուզական աշխատանքներ ինչպես սեփական նպատակների համար, այնպես էլ վճարովի հիմունքներով: Հետազոտության արդյունքում ստացված տեղեկատվությունը ունենում է ազդեցություն այն միավորների հետագա երկարամյա արտադրական գործունեության վրա, որոնք ստանում են նման տեղեկատվություն: Ծախսերը, որոնք հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարվել են հետազոտման վրա, անկախ նրանից, թե դրանք կատարվել են սեփական օգտագործման նպատակների համար, թե ոչ, արտացոլվում են որպես մտավոր սեփականության արտադրանքի ձեռքբերման ծախսեր և ներառվում են կազմակերպության հիմնական կապիտալի համախառն կուտակման մեջ:

2) Ծախսերը ներառում են ոչ միայն բուն փորձնական հորատման վրա կատարված ծախսերը, այլ նաև դրա իրականացման համար անհրաժեշտ նախնական ծախսերը, օրինակ` քարտեզագրական նկարահանումների ծախսերը (օդային, ցամաքային և այլն), տրանսպորտային ծախսերը և այլն: Ստացված ակտիվի արժեքը կախված է ոչ թե հետազոտման արդյունքում հայտնաբերված պաշարների ծավալից, այլ այն ռեսուրսների արժեքից, որոնք ծախսվել են հետազոտման վրա հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում: Եթե հետազոտումը իրականացվել է պայմանագրի հիման վրա կապալառուների կողմից, ապա կապալառուների կողմից գանձվող գները (ներառյալ իրենց շահույթը), հանդիսանում են առաջացած ծախսերի մաս:

57. Համակարգչային ծրագրային ապահովումը և տվյալների հիմնապաշարները միավորվում են 73 խմբում, քանի որ համակարգչային տվյալների հիմնապաշարները չեն կարող մշակվել անկախ համակարգչային ծրագրային ապահովում հանդիսացող տվյալների հիմնապաշարների ղեկավարման համակարգերից:

1) 731 ենթախումբը, ինչպես համակարգչային համակարգերի, այնպես էլ կիրառական ծրագրային ապահովման համար կազմված է համակարգչային ծրագրերից, ծրագրերի նկարագրությունից և օժանդակ նյութերից: Հիմնական կապիտալի համախառն կուտակումը համակարգչային ծրագրային ապահովման ձևում ներառում է նախնական մշակումը, ծրագրային ապահովման հետագա ընդլայնումը, ինչպես նաև կրկնօրինակների ձեռքբերումը, որոնք դասակարգվում են որպես ակտիվներ: Համակարգչային ծրագրային ապահովման մշակումն իրենից ներկայացնում է մտավոր սեփականության արտադրանքի մշակում, որն արտացոլվում է որպես ակտիվ (այսինքն` հիմնական ֆոնդ), եթե արտադրությունում սեփականատիրոջ կողմից օգտագործվելու է ավելի քան մեկ տարի: Ծրագրային ապահովումը կարող է նախատեսվել ինչպես ծրագրավորողի կողմից սեփական օգտագործման, այնպես էլ կրկնօրինակելու միջոցով վաճառքի նպատակներով: Կրկնօրինակը, որը վաճառվել է, կարող է արտացոլվել որպես հիմնական ֆոնդ, եթե այն բավարարում է անհրաժեշտ պահանջներին, այսինքն` այն կարող է օգտագործվել արտադրությունում ավելի քան մեկ տարի: Շուկայում գնված ծրագրային ապահովումը գնահատվում է գնորդի գնով, մինչդեռ, սեփական օգտագործման համար մշակված ծրագրային ապահովումը գնահատվում է պայմանականորեն հաշվարկված հիմնական գներով կամ արտադրության ծախսերով, եթե հնարավոր չէ հաշվարկել հիմնական գինը:

2) 732 ենթախմբի տվյալների հիմնապաշարները կազմված են տվյալների տնտեսական մատչելիությունն ու դրանց կիրառումն ապահովող տվյալների ֆայլերից: Տվյալների հիմնապաշարները կարող են մշակվել բացառապես սեփական օգտագործման կամ որպես ինքնուրույն օբյեկտ վաճառքի կամ էլ դրանում առկա տեղեկատվության հասանելիությունն ապահովող արտոնագրի միջոցով վաճառքի նպատակներով: Սեփական օգտագործման, գնված կամ արտոնագրի միջոցով հասանելի դարձած տվյալների հիմնապաշարները համարվում են հիմնական ֆոնդեր, եթե դրանք արտադրությունում օգտագործվում են ավելի քան մեկ տարի:

58. Տվյալների հիմնապաշարների ստեղծումը որպես կանոն, պետք է գնահատվի արտադրության ծախսերի հիման վրա: Տվյալների հիմնապաշարների կառավարման համակարգի օգտագործման ծախսերը չպետք է ներառվեն ծախսերի ընդհանուր ծավալում, այլ պետք է ընդգրկվեն ակտիվի կազմում` համակարգչային ծրագրային ապահովման տեսքով, եթե այն չի օգտագործվում գործառնական լիզինգի պայմաններով: Համապատասխան ձևաչափով տվյալների նախապատրաստման ծախսերը ներառվում են տվյալների հիմնապաշարների ստեղծման (բայց ոչ տվյալների ձեռքբերման կամ ստեղծման) ծախսերում: Այլ ծախսերը ներառում են տվյալների հիմնապաշարների մշակման համար ծախսված և աշխատաժամանակի հիման վրա գնահատված անձնակազմի աշխատանքի, տվյալների հիմնապաշարների մշակման գործընթացում օգտագործվող ակտիվների հետ կապված կապիտալի գնահատման ծառայությունների և որպես միջանկյալ սպառում օգտագործվող ապրանքների ու ծառայությունների ծախսերը:

Վաճառքի համար տվյալների հիմնապաշարները պետք է գնահատվեն ըստ շուկայական գների, որը ներառում է տեղեկատվության բովանդակության արժեքը: Եթե ծրագրային ապահովման բաղադրիչի արժեքը հնարավոր է առանձնացնել, ապա այն իր արժեքով պետք է արտացոլվի որպես ծրագրային ապահովման վաճառք:

59. 74 խմբի ժամանցային, գրական և գեղարվեստական ստեղծագործությունների բնօրինակները ներառում են ֆիլմերի, ձայնագրությունների, ձեռագրերի, կտավների, ձայներիզների, մոդելների և այլնի բնօրինակները, որոնց վրա ձայնագրված կամ ներկայացված են դրամատիկ ներկայացումներ, ռադիոհեռուստատեսային ծրագրեր, երաժշտական ներկայացումներ, մարզական միջոցառումներ, գրական ու գեղարվեստական ստեղծագործություններ և այլն:

1) Նման արտադրանքները հաճախ արտադրվում են սեփական միջոցների հաշվին (սեփական օգտագործման համար): Հետագայում դրանք կարող են վաճառվել ուղղակիորեն կամ արտոնագրի միջոցով: Բնօրինակներն ու կրկնօրինակները հիմնական ֆոնդերին դասելու համար կիրառվում են ստանդարտ սահմանումներ, այսինքն` դրանք դիտարկվում են որպես հիմնական ֆոնդ, եթե արտադրությունում գործածվում են ավելի քան մեկ տարի: Եթե բնօրինակը ձեռք է բերվել որպես արժեք, ապա դրա արտադրությունը չի հանդիսանում հիմնական ֆոնդերի արտադրություն սեփական միջոցների հաշվին (սեփական օգտագործման համար), սակայն այն դասակարգվում է որպես անավարտ արտադրություն:

60. Շուկայում գնված բնօրինակը գնահատվում է ըստ գնորդի գնի: Այն բնօրինակը, որն արտադրվել է սեփական գործածության համար գնահատվում է կամ պայմանական գնով կամ ըստ արտադրության վրա կատարված ծախսերի, եթե այն հնարավոր չէ գնահատել հիմնական գնով:

61. Խումբ 79 «Մտավոր սեփականության այլ արտադրանքները» ներառում են այնպիսի արտադրանքներ, որոնք հիմնական ֆոնդեր են, սակայն չեն ընդգրկվել վերը թվարկված և ոչ մի խմբավորման մեջ: Այստեղ ընդգրկվում են արտադրության գաղտնիքները («նոու-հաու») և այլ տեղեկությունները, որոնք հանդիսանում կամ չեն հանդիսանում առևտրային գաղտնիք (օր. մտավոր սեփականության օբյեկտները, որոնց տիրապետման իրավունքը հնարավորություն է տալիս ձեռնարկությանը կամ վաճառել կամ էլ օգտագործել ոչ նյութական միջոցները արտադրության մեջ ավելի քան մեկ տարի):

 

ԳԼՈՒԽ 2.
ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Հիմնական ֆոնդերի դասակարգիչը (ՀՖՎԴ) կառուցված է համաձայն ԱՀՀ 2008 հիմնական դրույթների` օգտագործելով դասակարգման հիերարխիկ-ֆասետային մեթոդը:

Դասակարգչի կառուցման և կոդավորման սկզբունքները`

1. Դասակարգիչը կառուցված է չորս աստիճան դասակարգման սկզբունքով:

2. Ըստ հիմնական ֆոնդերի կոդի կառուցվածքը հետևյալն է`

X -բաժին

XX - խումբ

XXX - ենթախումբ

XXXX - դաս

ԱՀՀ 2008 ոչ ֆինանսական ակտիվների դասակարգման մեջ «AN11» նշանակում է կատեգորիա, որը համապատասխանում է հիմնական ֆոնդերին և մանրամասնեցվում է բաժիններով ու խմբերով:

Խումբ 11 «Բնակելի շենքեր», խումբ 21 «Ոչ բնակելի շենքեր» և խումբ 22 «Այլ կառույցներ» մանրամասնեցվում են ենթախմբերի և դասերի` համապատասխան Եվրամիության վիճակագրական ծառայության «Կառույցների տեսակների դասակարգչում» (CC/KC/ԿԴ 1998) կիրառվող խմբավորումների:

ՀՖՎԴ բոլոր ենթախմբերը բաժանվում են դասերի, որոնց հիմքում ընկած են «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ԱԴԳՏ ՀԴ) (1) համապատասխան խմբավորումները:

______________________

1) «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգիչ» (հաստատված ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. N 875-Ն հրամանով)` մշակված Եվրոպական պառլամենտի 23.04.2008 թվականի N 451 որոշմամբ հաստատված Եվրամիության վիճակագրական ծառայության «Արտադրանքի դասակարգիչ ըստ գործունեության տեսակների» (ԱԴԳՏ 2008) հիման վրա:

 

Սյունակ 1-ում նշվում են կոդերը, իսկ սյունակ 2-ում` ՀՖՎԴ խմբավորումների անվանումները ԱՀՀ 2008 դրույթներին համապատասխան:

Սյունակ 3-ում բերվում են 1-ին սյունակի կոդերին համապատասխան կոդեր, որոնք կիրառվում են ԱՀՀ 2008-ում, 4-րդ սյունակում` 1-ին սյունակի կոդերին համապատասխան կոդեր, որոնք կիրառվում են Եվրամիության վիճակագրական ծառայության «Կառույցների տեսակների դասակարգչում» (CC/KC/ԿԴ 1998), իսկ 5-րդ սյունակում` 1-ին սյունակի կոդերին համապատասխան կոդեր, որոնք կիրառվում են (ԱԴԳՏ ՀԴ)-ում ընդ որում, «*» նշանով նշված է ԱԴԳՏ ՀԴ և ՀՖՎԴ կոդերի մասնակի համապատասխանությունը: «+» նշանը ցույց է տալիս նշված կոդերի միաժամանակյա առկայությունը (օրինակ` 30.11(.32+.33+.40) նշանակում է, որ ՀՖՎԴ-ի 3123 կոդին համապատասխանում են ԱԴԳՏ ՀԴ 30.11.32, 30.11.33 և 30.11.40 կոդերը), իսկ «-»-ը` կոդերի միջև որոշակի միջակայք (օրինակ` 28.41(.11-.34) նշանակում է, որ ՀՖՎԴ-ի 3922 կոդին համապատասխանում է 28.41.11-ից մինչև 28.41.34 միջակայքում գտնվող բոլոր կոդերը):

 

---------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
21.11.2016
N 1234-Ն
Հրաման